Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է Հայաստանից միրգ-բանջարեղենի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից մրգի և բանջարեղենի ներկրումը։ Այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներկրվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա։ Սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, մինչև կմշակվի արտահանվող արտադրանքի անվտանգությունն ապահովող համապատասխան ընթացակարգը», – ասված է հայտարարության մեջ։

Փաշինյանը ներողություն չի խնդրի Արթուր Օսիպյանից և կրկին հարց է տալիս՝ որտե՞ղ է նա կռվել

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ արցախցի գործիչ Արթուր Օսիպյանին։ Լրագրողի հարցին, թե Արթուր Օսիպյանի ո՞ր խոսքերն իրեն հունից հանեցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել է, Ղարաբաղի հարց է առաջ տանում։ Որտե՞ղ է եղել ինքն ընդհանրապես պատերազմի ժամանակ»։

Հարցին, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանը պահանջում է, որ Փաշինյանն իրենից ներողություն խնդրի, չի պատրաստվո՞ւմ ներողություն խնդրել Օսիպյանից, Փաշինյանը պատասխանեց․ «Նա պիտի ներողություն խնդրի եւ իր նման փսևդոէլիտայի ներկայացուցիչները։ Գիտեք՝ մենք չգիտե՞նք իր եւ Ղարաբաղի իշխանության կապերի մասին։ Այսինքն՝ ձեզ թվում է, որ մենք միամի՞տ ենք։ Ինքը եւ փսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ պրոցեսը եւ Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ։ Որտե՞ղ է կռվել ինքը եւ իր նմանները»։

Բնակարանային ծրագիր սպաների համար․ Փաշինյանի ելույթից

Հանրապետության օրվա հանդեմ մայիսի 28-ին իր ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է զինծառայողների սոցիալական երաշքիքների մասին։ 

“Այսօր Հայաստանում 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի զինծառայողներ կան, և կամավոր ատեստավորման շրջափուլերի միջոցով վարձատրությունների ավելացման այս գործընթացը լինելու է շարունակական։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները պայմանագրային հնգամյակն ավարտելուց հետո կստանան նաև լրացուցիչ հինգ միլիոն դրամ պատվովճար։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, որ այսօր ուսումնառության ընթացքում ստանում են մինչև 175 հազար դրամ կրթաթոշակ, ռազմաուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտելուց և սպայական նշանակում ստանալուց հետո Երևանի գներով հաշվարկված բնակարանի գնման վկայագրեր կստանան Կառավարության կողմից, և այսպիսով՝ մեր սպայակազմի բնակարանային խնդիրը, որը 2000–ականների սկզբից մեծ հաշվով չլուծված է, կստանա արմատական լուծում։

Կառավարությունը բոլորովին վերջերս որոշում ընդունեց՝ Պաշտպանության նախարարության բնակարանային հերթացուցակում 2000–ականների սկզբից հերթագրված շուրջ 2850 ընտանիքների բնակարանային խնդիրն առաջիկա չորս տարում լուծելու մասին։ Ընթանում է զինծառայության մեջ գտնվող անձանց բնակարան ձեռքբերելու համար հիպոթեկային վարկի աջակցության պետական ծրագիրը, և առաջիկայում այն ավելի կընդլայնվի”, ասել է Փաշինյանը։

Ի՞նչ նոր զենքեր ցուցադրվեցին երևանյան շքերթում

Հայաստանը Առաջին Հանրապետության օրը նշում է ոչ թե Սարդարապատում, ինչպես միշտ, այլ Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի է ունենում 2016 թվականից ի վեր առաջին ռազմական շքերթը։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ցուցադրվում են Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից և մի շարք այլ երկրներից գնված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:

Հարկ է նշել, որ սպառազինության հիմնական մասը ցուցադրվում է առաջին անգամ։ Դրանց թվում են «ТОС-1» ծանր հրանետային համակարգերը, ռուսական արտադրության «Поле-21» РЭБ համակարգերը։ Առաջին անգամ հանրությունը կտեսնի հնդկական սպառազինությունը՝ «РСЗО Pinaka», «ATAGS» քարշակվող հաուբիցներ, «MArG» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Akash» զենիթահրթիռային համակարգեր, հակատանկային համակարգեր։

