ՀՀ ՆԳՆ-ի հրապարակման հետքերով․ Լիաննա Պետրոսյան

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208 հոդվածի (Ընտրական գործի ընդդատությունը և վարչական դատարանի կազմը) 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Ընտրական գործերը ﬕանձնյա քննում և լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ` ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերի, որոնք նույն օրենսգրքով սահմանված կարգով քննում է համապատասխանաբար մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ ըստ պատասխանողի գտնվելու վայրի։
Այս պահի դրությամբ արդենիսկ գոյություն ունեն դատարանի կայացրած որոշումներ, որոնց արդյունքում վերականգնվել է Արցախից բռնի տեղահանված անձանց ընտրելու իրավունքը, և այդ որոշումները ենթակա չեն բողոքարկման։
Հիմա հարց է առաջանում՝ եթե կան բռնի տեղահանված անձանց ընտրելու իրավունքը վերականգնելու ՀՀ դատարանի որոշումները՝ որպես կայացած փաստ, ապա ո՞վ, որտե՞ղ և ինչի՞ համար է մոլորեցնում։

Լավ կլիներ, որ Արթուրը հացադուլից դուրս գար․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշատպան Ժաննա Ալեքսանյանն արցախցի գործիչ Արթուր Օսիպյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպանը կալանավորվել է այն բանից հետո, երբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին եւ Արցախի ու թալանի մասին սուր հարցադրումներ ուղղել նրան։ Ի պատասխան Փաշինյանը բղավել ու մեղադրանքներ էր հնչեցրել Արթուր Օսիպյանի հասցեին։ Արթուր Օսիպյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել եւ ասել, որ չի դադարեցնի այն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իրենից ներողություն չի խնդրել։

«Մենք պետք է հորդորենք, որ Արթուրը դուրս գա հացադուլից։ Ոչ միայն ես, այլ շատերն են համոզված նրա սկզբունքայնության ու վճռականության վրա, բայց չարժե հացադուլ անել, պահանջել այդ անարժեք ներողությունը։ Ո՞ւմ է պետք այդ ներողությունը, վերջին հաշվով հայտնի խոսք կա՝ ով ինչ խոսում է, իր մասին խոսում։ Եվ շատ լավ կլիներ, որ Արթուրը հացադուլից դուրս գար, նա պետք է իմանա, որ բազմաթիվ են մարդիկ, ովքեր իր կողքին են եւ իրեն գնահատում են, գիտեն իր նվիրավածությունն Արցախին ու Արցախի հարցին»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ Արթուր Օսիպյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է։ Հիշեցնենք, որ նրան առաջադրվել է մեղադրանք միանգամից երեք հոդվածներով՝ խուլիգանություն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելը եւ բռնություն գործադրելու հրապարակային կոչ անելը։

«Բոլորը տեսել են այդ տեսանյութը, թե ինչ կարեւոր հարցեր է բարձրացրել Արթուրը եւ պատասխան ստանալու փոխարեն հայհոյանքներ ու վիրավորանքներ է ստացել։ Դա Նիկոլ Փաշինյանի ձեւն է, երբ ինքը հարցերի չի պատասխանում, պատասխանում է այն մարդուն, ով հարցը տվել է, մենք դա շարունակաբար տեսնում է։ Արթուր Օսիպյանին անամոթաբար ակնհայտ ապօրինի մեղադրանք են ներկայացրել։ Դա վերաբերում է նաեւ Գլխավոր դատախազին, որը ցանկացած մեղադրանք կարող էր ներկայացնել։ Խուլիգանության մեղադրանք են ներկայացնում այն դեպքում, երբ հենց Արթուրին են քաշքշում, եւ Նիկոլ Փաշինյանն է օգտագործել փողոցային բառապաշար։ Երեւի մի օրը հերթը կհասնի նրան, որ Նիկոլ Փաշինյանը դատախազի հասցեին էլ այդպես կխոսի, չեմ բացառում, որ մենք դա էլ կտեսնենք»,- ասաց նա։

Իրավապաշտպանն անդրադառնում է նաեւ նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանության բառապաշարին, ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին ու դեպքին, երբ նախընտրական պաստառները պոկելու համար ձերբակալված եւ հոգեբուժարան տեղափոխված երիտասարդն ինքնասպան էր եղել։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ իշխող ուժի կողմից ուղղակի տեսնում ենք անբարո քարոզարշավ։ Նա նշում է, որ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները չեն հիմնավորվում։ «Կուզենայի, որ այդ քաղաքական ուժերը վիճակագրություն ներկայացնեին, թե այդքան ձերբակալություններից քանիսն են հիմնավոր մեղադրանքով եղել։ Մենք տեսնում ենք, որ իրականում դրանք իրենց թքած-կպցրած ձայանգրություններն են, որոնք չեն հաստատվում։ Բայց ամենաշատը թշնամական վերաբերմունքն է ընդգծվում, մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի թշնամական վերաբերմունքը, կոնկրետ Արթուր Օսիպյանի նկատմամբ ակնհայտ երեւում էր այդ թշնամանքը։ Այլ պաշտոնյաների մոտ էլ ենք դա նկատում, օրինակ՝ Թալինի քաղաքապետն արտոնյալ վիճակում է, ում ինչ բառերով ուզում, որակում է, եւ երեւի գնահատվում է իշխող ուժի կողմից։ Այսինքն՝ թքած ունեն մարդու վրա, բերդերը լցնում են անմեղ մարդկանցով, ընդհանրապես թքած ունեն արդարության վրա։ Ո՞ւմ է պետք է Նիկոլ Փաշինյանի այս քարոզարշավը։ Պետք է նայել, թե դա ինչ ազդեցություն է թողնում գիտակից խավի վրա, ինչպես է իրեն մերժում հանրային այդ շերտը»,- ասաց իրավապաշտպանը։

Նա ցավով արձանագրում է, որ քաղհասարակությունը, որը վերահսկող դեր ուներ, գոյություն չունի։ Իսկ նախկինում քաղհասարակության ազդեցությունն ակնառու էր։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ մյուս քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են նախընտրական քարոզարշավին, որեւէ ձեւով չանդրադարձան Արթուր Օսիպյանի անօրինական կալանավորմանը։ «Այսինքն՝ ի՞նչ քարոզարշավ սա կարող է լինել, երբ նախընտրական պաստառ պոկելու համար ոստիկանության կողմից անձին ապօրինի բերման ենթարկելուց հետո հոգեբուաժանում մահ ենք արձանագրում, երբ Արթուր Օսիպյանի արտառոց դեպքին ենք ականատես լինում։ Ես սա կբնութագրեմ՝ քարոզարշավ դժոխքում»,- նշում է իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այս պայմաններում ժողովուրդը պետք է սթափ գնահատաի իրավիճակը․ «Շատ կուզեի, որ բոլորը գնան ընտրություններին, իրենց ձայնին տեր կանգնեն եւ մերժեն մի իրավիճակ, որին մենք նախկինում երբեք Հայաստանում ականատես չենք եղել»։

ՆԳն-ը բողոքարկել է դատարանի որոշումները, որոնցով արցախցիները ճանաչվել են ՀՀ քաղաքացիներ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված, ՀՀ–ում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն չստացած անձինք չեն կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը։
«ՀՀ Սահմանադրության և «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ դատարանի կողմից կայացվել են և ուժի մեջ են մտել 3 դատական ակտեր, որոնցով ՆԳՆ–ին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցրել են ներառել Արցախի անձնագիր ունեցող անձանց ընտրացուցակներում։
Նռրքին գործերի նախարարությունը Քաղաքացիական դատարանի վճիռները բողոքարկել է Վերաքննիչ դատարանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործերի շրջանակում դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, չի երաշխավորել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծանուցումը կամ չի պահպանվել գործին վերաբերելի նյութեր ներկայացնելու պատասխանողի իրավունքը։

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից․ ՀՀ իշխանությունները չեն ուզում մեր վերադարձը

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ընտանիքի միջոցով նորից ձայնային հաղորդագրություն է հրապարակել:

