«Միացիր մեզ եղբայր, միասին պաշտպանված ենք, առանձին՝ տկար»

«Միացիր մեզ եղբայր, միասին պաշտպանված ենք, առանձին՝ տկար», «արդարություն», «ոչ բռնությանը», «ոչ ոստիանապետությանը» եւ այլ կոչերով արցախցիները բողոքի ակցիա արեցին Քննչական կոմիտեի շենքի մոտ, այնուհետեւ երթով շարժվեցին դեպի Ներքին գործերի նախարարություն։

Այսօրվա ակցիան իրականացվում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի կոչով։ Նա երեկ հայտնել էր, որ ՆԳՆ-ն իր դեմ նյութեր է պատրաստել եւ ուղարկել Քննչական կոմիտե, եւ, ըստ տեղեկությունների, խնդիր է դրված ամեն գնով կալանավորել իրեն։

Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ սկզբում կարծում էր, որ արցախցի լինելը որեւէ դեր չունի, բայց գնալով համոզվում է, որ կապ ունի։ «Իհարկե, խոսել այն մասին, որ խոշտանգման զոհ են դառնում բացառապես արցախցիները, սխալ կլինի, բայց հիմնականում խոշտանգման թիրախում արցախցիներն են, որովհետեւ նրանք ավելի շատ են դեմ արտահայտվում ՀՀ այսօրվա իշխանության վարած քաղաքականությանը»,- ասաց Երիցյանը։

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, հիշեցնենք, վերջին օրերին ակտիվ զբաղվում է Ոստիկանության Վանաձորի բաժանմունքում խոշտանգված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի շահերի պաշտպանությամբ եւ բարձրաձայնում է այս գործով բոլոր խախտումների մասին։

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն ասաց, որ այսօր երկրում ոստիկանապետություն է ստեղծվել, եւ միայն արցախցիների նկատմամբ չէ այս վերաբերմունքը։ «Ոստիկաները Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորի են ծեծի ենթարկում, եւ էլի անպատժելիության մթնոլորտ է։ Այսինքն՝ սա համատարած է, սա միայն արցախցու խնդիր չէ, սա հայի խնդիր է։ Ամբողջ հայ ազգը պետք է ոտքի կանգնի, եւ ցույց տան, որ իրենք են տերը երկրի, այլ ոչ թե ոստիկանապետություն ստեղծած Նիկոլ Փաշինյանը որոշի, թե ով է ճիշտ, ով է սխալ։ Կա օրենք, եւ այդ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»,- ասաց Դավիթ Գալստյանը։

ՆԳ նախարարն արդեն զգուշացրել է․ “այդպես ավելի են թիրախավորվում մեր հայրենակիցները”

Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ֆոնին արցախյան գործոնի ակտիվացումը կարող է մանիպուլյատիվ և նույնիսկ սադրիչ նպատակ ունենալ։

Մարտի 30-ին Գյումրիում ընտրություններ են, և կենաց-մահու պայքարի մեջ նետվել են ամենատարբեր ուժեր։ Տեղեկատվական դաշտ թեզ է մտցվել, որ եթե Փաշինյանը կրվի Գյումրիում, ապա կկորցնի իշխանությունը, և արտահերթ ընտրություններ կլինեն։

Յուրաքանչյուր կողմ իրավիճակը փորձում է իր օգտին շրջել։ ՀՀ իշխանությունները Գյումրիում ամեն կերպ կփորձեն ապացուցել, որ իրադրության տեր են։ Մյուս կողմից Ռուսաստանն արդեն բաց դեմքով է հանդես գալիս Գյումրիում, նույնիսկ չթաքցնելով, որ մտադիր է «վերցնել» Հայաստանի երկրորդ քաղաքը։ Նույնիսկ ակնարկում են, որ Գյումրիի բնակչության մեծ մասը ռուսական անձնագրեր ունեն։

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո Մոսկվան ընդհանրապես ակտիվացել է Հայաստանում․ ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա էր ամերիկյան «բիոլաբորատորիաների» դեմ, Գյումրիում՝ տիրոջ իրավունքով  «փորձագիտական» ֆորումներ։ Այս ամենը այնպես է ներկայացվում, իբր Ռուսաստանը եկել է Հայաստանին փրկել թուրքամետ իշխանությունից, ինչպես դա եղել է ավելի քան 100 տարի առաջ։ Եվ կրկին Ալեքսանդրոպոլ-Գյումրի։

Այս ամենը տեղի է ունենում տարածաշրջանում լարվածության ֆոնին՝ Իրանի դեմ հնարավոր հարվածի, որից հետո թուրքական ուժերը կփորձեն մասնատել Իրանն ու Հայաստանը։