Զինվորականները կցուցադրեն նաև ֆրանսիական «Caesar» ինքնագնաց հաուբիցներ և «Bastion» զրահամեքենաները, իրանական «ЗРК AD-08 Majid», չինական «CH-4» ռազմավարական անօդաչու թռչող սարքերը: Դրանք հարվածային հետախուզական ԱԹՍ-ներ են։

Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնում Փաշինյանին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հրաշալի բարեկամ և առաջնորդ է, իր Երկիրը հզոր, հարուստ և շատ անվտանգ է դարձնում։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը», – իր Truth Social սոցցանցում գրել է Թրամփը։

Անդրադառնալով մայիսի 26-ին Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախաստորագրած փաստաթղթերին՝ Թրամփն ընդգծել է․ «Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին կազդարարեն Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու շինարարական աշխատանքների մեկնարկը, որը կվերափոխի Հարավային Կովկասը, ինչպես նաև կօգնի ամերիկյան մեր հրաշալի էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ»։

Նշելով այս պատճառները՝ նախագահ Թրամփը հայտարարել է, որ «2026 թվականի հունիսի 7-ի վերընտրության համար Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԲԱՑԱՐՁԱԿ աջակցությունը», ավելացնելով, որ «Նիկոլի աջակցությամբ Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան երբևէ չարձանագրված բարձունքների կհասցնենք»։

Վաղը ժամը 19:30-ին Արցախի ներկայացուցչությունում կպարզաբանվի արցախցիների ընտրելու իրավունքը

Հարգելի հայրենակիցներ
Հայտնում ենք, որ սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 19:30-ին, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում (հասցե՝ Նաիրի Զարյան 17/2), կանցկացվի հանդիպում, որի ընթացքում արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ՝ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ։
Հանդիպման շրջանակում կքննարկվեն նաև արցախցիներին հուզող մի շարք այլ կարևոր հարցեր։
Հրավիրում ենք մասնակցելու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Արցախի և արցախցիների հարցերով մտահոգ հասարակական ու քաղաքական գործիչներին, ինչպես նաև բոլոր հայրենակիցներին, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու աջակցում մեր իրավունքների պաշտպանության գործին։
Արցախի տեղեկատվական շտաբ:

2023-ի սեպտեմբերի 19-ին Սառնաղբյուրում զոհված Դավիթը կդառնար 18 տարեկան

«Դավիթ դեպի լույս» խորագիրն էր կրում Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կազմակերպված հիշատակի միջոցառումը, որը նվիրված էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում զոհ դարձած Դավիթ Ալեքսանյանի ծննդյան օրվան։ Նա կդառնար 18 տարեկան։

Ցերեկույթին ներկա էին Դավիթի հարազատները, ուսուցիչները, դասընկերները, Նախիջևանիկի ձորակի բնակիչները, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհվածների ծնողներ։ Միջոցառումը կյանքի է կոչվել Ռիմա Եղիազարյանի աջակցությամբ, ով Դավիթի հետ պատահական ծանոթությունից հետո դարձել է Ալեքսանյանների ընտանիքի հարազատ մարդ։

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների ու անմեղ զոհերի հիշատակը։

Ցերեկույթը վարում էր Հունան Թադևոսյանը

– 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Սառնաղբյուր գյուղում թշնամու հրթիռակոծության հետևանքով զոհվեցին՝ 15-ամյա Դավիթ Ալեքսանյանը, նրա պապիկը՝ Ալեքսանդր Ալեքսանյանը, տատիկը՝ Գոհար Գրիգորյանը, եղբայրներ՝ Նվեր և Միքայել Ղազարյանները։ Տասնյակ սառնաղբյուրցիներ վիրավորվեցին ու գերեվարվեցին։ Փոքրիկ գյուղը մեծ կորուստներ ունեցավ։

