Երևանի մի շարք թաղամասերում քաղաքացիները փակցրել են Արցախի դրոշը

Երևանի մի շարք թաղամասերում քաղաքացիները փակցրել են Արցախի դրոշը՝ որպես հիշողության և համերաշխության խորհրդանիշ։

Գործողությունը նպատակ ունի ընդգծել, որ Արցախի թեման մնում է հասարակության ուշադրության կենտրոնում, և ոչ մի քաղաքական վերաբերմունք կամ մերժում չի կարող ստվերել անցածը կամ կտրել կապը նրա ճակատագրից։

Մասնակիցները ընդգծում են՝ կարևոր է չլռել և չթողնել, որ պատմական իրողությունները ենթարկվեն մոռացության կամ վերարժևորումների։

Տեսանյութը տարածվել է «Yerevan Community» Telegram ալիքից։

Մարիամ Սարգսյան

https://www.facebook.com/share/r/1APWjTiymh/ 

Ժամանակն է մեջքը ուղղել և վնասազերծել հակահայ «ականները»

Միջազգային ճգնաժամային խմբի 2019 թվի դեկտեմբերի 20-ին հրապարակած զեկույցը ավելորդ հիշեցում է, որ բանակցային գործընթացի դիվանագիտական ու քաղաքական ողջ բովանդակությունը մնում է խեղված ու վտանգավոր: Նաև արդարության ու ճշմարտության դեֆիցիտը շարունակում է արդիական մնալ, քանի դեռ հեղափոխությունն էլ միտված է շրջանցելու հիմնական քաղաքական գործոնին` Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին, ու 1987-1992թթ. Ադրբեջանում տեղ գտած ցեղասպանության փաստը:

Սովորականի նման, այս զեկույցն էլ աչքի է զառնվում կեղծիքներով ու ընդգծված կողմնակալությամբ համեմված գեղարվեստական ձևավորմամբ, ինչը միտված է ապահովելու հուզական դաշտ, որում ադրբեջանական կողմը կընկալվի զոհ:  Ճգնաժամայինը տեղադրում է լուսանկար, որի տակ գրում է, թե Ադրբեջանի Թարթառի շրջանի Հասանքայայի գյուղի փողոցի սյունին փաթաթված արհեստական ծաղիկները ի հիշատակ են մի աղջկա, ով զոհվեց 2016 թվի սրման (էսկալացիայի) ժամանակ, ու անբարո կեցվածքով կրկին խեղվում են ագրեսորի ու զոհի դերերը: Հաջորդ լուսանկարում շփման գծին մոտ բնակվող «ադրբեջանցի ներքին տեղահանվածներն» են, իսկ արդեն երրորդում` շինարարության պահ է Իշխանաձորում, ըստ Ճգնաժամայինի` վերջինս ամենաարագ ու ամենամեծ կառուցվող բնակավայրն է  Ազատագրված տարածքներում, որոնց դա բնորոշում է «հարակից»: Ճգնաժամայինի ուշադրությունը սևեռված է «հարակից» տարածքներում վերաբնակեցմանը: Ասում են` սատանան մանրամասների մեջ է. վերաբնակիչների մասին խոսելիս նշում է, որ «էթնիկ հայեր են` տեղափոխված Ադրբեջանի հարևան շրջաններից կոնֆլիկտի ընթացքում», փաստում է նաև, որ բանակցությունները 1992 թվին սկսված կոնֆլիկտի շուրջ են, բայց ոչ մի խոսք կոնֆլիկտի էության մասին: Այնուհետև, հղում անելով Արցախի իշխանություններին, պատմում է, որ մինչև 2004 թիվը Ազատագրված տարածքներում վերաբնակվել են 30 000 Ադրբեջանից հայ փախստականներ ու  60 000 ներքին տեղահանվածներ` Շահումյանի շրջանից: Ճգնաժամայինը նաև հիշեցնում է, որ մինչև 2005 թիվը Երևանը ֆինանսավորել է վերաբնակեցումը, սակայն 2005 թվին Մինսկի խումբը  կոչ էր արել կասեցնել այն, ու Երևանը արգելափակել է Ազատագրված տարածքների վերաբնակեցումը: Այս հարցին մենք անդրադարձել ենք նաև այստեղ`(https://www.lragir.am/2019/08/18/468169/):

