Ամանորյա միջոցառում արցախցի երեխաների համար

Արցախցիների բարեկամ Սամվել Մովսիսյանի նախաձեռնությամբ օրերս Ամանորյա միջոցառում կազմակերպվեց Արցախյան պատերազմներում, սեպտեմբերի 25-ի պայթյունից զոհվածների և ծնողազուրկ այն բալիկների համար, ովքեր ցանկություն ունեին մասնակցելու միջոցառմանը։

Նախ երեխաների համար Մոսկվա կինոթատրոնում կազմակերպվեց ֆիլմի դիտում, ապա Ամանորյա միջոցառումը շարունակվեց Մարիոթ հյուրանոցում, որտեղ երեխաներին մեծ սիրով սպասում էին Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկը։

Հրաշալի ու տոնական տրամադրություն էր տիրում բոլորի մոտ․ արցախցի երեխաները հավատում էին Ամանորյա հրաշքներին և սպասում, որ Նոր տարում կիրականանան իրենց բոլոր ցանկությունները։ Փոքրիկների ուրախությանը չափ չկար․ երգում, պարում և արտասանում էին, իսկ նրանց խինդ ու ծիծաղը վարակում էին պատանիներին, ովքեր համեստորեն ծափ էին տալիս, հոգու խորքում երազանք պահում։

Փոքրերից ոչ պակաս ուրախանում էին նրանց ծնողներն ու տատիկները, ովքեր, փորձում էին հանուն երեխաների ժպտալ՝ խեղդելով հոգու ցավն իրենց մեջ։

Սամվել Մովսիսյանը, շնորհավորելով բոլորին գալիք տոների առթիվ՝ մաղթեց խաղաղ ու բարեբեր տարի․

-Սա մեր ամենափոքրիկ շնորհակալությունն էր՝ փոխանցելու մեր հարգանքը Արցախի նահատակ մեր եղբայրների ու քույրերի երեխաներին։ Դժվար է նկարագրել այն, ինչ այսօր այս հրաշք երեխաներն ու պատանիները փոխանցեցին մեզ։ Ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալություն այս հրաշք երեխաների հարազատներին։ Մաղթում ենք Ձեզ ուժ ու հավատ՝ այս երեխաներին կրթելու և մեր նահատակների հիշատակին արժանի սերունդ մեծացնելու ճանապարհին։

Հարազատները շնորհակալություն հայտնեցին միջոցառման նախաձեռնողներին ու բարերարներին՝ նշելով, որ ցանկացած ուշադրություն անչափ կարևոր է իրենց երեխաների համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Այսուհետ գրանցման հասցեն կարելի է փոխել օնլայն եղանակով

Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. այդ համատեքստում թվայնացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։ ՀՀ կառավարությունը հաստատել և գործարկել է mcs-register.am հարթակը։

Ըստ այդմ՝ այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության դիմումը լրացնել օնլայն տարբերակով։

Խիստ նույնականացման պայմանով՝ անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ․

  • մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում,
  • ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակը,
  • ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները,
  • ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն,
  • հաստատել, որ տարածքային տեսուչին հանդիպելու համար դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում
  • վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։

Գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարել 84-22։

ՆԳ նախարարությունը շարունակելու է լավարկել թվայնացման գործընթացը՝ ապահովելով արագ, անվտանգ և քաղաքացու համար առավել հարմարավետ և հասանելի թվային ծառայություններ։

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց․ նա Ամանորը կնշի տանը

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց. նրա խափանման միջոցը սահմանվեց տնային կալանք ու գրավ, այս մասին հայտնեց նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ,

2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»։

Տարեմուտին հաճելի նվեր՝ Գրիգորի Գաբրիելյանցից

Արցախի մասին նոր կապիտալ աշխատություն է լույս տեսել։ Այն հեղինակել է հայտնի երկրաբան-հանքաբան, ակադեմիկոս, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, 2008-ից ԱՀ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան, Շուշիում 3 թանգարանների (կերպարվեստի, երկրաբանության, քանդակների) հիմնադիր, մեր լավ բարեկամ Գրիգորի Գաբրիելյանցը։
Հեղինակավոր աղբյուրներով փաստարկված պատկերագիրքն ամբողջացնում է Արցախի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև Արցախի շրջափակում և, այսպես ասած, էջի փակում։
Սակայ, այս աշխատությամբ գիտնականի ուղերձը հստակ է ձևակերպված… երբեք մոռացության չտալ գողտրիկ աշխարհ Արցախը, քանզի այնքա՜ն հողմեր են անցել-գնացել…