Միջոցառման ընթացքում ներկաները մասնակցեցին փոքրիկ «ճամփորդության», որը դեպի տուն՝ Սառնաղբյուր էր տանում։ Բոլորը Դավիթին համեմատում էին լույսի հետ, որը երբեք չի մարի։

Դասվար Ժաննա Գաբրիելյանը չէր կարողանում զսպել հուզմունքը

-Ինձ համար Դավիթը միշտ ներկա է։ Նա այսօր պետք է իր ծնունդը նշեր ու ավարտական քննություններին պատրաստվեր, քանի որ Վերջին զանգի արարողությունն արդեն եղել է։ Դավիթն անպայման կհանձներ քննություններն ու կմտածեր բանակ մեկնելու մասին, որովհետև դա իր երազանքն էր։ Նա շատ էր ուզում ծառայել հայրենիքին ու պաշտպաներ նրա սահմանները։

Դասղեկ Վարդիթեր Միրզոյանը, դասամատյանը ձեռքին, ներկա, բացակա է անում։ Երբ կարդում է Դավիթ Ալեքսանյանի անուն, ազգանունը, դասընկերները միաձայն պատասխանում են՝ ներկա

-Շնորհակալություն ծնողներին՝ Գարիկին ու Օքսաննային այդպիսի որդի դաստիարակելու համար, իսկ քրոջը՝ Դիանային ասում ենք՝ հպարտ եղիր, որ Դավիթի քույրն ես։

Դավիթի մասին պատմում են նրա դասընկերները։ Յուրաքանչյուրի խոսքում կարոտ կար, որ երբեք չի անցնի, լույս կար, որ երբեք չի հանգչի, սեր կար, որ երբեք չի մարի։ Ընկերների խոսքով՝ դասարանի պատմությունն անհնար է պատկերացնել առանց Դավիթի լուսավոր ներկայության։ Նա միշտ սեր ու ջերմություն էր սփռում իր շուրջը, իր կատակներով ամեն մի օրը դարձնում իսկական տոն։

Ելույթներ ունեցան Լիանա Սառաջյանը, ՊԲ մայոր Ալեքսանդր Սահակյանը, Նաիրա Պողոսյանը, Ալյոնա Գաբրիելյանը։ Բոլորի համար Դավիթը լուսավոր տղա է, որի հիշատակը միշտ վառ է մնալու ապրողների սրտերում։

Միջոցառման նախաձեռնող, միշտ Դավիթի ծնողների կողքին կանգնած Ռիմա Եղիազարյանն իր ու Դավիթի ծանոթությունը համարում է Աստծո կողմից տրված պարգև։

-Կյանքում կան հանդիպումներ, որոնք թվում են պատահական, բայց հետո հասկանում ես՝ դրանք ճակատագիր էին։ Մեր ծանոթությունը հենց այդպիսին էր։ Մի սովորական հանդիպում, որ ժամանակի ընթացքում դարձավ անկեղծ ու ջերմ ընկերություն։ Դավիթը մարդկանց հետ արագ էր մտերմանում, քանի որ նրա մեջ մի յուրահատուկ պարզություն կար։ Այսօր այս դահլիճը լույսով է ողողվել, և ես ուզում եմ, որ մենք մեր մեջ միշտ պահենք Դավիթի լույսը։

Նաիրա Սարուխանյանի գեղեցիկ ասմունքն ու երգը, ինչպես նաև ստեփանակերտցի ջութակահարի կատարումները ոգևորութուն, միաժամանակ թախիծ պարգևեցին ներկաներին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Վարդան Ասծատրյանը Carpet Loft-ում․ հին գորգերը հիշենում են ծագումնաբանության մասին

Սա նոր միջավայր է, որտեղ մշակութային արժեք համարվող գորգերը ստեղծում են ջերմ և հանգստացնող աուրա։ Գորգերի ֆոնին տիրում է հավասարակշռված մթնոլորտ՝ իդեալական կենտրոնացման և ներքին հանգստի համար։

Լոֆտում տեղի են ունենում հոգեբանության հետաքրքիր դասընթացներ` «Ադապտիվություն և գիտակցվածություն» թեմայով, որտեղ կարող եք զարգանալ, շփվել և նոր փորձառություն ձեռք բերել յուրահատուկ միջավայրում։

Carpet Loft-ի հիմնադիր, հոգեբան, նախկինում Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը step1.am-ին պատմեց դասընթացների, loft-ում տիրող մթնուլորտի մասին և կիսվեց արդյունքներով:

Carpet Loft-ը սենյակ է, որը նախատեսված է թրեյնինգերի ու դասըթացների անցկացման համար: Սենյակը զարդարված է գորգերով, քանի որ հին գորգերը մարդկանց մոտ բացում են կոլեկտիվ անգիտակցական գեղեցկության արխետիպը: Մարդիկ տեսնելով այս գեղեցկությունը, ինքնստինքյան հանգստանում են, և նրանց մոտ նվազում է իրավիճակային տագնապայնությունը:

Carpet Loft-ը գտնվում է Տերյան 91 հասցեյում: Ամեն ուրբաթ 18:30 այստեղ անց են կացվում հոգեբանական դաընթացներ։ 3-3․5 ժամ տևողությամբ դասընթացների ընթացքում մարդիկ զարգացնում են իրենց հմտությունները մարդկային հարաբերություններում, փորձում են հասկանալ իրենց հետ կատարվածի պատճառները ու սովորում են չլարվել տարբեր իրավիճակների ազդեցության ներքո:

Մարդկանց հետ կատարվածի պատճառների 90% իրենց հետ կապ չունի: Նրանք ուղղակի իրենց վրա են վերցնում այդ պատճառները, արդյունքում ստանալով հոգեբանական խնդիրներ և այլ հիվանդություններ:

Այս դասընթացների արդյունքում մարդկանց կյանքը փոխվում է: Դասընթացները բաց են բոլոր չափահաս տարիքի մարդկանց համար:

Դասընթացները արդեն տվել են բավականին դրական արդյունքներ․ տասնյակ մարկանց մոտ, այդ թվում Արցախից տեղահանված, արձանագրվել է տագնապայնության նվազում, ընդհանուր հոգեվիճակի բարելավում, ֆինանսական անձնային աճ և այլ հաջողություններ:

Ես ունեմ գիտական աշխատանք “Գունային գամմայի և զարդանախշերի հոգեբանական ընկալումը” թեմայով։ Աշխատանքի իմաստը կայանում է նրանում, որ հոգեբանական գրասենյակներում կիրառվեն հին հայկական գորգերը, որոնք հիշենում են մարդկանց իրենց ծագումնաբանության մասին: Առհասարակ գորգերի գունային գամման ու զարդանախշերի գեղեցկությունը մարդկանց պարգևում են հանգստություն և զգալիօրեն իջեցնում են նրանց տագնապայնությունը: Դա նորարարական աշխատանք է, միակը աշխարում և ընդունված է գիտական հանրության կողմից: ես ինքս սկսեցի կիռառել այն իմ աշխատանքում, սակայն որպեսզի այն լայնօրեն տարածվի, անհրաժեշտ է ժամանակ:

Արսեն Աղաջանյան

TRIPP-ով կանցնի գազատար, մենք այդ տարանցման հաշվին կունենանք սեփական գազ․ Փաշինյան

Շուտով կբացվի TRIPP-ը, մեր տարածքով կանցնի գազատար, մենք այդ տարանցման հաշվին կունենանք սեփական գազ։ Այդ տարանցման դիմաց մեզ կվճարեն գազով։ Մենք կզարգացնենք այլընտրանքային էներգետիկան։

Այդ մասին այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ռուսաստանի նամակը՝ գազի մատակարարման մասին հայ-ռուսական պայմանագիրը լուծարելու սպառնալիքի մասին։

