Թշնամին հիմնական թիրախ է դարձրել քաղաքացիական բնակչությունն ու հասարակական ենթակառուցվածքները

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հայտարարությունը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական տանդեմը սանձազերծեց լայնածավալ պատերազմ ամբողջովին շրջափակված Արցախի դեմ։ Արցախյան մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի խոսքով՝ ադրբեջանական զինուժի հիմնական թիրախ են դարձել ոչ թե ռազմական օբյեկտները, այլ քաղաքացիական բնակչությունն ու հասարակական ենթակառուցվածքները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և դասվում է ռազմական հանցագործությունների շարքին։

Ավանեսովը ընդգծում է, որ պատերազմի հետևանքով Արցախը բռնազավթվեց, իսկ արցախահայությունը բռնի կերպով տեղահանվեց իր հազարամյակների պատմություն ունեցող բնօրրանից․ «Բաքվի բռնապետական վարչակարգը ոչ միայն իրականացնում է ցեղասպանություն, այլև նպատակաուղղված հարվածում է հայ ժողովրդի ինքնության հիմքերին»։

Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը աննախադեպ ծավալներով իրականացնում է Արցախի պատմամշակութային հուշարձանների համակարգված ոչնչացում․ եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, բնակելի թաղամասեր, ամբողջական գյուղեր ու մշակութային կենտրոններ։

«Այս հուշարձանները միայն հայ ժողովրդի սեփականությունը չեն, այլ համաշխարհային քաղաքակրթության անքակտելի մասն են։ Նրանց ոչնչացումը դասվում է մշակութային ցեղասպանության ամենաաղաղակող օրինակներից մեկի շարքին»,- ասում է Ավանեսովը։

Նա հավելում է, որ փաստագրված դեպքերի ծավալը հնարավորություն է տալիս պնդելու․ Արցախում Ադրբեջանը իրականացնում է համաշխարհային մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը՝ որդեգրելով հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը վերացնելու ռազմավարություն։

Միաժամանակ, օմբուդսմենը մատնանշում է միջազգային հանրության անգործությունը․ «Միջազգային կառույցները շատ դեպքերում սահմանափակվում են ձևական հայտարարություններով՝ խուսափելով կատարվածը անվանել իր անունով՝ ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն։ Այս լռությունը ոչ միայն խրախուսում է Բաքվի հանցավոր քաղաքականությունը, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում ապագա հանցագործությունների համար»։

Մարիամ Սարգսյան

Դավիթ Մելքումյան․ Արցախի հայաթափումը գերտերությունների կայացրած քաղաքական որոշման հետեւանք էր

«Երկու տարի առաջ այս օրը բնականոն ու սովորական աշխատանքով հանդիպումներ էինք ունենում տարբեր շրջաններում, քանի որ արդեն իսկ կային որոշակի տեղեկություններ, մասնավորապես, խոսքը գնում էր այն մասին, որ պետք է գնալ կոմպրոմիսի եւ բացել ճանապարհը, օգտվել այդ հումանիտար օգնությունից։ Որեւիցե պայմանավորվածություն չէր խախտվել կոնկրետ այս ժամին, եւ մենք ավելի շատ կենտրոնացած էինք դեպի դրականը, փորձում էինք մեր հանրությանը բացատարել, թե հրաժարվելու հետեւանքները ինչ կարող են լինեն։ Եվ գրեթե բոլորը համաձայն էին, տրամադրված էին, որպեսզի հումանիտար կորիդորը բացվեր, բայց մի քանի ժամ հետո տեղի ունեցավ այն, ինչին բոլոր ականատես էինք»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամամովր Դավիթ Մելքումյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ իրավիճակ էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին այս ժամերին Արցախում։

Նա նշեց, որ Արցախի հայաթափումը գերտերությունների կայացրած քաղաքական որոշման հետեւանք էր։ «Հումանիտարն ընդամենը ձեւական բնույթն էր կրում, դա մի մեծ շիրմա էր՝ փակելու քաղաքական հարցը։ Կարծում եմ՝ որոշումները կայացված էին գերտերությունների կողմից, ուղղակի մենք տեղեկացված չէինք այդ գործընթացների մասին, քանի որ անմիջապես այդ հնարավորությունը չունեինք՝ ինքներս մասնակցելու մեծ գործընթացներին»,- հավելեց Մելքումյանը։

Նա նաեւ ասաց, որ Արցախի ԱԺ-մ փոփոխություններ է կատարել տոների եւ հիշատակների օրերի մասին օրենքում, եւ սեպտեմբերի 19-ը հռչակել որպես հիշատակի ու պահանջատիրության օր։

