Քննչականի ղեկավարն օբյեկտիվ քննություն է խոստացել Ուլուբաբյանի առերևույթ խոշտանգման գործով

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պետրոսյանը վստահեցրել է, որ օբյեկտիվ քննություն կանցկացնեն` բացահայտելու Տիգրան Ուլուբաբյանին առերևույթ խոշտանգելու գործը, Քննչականում երեք ժամ տևած հարցաքննությունից հետո ասաց արցախցի երիտասարդի փաստաբանը:

Ռոման Երիցյանի փոխանցմամբ՝ Արթուր Պողոսյանը նշել է, որ այս պահին Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և նրա հինգ աշխատողներին ձերբակալելու հիմքեր չկան:

Վաղը Քննչականում նախատեսվում են Ուլուբաբյանի և երկու ոստիկանների առերեսումները:

Այսօրվա հարցաքննության ժամանակ արցախցի երիտասարդն իրեն խոշտանգողներից երկուսի, այդ թվում` մարզային վարչության պետի անունն է տվել:

Փաստաբանը հայտնեց նաև, որ դատաբժիշկը եզրակացություն է տվել՝ ըստ էության հիմնավոր չհամարելով Տիգրան Ուլուբաբյանի ստացած վնասվածքները։

Ինչո՞ւ Ռուսաստանը չճանաչեց Արցախը, երբ «գետնի վրա» իրավիճակն այլ էր

Ռուսաստանը անհնար է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Բացի այդ, իրավիճակը «գետնի վրա» կտրուկ փոխվել է 2023 թվականի սեպտեմբերին։

Զախարովային չհարցրին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չէր ճանաչում Արցախը մինչև 2020 թվականը, երբ «գետնի վրա» իրավիճակն այլ էր, իսկ Հայաստանի ղեկավարը հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Թե՞ Մոսկվան լսում է միայն Փաշինյանի այն խոսքերը, որոնք հեղինակել է անձամբ Պուտինը։

«Մենք չենք կարող չանհանգստանալ, որ առաջընթացի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի հաստատման մասին լուրերի ֆոնին, վերջին շրջանում, ցավոք, ավելի հաճախ են հաղորդում երկու երկրների սահմանին լարվածության աճի մասին»,- ասել է Զախարովան։

Ի՞նչ լարվածության մասին է խոսում Զախարովան։ Այո, արդեն չորս օր է, ինչ Բաքուն օրական երեք անգամ հաղորդում է հայկական կողմից գնդակոծության մասին, սակայն չի խոսում «գնդակոծությունից» հասցված վնասի մասին, ինչն արդեն կասկածելի է թվում։ Բայց «սահմանին» էսկալացիա չկա, համենայնդեպս մինչև այս պահը, եթե, իհարկե, չհաշվեք ադրբեջանական կողմի կուտակումները։ Զախարովան արհեստականորեն սրում է իրավիճակը՝ Հայաստանին զգուշացնելու համար՝ մեզնից օգնություն չսպասեք։

Զախարովան խոստովանել է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի պարտավորությունները մնում են, սակայն անմիջապես հիշեցրել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին և՝ որպես «լավ տնային տնտեսուհի» զգուշացրել, որ «ապասառեցումը ժամանակ կպահանջի»։

Դիվանագիտական ​​լեզվից թարգմանված՝ սա նշանակում է, որ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը որոշ ժամանակ «չի օգնի» և թույլ կտա թշնամուն կատարել իր գործը, իսկ հետո «կապասառեցվի» արդեն որպես «խաղաղապահ», ինչպես դա արեց Ռուսաստանը Արցախում։ Ինքը՝ Պուտինը հայտարարել է, որ դադարեցրել է պատերազմը, երբ գրավեցին Շուշին։ Իսկ արդեն նոյեմբերի 10-ին նա «անսպասելիորեն» Արցախ ուղարկեց խաղաղապահներ, որոնք պատրաստվել էին «Ղարաբաղյան առաքելությանը» դեռ 2020 թվականի հուլիսից։

Կասկածից վեր է, որ ՀԱՊԿ-ն այժմ ինտենսիվ պատրաստվում է առաքելության, և այն տեղակայվելու է «բախումներից» հետո ձևավորված Հայաստանի նոր սահմանին։