Հայաստանի իշխանությունը նյարդային փորձում է ինչ-որ փաստաթուղթ-երաշխիք ստանալ, Փաշինյանը նույնիսկ «ժամանակ է խնդրում» մինչև 2027 թ․՝ իբր սահմանադրական հանրաքվեյի համար։ Բայց բոլորը գիտեն, որ ամեն ինչ շատ անսպասելի և արագ կլինի։

Այս կեղտոտ պայքարի բոլոր կողմերին մի զանգված է պետք, որին կարելի է զոհաբերել և հետո մեղադրել ամեն ինչում։ Եւ նման դերի համար ամենա «սազականը» արցախցիներն են։

Վերջին օրերին արցախցիների թեման կրկին ակտիվացավ։ Նախ՝ հայտնի դարձավ արցախցիների կոնսոլիդացման և մարտի 29-ին մեծ հավաք անցկացնելու մասին, որի հիմքում կլինեն հիմնականում սոցիալական պահանջներ, նաև վերադարձի գաղափարը։

Բայց հետո հայտնի դարձավ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի՝ Վանաձորի ոստիկանությունում խոշտանգելու մասին, իսկ արդեն երեկ՝ արցախցի ադվոկատ Ռոման Երիցյանի հանդեպ հետապնդումների։ Երեկ Երիցյանը շեշտեց, որ իրեն հետապնդում են որպես արցախցու, և կոչ արեց արցախցիներին հավաքվել այսօր, չսպասելով մարտի 29-ին։

Արցախցիների հանդեպ կառավարության խիստ բացասական, արհամարական վերաբերմունքը ակնհայտ է, ինչպես և արցախցիների հավաքական իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Սակայն պետք է բացառել, որ արցախցիների ազնիվ և արդարացված պայքարը որոշ ուժեր որպես սադրանքի նյութ օգտագործեն։

ՆԳ նախարարն արդեն զգուշացրել է, որ դա կարող է տեղի ունենա։

«Լեռնային Ղարաբաղյից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն առանց այդ էլ իրադարձությունների բերումով տուժել են եւ գտնվում են խոցելի իրավիճակում, տեղահանվել են, ունեն բազմաթիվ կարիքներ, եւ անընդհատ փորձել էմոցիոնալ դաշտ ստեղծել նրանց համար, դա որեւէ մեկի համար օգուտ բերող պրոցես չի կարող լինել։ Հակառակը, այդպես ավելի են թիրախավորվում մեր հայրենակիցները»,- ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ի՞նչ է նշանակում՝ «ավելի են թիրախավորվում»։ Արդյո՞ք ինչ-որ «թիրախավորման» միջոցառումներ են նախապատրաստվում։ Եւ որքանո՞վ է դա կապված արցախցիների իրավունքների պաշտպանության և Հայաստանի ներքին լարված իրավիճակի հետ։

Արցախի Կամավորների Միություն․ մինչ վերջին պահը օգնում էինք մարդկանց

Կամավորական աշխատանքը հատուկ դեր ունի, հատկապես, արտակարգ իրավիճակներում: Կամավորները համեստ, բարեսիրտ ու հայրենասեր մարդիկ են, որոնք անկախ իրավիճակից ու պայմաններից պատրաստ են անհատույց կերպով հասնել օգնության:

Արցախի Կամավորների Միությունը Արցախում հիմնված, իր գործունեությունը Արցախում ծավալած ՀԿ է, որ իր շուրջ է միավորել հարյուրավոր բարեսիրտ, կարեկցող, հայրենասեր մարդկանց։ Մի փաստ ասեմ մեր մասին, որը շատ քչերը գիտեն․ իրականում մեր գրասենյակը գտնվում էր Շուշի քաղաքում, իսկ մենք շատ հազվադեպ էինք հավաքվում գրասենյակում, քանի որ բոլոր աշխատանքները մենք կազմակերպում էինք նույն պահին, նույն տեղում, որտեղ գտնվում էինք։ Մեզ համար միշտ առանցքային էր յուրաքանչյուր աշխատանք իրագործել հնարավորինս արագ՝ առավելագույն արդյունքի հասնելու նպատակով, եւ հավաքվել եւ քննարկումներ անցկացնելը երբեմն պարզապես անհնարին էր, հատկապես ճգնաժամային իրավիճակներում՝ համավարակ, պատերազմ, բլոկադա… Եվ դրա մասին կարող են փաստել բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ հետ ժամանակին համագործակցել են։

Մեր կազմակերպության հիմնադիրը, նախագահը՝ Խաչատուրյան Կրիստինան է, ով շուշեցի է։

Ինչպես նշեցի, մեր կազմակերպությունը իր գործունեությունը ծավալում էր հիմնականում Արցախում, եւ դա նշանակում է, որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում, որի միջով մենք անցել ենք, ապրել ենք, ակտիվորեն ներգրավված ենք եղել մեր հայրենիքին, մեր ժողովրդին օգնելու, աջակցելու աշխատանքներում։ Թե ինչքան կամավորներ են մեզ միացել այդ աշխատանքներին՝ դժվարանում եմ պատասխանել։ Միակ բանը, որ հստակ կարող եմ ասել իմ փորձից՝ ինչքան մարդ էլ հավաքվեր, թեկուզ ամենածանր աշխատանքի համար, եթե մարդկանց սրտերում սեր եւ կարեկցանք կա դիմացինի հանդեպ, ամեն ինչ էլ հնարավոր է անել։

