Հայ ժողովուրդը չի լուծի իր խնդիրները, եթե թշնամիներին անվանի «բարեկամներ», իսկ արցախցիներին՝ թշնամի

Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած լսումները, որոնց ընթացքում Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ Արցախի հարցը փակված չէ, փոքր, բայց նկատելի երկրաշարժ առաջացրին հայ հասարակության մեջ։

Իշխանությունները պատասխանեցին կառավարության շենքի խուզարկությամբ։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը փակված է, արցախցիների վերադարձ չի լինի, և որ նրանք, ովքեր «ինչ-որ տեղ» հակառակն են պնդում, պատերազմ են հրահրում։ Ավելին, Փաշինյանը կոչ արեց Բաքվին փոխադարձաբար փակել դուռը արցախցի փախստականների և այն 300,000 ադրբեջանցիների “վերադարձի” համար, որոնց Ալիևը մտադիր է վերաբնակեցնել Հայաստանում։

Իշխանությունների քաղաքականությունը պարզ է, բայց հասարակության մնացած մասի արձագանքը ինքնասպանական է թվում։

Խորհրդարանական ընդդիմության մի մասը բացահայտ խոսում է միայն արցախցիների վերադարձի մասին՝ առանց պնդելու քաղաքական գործընթացը վերսկսելու վրա։ Նրանք «բացատրում» են, որ սա ճիշտ մոտեցում է, քանի որ այս պահանջը «չի խոչընդոտում» խաղաղության գործընթացին, բայց անուղղակիորեն ենթադրում է միջազգային երաշխիքների և խաղաղապահների առկայություն, և, հետևաբար, որոշակի քաղաքական քայլեր։

Սերժ Սարգսյանի կուսակցությունը պնդում է, որ 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկության համաձայն՝ խնդիրը կարող էր լուծվել առանց պատերազմի և տեղահանության։ Այն կոչ է անում վերադառնալ միջազգային միջնորդությանը։

Սակայն, լայն հանրության շրջանում տարածված միտումն այն է, որ Արցախի ժողովուրդը բաց է թողել «նավակը», երբ 2020 թվականի պատերազմից հետո իր ողջ հույսը դրել է ռուսների վրա և, իբր, չի պահանջել միջազգային ուժեր։

Արցախի ներկայացուցչությունում լսումներից հետո բավականին հայտնի և մտածող բլոգերը ողջունել է այն փաստը, որ արցախցիները վերջապես որոշել են բացահայտ պայքարել իրենց իրավունքների համար։ Սակայն նա անմիջապես ավելացրել է, որ եթե Արցախը այդքան կառչած չլիներ ռուսներին, շրջափակումն ու տեղահանությունը կարող էին տեղի չունենալ։

Մինչդեռ, ոչ այնքան հարգված բլոգերներն ու «իրավապաշտպանները» առցանց ցեխ են թափում Արցախի ժողովրդի վրա՝ փորձելով արդարացնել տեղահանությունն ու պարտությունը՝ մեղադրելով Արցախի ղեկավաությանը սև կոռուպցիայի և արցախցիներին՝ նյութապաշտության մեջ։

Սա շատ տարածված կարծիք է, որն ակտիվորեն աջակցվում է կառավարամետ և այլ լրատվամիջոցների կողմից։ Ո՞րն է նման չափազանց կողմնակալ և  ոչ իրատեսական գնահատականների պատճառը։ Ի վերջո, բոլորի համար ակնհայտ է, որ ագրեսորը Ադրբեջանն էր՝ Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի աջակցությամբ, որ Ռուսաստանը գործել է Բաքվի կողմից և բռնի ուժով զորքեր է մտցրել Արցախ, և որ Հայաստանի կառավարությունը չի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները։

Սա է հենց պատասխանը՝ մեղքը շեղել Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Իսրայելից և Հայաստանի կառավարությունից և մեղադրել Արցախի ժողովրդին իրավիճակը սխալ գնահատելու մեջ։

Բայց արդյո՞ք Արցախի ժողովուրդն է պահանջել ռուսական զորքերի մուտք 2020 թվականին։ Արդյո՞ք Արցախի ղեկավարությունն է ստորագրել նոյեմբերի 10-ի հայտարարությունը։

