Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցերը

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Ի թիվս այլ թեմաների՝ քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման հարցը:

Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Բարոն, ըստ Պետդեպարտամենտի հաղորդագրության, նաև քննարկել են Գազայում մարդասիրական իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը, ինչպես նաև Սուդանում շարունակվող հակամարտությունը:

Մարկո Ռուբիոն և աԺան-Նոել Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զենք:

Ստեփանակերտի մարզադաշտը կրկին “վերանորոգում են”

Ստեփանակերտի մարզադաշտը Ալիեւը եւս մեկ անգամ որոշել է վերանորոգել: Տեսանյութում երեւում է նախագահականի նոր, ներկած տեսքը, որը նա “թանգարան” է դարձրել, ինչը փաստում է, որ մարզադաշտից կադրերը նոր են: Օկուպացիայից հետո մարզադաշտը մի անգամ արդեն վերանորոգվել է ինչ-որ ֆուտբոլային շոուի համար։

Ֆրանսիայի դեսպան. 2014 թվականի եզդիների ցեղասպանությունը դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանության կրկնությունը

2014 թվականի օգոստոսի 3-ին ԴԱԻՇ-ը սկսեց եզդիների ցեղասպանությունը։ Այս մասին սոցցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Սա դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանության կրկնությունը։ Նույն կոտորածների, բռնությունների, բռնի կրոնափոխության շարանը»,- նշել է նա։

Ոչ մի իրավական հիմք չի մնում, որ Նախիջեւանը մնա Ադրբեջանի ենթակայության տակ

Step1.am-ի հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, «Նախիջեւանի սահմանադրությունից հանվել է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին հղումը:  Նախիջեւանի սահմանադրության նախաբանում նշվում էր, որ «ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի միջազգային պայմանագրով եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի միջազգային պայմանագրով, որոնք ներկայումս ուժի մեջ են»։ Այսպիսով ի՞նչ իրավական հիմք է մնում, որ Նախիջեւանը մնա Ադրբեջանի ենթակայության տակ։

-Ոչ մի իրավական հիմք չկա։ Այն ժամանակ էլ իրավական հիմք չկար, որովհետեւ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերն անօրինական փաստաթղթեր են ի սկզբանե։ Եվ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ եթե փաստաթուղթը կնքման պահին ոտնահարել է միջազգային իրավունքի հիմնադրույթները, ապա ինքը կնքման պահից անօրինական է։ Մյուս հարցն այն է, որ Մոսկվայի պայմանագիրը, որը հիմք է հանդիսացել Կարսի պայմանագրի համար, փոխարինվել է 1925 թվականի դեկտեմբերի սովետաթուրքական պայմանագրով, որն էլ չեղյալ է հայտարարվել 1945-ին։ Եվ երրորդ, Նախիջեւանը երբեք էլ Ադրբեջանի մաս չի եղել, անգամ Մոսկվայի պայմանագրով, այն եղել է պրոտեկտորատ Ադրբեջանի ենթակայության տակ։ Դա լրիվ այլ բան է։

Եվ երբ ինքնավարություն հայտարարվեց, անգամ Թուրքիան 1924 թվականին պաշտոնապես բողոքեց, որ սա ոտնահարում է Մոսկվայի պայմանագիրը։ Հետեւաբար, ես կարծում եմ՝ ոչ մի իրավական հիմք չկա, որ Նախիջեւանը գտնվի Ադրբեջանի ենթակայության տակ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է բարձրացնի Նախիջեւանի հարցը, որովհետեւ այդ անօրինական գործընթացն էր, որ այսօր հիմք հանդիսացավ մեկ այլ անօրինական գործընթացի համար, այն է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ գործընթացները։ Դրա հիմնավորումն այն է, որ իբր Ադրբեջանիր երկու մասերն իրար հետ պետք է ցամաքային կապ ունենան։