Ճգնաժամայինը զեկույցը կրկին կառուցում է քննարկման դաշտում դրված հակահայ «ականների» վրա, որոնք հայտնվեցին դեռևս բանակցային գործընթացի ակունքներում ու մինչ օրս վնասազերծված չեն:  Իսկ դրա ֆոնին Հայաստանում հնչում է «ստատուս քվոյի պահպանման» բանաձևը: Թե որքան վտանգավոր է վերջինը, կարելի էր նույնիսկ եզրակացնել անցած տարվա դեկտեմբերի 4-ի Բրատիսլավյան հանդիպման և դրան հետևած օրերին հայության փոթորկահույզ հոգեվիճակից ու իշխանությունների հանդեպ սրված անվստահության մթնոլորտից: Չվնասազերծված «ականները» հայության մեծ հոգսն են կենսական կարևորության այդպիսի մի հարցում, ինչպիսին Արցախյանն է:

Որո՞նք են այդ «ականները», որ այսօր էլ փորձում են թավիշով շղարշել:

Առաջին «ականը» այն է, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները`որպես առանցքային քաղաքական գործոն, դուրս են մղվել բանակցային գործընթացից` հենց սկզբից: Թե ինչո±ւ`մեր հարցին Վ. Կազիմիրովը պատասխանեց, որ դա եղել է հայկական կողմի որոշմամբ: Իսկ հայկական կողմը այդպես էլ պատասխան չի տվել մեզ: Մենք գտել ենք այդ հարցի պատասխանը, ու մեզ դրանում օգնել է նաև Ճգնաժամայինը:

Երկրորդ «ականը»`իբրև 1992 թվին Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագել է կոնֆլիկտ: Իրականում 1992 թվին (դրա մասին վկայում է նաև Ա. Մութալիբովը 2017 թվի վերջին տված իր հարցազրույցում) Ադրբեջանի նկրտումն էր Չարդախլուից, Սումգայիթից, Նախիջևանից, Բաքվից, Գանձակից և Գարդմանքից, Շաքիից ու Շիրվանից հետո էլ հայության ցեղասպանությունը շարունակել Լեռնային Արցախում: Ու բռնկվեց ինքնապաշտպանական պատերազմը` մի կողմում հայությունն էր, մյուս կողմում ցեղասպան Ադրբեջանը: Այսինքն, բանակցություններում չեն քննարկում 1987թվին Չարդախլուում, 1988-ին` Սումգայիթում, 1988-1989 թվերին Գանձակում ու Գարդմանքում, 1988-1989 թվերին և 1990 թվի հունվարի 11-19-ին`  Բաքվում ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ իրականացրած ցեղասպանության փաստը: Չեն քննարկում, որ 1987-1992 թվերին Բաքվում տեղավորված ցեղասպան ռեժիմը կոնֆլիկտի մեջ էր իր իսկ քաղաքացիների հետ` պետականաստեղծ, տիտղոսային հայ ազգի ներկայացուցիչների հետ, այսինքն, չեն քննարկում, որ կոնֆլիկտը ի սկզբանե ներադրբեջանական էր: Ահա այսպես էլ շրջանցում են շուրջ 820 000 Ադրբեջանական խՍՀ-ից հայ փախստականների ձևավորման պատճառը (Ճգնաժամայինը հղում է անում հայկական իշխանությունների այն վկայությանը, որ Հայաստանում գրանցվել են ավելի քան 360 000 հայ փախստականներ), այնուհետև, նաև` նրանց  իրավունքները:

Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը 1990 թվականի փետրվարի 13-ին ընդունել է որոշում` «1990 թ. Բաքու քաղաքում և Ադրբեջանական ԽՍՀ-ի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած սպանությունների, ջարդերի և դրա հետևանքով տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի սրման մասին», որտեղ Հայկական ԽՍՀ-ի Գերագույն Խորհուրդը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր հայկական բնակավայրերում տեղ գտած ոճրագործությունները գնահատեց որպես ցեղասպանության շարունակություն: Այս որոշումը տեղ չգտավ բանակցային գործընթացում, այսօր էլ`Բաքվի հայերի 1990 թվի հունվարի ցեղասպանությունից 30 տարի անց, հայկական պետական մարմինները շրջանցում են այն:

Հեղափոխական իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտի ստեղծման ու ամրացման համար պահանջված է, որ նրանք, նաև անկախ մասնագետների և փորձագետների ներգրավմամբ, կազմակերպեն ուսումնասիրություններ և քննարկումներ 1987-1992 թվերին Ադրբեջանում հայության դեմ կատարվածի շուրջ, որոնց արդյունքները հետո պետք է մտնեն բանակցային քննարկման դաշտ: Այդ մասին մեր կողմից մշակած նախագիծը կառավարություն է ներկայացվել դեռևս 2019 թվի ամռանը:

Եվ երրորդ «ականը» տարածքներին տրված կարգավիճակն է` «օկուպացված»: 2019 թվի սեպտեմբերին կառավարություն ենք ներկայացրել միջազգային իրավական ակտերի, կոնվենցիաների, որոշումների յոթ փաթեթներ, որոնք հիմք են տվել մեզ պարբերաբար հայտարարելու, որ Ազատագրված տարածքների եզակի իրավատերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներն են, որ այդ տարածքների կարգավիճակը «օկուպացված» լինել չի կարող, դրանք ազատագրված են ցեղասպանից:

Հայկական իշխանությունները պետք է հրաժարվեն «ժամանակ շահելու» անհեռատես ու ռիսկային մարտավարությունից, օր առաջ մշակեն ռազմավարություն ու ձեռնարկեն թուրքիզմի ծրագրերը սնուցող «ականների» վնասազերծման քայլեր: Չմոռանանք, որ դրանց կարող են «պայթեցնել» մեզ համար խոցելի պահի:

Իսկ ժամանակ կարելի էր շահել, թե չարգելեին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին` Ազատագրված տարածքների իրավատիրոջը, վերաբնակվել այնտեղ: Թեկուզ հիմա` թո՛ղ սկսվի տարածքների լիարժեք վերաբնակեցումը:

Այսօր վերաբնակեցման տեմպերը որքան էլ որ բարկացնեն Ճգնաժամայինին կամ էլ Մինսկի խմբին, միևնույնն է, առայժմ կաշկանդված են տարածքները «սեփականացրած» օլիգարխների ճիրաններում:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող` Մարիամ Ավագյան

02.01.2020թ.

https://www.lragir.am/2020/01/02/506266/

Սամվել Մովսիսյան․ ամեն ինչ արվում է արցախցի բալիկներին օգտակար լինելու համար

Դեկտեմբերի 6-ին Երևանի Մարիոթ հյուրանոցն Արցախով էր շնչում․ մանուկների խինդ ու ծիծաղ, արցախյան քաղցրածոր բարբառ, կարոտած հայացքներ, սրտաբուխ հիշողություններ․․․

Արցախցի շուրջ 450 երեխաներ էին հավաքվել։ Առիթը ձմեռային բաճկոններ ստանալն էր։ Նրանց այդ ուրախությունը պարգևել է արցախցիների բարեկամ Սամվել Մովսիսյանը, ով մի շարք բարեգործների շնորհիվ ավարտին է հասցրել նոյեմբերի 1-ին սկսած ծրագիրը։ Բաճկոններ են տրամադրվել զոհված զինծառայողների, պայթյունից տուժածների, հաշմանդամ ու բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև երեխաների, ովքեր ունեն դրա կարիքը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Սամվել Մովսիսյանը՝ նշելով, որ ամեն ինչ արվում է արցախցի բալիկներին օգտակար լինելու համար և նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Նա շնորհակաություն հայտնել նաև բոլոր հովանավորներին և Մարիոթ հյուրանոցի տնօրենությանը՝ բարեգործական նպատակով սրահը տրամադրելու համար։