Մի՞թե Արցախի ժողովուրդը բողոքի ցույցեր չի անցկացրել Ստեփանակերտում՝ շրջապատված ադրբեջանցիներով, թուրքերով և ռուսներով, կոչեր անելով Ֆրանսիային, ՄԱԿ-ին և Կարմիր խաչին։ Մի՞թե արցախցիները չէին բողոքի ցույցեր անցկացրել ռուս խաղաղապահների բազայի մոտ և մի՞թե նրանք չեն շրջել ռուսական ԲՄՊ-ն՝ ի նշան բողոքի։ Մի՞թե Արցախի ժողովուրդն է արգելել ֆրանսիացի քաղաքապետերի բեռնատարների մուտքը Արցախ։ Եվ մի՞թե ռուսական ռազմական բազաները հանգիստ չեն զգում Հայաստանում հենց հիմա։

Եվ ինչպե՞ս են պատկերացնում նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել Արցախում 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, արցախցիների կողմից չձեռնարկված «ճիշտ» քայլերը։ Չէ որ արդեն 2022 թվականի մարտին, երբ Ստեփանակերտից Բերձոր տանող «շրջանցիկ» ճանապարհին կրակ բացեցին հայկական մեքենայի վրա և ոստիկաններ սպանվեցին, ռուս խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվեց։ Դրանից հետո Ռուսաստանի «խաղաղապահությունը» ընկալվում էր որպես օկուպացիա, և այս ընկալումն ավելի ամրապնդվեց Քարագլուխի հետ կապված միջադեպից և Փարուխի հանձնումից հետո։

Արցախի ներկայացուցիչները նշում են, որ առանց Հայաստանի աջակցության, առանց տեղի ունեցածի իրական պատճառները հասկանալու և գնահատելու, անհնար կլինի պաշտպանել ոչ միայն արցախցիների, այլև ամբողջ Հայաստանի իրավունքները։ Նույնիսկ եթե Արցախը մեղադրվի ապագա բոլոր պատերազմների համար, դա չի լուծի հայ ժողովրդի խնդիրները․ եթե թշնամիներին անվանեն «բարեկամներ», իսկ արցախցիներին՝ թշնամիներ։

Քամու հետեւանքով ծառեր, սյուներ են տապալվել Երեւանում, Արագածոտնում, Կոտայքում, Լոռիում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։

Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Հրաձգություն ԱՄՆ ամենախորհրդանշական համալսարանում, երկու զոհ

Շաբաթ օրն ավելի քան 400 իրավապահ է ներգրավվել ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Բրաունի համալսարանում հրաձգության կասկածյալի որոնումներում։ Հրաձգության հետևանքով զոհվել է երկու ուսանող, ևս ինը մարդ վիրավորվել է, հայտնում է Reuters-ը։

Պրովիդենս քաղաքում գտնվող Բրաունի համալսարանը ԱՄՆ ամենահեղինակավոր և խորհրդանշող մասնավոր բուհերից է և մտնում է Բաղեղի լիգայի մեջ։

Ըստ պաշտոնյաների, կասկածյալը դեռ ազատության մեջ է։

Պրովիդենսի ոստիկանապետի տեղակալ Տիմոտի Օ’Հարան ասել է, որ կասկածյալի ինքնությունը պարզված չէ։ Պաշտոնյաները հայտարարել են, որ կհրապարակեն կասկածյալի տեսագրությունը. խոսքը մոտ 30 տարեկան, սև հագուստով տղամարդու մասին է, որը, ըստ Օ’Հարայի, հնարավոր է՝ դիմակով է եղել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ իրեն զեկուցել են իրավիճակի մասին, որը նա անվանել է «սարսափելի»։

«Այս պահին մենք կարող ենք միայն աղոթել զոհերի և նրանց համար, ովքեր լրջորեն տուժել են», – ասել է նա։

Ուսանողներին և մոտակա շենքերի բնակիչներին հորդորել են փակել դռները և առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ։