Տոպրակով կյանք․ Հայկ Հարությունյանի պրոյեկտը

Երբ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին պատրաստվում էինք դուրս գալ տնից, ուշադրություն դարձրեցի շքամութքում դրված մի քանի ճամպրուկներին և տոպրակներին։ Այդ պահին հասկացա, որ իմ ամբողջ 21 տարվա կյանքը տեղավորվել է դրանց մեջ։ Անցած տարի, հիշելով այդ դեպքը, որոշեցի անել այս փոքրիկ պրոյեկտը` տեսնելու, թե այլ մարդկանց կյանքերը ինչի՞ մեջ են տեղավորվել Արցախը լքելու ժամանակ։ 

Հայկ Հարությունյան

Պատմություն 1

Ստեփանյան Ալլան միայնակ մայր է, ով 2023 թվականի մեկօրյա պատերազմում կորցրել է 2 որդիներին։

Ալլան ծնունդով Մատաղիսից է, 2020 թվականի պատերազմից հետո իր որդիների` 21 ամյա Սամվելի և 19 ամյա Արսենի հետ ստիպված եղավ տեղափոխվել Մարտակերտ։ 2006 թվականից Ալլան ծառայում էր Արցախի պաշտպանության բանակում, որպես դիվիզիոնի կապավոր։ 2023 թվականի պատերազմի պահին նրա  տղաները նույնպես ծառայում էին Արցախի ՊԲ-ում. «Երբ սկսվեց պատերազմը, մենք մարտական հերթապահություն էինք իրականացնում։ Մեր դիվիզիոնի մի մասը արդեն դիրքերում էր, իսկ մյուս մասը տագնապով բարձրացավ դիրքեր։ Մենք մնացինք զորամասում։ Առաջինը փորձեցի զանգել տղաներիս։ Բազմաթիվ  փորձերից հետո չկարողացա կապի դուրս գալ Արսենի հետ, և ամսի 19-ին ժամը 13:30-ին ինձ ասացին, որ թշնամին գրավել է Ճանկաթաղը, որտեղ դիրքերն էր պահում Արսենը։ Հետո միանգամից զանգեցի Սամվելին․ նա ասաց, որ նոր է խոսել Արսենի հետ, և ամեն ինչ լավ է։ Այդ օրը մինչև 20:30 Սամվելի հետ խոսում էի, հետո նրանց ուղղությամբ մի քանի ինքնաթիռ է շարժվել, և կապը կտրվել է»,- պատմում է Ալլան։

Ամբողջ գիշերն Ալլան անցկացրել է զորամասում` առանց տղաների մասին որևէ ինֆորմացիա ունենալու։ 20-ի առավոտյան պատկերը չփոխվեց։ Պատերազմը շարունակվում էր, ռմբակոծությունները չէին դադարում, տղաներից լուր չկար։ Երբ 20-ի կեսօրին հրադադար հայտարարվեց, Ալլան փորձեց կապվել տղաների հետ. հույսով ինչ-որ տեղեկության էր սպասում` հեռախոսազանգի կամ լուրի։

Որդիներից լուր չունենալով՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան 10-ին Ալլան գնաց զորամասի հրամանատարի մոտ` խնդրելով, որ Սամվելին իջեցնի դիրքերից, որպեսզի գտնեն Արսենին, որի հետ 2 օր է` կապ չէին կարողանում հաստատել։ Հրամանատարը գիտեր Սամվելի մահվան մասին, բայց լռեց, Ալլային տուն ուղարկեց և ասաց, որ վաղն առավոտյան տղան կգա։

 

Սեպտեմբերի 21-ի առավոտյան Սամվելի դին բերեցին Մարտակերտի հիվանդանոցի դիահերձարան։

“Առավոտյան Սամվելից լուր չունենալով, մայրս գնում է Սամվելի ծառայակիցների մոտ, ովքեր մեր բակում էին ապրում։ Մորս տեսնելով՝ նրանք սկսում են լացել, և այդտեղից հասկանում ենք, որ Սամվելը զոհվել է”,- պատմում է Ալլան 

Սեպտեմբերի 22-ին ժամը 6:30-ին էլ իմացան Արսենի զոհվելու մասին։

Սամվելի մարմինը դիրքերից իջեցնելուն պես տանում են Ստեփանակերտ, հետո էլ` սեպտեմբերի 24-ին, Ալլայի ընտանիքը դուրս է գալիս Մարտակերտից։ Մինչև սեպտեմբերի 27-ը Ալլան Արսենի դիակի մասին լուր չուներ։  Այս ընթացքում նա հասցրել էր դիմել գրեթե բոլորին՝ սկսած Եղնիկների հրամանատարությունից, մինչև մարդու իրավունքների պաշտպան, բայց ոչինչ չօգնեց։ Սեպտեմբերի 27-ին ժամը 17:00-ին փրկարար ծառայությունից Ալլային տեղեկացրին Արսենի գտնված դիի մասին։