44-օրյա պատերազմի ժամանակ հարյուրավոր մարդիկ են մեզ միացել։ Միության տղաներից շատերը առաջնագծում էին, իսկ աղջիկները թիկունքում: Հիշում եմ՝ պատերազմի առաջին օրը թիկունքում կամավորական խումբ էինք հավաքագրում։ Մութն արդեն ընկած էր, մարդիկ անվտանգության նկատառումներով տան լույսերն անջատում էին։ Դողացող ձեռքերով թղթի վրա հավաքագրում էի մարդկանց տվյալները, հեռախոսով գրանցում, բայց քանի որ չգիտեինք՝ լույս կլինի հետագայում թե ոչ, միանգամից թղթի վրա էինք գրում։ Կամավորները տարբեր տարիքի էին, օրվա ամեն ժամի հերթապահություն էին անում հացի փռերում, ջրի արտադրամասում եւ այլն։

Երբ մի տղա զանգեց՝ 15 տարեկան, խոսքից հասկացա, որ հայաստանաբնակ է։ Ասաց՝ խնդրում եմ ինձ էլ գրանցեք, ես հենց վաղը առավոտյան կգամ եւ ինչ պետք է՝ կանեմ, ձեր կողքին կլինեմ, մենակ թե ինձ գրանցեք։ Հարցրեցի՝ քանի տարեկան է, ասաց՝ 15։ Այդ պահին շչակների ձայնը խլացավ, մի պահ լռեցինք, հարցրի՝ իսկ ձեր ծնողները տեղյա՞կ են։ Ասաց՝ ոչ, չի ասել…

Եվ այդպիսի շատ պատմություններ կան, երբ ոչ միայն Արցախից, այլ մայր Հայաստանից մարդիկ ամեն ինչ թողել ու միանգամից եկել են Արցախ։ Երկու եղբայր, էլի անչափահաս, իրենց բեռնատար մեքենայով են եկել եւ իրենց ամբողջ ապրանքը՝ միրգ-բանջարեղենը, բաժանել եւ իրենք էլ գնացել առաջնագիծ, էլի առանց տանը որեւէ մեկին տեղյակ պահելու։

Մեր ՀԿ-ի հիմնադիրը՝ Կրիստինան, մինչեւ վերջին օրը մնացել էր Արցախում։ Սկզբում Ստեփանակերտում էր, հետո՝ Շուշիում։ Առաջնագծի մարտիկներին ուտելիքով էին ապահովում։ Իսկ նոյեմբերի 7-ին, երբ բոլորին հորդորեցին դուրս գալ, ինքը եւս մտածում էր, թե ժամանակավոր է լքում իր ծննդավայրը… Հիշում եմ, թե ինչքան ծանր էր…

Պատերազմից հետո Արցախում կյանքն այլեւս նույնը չէր՝ կարծես թե կանգ էր առել։ Այնուամենայնիվ, մարդիկ իրենց մեջ պետք է ուժ գտնեին ապրելու, քանի որ, եթե հետ ենք եկել, պետք է նորից մեր ուժերով վերակենդանացնեինք մեր Արցախը։ Այդպես էր մտածում իր հայրենիքը սիրող յուրաքանչյուր ոք։

Մինչեւ 2020 թվի պատերազմը Արցախում մի տարվա մեջ տասնյակ միջոցառումներ էին կազմակերպվում, եւ բոլորին հասցնում էինք մասնակցել։ Հենց այդ ժամանակաշրջանում ենք մեր «բանակը» հարստացրել նոր կամավորներով, նոր ընկերներ ձեռք բերել։ Մասնակցել ենք ԿՈՆԻՖԱ ֆուտբոլային առաջնությանը, Համահայկական խաղերին, կազմակերպել ճամբարներ եւ այդպես շարունակ։ Մեր գործունեության բնույթը փոփոխվում էր ըստ իրավիճակի։

Այնպես չէր, որ եթե ուրախ չէր առիթը, չմասնակցեինք, կամ հակառակը… Իրար կողքի էինք ամեն իրավիճակում։ Համավարակի ժամանակ պահեստներում էինք աշխատում՝ թիրախային խմբերի անձանց համար ժամանակավոր ուտելիքի տուփեր հավաքում։ Հետո եղավ բլոկադան… Այդ ժամանակ էլ ուսանող էի, եւ արդեն կամավորական աշխատանքներին մասնակցում էին նաեւ Արցախի Պետական Համալսարանում սովորող իմ ընկերները։ Այդ  տարիներին նրանց հետ միասին ստեղծեցինք նաև ՀԿ-ից անկախ մարմին, Կամավորական կորպուս, որը նույնպես ակտիվորեն ներգրավվեց կամավորական աշխատանքներին։ Հովհարային անջատումների գրաֆիկով էինք ապրում: Երբ մի տեղ լույս էր լինում, ընկերներով հավաքվում էինք այնտեղ, ժամանակ անցկացնում միասին։

Մի օր զանգ ստացա, որ պետք է արագ խումբ ձեւավորեինք եւ թիրախային խմբերի համար միրգ-բանջարեղեն փաթեթավորենք հաջորդ օրվանից սկսած։ Ընկերներիս ասացի՝ գալիս եք՞, ասացին՝ հա հա, գալիս ենք, մենակ շուտ արա՝ թեյդ սառավ։ Գնացինք քաղաքից դուրս պահեստներ, գետի մոտ էր, շատ ցուրտ։ Սփյուռքում ապրող հայ էր ֆինանսավորել այդ նախագիծը, որպեսզի մինչեւ 5-րդ դասարանի աշակերտներին բաժանեն օգնությունը։ Մոտ 10 օր այդպես կամավորական աշխատանքներ էինք անում։ Օգնությունը  բաժանում էին ռուս խաղաղապահները , որպեսզի կասկածներ չառաջանային թշնամու մոտ՝ որտեղից եւ ինչպես է հասել այն։

Օր է եղել՝ մի քանի տեղ ենք աշխատել, բայց չէինք հոգնում։ Շատ ցուրտ էր, պլաստմասե տուփեր էինք վառում, որ տաքանանք, հետո ծուխից գլուխներս պտտվում էր, բայց մեզ համար լավ էր,մեր սրտերում խաղաղություն, գիտեինք, որ բարի գործ ենք անում։

Արդեն հետո, երբ եղավ 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմը, ամեն ինչ խառնվեց իրար, դուրս գալու օրերին նույնիսկ իրար չէինք կարողանում զանգել, գտնել,միմյանց մասին մտածում  Էինք` մենակ թե ողջ լինեն։

Բռնի տեղահանումից հետո մեր կամավոր ընկերներից որոշները Հայաստանում են, որոշներն արտասահմանում: Կվերաբացենք մեր կազմակերպությունը, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Մի բան անփոփոխ է` մեր սերը հայրենիքի եւ միմյանց հանդեպ։

Step1.am-ի հետ զրույցում այդ մասին պատմեց Արցախի Կամավորների Միություն կազմակերպչական բաժնի համակարգող Լաուրա Գրիգորյանը:

Արսեն Աղաջանյան

Իրանական Ուրմիայում մարդիկ դուրս են եկել փողոց և թյուրքական կարգախոսներ են վանկարկում

Այսօր Ուրմիա քաղաքում ադրբեջանցի թուրքերը լայնածավալ բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Հարավային Ադրբեջանի ինքնության և տարածքային ամբողջականության՝ վանկարկելով ազգային կարգախոսներ, որոնք հաստատում են իրենց էթնիկ ինքնությունը. «Թող Ադրբեջանը միշտ գոյություն ունենա, և թող կուրանան բոլոր նրանք, ովքեր դա չեն ուզում», «Նահատակները չեն մեռնում, Հայրենիքը չի բաժանվում», «Ուրմիան պատկանում է թուրքերին, և այդպես կլինի միշտ»,- հայտնում է «Ազատ Իրան» Telegram ալիքը։

«Азербайджанские патриоты» ալիքը գրում է. «Իրանական Ուրմիայում մեր հայրենակիցները ողջ քաղաքում կարգախոսներ են վանկարկում իրանական մոլլաների ռեժիմի դեմ։ Եթե ​​որևէ մեկը տապալի այաթոլլահի ռեժիմը, դա կլինեն ադրբեջանցիները…»:

«Թուրքի համբերությունը մի փորձիր, թե չէ վերջդ կհասնի։ Մեր հայրենիքը Թուրանն է, Ուրմույան մեր Բոզքուրթն է։ Ի՜նչ լավ է թուրք լինելը»,- վանկարկում են ցուցարարները։

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր գրել Իրանի իշխանություններին՝ կոչ անելով նոր միջուկային բանակցություններ սկսել, ուղեկցվելով դա հնարավոր ռազմական գործողությունների մասին նախազգուշացումներով, եթե երկրի ղեկավարները հրաժարվեն բանակցություններից: Այս սպառնալիքներին արձագանքել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը՝ ասելով, որ ԱՄՆ-ն իրավունք չունի հրամաններ տալ իր երկրին։ Այս ֆոնին Թրամփը Սենատին կոչ արեց հարվածել Իրանին, ինչպես հայտնի դարձավ մարտի 20-ին։