Ծրագրի հովանավորներից՝ ՀՀ մշակութային գործիչ, վաստակավոր դերասան Հրանտ Թոխատյանն իր սրտի խոսքն է ուղղել ներկաներին։ Նա շեշտել է, որ արցախցի բալիկները միշտ գտնվելու են ուշադրության ու հոգատարության ներքո և արվելու է հնարավորը, որպեսզի նրանց աչքերում միշտ ուրախություն լինի և հետագայում ավելի շատ երեխաների տրվի նման աջակցություն։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի այրի Աննա Ավանեսյանը բոլորի անունից իր շնորհակալությունն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին ու կազմակերպիչներին՝ նշելով, որ այսօր ցանկացած աջակցություն անհրաժեշտություն է յուրաքանչյուր արցախցու։

Միջոցառման ընթացքում երեխաները հանդես են եկել երգ ու պարով՝ ցույց տալով այն մեծ սերն ու կարոտը, որ տածում են Արցախի հանդեպ․․․

Նշենք, որ Սամվել Մովսիսյանի նախաձեռնությամբ մի շարք բարեգործական ծրագրեր են իրականացվել 2023-ի տեղահանությունից հետո։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ամոթ է․ չի կարելի ազգի համար ողբերգական օրը վերածել պառակտման ակտի

Այսօր Գյումրիումում, տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլած և Հայաստանի ամբողջ հյուսիսը ավերած ողբերգական երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը, մատուցվում է երկու զուգահեռ պատարագ։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը մասնակցում են մեկին, իսկ գյումրեցիները և այս օրը նրանց աջակցելու եկածները՝ մյուսին։

Ինչո՞ւ Փաշինյանը ընտրեց հենց այս օրը Գյումրիում պատարագին մասնակցելու համար։ Ինչո՞ւ է հայ ազգի համար սրբազան ամեն ինչ վերածվում պառակտման աղբյուրի։

Կառավարությունը չպետք է երկրաշարժի զոհերի հիշատակի օրը վերածեր պառակտման ակտի. դա սրբապղծություն է, որը դժվար թե կարելի լինի քավել եկեղեցում։ 

Ինչպես հայտնում են ԶԼՄ-երը, այսօր առավոտյան իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին, որը երեկ երեկոյան քահանաների՝ թղթի վրա գրված ստորագրություններով կնիքվել ու փակվել էր: Այստեղ է պատարագ մատուցվում, որին ներկա է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի հետ փաստորեն Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի են գնացել նրան աջակցող բարձրաստիճան հոգեւորականները։

Շիրակի թեմի հոգևորականները, երգչախումբը, նույնիսկ մոմ վաճառողները բոյկոտում են այս պատարագը: Նրանք պատարագի կմասնակցեն Յոթ Վերքի դիմաց գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:

Երեկ տարածած հայտարարությամբ Շիրակի թեմի 29 քահանաները վերահաստատել էին, որ իրենցից որևէ մեկը չի մասնակցի մի պատարագի, որտեղ չեզոքացվելու է Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը: Ավելին՝ շեշտել էին՝ եթե իրենցից բացի, որևէ մեկը պատարագ մատուցի առաջնորդանիստ եկեղեցում, դա կնշանակի Յոթ Վերքի բռնազավթում:

Գարեգին Երկրորդ վեհափառինին գահից հեռացնել ցանկացող վարչապետ Փաշինյանի պայմանն է, որ իր մասնակցությամբ պատարագներում չհնչի կաթողիկոսի անունը, ընդ որում՝ օրերս խոստովանել էր, որ այդ գործին կարող է նաև Ազգային անվտանգության ծառայությունը խառնվել:

Բնակարանների կառուցումը կարելի է իրականացնել պետական ծրագրով՝ ներգրավելով օտարեկրյա դոնորների

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր որոշման նախագիծ՝ Արցախից բռնի տեղահանված, մինչև երեք անձից բաղկացած ընտանիքների բնակարանի վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ: Ըստ նախագծի, աջակցության ծրագրի մեկնարկը կտրվի 2026 թվականի հուլիսի 1-ից: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։

Նոր ծրագիրը ներկայումս գտնվում է հանրային քննարկման փուլում՝ e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի ընդունման դեպքում ծրագրին հնարավոր կլինի դիմել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը օնլայն հարթակի միջոցով, որտեղ պետք է լրացնել ընտանիքի անդամների անձնական տվյալները և հաշվեհամարը, ինչպես նաև վարձակալվող տան տիրոջ անուն ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը։ 

Այս որոշման նախագիծը արցախցի փոքրակազմ ընտանիքների շրջանում մեծ մտահոգություններ է առաջացնում:

Step1.am-ի հետ զրույցում նախագծի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել արցախցի երգչուհի Լիլիթ Ավանեսյանը:

«Ես, լինելով մեկ հոգանոց ընտանիքի ներկայացուցիչ, համարում եմ, որ տվյալ նախագծի ընդունումը բնակապահովման խնդրի լուծում չէ, քանի որ, իմ տեղեկություններով, այս պետական աջակցությունից կօգտվեն հատուկ կարիքներ ունեցող մինչև երեք անդամից բաղկացած ընտանիքները, որտեղ կան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 60 տարին լրացած անձինք:

Իսկ եթե ծրագիրն անգամ ներառի բոլոր փոքրակազմ ընտանիքներին, ապա այս դեպքում ևս կլինեն բազմաթիվ խնդիրներ: Հաշվի առնելով այսօրվա, հատկապես երևանյան ու մարզային գները (որտեղ նվազագույն բնակվարձը տատանվում է 140-150 հազարի շրջանում), 40,000 դրամով անհնար է լուծել  բնակարանի վարձի խնդիրը, քանի որ դա ընդհանուր գումարի չնչին մասն է կազմում: Հետևաբար այս նախագիծը աբսուրդային ժանրից է և ընդունման պարագայում մենք տասը տարի մնալու ենք որպես վարձակալ ու չենք ստանալու սեփականություն:

Ինչ վերաբերվում է տվյալ հարցի լուծմանը, ապա ներկայումս կարավառության կողմից ես նույնիսկ քայլեր չէմ տեսնում այդ ուղղությամբ, էլ չէմ խոսում համապատասխան նախագծեր առաջարկելու վերաբերյալ: Արցախցիների բնակապահովման խնդրի լուծումը ես տեսնում եմ միայն նրանց բնակարաններ տրամադրելու եղանակով՝ գյուղաբնակներին գյուղերում, իսկ քաղաքաբնակներին՝ քաղաքներում: Բնակարանների կառուցման գործընթացը կարելի է իրականացնել պետական ծրագրով՝ արցախցիներին տրամադրվող բնակարանային սերտեֆիկատների գումարներով, ներգրավելով օտարեկրյա դոնորների:

Եթե ՀՀ կառավարությունը ցանկություն չունի հրատապ ու պատշաճ լուծոմ տալ տվյալ հարցին, ապա մենք՝ արցախցիներս պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք: Պետք է դիմել գերտերությունների դեսպանատներ, որպեզի համաշխարհային հանրությունն ուշադրություն դարձնի, և տվյալ խնդիրներին ի վերջո լուծում տրվի»։

Արսեն Աղաջանյան

Եվրոպան Զելենսկիին զգուշացնում է ԱՄՆ-ից եկող վտանգի մասին

Հավաքական «Արևմուտք» հասկացությունը եվրատլանտյան հանրության նկատմամբ, կարծես, մոռացության է մատնվում: Գազայի և Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն և Եվրոպան գտնվում են բարիկադների հակառակ կողմերում: Իսկ Թրամփի առաջարկած՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու պլանից հետո, ավելի պարզ դարձավ, որ Թրամփի ծրագիրն ուղղված է Եվրոպայի դեմ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է լրատվամիջոցների հակասական հաղորդագրությունները, որոնցում նրան վերագրում են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հնարավոր «դավաճանության» մասին հայտարարությունները: Ֆրանսիայի առաջնորդը կտրականապես հերքում է և ընդգծում Եվրոպայի և Ամերիկայի միասնության կարևորությունը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար, ըստ Reuters-ի։

Հիշեցնենք, որ գերմանական Der Spiegel ամսագիրը հրապարակել է հաղորդագրություններ, որոնց համաձայն՝ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը, իբր, լուրջ կասկածներ են հայտնել ԱՄՆ-ի և նրա հատուկ ներկայացուցիչների արդյունավետության վերաբերյալ: Der Spiegel-ի տվյալներով՝ Մակրոնը և Մերցը հայտարարել են, որ Զելենսկին պետք է «չափազանց զգույշ լինի առաջիկա օրերին»: «Նրանք խաղեր են խաղում և՛ ձեզ, և՛ մեզ հետ», – հրատարակությունը մեջբերել է Գերմանիայի կանցլերի խոսքերը:

Եվրոպան կարծում է, որ Կիևը չպետք է գործարք կնքի Ռուսաստանի հետ առանց Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքների, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Քաղաքական գործիչները ընդգծել են, որ Միացյալ Նահանգները պետք է հստակորեն պարզաբանի իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ՝ «նախքան Ռուսաստանի պահանջներին համաձայնելը»։

Քոչարյան․ Փաշինյանը կամ գործակալ է, կամ տգետ, կամ միտումնավոր է անում

Ես մտածել եմ, թե ինչու է երկրի ղեկավարը քայքայում պետականության հիմքերը և միայն երեք տարբերակ է ի հայտ գալիս։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Առաջինը, եթե երկրի առաջնորդը գործակալ է, երկրորդ տարբերակը՝ եթե երկրի առաջնորդը տգետ է և մեծամիտ և երրորդ տարբերակը՝ անում է մտածված և միտումնավոր։ Ուրեմն պետք է փնտրենք շարժառիթներ, թե ինչի համար է սա արվում։

Հիմա հերթով. գործակալ լինելը ամբողջությամբ բացատրում է, թե ինչի համար է սա արվում, բայց ես փաստեր չունեմ և ունեմ մեկ բանաձև, որ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որոնք այսօր արվում են։ Բայց ես փաստեր չունեմ, սա իհարկե ենթադրություն է։ Թեկուզ վերջերս հենց Փաշինյանի կողմից նշանակված նախարարը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի և շուտով կհրապարակի։ Պաշտպանության նախարար աշխատած անձնավորությունը։

Երկրորդը, այնպես է ստացվել, օրինակ, երկրի առաջնորդը տգետ է և մեծամիտ։ Այս հանգամանքը բացատրում են այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը արել է 2018–ից մինչև 2020 թվականի պատերազմում պարտություն։ Դա բացատրվում է տգիտությամբ և մեծամտությամբ, բայց չի բացատրում այն, ինչ կատարվեց դրանից հետո։

Եվ երրորդ տարբերակը՝ արվում է միտումնավոր և պլանավորված։ Լինում են դեպքեր, երբ երկրի առաջնորդի անձնական շահերը չեն համընկնում կամ հակադրվում են երկրի իրական շահերին։ Պատմությունը գիտի նման դեպքեր։ Հիմա փորձենք հասկանալ, միգուցե հենց այս դեպքն է այսօր Հայաստանի Հանրապետությունում։