-Իրանն ի՞նչ դիրքորոշում ունի Նախիջեւանի հարցի շուրջ, ի՞նչ եք նկատում, հնարավո՞ր է վերադարձ դեպի Իրանի ենթակայություն։

-Ոչ, դա չի կարող լինել, որովհետեւ 1928 Թուրքմենչայի պայմանագրով Իրանը հրաժարվել է Նախիջեւանից՝ հօգուտ Ռուսաստանի։ Բացի այդ, Նախիջեւանը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության մաս, որովհետեւ Նախիեջեւանը եղել է Երեւանի նահանգի մաս։ Իսկ Երեւանի նահանգի պատկանելությունը Հայաստանին երբեք չի էլ վիճարկվել, քանի դեռ բոլշեւիկները չեկան ու չսկսեցին զոհաբերել հայերի շահերը։ Իրանն այստեղ չունի իրավական հիմք, բայց Իրանը կարող է շահագրգռված լինի, որ Նախիջեւանը հայերի վերահսկողության տակ լինի, քան Ադրբեջանի։

Եթե Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունները լավանան, այսինքն՝ Իրան-Հայաստան-Վրաստան այդ միջանցքը գործի, ապա Նախիջեւանի հարցը դառնում է շատ կարեւոր, որովհետեւ Նախիջեւանի վրայով կա երկաթուղի, չգործող, բայց գոյություն ունեցող։ Չաբահար նավահանգստից մինչեւ Փոթի կոնտեյներները կարող են գնացքով գնալ։ Հետեւաբար, այդտեղ Իրանի շահագրգռությունը շատ մեծ է։ Ես կարծում եմ՝ այստեղ ոչ միայն Իրանն է շահագրգռված, այլ նաեւ Արեւմուտքը, բայց դա իրական կլինի, եթե Իրանի ու Արեւմուտքի հարաբերություններն իսկապես բարելավվեն։

Ընդհանրապես, Հայաստանը հիմա էլ պետք է նախաձեռնությամբ հանդես գա։ Ես նախկինում էլ եմ ասել՝ երբ ԱՄՆ-ն ցանկանում էր վարձակալել այդ տարածքը, մերոնք պետք է փոխադարձության սկզբունքը դնեին եւ ասեին՝ դա պետք է վերաբերի նաեւ Նախիջեւանի հատվածով անցնող ճանապարհներին ու երկաթուղուն։ Գոնե այդ հատվածը պիտի բացվի մեզ համար եւս։

Ռոզա Հովհաննիսյան

«Պահենք Հայաստանը հուդա-քրիստոնեական դաշինք»-ը հանդիպել է արցախցիների հետ

Ինչպես հայտնում է CivilNet-ը՞, հուլիսի 31-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղ էին այցելել «Պահենք Հայաստանը հուդա-քրիստոնեական դաշինք» նախաձեռնության ներկայացուցիչները։ Այցի նպատակն էր ծանոթանալ Արցախից տեղահանված բնակիչների առօրյա խնդիրներին, գտնել լուծման ուղիներ և ակտիվացնել միջազգային աջակցության մեխանիզմները։

Որտե՞ղ է Հայաստանում ջերմաստիճանը հասնելու +42°C

Օգոստոսի առաջին տասնօրյակը Հայաստանում կլինի ամենատաքը։ Այս մասին երկուշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը։

Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում սպասվում է +40°С – +42°С, ՍՅՈՒՆԻՔՈՒՄ՝ +39°С – +42°С, Երեւանում՝ +40°С – +42°С։

Օգոստոսի 10-ից կանխատեսվում է օդի ջերմաստիճանի 3-4 աստիճանով նվազում։ Հայաստանի ամենատաք վայրերում՝ Սյունիքում, Երևանում, ջերմաչափը կիջնի մինչև +36°С – +37°С։