ՀՀ ՆԳՆ-ի հրապարակման հետքերով․ Լիաննա Պետրոսյան

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208 հոդվածի (Ընտրական գործի ընդդատությունը և վարչական դատարանի կազմը) 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Ընտրական գործերը ﬕանձնյա քննում և լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ` ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերի, որոնք նույն օրենսգրքով սահմանված կարգով քննում է համապատասխանաբար մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ ըստ պատասխանողի գտնվելու վայրի։
Այս պահի դրությամբ արդենիսկ գոյություն ունեն դատարանի կայացրած որոշումներ, որոնց արդյունքում վերականգնվել է Արցախից բռնի տեղահանված անձանց ընտրելու իրավունքը, և այդ որոշումները ենթակա չեն բողոքարկման։
Հիմա հարց է առաջանում՝ եթե կան բռնի տեղահանված անձանց ընտրելու իրավունքը վերականգնելու ՀՀ դատարանի որոշումները՝ որպես կայացած փաստ, ապա ո՞վ, որտե՞ղ և ինչի՞ համար է մոլորեցնում։

Լավ կլիներ, որ Արթուրը հացադուլից դուրս գար․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշատպան Ժաննա Ալեքսանյանն արցախցի գործիչ Արթուր Օսիպյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպանը կալանավորվել է այն բանից հետո, երբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին եւ Արցախի ու թալանի մասին սուր հարցադրումներ ուղղել նրան։ Ի պատասխան Փաշինյանը բղավել ու մեղադրանքներ էր հնչեցրել Արթուր Օսիպյանի հասցեին։ Արթուր Օսիպյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել եւ ասել, որ չի դադարեցնի այն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իրենից ներողություն չի խնդրել։

«Մենք պետք է հորդորենք, որ Արթուրը դուրս գա հացադուլից։ Ոչ միայն ես, այլ շատերն են համոզված նրա սկզբունքայնության ու վճռականության վրա, բայց չարժե հացադուլ անել, պահանջել այդ անարժեք ներողությունը։ Ո՞ւմ է պետք այդ ներողությունը, վերջին հաշվով հայտնի խոսք կա՝ ով ինչ խոսում է, իր մասին խոսում։ Եվ շատ լավ կլիներ, որ Արթուրը հացադուլից դուրս գար, նա պետք է իմանա, որ բազմաթիվ են մարդիկ, ովքեր իր կողքին են եւ իրեն գնահատում են, գիտեն իր նվիրավածությունն Արցախին ու Արցախի հարցին»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ Արթուր Օսիպյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է։ Հիշեցնենք, որ նրան առաջադրվել է մեղադրանք միանգամից երեք հոդվածներով՝ խուլիգանություն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելը եւ բռնություն գործադրելու հրապարակային կոչ անելը։

«Բոլորը տեսել են այդ տեսանյութը, թե ինչ կարեւոր հարցեր է բարձրացրել Արթուրը եւ պատասխան ստանալու փոխարեն հայհոյանքներ ու վիրավորանքներ է ստացել։ Դա Նիկոլ Փաշինյանի ձեւն է, երբ ինքը հարցերի չի պատասխանում, պատասխանում է այն մարդուն, ով հարցը տվել է, մենք դա շարունակաբար տեսնում է։ Արթուր Օսիպյանին անամոթաբար ակնհայտ ապօրինի մեղադրանք են ներկայացրել։ Դա վերաբերում է նաեւ Գլխավոր դատախազին, որը ցանկացած մեղադրանք կարող էր ներկայացնել։ Խուլիգանության մեղադրանք են ներկայացնում այն դեպքում, երբ հենց Արթուրին են քաշքշում, եւ Նիկոլ Փաշինյանն է օգտագործել փողոցային բառապաշար։ Երեւի մի օրը հերթը կհասնի նրան, որ Նիկոլ Փաշինյանը դատախազի հասցեին էլ այդպես կխոսի, չեմ բացառում, որ մենք դա էլ կտեսնենք»,- ասաց նա։