Ես բերեմ մի քանի օրինակ, որոնք ակնհայտ ցույց են տալիս, որ երկրի առաջնորդը պատրաստ է ի հակադրվելով երկրի շահերին առաջ մղել իր անձնական շահերը։ Առաջինը, 44 օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 18–ին առաջարկ եղավ կանգնեցնել պատերազմը, որը մերժվեց վարչապետի կողմից։ Երկրի շահերից էր բխում անկասկած օր առաջ կանգնեցնել այդ պատերազմը։ Պատերազմը չի կանգնեցրել մեկ պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ դեպքը անմիջապես պարտվելուց հետո երկրի շահերից էր բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, հնարավորություն տա մաքրվել այս պարտությունից և նոր առաջնորդը փորձի վերանորոգել այն պրոբլեմները, որոնք ծանրացել են երկրի վրա պարտության հետ կապված։

Չի արել, արդյունքում հանձնվեց Գորիս–Կապան ճանապարհը, Շուրնուխի կեսը և այլն։ Այս շարքը ես կարող եմ շարունակել, օրինակ երբ ճանաչվեց Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա, իհարկե, չէր բխում Հայաստանի շահերից»,– ընդգծեց Քոչարյանը։

Ձյուն և անձրև

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 6-9-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երեւանում դեկտեմբերի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ի գիշերը սպասվում է անձրև։

Շիրակի թեմը որոշել է դիմադրե՞լ

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այս կիրակի Գյումրիում կայանալիք պատարագին մասնակցելու մասին։ Նախկինում յուրաքանչյուր թեմում, որտեղ նա մասնակցել է պատարագին, գտնվում էր մի քահանա, որը համաձայնվում էր պատարագը կատարել՝ առանց աղոթքի մեջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը հիշատակելու։ Առաջինը դա արել է նախկին քահանա Տեր Արամը, որը, ինչպես ասում են, դեռևս զբաղեցնում է Հովհաննավանք եկեղեցին։ Չնայած ոչ ոք այլևս չի հիշում Տեր Արամին, նրան հաջողվել է սեպ խրել եկեղեցու մոնոլիտի մեջ։

Այսօր երեկոյան, ասում են, Մարսելից վերադարձող կաթողիկոս Գարեգին Բ-ին կարող են «մեկուսացվել»՝ դեկտեմբերի 10-ին հրավիրված Եպիսկոպոսական ժողովը խափանելու համար։ Տասը եպիսկոպոսներ արդեն կոչ են արել Գարեգին Բ-ին հրաժարական տալ։ Եկեղեցուն ամենահավատարիմ չորս եպիսկոպոսներ, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, գտնվում են ճաղերի ետևում։

Մինչ օրս ոչ մի թեմում եկեղեցականները կամ հոտը չի փորձել կանխել եկեղեցական կանոնը խախտող պատարագները։ Շիրակի թեմի քահանաները հայտարարություն են տարածեցին, որում նույնպես ֆիզիկական դիմադրության որևէ ակնարկ չկար, սակայն առաջին անգամ թեմի քահանաները միասնական էին։

Շիրակի թեմի հոգևորականաց հայտարարություն է տարածել։

«Հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները:

Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը:
Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով»։

Շահրամնայնին հարցրել են, թե ինչո՞ւ է Բագրատ սրբազանը նրան մեքենա նվիրել

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ մեքենայի հարց է քննարկվել Քննչական կոմիտեում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

Երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ համակարգից տեղեկություններ են հասել կայացած հարցաքննությունից։ Մասնավորապես, թե Շահրամանյանին ինչ հարց է ուղղվել Բագրատ սրբազանի գործով։

Հարցերից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, թե ինչպես 2024 թվականի հունիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։

Ինչպես հայտնի է, ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Շահրամանյանին սպասարկող մեքենան, ինչից հետո Բագրատ սրբազանը իր մեքենան նվիրեց Սամվել Շահրամանյանին։