Արցախի շրջափակման երրորդ տարելիցը․ կրթությունը՝ դիմակայության ուղենիշ

Երեք տարի առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, սկսվեց Արցախի շրջափակումը։ Հայաստանի հետ Արցախը կապող միակ ճանապարհի փակումը տևեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը և ավարտվեց պատերազմով ու Արցախի ամբողջական հայաթափմամբ։

Շրջափակման և վերջին ռազմական գործողությունների հետևանքով մարդկային կորուստները խորը հետք են թողել կրթական համայնքի վրա ևս։

Վերջին պատերազմի ընթացքում կորցվել են նաև երեք աշակերտներ՝ ցավալի փաստ, որի հետևանքները մինչ օրս շարունակվում են զգացվել ուսուցիչների, դասընկերների և համայնքի համար։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը 2017 թվականից մինչև բռնի տեղահանման օրերը գործուն մասնակցություն է ունեցել Արցախի կրթական համակարգում՝ իրականացնելով Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագիրը։ Այդ ընթացքում հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդները աշխատել են շուրջ 7 500 երեխաների հետ՝ նպաստելով կրթության հասանելիությանը և համայնքների զարգացմանը։

2020 թվականի պատերազմից հետո հիմնադրամը մեկնարկել է «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիրը՝ աջակցելու Արցախից տեղահանված ավելի քան 1 000 աշակերտների։ Սակայն 2023 թվականին՝ Արցախի հայաթափումից հետո, ծրագիրը կրկին վերագործարկվել է՝ արձագանքելով նոր իրողություններին և աճող կարիքներին։

Այս բոլոր նախաձեռնությունների առանցքում եղել են Ուսուցիչ-առաջնորդներն ու ծրագրի շրջանավարտները, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված մասնագետներ, ովքեր, չնայած սեփական ծանր փորձառություններին և սոցիալական դժվարություններին, շարունակել են իրենց մասնագիտական ներգրավվածությունն ու նվիրվածությունը կրթական առաքելությանը։

Շրջափակման երրորդ տարելիցի առիթով «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեղահանված երեխաները շարունակելու են մնալ ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամում ընդգծում են, որ կրթությունը կարևոր գործիք է ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև ճգնաժամային պայմաններում երեխաներին աջակցելու, կայունություն ձևավորելու և ապագան վերակառուցելու համար։

Չնայած շարունակվող դժվարություններին՝ կազմակերպությունը հայտարարում է, որ շարունակելու է իր գործունեությունը՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների համար արդար և որակյալ կրթության ապահովման։

Մարիամ Սարգսյան

«Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներայացնող Ալբերտը զբաղեցրեց 4-րդ տեղը, հաղթեց Լուն Ֆրանսիայից

Ֆրանսիան ներկայացնող Լու Դելյոզը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում։ Նա կատարեց «Ce Monde» («Այս աշխարհը») երգը։ 11-ամյա երգչուհու ելույթը արժանացավ թե՛ հանդիսատեսի, թե՛ ժյուրիի բարձր գնահատականներին։

«Ce Monde» երգն ունի խորը և կարևոր իմաստ՝ այն ընդգծում է համաշխարհային խաղաղության, շրջակա միջավայրի պաշտպանության և մարդկային միասնության անհրաժեշտությունը։

Տասներկուամյա Ալբերտ Արմենակյանը, որը ներկայացնում էր Հայաստանը, զբաղեցրեց չորրորդ տեղը «Քաջ սիրտ» երգով։

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը տեղի ունեցավ Թբիլիսիում։ Շոուն կազմակերպվել էր «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Հայաստանը մասնակցում է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին 2007 թվականից։ Հիշեցնենք, որ այս մրցույթում Հայաստանի առաջին հաղթանակը եղել է 2010 թվականին, երբ հաղթեց արցախցի Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով։ 2021 թվականին Հայաստանը երկրորդ անգամ հաղթեց, և Մալենան զբաղեցրեց առաջին տեղը։