Հետո կմտածեն Բաքվում պահվող հայ գերիների մասին։

Զախարովան խոսել է բոլոր հայ բանտարկյալներին ազատ արձակելու ԱՄՆ կոչին Բաքվի բացասական արձագանքի մասին՝ մեկնաբանելով Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի վերջին հայտարարությունը։ Սակայն նա չի հիշատակել ռուս պաշտոնյաների գոնե մի կոչ Բաքվին՝ ազատ արձակելու բանտարկյալներին:

Ռուսաստանը վաղեմի հաշիվներ ունի ղարաբաղյան «անջատողականների» հետ, որոնք հանգեցրին ԽՍՀՄ-ի փլուզմանը, իսկ Պուտինը այն անվանել է «20-րդ դարի ամենամեծ աղետը»։

Դավիթ Մելքումյանը խոստացավ պատմել Եվլախի բանակցությունների մասին

«Իրենց կողմից առաջարկներն շատ էին ու բազմազան, բայց որոշում կայացնողը Արցախի ժողովուրդն էր։ Արցախի ժողովուրդը որոշում կայացրեց, որ մենք չենք ուզում ապրել ադրբեջանցիների հետ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը՝ անդրադառանալով հարցին, թե ի՞նչ էին բանակցում ադրբեջանցիների հետ Արցախի հայաթափումից առաջ:

Հարցին, թե ի՞նչ կետեր էին առաջարկում ադրբեջանցիներն արցախցիներին, Մելքումյանը պատասխանեց․ «Այնքան շատ էին, որ ես այդ մասին մեկ ժամ պետք է խոսեմ։ Ամենայն հավանականությամբ այս շաբաթվա վերջին ասուլիս կտամ բոլորի համար, մանրամասն կխոսենք»։

Հիշեցնենք, որ 2023 թվակաի սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացած հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էր Դավիթ Մելքումյանը։ Նա այսօր ասաց, որ առաջիկա օրերին մանրամասներ կներկայացնի, թե ինչ է բանակցվել այդ օրերին։

Ինչպե՞ս կարող է գլխավերեւում կտուր չունեցող արցախցին իրավունքների մասին մտածել

Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ ներկայացուչիչներ Մարիամ Աբրահամյանն ու Տաթեւիկ Խաչատրյանը անդրադարռձել են ՀՀ կառավարության արցախցիների սոցիալական “նոր” ծրագրին:

Սա կարող է շատերի կողմից ընկալվել որպես “ստամոքսի պայքար”, բայց մի բան պարզ է, որ եթե մարդ իր գլխավերեւում կտուր չունի, թեկուզ ժամանակավոր տուն չունի, չի կարող մտածել իր վերադարձի, սեփականության իրավունքի մասին, հատկապես Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պայմաններում, որտեղ բառ անգամ չկա մեր վերադարձի ու մյուս իրավունքների մասին:

Իրականում մեզ համար հաճելի չէ այս 40+10 հազար ծրագրի շահառու լինելը: Մեզ բնականարանային խնդրի լուծման ռեալ ծրագիր է պետք, բայց ոչ այն խեղկատակությունը, որ ներկայացվում է որպես բնակապահովման ծրագիր, որից ըստ վիճակագրության մարդիկ չեն կարողանում օգտվել:

Մենք նախիր չենք, մեզ այլ տարբերակ չի մնում, քան մարտի 29-ին գնալ հրապարակ եւ մեր բողոքի ձայնը բարձրացնել այնտեղ:

Բողոքի ակցիա՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով

Այսօր ՀՀ կառավարության դիմաց ակցիա է կազմակերպվել ի աջակցություն Բաքվում պահվող հայ պատանդների։

Մասնակիցները պահանջել ու կոչ են արել կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկելու Բաքվում ապօրինաբար պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ։

“Մեր հայրենակիցները տանջվում են այնտեղ միայն նրա համար, որ հայ են։ Այսօր հավաքվել ենք, որ կոչ անենք կառավարությանը, որպեսզի նա պատասխանատվություն և պատվախնդրություն ունենա հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ քայլեր անելու”,-ասել են մասնակիցները։

Եթե ​​Ադրբեջանը հարձակվի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը. Գրիգորյան

Եթե ​​Ադրբեջանը հարձակվի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը. Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը կպաշտպանի Հայաստանի տարածքը, այս մասին հարցեր չկան»,- վստահեցրեց նա։

Նա կեղծ է անվանել Ադրբեջանի վերջին մեղադրանքները Հայաստանի հասցեին, թե իբր նա խախտում է հրադադարի ռեժիմը։

Նրա խոսքով, շատ կարևոր է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարություն է տարածել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, և Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանի պնդումները կեղծ են։

