Ինչի համար են մերժվում հրատապ աջակցության առցանց դիմումները

Արցախցիներն ահազանգում են, որ ՀՀ կառավարության հրատապ աջակցության ծրագրից օգտվելու համար ոչ բոլոր դիմումներն են ընդունվում համակարգի կողմից։ Մարդիկ դեռ հոկտեմբերի ամսվա հրատապ աջակցությունը չեն ստացել, չգիտեն՝ երբ կստանան, սկսել են լրացնել նոյեմբերի դիմումները, բայց ոմանք ահազանգում են, որ իրենց դիմումները մերժվում են։ Նախորդ ամիսներին եւս նման ահանզագեր ստացվել են արցախցիներից, մարդիկ կարծում են, թե իրենք ծրագրի շահառու են, բայց իրենց դիմումները մերժվում են։

Հիշեցնենք, որ հրատապ աջակցության ծրագրի շահառու են հետեւյալ ընտանիքները՝ եթե բռնի տեղահանված, ՀՀ-ում միեւնույն հասցեում հաշվառված ընտանիքի մեկ անձի հաշվով ամսական եկամուտը պակաս է 55 հազար դրամից, չունեն սեփականություն ՀՀ-ում, ընտանիքի անդամներից որեւէ մեկի անունով չկա 2017 թվականի եւ բարձր տարեթվի արտադրության ավտոմեքենա կամ մեքենայի տարեկան գույքահարկը պակաս է 15 000 դրամից։ Այս ընտանիքներին կառավարությունը տալիս է 40 հազար դրամ, եթե մեկ անձից է բաղկացած ընտանիքը եւ 10 հազարական դրամ՝ յուրաքանչյուր հաջորդ անդամին։

Արցախցի գործիչ Լիաննա Պետրոսյանը սոցիալական ցանցում տեղեկացրել է արցախցիներին, որ 2025 թվականի նոյեմբեր ամսվա հրատապ աջակցության առցանց դիմումները հիմնականում մերժվել են բնակության վայրի հասցեի՝ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները նույնությամբ ոչ ճիշտ լրացնելու պատճառով։ Տվյալների մուտքագրումն ամբողջությամբ պետք է իրականացվի այնպես, ինչպես նշված է անձնագրերում։

Բայց արցախցիները պնդում են, որ անգամ տվյալները ճիշտ լրացնելու դեպքում համակարգն իրենց մերժում է։

«Ես լրացրել եմ այնպես, ինչպես անձնագրում է, մերժվել է»,- գրել է արցախցիներից մեկը։ «Բոլորն էլ լրացրել են այնպես, ինչպես անձնագրում է, բայց մերժվում են»,- գրել է մեկ այլ օգտատեր։

«Ես 3 ամիս ստացել եմ, հիմա գրում է, որ մերժված է, ոչ մի բան ֆինանսական առումով մեր ընտանիքում չի փոխվել, ի՞նչը կարող է լինել պատճառը»,- հարցադրում է արել ացախցիներից մեկը։ «Սոտ պենա, 1000 ձեւի լրացրալմ, մերժումա նույն պատճառավը»,- գրել է մեկ ուրիշը։

«Լրիվ ճիշտ լրացրել եմ, բայց մերժում է, ընտանիքի բոլոր անդամներինը լրացրել եմ, մեկ հոգի 40 հազար է ստացել, ասում են՝ մնացածինը չես լրացրել։ Բա որ չեմ լրացրել, էդ մի հոգին ինչպե՞ս է ստանում»,- հարցադրում է արել արցախցիներից մեկը։

«Ամեն ինչ էլ տեղը տեղին լրացրել ենք, բայց ճակատագրային է՝ ում կտան, ում չէ։ Մեր ընտանիքիը համապատասխանում է, բայց մերժել են»,- գրել է արցախցիներից մեկը։

Դիմումների մերժման վերաբերյալ արցախցիների բողոքները շատ են։

Որտե՞ղ էին ռուսական զորքերը, երբ արցախցի առաջնորդներին գերի էին վերցնում

«Իմնեմնիմի» փոդքասթում Սերժ Սարգսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության հստակ ցուցակ կար, որոնք հետագայում գերի են ընկել։

«Ես խիստ կասկածում եմ, որ այս ցուցակի կազմելու ժամանակ չի եղել Հայաստանի միջամտությունը։ Օրինակ, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները թույլ տային Պաշտպանության բանակի գործող հրամանատարին հասնել Հայաստան, բայց ցուցակում ներառեին նախկին պաշտպանության նախարարին։ Կար հստակ ցուցակ, և Սամվել Շահրամանյանը [Արցախի նախկին նախագահ – խմբ.] գիտի դրա մասին. կգա ժամանակը, երբ նա կխոսի դրա մասին», – ասել է նա։

Երրորդ նախագահը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը 2023 թվականին երկու տարբերակ ուներ՝ փախչել Հայաստան և դրանով իսկ վարկաբեկել իրեն՝ ներկայիս իշխանություններին պատրվակ տալով պնդելու, որ նրանք լքել են իրենց ժողովրդին, կամ ինքնազոհաբերության գնալ։

«Նրանք ընտրեցին երկրորդ ճանապարհը։ Նրանք մնացին, մինչև բնակչության 99.9%-ը անցավ անցակետով», – ասաց նա։

Սարգսյանը նաև հայտարարեց, որ հնարավոր է եղել Ղարաբաղի ղեկավարներին օդային ճանապարհով տարհանել, ինչպես դա արվեց Սամվել Շահրամանյանի և մի քանի այլ անձանց հետ, սակայն որոշակի հանգամանքներ խանգարեցին այս տարբերակի իրականացմանը։

Երբ նրան հարցրին, թե կարո՞ղ է պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունները նրան կհանձնեն ադրբեջանական կողմին՝ պահանջի դեպքում, նախկին նախագահը պատասխանեց, որ չի կարծում, որ բանը դրան կհասնի։

Հատկանշական է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս ո՛չ Սերժ Սարգսյանն է, ո՛չ էլ որևէ մեկը չի փորձել հիշատակել Ռուսաստանի մասին։

Իսկ որտե՞ղ էին ռուսական զորքերը, երբ Արցախի ղեկավարությունը հանձնվում էին Բաքվին։ Ինչպես նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության 2025 թվականի նոյեմբերի 7-ի հայտարարության մեջ, «2023 թվականի սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ռուս զինվորականները նպաստել են հրադադարի ռեժիմին, ապահովել են խաղաղ բնակչության անվտանգությունը, տեղավորել են մոտ 5000 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ավելի քան 2000 երեխաների, իրենց տեղակայման կետերում և դիտակետերում, և երաշխավորել են հայ բնակչության անվտանգ անցումը դեպի Հայաստան»։

Այլ կերպ ասած, 2020 թվականի նոյեմբերի 10-ին «խաղաղություն» հաստատելու նպատակով Արցախում հայտնված ռուսական զորքերը ավարտել են իրենց առաքելությունը՝ «անվտանգ» հեռացնելով ամբողջ Արցախի բնակչությանը իրենց հազարամյա հայրենիքից։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը որպես պատանդ հանձնել են Բաքվին, ըստ նախապես կազմված ցուցակի։

Հիշեցնենք, որ 2024 թվականին ռուսական զորքերի Արցախը լքելուց առաջ մի ռուս գեներալ Ակնայում իր թուրք գործընկերոջը զեկուցում էր, որ Ռուսաստանը և Թուրքիան վերջապես հաջողության են հասել և տարածաշրջանում խաղաղություն են հաստատել։

Փաշինյանը Արծվաշենի մասին հիշեց “Քյարքիի” մասին Բաքվի պահանջից հետո

Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ 

Երեկ դժվար օր էր Փաշինյանի համար․ Բաքուն 44-օրյա պատերազմի ավարտի 5-րդ տարվա կապակցությամբ հայտարարություններ արեց, որոնք որպես անհապաղ պահանջ հնչեցին։

Մասնավորապես, Բաքվի ԱԳՆ հայտարարության մեջ “անհանգստություն” հնչեց առ այն, որ օգոստոսի 8-ից հետո Հայաստանը հապաղում է կատարել “տնային աշխատանքը”․ չի սկսում “Զանգեզուրի միջանցքի” իր մասի կառուցումը, չի փոխում Սահմանադրությունը և չի ուզումլուծել “անկլավների”, այդ թվում՝ “Քյարքիի”, այսինքն՝ Տիգրանաշենի հարցը։

Եթե Բաքվի ԱԳՆ-ն միայն “շտապեցնում” էր, ապա պատգամավորներն ավելի բացահայտ սպառնում են, որ եթե Հայաստանը “չտա Զանգեզուրի միջանցքը, ապա Ադրբեջանը պետք է մտնի և գրավի այն, հետո տա վերահսկողության կամ Ռուսաստանին, կամ ԱՄՆ-ին”։

Մինչ այդ Բաքուն և Թբիլիսին Ռուսաստանի համար բացել են իրենց երկաթուղին, “պարտքի տակ” դնելով Երևանին։ Փաշինյանը որպես “պատասխան” հայտարարեց, որ պատրաստ է ապահովել Թուրքիա-Ադրբեջան տրանզիտը Մարգարա-Երասխ-Սիսիան-Գորիս երթուղով։

Բաքուն և Անկարան չեն պատասխանել այս առաջարկին, փոխարենը երեկ Բաքվի ԱԳՆ-ը պահանջեց “Քյարքին”՝ Տիգրանաշենը։

Բավական է նաել քարտեզին, համոզվելու համար, որ եթե Հայաստանը հրաժարվի Տիգրանաշենից, ապա բառացիորեն կկորցնի որ միայն Երասխը, այլջ դեպի Վայոց ձոր և Սյունիք միակ ճանապարհը։ Բաքուն ինքն է ուզում տիրանալ այս ճանապարհին, և չի համաձայնվի Փաշինյանի “առաջարկին”։