Այս տարի մրցույթում Ուկրաինան և Վրաստանը ևս ներկայացրել են մեր հայրենակիցներ Սոֆիա Ներսիսյանը և Անիտա Աբգարյանը, որոնք զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը։

Արցախցիների համերն ու հիշողությունները՝ մշակութային արխիվ

Արցախի ավանդական խոհանոցը պահպանելու ու փոխանցելու միտքը Մարիամ Աբրահամյանն ունեցել է դեռ Ստեփանակերտում։ Սակայն ավելի պրոֆեսիոնալ էր պատկերացնում աշխատանքը՝ ճիշտ սպասք, լուսավորություն, նկարահանման տեխնիկա։ Բայց տեղահանությունից հետո այդ պատկերացումները գլխիվայր շրջվեցին․ պարզվեց՝ ամենակարևորը մարդիկն են, նրանց պատմությունները և բաղադրատոմսերը, որոնք դեռ շարունակում են ապրել հիշողությունների մեջ։

«Միշտ մտածում էի՝ մի օր կսկսեմ, բայց կսպասեմ ճիշտ պայմաններին։ Իսկ տեղահանությունից հետո հասկացա՝ եթե չսկսեմ հիմա, էլ երբ՞»,- պատմում է Մարիամ Աբրահամյանը։

Այսօր նա նկարահանում է ոչ միայն ավանդական ուտեստները, այլեւ մարդկանց, որոնք անցել են դժվար ճանապարհ՝ կորցնելով իրենց տներն ու ապրելաոճը։

Մարիամի տեսանյութերում միայն ուտեստներ չեն․ դրանց կողքին կանգնած են մարդիկ, որոնց ձայներն ու հիշողությունները թվայնացվում են և դառնում ապագայի համար պահվող մի յուրահատուկ արխիվ։

Տեսանյութերի առանձնահատկությունն այն է, որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող արցախցիները նորից տեսնում են ծանոթ դեմքեր․ հարևաններ, բարեկամներ, նույնիսկ այն մարդիկ, ում տարիներ շարունակ չեն հանդիպել։

«Շատերը գրում են, որ տեսանյութերը մասնակցության զգացում են ստեղծում՝ կարծես իրենք էլ են նույն խոհանոցում նստած, զրուցում են ու համտեսում», — ասում է նա։

Չնայած նախաձեռնությունը սկսվել է սիրողական մակարդակով՝ «ինչ կար, դրանով», այն արագ դարձավ սիրված։ Մարիամը ժպտալով նշում է․ «Մեր արցախցիները տեսախցիկից են խուսափում, սա է խնդիրը»։

Մարդկանց օտար տներում նկարահանելը հաճախ անհարմարության զգացում է ռաջացնում։ «Շատերն ասում են՝ եթե Արցախում լինեինք մեր տանը, սիրով կմասնակցեինք։ Այստեղ երբեմն պայմաններն են խանգարում»։

Մարիամը, սակայն, մտադրություն ունի շարունակելու նախագիծը՝ նկարահանելով ուտեստներ, նոր մարդիկ և ջերմ հիշողություններ։

Նրա նախաձեռնությունը աստիճանաբար վերածվում է ոչ միայն խոհարարական նախագծի, այլև մշակութային հիշողության վերականգնման գործի։

Ոչ նյութական մշակութային ժառանգություն․ ինչի՞ է ծառայում այս նախագիծը

Արցախցիների խոհանոցը պարզապես ուտելիքներ չեն․ դա հիշողությունների, ինքնության ու համայնքային կապի կրում է։ Յուրաքանչյուր ուտեստ՝ ածիկ, չորաթան, ժինգյալով հաց կամ խաշիլ, կապված է հողին, գյուղին, ավանդույթին, ընտանեկան պատմություններին։

Տեղահանության հետևանքով վտանգված են ոչ միայն տները, այլև այս ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը հիմնականում փոխանցվում է մորից աղջկան, հարևանից հարևանին, տոնական սեղանից՝ մինչև ամենօրյա սեղան։