Գրիգորյանը զեկուցել է, որ Հայաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է կայունությունը պահպանելու մտադրության մասին։

Պաշտոնյան կրկնեց, որ Երևանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։

«Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել այն և պատրաստ է սկսել տեխնիկական հարցերի քննարկումը` փաստաթղթի ստորագրման ամսաթիվն ու վայրը։ Տեքստն արդեն համաձայնեցված է, մենք առաջ ենք տանում դրա ստորագրման օրակարգը»,- նշեց նա։

Հայաստանը 10 օրով բացում է «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։

«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ», – ասված է որոշման մեջ։

Օրեր հետո բոլորս հայտնվելու ենք անելանելի վիճակի մեջ

Ապրիլի 1-ից արցախցիների մեծ մասին զրկում են բնակվարձերի աջակցությունից։ Հետաքրքիր է՝ ի՞նչն է հաշվի առնվել։ Արդյո՞ք մարդկանց ապահովել են բնակարաններով կամ հիմնական աշխատանքով, կամ էլ՝ գուցե տան վարձերի գումարնե՞րն են ցածրացել։ Ես չեմ հասկանում՝ ինչպես է նման որոշում ընդունվել։ Օրեր հետո բոլորս հայտնվելու ենք անելանելի վիճակի մեջ, ուստի աջակցությունը պետք է շարունակվի առանց խտրականության,- ասում է Արցախից տեղահանված Լուսիկը և ավելացնում, որ մենակ իր ընտանիքի համար չի մտահոգված, շուրջբոլորը նույն կարգավիճակով մարդիկ են։

Արմեն և Լուսիկ Սարգսյանների 11 հոգանոց ընտանիքն Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել է Կոտայքի մարզում, նախ՝ Արամուս գյուղում, ապա՝ Աբովյան քաղաքում։ Երեք անգամ տուն են փոխել։ Բազմանդամ լինելու պատճառով դժվար էր տուն վարձակալել, և ընտանիքն ստիպված կիսվեց։ Ավագ որդու ընտանիքը բնակություն հաստատեց Բալահովիտ գյուղում, իսկ կրտսեր որդու ընտանիքի հետ Լուսիկը, ամուսինն ու դուստրը բնակարան վարձակալեցին Աբովյան քաղաքում։

-Ըստ նոր որոշման՝ մեր ընտանիքից 2 անչափահաս երեխաներն են ընդգրկվելու բնակվարձերի աջակցության ծրագրի մեջ։ Աղջիկս ուսանող է, ես ու ամուսինս 50-ից բարձր տարիքի ենք։

Մեր ընտանիքը, ինչպես և արցախցի բոլոր ընտանիքները ամբողջ կյանքում ստեղծել ու արդեն մեր ստեղծածը պետք է վայելեինք, սակայն ընկել ենք դռնեդուռ, անտեր ու անօգնական։ Տեղահանվելուց հետո պարապ չենք նստել։ Ամուսինս ու տղաներս աշխատանք են գտել, ես վերսկսել եմ իմ բիզնեսը։ Վատն այն է, որ հարկային բեռը մեծացել է, սակայն, ինչպես ասում են, մեր օրվա հացը մի կերպ կարողանում ենք վաստակել ու գոյատևել։

Պետության կողմից տրվող աջակցությունը մեծ օգնություն է արցախցիների համար․ դրանով գոնե տան վարձն ենք տալիս։ Ցավալի է, որ ցեղասպանության ենթարկված և բռնի տեղահանված արցախցիներիս հաճախակի են ասում՝ աշխատեք, ստեղծեք, ապրեք։ Երբեմն մոռանում են, որ արցախցին ամեն ինչ զրոյից է սկսում։ Ամեն ինչ նորից ենք ձեռք բերում՝ տնտեսելով ու մեզ զրկելով շատ բաներից։

Առանց պետության կողմից տրվող աջակցության՝ շատ դժվար է լինելու։ Եթե ընտանիքի բոլոր անդամներն էլ աշխատեն, միևնույն է՝ չենք կարողանալու տան վարձի, կոմունալ ծառայությունների գումարները տալ, ուսանողի և փոքր երեխաների կարիքները հոգալ։ Մենք՝ մեծերս, սովոր ենք, կդիմանանք մի կերպ․ պատերազմներն ու շրջափակումը կոփել են մեզ։ Ցավն այն է, որ արցախցիների քիչ մասն է աշխատանք գտել․ մեծ մասն ընդհանրապես հույս չունի, որ կկարողանա երբևէ աշխատել։ ՀՀ կառավարությունը քաջատեղյակ է, թե ինչ է տիրում երկրում, լավ գիտի բնակվարձերի ու աշխատավարձերի չափերի մասին։ Զարմանում եմ, թե ինչու է նման որոշում ընդունել,-ասում է Լուսիկը։