ԱՄՆ նախագահը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի նախագահին և Սենատի նախագահին՝ Իրանին հնարավոր ռազմական հարված հասցնելու հիմնավորմամբ։ Դրանում ամերիկացի առաջնորդը վկայակոչում է S.J.Res.106 բանաձևը և 107-40 հանրային օրենքը, որոնք Իրանը սահմանում են որպես Միացյալ Նահանգների ազգային անվտանգության սպառնալիք:

Քննարկվող բանաձեւն ու օրենքը նախատեսում են ռազմական միջամտության հնարավորություն Իրանի կողմից սպառնալիքների դեպքում։

Մինչդեռ Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Իրանից՝ հանկարծակի ազատազրկման վտանգի պատճառով, սակայն պաշտոնապես այդ կոչերը չի կապում Իրանի վրա հարձակվելու Թրամփի առաջարկի հետ։

Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ Պուտինը համաձայնել է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններում։ Կրեմլը նշել է, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնի երկրների միջեւ առկա խնդիրները կարգավորել բանակցությունների միջոցով։

Անկարան և Մոսկվան իրենց պրոքսի Ալիևի միջոցով պատրաստվում են ներսից խարխլել Իրանը, եթե ԱՄՆ-ը հարված հացցնի։ Այն բանից հետո, երբ Իրանի նախկին նախագահն ու ԱԳ նախարարը մահացան Ալիևի հետ հանդիպումից ուղղաթիռով վերադառնալիս, պաշտոնական Թեհրանը բազմիցս հավաստիացրել էր, որ դա «դժբախտ պատահար» է եղել։ Սակայն ոչ պաշտոնական աղբյուրներն ակնարկել են Ալիևի և նրան մոտ կանգնած իսրայելական հատուկ ծառայությունների ներգրավվածության մասին, որոնք Արցախի օկուպացված տարածքները վերածել են պլացդարմի։

ԱՄՆ-ն Հայաստանի կոնֆլիկտը փոխանցում է ուրի՞շ “ներդնողի”

Ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը անդրադարձել է նաև հայ – ադրբեջանական հակամարտությանը:

Ամերիկայի նախագահի բանագնացի առաքելության մասին խոսելիս՝ Ուիթքոֆը նշել է, որ տարբեր հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալու ժամանակ ԱՄՆ-ը այդ միջնորդությունը տեղին կհամարի միայն այն դեպքերում, եթե ազդեցություն ունի ու հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում:

«Եթե ես չեմ զգում, որ հաջողության եմ հասնելու, ինչո՞ւ պիտի իմ ժամանակը ծախսեմ, կամ որ ավելի վատ է՝ Միացյալ Նահանգների ժամանակը ծախսեմ: Ինչո՞ւ պիտի գնամ ու նախագահին ասեմ, որ կարող ենք ինչ-որ մի հակամարտություն ավարտել երկխոսությամբ, բայց արդյունքում չկարողանանք անել դա: Դա վատ քաղաքական ստրատեգիա կլինի, եթե ես անձամբ չեմ ներգրավվում, եզրակացություններ չեմ անում ու գալիս նախագահին ասում՝ մենք սա կարող ենք ավարտել երկխոսությամբ կամ չենք կարող: Ընդ որում՝ այս հաշվարկները վերաբերում են իրանցիներին, ռուսներին ու ուկրաինացիներին, նույնը վերաբերում է Ադրբեջանին ու Հայաստանին», – ասել է Ուիթքոֆը:

Ներդրումների վրա մասնագիտացող Ուիթքոֆը գիտի, որ եթե ինվեստիցիայի համար դու ես ընտրում օբյեկտ, ապա հակամարտությունները իրենք են քեզ գտնում։ Եթե ԱՄՆ-ն ժամանակ չի գտնում Հարավային Կովկասում միջնորդության համար և “փոխանցում է” այն ուրիշ ներդողների, ապա նա ստանում է ուրիշի կողմից կառավարվող կոնֆլիկտ։ 

 

«Ռուս և թուրք խաղաղապահները ստեղծել են հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մոնիտորինգի հուսալի համակարգ»

ՌԴ ՊՆ ներկայացուցչի գեներալ Իստրակովի ելույթից 2024 թվականի ապրիլի 18-ին Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի փակման ժամանակ.

https://www.facebook.com/share/v/1A8b2FZxCa/

Ռուս և թուրք խաղաղապահները ստեղծել են հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների նկատմամբ վերահսկողության հուսալի համակարգ և ամուր հիմքեր են դրել բազմաչարչար հողում խաղաղ կյանքի հաստատման համար։ Ռուս և թուրք գործընկերների առաջադրած բոլոր խնդիրները լուծվել են բարեկամական աշխատանքային մթնոլորտում։ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ միասին արվել է հնարավորը տարածաշրջանի կառուցողական և առանց հակամարտությունների զարգացման համար։

Կենտրոնի հաջող աշխատանքը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային մարդասիրական իրավունքի գերակայության վրա, հնարավորություն է տվել ժամանակից շուտ ավարտել խաղաղապահ գործողությունը և սկսել ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի տարածքից։

Համատեղ կենտրոնի օրինակով մենք տեսանք, թե ինչպես կարելի է դրական արդյունքների հասնել ճիշտ նպատակներին ուղղված համակարգված և պրոֆեսիոնալ համատեղ աշխատանքի միջոցով։ Ադրբեջանա-ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով, տարբեր ոլորտներում համատեղ խոշոր տնտեսական նախագծեր են իրականացվում։ Բաքուն, Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի կարևոր խնդիրների լուծման ուղղությամբ։

Պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողներին, ովքեր արժանիորեն կատարեցին իրենց մարտական ​​պարտքը՝ հանուն խաղաղության և հանգստության ողջ Հարավային Կովկասում։

Մաշալլա․ «Մենք Հայաստանի ու Ադրբեջանի մասին ենք խոսում, իսկ արցախցիներն ապրում էին Արցախում»

Ի՞նչ եք կարծում, արտերկրում ապրող հայերը բարոյական իրավունք ունե՞ն թելադրելու Հայաստանում ապրող հայերին, որոնք տասնամյակներ շարունակ տուժել են տնտեսապես եւ այլ կերպ երկու հարեւանների շրջափակումների եւ նրանցից մեկի հետ ռազմական հակամարտության պատճառով, որ նրանք դադարեն մտածել եւ իրականացնել իրենց հարաբերությունների կարգավորումը, որքան էլ դա դժվար լինի:

Արդյո՞ք նրանք բարոյական իրավունք ունե՞ն մեզնից պահանջելու շարունակել տառապել շրջափակումից եւ հակամարտությունից՝ ապրելով Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում կամ այլուր, այլ ոչ թե Արմավիրում, Կապանում, Դիլիջանում, Գյումրիում կամ Վանաձորում:

Ինձ համար պատասխանը միշտ էլ ակնհայտ է եղել՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում, X-ում գրել է Արսեն Թորոսյանը:

Երբ խոսքը գնում է դրամահավաքին, նվիրատվություններին, ճանապարհներ կառուցելուն, Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման, ադրբեջանական կեղծ քարոզչության բացահայտման, թթվածնի համակենտրոնացման մեքենայի կարիքի մասին, ազգը COVID-ի հետ կապված հիպոքսիայից փրկելու կամ Հայաստանում բժշկական գիտելիքների զարգացմանը, ապա սփյուռքը կարեւոր է, չէ՞։ Բայց երբ խոսքը գնում է մեր պապենական հողը հանձնելուն, պարզվում է, որ մեզ լռենք, Թորոսյանին Սփյուռքից արձագանքում է Գայանե Գալուստանյանը:

Դե իհարկե, ոչ սփյուռքը բարոյական իրավուն ունի խառնվել Հայստանի գործերին, ոչ էլ արցախցիները, որոնք իրենց հյուրի պես պետք է պահեն, ինչպես ասել է Թորոսյանի կուսակից Գագիկ Մելքոնյանը:

Հ.Գ. Արսեն Թորոսյանի ու Պետրոս Ղազարյանի երկխոսությունը:

— Ոչ մի խոսք չկա արցախցիների վերադարձի իրավունքի մասին…

— Գիտեք, դրա մասին շատ ենք խոսել: Արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մաս չպետք է կազմի:

— Ինչու…
— Էդպես: Որովհետեւ մենք Հայաստանի ու Ադրբեջանի մասին ենք խոսում, իսկ արցախցիներն ապրում էին Արցախում: Իրենց ապաշնորհ ղեկավարության վարած քաղաքականության պատճառով նրանք կորցրել են իրենց հայրենիքը…

— Ճիշտ է, բայց ոչ ոք չի ասել, որ այդ մարդիկ այնտեղ չպտեք է ապրեն:

— Դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առարկա չէ եւ չի կարող լինել:

— Ինչու…
— Էդպես: Որովհետեւ մենք ուզում ենք խաղաղություն կառուցել, այլ ոչ թե կոնֆլիկտը շարունակել: Շատ պարզ:

— Տեսեք, ես չեմ ասում Ղարաբաղը վերցնենք մեզ: Ես հարցնում եմ այդ մարդիկ իրավունք ունե՞ն գնալ եւ ապրել այնտեղ:

— Իրավունք ունեն Ադրբեջանի տարածքում ապրել, մենք այդ հարցում Ադրբեջանի հետ բանակցելու կողմ չենք: Պարզ չե՞մ ասում։

— Բա ինչո՞ւ հարցը չեք դնում:

— Ասում եմ, կողմ չենք: Կողմ չենք: Մենք Ադրբեջանի տարածքում մեր հայրենակիցների ապրելու հարցով կողմ չենք: Չպետք է լինենք:
— Չեմ կարողանում հասկանալ: Շնորհակալություն:

Բողոքի ցույցեր են նաև Իսրայելում

ВВС

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է «Շին Բեթ» հետախուզական գործակալության (նույն ինքը՝ Շաբաք) ղեկավարին։ Պաշտոնական պատճառներն էին՝ վստահության կորուստը և «գործառնական ձախողումը», որը հնարավոր դարձրեց ՀԱՄԱՍ-ի հարձակումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, սակայն Նեթանյահուի հակառակորդները կարծում են, որ դա անօրինական է: Իսրայելի Գերագույն դատարանը արագ կասեցրել է կառավարության որոշումը։

Գերագույն դատարանը «սառեցրեց» Ռոնեն Բարի պաշտոնանկությունը մինչև գործի լսումը, որը նշանակված է ոչ ուշ, քան ապրիլի 8-ը։

«Շին Բեթ»-ի ղեկավարին աշխատանքից հեռացնելու որոշումը կառավարությունը կայացրել է մարտի 21-ի գիշերը, սակայն Նեթանյահուն դա անելու իր մտադրության մասին հայտարարել է կիրակի օրը տեսաուղերձում՝ վկայակոչելով իրենց միջև «շարունակական անվստահությունը», որը «ժամանակի ընթացքում աճել է»: Ըստ Times of Israel-ի, Բարը աշխատանքի վերջին օրը կլինի ապրիլի 10-ը, բայց նա կարող է ավելի վաղ հեռանալ, եթե կառավարությունն արագ հաստատի Shin Bet-ի նոր ղեկավարին:

Կառավարության նիստից առաջ Նեթանյահուն նամակ է ուղարկել կառավարության անդամներին, որում խոսել է իր և Բարի միջև «մասնագիտական ​​և անձնական վստահության կայուն կորստի» մասին, որը արտահայտվել է պատերազմի ընթացքում և հատկապես վերջին ամիսներին, ի լրումն 2023 թվականի հոկտեմբերի 7-ի «գործառնական ձախողման»:

Հանդիպմանը վարչապետը Բարային անվանել է չափազանց փափուկ և ագրեսիայից զուրկ՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների շուրջ բանակցություններում: Նեթանյահուն պնդում է, որ այն բանից հետո, երբ Բարը հեռացվեց բանակցային թիմից, տեղեկատվական արտահոսքերը կտրուկ նվազեցին, և պատանդներից մի քանիսը վերադարձվեցին։

Ռոներ Բարը ներկա չէր նիստին և իր պաշտոնանկությունն անվանեց քաղաքական դրդապատճառներ և «շահերի բախումով վարակված», քանի որ Շին Բեթը հետաքննում է վարչապետի խորհրդականների մասնակցությունը Քաթարի հնարավոր լոբբինգին: Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հերքում է մեղադրանքները։

Հետաքննությունը նախաձեռնել են Շին Բեթը և ոստիկանության գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարան անցյալ ամսվա վերջին: Դատախազը ինքը բացահայտ քննադատում է Նեթանյահուին և պաշտոնանկության սպառնալիքի տակ է։ Նա ասաց, որ Բարը չի կարող ազատվել աշխատանքից մինչև որոշման օրինականությունը չստուգվի:

Շին Բեթը ներքին անվտանգության և հակահետախուզության ծառայություն է: Հատուկ ծառայության գործունեությունը և կազմը խիստ դասակարգված են։

Սա Իսրայելի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կառավարությունը պաշտոնից ազատում է ծառայության պետին, իսկ Բարին աշխատանքից ազատելու Նեթանյահուի մտադրությունը սաստկացնում է հակակառավարական ցույցերը Երուսաղեմում:

Հազարավոր իսրայելցիներ միացել են Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների դեմ բողոքողներին:

Որոշման ընդունումից հետո Յաիր Լապիդի գլխավորած ընդդիմադիր ցենտրիստական ​​Yesh Atid կուսակցությունը հայտարարել է, որ բողոք է ներկայացրել մի քանի ընդդիմադիր կուսակցությունների անունից Բարի պաշտոնանկության դեմ՝ այն անվանելով շահերի ակնհայտ բախման պատճառով կայացված որոշում:

Իսրայելական «Շարժում հանուն կառավարման որակի» ՀԿ-ն նույնպես բողոք է ներկայացրել և կառավարության որոշումը որակել որպես ազգային անվտանգության վտանգ։

Քեմալականների բողոքի ցույցերը Թուրքիայում

Ուրբաթ երեկոյան հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Ստամբուլի փողոցներ՝ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ցույցերով։