Սուրենյանը նաև նշեց, որ Հայաստանում պատմական առավելագույնը գրանցվել է առաջին անգամ՝ 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիում, երբ ջերմաչափը հասել է +43.7°С, և 2018 թվականի հուլիսի 12-ին Երևանում՝ +42.4°С։

Ադրբեջանի զինուժը կրակել է Սյունիքում միջդիրքային ճանապարհների շինարարության էքսկավատորի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր ժամը 13:10-ի սահմաններում կրակել են Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ տուժածներ չկան:

Հայկական ռազմական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Մենք ենք մեր սարերը. «Պահպանելով Արցախը» ծրագրով՝ մաշակութային հարթակ

🎉 Ուրախ ենք կիսվել մեր մեկ այլ նախաձեռնության առաջընթացով։
Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը «Մենք ենք մեր սարերը» գործակալության կարևորագույն առաքելություններից է։
📍 Արցախի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանությունից հետո մեր առջև կանգնեց սրբազան խնդիր՝
փրկել ոչ միայն մարդկանց, այլև նրանց լեզուն, հուշերը, ավանդույթներն ու արհեստները։
Այսպես ծնվեց «Պահպանելով Արցախը» ծրագիրը՝
նպատակ ունենալով ստեղծել միաժամանակ հիշողության, ինքնության և մշակութային վերապրումի հարթակ։
🔸 Արդեն թվայնացվել է ավելի քան 10,000 էջ բանավոր ժառանգություն։
🔸 Էլեկտրոնային հարթակի գործարկումը նախատեսված է 2025-ի հոկտեմբերին։
🔸 Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան աջակցությամբ։
✨ Եթե չգործենք այսօր , վաղը կարող է ուշ լինել։
📌Հետևեք մեզ՝ շուտով կկիսվենք հարթակի նախադիտմամբ և համագործակցության հնարավորություններով։

Կառավարությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Փաշինյանի այցը ԱՄՆ

Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, եւ տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որեւէ հաղորդագրություն չենք հրապարակել եւ հետեւաբար այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո», – հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Թաղասեռի մասին Հադրութի բարբառով՝ օտար հողում՝ հարազատ, ցանկալի, զուլալ

Հայրենի Թաղասեռի մասին կարոտով է խոսում Անահիտը, հիշում գյուղի ամեն մի անկյունը, որտեղ անցել է մանկությունն ու պատանեկությունը։ Աչքերն անմիջապես արցունքոտվում են հուզմունքից ախր մի իսկական դրախտավայր էր Թաղասեռը։

44-օրյա պատերազմից հետո տեղահանվել են գյուղիցբնակություն հաստատել Ստեփանակերտում, 2023-ի սեպտեմբերի վերջին գաղթել Հայաստան, ապա արտագաղթել Ռուսաստանի Դաշնություն։

-2020-ին 19 տարեկան էի։ Երբ կորցրինք մեր գյուղը, առաջին անգամ զգացի, թե որքան թանկ է այն։ Մինչ այդ չէի հասկանում․ հավանաբար չէի պատկերացնում, որ երբևէ մարդ կարող է կորցնել իր ծննդավայրը։ Այն ժամանակ, սակայն, մենք որոշեցինք չլքել Արցախը, մնացինք Ստեփանակերտում՝ հույս ունենալով, որ կվերադառնանք մեր տները։ 2021-ին ընտանիք կազմեցի, ծնվեց որդիս։ Ապրում էինք ինչպես բոլոր արցախցիները՝ հաղթահարելով շրջափակման ծանր օրերը։ Սակայն 2023-ի սեպտեմբերը կրկին մեզ անտուն ու անօթևան թողեց։ Հայաստանում չկարողացանք մնալ, որովհետև բնակարանների վարձավճարները բարձր էին, իսկ նորմալ աշխատանք գտնել այդպես էլ չհաջողվեց ամուսնուս։ Ինչպես շատերը՝ մենք ևս արտագաղթեցինք Հայաստանից, թեև շատ էինք ուզում մնալ Մայր Հայաստանում։