Այն, որ Փաշինյանը հիշել է Արծվաշենի մասին, ապացուցում է, որ “Քյարքին” հանձնելու պահը մոտ է․ Բաքուն չի պատրաստվում սպասել Հայաստանի ընտրություններին, Սահմանադրության փոփոխությանը և այլ։ Փաշինյանի վերարտադրությունը արդեն ոչ մեկին պետք չի լինի։

Հողի, հողակտորի զավթումը ցանկացած քոչվորի համար մնում է առաջնային հարց

Step1.am-ի զրուցակիցն է  Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

-Տիկին Ավագյան, Ալիեւը հերթական անգամ նկրտումներն է ներկայացրել հայկական տարածքների նկատմամբ՝ նշելով, թե իբր Ցարական Ռուսաստանը հայերին Իրանից եւ Արևելյան Անատոլիայից բերել, վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Ինչպես նաեւ ՀՀ ներկայիս տարածքներն է ադրբեջանական որակել։ Սրան զուգահեռ ՀՀ այսօրվա իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ ինչ-որ խաղաղության հնարավորության մասին ու հրաժարվում են հայկական իրավունքներից։ Ինչպե՞ս եք սա գնահատում եւ ինչպե՞ս պետք է հակազդել այս ամենին։ Ստացվում է, որ ադրբեջանցիները իրենց կեղծ պատմությունն են ստեղծում մեր տարածքների ու պատմության հաշվին, իսկ մենք հրաժարվում ենք բոլոր իրավունքներից։

-Հայությունը իր կենսատարածքի այս փոքր հատվածի վրա պետականություն վերահիմնելով 1918-ին, կարելի է ասել, ընթացող Հայոց ցեղասպանությանը զուգահեռ, շարունակում էր մնալ թուրքական արմենոֆոբ ու ցեղասպանական ծրագրերի թիրախ։ 1918-1923 թվականներին հաջորդեցին 1988-1992 թվականները, երբ թուրքական ծրագրերի մի կարևոր բաժին էլ իրողություն դարձավ՝ վերջնական հայաթափվեցին Նախիջևանը, Կուրի ձախ ափը, Շիրվանն ու Գարդմանքը։ Հայության կենսատարածքը կրկին կրճատվեց, այս անգամ էլ մնացած հողերից առնվազն երկու անգամ։ Ու հայությունը, թվում էր, թե անվտանգ, տեղավորվեց շուրջ 42 հազար քառ. կմ վրա։ 2020 թվականից մինչև 2023 թվական մենք կորցրել ենք ևս շուրջ 12 հազար քառ․ կմ։

Որևէ պետության սթափ ղեկավար պետք է առաջնային գնահատի տարածքի նշանակությունը պետության գոյության ու ամրացման հարցում, այդ տարածքի վրա ապրող բնակչության գոյության համար։ Իսկ «իրական» Հայաստանի դեպքում առայժմ թուրքն է որոշում ու իրեն հարմար կտրում-ձևում հայոց պետականության սահմանները։ Պարզագույն մի օրինակ, երբ Տավուշում՝ հորինված ալմա-աթյան սկզբուքներով սահմանազատման շղարշի տակ Բաքվի պետությանը «վերադարձվեցին» հայկական տարածքները, տավուշեցու ձևակերպմամբ՝ մինչև վերջին սանտիմետրը, իսկ Հայաստանին այդ նույն ալմա-աթյան սկզբունքներով պատկանող 800 հա հողակտորի համար ծպուտ անգամ չհանեցին ու չփորձեցին Բաքվի պետությունից հետ պահանջել նույն սահմանազատման ընթացքում։

Տպավորություն կա, որ իլխամը նոր չէ, որ բռնանալով հայկական իշխանությունների հանդեպ, կարողանում է կորզել հողերի նորանոր բեկորներ, մի դեպքում, ինչպես 2022 թվականի սեպտեմբերի 13-15- ին էր, ուղղակի ագրեսիայով, մի այլ դեպքում էլ հայկական իշխանությունների աճպարարության օգնությամբ։ Հողի, հողակտորի զավթումը ցանկացած քոչվորի համար մնում է առաջնային հարց, քանի որ այդ հողը, հատկապես, վերջին 50-60 տարիներին արդեն  «քաղաքակրթված» թուրքի համար պատմագիտության, հնագիտության, ազգագրության հորինման, ստեղծման «աղբյուր» է։

Իլխամն ընդամենը թուրքական ծրագրերի սկզբունքային իրականացնող է, ու այդտեղ նորություն չկա, անգամ մեթոդների ու մեթոդաբանության առումով։ Մեթոդը աղավաղումն է, նպատակը՝ ստեղծել հայության կենսատարածքի վերջին բեկորի համար մասնատման ու զավթման փափուկ և նպաստավոր պայմաններ։ Իլխամին հաջողվում է հայաստանյան իշխանավորներին, ինչո՞ւ չէ, նաև հանրությանը կառավարել «փափուկ ուժով», երբ ամեն առավոտ դեմ է տալիս կարգին մշակված ու ձևակերպված մի նոր քաղաքական կեղծ թեզ, բայց այնպես, որ նախորդ կեղծ թեզը արդեն ակտիվ մտցվել է միջազգային դաշտ։ Իսկ անկարող հայաստանյան իշխանավորները արդեն չեն էլ փորձում հակազդել թե նախորդ, թե նոր ձևակերպված կեղծիքին։ Հայաստանյան իշխանավորներին մնում է իրավիճակը «փրկել» շղարշելով այն ակնհայտ հակապետական, հակահայաստանյան, հայաստանակործան քայլերով ու առանց վարանելու դառնալ իլխամի պլանների իրականացման համար հենման կետ։ Նման իրավիճակը թուրքին միայն ոգևորում է, քանի որ հասկանում է, որ ինքը «փափուկ» մխրճվել է հայաստանյան իրողության կառավարման ոլորտ։

Հայկական քաղաքական իրականությունն այսօր փաստացի շատ կախյալ է իլխամի՝ որպես թրքական ծրագրեր առաջ մղողի, քաղաքական աշխատակազմի պլաններից, հայաստանյան իրականության մեջ օրակարգ թելադրողը վերջինս է։

Քիչ է ասել, թե սա սկիզբ է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայության դեմ տարված ցեղասպանական պատերազմին հետևած նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից։ Չէ, սա սկիզբ է առել շատ ավելի վաղ, միգուցե այն պահից, երբ ՀՀ առաջին նախագահը Հեյդարի հորդորով և ի հեճուկս Վլադիմիր Կազիմիրովի (ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ) հրադադարի պայմանագրի տակ իր ստորագրությունը դրեց, թե այն պահից, երբ արտաքին կառավարման տակ 1999 թվականին գլխատվեց հայկական պետականամետ վերնախավը, կամ երբ «գույք պարտքի դիմաց» ծրագրով հյուծեցին Հայաստանին ու քողարկված տարան հայոց պետականության քայքայում՝ ներսից, պետականության ու հայ հանրության քայքայում՝ դրանց բոլոր շերտերում։

Արտաքին կառավարման տակ ձևավորված հայկական քաղաքական վերնախավը նոր չէ, որ հեռացել ու մերժել է հայկական շահն ու հայության վերապրման բնական իրավունքը իր կենսատարածքի վրա։ Թե նախիջևանցիների ճակատագրի շրջանցումը, ապա բաքվեցիների, շիրվանցիների ու գարդմանցիների, գանձակեցիների ու շահումյանցիների փախստական դառնալու փաստի, հայության այդ բեկորների իրավունքների և շահերի արհամարհումը, մոռացումը եղել ու մնում են հայաստանյան քաղաքական վերնախավի վերարտադրման կարևոր պայման ու հանգամանք։ Ու դրանք վերարտադրվում են արտաքին աջակցությամբ, հիմա էլ արհամարհելու ու մոռացության մատնելու Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանությունը, շրջանցելու փախստական դարձած արցախցու՝ իր տուն դառնալու ու ինքնիշխան ապրելու իրավունքը։

Այո, հայաստանյան քաղաքական վերնախավը արտաքին կառավարման տակ ձևավորել ու պահպանում է պարարտ միջավայր իլխամի նորանոր հակահայ, արմենաֆոբ, ֆաշիստական պրոյեկտների իրականացման համար։ Ահա իլխամն էլ իր «արևմտյան ադրբեջանի» նախագծի կողքին դնում է հաջորդ «փափուկ» նկրտումը  «Սևան-Գյոկչա» բառախաղով։ Ու հայության գլխին մի նոր սև ամպ է կախվում, երբ իլխամը, օգտվելով հայաստանյան քաղաքական վերնախավի անկատար, թերաճ ու արտաքին կառավարման տակ լինելուց, քաղցրահամ ջրերի էկոլոգիական ձևակերպումով թիրախավորում է Սևանա լճի հայապատկան լինելը։ Նոր «էկոակտիվությունը» Հակարիի կամրջից անցնում է արդեն Հայաստանի սահմաններից ներս՝ Սևանա լճի վրա։ Ու այս դարանակալած սպառնալիքները մեկը մյուսի հետևից մեզ դեմ է տալիս իլխամը, քանի որ չունենք սթափ հայաստանյան քաղաքական կառավարման համակարգ, ասել է թե կասկածի տակ է Հայաստանյան պետականության դիմադրողականությունը, կենսունակությունը։

-Ի՞նչ մեխանիզմներ կան՝ դիմակայելու այս ամենին, ի՞նչ պետք է անել։

-Երբ իլխամը «պատմում է», թե «արևմտյան ադրբեջանի ադրբեջանցիների վերադարձից» վախենալ պետք չէ, քանի որ դրանք չեն տառապում սեպարատիզմով, ապա հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները չեն հակադարձում, թե ի՞նչ սեպարատիզմի մասին խոսք կարող է լինել այնտեղ, որտեղ այդ նույն «ադրբեջանցու» ձեռքով իսպառ մորթվել, քշվել ու վերացվել են հայերը։ Նախիջևանում, Շիրվանում, Գարդմանում այլևս հայեր չկան արդեն 1992 թվականի հունիսից այս կողմ։ Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները, հանձինս մեր ցեղասպանագետների ու դրանց ինստիտուտի, չեն հակադարձում իլխամին ու չեն տալիս գնահատական Նախիջևանում, Շիրվանում, Գարդմանում 1988-1992 թվականներին տեղ գտած հայության բնաջնջման փաստին, չեն վերահաստատում Հայկական ԽՍՀ ԳԽ 1990 թվականի փետրվարի 13-ի որոշումը, որով Բաքվի պետության վերահսկողության տակ հայտնված հայկական բնակավայրերում տեղ գտածը բնորոշվեց ցեղասպանություն։

Այսօր էլ նույն արտաքին կառավարման տակ Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները, հանձինս մեր ցեղասպանագետների ու դրանց ինստիտուտի, գնահատական չեն տալիս 2020-2023 թվականներին Արցախի ու նրա հայության հետ կատարվածին։ Չեն ասում, որ եթե խոսվի «վերադարձի մասին», ապա նախ պետք է պայմաններ ստեղծվեն Նախիջևանից, Շիրվանից, Գարդմանից ցեղասպանվելու վտանգի տակ փախած հայերի համար, իսկ սա պահանջում է հստակ քաղաքական գործողություններ՝ Բաքվի պետության դենացիֆիկացիա, արմենոֆոբիայի ու ֆաշիզմի ախտահանում, Բաքվի ռեժիմի վերացում, «ադրբեջան ու ադրբեջանցի» տերմիններից հրաժարում, պետական համակարգի վերաձևում՝ ընդհուպ կոնֆեդերացիա Թալիշստանով, Լեզգիստանով հանդերձ։

1992 թվականից սկսած էլ ցեղասպանությունից ինքնապաշտպանությամբ փրկված հայերի վրա ցեխ էին շպրտում «սեպարատիզմ» վտանգավոր եզրույթով, իսկ այսօր էլ Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները չեն հակադարձում արմենոֆոբիայով տառապող ֆաշիստ իլխամին այն մասին, որ հայության հենց ինքնապաշտպանական իրավունքն էր մղում ինքնիշխանության, երբ Բաքվում տեղավորված թրքական ցեղասպան ռեժիմը վերարտադրեց 1894 թվականից հայության դեմ կիրառված յաթաղանի քաղաքականությունը ու դա կիրառեց իր վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայկական բնակավայրերում։ Յաթաղանի ուժի դեմ անհամարժեք ուժով դիմադրած հայության մի հատված փրկվեց ու հայտնվեց Արցախում:

«Արևմտյան ադրբեջանի ադրբեջանցիների վերադարձը» ցեղասպանական հաջորդ մոդելն է, որ իլխամը հետամուտ է լինում Հակարիի կամրջի «էկոակտիվիզմի» ցեղասպանական  մոդելից հետո՝ կիրառելու տեղաբնիկ հայության դեմ։

Շրջափակման մեջ ու սովամահության շեմին Արցախի հայությունը Աղդամի կողմից «հաց » չընդունեց, քանի որ Արցախում ապրող Սումգայիթի ու Բաքվի, Շահումյանի ու Մինգեչաուրի 1988-1992 թվականների ցեղասպանությունից փրկված հայը գիտեր, թե ինչ է թուրքի նվիրած «հացը»։ Այսօր Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները Բաքվի պետության տարածքով Հայաստան բերած հացահատիկը հայությանը մատուցում են իբրև խաղաղության հաստատման վկայություն, փորձելով չխոսել անգամ դրանից մեկ-երկու օր առաջ իլխամի կողմից արված հիշեցումը «արևմտյան ադրբեջանի ադրբեջանցիների վերադարձի» ու  «Սևան-Գյոկչա» պրոյեկտների մասին։ Եզրահանգումը մեկն է, որ Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները արտաքին կառավարման տակ, գիտակցորեն հայության կենսատարածքի վերջին բեկորի վրա կասկածի տակ են դնում հայության գոյությունն ու անվտանգությունը։

Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը հանձն է առել 2026 թվականի աշնանը Հայաստանում անցկացնել կենսաբազմազանության պահպանման վերաբերյալ միջազգային համաժողով, սակայն ոչ միայն լուռ ու համր է, այլև քաղաքացիական հասարակությանն է փորձում լռեցնել, որ չխոսեն թե ինչ է արել այդ նույն Բաքվի պետությունը Շիկահողի պետական արգելոցի ու Սև լճի արգելավայրի կենսաբազմազանության դեմ, էլ ի՞նչ խոսք Արցախի տարածքում էկոցիտի մասին։

Հաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները 30 տարիներ խարխլեցին Հայոց պաշտպանական ամրոցները, այսօր էլ պատրաստ են բացել դռները։ Հայությունը այսօր էլ կողքից այլ պայքարող ժողովրդների համար ընկալվում է  որպես միասնական ու անկոտրում ժողովուրդ։ Հայության կենսունակությունը գենետիկ նյութով անգամ պահպանվում ու փոխանցվում է անվարան՝ հայությանը տալով իր կենսատարածքի վրա հարատևելու նորանոր միջոցներ և ուղիներ։

Ռոզա Հովհաննիսյան

Карта Севрского договора 1920 года

Հայոց եկեղեցին քննարկում է Կոմիտաս վարդապետին սրբադասելու հարցը

Հայոց եկեղեցին քննարկում է Կոմիտաս վարդապետին սրբադասելու հարցը։
Այս մասին նշված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Հարցը քննարկվել է, մասնավորապես, նոյեմբերի 4-7-ը Մայր աթոռ Սուրբ Էջմիծանում անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում։

Նույնիսկ Թրամփն է հասկանում, որ Արցախը՝ Հայաստան է․ ուժային լուծումը ժամանակավոր է

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախօրեին կայացած համաժողովի ընթացքում նոր մանրամասներ է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին։

Ուիթքոֆն ասել է, թե օգոստոսի 8-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ Թրամփն Ալիևին, իբր, հարցրել է.

«Ինչո՞ւ կանգ առաք։ Դուք հաղթանակ տարաք, դուք մեծ բանակ ունեք»։ Ադրբեջանի առաջնորդը պատասխանել է. «Ես ուզում էի վերադարձնել այն, ինչ մեզանից խլվել էր։ Ինձ ավելին պետք չէ»։

Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ դա «հիանալի որոշում» էր և նախագահ Ալիևին մատնանշել է որպես իմաստուն պետական ​​առաջնորդության օրինակ։

Թրամփի հարցը, որին հղում է անում Ուիթքոֆը, ցույց է տալիս, որ ամերիկյան իստեբլիշմենթի ընկալումների մեջ չկա որևէ սահման նվաճված Արցախի և մնացած Հայաստանի միջև։ Արցախը ընկալվում է որպես Հայաստանի մաս, այդ իսկ պատճառով Թրամփը «զարմացած» է, որ Ալիևը չի գնացել ավելի հեռու և չի նվաճել ամբողջ Հայաստանը։

Ուիթքոֆի հայտարարությունը, իհարկե, ընկալվել է որպես գովասանք Ալիևի հասցեին, ով ուժեղ է, բայց «ուրիշի հողի վրա աչք չի դնում»։ Իրականում դա ուղիղ մեղադրանք է Հայաստանի մի մասը գրավելու համար, նուրբ ակնարկ այն մասին, որ Ալիևը կարողացել է գրավել հողը միայն այն պատճառով, որ իր բանակն այդ ժամանակ ավելի ուժեղ էր։ 

 

 

Եկեք օգնենք Էրիկին

Էրիկ Պողոսյանին Արցախում ճանաչում էին շատերը։

Նա Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի առաջին շահառուներից է: Մանուկ հասակից նրա մոտ ախտորոշվել է մկանային դիստրոֆիա:

Էրիկը հայտնի է իր մեծ տաղանդով և նկարչության հանդեպ կիրքով, որը դրսևորել էր մանուկ հասակից։ Նկարում է տասնչորս տարեկանից։ Մասնակցել է մրցույթների, ունի դիպլոմներ։ Էրիկի համար նկարելը ոչ միայն գործունեության տեսակ է, այլև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց։

Արցախից տեղահանվելուց հետո Էրիկն իր ընտանիքի հետ սկզբում հաստատվեց Վանաձորում, որտեղ չնայած բոլոր դժվարություններին շարունակում էր նկարել: Որոշ ժամանակ անց քաղաքի խոնավ կլիման էլ ավելի սրեց նրա առողջական խնդիրները։ Այդ պատճառով նրանք որոշեցին տեղափոխվել Արտաշատ՝ հույս ունենալով, որ չոր կլիման կբարելավի Էրիկի վիճակը։

Սակայն ցավոք, նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, առաջացան շնչառական ծանր խնդիրներ: Նա հայտնվեց հիվանդաանոցում և երեք օր գտնվում էր կոմայի մեջ: Կոմայից դուրս գալուց որոշ ժամանակ անց Էրիկին տեղափոխեցին խնամքի կենտրոն:

Այժմ բուժումը շարունակելու և նախկին կյանքին վերադառնալու համար նա ունի բոլորիս աջակցության կարիքը: Անգամ չնչին ներդրումը չափազանց կարևոր է:

Փոխանցումների տվյալները՝

AMD — Beneficiary Account: 19300763663500

 EUR — Beneficiary Account: 19300763924104

 USD — Beneficiary Account: 19300834804001

 RUB — Beneficiary Account: 19300539974958

 