Շախմատային սենսացիա. Կարլսենը պարտվեց Մարտիրոսյանին

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Քաթարում կայացած աշխարհի կայծակնային առաջնությունում հաղթեց շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին։

Պարտիան, որտեղ Մարտիրոսյանը խաղում էր սպիտակներով, խաղացվել է 14-րդ ռաունդում և ավարտվել է հայ խաղացողի հաղթանակով 69-րդ քայլում։ Այս հաղթանակից հետո Մարտիրոսյանը 14 հնարավորից վաստակել է 10 միավոր և գերազանցել Կարլսենին։

Կադրերում երևում է, թե ինչպես է Մագնուսը ցրում խաղաքարերը տախտակի վրայով և սեղմում ժամացույցի կոճակը։ Այս խախտման համար աշխարհի 16-րդ չեմպիոնը տեխնիկական պարտություն է կրել։

ԱՄՆ նախագահի շանտաժն ու Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը

2025թ. դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի համատեքստում խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասին, մասնավորաբար, հայտարարել է. «Առևտուր։ Նրանք առևտուր են անում։ Ես ասացի. «Մենք կդադարեցնենք ձեզ հետ առևտուրը։ Այլևս ոչ մի առևտուր»: Երկուսի հետ էլ… Հետո ես 200 տոկոսանոց մաքսատուրք դրեցի… հաջորդ օրը նրանք զանգահարեցին… 35 տարվա պայքար, և նրանք դադարեցին»:

Մեջբերվածը վկայում է, որ ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի հետ խոսել է շանտաժի լեզվով: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ շանտաժով անհնար է հասնել հուսալի, հիմնարար լուծման ընդհանրապես, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի պարագայում մասնավորապես:

Ակնհայտ է, որ առևտուրը դադարեցնելու և մաքսատուրքը բարձրացնելու անլուրջ և անհուսալի միջոցներով հնարավոր չէ լուծել ավելի քան 107 տարվա պատմություն ունեցող Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը:

Հետևաբար, ստեղծված իրավիճակը ոչ թե կոնֆլիկտի լուծում է, այլ՝ անավարտ և անարդար խաղաղություն, որը չի կարող լինել մշտական, այն լինելու է անկայուն և հակված վերափոխվելու պատերազմի:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Զելենսկին հնարավոր է համարել Դոնբասում «ազատ տնտեսական գոտու» ստեղծումը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու բանակցություններում ամենադժվարը տարածքային հարցն է, և Ուկրաինայի զինված ուժերի Դոնեցկի մարզից դուրսբերման առաջարկները անընդունելի են Կիևի համար: Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Զելենսկին կարծում է, որ Դոնեցկի մարզի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն դրական չի լինի, ուստի չպետք է անցկացվի: Նա ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է արդար և երկարատև խաղաղություն, որը կբավարարի ուկրաինացիների հույսերը: Հակառակ դեպքում պատերազմը կշարունակվի։

Զելենսկին կարծում է, որ հատուկ կանոններով ազատ տնտեսական գոտու ստեղծումը Դոնբասի համար փոխզիջումային լուծում կլինի։

«Եթե մենք մի քանի կիլոմետրով հետ քաշվենք, ապա Ռուսաստանը պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկի և ևս մի քանի կիլոմետրով հետ քաշի իր ուժերը: Նման ազատ տնտեսական գոտում կգործեն հատուկ կանոններ», – նշել է նա։

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Ուկրաինան կտրականապես մերժում էր ԱՄՆ-ի առաջարկները «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու վերաբերյալ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 18 աստիճանով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանի խոսքով՝ հունվարի 4-ի գիշերը Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան և հունվարի 1-ի կեսօրից ամբողջ Հայաստանում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի 3-ին տեղումներ չեն սպասվում։ Հունվարի 3-ի երեկոյան և հունվարի 4-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով։

Աննա Մեկունց․ Աստված մեծ է, մենք մի օր տուն ենք գնալու, Արցախ

2023 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից և արցախահայերի բռնագաղթից հետո Արցախի պատմամշակությային ժառանգությունը հայտնվել է ոչնչացման սպառնալիքի տակ: Ադրբեջանը հետևողականորէն ոչնչացնում է Արցախի եկեղեցիները, վանքրը և այլ պատմամշակութային հուշարձաններ: Միաժամանակ, սպառնալիքի տակ է նաև Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը ի դէմս նրա կրողների եւ տարածողների:

Չնայած բոլոր դժվարություններին ու խոչնդոտներին, Արցախից տեղահանված մի շարք մշակութային գործիչներ շարունակում են իրենց առաքելությունը Հայաստանում:

Արցախցի երիտասարդ գրող, երգահան և դերասանուհի Աննա Մեկունցը Step1.am-ին պատմեց Արցախյան հիշողությունների ու ներկայիս գործունեության մասին, կիսվեց արցախցիների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ իր կարծիքով:

Պատմեք ձեր մասին։ Որտեղ եք ծնվել, մեծացել։ Փորձեք նկարագրել ձեր ծննդավայրում ապրած  առօրյա կյանքը։ Ի՞նչ յուրահատուկ հիշողություններ ունեք Արցախից՝ մանկության, պատանեկության հետ կապված և այլն։

Ծնվել եմ Ստեփանակերտում, բայց մանկությանս ամենաջերմ հիշողությունները կապված են գյուղի հետ, մասնավերապես Առաջաձորի։ Համարում եմ, որ մեծացել եմ էդ գյուղում։ Արվեստի տարբեր ճյուղեր մանկուց եղել են ինձ հետ. ես սովորել եմ Վահրամ Փափազյանի անվան ստեղծագործական կենտրոնում պարի, թատերական խմբակի, երգեցողության բաժիններում. բեմարվեստի առաջին քայլերս ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի մոտ եմ կատարել, հետո եղել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի,  ցավոք, վերջին շրջանավարտներից, իմ կուրսը վերջինն ավարտեց այն։

Իմ մանկության ամենագեղեցիկ հիշողությունները թերևս բակային համերգներն են… մեր ձեռքերով զարդարած ու պատրաստած հրավիրատոմսեր, որոնք, հերթով թակելով հարևանների դռները, բաժանում էինք, պատերը նկարազարդում, բակում աթոռներ շարում, փուչիկներ փչում ու բարձր ծափերով երգում… այդպես էինք դիմավորում արտերկրից եկող մեր ընկերներին, գիշերային անակնկալներ պատրաստում, հարսանիքներին փողոց էինք փակում, գոռում էինք “տարան-տարան, վրաններ էինք սարքում ու մինչև գիշերվա հազարը մնում, որ դիմավորենք աստղազարդը, տանիքներից ցատկում էինք տերևների մեջ ու քջքջում, ճոճանակները ուժեղ քշում էինք ու բարձր հայրենասիրական երգեր երգում… էնքան ուրիշ էր մանկությունս, էնքան իսկական…

Արցախում վերջին շրջանում թատրոնում էի աշխատում, պատրաստվում էինք ներկայացման՝ “Գիշատիչների խնջույքը” շատ համահունչ էր Արցախյան բլոկադային. դրա հետ մեկտեղ սցենարներ էի գրում, “ԲիդաՏօնի” առաջնախաղ էր տեղի ունեցել։

Պատմեք ձեր գործունեության ու հաջողությունների մասին։

2018-ից Արցախի գրողների միության անդամ եմ, 2019-ին տպագրվեց առաջին գիրքս “Արևը ծագում է մեջտեղից”, ու էդպես սկսվեց իմ պոետիկ կյանքը։ Կամաց֊կամաց մարդիկ սիրեցին գիրս, հատկապես “Մի աղջկա պատմությունն” ու “Բլոկադնիկը”, որոնք գրվել էին բլոկադային օրերին, մեծ նշանակություն, ճանաչում և հետք թողեցին իմ գրականության մեջ, քանի որ մարդիկ իմ էջով հետևում էին իրադարձություններին։

Պատմեք հետպատերազմյան Արցախի, շրջափակման ու բռնի տեղահանության հետ կապված ձեր անձնական հիշողությունների մասին։ Ի”նչ ապրումներ եք ունեցել դուք ու ձեր ընտանիքն այդ շրջանում։

Հետպատերազմյան Արցախում ապրում էինք սեղմված կոկորդով։ Շրջափակումը անօդ դատարկություն էր։ Բռնի տեղահանությունը՝ արմատախիլ լինել առանց հրաժեշտի։ Ընտանիքով ապրեցինք վախ, անորոշություն, բայց նաև համառ կանգունություն։

2020-ի պատերազմից հետո տուն վերադառնալը նման էր նորածնի երջանկության, երբ մայրն առաջին անգամ գրկում է իր նորածնին ու նա զգում է մոր հոտը, շունչը։ Արցախը կարիք ուներ սիրո, կիսաշունչ վիճակում էր, ու հենց իրեն սիրողների օգնությամբ նա շունչ առավ։ Ցուրտ էր, մութ, մոխրահոտով, բայց կյանքն ու սերը միաձուլող էր հետպատերազմյան Արցախը։

Բլոկադան ավելի ծանր էր, բայց ես շնչում էի հուսադրող պատմություններով, մինչ իմ ընտանիքը ծառայության էր գնում, ես խոսում էի հայրենիքի արժեքից իմ գրիչով, և վախենում, որ հայը կլքի Արցախը։ Մենք շատ ծանր ենք դուրս եկել, ամենավերջիններից էինք, իմ բոլոր ապրումները, ըտանիքիս ծանր հոգեվիճակը կարող եք կարդալ իմ գրված “ԱրցախաՇնչում”, որը փաստավավերագրական օրագիր է, հենց գաղթի մասին։

Ինչպե՞ս եք տեղավորվել Հայաստանում բռնի տեղահանումից հետո, ինչո՞վ եք զբաղվում այստեղ։ Ի՞նչ խնդիրների ու խոչնդոտների հետ եք առնչվում։

Հայաստանում տեղավորվելը հեշտ չէր։ Սկզբում՝ ֆիզիկական գոյատևում, հետո՝ ինքնության վերականգնում։

Խոչընդոտները շատ են՝ սոցիալական, հոգեբանական, արժևորման։ Դու կարող ես ֆիզիկապես այստեղ լինել, բայց ներսդ դեռ Արցախում է։ Երբեք չեմ կարողանա ասել, թե հարմարվել եմ։ 2024-ին արդեն Երևանում վերաբացեցի “ԲիդաՏօն”֊ը, իմ արցախյան ընկերների հետ միասին, ում շատ շնորհակալ եմ, անսահման։ 2024-ին նաև ճանաչվեցի ԱՄՆ հայ գրողների միության անդամ, ու ծնվեց “Արցախաշունչը”։ Մինչ այդ գրվածս բոլոր գրքերը, տեղահանման պատճառով վառել էինք Արցախում ու դուրս եկել, ցավոտ էր, բայց թշնամուն թողնել չէի կարող։

Երևանում ապրում ենք վարձով, աշխատում եմ որպես լրագրող, զբաղվում իմ պոեզիայով։ Չենք հարմարվում. ոչ այս իրականությանը, ոչ քաղաքի մարդկանց, ծայրահեղ տարբեր ենք, չնայած, որ նույն հայն ենք։

Ի”նչ եք մտածում արցախցիների սոցիալական խնդիրների լուծման մասին, ինչպե՞ս եք տեսնում լուծումը։

Այս խնդիրների լուծման մասով կառավարության աշխատանքը գնահատում եմ զրո, չնայած պարտավոր են հոգալ 120.000 բնակչության կարիքներն, քանի որ ծախեցին հայրենիքս ու մեզ անտուն դարձնելով տեղահանեցին։

Կարծում եմ, գոնե անվճար բնակարանները պարտադիր էր տրամադրելը, մինչ սերտիֆիկատային ծրագիրը կլիներ։ Այս խնդիրների լուծումը տեսնում եմ միայն իշխանափոխությամբ, պետք է գա ազգանվեր մեկը, հակառակ դեպքում արցախցիները ստիպված կլքեն երկիրը, մենք այս իշխանությունների օրոք անտեսված ու խորթ ենք զգում մեզ, հայրենիքը մերն է, բայց իշխանությունը թշնամի է մեզ համարում։

Որտեղ եք պատկերացնում ձեր ապագան՝ Հայաստանո՞ւմ, թե՞ արտագաղթելու մտադրություններ ունեք։

Եթե ոչինչ չփոխվի, ցավոք, կլքեմ երկիրը, չնայած իմ ներսի հայրենասիրությունը խեղդում է ինձ, բայց ի՞նչ տարբերություն, ես հայրենիքո՞ւմ եմ անտուն ու անտեսված, թե՞ այլ երկրում։ Այլ երկրում սիրտս էնքան չի ցավալու, ինչքան իմ տանն է ցավում, հիմա։

Կվերադառնայի՞ք Արցախ ու ի՞նչ պայմանների դեպքում?

Եթե հնարավորություն լիներ Արցախ գնալ, առաջինը կգնայի, ոտքով, վազելով. բայց թշնամու դրոշի ներքո ապրելը նվաստացում է, ես նախընտրում եմ մահը, քան այդ տեսակ նվաստացումը։ Աստված մեծ է, ժամանակները փոփոխական են, մենք մի օր տուն ենք գնալու, Արցախ…

Արսեն Աղաջանյան

«Բլիցկրիգ». Թրամփը բացահայտել է, թե ինչպես է ստիպել Փաշինյանին և Ալիևին նախաստորագրել «խաղաղության համաձայնագիրը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվել է երկու երկրների հետ առևտուրը դադարեցնելու սպառնալիքով։

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև կայծակնային արագությամբ «խաղաղության համաձայնագրի» նախաստորագրելուց հինգ ամիս անց գործընթացի նոր մանրամասներ են սկսել ի հայտ գալ։

«Ես բառացիորեն դա արեցի մեկ օրում։ Առևտուր։ Ես ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը երկուսի հետ էլ։ Առևտուր այլևս չի լինի։ Հետո ես սահմանեցի 200% մաքսատուրքեր։ Հաջորդ օրը նրանք (Ալիևն ու Փաշինյանը – խմբ․) զանգահարեցին», – ասաց Թրամփը երեկ Մար-ա-Լագոյում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։

Սա պատասխանում է այն հարցին, որը տանջում էր շատերին. ինչպե՞ս Թրամփին հաջողվեց ստիպել Փաշինյանին և Ալիևին կնքել «հրադադար»՝ ընդհատելով Փաշինյանի խաղաղ արձակուրդը և խափանելով Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերը տարածաշրջանում։ Փաստորեն, Թրամփը ուղղակի սահմանեց 200% մաքսատուրքեր։

Հատկանշական է, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում մինչև այսօր ոչինչ չէին ասում այս մաքսատուրքերի մասին: Բաքվում «խաղաղության պայմանագրի» անսպասելի նախաստորագրումը ներկայացվեց որպես Ալիևի “հաղթանակների” ճանաչում, մինչդեռ Հայաստանում որևէ բացատրություն չտրվեց։

Միևնույն ժամանակ, Թրամփի «կայծակնային արագությունը» կարելի է բացատրել մի քանի գործոններով։

Առաջին գործոն. այս տարվա հունիսին 12-օրյա իսրայելա-իրանական պատերազմից հետո Իսրայելը փորձում էր ամբողջությամբ օկուպացնել Գազան, ինչը կհանգեցներ հակամարտության ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի «վագր» տերությունների միջև: Գազայի օկուպացիան թույլ չտալու համար Թրամփը պետք է փորձարկեր «հակամարտության լուծման» տնտեսական մեթոդները, և Հայաստանն ու Ադրբեջանը դրա համար լավագույն փորձադաշտն էին։ Հիշեցնենք, որ Գազայում հրադադարի մասին պայմանագիրը ստորագրվեց արդեն հոկտեմբերի 10-ին։

Երկրորդ գործոն. մինչև 2025 թվականի օգոստոսը Ռուսաստանը և Թուրքիան կարող էին վերջնական համաձայնությունների հասնել Հարավային Կովկասի և Հայկական լեռնաշխարհի նոր բաժանման վերաբերյալ՝ կամ նոր ռազմական ագրեսիայի միջոցով, կամ Հայաստանի կառավարությանը պարտադրելով ընդունել պարտվողական փաստաթուղթ և փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը: Սա կհանգեցներ կարևոր տարածաշրջանում ԱՄՆ-ի լիակատար անտեսմանը և հաստատված «իրողությունների» ճանաչմանը։

Այս երկու գործոններն էլ Թրամփին դրդեցին «շրջել խաղատախտակը» և հակադրվել նրանց, ովքեր ցանկանում էին լուծել խնդիրը առանց Միացյալ Նահանգների։

Երեկ, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի մասին, Թրամփը հայտարարեց, որ «կարգավորման» արագությունը զարմացրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Պուտինն իրականում ասաց, որ չի կարողանում հավատալ, որ այս պատերազմը լուծված է», – ասաց ամերիկացի առաջնորդը։

200 տոկոսանոց մաքսատուրքերի պատմությունը շատ բան է բացահայտում տարածաշրջանային իրադարձությունների մասին, բայց միևնույն ժամանակ այն մատնանշում է ձեռք բերված համաձայնությունների կարճաժամկետ բնույթը։ Ոչ մի հիմնարար լուծում չկա։

Վաշինգտոնում նախաստորագրվելուց հինգ ամիս անց “խաղաղության համաձայնագրի” վերջնական ստորագրումը, տարածաշրջանային հաղորդակցությունների շրջափակման վերացումը և Բաքվի ու Անկարայի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավումը նույնքան հեռու են, որքան մինչև Վաշինգտոնը։ Հայկական պետականության վերացման ուժային կամ «հարկադրական» որոշման սպառնալիքը հետաձգվել է, բայց չի վերացել։ Ավելին, անհայտ է, թե 200% պատժամիջոցների սպառնալիքի տակ Թրամփը էլ ինչ կարող է ստիպել Փաշինյանին և Ալիևին՝ հանքային պաշարների նկատմամբ վերահսկողություն, տարածաշրջանը ամերիկյան տեխնոլոգիական կենտրոնի վերածում, թե՞ տարածաշրջանի ժողովրդագրական քարտեզի լիակատար փոփոխություն՝ «աշխարհի նոր բաժանման» սպասումով։

Անսպասելի շրջադարձ ուկրաինական կարգավորման մեջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը փորձել են հարձակվել Նովգորոդի մարզի Վալդայում գտնվող նախագահական նստավայրի վրա։ Նա հավելել է, որ Մոսկվան արդեն իսկ որոշել է «պատասխան հարվածի» թիրախները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սուտ է որակել Կիևի կողմից հարձակմանը մասնակցելու մասին պնդումը։

Լավրովը հայտարարել է. «Միևնույն ժամանակ, մենք մտադիր չենք դուրս գալ Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացից։ Սակայն, հաշվի առնելով Կիևի հանցավոր ռեժիմի լիակատար դեգրադացիան, որը պետական ​​ահաբեկչության քաղաքականություն է ընդունել, Ռուսաստանի բանակցային դիրքորոշումները կվերանայվեն»։

Ինչպես Զելենսկին կարճ ժամանակ անց Telegram-ում գրել է, հարձակման փորձի մեղադրանքները կարող են օգտագործվել Մոսկվայի կողմից՝ Ուկրաինայի դեմ նոր հարվածներ հասցնելու համար։

«Վերջերս մենք լսեցինք Ռուսաստանից մի քանի շատ վտանգավոր հայտարարություններ, որոնք ակնհայտորեն ուղղված էին նախագահ Թրամփի թիմի հետ մեր համատեղ աշխատանքի բոլոր նվաճումները խաթարելուն։ Մենք համատեղ աշխատում ենք խաղաղությունը մոտեցնելու համար», – գրել է նա։ «Այժմ ռուսները հորինել են ակնհայտորեն կեղծ պատմություն ռուս բռնապետի ինչ-որ նստավայրի վրա ենթադրյալ հարձակման մասին, ուստի նրանք ունեն պատրվակ շարունակելու հարձակումները Ուկրաինայի, մասնավորապես՝ Կիևի վրա, և հրաժարվելու պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց։ Սա ռուսական տիպիկ խաբեբա մարտավարություն է։ Նրանք արդեն հարձակվել են Կիևի, մասնավորապես՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքի վրա»։

Զելենսկին կոչ արեց միջազգային հանրությանը «հիմա բարձրաձայնել, որպեսզի ռուսները չխափանեն խաղաղության հասնելու շարժը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցնցված էր Ուկրաինայի կողմից Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձի մասին հաղորդագրություններից, Թրամփ-Պուտին նոր հեռախոսազրույցից հետո ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքերը հաղորդել է RBC-ի թղթակիցը։

Իր հերթին Լավրովը պնդում է, որ թեկուզ զոհեր կամ վնասներ չկան, սակայն Մոսկվան մտադիր է արձագանքել այս հարձակմանը, և Ռուսաստանի պատասխան հարվածի թիրախներն ու ժամանակը արդեն որոշված ​​են։

Պուտինը պարգեւատրել է Գալիցկի-Հարությունյանին եւ Հաջիեւին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մագնիտ»-ի հիմնադիր և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկուն (Հարությունյան) պարգևատրել է Բարեկամության շքանշանով։

Գործարարը պարգևը ստացել է «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ծառայությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար», – նշվում է փաստաթղթում։

Նույնի համար Բարեկամության շքանշանով պարգևատրվել է նաև Մախաչկալայի «Դինամոյի» նախագահ Հաջի Հաջիևը։