Սեպտեմբերի 28-ին վաղ առավոտյան Ալլան իր զոհված տղաների դիերի հետ ճանապարհվեց Երևան։ Հոկտեմբերի 9-ին Սամվելն ու Արսենը հուղարկավորվեցին Եռաբլուրում։ Մինչ օրս Ալլան իր ամեն օրը անցկացնեւմ է իր տղաների գերեզմանների մոտ` անկախ եղանակային պայմաններից, որովհետև կյանքում էլ իմաստ չի մնացել։ Չկա մեկը, ում համար նա պատրաստ կլինի աշխատել, գումար վաստակել և ինչ-որ բան անել։ 

“Կյանքս երկու փակ դագաղով բերել և հասցրել եմ այստեղ”,- ասում է Ալլան։

Ալլան ապրում է Երևանում, վարձով բնակարանում, որտեղ գրեթե չի լինում։ Ամեն առավոտ նա գնում է եռաբլուր և իր ամբողջ օրը անցկացնում է այնտեղ։ 

 Պատմություն 2

Վերդյան էռնան միայնակ մայր է Ստեփանակերտից և իր 2 զավակների ու մոր հետ ապրում էր ծովակալ Իսակովի փողոցում։ Երեխաները` Վրույրն ու Վանեսսան, 13 և 16 տարեկան են։ 

“Պատերազմը սկսելուց մոտ կես ժամ առաջ աշխատավայրում ինձ զգուշացրել էին, որ սահմանին լարվածություն կա, թշնամին պատրաստվում է հարձակման, և ինձ ուղարկել տուն։ Ես գնացի ընկերուհուս խանութ` Վանեսսային սպասելու, որ դասերից հետո միասին տուն գնանք։ Հենց սկսվեց Ստեփանակերտի ռմբակոծությունը, ես խանութից դուրս վազեցի դպրոցի ուղղությամբ, մինչդեռ Վանեսսան իր հերթին վազում էր դեպի խանութ։ Մենք իրար գտանք ճանապարհին և միմյանց ձեռք բռնած եկանք տուն։ Վրույրն ու մայրս շենքի շքամուտքում կանգնած էին”,- պատմում է Էռնան։ 

Արցախից դուրս եկան սեպտեմբերի 27-ին, իրենց հարևանի ՈւԱԶ-ով և Նիվայով։ Իրենց հետ վերցրեցին 3 ճամպրուկ հագուստ և սպասքի 2 հավաքածու, Վրույրի հեծանիվը, որը վերջին պահին դրեցին հարևանի մեքենայի վերևում, և բազմաթիվ հուշեր Արցախից` երեխաների մեդալները (Կարատեյի մրցումներից), Վանեսսայի նկարները, Արցախի դրոշը, Արցախյան նախշերով 2 բաժակ, Վրույրի կրակայրիչների հավաքածուից 3 հատ, պապիկի թզբեխը և տան բանալին։ 

“Արցախում վերջին օրը երեկոյան դուրս եկա հեծանիվ քշելու։ Տուն գնալուց բակում ընկած քար տեսա և վերցրեցի հետս. այն պահում եմ մյուս բերած հուշերի հետ մի տոպրակում”,- ասում է Վրույրը։

Էռնան իր մոր և Վրույրի հետ ապրում է Դիլիջանում, վարձով բնակարանում, իսկ Վանեսսան ապրում և սովորում է Երևանում` ԱՅԲ դպրոցում։ 

*Վանեսսան չկա նկարում 

 

Պատմություն 3

Բաղդասարյան Գոհարը Արցախի Մարտունի քաղաքից է, ապրում էր իր 4 սենյականոց բնակարանում։ Աշխատում էր փրկարար ծառայությունում որպես դիսպետչեր։ Միայնակ մայր է, ունի 2 երեխա` 9 տարեկան Վիկտորիան և 7 տարեկան Գոռը։

“Երբ Վիկան իր ընկերուհու հետ դպրոցից վերադարձավ տուն, մայրս տան վերջին 3 կարտոֆիլը տապակեց, և հենց նստեցինք հաց ուտելու, սկսվեց քաղաքի ռմբակոծությունը, և այդ կարտոֆիլը այդպես էլ մնաց սեղանին”,- պատմում է Գոհարը։

Պատերազմը սկսելու պահին Գոռը բակում էր, Գոհարը միանգամից վազեց դուրս, մի կերպ գտավ վախից կապտած Գոռին և երեխաների հետ գնաց աշխատանքի վայր` մտածելով` “Եթե մեռնելու լինենք, գոնե միասին մեռնենք”։

Պատերազմի ամբողջ ընթացքուն Գոհարն իր երեխաների հետ գտնվում էր աշխատանքի վայրում` շարունակելով ծառայությունը հայրենիքին` երեխաներին իր մոտ պահելով: Նա չէր կարող թողնել ո՛չ աշխատանքը, ո՛չ էլ` երեխաներին։ Գոհարի մայրը տանն էր։

Գոհարը իր մոր և երեխաների հետ Արցախից դուրս եկավ սեպտեմբերի 27-ին իր գործընկերոջ բեռնատար Ֆորդով։ 

“Մեքենայում 18 մարդ կար, նստատեղ չկար, ոչ մեկս չկարողացանք մեզ հետ շատ բան վերցնել։ Ես 3 տոպրակ եմ վերցրել, լցրել ինչով, որ պատահել է` հիմնականում երեխաների ձմեռային շորերով”,- պատմում է Գոհարը։ 

Հիմա նրանք ապրում են Դիլիջանում, վարձով բնակարանում։ Գոհարը աշխատում է որպես մատնահարդար, Գոհարի մայրը` Մարիետան, մաթեմատիկայի դասատու է։ Գոռը զբաղվում է ֆուտբոլով, Վիկան` ծանրամարտով, ծանրամարտի միջազգային մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը։

Գոհարի կյանքը տեղավորվել է 3 դեղին տոպրակի մեջ։

 

P.S. Պրոյեկտը անավարտ է, և անավարտ էլ կմնա։ Ամբողջ աշխատանքը արվել է 2024 թվականին։ Բոլոր լուսանկարները արվել են 55 տարեկան օբյեկտիվով։ 

Արցախի վերջին խաղաղ օրերը․ Մարիամ Սարգսյանի աչքերով

Մարտունու վերջին խաղաղ մայրամուտներից

Աղջիկս ու մայրս մեր տան շեմին։ Սեպտեմբերյան վերջին երջանիկ օրերից։

Սեպտեմբերի 9-ին մի կերպ թխված կեքսը, որ դարձավ վերջինը

Միակ նկարը, որտեղ աղջիկս մեր հաղթանակի խորհրդանիշ Ավոյի արձանի մոտ է

Մարտունին ու խոսող փողոցները

Արդեն անհնար էր սուրճ գտնելը, իսկ կոնֆետի տուփում ինքնաշեն «քաղցրավենիք» էր

Ստեփանակերտ։ Խանութներ, որ պարզապես դատարկ էին

Մարիամ Սարգսյան

Բաքուն ինչո՞ւ պետք է թույլ տա մեզ անցնել Նախիջևանով։ Ինքն արդեն ստացել է այն, ինչ պիտի ստանար

Step1.amհարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը հստակ չպտասխանեց հարցին, թե եթե Ադրբեջանը որոշի Հայաստանի տարածքով զենք ու զորք տեղափոխել Նախիջեւան, ինչպես են վերահսկելու։ Փոխարենն ասաց․ «Մենք մեզ պետք է հարց տանք՝ մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքն անցնի Նախիջեւանի տարածքով։ Երբ որ մենք կորոշենք, որ ուզում ենք Նախիջեւանի տարածքով դեպի Մեղրի եւ հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

-Շատ երկիմաստ պատասխան է տվել, որ իբր թե, եթե Ադրբեջանին որոշակի իրավունք ենք տալիս, նույնն էլ մենք կունանանք Նախիջեւանում։ Այդ հավասարության նշան դնելու փորձը շարունակվում է, բայց բնավ այդպես չէ։ Իմ իմանալով՝ անխափան տարանցումը հենց այն մասին է, որ իրենք Հայաստանին հաշվետու չեն։ Գուցե Հայաստանը պոստ ֆակտում կարող է իմանալ, թե ինչ է կատարվել, բայց արգելել չի կարող։

-Սյունիքով ճանապարհի հետ կապված Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ մանրամասները դեռ հստակեցված չեն։ Սա ի՞նչ վտանգ է պարունակում հետագայի համար։