Մերձմոսկովյան փոքրիկ ու հանգիստ մի փոքրիկ բնակավայրում ենք ապրում։ Երկու սենյականոց բնակարան ենք վարձակալել, որտեղ ապրում ենք 5 հոգով։ Ամուսինս ու հայրը աշխատում են։ Իհարկե, մի շարք դժվարությունների ենք հանդիպել, սակայն փորձում ենք հաղթահարել դրանք ու ամեն ինչ զրոյից սկսել։ Երկու անգամ տեղահանվելուց հետո պարտավոր ենք ուժ հավաքել, որովհետև այլ կերպ չենք կարող։ Պետք է ոտքի կանգնենք, որ կարողանանք ցույց տալ, որ արցախցին ուժեղ է, ինչքան էլ նրա հոգին դառնացած լինի,-ասում է Անահիտը։

Հադրութի յուրահատուկ բարբառը օտար հողում բոլորովին այլ կերպ է հնչում՝ հարազատ, ցանկալի ու այնքա՜ն զուլալ։ Փոքրիկ Նարեկը ևս այդ բարբառով է ասում իր առաջին բառերը։ Նրա թոթովախոս լեզվով ասված ամեն մի բառն ասես մի ողջ աշխարհ լիներ։ Ես, որ մայրական կողմից Հադրութից եմ, կլանված լսում էի նրանց խոսակցությունը, երբեմն ինքս փորձում այդ բարբառով խոսել, որից իմ մեջ անմիջապես մանկությանս քաղցր հիշողություններն են արթնանում զգում եմ սև թթի, մեղրածոր մրգերի, տատիկիս ձեռքերով պատրաստած չիր ու չամիչի  քաղցրահամը։ Հադրութցի երիտասարդ ընտանիքի հետ զրույցն ինձ տանում է դեպի երանելի մանկություն, որտեղ պապիկս ու տատիկս էին՝ գրկաբաց, աղոթող շուրթերով։

 -Հադրութա մինակ մեր բարբառն ա մըզ մնացալ, վախումում, վեր մին օր սա էլ կուրցնինք։ Տրա հետի մունք միշտ պիտի մեր բարբառավ խոսինք մեր խոխոնցը նհետ, հանցու մոռանանվեչ։ Հինչքան կրեսընք, մունք պիտի մեր բարբառը պահինք։ Ես ուզիսչում որիշ լյուզվավ խոսիմ,- կարոտից լացակումում է Անահիտն ու այդ հաճելի զգացողությունը փոխանցում ինձ։

Կարինե Բախշիյան

Արա Պապյան․ Բացի նեղ շրջանակից, որեւէ մեկը չի տեսել, թե ինչ 17 կետեր են ներառված այդ փաստաթղթում

«Իմ կարծիքով՝ հանդիպում տեղի կունենա, բայց խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի։ Լուրերը տարբեր են, կարծես թե խոսքը ոչ թե բուն փաստաթղթի ստորագրման մասին է, այլ ԱՄՆ-ում հայտարարություն կարվի, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամ են ստորագրելու։ Իմ կարծիքով, այո, նման մի բան տեղի կունենա, որովհետեւ ԱՄՆ-ն ու Թրամփն ուզում են այս հարցում որոշակի հաջողություն ցույց տալ։ Գիտենք, որ Թրամփի երազանքն է խաղաղության նոբելյան մրցանակ ստանալ»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նշենք, որ այսօր տեղեկություն եղավ, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում, որտեղ, ենթադրաբար, Թրամփի հովանու ներքո պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիր։