Մարդիկ բողոքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ՝ կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեղադրանքով։ Իմամօղլուի հետ հետաքննության շրջանակներում հարյուրից ավելի մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ և գործարարներ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ընդդիմադիր առաջատար գործչի ձերբակալությունից հետո երկրում աճող բողոքի ալիքը։ Ուրբաթ օրը ունեցած ելույթում Էրդողանն ասել է, որ կառավարությունը «կապիտուլյացիայի չի ենթարկվի» «վանդալիզմի» կամ «փողոցային ահաբեկչության» առաջ և չի հանդուրժի հասարակական կարգի խախտումները։

Թուրքիայում, չնայած ցույցերի արգելքին, բողոքի ցույցերը ավելանում են արդեն երրորդ օրը, Իմամօղլուի ձերբակալությունից հետո։

Դա տեղի ունեցավ 2028 թվականի գալիք ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախագահի թեկնածու առաջադրվելուց մի քանի օր առաջ, որտեղ Իմամօղլուն կարող էր լուրջ մրցակցություն ներկայացնել Էրդողանին։

Իմամօղլուն անցած տարի հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում և ստացել Ստամբուլի քաղաքապետի երկրորդ ժամկետի մանդատը։

Էրդողանի իշխանության գալուց հետո առաջին անգամն էր, որ նրա կուսակցությունը համազգային ընտրություններում պարտություն կրեց։

Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) Թուրքիայի Հանրապետության ամենահին քաղաքական կուսակցությունն է և զբաղեցնում է ձախակենտրոն և քեմալական դիրքեր։

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հետ

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության առաջիկա ներգրավվածությունները։ Շնորհավորել եմ նրան ծննդյան տարեդարձի առթիվ», – նշել է Միրզոյանը Х-ում։

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային հարցեր։

Միրզոյանն ընդգծել է Բաքվի հետ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Լամմիին համաձայնագրի հնարավորիս սեղմ ժամկետներում կնքման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ՄԹ կողմից արտահայտված հստակ դիրքորոշման համար։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքներին, Արարատ Միրզոյանը վկայակոչել է ՀՀ կողմից ներկայացված՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։

«Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կողմից ներկայացված այս և մյուս՝ մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փոխվստահության ձևավորման և կայունության ապահովման համար», – ասված է հաղորդագրությունում։

ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է COP17 համաժողովը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով այս ուղղությամբ ՄԹ հետ սերտ համագործակցության կարևորությունը։

 

Արքայազն Ուիլյամը տանկի մեջ Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ

ВВС

Եթե ​​թագավորական այցերը պետք է դիտել որպես հաղորդագրություն, ապա Ուելսի արքայազնի այցը Էստոնիա, որտեղ նա լուսանկարվել են տանկի մեջ՝ Ռուսաստանի սահմանի մոտ, հավանաբար ամենաուղիղ ուղերձներից մեկն է:

Արքայազն Ուիլյամը ժամանել է Էստոնիա՝ աջակցելու բրիտանական զորքերին Մեծ Բրիտանիայի ամենամեծ արտասահմանյան առաքելությանը, որը նպատակ ունի պաշտպանել բալթյան երկիրը Ռուսաստանի սպառնալիքներից:

Արքայազնը հագել է կամուֆլյաժ և լուսանկարվել Challenger 2 տանկի մեջ, իսկ հետո՝ զրահապատ մարտական ​​մեքենայի մեջ։

Ահա թե ինչ տեսք ունի Ռուսաստանը զսպելը գործնականում, և այս բազան ցույց է տալիս, թե որքան կարող է փոխվել ուժերի հավասարակշռությունը: Մինչ Էստոնիան վերականգնում էր անկախությունը 1991 թվականին, այնտեղ էր գտնվում խորհրդային հակաօդային պաշտպանության բազան, որտեղ MiG կործանիչները պատրաստ էին հարվածելու Արևմուտքին:

Այդ ժամանակվանից ամեն ինչ գլխիվայր շրջվել է. էստոնական զորքերը և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցները տեղակայվել են այդ տարածքում՝ կանխելու ռուսական հնարավոր ներխուժումը:

Ռազմավարական նշանակություն ունեցող այս ռազմաբազան շարունակում է ընդլայնվել:

Ոչ մի տեղ չի նշվում, թե ում համար է Հայաստանը օգնություն ուղարկում Սիրիա

Հայաստանի կողմից Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային:

Ըստ ԱԳՆ տարածած հաղորդարության՝ Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ:

«Մարդասիրական օգնությունը Սիրիա կառաքվի Հայաստանը Թուրքիային կապող «Մարգարա» անցակետով, որն այս նպատակով բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում։ Այս առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում նաև թուրքական կողմին՝ մարդասիրական բեռի առաքման սահուն կազմակերպմանն օժանդակելու համար», – ասված է հաղորդագրությունում։

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում համար է օգնությունը․ Սիրիայի հայե՞րի, Լաթաքիայի ալավիտնե՞րի, թե՞ թուրքամետ իշխանական ուժերի։