-Ընդհանրապես նման մոտեցումն անհեթեթ է, այսինքն՝ միջպետական կարեւորագույն համաձայնություն է կայացվում, բայց մանրամասները չկան։ Ոչ թե մենք տեղյակ չենք, այլ չկան, դեռ չի էլ քննարկվել։ Մարդիկ անգամ իրենց կենցաղում նման անտարբեր ձեւով չեն վարվում։ Սա նշանակում է, որ Ալիեւն այնքան վստահ է, որ իր ուզածն է լինելու, որ իր ասածն է առաջ տանում։ Ցավոք սրտի, իր ուզածը կատարվում է։ Մի բան պարզ է՝ այն, ինչ TRIPP է կոչվում, այդ անցուղին, դա ունենալու է առանձին կարգավիճակ։ Եվ դրան համարժեք որեւէ անցուղի մենք չենք ստանալու, ներառյալ Նախիջեւանի վրայով։

Զենք տեղափոխելը կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ, որովհետեւ Ադրբեջանի լիարժեք տիրապետման տակ է գտնվում այդ ճանապարհը՝ ի տարբերություն TRIPP-ի, որը կառավարելու է կոնսորցիումը։ Այնտեղ հստակ գրված է, որ կոնսորցիումի կողմեր են Հայաստանը, ԱՄՆ-ն եւ երրորդ կողմերը։ Եթե կան երրորդ կողմեր, այսինքն՝ մեկից ավելի երկրներ, դա նշանակում է նրանց խոսքն է այնտեղ անցնելու։ Մենք Նախիջեւանով զենք չենք կարող տեղափոխել, Ադրբեջանը մեզ թույլ չին տա, եթե մեզ թույլ տա Նախիջեւանով Իրանից ինչ-որ բան ներմուծենք կամ արտահանենք, դա էլ մեզ ներկայացվելու է որպես լավություն։ Բայց կարծում եմ՝ դա էլ մեզ թույլ չի տալու Ադրբեջանը, ինչո՞ւ պետք է թույլ տա։ Ինքն արդեն ստացել է այն, ինչ պիտի ստանար։ Բանակցությունները սակարկություններ են, մի բան տալիս ես, մի բան ստանում։ Մենք արդեն տվել ենք այն, ինչ պետք էր Ադրբեջանին։ Հետեւաբար, Ադրբեջանի կողմից որեւէ շահագրգռություն չեմ տեսնում մեզ նման իրավունքներ տալու։ Եթե տա, ուրեմն դրա դիմաց էլի ինչ-որ բան է պոկելու։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախի Ազգային Ժողովը սեպտեմբերի 19-ը հայտարարել է Բռնի տեղահանության եւ պահանջատիրության օր

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումով սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության եւ պահանջատիրության օր: Համապատասխան փոփոխություն է մտցվել “Տոն եւ հիշատակի օրերի մասին” ԱՀ օրենքում:

Սեպտեմբերի 19-ը’ Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության օր
Ողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիան’ընդդեմ Արցախի Հանրապետության, սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։
Այդ օրը դաջված է Արցախի ժողովրդի պատմական հիշողության մեջ։
Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության։
Այդ նպատակով 2025 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է օրենք’ “Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” օրենքում լրացում կատարելու մասին, համաձայն որի’ սեպտեմբերի 19-ը այսուհետ կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր։

Կրկին «Ալբանիա» և «Աբերբեջան»․ Թրամփը դեռ ոգևորված է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Ռուս-ուկրաինական պատերազմի մասին հարցին պատասխանելիս նա Վաշինգտոնի կարգավորած հակամարտության օրինակ է ներկայացրել հայ-ադրբեջանական փաստաղթղի ստորագրումը։ Դոնալդ Թրամփը դարձյալ երկրների անունները սխալ է արտաբերել՝ Հայաստանն անվանելով «Ալբանիա», Ադրբեջանը՝ «Աբերբեջան»:

«Այն տարիներ էր շարունակվում և երբեք չէր կարգավորվի: Եթե հիշում եք, վարչապետն ու նախագահը իմ գրասենյակում էին, սկզբում նրանք հեռու էին միմյանցից նստել։ Մեկ ժամ միասին աշխատելուց հետո նրանք ավելի մոտենում էին, և երբ ավարտեցինք, բոլորս գրկեցինք միմյանց»,- ասել է Թրամփը։

Նա կրկին հիշեցրեց, որ Ալիևն իշխաում է 22 տարի։

Արշավի նպատակն է Հաագայի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման իրականացումը

Step1.amհարցերին պատասխանել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, հայտարարել եք, որ «Հանուն ժողովրդավար պետականության» եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունները սկսում են քաղաքական արշավ՝ Ադրբեջանին եւ նրա բռնապետ Ալիեւին միջազգային ատյաններում ռազմական հանցագործ ճանաչելու նպատակով՝ նոր Հայոց Ցեղասպանության եւ Արցախի հայաթափման, հնագույն քրիստոնեական համայնքի ոչնչացման համար։ Նաեւ այս գործի շուրջ համախմբվելու կոչ եք արել։ Ի՞նչ ճանապարհով եք իրականացնելու սա։