Արցախում Սարգսյանների ընտանիքն զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով։ Մոտ 7 հա հողատարածքում նռան և արքայախնձորի այգիներ ունեին տարիների քրտինք էր։ 2023-ին բերքը շատ առատ էր գրեթե 50 տոննա միրգ կար ծառերի վրա, մնաց թշնամուն։ Սարգսյաններն Արցախում թողեցին երկու հարկանի տուն, 2 մեքենա (վառելիք չլինելու պատճառով), հարյուրավոր հավեր, բադեր։ Շրջափակման օրերին նրանց ընտանիքը ձեռք էր բերել պաղպաղակի և հյութերի պատրաստման սարքեր։

 Լուսիկի մտքով երբեք չէր անցնում, որ մի օր կլքի Արցախը

-2020-ի պատերազմից հետո, աշխատանքիս հետ համատեղ սկսեցի զբաղվել հագուստի բիզնեսով։ Խանութ ձեռք բերեցի, որի գումարի զգալի մասը տվեցի շրջափակման ամիսներին։ Երբեք չէի պատկերացնում, որ կտեղահանվենք մեր հողից։ Ոչ միայն ես, բոլոր արցախցիներն էլ ինձ նման էին մտածում։

2023-ին բերքն ու բարիքն առատ էր։ Մենք պատրաստվում էինք ձմեռվան․ բանջարեղեն էինք պահածոյացնում, չիր ու չամիչ անում։ Շրջափակման ընթացքում, իհարկե, շատ դժվար էր, սակայն մենք դիմանում էինք ու սպասում։ Բայց ոչ Արցախի հայաթափմանը։ Սեպտեմբերի 19-ին հարսներիս, աղջկաս ու թոռնիկներիս հետ գնացինք նկուղ, հետո՝ Ստեփանակերտի օդանավակայան, ապա՝ Հայաստան։ Ոչ մի բան չկարողացանք բերել մեզ հետ։ Երբեմն աչքերս փակում եմ ու հիշում տունս՝ տարիների իմ վաստակը։ Ցավից ու կարոտից տեղս չեմ գտնում։

Հայաստանում չկարողացա իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել։ 33 տարվա գլխավոր գրադարանավար եմ․ ուր դիմեցի, ասացին՝ տեղ չկա։ Համարձակվեցի նորից զբաղվել հագուստի բիզնեսով։ Փոքրիկ քայլերով առաջ եմ գնում, արդեն հավատարիմ հաճախորդներ ունեմ։ Իմ շրջապատում բարյացակամ մարդիկ շատ կան, ովքեր օգնում են բարոյապես չկոտրվել, առաջ նայել։ Աբովյան քաղաքը երբեմն Արցախն է հիշեցնում, քանի որ արցախցիներն այստեղ շատ են բնակեցված, և դա ևս օգնում է, որ մեզ մի փոքր լավ զգանք։

Լուսիկի ամուսինը՝ Արմենը, ով հետևում էր մեր զրույցին ու լիովին կիսում կնոջ կարծիքը, չի կարողանում չասել իր խոսքը

-Չկա մի օր, որ ես մտքով Արցախում չլինեմ։ Մտովի շրջում եմ Ասկերանի փողոցներով, գնում այգիներս, այցելում Խնապատ, որտեղ ծնողներիս շիրիմներն են։ Հավատում եմ, որ կգա ժամանակ ու այդ ամենը մտովի չի լինի։ Երբեք չեմ կորցնում հույսս, որ կվերադառնանք մեր պապենական երկիրը ու տեր կկանգնենք նրան։ Թեկուզ Հայաստանը նույնպես մեր հայրենիքն է, սակայն Արցախը մեր օդն ու ջուրն է, առանց որի դժվար է ապրել։ Եթե մենք չկարողանանք գնալ, համոզված եմ՝ մեր թոռնիկներն անպայման հետ են գնալու։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ալիևը խոսում է Հայաստանի հսկա “զինանոցի” մասին, իսկ հայկական էլիտան “դուքյան” է ուզում

ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձում էր Բաքվին համոզել համակերպվել տարածքների կորստի հետ և աջակցում էր Հայաստանին, պնդում է Իլհամ Ալիևը, պահանջելով լուծարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցը։ Բաքուն պնդում է՝ «խաղաղության համաձայնագիրը» չի ստորագրի, քանի դեռ եռանախագահությունը չի լուծարվել:

«Երեքն էլ (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա – խմբ․) միավորվել էին մեկ նպատակի շուրջ։ Ընդ որում, այդ երկրների միջև ներկայիս հարաբերությունները ցույց են տալիս, որ դա հազվադեպ երևույթ է։ Երեքն էլ կանգնած էին Հայաստանի կողքին, երեքն էլ տարբեր ճանապարհներով աջակցում էին Հայաստանին՝ մեկը զենք էր տալիս, մյուսը՝ քաղաքական աջակցություն, երրորդը՝ տնտեսական առավելություններ», – հայտարարում էր Ալիևը։

Բաքուն մեկը մյուսի հետևին թվարկում է Հայաստանի իրավական, քաղաքական, քաղաքակրթական երկաթե փաստարկներն ու վահանները, ապացուցելով, որ Հայաստանի կառավարությունը, ունենալով հսկայական քաղաքական «զենք», պետք է կամ ապաշնորհ, կամ դավաճան լինի՝ ամեն ինչ փոշիացնելու համար։

Ալիևը պնդում է, որ աշխարհի «մեծերը»՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զարմանալիորեն միակարծիք էին՝ Հայաստանի կողքին լինեկով, իսկ նախկինում նա խոստովանել է, որ իրեն համոզում էին ճանաչել Արցախը։

Նա պնդում է, որ Հայաստանի Սահմանադրությամբ Արցախը Հայաստանի մաս է, և աշխարհում ոչ ոք չի վիճարկում ՀՀ Սահմանադրությունը։

Ալիևը պնդում է, որ հայկական Սփյուռքը «խանգարում է» Հայաստանին, թույլ չտալով, որ ԱՄՆ-ն վերացնի «Ղարաբաղի դեմ ագրեսիայի» համար ընդունված 907-րդ ուղղումը, որը ուղիղ սանկցիա է Ադրբեջանի դեմ։

Նա պնդում է, որ աշխարհը 100 տարի առաջ հատուկ է պահպանել Զանգեզուրը հայկական, որ թույլ չտա թյուրքական աշխարհի միավորումը։

Ալիևը պահանջում է եվրոպական դիտորդների դուրս բերումը, ասելով, որ նրանք ևս Հայաստանի կողմից են։

Նա պահանջում է «ապառազմականացված գոտի» սահմանին, նաև բանակի զինաթափում, փաստորեն ճանաչելով, որ նորմալ հրամանատարությամբ հայկական բանակը՝ ռեալ սպառնալիք է իրեն համար։

Եթե թվարկենք Ալիևի մնացած բոլոր պահանջները, կստացվի, որ Հայաստանը հսկայական աշխարհաքաղաքական, իրավական, ազգային, ուժային զինանոց ունի․ մեկ դար աշխարհը ամեն ինչ արել է, որ Հայաստանը քաղաքական գործոն դառնա։ Բայց այդ զինանոցը օգտագործելու փոխարեն Հայաստանի էլիտան տերեր էր փնտրում, հոգու խորքում համոզված լինելով, որ ինքը չի կարող զինանոց ունենալ, նրան պետք է միայն դուքյան խաչմերուկների վրա։

Նաիրա Հայրումյան

Մարտի 29-ին արցախցիները հանրահավաք են հրավիրել

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ-ը հայտարարություն է տարածել․

Մեծ հանրահավաք ի պաշտպանություն արցախցիների իրավունքների

Սիրելի’ արցախահայեր և Արցախի ցավը իրենը համարող աշխարհասփյուռ հայեր,

«Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված և Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» հայտարարում է Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի մասին։

Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, կբարձրաձայնվեն հետևյալ խնդիրները.

  1. Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում
  2. Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ
  3. Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ
  4. Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ։

Թրամփը պաշտպանության լավագույն միջոցն է համարում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները ԱՄՆ-ին փոխանցելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային օգնություն է առաջարկել ատոմակայանի կառավարման հարցում, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Այդ կայանների նկատմամբ ԱՄՆ-ի սեփականությունը կլինի լավագույն պաշտպանությունը այս ենթակառուցվածքի համար և աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին», – ասել է Լևիտը: