Կրասնոդարում ԱԹՍ հարվածից վնասվել է բնակելի համալիր

Ազատություն

Կրասնոդարում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել են բնակելի շենքեր։ Շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը պնդում է, որ կործանված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են Կենտրոնական բնակելի համալիրի վրա։ Տուժածներ չկան։

Կոնդրատևի խոսքով, մեկ այլ ԱԹՍ է խոցվել Սևերսկի շրջանի Աֆիպսկի գյուղում, որի բեկորները վնասել են մեկ տուն։ Ոչ ոք չի տուժել, գրել է մարզպետը։

Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանում նույնպես մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել, ասել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է 15 անօդաչու թռչող սարք։ Նրանցից 7-ը որսացել են Կրասնոդարի երկրամասի երկնքում, երեքը՝ Բրյանսկի, երկուսը՝ Ռոստովի, մեկական՝ Կուրսկի և Բելգորոդի շրջանների վրա։ Եվս մեկ ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի տարածքում, պնդում են ռազմական գերատեսչությունը։

Փաշինյանը Մակրոնին “կխնդրի” հետ ընդունել մատակարարված զենքը եւ հետ կանչել Մինսկի խմբում իր համանախագահությունը

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Մինչ Ֆրանսիա գնալը Փաշինյանը Արմենպրեսում հոդված է հրապարակել, որտեղ ասում է, իբրեւ “տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են”

“Խաղաղության նախադրյալների” ցանկում Փաշինյանը թվարկում է միայն Հայաստանի քայլերը։ Ընդ որում նշում է, որ Բաքուն չի պատասխանում ՀՀ Կառավարության առաջարկներին՝ սպառազինության երկկողմ վերահսկողության, ճանապարհների բացման եւ այլի մասին։

Տպավորություն է ստեղծվում, թե էսկալացիայի աղբյուրը հենց Հայաստանն է եղել, և քանի որ հիմա ՀՀ-ն փոխել է իր քաղաքականությունը, էսկալացիա չպիտի լինի։

Բաքվի մասով նա միայն հիշատակում է “ընթացող թատերականացված դատավարությունը, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերումը և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը”, ինչից եզրակացնում է, որ “Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ”: Բայց մեկ է՝ էսկալացիայի նախադրյալ չկա։ 

Ինչի՞ մասին է Փաշինյանը խեսելու Մակրոնի հետ “էսկալացիա թույլ չտալու” ֆոնի վրա։ Ինչպես հայտնի է, Բաքվի վերջին պահանջներից մեկն էլ այն է, որ Հայաստանը պետք է հետ վերադարձնի Ֆրանսիայի կողմից մատակարարած զենքը։ Մյուս պահանջը՝ Մինսկի խմբից հրաժարվելն է։

2025-ի հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին:

Բրիս Ռոքֆոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել Ֆրանսիայից 2021 թվականին, և նրան պաշտոնանկ անելու մասին հրամանագիր կարծես չի եղել։

Իսկ օրերս ԱՄՆ կատարած Փաշինյանի այցի մասին պաշտոնական տեղեկություններում անգամ բառ չկա Մինսկի խմբի մասին։ Ավելին՝ ԱՄՆ կողմից Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն նորերս  Պետդեպարտամենտում բարձր պաշտոնի է նշանակվել։

Արդյո՞ք մանթրայի պես “էսկալացիա չկա, և մենք չենք պատերազմելու” կրկնող Փաշինյանը Մակրոնին “կխնդրի” հետ ընդունել մատակարարված զենքը եւ հետ կանչել Մինսկի խմբում իր համանախագահությունը։ 

 

2023-ի ձմեռը Ստեփանակերտում ու գողացած բալենին

Չնայած աչքի առաջ ամեն ինչ «վերջանում էր», բայց բլոկադայի օրերին մարդիկ ոչ մի կերպ չէին ցանկանում համակերպվել, հավատալ, այդ «վերջին»: Սասունցի Դավիթ (Մաքսիմ Գորկի) փողոցի մեր պատուհանից գիշերը հացի հերթի անտանելի տեսարանն էր երեւում, իսկ ցերեկը հարեւանս որոշել է հուշանվերների խանութ բացել փռի հարեւանությամբ` լոխճին նազլո: Դա ուրախացնում ու հուսադրում էր իրոք:

Մեր պատշգամբի տակ փոքրիկ բոստաններ կային, որտեղ շենքի բնակիչները կանաչի էին ցանում, խնամում, պարզապես մաքուր պահում կլոր տարի: Այդ բոստաններից մեկում մի բալենի կար, որ իր տեսքով հմայում էր ապրիլին:

Բոստանի բալենին նաեւ «կալենդար» էր, որ Վիվալդու «Տարվա եղանակների» պես գեղեցիկ շրջում էր թիվը: Ահա թե ինչ են գողացել մեզանից: Գողացել են մեր բալենին` երջանկությունը:

Այս բառն հայերում մի տեսակ հարսանքի, կենացների բառապաշարից է եւ նույն իմաստը, բացատրությունը չունի, ինչպես անգլերում happiness-ը, հատկապես հոգեբանության մեջ: Գողացել են մեր բալենին, որի դիմաց փոխահատուցում են մեզ …հիսուն հազար դրամ:

Մարութ Վանյան

Ալիևը վախենում է Ռուսաստանի կողմից մահափորձի՞ց

Դեկտեմբերի 25-ին GPS-ի հետ կապված խնդիրներ առաջացան ոչ միայն Գրոզնիի վրայով AZAL Embraer-190 մարդատար ինքնաթիռի հետ։ Նույն օրը Ադրբեջանի նախագահի «Բաքու-1» ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հարկադրված է եղել վերադառնալ Բաքու։ Սկզբում հաղորդվում էր, որ նախագահական ինքնաթիռը լքել է Ռուսաստանի օդային տարածքը չնախատեսված ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով։ Սակայն հունվարի 5-ին Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը խոստովանել է, որ նախագահական ինքնաթիռը բախվել է արտաքին տեխնիկական խնդիրների, մասնավորապես՝ GPS ազդանշանների կորստի։

Այս իրավիճակը և այլ ներքաղաքական ինտրիգները մեկնաբանել է ընդդիմադիր «Azad söz» հեռուստաալիքի հեղինակ Թուրալ Սադիխլին։ Նախագահական ինքնաթիռի հարկադիր վերադարձի մասին լուրերից անմիջապես հետո նա առաջ քաշեց արտաքին ազդեցության վարկած և, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնեց, որ Իլհամ Ալիևը Բաքու վերադառնալուց հետո չի գնացել իր աշխատասենյակ, այլ գնացել է Զագուլբայի իր ամառանոցը, որտեղ մնացել է ավելի քան մեկ շաբաթ առանց հանրության ներկայության և նույնիսկ աշխատանքի չի գնացել։ Սադիխլիի խոսքով՝ ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Ալիևը կրկնապատկել է իր թիկնապահների թիվը և ուժեղացրել անվտանգության միջոցառումներն իր նստավայրի շրջակայքում՝ պարեկային ծառայության աշխատակիցներին տեղավորելով տնից 100 մետր հեռավորության վրա։ Բլոգերը ենթադրել է, որ նման գործողությունները կարող են վկայել նախագահի լուրջ մտահոգության մասին իր կյանքի և անվտանգության համար:

Սադիխլիի ուշադրությունը գրավել է նաև առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի բացակայությունը ինքնաթիռում։ Բլոգերը վարկած է առաջ քաշել Ալիևի դեմ հնարավոր մահափորձի մասին՝ իշխանությունը զավթելու նպատակով։

«Պուտինն Ադրբեջանում ուրիշ մարդ ունի՞, ով իրեն ավելի լավ կծառայի, քան Ալիևը։ Իհարկե, դա Մեհրիբան Ալիեւան է։ Մեհրիբան Ալիևային, նրա դուստրերին և Փաշաևների ընտանիքին ծառայող մարդը՝ Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիայի շրջանավարտ Ֆարիդ Ասկերովն է, ով սերտ կապեր ունի հետախուզական ծառայության բարձրաստիճան գեներալների և գնդապետների հետ, որոնց հետ ժամանակին սովորել է։ Ֆարիդ Ասկերովը Մեհրիբան Ալիևայի զարմիկի՝ Ալթայ Հասանովի կադրերից է, ով համարվում է ողջ Ադրբեջանի «կադրերի բաժնի ղեկավարը»։ Նա նույնիսկ նախարարներ է նշանակում։ Նրա հովանավորյալների թվում են, ըստ Սադիխլիի, Օրհան Սուլթանովը (արտաքին հետախուզության ղեկավար), Ռաշադ Նաբիևը (տրանսպորտի նախարար), Սահիլ Բաբաևը (աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար), Ֆարիդ Գարիբովը (երիտասարդության և սպորտի նախարար) և Քամրան Ալիևը (գլխավոր դատախազ): Փաշաևին սպասարկում են Պետական ​​անվտանգության ծառայությունը՝ Ալի Նագիևի և նրա տեղակալ Ջեյհուն Շադլինսկու գլխավորությամբ։ Փաստորեն, Փաշաևները տիրապետում են ֆինանսական կայսրությանը, իսկ ուժայիններին կիսում են Նախիջևանի, Ալիևի թիմի հետ։

Բլոգերը ենթադրել է, որ Մեհրիբան Ալիևան կարող է դառնալ իրավահաջորդը, եթե Իլհամ Ալիևը հեռանա։ «Իսկ ինչո՞ւ իշխանությունը չեն վերցնում իրենց ձեռքը։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ հարաբերություններ ունի Ալիևը Պուտինի հետ, ինչ դժգոհություններ կան, ինչ պայմանավորվածություններ կան։ Հենց Պուտինի շնորհիվ է Մեհրիբանը նշանակվել առաջին փոխնախագահ։ Իսկ Ալիևի մահվան դեպքում Մեհրիբանը միշտ ռեզերվում է»,- եզրափակել է Թուրալ Սադիխլին։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Մեհրիբան Ալիևայի երկարատև բացակայությանը հանրային միջոցառումներից. նա ներկա չի եղել հունվարի 20-ին Ալիևի այցին “Շեհիդների ծառուղի”, քաղաքային ընտրությունների քվեարկությանը և նախագահի՝ Դավոս կատարած այցին, ուր Ալիևը գնացել էր դուստրերի հետ։ Սադիխլին նրա բացակայության մի քանի պատճառ է ներկայացրել՝ սկսած հնարավոր պլաստիկ վիրահատությունից մինչև այն ենթադրությունը, որ Ալիևը կարող էր մեկուսացնել կնոջը՝ վախենալով դավադրությունից։ Նա կասկած է հայտնել փետրվարի 7-ին այգու բացմանը Ալիևների զույգի մասնակցության մասին տեղեկատվության հավաստիության վերաբերյալ՝ նշելով, որ միջոցառումն արվել է հունվարի 29-ին։ Հունվարի 29-ի իր պոստում նա նույնիսկ քննադատել էր առաջին փոխնախագահին քվեարկությանը չներկայանալու, բյց այգու բացմանը մասնակցելու համար, ինչի մասին մամուլն այն ժամանակ լռում էր:

Միևնույն ժամանակ, ՖԲ օգտատերերը նկատել են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն արտացոլված է նաև առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի Instagram-ի գրառումներում։ Եթե ​​նախկինում նա սոցցանցերի իր պաշտոնական էջերում գրառումներ էր անում թե՛ ադրբեջաներեն, թե՛ ռուսերեն, ապա այժմ սկսել է գրել ռուսերենի փոխարեն անգլերեն։

Այս թեմային է անդրադարձել նաև մեկ այլ ընդդիմադիր ալիք՝ «Azərbaycan saatı»:

Լրագրող Գանիմատ Զահիդը մեկնաբանել է փետրվարի 7-ին Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հայտարարություն անել ավիավթարի վերաբերյալ։ «Նախագահի վարչակազմից արտահոսած տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 6-ի վաղ առավոտյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի, Դմիտրի Պեսկովի և արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ միասին մեկնել է Բաքու։ Այնտեղ նրանք հանդիպել են Փոլադ Բյուլբյուլ օղլուին, Ադրբեջանի նախագահի օգնական Ֆուադ Ալեսքերովի, Հիքմեթ Հաջիևի և Նաջմեդդին Սադիխովի (Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ) հետ։ Ռուսաստանից ժամանած հյուրերը ցանկացել են հանդիպել Իլհամ Ալիևի հետ, սակայն նա հրաժարվել է, որից հետո պատվիրակությունը վերադարձել է։ «Ի՞նչ է կանգնած այս գաղտնի այցի հետևում և ի՞նչ հակասություններ կան Ալիևի և Պուտինի միջև», – հարցնում է Զահիդը և պնդում, որ Ալիևի բոլոր աշխարհաքաղաքական ինտրիգները հիմնված են նյութական շահերի և իր իշխանությունը պահպանելու ցանկության վրա:

Նշենք, որ փետրվարի 6-ին քաղաքագետ Ֆ.Մամեդովը սոցցանցում իր գրառման մեջ ենթադրել էր, որ մոտ ապագայում Բաքու կարող է ժամանել Ռուսաստանից բարձրաստիճան հյուր, քանի որ լրատվամիջոցներով և ԱԳՆ-ով փոխանցվող ազդակները արդյունք չեն տալիս։

Գանիմաթ Զահիդն անդրադարձել է նաեւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին. նրա խոսքով, այն բանից հետո, երբ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը լքեցին երկիրը, Սիրիան դուրս եկավ Մոսկվայի վերահսկողությունից, և նրա տեղը հաջողությամբ զբաղեցրեց Թուրքիան, որը շահեց այս բոլոր իրադարձություններից։ Այնուամենայնիվ, տասը տարվա հակամարտությունը, սոցիալական և քաղաքական քաոսը հանգեցրել են երկրի փլուզմանը, որն այժմ վերակառուցման կարիք ունի: Թուրքիայի նախագահը Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու Սիրիայի վերականգնմանը։ Նա, իհարկե, համաձայնել է՝ ակնկալելով ստանալ կոմերցիոն օգուտներ։

Այնուհետև Զահիդը ներկայացրեց իրադարձությունների իր տեսլականը. «Շինարարական ծրագրերը զգալի ռեսուրսներ են պահանջում իրականացնելու համար: Այդ նպատակով Ալիեւը դիմել է Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա համաձայնի գումար օգտագործել իրենց ընդհանուր միջոցներից (՞): Սակայն այս խնդրանքը զայրացրել է Ռուսաստանի ղեկավարին։ Նա սա համարեց անձնական վիրավորանք, քանի որ 10 տարի Սիրիայում է կռվել, պատերազմ է մղում Ուկրաինայում, իսկ նրանից փող են խնդրում Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիրը վերականգնելու համար։ Հնարավոր է, որ Ալիևը կարող էր Պուտինին ակնարկել, թե ինչ շահույթ կստանան այդ աշխատանքներից, բայց նա հրաժարվեց։

Ավելին, Պուտինը Կրեմլ է հրավիրել Մեհրիբան Ալիևային։ Այս հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի կեսերին՝ ավիավթարից առաջ։ Նա այնտեղ է գնացել դստեր՝ Լեյլայի ուղեկցությամբ՝ առանց Իլհամ Ալիեւի։ Մի քանի օր սպասելուց հետո Պուտինը նրանց ընդունեց և խոսեց Էրդողանի և Ալիևի համատեղ առևտրային նախագծերի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա բացասական ազդեցության մասին և նրանց շահերին պատճառած վնասի մասին։ Լրագրողի խոսքով՝ Պուտինը Մեհրիբան Ալիևային առաջարկել է դիտարկել իշխանությունն իր ձեռքը փոխանցելու հնարավորությունը, եթե Իլհամ Ալիևը չհրաժարվի իր ծրագրերից, ինչին Մեհրիմանը չի առարկել և չի տվել իր համաձայնությունը։

Ինչ վերաբերում է Ի.Ալիեւի ինքնաթիռի հետ կապված միջադեպին, ապա հեռուստաալիքի տվյալներով՝ Ալիեւը վիրավորված է եղել եւ չի ցանկացել գնալ ԱՊՀ գագաթնաժողովին, սակայն Պուտինը պնդել է, և Ալիեւը ստիպված է եղել թռնել։ Թռիչքի ժամանակ, ըստ լրագրողի, Ալիեւը իսրայելական հետախուզությունից նախազգուշացում է ստացել հնարավոր սպառնալիքի մասին։ Նրանք լուրջ հիմքեր ունեին կասկածելու, որ Ալիեւի դեմ ծրագրեր կան։ Նրա կարծիքով՝ Ալիևի և Պուտինի հակասությունները կապված են ոչ թե աշխարհաքաղաքական շահերի, այլ ֆինանսական ռեսուրսների բաշխման հետ, ընդդիմադիր լրագրողի խոսքերով՝ «ընդհանուր «սև փողի բաժանման, ավելի ճիշտ՝ օգտագործելու իրավունքի» հետ։ Մեկ այլ հակասություն կապված է ոչ այնքան ադրբեջանա-թուրքական սերտ հարաբերությունների հետ, որքան Իլհամ Ալիևի փորձերի՝ ի շահ Էրդողանի օգտագործելու «սեւ ֆոնդը», – եզրափակել է լրագրողը։

Pastinfo. Վերիշենում բացվեց արցախցի միայնակ տարեցների համար կառուցված սոցիալական տունը

Փաստինֆոն գրում է․

Վերիշեն բնակավայրում տեղի ունեցավ սոցիալական տան բացման արարողությունը։ Ամերիկյան Փարոս հիմնադրամի կողմից նվիրաբերված շենքը հատկացվել է Արցախից տեղահանված միայնակ տարեցներին։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի համար տարեցների բարեկեցությունը և նրանց համար հոգատար միջավայրի ստեղծումը առաջնահերթություն է։ Համայնքային իշխանությունները հետևողականորեն աշխատում են միայնակ տարեցների կենսապայմանների բարելավման ուղղությամբ։

Շենքի վերականգնման աշխատանքներն իրականացրել են Action Against Hunger և UNJSR միջազգային կազմակերպությունները, իսկ ամբողջական կիրականացնի ACTED կազմակերպությունը։

Սոցիալական տան կառավարումն իրականացվելու է համայնքի կողմից։ Բնակիչները կվարեն համատեղ տնտեսություն, կօգնեն միմյանց առօրյա խնդիրներում և կիսելու են կենցաղային պարտականությունները։

Այս նախաձեռնությունը ևս մեկ վկայությունն է, որ Գորիս համայնքը հետևողական քայլեր է ձեռնարկում տարեցների արժանապատիվ կյանքի պայմանների ապահովման և նրանց համայնքային կյանքին ինտեգրման ուղղությամբ։

Թրամփը վախեցնում է Իրանին «դժոխային ռմբակոծումով». ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ին ասել է, որ «դժոխային ռմբակոծությունների» փոխարեն նախընտրում է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքել:

«Ես կուզեի, որ Իրանի հետ գործարք կնքվեր ոչ միջուկային (հարցերի – խմբ.) վերաբերյալ: Ես դա կնախընտրեի դժոխային ռմբակոծություններից: . . . Նրանք չեն ուզում մեռնել։ Ոչ ոք չի ուզում մեռնել։ Եթե ​​մենք գործարք կնքենք, Իսրայելը չի սկսի նրանց ռմբակոծել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցել իր միջուկային ծրագրի և դրա հետ կապված պատժամիջոցների վերաբերյալ: Սակայն, նրա խոսքով, բանակցությունները չեն կարող կայանալ նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշման» ռազմավարության շրջանակներում:

«Պատժամիջոցների չեղարկումը պահանջում է բանակցություններ, բայց ոչ «առավելագույն ճնշման» քաղաքականության շրջանակներում, քանի որ դրանք կլինեն ոչ թե բանակցություններ, այլ կապիտուլյացիայի ձև», – գրել է Արաղչին X-ում:

«Իրանը չի ցանկանում բանակցել մի երկրի հետ, որը միաժամանակ նոր պատժամիջոցներ է սահմանում», – շեշտել է նա:

Դատելով Դոնալդ Թրամփի խոսքերից՝ ոչ թե ԱՄՆ-ն է «ռմբակոծելու» Իրանը, այլ Իսրայելը, բայց Թրամփի թույլտվությամբ։ Թրամփն ու Նեթանյահուն Վաշինգտոնում պայմանավորվե՞լ են հարվածել Իրանին։ Հանդիպումներից հետո Նեթանյահուն բացահայտ ասաց, որ «Պաղեստինի ինքնավարություն կարող են ստեղծել Սաուդյան Արաբիայում, որտեղ ավելի շատ տարածք կա»։ Իսկ Թրամփը պնդում է Գազայի բնակիչների վտարումը և, համապատասխանաբար, տարածքները Իսրայելի վերահսկողության տակ փոխանցումը։

Պաղեստինում կրկնվում է արցախյան սցենարը, իսկ Իրանը քաղում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման» պտուղները։

Իսրայելի «դժոխային ռմբակոծությունները» անխուսափելիորեն կհանգեցնեն Իրանի և Հայաստանի մասնատմանը, քանի որ Իսրայելի դաշնակից Ալիևը առիթը բաց չի թողնի աղմուկի քողի տակ միացնելու «Հարավային Ադրբեջանը», այսինքն՝ իրանական Ատրպատականը և «Արևմտյան Ադրբեջանը», այսինքն՝ Հայաստանի ողջ հարավը։

Նիկոլ Փաշինյանը, ով Նեթանյահուի հետ միաժամանակ Վաշինգտոնում էր, խոսե՞լ է նման սցենարների մասին։

Կրքեր Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շուրջ

russia-artsakh.ru

Հունվարի 31-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցով և հարակից կառույցները ենթակա են վերացման։

«Այն, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի, հաստատվում է նաև Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ներկայացուցչի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։

Մինսկի խումբը կորցրել է իր գործունեության օբյեկտը։ Այն ակնհայտորեն ենթակա է վերացման. «Այլևս ավելացնելու բան չունեմ»,- ասաց նա (https://news.am/rus/news/864373.html):

Բայց մենք դրան ավելացնելու բան ունենք։

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացումը եղել և մնում է նացիստական ​​աբշերոնյան ռեժիմի ղեկավար Ալիևի և Կրեմլի համատեղ պահանջը Երևանին։

Ալիևն ճնշում է գործադրում՝ սպառնալով նոր պատերազմով, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները արձագանքում են նրան՝ քաղաքական ճնշում գործադրելով Փաշինյանի կառավարության վրա։

Նախկինում մեր հոդվածներում մենք բազմիցս անդրադարձել ենք ադրբեջանա-ղարաբաղյան կամ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի թեմային՝ ԵԱՀԿ տերմինաբանությամբ։ Ավելի քան 30 տարի՝ սկսած 1992 թվականից, կարգավորման գործընթացում ներգրավված հիմնական միջազգային կառույցը Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբն էր՝ իր համանախագահող երկրների ինստիտուտով։ Սկզբում այդ երկրներն էին Ռուսաստանն ու Շվեդիան, այնուհետև Ռուսաստանը և Ֆինլանդիան, իսկ 1997 թվականից մինչ օրս Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

Մինչդեռ, չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի դեմ Ականրա-Բաքու-միջազգային ահաբեկիչներ Եռակի դաշինքի 44-օրյա ագրեսիայից հետո Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը լուծարելու կատաղի բղավոցներին և պահանջներին, Մինսկի խումբը շարունակեց և դե յուրե գոյություն ունի։

Հենց օրերս Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մելանի Ջոլին հայտարարեց, որ Արցախի խնդրի լուծումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. «Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքներին համապատասխան»:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կրեմլի դիվանագիտությունը նախ փորձեց նսեմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Լեռնային Ղարաբաղի հարցում, ապա ընդհանրապես անտեսել այն՝ կարգավորման ծանրության կենտրոնը տեղափոխելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագիրը։ Ավելի կոպիտ ասած՝ դա նշանակում է յուրացնել միջնորդությունը՝ փակելով այն իր վրա։

Այնուամենայնիվ, մինչև Ուկրաինայում պատերազմի մեկնարկը, ՌԴ ԱԳՆ-ն և անձամբ պարոն Լավրովը չէին համարձակվում խաթարել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու նշանակությունը։ Թեև ակնհայտ էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման 30-ամյա միջազգայնացումը, որը սկսվել էր դեռևս 1992 թվականի մարտին, ակնհայտորեն Կրեմլի սրտով չէր վերջին տարիներին։

Դեռևս 2021 թվականի հունիսին նախարար Լավրովը դեռ ընդունում էր ադրբեջանա-ղարաբաղյան, արցախյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ լուծելու անհրաժեշտությունը։ Ինչպես տեսնում ենք, այդ ընթացքում պարոն Լավրովը չխորշեց «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, որը հետագայում Բաքվի խնդրանքով իսպառ անհետացավ նախարար Լավրովի և ՌԴ ԱԳՆ բառապաշարից («Ինչպես ՌԴ ԱԳՆ-ն տապալեց ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի խնդրանքով» (http://russia-4/19ru).

Չենք կասկածում, որ պարոն Փաշինյանը պատրաստ է ընդունել Բաքվից ու Կրեմլի ցանկացած պայման՝ իր իշխանությունը պահպանելու համար, միայն թե դրանք չխաթարեն Հայաստանում նրա իշխանության մենաշնորհը։ Խոսքը վերաբերում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, Բաքվի հետ համատեղ կոչի հնարավորությանը, ինչի մասին Հայաստանի վարչապետն արդեն ակնարկել է։

Բայց զարմանալին Հայաստանի ընդդիմությունն է, որը տեսնում է այս ամենը, բայց ոչ մի կերպ և երբեք չի կապում այս և այլ պահանջները Կրեմլի հետ, օրինակ՝ Զանգեզուրի միջանցքը, որը գալիս է միաժամանակ և՛ Բաքվից, և՛ Մոսկվայից։ Նրանց հավանաբար թույլ չեն տալիս տեսնել սա։

Ինչպես թուկլ չեն տալիս որոշ ռուսահայ կազմակերպություններին տեսնել, օրինակ՝ Ռուսաստանի հայերի միությունը, թւյլատրվուն է միայն այն, ինչը նպաստում է Ռուսաստանում Հայաստանի իշխանությունների և, ավելի լայն, Հայաստանի, ընդհանրապես, բացասական ընկալմանը: Այսինքն՝ հայ ժողովրդի ու Հայաստանի ապամարդկայնացմանը։

Տիկին Զախարովայի խոսքերը վերափոխելով՝ կարելի է հանգիստ ասել. ՌԴ ԱԳՆ-ն կորցրել է իր ուղեղը։ Այն ենթակա է վերացման։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Էջմիածնում նորից բարձրացրել են Արցախի դրոշը

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Էջմիածնում հանել են Արցախի դրոշը:

Կգա մի օր, երբ Արցախի դրոշները կրկին կվերադառնան իրենց տեղերը, չնայած բոլոր մահերին, գրել է Սերգեյ Շահվերդյանը եւ տեսանյութ հրապարակել, թե ինչպես են Էջմիածնում մի խումբ մարդիկ բարձրացնում Արցախի դրոշը եւ ուռաներ վանկարկում:

Մի վախեցեք Արցախի դրոշից, այն ծածանվել է ամբողջ աշխարհում:

Մարութ Վանյան

ֆոտո: Արցախի դրոշը ծածանվում է ԱՄՆ-ում: Սերժ Սարգսյանը Մասաչուսեթսում այցելել է Հին Հյուսիսային եկեղեցի և Հայկական ժառանգության պուրակ: 2016թ.

Ի դեպ, Արցախի դրոշի պատմության մասին ժամանակին մանրամասն գրել է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը:

——————————————————————————

ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՎԱՀԵ ՖԱԹԱԼՆ Է

1992 թվականի սկզբներին ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը, նախաձեռնելով նորանկախ երկրի դրոշի ստեղծման գործընթացը, այդ գործում ներգրավել է նաև մեր ֆրանսահայ բարեկամ, մտավորական ու բարերար Օշին Եղիազարյանին: Ա.Մկրտչյանը նաև հայտնել է իր մտորումներն ու խորհրդածություններն ստեղծվելիք դրոշի էսքիզի վերաբերյալ:

Օ. Եղիազարյանը, վերադառնալով Ֆրանսիա, ձեռնամուխ է եղել այս գործին, խնդրելով նաև իր ամերիկահայ ընկերոջ, բավականին ճանաչված նկարիչ Վահե Ֆաթալի աջակցությունը: Վերջինս խանդավառությամբ է ընդունել առաջարկը և անմիջապես ձեռնամուխ եղել գործին: Օ.Եղիազարյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ Վ. Ֆաթալի հետ միասին գործուն մասնակցություն է ունեցել դրոշի էսքիզների ստեղծման գործում:

Պատրաստվել է երկու էսքիզ: Մեկը ԼՂՀ ներկայիս դրոշն է, մյուսի մոտավոր նկարագրությունը հետևյալն է՝ սպիտակ ֆոնի վրա պատկերված է արծիվ՝ թռիչքի մեջ (երևում են գլուխն ու մի թևը), կա սև գույնի կալիգրաֆիա, արծիվի հետ միասին թևածում է ՀՀ դրոշը: Ցավալի է, բայց առաջին տարբերակն ընտրելուց հետո այս երկրորդ տարբերակը չի պահպանվել:

Այսպիսով, կարելի է միանշանակ պնդել, որ ԼՂՀ դրոշի հեղինակը ամերիկահայ նկարիչ Վահե Ֆաթալն է, նաև այն, որ էսքիզների ստեղծմանը գործուն մասնակցություն է ունեցել Օշին Եղիազարյանը:

Եւ ամենակարևորը՝ դրոշի ստեղծման գործընթացն անձամբ նախաձեռնել ու վերահսկում էր ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը: Ցավոք սրտի, նրան չվիճակվեց տեսնելու երկրորդ հայկական պետականության դրոշի իր իսկ պատվիրած էսքիզները:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ԱՄՍԱՐ» ՀԿ-ն կարևոր ծրագրեր է իրականացնում արցախցիների հանար

«ԱՄՍԱՐ» սոցիալ-կրթական բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում։  

«Հիմնադրման օրից կազմակերպությունն իրականացնում էր բազմաթիվ սոցիալական ծրագրեր, նպատակ ունենալով աջակցել արցախահայությանը հեպատերազմյան շրջանում: Կազմակերպությունը մեծ դեր է ունեցել նաև Արցախի շրջափակման դաժանգին օրերին, փորձելով հնարավորինս մեղմացնել մեր հայրենակիցների հոգսերը:

Բռնի տեղահանումից որոշ ժամանակ անց կազմակերպությունը վերսկսեց իր գործունեությունը Երևանում,շարունակելով ծրագրերը և ընդլայնելով դրանց շրջանակը:

Ծրագրերից մեկն է հանդիսանում  ««Դրախտի ընտանիք»․ սոցիալ-հոգեբանական աջակցություն և եկամտի աղբյուրի ստեղծում տեղահանված ընտանիքների համար»  ծրագիրը, որը իրականացվում է գերմանական «Brot für die Welt» («Հաց աշխարհին») կազմակերպության օժանդակությամբ։  Ծրագրի նախադեպը եղել է Արցախում, և բռնի տեղահանումից հետո մեր գործընկերների օգնությամբ ծրագիրը նոր շունչ է ստացել Մայր Հայաստանում։

Ծրագրի շահառուները՝ արցախցի ընտանիքներն են։ Ծրագիրն ուղղված է նրանց կյանքում քրիստոնեական արժեքների պահպանման ու ամրապնդմանը։ Այն ունի 3 բաղադրիչ՝ հոգևոր, հոգեբանական ու մասնագիտական։ Հոգևորականի ու հոգեբանի հետ հանդիպումների շնորհիվ մասնակիցները կարողանում են վեր հանել իրենց կյանքում տեղ գտած խնդիրները, գտնել դրանց լուծումերը, իսկ մասնագիտական դասընթացները հնարավորություն կտան մասնակիցներին ստեղծել եկամտի աղբյուր և ապահովել իրենց կենսական պայմանները։ Մասնաովորապես հնարավորություն է տրվում սովորելու երեք մասնագիտություն՝ մարքետինգ, վարսահարդարում և մատնահարդարում։

ԱՄՍԱՐ ՀԿ -ն «Դանիական–հայկական բարեգործական առաքելության» հետ համագործակցությամբ  շարունակում է նաև «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը։ Ծրագրի ընթացքում երեխաները հոգևորականի հետ միասին տարբեր ինտերակտիվ մեթոդներով ուսումնասիրում են Աստվածաշունչը, ինչը նպաստում է նրանց մեջ հոգևոր արժեքների սերմանմանն ու ամրապնդմանը: Ծրագրին մասնակցում են 100 ավել Արցախցի երեխաներ:

Ունենք նաև ռադիոալիք « ՆՇԽԱՐ», որը հասանելի է համացանցի ու բջջային հավելվածի միջոցուվ: Ալիքով ունկնդիրիրներին ներկայացվում է հոգևոր երգ, երաժշտություն և զրույցներ:

Բացի այդ իրականացնում ենք առողջապահական ծրագիր։ «ԱՄՍԱՐ» ՀԿ-ն «ՍՕՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության ֆինանսավորմամբ և «Օժանդակություն հաշմանդամ ու սպորտային կարգ ունեցող մարզիկներին» ՀԿ-ի հետ համատեղ ք.Երևան, Սասունցի Դավիթ հրապարակ, 2 հասցեյում բացել է Վերականգնողական կենտրոն, որի շահառուներն են հանդիսանում Արցախից տեղահանված 4-18 տարեկան ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունեցող անձինք: Մասնավորապես կենտրունը մատուցում է հոգեբանի, լոգոպեդի և կինեզոթերափիստի անվճար ծառայություններ»:

Այս մասին Step1.am -ի հետ զրույցում տեղեկացրել են «ԱՄՍԱՐ» սոցիալ -կրթական բարեգործական հասարակական կազմակերպությունից:

Արսեն Աղաջանյան

«Ես տեսա, թե ինչպես են քանդում մեր տունը։ Հեծանիվս էլ երեւի կոտրել են».6-ամյա Արեն

Միջազգային դատարանում կոլեկտիվ հայցը կարո՞ղ է պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները հայրենիքի, ունեցվածքի և վերադարձի նկատմամբ։

Մինչ Արցախից բռնագաղթելը Արենը ծնողների հետ ապրում էր Ստեփանակերտի Կոլցեվոյի բազմաբնակարան շենքում։ Գնում էր մանկապարտեզ, ընկերների հետ բակում խաղում: 2023 թվականի սեպտեմբերին, Ստեփանակերտից հեռանալիս, ըստ ծնողների, չորսամյա տղան ճիշտ է հասկացել իրավիճակը և չի դժգոհել, երբ ստիպված էին թողնել իր բոլոր խաղալիքները։

Հիմա Արենը վեց տարեկան է. «Ես մեծերի բացատրությունների կարիք չունեմ, ես ինքս հասկանում եմ, որ դա սխալ է, որ այսպես չպետք է լինի։ Հիշում եմ ռմբակոծությունները, սովը, ցուրտը Երեւանի ճանապարհին։ Համացանցում տեսա, որտեղ իմ սենյակն ավերված էր, խաղալիքներս ու գրքերս ցրված էին շուրջը։ Հետո մեր շենքը քանդելու կադրեր եղան։ Երևի իմ հեծանիվն էլ են կոտրել», ասում է Արենը։

Ստեփանակերտից տիկին Ջուլիետային պատմել են, որ սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, որ իրենց շենքի բնակարանների բոլոր պատուհանները քանդված են, իսկ շենքը թալանված տեսք ունի: Մի քանի օր շարունակ տարեց կնոջ հարազատները չէին կարողանում հանգստացնել նրան։ Երբ նա և ամուսինը բռնի տեղահանվեցին Ստեփանակերտից, նրանք ստիպված եղան թողնել այն ամենը, ինչ ստեղծել էին գրեթե 60 տարվա ընթացքում։ «Նրանք կանգ չեն առնելու, շարունակելու են սպանել ու թալանել հայերին. սա է թուրքերի և ադրբեջանցիների նպատակը։ Անպատժելիություն զգալով՝ նրանք շարունակում են հանցագործությունները։ Բայց մենք շարունակում ենք վերադարձի հույս ունենալ: Չնայած, քանի որ շենքը թալանվել է, ամենայն հավանականությամբ այն ամբողջությամբ կքանդվի»,- ասում է նա։

Քրիստինայի ծնողները երրորդ սերնդի ստեփենակերտցիներ են։ Արցախի մայրաքաղաքի պատմաճարտարապետական ​​հուշարձան Թումանյան պողոտան առաջիններից էր, որ հիմնովին ավերվեց ադրբեջանցիների կողմից։ Քրիստինայի տունը գտնվում էր այս պողոտայում։ Քրիստինայի ընտանիքը, ինչպես արցախցիների մեծ մասը, շարունակում է խնամքով պահպանել Ստեփանակերտում՝ Թումանյան պողոտայում «Անշարժ գույքի սեփականության վկայականը»։

Քարին տակ գյուղն ամբողջությամբ հողին է հավասարվել ադրբեջանցիների կողմից. չկան բնակելի շենքեր, գերեզմաններ, եկեղեցիներ, հին թաղամասեր կամ աղբյուրներ։ Սվետլանան ծնվել, մեծացել և ամուսնացել է Քարին տակում։ Հիմա նա ոչինչ չունի։ Տունն ավերվել է, ւնչպես և հարազատների՝ ամուսնու, որդու, ծնողների գերեզմանները։ Կինը խաղաղություն է փնտրում համագյուղացիների հետ շփման մեջ և խոստովանում է, որ ցանկանում է մահանալ, որպեսզի մյուս աշխարհում վերամիավորվի իր ընտանիքի հետ։

Արցախի յուրաքանչյուր բնակավայր պատմական նշանակություն ունի ոչ միայն Արցախի, այլեւ ողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են հայկական ամեն ինչ, և դատելով արբանյակային լուսանկարներից ու սոցցանցերում հրապարակումներից՝ թալանն ու ավերածությունները սկսվել են Արցախի օկուպացիայի առաջին օրվանից։ Փաստորեն, արցախցիների նկատմամբ ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս։ Վերջերս արբանյակները ցույց տվեցին Հադրութի շրջանի մեկ այլ ավերված գյուղ՝ Մայրամաձորը։

Իրավապաշտպաններն ասում են, որ Արցախի ժողովուրդը պետք է հավաքականորեն դիմի միջազգային դատարան և հայց ներկայացնի Ադրբեջանի դեմ։ Թեկուզ հայկական կողմը բազմաթիվ «առիթներ» ուներ դրա համար՝ հայերի ջարդերը Բաքվում, Սումգայիթում, տեղահանությունը Շահումյանից, Մարաղա գյուղի ջարդը և բազմաթիվ այլ ողբերգական դեպքեր։

Բայց հայկական կողմից երբեք կոլեկտիվ հայց չի եղել միջազգային ատյաններում։

Իսկ ադրբեջանցիները Արցախում արագորեն ոչնչացնում են հայկական ամեն ինչ՝ ճնշելով ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկակապես, որպեսզի հայերը մտափոխվեն Արցախ վերադառնալ, որտեղ իսպառ ոչնչացվել են նրանց բոլոր արժեքները։

Ի՞նչն է հայկական կողմի պասիվացման պատճառը, և ինչո՞ւ աշխարհը չի արձագանքում ակնհայտ հանցագործություններին։ Գուցե պատճառն այն է, որ Ադրբեջանի և նրա ղեկավարության դեմ կոլեկտիվ հայց չկա՞։ Վերջին 30 տարիների ընթացքում բավարար պատճառներ են եղել ՄԻԵԴ և այլ դատարաններ բողոքարկելու համար:

Տեղեկանք՝

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուգսմենի գրասենյակը, MOUNTAINS OF KARABAKH կազմակերպությունը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և այլն պարբերաբար զեկուցում են Արցախում ադրբեջանցիների գործողությունների մասին։

Վերջերս արցախյան մի քանի տասնյակ կազմակերպություններ ՄԱԿ-ից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջեցին առաքելություն ուղարկել Արցախ՝ կասեցնելու և կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման դեպքերը։

Նամակում նշված է, որ 2020 թվականից ադրբեջանցիները հիմնովին ավերել են Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձում և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Պղծվել են հայկական հոգեւոր կենտրոնները, ավերվել հարյուրավոր խաչքարեր։ Ավելի քան 30 արվեստի և թանգարանային հավաքածուներ, ներառյալ հազարավոր ցուցանմուշներ, թալանվել են Ադրբեջանի կողմից։ Ավերվել են Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի և արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրներ, հուշաքարեր, պատմական նշանակության կամուրջներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ, դպրոցներ և այլ առարկաներ։ Ամբողջությամբ ավերվել են Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը և Հադրութ քաղաքի պատմական թաղամասը։ Ստեփանակերտում հողին են հավասարեցվել ամբողջ թաղամասեր, ներառյալ 19-րդ դարի պատմական թաղամասը։

Այս ցանկին արդեն կարելի է ավելացնել Մայրամաձոր գյուղը և Ստեփանակերտի Սարյան փողոցը։

Ալվարդ Գրիգորյան

Թրամփի և Պուտինի զրուցել են. Պեսկովը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post տաբլոիդին ասել է, որ հեռախոսով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի մասին։

Հայտնի չէ, թե երբ է դա տեղի ունեցել։ Հարցին, թե քանի՞ անգամ են երկու նախագահները խոսել հեռախոսով, Թրամփը պատասխանել է. «Գերադասում եմ չասել»:

Վլադիմիր Պուտինը, ասել է Թրամփը, ցանկանում է, որ «մարդիկ դադարեն մահանալ [ռազմի դաշտում]»։

ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ ունի հստակ ծրագիր, թե ինչպես վերջ տալ պատերազմին։ «Հուսով եմ՝ դա արագ կլինի»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «նրանք ցանկանում են հանդիպել» (ենթադրաբար նկատի ունի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին)։

Մյուս շաբաթ կայանալիք անվտանգության հարցերով Մյունհենի համաժողովում ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի Զելենսկու հետ։ Ավելի վաղ Թրամփը ենթադրել էր, որ ինքը կարող է հաջորդ շաբաթ հանդիպել Զելենսկու հետ։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ցանկանում է Զելենսկու հետ 500 միլիոն դոլարի գործարք կնքել՝ հազվագյուտ մետաղների և ուկրաինական գազի հասանելիության համար՝ անվտանգության երաշխիքների դիմաց։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող «ոչ հաստատել, ոչ հերքել» The New York Post-ի հաղորդագրությունը Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի վերաբերյալ, գրում է Interfax-ը։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հաղորդակցությունը տեղի է ունենում տարբեր ուղիներով։

Ադրբեջանական կողմը վնասել է Ծիծեռնավանքի խորանը. monumentwatch.org

2025 թվականի փետրվարին համացանցում տարածված լուսանկարներից պարզ դարձավ, որ Ադրբեջանական կողմը վնասել է Ծիծեռնավանքի խորանը:

Ինչպես գրում է monumentwatch.org-ը, լուսանկարներից երևում է, որ ջարդվել է խորանում գտնվող սուրբ սեղանը և խաչակալը (նկ. 1, 2): Նշենք, որ դեռևս 2023 թվականին պղծվել էր և վնասվել Ծիծեռնավանքի տաճարը (մանրամասն տես՝ Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը):

Ծիծեռնավանքի տաճարը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Չնայած այս ամենին տաճարը պարբերաբար պղծվում է:

Ծիծեռնավանքին հասցվող շարունակական վնասը խոսում է կանխամտածված լինելու փաստի մասին։ Եվրոպական Խորհրդարանի կողմից դեռևս 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարելու բացառապես այդ սկզբունքին համաձայն։  Եկեղեցու  պղծումը խախտում է  նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ: Եվ  այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի,  ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե  ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա հոդված 2.3)։ Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիկնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն» (Բուրայի Խարտիա, 2013, էջ 14) ։

Եկեղեցու պղծումը և վնասումը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակությունը կարևորությունը ժամանակի ընթացքում»։ Ամբողջականության սկզբունքին համաձայն պահպանումը ենթադրում է նախ և առաջ ժառանգության արժեքները փոխանցող տարրերի պահպանությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ առանձին տարրերի և թե՛ դրանց և ամբողջի փոխհարաբերությունները։ Անդրադառնալով մարդկային վնասակար ազդեցությանը՝ գործառնական ուղեցույցը տալիս է լրացուցիչ բացատրություն. «Ամբողջականության պահպանության համար ժառանգության բոլոր հատկանիշները պետք է լինեն անփոփոխ»։