Մարիամ Աբրահամյանի նախաձեռնությունը հենց այս ժառանգության պահպանման ժամանակակից միջոցն է․ այն թվայնացնում է գիտելիքները, որոնք նախկինում միայն բանավոր էին փոխանցվում, ապահովում է, որ ուտեստների պատմությունները չկորչեն՝ չունենալով կենտրոնացված համայնքներ, և ստեղծում է հիշողության կենդանի արխիվ, որը կարող են օգտագործել թե՛ հետազոտողները, թե՛ ապագա սերունդները։

Այս նախաձեռնությունը կարևոր է նաև հոգեբանական ու սոցիալական տեսանկյունից․ տեսանյութերը միավորում են մարդկանց, ովքեր կորցրել են իրենց ֆիզիկական տունը, բայց շարունակում են կառուցել իրենց համայնքային տունը՝ թվային հարթակում։

Մարիամ Սարգսյան

Լուկաշենկոն ազատ է արձակել 123 քաղբանտարկյալի, ԱՄՆ-ն վերացրել է կալիումի նկատմամբ պատժամիջոցները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել տարբեր երկրներից 123 քաղբանտարկյալների։ Նրանց թվում են Մարիա Կոլեսնիկովան, որը 2020 թվականի Բելառուսի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում 2021 թվականին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, 2022 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկին, որը 2023 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, ինչպես նաև «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավար և Լուկաշենկոյի մրցակիցը 2020 թվականի ընտրություններում Վիկտոր Բաբարիկոն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ներում ստացածների թվում են հինգ ուկրաինացիներ։

“Пул Первого”-ի տվյալներով՝ Լուկաշենկոն ներում է շնորհել բանտարկյալներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով՝ Բելառուսի կալիումի արդյունաբերության դեմ պատժամիջոցների վերացման դիմաց՝ «և երկրի դեմ այլ անօրինական պատժամիջոցների վերացման գործընթացի գործնական իրականացման կապակցությամբ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյան, անձնական ուղերձ են հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար հանդիպում է արցախցիների հետ․ 168 ժամ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Աբովյանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, ովքեր բնակություն են հաստատել Աբովյանում ու հարակից բնակավայրերում: Այդ մասին հայտնում է 168 ժամը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնակարանային, սոցիալական ծրագրերին, կրթության կարևորությանը և այլ հիմնախնդիրների:

«Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են հանդիպման մասնակիցների բազաթիվ հարցերի, տվել անհրաժեշտ պարզաբանումներ: Հնչել են հիմնականում սոցիալական իրավիճակներին, անձանց զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրի հնարավորություններին վերաբերող հարցեր։ Կառավարության ներկայացուցիչներն անհատապես հասցեագրել են խնդիրները՝ ըստ ընտանիքի կառուցվածքի ու կարիքների, առաջարկել կառավարության կողմից իրականացվող առավել համապատասխան ծրագրերը, տրամադրել թիրախային խորհրդատվություն՝ բազմազավակ ընտանիքների պարագայում բարձրացված խնդիրները դիտարկելով նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի շրջանակում»,- հայտնել է Հարությունյանը՝ նեշելով, թե հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Արցախցիների բնակապահովման ծրագրով տրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026-ի դեկտեմբերի 30-ը

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից 3687-ն արդեն իրացրել են հավաստագիրը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրվելու, և վարկավորման գործընթացում հիմք են ընդունվելու արդեն իսկ տրված հավաստագրերը»,- նշվում է հաղորդագրությունում։

Իշինգեր. Քանի Ուկրաինան պատերազմի մեջ է, Եվրոպան անվտանգ է

Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը բարձր է գնահատել Ուկրաինայի դերը Եվրոպայի անվտանգության ապահովման գործում՝ Ռուսաստանի ագրեսիվ նկրտումների պայմաններում: «Քանի դեռ այս պատերազմը [Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ – խմբ.] մղվում է՝ վճռականորեն և քաջաբար՝ մեր ուկրաինացի ընկերների կողմից, Եվրոպան անվտանգ է», – ասել է նա DW-ին տված բացառիկ հարցազրույցում ուրբաթ՝ դեկտեմբերի 12-ին։

«Եվրոպան անվտանգ է, քանի որ ուկրաինացիները տարիներ շարունակ հաջողությամբ զսպել են հզոր ռուսական բանակը՝ աներևակայելի համառ պայքարում՝ պաշտպանելու իրենց երկիրը: Երբ այս պատերազմն ավարտվի, երբ զենքերը լռեն Դոնբասում և Ուկրաինայի այլ շրջաններում, Ռուսաստանը կրկին կունենա խաղաղության ողջ ժամանակը: Ռուսաստանը մի երկիր է, որը տարածվում է տասը կամ տասնմեկ ժամային գոտիների վրա, և այն կունենա բավարար ժամանակ վերախմբավորվելու համար», – բացատրել է նա։

«Եվրոպան պաշտպանելու մեր ջանքերը այստեղ չեն ավարտվի: Ընդհակառակը, դրանք իրականում կսկսվեն: Ուկրաինացիները դեռևս կրում են այդ բեռը: Պատերազմի ավարտից հետո մենք ստիպված կլինենք կրել այդ բեռի շատ ավելի մեծ մասը», – հավելել է Իշինգերը: Նա համաձայն էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Պուտինի հաջորդ թիրախն է Ուկրաինայից հետո։

Grand Slam. Կարլսենը վաստակել է 805 հազար դոլար, Արոնյանը՝ 493 հազար

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) Grand Slam-ի մրցաշրջանում վաստակել է 493 հազար դոլար։ Աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի ընդհանուր մրցանակային գումարը բոլոր մրցաշարերում կազմել է 805 հազար դոլար։

Երրորդ տեղում է ամերիկացի Ֆաբիանո Կարունանան՝ 450 հազար դոլար։

Freestyle Chess Grand Slam Final-ի եզրափակիչում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով պարտության էր մատնել Մագնուս Կարլսենին։ Այդ մասին հայտնում է news.am-ը։

Թուրքիան Ռուսաստանին չի մեղադրել Օդեսայում իր նավը խոցելու համար

Անկարան խախտել է լռությունը Օդեսայի մարզի Չերնոմորսկ նավահանգստում «Cenk Roro» նավի վրա ռուսական հրթիռային հարվածից հետո: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում վերահաստատել է իր մտահոգությունը Ուկրաինայում պատերազմի դեպի Սև ծով տարածման վերաբերյալ, որը սպառնալիք է ներկայացնում ծովային անվտանգության և նավարկության ազատության համար։

Նախարարությունը հաստատել է, որ հարձակման ենթարկված նավը պատկանում է թուրքական ընկերությանը և հայտնել է նավի կողմից տեղափոխվող բեռնատարների անձնակազմի և վարորդների տարհանման մասին: Թուրքիայի քաղաքացիներ չեն տուժել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը և հայտարարել է Սև ծովում նավարկության անվտանգությունը խաթարող հարձակումները կանխելու համար համաձայնության հասնելու անհրաժեշտության մասին: Սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ որևէ հիշատակում չի արվել ռուսական օկուպացիոն բանակի կողմից նավի վրա հարձակման մասին:

Հարվածի օրը Պուտինը և Էրդողանը հանդիպում էին Աշգաբադում։ Թուրքիան կոչ արեց միջազգային հանրությանը համոզել Ուկրաինային անել անհրաժեշտ զիջումները խաղաղության համար։

Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանը հրթիռային հարված հասցրեց Օդեսայի Չերնոմորսկ նավահանգստում գտնվող «Ցենկ Ռորո» նավին, ինչը Վլադիմիր Զելենսկիի անհապաղ արձագանքին հանգեցրեց։ Նախագահը սա համարեց ապացույց այն բանի, որ ռուսները մերժում են պատերազմի դիվանագիտական ​​ավարտի հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնը կրկին «այցելեց» Կասպից ծովում գտնվող ռուսական նավթային հարթակներ։ Սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հարվածն է։ Երկու հարթակներն էլ պատկանում են «Լուկոյլ-Նիժնևոլժսկնեֆտին», որը ածխաջրածիններ է արտադրում Կասպից ծովի ռուսական հատվածում։