Իրավապաշտպանն անդրադառնում է նաեւ նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանության բառապաշարին, ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին ու դեպքին, երբ նախընտրական պաստառները պոկելու համար ձերբակալված եւ հոգեբուժարան տեղափոխված երիտասարդն ինքնասպան էր եղել։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ իշխող ուժի կողմից ուղղակի տեսնում ենք անբարո քարոզարշավ։ Նա նշում է, որ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները չեն հիմնավորվում։ «Կուզենայի, որ այդ քաղաքական ուժերը վիճակագրություն ներկայացնեին, թե այդքան ձերբակալություններից քանիսն են հիմնավոր մեղադրանքով եղել։ Մենք տեսնում ենք, որ իրականում դրանք իրենց թքած-կպցրած ձայանգրություններն են, որոնք չեն հաստատվում։ Բայց ամենաշատը թշնամական վերաբերմունքն է ընդգծվում, մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի թշնամական վերաբերմունքը, կոնկրետ Արթուր Օսիպյանի նկատմամբ ակնհայտ երեւում էր այդ թշնամանքը։ Այլ պաշտոնյաների մոտ էլ ենք դա նկատում, օրինակ՝ Թալինի քաղաքապետն արտոնյալ վիճակում է, ում ինչ բառերով ուզում, որակում է, եւ երեւի գնահատվում է իշխող ուժի կողմից։ Այսինքն՝ թքած ունեն մարդու վրա, բերդերը լցնում են անմեղ մարդկանցով, ընդհանրապես թքած ունեն արդարության վրա։ Ո՞ւմ է պետք է Նիկոլ Փաշինյանի այս քարոզարշավը։ Պետք է նայել, թե դա ինչ ազդեցություն է թողնում գիտակից խավի վրա, ինչպես է իրեն մերժում հանրային այդ շերտը»,- ասաց իրավապաշտպանը։

Նա ցավով արձանագրում է, որ քաղհասարակությունը, որը վերահսկող դեր ուներ, գոյություն չունի։ Իսկ նախկինում քաղհասարակության ազդեցությունն ակնառու էր։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ մյուս քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են նախընտրական քարոզարշավին, որեւէ ձեւով չանդրադարձան Արթուր Օսիպյանի անօրինական կալանավորմանը։ «Այսինքն՝ ի՞նչ քարոզարշավ սա կարող է լինել, երբ նախընտրական պաստառ պոկելու համար ոստիկանության կողմից անձին ապօրինի բերման ենթարկելուց հետո հոգեբուաժանում մահ ենք արձանագրում, երբ Արթուր Օսիպյանի արտառոց դեպքին ենք ականատես լինում։ Ես սա կբնութագրեմ՝ քարոզարշավ դժոխքում»,- նշում է իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այս պայմաններում ժողովուրդը պետք է սթափ գնահատաի իրավիճակը․ «Շատ կուզեի, որ բոլորը գնան ընտրություններին, իրենց ձայնին տեր կանգնեն եւ մերժեն մի իրավիճակ, որին մենք նախկինում երբեք Հայաստանում ականատես չենք եղել»։

ՆԳն-ը բողոքարկել է դատարանի որոշումները, որոնցով արցախցիները ճանաչվել են ՀՀ քաղաքացիներ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված, ՀՀ–ում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն չստացած անձինք չեն կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը։
«ՀՀ Սահմանադրության և «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ դատարանի կողմից կայացվել են և ուժի մեջ են մտել 3 դատական ակտեր, որոնցով ՆԳՆ–ին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցրել են ներառել Արցախի անձնագիր ունեցող անձանց ընտրացուցակներում։
Նռրքին գործերի նախարարությունը Քաղաքացիական դատարանի վճիռները բողոքարկել է Վերաքննիչ դատարանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործերի շրջանակում դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, չի երաշխավորել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծանուցումը կամ չի պահպանվել գործին վերաբերելի նյութեր ներկայացնելու պատասխանողի իրավունքը։