Թերեւս սա էր կապը Բագրատ սրբազանի եւ Արցախի նախագահի միջեւ, դրա համար էլ վերջինիս հարցաքննել են «ահաբեկչության» գործով»։

Միացյալ Նահանգները Ուկրաինային են մղում խաղաղության, բայց Ուկրաինան պատրաստ է պատերազմել

ԱՄՆ Պետդեպարտամենտը և Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարություն են տարածել Վաշինգտոնի և Կիևի միջև Ֆլորիդայում կայացած բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը, Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Վիտկոֆի և Քուշների վերջերս Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որտեղ նրանք քննարկել են պատերազմը դադարեցնելու ծրագիրը: Ավելին, ամերիկյան և ուկրաինական կողմերը «համաձայնության են եկել անվտանգության կարգավորումների շրջանակի շուրջ և քննարկել են կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ զսպող միջոցները»։

«Առանձին քննարկվել են Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նպաստելու համար նախատեսված ապագա զարգացման ծրագիրը, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև համատեղ տնտեսական նախաձեռնությունները և երկարաժամկետ վերականգնման նախագծերը», – ասվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ։

Բանակցությունները կշարունակվեն վաղը։

Մայամիի բանակցությունները հաջորդեցին Վիտկոֆի և Քուշների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև դեկտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի ունեցած գրեթե հինգժամյա հանդիպմանը, որից հետո ռուսական կողմը հայտարարեց խաղաղության ծրագրի «փոխզիջումային տարբերակի» բացակայության մասին։

Հրապարակումը նշում է, որ չնայած Ուկրաինայի և Ռուսաստանի հրապարակային դիրքորոշումները թվում են անհամատեղելի, ԱՄՆ պաշտոնյաները դեռևս հավատում են փոխզիջման հնարավորությանը նույնիսկ ամենադժվար՝ տարածքային հարցերում։

AFP-ի փոխանցմամբ՝ բանակցությունների հիմքում ընկած է ԱՄՆ-ի կողմից գրեթե երեք շաբաթ առաջ ներկայացված Ուկրաինայի համար նախատեսված ծրագիրը։ Մոսկվայի համար «չափազանց բարենպաստ» համարվող սկզբնական նախագիծը վերանայվել է հիմնական ոլորտներում՝ Ուկրաինայի և նրա եվրոպացի դաշնակիցների պնդմամբ։ Սկզբնական ծրագրի համաձայն՝ Ուկրաինան պետք է ամբողջ Դոնբասը հանձնի Ռուսաստանին, այդ թվում՝ դեռևս չօկուպացված տարածքները։ Ներկայումս քիչ բան է հայտնի «խաղաղության ծրագրի» վերանայված տարբերակի մասին։

Վաշինգտոնը և Կիևը համաձայնել են, որ «ցանկացած համաձայնագրի իրական առաջընթացը կախված է Ռուսաստանի պատրաստակամությունից՝ ցուցաբերելու երկարաժամկետ խաղաղության նկատմամբ լուրջ հանձնառություն», – նշել է Պետդեպարտամենտը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ անընդունելի է Ուկրաինայի համար տարածքներ հանձնել Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղության համաձայնագրի շրջանակներում։

Նրա խոսքով՝ արդար խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե դադարեցվեն ռազմական գործողությունները ներկայիս առաջնագծի երկայնքով, և այնուհետև սկսվեն բանակցություններ։

Սիրսկին հստակեցրել է, որ ուկրաինական զորքերը կշարունակեն մարտնչել, եթե դիվանագիտական ​​ջանքերը ձախողվեն, և զգուշացրել է, որ խաղասեղանին է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք եվրոպական պետությունները պետք է պատրաստվեն Ռուսաստանի հետ հնարավոր խոշոր պատերազմի, Սիրսկին միանշանակ ասել է. այո։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանից եկող սպառնալիքը իրական է։