-Մենք դեռ 2024 թվականի սեպտեմբերին՝ մեկ տարի առաջ նախաձեռնեցինք մի շարժումը, որը պայանականորեն անվանեցինք «նոյեմբերի 17»։ Դա 2023 թվականի նոյեմբերի 17-ի ակնարկ է, երբ Հաագայի դատարանը այդ եղերական իրադարձություններից երկու ամիս անց ընդունեց հատուկ վճիռ՝ արցախահայության՝ միջազգային երաշխիքներով ազատ ու անվտանգ վերադարձի իրավունքի մասին։ Մենք առաջարկեցինք Արցախի փախստականներին՝ ինքնակազմակերպվել եւ անել այն, ինչն առաջարկում ենք նաեւ այսօր։ Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը փաստորեն շահագրգռված են լռեցնելու այդ հարցը։ Եվ այդ պայմաններում խիստ անհրաժեշտ եմ համարում ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն եւ վտարանդի Ազգային ժողով։ Եվ գիտեմ, որ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը կտրուկ դեմ են դրան՝ ասելով, որ Երեւանում չի կարող լինել երկու կառավարություն։ Դա անհեթեթություն ու հիմարություն է, որովհետեւ այդ կառավարությունը չի վերաբերվում Հայաստանին, դա վտարանդի կառավարություն է, եւ նման շատ նախադեպեր կան աշխարհում։

Սա այն իրավական հիմքն է, որի վրա մենք ուզում ենք ստեղծել այդ արշավը։ Մենք չենք կարող սպասել, թե երբ են ինքնակազմակերպվելու արցախցիները։ Թեեւ արցախցիները Հայաստանի հասարակության մաս են կազմում, բայց մենք շատ ենք կարեւորում, որ իրենք՝ որպես փախստականների համայնք, ինքնակազմակերպվեն ինքնուրույն՝ առանց նախկինների մասնակցության ու աջակցության։ Ուստի, մենք այս հարցում մեզ համախոհ կուսակցություն գտանք, դա «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցությունն է։ Եվ միասին այսօր հանդես եկանք հայտարարությամբ, որ Հայաստանի կառավարության, իշխանության, խորհրդարանի եւ հասարակության լռության պայմաններում մենք նախաձեռնում ենք միջազգային արշավ՝ այդ խնդիրն անընդհատ ուշադրության կենտրոնում պահելու եւ հասնելու մեր գլխավոր նպատակին։ Նպատակն է Հաագայի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման իրականացումը։ Այսինքն՝ արցախահայության վերադարձի իրավունքը։ Մենք անընդունելի եւ հանցավոր ենք համարում Հայաստանի պաշտոնյաների դիրքորոշումը առ այն, որ այդ հարցը անհնար է իրականացնել, որ պետք չէ դրանով զբաղվել։ Մենք դրա հետ չենք կարող հաշտվել, ուստի, մենք գործում ենք որպես հասարակական եւ կուսակցական նախաձեռնություն։

Ես մեկ շաբաթ անց մեկնելու եմ մի շարք եվրոպական երկրներ, հիմա հանդիպումներ եմ կազմակերպում Եվրոպական խորհրդարանում, մի շարք եվրոպական երկրների խորհրդարաններում։ Գնալու եմ Իտալիա, Բելգիա, Լեհաստան եւ վերջում նաեւ Ուկրաինա։ Մենք որոշել ենք այդ հարցը դարձնել մեր արտաքին քաղաքական գործունեության առանցքը՝ Հայաստանի առջեւ խորացող միջազգային մարտահրավերների շարքում արցախահայության իրավունքների պաշտպանության հարցն առաջնահերթ է մեզ համար։

-Դուք խոսում եք Արցախի վտարանդի կառավարություն ստեղծելու մասին, բայց Արցախի պետական ինստիտուտները շարունակում են իրենց գործունեությունը, մասնավորապես, Արցախի Ազգային ժողովը գործում է։ Փորձե՞լ եք իրենց հետ քննարկել այս հարցերը, համագործակցություն կա՞։

-Մենք շատ հոռետես ենք այն կառույցների հետ հարաբերությունների վերաբերյալ, որոնք ստեղծվել են դեռ 2023 թվականից առաջ Արցախում։ Մենք նրանց դիտարկում ենք որպես ռուսամետ եւ այդ առումով մեզ համար անընդունելի է նրանց հետ համագործակցությունը։ Սակայն մենք հասկանում ենք, որ Արցախի հասարակությունն իր մեջ ունի եւ առողջ ընդդիմություն, եւ հասարակական-քաղաքական գաղափարական ուժեր, որոնց հետ մենք պատրաստ ենք համագործակցել։ Այսինքն՝ պայմանական ասած՝ Շահրամանյանի շրջանակների հետ մենք ոչ մի կապ չենք պատրաստվում հաստատել եւ չենք ընդունում նրանց դիրքորոշումն ու կարգավիճակը։ Մենք համարում ենք, որ այն ուժերը, որոնք համաձայնել են Արցախի լուծարմանը, հանցավոր են եւ պետք է պատասխան տան հայ ժողովրդի առջեւ։

Ռոզա Հովհաննիսյան

Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից

Կառավարությունն ընդունել է Ներքին գործերի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որի նպատակն է տեղահանված մեր հայրենակիցների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցումը։

Ըստ այդմ՝ տեղահանված մեր հայրենակիցները կազատվեն ավտոմեքենան օտարելու, խոտանելու, ժառանգությամբ հանձնելու կամ հասցեի փոփոխության հիմքով վերահաշվառման, ինչպես նաև ցանկացած գրանցման-հաշվառման գործողության արդյունքում տրանսպորտային միջոցի գույքահարկի գծով պարտավորությունը կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։

Հավելենք, որ տեղահանման արդյունքում Հայաստան է տեղափոխվել 21.107 տրանսպորտային միջոց, որից միայն 3711-ն է վերահաշվառվել տեղահանվածի անվամբ կամ տեղահանվածի կողմից օտարվել այլ անձի։

Որոշման ընդունումը կնպաստի շահառուների համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու նրանց սեփականության իրավունքի արդյունավետ իրացմանը։

2-րդ ամիսն է, ինչ մարդիկ չեն ստանում աջակցությունը՝ ՄԱԿ-ը պետք փոխանցի Ամերիա բանկին

Երեկոյան ուշ հեռախոսազանգ ստացանք։ Զանգահարողը Արցախից տեղահանված թոշակառու, 2-րդ կարգի հաշմանդամ, զոհված զինծառայողի մայր Լաուրա Բարսեղյանն էր։ Նա ցանկանում էր, որ Step1-ի միջոցով բարձրաձայնվի մի խնդիր, որին առնչվում են նաև մի խումբ արցախցիներ։ Կինը վրդովված էր՝ նախևառաջ անտարբեր վերաբերմունքից։

-ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն երկրորդ ամիսն է, ինչ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին չի վճարել 2024 թվականի նոյեմբերի 21-ի 1833-Լ որոշմամբ սահմանված 2025 թվականի հուլիս և օգոստոս ամսիների համար սահմանված աջակցությունը։ Ես հանդիսանում եմ այդ ծրագրի շահառու, սական մինչև օրս չեմ ստացել աջակցությունը, առանց որի դժվարանում եմ գոյատևել։ Բնակվում եմ վարձով, թոշակիս գումարը հերիքում է միայն դեղերիս համար, քանի որ տարիներ շարունակ դեղերով եմ ապրում։

Դիմել եմ Գորիսի միասնական սոցիալական ծառայության ընտանիքներին տրամադրվող աջակցությունների բաժին՝ խնդրելով, որ ինձ տեղեկություն տրամադրեն, թե երբ է փոխանցվելու աջակցությունը։ Նույն բաժնի գլխավոր մասնագետի պարզաբանմամբ՝ հուլիս և օգոստոս ամիսների աջակցությունը պետք է վճարվի ՄԱԿ-ի կողմից, նա վստահեցրել է, որ աջակցության գումարն արդեն փոխանցվել է Ամերիա բանկ։

Քանի որ Գորիս քաղաքում Ամերիա բանկի մասնաճյուղ չկա, մեկնել եմ մարզկենտրոն՝ Կապան։ Ներկայանալով բանկ՝ պարզել եմ, որ միասնական սոցիալական ծառայության պատասխանն իրականությանը չի համապատասխանում։ Ոչ մի աջակցություն էլ փոխանցված չէ, ավելին՝ մասնաճյուղից զանգել են Ամերիա բանկի գլխամաս, որպեզի ՄԱԿ-ի փոխանցված ցուցակներում կրկնակի անգամ ստուգումներ իրականացնեն, և գլխամասից հայտնել են, որ շահառու Լաուրա Բարսեղյանի անունով, անձնագրով կամ սոցիալական քարտի տվյալներով որևէ փոխանցում չկա:

Ձեռնունայն Կապանից վերադարձել եմ Գորիս։ Միասնական սոցիալական ծառայության անփութության պատճառով կրել եմ 15000 դրամ գումարի չափով վնաս, որը վճարել եմ տաքսու ծառայությանը: Որպես զոհված զինծառայողի մայր, այրի կին, 2-րդ խմբի հաշմանդամ՝ Միասնական սոցիալական ծառայությանը, ՀՀ կառավարությանը, սոցապ նախարարությանը ցանկանում եմ հարց ուղղել՝ ո՞վ պիտի հատուցի ծառայության աշխատակցի թերի աշխատանքի պատճառով հասցված նյութական վնասը: Դեռ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը արդարանում է ու իրենց անփույթ աշխատանքի հետևանքով կատարվածը բարդում Ամերիա բանկի վրա:

Ահա այս է վերաբերմունքը հանուն հայրենիքի զոհված զինծառայողի մոր հանդեպ,-ասում է Լաուրա Բարսեղյանը։

Նշենք, որ արցախցի թոշակառուի բարձրացրած հարցը եզակի դեպք չէ։ Նման խնդրի առաջ են կանգնել հարյուրավոր շահառուներ։ Սոցիալական հարթակներում կարելի է հանդիպել բազմաթիվ մեկնաբանությունների, որտեղ նույնպես նշվում է, որ 2-րդ ամիսն է, ինչ մարդիկ չեն ստանում աջակցությունը և 114-ից ստանում են նույն պատասխանը՝ ՄԱԿը պետք փոխանցի Ամերիա բանկին, կամ էլ տեխնիկական խնդիրներ են։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Տիգրան Խզմալյանը հայտարարում է արշավ՝ Ալիևին միջազգային հանցագործ ճանաչելու նպատակով

Վաղը Արցախի Հայրենազրկման երկրորդ տարելիցն է։ «Հանուն ժողովրդավար պետականության» եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունները սկսում են քաղաքական արշավ՝ Ադրբեջանի եւ նրա բռնապետ Ալիեւին միջազգային ատյաններում ռազմական հանցագործ ճանաչելու նպատակով՝ նոր Հայոց Ցեղասպանության եւ Արցախի հայաթափման, հնագույն քրիստոնեական համայնքի ոչնչացման համար։

ՀՀ իշխանության հանցավոր լռության, անգործության, հակահայկական գործելակերպի պայմաններում մենք կոչ ենք անում այլ կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, հայկական եւ միջազգային իրավապաշտպան կառույցներին, արցախահայերին, Հայոց Եկեղեցուն, Սփյուռքին՝ միանալու մեր պայքարին։

Մենք հենվում ենք ՄԱԿ կանոնադրության, Ցեղասպանության հանցանքի կանխարգելման եւ պատժելիության Կոնվենցիայի, ինչպես նաեւ Հաագայի միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշման վրա, համաձայն որի արցախահայությունն ունի միջազգային երաշխիքներով ապահոված ազատ եւ անվտանգ վերադարձի իրավունք։

Միացե՜ք։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյան

Հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան

Երևանից Մեղրի զենք կտեղափոխվի Նախիջևանո՞վ։ Բա Երասխը կփակվի՞։

«Թրամփի ուղու» շրջանակում ամեն ինչ պետք է լինի սկզբունքների հիման վրա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարողանալու է Սյունիքով զենք և զորք տեղափոխել Նախիջևան։
«Մենք մեզ պետք է հարց տանք` մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքն անցնի Նախիջևանի տարածքով։ Որովհետև մեր իրականության մեջ կա այդ խնդիրը, որ մենք միշտ խոսում ենք ուրիշների մասին, սակայն չենք խոսում մեր մասին։ Երբ որոշենք, որ մենք ուզում ենք, որ Նախիջևանի տարածքով երկաթգծով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տեղափոխել, նման թեմայով բանակցություններ կբացենք։ Եթե մենք որոշենք, որ չենք ուզում, ապա կորդեգրենք համապատասխան բանաձև ու այդպես շարունակ»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` ցանկացած հարց, որ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը և «Թրամփի ուղուն», պետք է դիտարկել 5 հիմնական սկզբունքների հիման վրա. դրանից դուրս այլ քննարկում չի կարող լինել։
Ինչո՞ւ պետք է Հայաստանը դիտարկի Նախիջևանով զենք Մեղրի տեղափոխելու հնարավորությունը, եթե կա Երասխով, Վայոց ձորով և Սյունիքով անցնող գործող ճանապարհ։ Արդյո՞ք Նախիջևանով անցնող ճանապարհի առաջարկվող բացումը կփակի Երասխով և Տիգրանաշենով անցնող Վայոց ձոր տանող ճանապարհը։ Եվ արդյո՞ք «Թրամփի ճանապարհը» կանցնի Երասխով, այլ ոչ թե Մեղրիով։