«Այն անհատները, պաշտոնական անձինք, որ մեր հետ շփվում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացնում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները: Մենք ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք՝ ինչպե՞ս կարող է այդպես լինել, ինչպե՞ս մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անիրականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է ու հասկանալի, որ, ցավոք, այդպես է, ցավոք, զարգացումներն ու այս դատավարության գործընթացը, այդ թվում՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում, որպեսզի ուրիշ կարծիք ունենանք, այլ այդ կարծիքը դառնում է համոզմունք», – նշել է Իշխանյանը:

«Մոտավորապես երեք տարի է՝ մենք այստեղ ենք, ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ էլ կամքի ուժը մեզ չեն լքել ու դավաճանել», ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ասաց, թե ամեն ինչ անում են հայ գերիներին ազատելու համար, ու միաժամանակ մեղադրեց ընդդիմադիրներին, թե նրանց ելույթները բացասաբար են ազդում այս հարցի լուծման վրա:

«Ադրբեջանում էլ են, չէ՞, հետևում քաղաքական խոսույթին, տեսնում են, չէ՞, Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով են հանդես գալիս, դա ազդո՞ւմ է ընդհանուր պրոցեսի վրա, իհարկե ազդում է», – ասել է Փաշինյանը:

Ադրբեջանական ռազմական դատարանում զմահ ազատազրկման դատապարտված Իշխանյանը շարունակվող ապօրինությունների մասին էլ է խոսում: Մինչև հիմա նույնիսկ մեղադրանքի ու դատավճռի ամբողջական տարբերակը հասանելի չէ իրենց: Բողոքարկել է դատարանի վճիռը, նիստը հուլիսի 2-ին է:

Արցախցի նախկին պաշտոնյան 20 օր առաջ էլ էր ահազանգել իր նկատմամբ ապօրինությունների մասին, դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ ադրբեջանական կողմից ստանա մեղադրանքի ու դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իր ընտանիքին: Պաշտպան Մանասյանն արձագանքել էր, թե իր լիազորությունների սահմանները Բաքու չեն հասնում:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքվի բանտից ուղերձներ են հղել նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նրանք ահազանգում են, որ այն, ինչ կատարվում է ադրբեջանական դատարանում էթնոքաղաքական վենդետա է հայ ժողովրդի դեմ:

Ռուբեն Վարդանյանը ուղղի քննադատել էր Նիկոլ Փաշինյանին, նրա Առաջին հանրապետության օրվա առթիվ ռազմական շքերթը որակել անբարոյականություն, երբ հայ զինվորականները Բաքվի բանտերում են ու զրկված տարրական մարդկային իրավունքներից: Նա Փաշինյանին Քաջ Նազար է անվանել։

ՀՀ ԱԳՆ-ը ստացել է Ռուսաստանի սպառնալիքը՝ լուծարել գազի մասին համաձայնագիրը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: 24News-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ըստ լրատվամիջոցների, նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։

«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»։

Մայիսի 28–ին Սարդարապատում միջոցառում չի նախատեսվում

Վաղը՝ մայիսի 28–ին, Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը։

Այս առնչությամբ պետական միջոցառումներ են նախատեսված բացառապես Երևանի կենտրոնում։ Մասնավորապես, տեղի կունենա զորահանդես, որտեղ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կցուցադրվեն հիմնականում 2022 թվականից հետո գնված զենքերն ու սպառազինությունը։

Իսկ ահա Սարդարապատում պետական միջոցառում նախատեսված չէ, թեև նախորդ տարիներին կազմակերպվել են, հայտնում է news.am-ը։

Նշենք, որ մայիսի 28–ին ժամը 07։00-ից 15։00-ն Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներ։

Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց ճանապարհահատվածը,

Հանրապետության հրապարակը և հրապարակ մուտք գործող փողոցները,

Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց -Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – Աթենքի փողոց հատվածը,

Շահումյան հրապարակից Խորենացու փողոց – Ագաթանգեղոսի փողոց հատվածը,

Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց հատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա – Մհեր Մկրտչյանի փողոց – Խորենացու փողոց – Իտալիայի փողոց – նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,

Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,

Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները:

Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր խաչմերուկ ճանապարհահատվածը փակ կլինի մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։

Ո՞վ է պատասխանատվություն կրելու արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից զանգվածային «զրկելու» համար

Առնվազն երեք դատական ​​որոշում արդեն կայացվել է արցախցիների ընտրություններին մասնակցելու իրավունքը վերականգնելու համար։ Այս որոշումները, ըստ էության, ճանաչում են Արցախում բնակված  և 070 կոդով անձնագրեր ունեցող քաղաքացիների լիարժեք ՀՀ քաղաքացիությունը։ Իրավապաշտպաններն ու իրավաբանները դրա հիման վրա կոչ են անում արցախցիներին դիմումներ ներկայացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրական ցուցակներում ընդգրկվելու համար, իսկ եթե նրանց դիմումը մերժվի, դիմել դատարան՝ իրավունքները վերականգնելու համար։

Դատարանները հիմքեր չունեն զրկել կապույտ հայկական անձնագիր ունեցող և Հայաստանում գրանցված անձին ընտրություններին մասնակցելու հիմնարար քաղաքական իրավունքից։ Սակայն, եթե դատարանը արցախցիներին համարում է ՀՀ լիիրավ քաղաքացիներ՝ վերականգնելով քաղաքական իրավունքները, սա հարցեր է առաջացնում այն ​​մասին, թե ինչ հիմքով արցախցիների անձնագրերը այլևս չեն համարվում «ստանդարտ» 2023 թվականի հոկտեմբերից, և ինչու են նրանց ստիպում փոխել անձնագրերը։

Շատ արցախցիներ, գիտակցելով իրավիճակի անհեթեթությունը, մինչ հիմա փաստաթղթեր չեն ներկայացրել,  հույս ունենալով, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո մոտեցումը կփոխվի, և կառավարությունը կհրաժարվի 100,000 արցախցիների, որոնք ունեն հայկական անձնագրեր, քաղաքացիությունից «զրկելու» արատավոր պրակտիկայից։ Նրանք, ովքեր որոշում են կայացրել «զրկել» արցախցիներին քաղաքացիությունից, դեռ պատասխան կտան, թե ինչու են արցախցիներին դատապարտում նույն կապույտ անձնագրերը ստանալու համար տանջանքներին, և ինչու են Սահմանադրություն խախտում։

Արցախի ժողովրդին այժմ քաղաքացիություն է շնորհվում որպես փախստականներ՝ էթնիկ հայեր, որոնք, իբր, նախկինում քաղաքացիություն չունեին։ Սակայն դատարանները այժմ հայտարարում են, որ 070 կոդով կապույտ անձնագիրը ՀՀ քաղաքացիության լիարժեք ցուցիչ է, և այդ հիմքով դատարանը վերականգնում է անհատի ընտրություններին մասնակցելու իրավունքը։

Նոր անձնագիր ստանալու համար Արցախի բնակիչները պետք է անցնեն բազմաթիվ ընթացակարգեր և ներկայացնեն իրենց հայկական ծագումը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր։ Մինչդեռ մյուս ՀՀ քաղաքացիներին քաղաքացիություն է շնորհվել առանց նախագահին դիմելու կամ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության։ Մինչև 2023 թվականի հոկտեմբերը մույնիսկ Արցախի բնակիչները ավտոմատ կերպով ընդգրկվում էին ՀՀ քաղաքացիների գրանցամատյանում, եթե նրանք գրանցված էին Հայաստանում։

ՀՀ քաղաքացիության մասին օրենքը սահմանում է, որ 1988 թվականից ի վեր Հայկական ԽՍՀ քաղաքացի համարվող բոլոր քաղաքացիները ավտոմատ կերպով ստանում են ՀՀ քաղաքացիություն։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը սահմանում է, որ Հայկական ԽՍՀ քաղաքացիությունը տարածվում է Արցախի բնակիչների վրա։

2003 թվականի դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը ստացել է ընտրվելու իրավունք։

Ի՞նչ հիմքերով են 2023 թվականի հոկտեմբերից հետո արցախցիները ստիպված ամիսներ սպասել՝ ներկայացնելով բազմաթիվ փաստաթղթեր, որոնցից շատերը կորել են և պահանջում են երկարատև ու թանկարժեք վերականգնում։ Ո՞վ է խախտել Սահմանադրությունը և «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքը՝ ավելի քան 100,000 մարդու, որոնց դատարանն այժմ համարում է Հայաստանի քաղաքացիներ, զանգվածաբար զրկելով իրենց քաղաքական իրավունքներից։

Ուկրաինան Եվրոպայում ստեղծել է անօդաչու թռչող սարքեր արտադրելու մի ամբողջական ցանց

Ուկրաինան, գործնականում մնալով առանց ԱՄՆ ռազմական աջակցության, Եվրոպայում զարգացնում է անօդաչու թռչող սարքերի և պաշտպանական տեխնոլոգիաների համատեղ արտադրություն: Կիևը մի քանի երկրներում ստեղծում է ձեռնարկությունների լայն համագործակցային ցանց, ըստ RBC-Ukraine-ի հոդվածի։

Համագործակցության համակարգը հետևյալն է. Ուկրաինան տրամադրում է մարտական ​​փորձ և զարգացում, մինչդեռ եվրոպական երկրները տրամադրում են ֆինանսավորում, տեխնիկական կարողություններ և շուկա մուտք գործելու հնարավորություն: Վերջերս ի հայտ է եկել զուգահեռ նախաձեռնություն, որը կոչվում է «Կառուցիր Ուկրաինայի հետ»: Այն նախատեսում է արտադրական հզորությունների գործարկում Ուկրաինայից դուրս՝ անվտանգ գործընկեր երկրներում։

Մինչ օրս Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և Լատվիան արդեն հաստատել են Կիևի հետ համատեղ նախագծերին մասնակցությունը: Միևնույն ժամանակ, Նորվեգիան և Նիդեռլանդները պատրաստվում են անօդաչու թռչող սարքեր արտադրել և ընդլայնել համագործակցությունը էլեկտրոնային պատերազմի և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում, մինչդեռ Ռումինիան նախատեսում է ուկրաինական անօդաչու թռչող սարքեր արտադրել իր տարածքում:

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստան կհասնեն սառը արկտիկական օդային հոսանքներ, արդյունքում ջերմաստիճանը կիջնի 8-10 աստիճանով, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը։

«Այսօր, ամբողջ օրվա ընթացքում և մինչև վաղը երեկո, Հայաստանը կգտնվի հարավ-արևմուտքից եկող տաք օդային հոսանքների ազդեցության տակ, որի արդյունքում ամբողջ Հայաստանում կդիտվի տաք, առանց տեղումների եղանակ։

Մայիսի 28-ից, 29-ին և 30-ին Հայաստանը կգտնվի Սև ծովից եկող ցիկլոնի ազդեցության տակ, որի արդյունքում այս օրերին տարածաշրջանում սպասվում են կարճատև արևադարձային տեղումներ»։

«Շատ գոհ ենք, որ նման հնարավորություն է ընձեռվել արցախցի տարեցներիս»

Էջմիածնի Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարանում իրականացվում է «Հիշողության և աջակցության սրճարան» սոցիալական ծրագիր

Ծրագիրը կոչվում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության հիշողության և աջակցության սրճարան։ Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ տուն-թանգարանում ժամանակավորապես հատկացվել է տարածք, որտեղ հավաքվում են տարեցներն ու կազմակերպում իրենց ժամանցը։

Էջմիածին քաղաքում է հաստատվել Հադրութի շրջանից տեղահանված Շուշիկ Հարությունյանը։ Նա Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանակիր, մայոր Աշոտ Հարությունյանի մայրն է, ով զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում։ Զոհվածի մայրն անտրտունջ դիմանում է ցավին, որովհետև մենակ չէ․ իր նման հազարավոր մայրեր կան սևազգեստ։

Մեր զրույցի ընթացքում  նա պատմում է, որ Վաղարշապատի քաղաքապետարանում խոստացել են մի փոքրիկ անկյուն հատկացնել նրան՝ տեղավորվելով հավաստագրի գումարի մեջ։ Սպասում է, հավատում:

Տիկին Շուշիկը նշում է, որ Էջմիածնում իրեն լավ է զգում: Արցախցի տարեցներն այս քաղաքում ուշադրության կենտրոնում են։

Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի դահլիճում արցախցի, ինչպես նաև տեղացի տարեցների համար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց զոհվածի մայրը մասնակցում է մեծ սիրով։

-Պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ժամանակ մենք փորձում ենք հաղթահարել այն մեծ կարոտը, որ զգում ենք Հայրենիքից տեղահանվելուց հետո։ Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ֆիզիկական վարժություններ, ընթերցանության ժամեր, գրքի քննարկումներ, անց են կացվում հոգեբանական զրույցներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր տարեց մարդու համար։ Մեզ համար մի քանի անգամ կազմակերպվել են էքսկուրսիաներ։ Մոտ օրերս ևս կրկին էքսկուրսիա գնացինք Մեծամորի թանգարանը և եզդիական տաճարը։ Հանդիպումները կազմակերպվում են շաբաթական երկու անգամ, երկու խմբի համար՝ երեքշաբթի և հինգշաբթի։ Մեր խումբը կազմված է 16 հոգուց։ Արցախցիներիս հետ այդ հանդիպումներին մասնակցում են  նաև տեղացի տարեցներ, որոնց հետ մենք կարողացել ենք շուտ ընկերանալ։ Բոլոր հանդիպումներն անցնում են թեյի և սուրճի շուրջ, որն ավելի է մտերմացնում բոլորիս։ Մենք շատ գոհ ենք, որ նման հնարավորություն է ընձեռվել արցախցի տարեցներիս, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնողներին։

Ամեն հանդիպումից հետո անհամբեր սպասում ենք հաջորդ հանդիպմանը։ Շատ շնորհակալ ենք ծրագրի համակարգող Գևորգ Չիչյանից, ով միշտ մեր կողքին է՝ իր բարեհամբյուր ու սրտացավ վերաբերմունքով,-ասում է տիկին Շուշիկը։

Տիկին Շուշիկի կարծիքը մեզ հետ կիսեցին նաև ծրագրին մասնակցող մի խումբ արցախցի տարեցներ։

Աջակցության սրճարանը զգալի դրական ազդեցություն ունի Արցախից տեղահանված տարեցների հոգեկան առողջության վրա։ Այն իրենց համար անվտանգ միջավայր է, որտեղ անկաշկանդ շփվում են, վերականգնվում և հաղթահարում հայրենիքից հարկադիր տեղահանումից հետո առաջացած կարոտի զգացումը։

2026 թվականի մարտ ամսին Վաղարշապատի համայնքապետարանի, Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական ՀԿ-ի, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության միջև կնքվել է համատեղ եռակողմ հուշագիր, ըստ որի նախատեսվում է Էջմիածնում ստեղծել տարեցների ժամանցի և զբաղվածության ապահովման ամենօրյա համայնքային կենտրոն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Թրամփը ձգտում է պահպանել Իսրայելի դերը Իրանի հետ համաձայնագրից հետո

Սպիտակ տունը Աբրահամի համաձայնագրերի հնարավոր ընդլայնումը համարել է Իրանի հետ կնքվելիք համաձայնագրի բնական լրացում, հաղորդում է Semafor-ը: Axios-ը նախկինում հաղորդել էր, որ Թրամփը ակնկալում է, որ մի քանի երկրներ կմիանան համաձայնագրերին։

Սեամաֆորի փոխանցմամբ՝ Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի, Հորդանանի, Եգիպտոսի, Պակիստանի և Թուրքիայի ներառմամբ, կարող է լրացնել Իրանի հետ պատերազմը դադարեցնելու հնարավոր խաղաղության համաձայնագիրը։

Անցյալ շաբաթ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի առաջնորդների հետ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին: Թեման Իրանի հետ կնքվելիք խաղաղության համաձայնագիրն էր։

Հրատարակության համաձայն՝ ամերիկացի առաջնորդը իր զրուցակիցներին ասել է, որ Թեհրանի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո նա ակնկալում է, որ այն երկրները, որոնք դեռևս չեն կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, կմիանան Աբրահամյան համաձայնագրերին կամ կկնքեն առանձին խաղաղության համաձայնագրեր։ Սակայն Սաուդյան Արաբիան, Կատարը և Պակիստանը նույնիսկ պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն Իսրայելի հետ։

Իրանի հետ ցանկացած գործարք կնշանակի Իսրայելի դերի նվազեցում Մերձավոր Արևելքում, նույնիսկ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հիմնադրված այս երկրի ինքնիշխանությանը սպառնացող աստիճանի։ Աշխարհակարգի փոփոխությունը ենթադրում է հին համակարգերի քանդում, ինչը Իսրայելը բացահայտորեն ընդունում է որպես իր պետականության սպառնալիք։ Ավելին, Իրանի գերագույն առաջնորդն արդեն կոչ է անում ամբողջ մուսուլմանական աշխարհին ստեղծել համաշխարհային նոր կարգ՝ առանց ԱՄՆ գերիշխանության և, բնականաբար, առանց Իսրայելի։

«Մուսուլմանական ումման (ազգը) և տարածաշրջանի ժողովուրդները ունեն հսկայական ընդհանուր ներուժ և փոխադարձ շահեր, որոնք կորոշեն նոր կարգի ուրվագծերը և տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի ապագա ճարտարապետությունը», – ասել է Այաթոլլահ Խամենեին Press TV-ի կողմից հրապարակված ուղերձում։

Այս ֆոնին Թրամփը փորձում է պահպանել Իսրայելի դերը Աբրահամյան համաձայնագրերի միջոցով։

Մոսկվան «զիջում է» հայկական գազի և նավթի շուկան Ադրբեջանին

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է ուղարկել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ զգուշացնելով գազային համաձայնագրերի հնարավոր միակողմանի դադարեցման մասին, հաղորդում է «Կոմերսանտը»։

Նամակում նշվում է, որ Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության իր ուղին։

Ռուսաստանի կողմից հայկական շուկա գազի և նավթի մատակարարումներից կամավոր «հրաժարվելը» կապված չէ Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու մտադրության հետ (որը, ի դեպ, ոչ ոք բացահայտ չի հայտարարել) կամ ՀՀ քաղաքացիների նախընտրական «վախեցման» հետ, այլ ռուս-թուրքական դավադրության շարունակության հետ: Ռուսաստանը Հայաստանից դուրս է գալիս՝ Թուրքիայի կողմից այլ աշխարհաքաղաքական հարցերում աջակցության դիմաց։ Ռուսաստանը «լքում է» Հայաստանը 2020 թվականից՝ Կարսի պայմանագրից դուրս գալու շրջանակներում՝ առանց այդ պայմանագրով սահմանված Հայաստանի սահմանները փոխելու։ Եւ դա կախված չէ Հայաստանի քաղաքական դասի վարքի հետ, դա Ռուսաստանի սուվերեն որոշումն է։

Ո՞վ կփոխարինի Ռուսաստանին հայկական շուկայում։ Ակնհայտ է, որ ոչ Իրանը, որի պատժամիջոցներից մոտակա  ազատումը հնարավոր չէ։ Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Բաքուն, որը հիմա հասնում է դրան, որ Ռուսաստանը «հրաժարվի» Հայաստանում իրեն պատկանող խողովակաշարերից։ Պետք է նշել, որ «Գազպրոմը» տիրապետում է ոչ միայն Հայաստանի մագիստրալ գազատարներին, այլև ներքին բաշխման ենթակառուցվածքներին։ Հետևաբար, ռուսական գազի գինը հայ սպառողների համար 2,5 անգամ ավելի բարձր է, քան այն, ինչ Ռուսաստանը «գովազդում» է հայկական սահմանին։

«Գազպրոմի» և «Ռուսական երկաթուղիների» հեռանալը կարող է հանգեցնել Հայաստանում մրցակցող ընկերությունների ի հայտ գալուն՝ Չինաստանից, Հնդկաստանից կամ Ֆրանսիայից։ Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված “ռեգիոնալիզացիայի” քաղաքականությունը ենթադրում է, որ նախապատվությունը կտրվի տարածաշրջանային երկրներին, մասնավորապես՝ Թուրքիային և Ադրբեջանին։

Մինչև 2030 թվականը Հայկական ատոմակայանը փակելու փորձերի ֆոնին Հայաստանը կարող է լիովին կախվածության մեջ հայտնցի Ադրբեջանից էներգետիկայի և ճանապարհների հարցում։