Արա Պապյանի խոսքով՝ Ալիեւին ամենեւին պետք չէ այդ փաստաթուղթը ստորագրել։ Երկրորդ, այդ փաստաթուղթը չի կարող ստորագրվել օրինական, որովհետեւ ստորագրվելուց առաջ այն պետք է նախաստորագրվի, մի ամբողջ ընթացակագ կա, որ պետք է անցնի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի եզարակացությունը պետք է լինի։ Արա Պապյանը նշում է, որ բացի նեղ շրջանակից, որեւէ մեկը չի տեսել, թե ինչ 17 կետեր են ներառված այդ փաստաթղթում։ «Ըստ Սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ոչ թե կառավարող կուսակցությանը կամ խմբին, մենք պետք է տեսնենք՝ ի՞նչ կետեր են ներառված այդ փաստաթղթում, մանրամասներն են կարեւոր»,- ասաց նա։

Պապյանի խոսքով՝ Հայաստանն այս գործընթացից օգուտ չի ստանա, քանի որ 17 կետերի մեծ մասը մեր դեմ են ուղղված, այդ փաստաթուղթն ըստ էության դա ադրբեջանական պահանջների կատարում է։

«Միակ բանը, որը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պետք է ծախեն, դա խաղաղություն բառն է։ Ինքը պիտի ասի՝ տեսեք, բոլորը պատերազմ են ուզում, ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Իհարկե, Ալիեւը կընդառաջի, ամեն ինչ կանեն, որ դա այդպես լինի, որովհետեւ իրենց շատ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը։ Բայց խաղաղության մասին փաստաթուղթը եւ խաղաղությունը երկու տարբեր բաներ են։ Ես վստահ եմ՝ այդ փաստաթղթի մեջ Հայաստանի վրա կդրվեն այնպիսի պարտավորություններ, որոնք Հայաստանը պարզապես ի վիճակի չի լինի կատարել, հետեւաբար, Հայաստանը կլինի այդ փաստաթուղթը խախտող կողմը, ինչն ինքնըստինքյան իրավունք կտա Ադրբեջանին առանց որեւէ պատասխանատվության հեռանալ այդ փաստաթղթից։ Այսինքն՝ երբ հարմար լինի Հայաստանի վրա հարձակվելու, այդ թուղթը հաստատ չի զսպի Ադրբեջանին»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

ԱՄՆ-ն մտադիր է դառնալ նոր աշխարհակարգի «կնքահայրը», որտեղ հողի իրավունքը որոշվում են զենքի ուժով

Երկուշաբթի առավոտյան Բաքվի լրատվամիջոցները, հղում անելով Վաշինգտոնի թղթակից Ռաուֆօղլուին, հաղորդել են, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում, որտեղ, ենթադրաբար, Թրամփի հովանու ներքո պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիր։

Բաքվի որոշ լրատվամիջոցներ հրապարակել և անմիջապես ջնջել են հաղորդագրությունը, սակայն հասցրել են մտահոգվել՝ արդյոք դա կլինի փաստաթղթի ստորագրում, թե՞ նախաստորագրում։ Ի վերջո, Բաքուն կտրականապես պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում, որը պարունակում է հղում Անկախության հռչակագրին և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը։ Բաքուն գրեթե մեկ տարի պնդում է, որ մինչև այս հղումը չհեռացվի ՀՀ Սահմանադրությունից, ստորագրում չի լինի։

Աբու Դաբիում, ըստ երևույթին, քննարկվել է տարբերակ, որի դեպքում հնարավոր կլինի նախաստորագրել փաստաթուղթը՝ մինչև ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը, ինչը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարեց հայ-իրանական սահմանի ամերիկյան վարձակալության որոշակի տարբերակի մասին, որի համաձայն Բաքվին կտրամադրվեր “անարգել” անցում դեպի Նախիջևան, իսկ այնտեղից՝ Թուրքիա։

Հայկական կողմը նախ հայտարարեց, որ մերժում է վարձակալության տարբերակը՝ որպես ինքնիշխանությանը հակասող, ապա արձակուրդում գտնվող վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ հողը վարձակալության չեն տա, բայց ճանապարհը հավանական է, որ կտան։