 Արսեն Աղաջանյան

Տեղահանությունից հետո 45-ն անց կին է, անընդհատ աշխատանքի փնտրտուքի մեջ է

Երևանի ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանի աշխատանքի տեղավորման գործակալություններից մեկի դիմաց հանդիպեցի արցախցի իմ ծանոթներից մեկին։ Ասկերանի շրջանից էր։ Աշխատում էր պետական համակարգում՝ զբաղեցնելով քաղծառայության գլխավոր մասնագետի, բաժնի պետի պաշտոն։ Տեղահանությունից հետո 45-ն անց կինն անընդհատ աշխատանքի փնտրտուքի մեջ է։ Ինչպես ինքն է ասում՝ չգիտի լացի, թե խնդա ամենուր տարիքային սահմանափակումներ են, անհեթեթ պահանջներ:

-Երևանում հաստատվելուց հետո անմիջապես սկսել եմ աշխատանք փնտրել։ Տարբեր գործակալությունների եմ դիմել։ Մի դեղագործական կազմակերպությունում դեղերի կոմպլեկտավորման ու դեղերի դասավորման համար պահեստի աշխատակիցներ էին պահանջվում։ Մասնակցել եմ հարցազրույցին։ Հետաքրքիրն այն էր, որ պահանջվում էր նաև մաթեմատիկայի ու անգլերենի բավարար իմացություն, ինչը ես ունեի։ Ասացին, որ կզանգեն ու այդպես էլ մինչև հիմա չեն զանգել։ Կարծում եմ՝ անգամ պահեստի աշխատակից դառնալու համար տարիքային սահմանափակումներ կան, թեկուզ բացեիբաց չեն ասում։ Միևնույն ժամանակ մտածում եմ, որ ՀՀ քաղաքացիություն չունենալը ևս խոչընդոտ է։

Փորձել եմ աշխատել մի այլ արտադրամասում, իհարկե, որպես բանվոր, սակայն չեմ կարողացել շարունակել, քանի որ աշխատատեղը մեր բնակության վայրից շատ հեռու էր, իսկ տունը փոխել չեմ կարող, որովհետև որդիս դպրոց է հաճախում և չի ցանկանում կրկին փոխել դպրոցը։

Զրուցակիցս շարունակում է պատմել, թե այս տարիների ընթացքում ինչերի միջով է անցել, քանի անգամ բնակարան փոխել, իսկ արցախցիներին տրվող բնակվարձի աջակցության դադարեցումից հետո, ինչպես շատ-շատերի, այնպես էլ իր ընտանիքի վիճակն ավելի է վատացել։ Տեսնելով, որ չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատանքի տեղավորվել, խնդիր է նաև այլ աշխատանքի անցնելը, որոշել է զբաղվել օնլայն առևտրով։

-Ստիպված անցել եմ մարկետփլեյսի մենեջերի և սելլերի վճարովի դասընթացներ ու վերապատրաստումներ։ Դասընթացների համար վճարել եմ 250 000 դրամ, այս պահին մասնակցում եմ վերապատրաստման, որի արժեքը 200 000 դրամ է։ Առանց նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավոր չէ զբաղվել որևէ բիզնեսով։ Անընդհատ պետք է սովորել, հմտանալ, կատարելագործվել։ Աշխատում եմ օնլայն՝ մարկետփլեյսում վաստակելով միայն իմ վարձակալած բնակարանի վարձավճարը, ինչը բավարար չէ ապրելու համար։

Դրա հետ մեկտեղ նորից եմ աշխատանք փնտրում, որ լիարժեք կարողանամ ապահովել իմ ընտանիքի կարիքները։ Ցավալի է, որ արցախցի մեր մասնագետները, ովքեր ունեն համապատասխան փորձ ու գիտելիքներ, չեն կարողանում աշխատել մասնագիտությամբ և ստիպված են կատարել ցանկացած աշխատանք, որպեսզի պարզապես գոյատևեն։ Այդ միտքը շատ է մտատանջում ինձ, իսկ հարցի լուծումը դեռ չեմ տեսնում։

Միաժամանակ իմ հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս չվհատվել, չկոտրվել, որովհետև չի կարող այսպես երկար շարունակվել։ Համոզված եմ՝ լավ փոփոխություններ լինելու են, իսկ Արցախ վերադարձի հույսը մեր մեջ երբեք չպետք է մարվի:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Մինչև 2013-ը ԼՂ տարածքում աշխատածների ստաժը կհաշվարկվի, եթե աշխատանքային գրքույկը ներկայացվի

Մինչև 2013 թվականը Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածը կհաշվառվի որպես ստաժ բացառապես աշխատանքային գրքույկում կատարված գրառումների հիման վրա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության  և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

«Այս ամենի պարագայում զգալի կրճատվելու է արխիվին ուղղվող հարցումների քանակը։ Դա հեշտացնում է վարչարարությունը, կրճատում է ժամանակը։ Եթե արխիվային հարցումները չկան, ապա նշանակում է, որ քաղաքացիները ստիպված չեն լինի երկար սպասել։

Այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակ են ստանում ու ժամանակին փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պարագայում աշխատանքային որոշ տարիներ չեն հաշվարկվել, ապա կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ վերահաշվարկի հնարավորության համար։

Որոշում է կայացվել նաև քաղաքացիներին զերծ պահել քաշքշուկից, եթե, օրինակ, աշխատանքային գրքույկը պատշաճ լրացված չէ, անվան որևէ տառի վրիպում կա կամ դրված կնիքը լավ տեսանելի չէ»,–ասաց նա։

Հավաստագիր է ստացել արցախցիների 3323 ընտանիք, որից 1237-ն իրացրել են այն

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3323 ընտանիք (13308 անձ), որից 1237-ն (5333 անձ) արդեն իրացրել են հավաստագիրը։

Արցախցի Արսեն Թևոսյանի մարմինը հայտնաբերվել է

Նոյեմբերի 6-ին որոնվող արցախցի 29-ամյա Արսեն Թևոսյանի մարմինը հայտնաբերվել է։Նախնական տեղեկություններով արցախցի երիտասարդը ինքնասպանություն է գործել:

Արսեն Թևոսյանն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղից է։

Արսենն ընտանիքում, շրջապատում սիրված, հարգված, անչափ բարի և համեստ, աշխատասեր երիտասարդ էր։
Խոսք չկա ասելու․ համբերություն նրան սիրող և ճանաչող բոլոր մարդկանց։

Փաշինյանը փոխո՞ւմ է վերաբերմունքը Սամվել Կարապետյանի նկատմամբ

Երեկ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երկու հնարավոր տարբերակ՝ «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի պետական ​​լիցենզիայի չեղարկման դեպքում։ Նա ասաց, որ կառավարությունը կամ կգնի ընկերությունը, եթե գինը չափազանց բարձր չլինի, կամ կնպաստի դրա ձեռքբերմանը ինչ-որ ներդրողների կողմից։ Նա չասաց, թե արդյո՞ք կան հետաքրքրված կողմեր, բայց ակնհայտ է, որ դեռ մեկ ամիս առաջ նրա կողմից հայտարարված «ազգայնացման» կամ պարզապես ընկերությունը խլելու տարբերակը ձախողվել է։

«Հայկական էլեկտրական ցանցեր»-ի ներկայիս սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանը մի քանի ամիս է, ինչ կալանքի տակ է՝ ՀԷՑ-ի հետ կապ չունեցող մեղադրանքներով։ Կառավարության ղեկավարը բազմիցս բացահայտ հայտարարել է, որ պետությունը «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը կխլի Կարապետյանից, սակայն Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումից հետո ազգայնացման մասին խոսակցությունները դադարեցին։ Չնայած «Հայկական էլեկտրական ցանցեր»-ում դեռևս գործում է կառավարության կողմից նշանակված ժամանակավոր վարչակազմը, Կարապետյանի սեփականության դեմ գործը առաջ չի շարժվել։

Չնայած Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ նրա կողմնակիցները մեծ միջազգային արշավ են սկսել կառավարության գործողությունների դեմ, որն արդեն իսկ խնդիր է դառնում խոշոր միջազգային ներդրումների համար։ Բացի այդ, սկսվել է «Մեր ձևով» շարժումը, և շատերը դրա շանսերը 2026 թվականի ընտրություններում բավականին բարձր են համարում։

Ինչպես նշել է Սամվել Կարապետյանի թիմի անդամներից մեկը, Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ մեկ կամ երկու ամիս բանտարկությունից հետո միլիարդատերը գործարքի կգնա Փաշինյանի հետ՝ կամ հրաժարվելով ՀԷՑ-ի նկատմամբ իր իրավունքներից, կամ քաղաքական պայքարից։ Սակայն Կարապետյանը չի հրաժարվել պայքարից. միջազգային արբիտրաժային դատարանը փաստացի արգելել է ՀԹՑ-ի ազգայնացումը, և այժմ Փաշինյանը փոխում է մարտավարությունը։

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը, հավանաբար, կչեղարկի «Տաշիր»-ի՝ ՀԷՑ-ը շահագործելու լիցենզիան։ Այդպիսով, կառավարությունը կամ նոր ներդրողը պետք է վճարեն առնվազն կես միլիարդ դոլար ընկերության համար։ Եվ պարզ չէ, թե արդյոք որևէ ընկերություն կցանկանա գնել ՀԷՑ-ը նման սկանդալից հետո։

ՀԷՑ-ի դեմ արշավը սկսվել է Երևանի, Բաքվի և Անկարայի միջև «հաշտեցման» գործընթացին զուգահեռ։ Այդ ժամանակ փորձագետները ենթադրում էին, որ ՀԷՑ-ը կարող է լինել «հաշտեցման» մի մաս։ Նույնիսկ խոսում էին թուրքական ընկերությունների մասին, որոնց ՀԷՑ-ը կարող էր փոխանցվել որպես «բարեկամության» նշան։