Ինչպես կազդի «ճանապարհի վարձակալությունը» հայ-իրանական սահմանի վրա, տիկինի մամուլի քարտուղարը չասաց։ Արդյո՞ք Իրան-Հայաստան ճանապարհը, որն այժմ կառուցվում է արագացված տեմպերով, այդ թվում՝ իրանական ընկերությունների կողմից, կփակվի։ Եվ արդյոք իրանական ընկերությունները ստիպված կլինեն մաքսային տուրքեր վճարել «ամերիկյան ընկերությանը», որը կվարձակալի Հայաստանի հարավը։ Արդյո՞ք Հայաստանը կկարողանա օգտագործել վարձակալության տրված ճանապարհը։ Եվ այս դեպքում կբացվի՞ հայ-թուրքական սահմանը։

Այս բոլոր հարցերին պատասխանեց նախագահ Վահագն Խաչատրյանը, որը եռօրյա այցով մեկնեց Սյունիք և ասաց, որ անհրաժեշտ է բացել «Սյունիքի դարպասները», հակառակ դեպքում զարգացում չենք ունենա։ Խաչատրյանի այցը կարելի է անվանել «հրաժեշտի», ինչպես անցյալ տարի Փաշինյանը գնաց Տավուշ և բնակիչներին ասաց, որ եթե չհրաժարվեն երեք գյուղերից, դրանք կվերցվեն ուժով։ Եվ ժողովուրդը նահանջեց։ Հիմա միայն ծույլերը չեն խոսում Սյունիքի հանձնման մասին։

Թուրքիայի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել՝ քննարկելու «ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», չնայած, կարծես, ոչ մի լարվածություն չկա։ Սակայն սա նրա համար է, որ Վահագն Խաչատրյանը ինչ-որ բան ունենա Սյունիքի բնակիչներին վախեցնելու համար։

Միևնույն ժամանակ, ամերիկացի քաղաքական գործիչները նշում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը «անջատվում» են Ռուսաստանից, և ժամանակն է, որ Միացյալ Նահանգները կարգավորումը վերցնի իր ձեռքը։ Ամերիկացիները՝ ռուսների հետ համաձայնությամբ Իսրայելին և Թուրքիային «նշանակել են» տարածաշրջանի վերահսկիչներ և բոլոր հարցերը կլուծեն այս հայեցակարգի հիման վրա, այդ թվում՝ Պաղեստինի հարցը։ Ռուսաստանն ինքը ուրախությամբ և հեշտությամբ է տարածաշրջանը հանձնում Թուրքիային՝ դուրս գալով Կարսի պայմանագրից և ամենեւին չբողոքելով Հայաստանի հարավի փաստացի բռնակցման դեմ։

Հատկանշական է, որ ուրբաթ օրը օգոստոսի 8-ն է, երբ լրանում է Թրամփի կողմից Ռուսաստանին տրված վերջնաժամկետը՝ Ուկրաինայի հետ երկխոսություն հաստատելու համար։ Այս օրերին Էրդողանը մեկնում է Կիև, իսկ ԱՄՆ դեսպան Վիթքոֆը չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը կլինի Մոսկվայում։ Ուկրաինական հարցի լուծման ԱՄՆ հայեցակարգը նույնպես հայտնի է՝ դադարեցնել պատերազմը ներկայիս առաջնագծում և ճանաչել Ռուսաստանի իրավունքը ուկրաինական տարածքների մի մասի նկատմամբ։

ԱՄՆ-ն մտադիր է դառնալ նոր աշխարհակարգի «կնքահայրը», որտեղ հողի իրավունքը որոշվում է, ինչպես վեստերներում, զենքի ուժով: Նման աշխարհակարգի դեպքում ոչ մի երկիր, հատկապես նրանք, ովքեր հավակնում են լինել տերություն, հանգիստ չի ունենա, հողը կայրի բոլորի ոտքերի տակ, հատկապես, եթե այն խլված է բնիկներից: