Երեւանում 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշեց փորձնական ծրագիր իրականացնել Երեւանի մանկապարտեզներում, որը թույլ կտա 0-2 տարեկան երեխաներին ընդգրկել մանկապարտեզներում:

Այս առնչությամբ առաջացել է 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորման վերաբերյալ նախագծով առաջարկվող լրացման անհրաժեշտություն:

Առաջարկվողը փորձնական ծրագիր է՝ սահմանափակ թվով շահառուների` ընդամենը 10 խմբի համար: Նշված խմբերի ընտրությունը կատարվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում: Ընտրության համար հիմք են հանդիսացել հաստատությունների ֆիզիկական վիճակը և կրտսեր 1-ին (2-3 տարեկան) տարիքային խմբի առկայությունը՝ շարունակականությունն ապահովելու սկզբունքով:

Փորձնական ծրագրի իրականաման համար կպահանջվի շուրջ 175 140 000 ՀՀ դրամ՝ պայմանավորված խմբերի և դրանցում ընդգրվող սաների թվով:

Միրզոյան․ “Մենք եւս Ադրբեջանի հետ տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր”

Ապաշրջափակման դեպքում Ադրբեջանի հետ տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել»,- այս մասին այսօր Վրաստանի ԱԳ նախարարի հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Նոր բան չկա, ՀՀ դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է՝ մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին, մենք ինքներս բավականին կառուցողական առաջարկներ ենք մտածել եւ արել Ադրբեջանին։ Եվ ակնկալում ենք նաեւ Ադրբեջանի դրական վերաբերմունքը։

Մենք վստահ ենք, որ այն պայմաններով եւ ձեւով, որով մենք տեսնում ենք այդ ապաշրջափակումը, իրականում այդ ապաշրջափակումը մեծ տնտեսական օգուտներ կբերի Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին։ Հիմնարար սկզբունքներ կան՝ երկրների տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ։

Բնականաբար նաեւ հասկանալով, որ 21-րդ դարը պարզեցումների, լոգիստիկ անցումների հեշտացումների դար է, եւ բոլորը բոլորի հետ փորձում են հասնել ինչ-որ պարզությունների, մենք եւս Ադրբեջանի հետ տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել»,- ասաց Միրզոյանը։

Նշենք, որ ՀՀ տարածքով միջանցքի հարցը Ալիեւը պարբերաբար բարձրացնում է, օրերս դարձյալ ասել էր, որ «ադրբեջանական բեռներն այդ ճանապարհով պետք է անցնեն առանց ստուգումների եւ պարզեցված ընթացակարգով»։

Վաշինգտոնում մարդատար ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին

DW

Ամերիկյան ավիաուղիների Bombardier CRJ700 ինքնաթիռը, որն իրականացնում էր տարածաշրջանային թռիչք Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից, Ռոնալդ Ռեյգան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս բախվել է Army Black Hawk ուղղաթիռին: Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:00-ին, գրում է AP գործակալությունը։

Պաշտոնական տվյալներով՝ ինքնաթիռում, որը թռչում էր Կանզասից, եղել է 60 ուղեւոր և անձնակազմի չորս անդամ։ Բախումից հետո ինքնաթիռն ու ուղղաթիռը ընկել են Պոտոմակ գետը։ Օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցվել են, իսկ կործանման վայրում սկսվել է փրկարարական գործողություն։ Լուրը հրապարակելու պահին զոհերի մասին պաշտոնական տեղեկություն չկար, սենատոր Թեդ Քրուզը սոցիալական ցանցերում գրել է, որ «կան զոհեր»։

CNN-ի և CBS-ի տվյալներով՝ փրկարարները մինչ այժմ հայտնաբերել են մահացածների միայն 18 դի և ոչ մի ողջ մնացած ուղևորի։ Ընդգծվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են մթության, Պոտոմակում ջրի ցածր ջերմաստիճանի և ուժեղ քամիների պատճառով։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հերքել է այն ենթադրությունները, որ ինքնաթիռի կործանումը կարող էին լինել ահաբեկիչների կողմից։ «Հանցագործության կամ ահաբեկչության հետքեր չկան»,- հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով հետախուզական գործակալության ներկայացուցչին։

ԱՄՆ-ի ռազմական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք էր կատարում։ Ուղաթիռում գտնվող երեք զինծառայողների ճակատագրի մասին չի հաղորդվում։ Պաշտպանության նախարարությունը սկսել է ողբերգության հետաքննությունը, և Պենտագոնի ղեկավարն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել ուղևորների ընտանիքներին և ընկերներին։

Դաշնային ավիացիոն վարչությունը, որը վկայակոչում է AP-ն, հայտնել է, որ ինքնաթիռը, որը մոտենում էր վայրէջք կատարելուն, օդանավակայանի վերահսկիչներից թույլտվություն է խնդրել փոխել թռիչքուղիները հենց վթարից առաջ: Հաստատելով հարցումը՝ կարգավարները կապվել են ուղղաթիռի հետ և խնդրել են զիջել։ Մեկ րոպե չանցած՝ բախումը է տեղի ունեցել.

Դեպքի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Աստված օրհնի նրանց հոգիները»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ավելի ուշ կներկայացնի ավիավթարի մանրամասները։

«Մեծ աուդիտը» կբացահայտի, թե ինչու են Իվանյանում 2020 թվականից հետո տներ կառուցվել

Այսօր 3 ամսով երկարացվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։ Միքայել Արզումանյանն արդեն 2,5 տարուց ավելի անազատության մեջ է և մեղադրվում է այն բանի համար, որ իր «անփութության» պատճառով Շուշիի մերձակա բարձունքները հանձնվել են։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին այսօր «մեղմացրել» են մեղադրանքն առ այն, որ  քաղաքապետարանի աշխատակիցներին նա թույլ է տվել սեփականաշնորհել այն մեքենաները, որոնցով իրենք դուրս էին բերել ընտանիքները տարհան,ան ժամանակ եւ որոնք նախկինում քաղաքապետարանին էին պատկանում։ Դատարանի որոշմամբ Դավիթ Սարգսյանին վերջնականապես թույլ են տվել դուրս գալ տնից։ Նրան, ըստ երևույթին, 7 ամիս տնային կալանքի տակ են պահել՝ «ապացույցները ոչնչացնելու» և «գողացված» մեքենաները Արցախ չվերադարձնելու համար։

Այս երկու և մի շարք այլ գործերով առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ամբողջությամբ բացահայտվեց Դավիթ Սարգսյանի գործով դատական ​​նիստի սկզբում։

Դատավորը Դավիթ Սարգսյանին հարցնում է, թե արդյոք նա ՀՀ քաղաքացի է, ինչին նա բացասական է պատասխանում՝ նշելով, որ ունի փախստականի կարգավիճակ։ Միաժամանակ ասում է, որ մնում է Ստեփանակերտի քաղաքապետ՝ դրա դիմաց աշխատավարձ չստանալով։

Իրավական այն խառնաշփոթը, որի մեջ մխրճվել է Արցախի ժողովուրդը 2020 թվականի պատերազմից հետո և հատկապես 2023 թվականի սեպտեմբերի 19-ից, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում նույնիսկ փորձառու իրավաբանների մոտ։

Մի կողմից բարձրաստիճան սպաներին դատում են պատերազմի ժամանակ բարձունքները հանձնելու համար, մյուս կողմից՝ չեն դատում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողներին։

Բացի այդ, Արցախի պաշտոնյաներին դատում են «պետական» մեքենաներն Արցախից դուրս բերելու համար, բայց նրանք, ովքեր 2020-ից հետո միլիարդներ են հատկացրել Արցախում բնակարանաշինության համար, թեև «Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում», չեն դատվում։

Ո՞վ է որոշում կայացրել Հայաստանի պետբյուջեից միլիարդավոր դրամներ հատկացնել տների կառուցմանը, հիմնականում՝ Իվանյանում՝ իմանալով, որ այնտեղ ադրբեջանցիներ կարող են բնակություն հաստատել «ինտեգրման» դեպքում։ Ի վերջո, սա էր տարբերակն, որը ժամանակին քննարկվում էր. հայերը համաձայնում են «ինտեգրվել» Բաքվի իրավասության ներքո և համակեցվել ադրբեջանցիների հետ։

Պատերազմի և Ղարաբաղի հանձնման «հաշվապահությունը» դեռ լուրջ աուդիտի կենթարկվի, բայց արդեն թվեր են հնչում. Լուկաշենկոն պնդում է, որ Ալիևը Սերժ Սարգսյանին 5 միլիարդ է առաջարկել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների համար, սակայն նա հրաժարվել է։ Կան նաև այլ թվեր և վարկածներ, մասնավորապես, որ 2020 թվականից հետո Արցախում հայկական փողերով հսկայական շինարարությունը եղել է «փոխհատուցման» և գործարքի մաս։

Անհեթեթ մեղադրանքները, Արցախի և արցախցիների շուրջ Հայաստանի իշխանության ստեղծած իրավական քաոսը, զինվորականների ու պաշտոնյաների դեմ դատավարություններն ու շինծու գործերը խոշոր «աուդիտի» ընդառաջ խաղաքարտերը խառնելու փորձ են։

Քաղաքապետարանը տրանսպորտային հսկիչներ է նշանակել

Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ սպասվելիք բոյկոտին:

Դեռ մինչեւ բոյկոտը, երբ “բարեփոխման” շրջանակներում փոխվեց տրանսպորտի վճարման համակարգը, եւ քաղաքապետարանը չապահովեց հսկողական գործառույթը, մարդիկ պարզապես դադարեցին վճարել։ Հիմա էլ դժվար է պատկերացնել, թե տեխնիկապես ինչպես են հսկիչները ստուգելու՝ մարդիկ վճարե՞լ են թե՞ ոչ։

Սակայն նրանք կարող են ստուգել, թե ովքեր են մասնակցում բոյկոտին։  

 

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվեց եւս 2 տարով

Եվրամիության երկրների դեսպանները ժամեր առաջ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Դատարանը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը վերացրեց

«Մենք մեզ մեղավոր չենք ճանաչում»,- այսօր դատարանում հայտարարեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը վերացրեց։ Փաստաբանն ասաց, որ Դավիթ Սարգսյանը 7 ամիս է՝ տանից դուրս չէր եկել։

Դավիթ Սարգսյանը շուրջ 7 ամիս մեղադրվում էր «ծանր հանցագործության»՝ Արցախից բերված մի քանի մեքենաներ իբր «խարդախությամբ հափշտակելու» համար։ Իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց։

Պաշտպանության կողմը մեղադրանքի առաջին իսկ օրվանից հայտարարում էր դրա անհեթեթության մասին, քանի որ չկար ու չէր էլ կարող լիներ տուժող, ինչը պարտադիր է հափշտակության բոլոր հանցակազմերում։ Ի վերջո, 2024թ. դեկտեմբերի վերջին քննչական մարմինը փաստացի ընդունեց պաշտպանների փաստարկները եւ վերացրեց խարդախության մեղադրանքը: Սակայն քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն Դավիթ Սարգսյանին եւ ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվեց մեկ այլ հիմնազուրկ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։

«Մենք մեզ մեղավոր չենք ճանաչում, սխալ գործարք չենք արել, այդ մեքենան էլ պատկանում է Ստեփանակերտի քաղաքապետարանին»,- այսօր դատարանում հայտարարեց Դավիթ Սարգսյանը։

Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ո՞ւմ է խանգարում ինքը, ինչո՞ւ են գործ հարուցել, Դավիթ Սարգսյանը պատասխանեց․ «Կամ հեղինակությամբ եմ խանգարում, կամ, որ արցախցի եմ, Ստեփանակերտի քաղաքապետն եմ, ժողովուրդը հարգում են, մենք էլ իրենց ենք հարգում սիրում»։

 

«ՀՀ քաղաքացի՞ եք»։ «Ոչ»։ «Աշխատո՞ւմ եք»։ «Ստեփանակերտի քաղաքապետն եմ»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու անդամների վերաբերյալ դատաքննությունը։

Դատավարությանը մասնակցում են նաեւ ավագանու անդամներն ու Ստեփանակերտի բնակիչներ։

«ՀՀ քաղաքացի՞ եք»,- Ստեփանակերտի քաղաքապետին հարցրեց դատավորը։ Դավիթ Սարգսյանը պատասխանեց՝ ոչ։ «Այսի՞նքն»,- հարցրեց դատավորը։ Դավիթ Սարգսյանը պատասխանեց. «Արցախի քաղաքացի եմ»։ «Արցախի քաղաքացին չի կարո՞ղ լինել ՀՀ քաղաքացի, փախստակա՞ն եք»,- հարցրեց դատավորը, ինչին ի պատասխան Դավիթ Սարգսյանն ասաց, որ փախստականի կարգավիճակ ունի։

Դատավորի հարցին, թե Դավիթ Սարգսյանը աշխատո՞ւմ է, նա պատասխանեց, որ չի աշխատում։ Այնուհետեւ Դավիթ Սարգսյանն ասաց, որ Ստեփանակերտի քաղաքապետն է։ «Հիմա էլ եք քաղաքապե՞տ»,- հարցրեց դատավորը։ Դավիթ Սարգսյանը պատասխանեց՝ այո, հասարակական հիմունքներով է աշխատում։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2024թ. մայիսին՝ Տ.Բագրատ արք. Գալստանյանի հետ Արցախի համայնքապետերի հանդիպումից անմիջապես հետո։ Դ.Սարգսյանը շուրջ 7 ամիս մեղադրվում էր «ծանր հանցագործության»՝ Արցախից բերված մի քանի մեքենաներ իբր խարդախությամբ հափշտակելու համար։ Իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց։

Պաշտպանության կողմը մեղադրանքի առաջին իսկ օրվանից հայտարարում էր դրա անհեթեթության մասին, քանի որ չկար ու չէր էլ կարող լիներ տուժող, ինչը պարտադիր է հափշտակության բոլոր հանցակազմերում։ Ի վերջո, 2024թ. դեկտեմբերի վերջին քննչականը փաստացի ընդունեց փաստարկները և վերացրեց խարդախության անհեթեթ մեղադրանքը:

Սակայն քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն՝ Դ.Սարգսյանին և ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվեց մեկ այլ հիմնազուրկ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։ Հատկանշական է, որ Դ.Սարգսյանի խափանման միջոցը՝ փաստացի, «կիսատնային կալանքը» (դե յուրե՝ «վարչական հսկողության» անվան տակ) դատախազությունը թողեց անփոփոխ, թեև ծանր հանցակազմը փոխարինել էր ոչ մեծ ծանրության հանցակազմով։

Պաշտպանության կողմը բնականաբար չի ընդունում մեղադրանքը և տրամադրված է դռնբաց դատական նիստերում դատարանի ու հանրության առջև ի ցույց դնել մեղադրանքի ողջ անհեթեթությունը։

Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով. նա ավելի քան 2,5 տարի է՝ կալանքի տակ է

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը կրկին երկարացվեց 3 ամսով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԲԴԽ-ից: Միքայել Արզումանյանը կալանավորված է 2022թ. սեպտեմբերի 1-ից:

Նշենք, որ քրեական գործը դատարանում է 2023թ․-ից, գտնվում է հիմնական դատալսումների՝ վկաների հարցաքննության փուլում, վկաների մի մասն արդեն իսկ հարցաքննվել է։ Գործը քննվում է դռնփակ ռեժիմով։

Հիշեցնենք, որ 2022թ. օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվեց Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Հաթերք ֆուդի առաջին մասնագիտացված մեղրի խանութը

Օրեր առաջ Երևանի Սունդուկյան փողոցում բացվել է Հաթերք ֆուդի առաջին մասնագիտացված մեղրի խանութը, որի ստեղծման ակունքները գալիս են դեռևս Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից: Մեղրի օգտակարության մասին խոսել կարող ենք անվերջ, իսկ Հաթերք ֆուդը իր արտադրանքի մեջ պահպանել է բնական մեղրի բոլոր առավելությունները:

Հաթերք ֆուդը իր սպառողներին է ներկայացնում 25-ից ավել բնական և օրգանական մեղրեր,12 տեսակի մեղրային սուֆլե՝ սուբլիմացված մրգերով և դեղաբույսերով, ինչպես նաև նորարարական արտադրանքների շարք, որտեղ առանձնահատուկ է «Շոկո մեղրը»:

Ի դեպ Շոկո մեղրը կոչված է փոխարինելու նուտելլային և այլ նման արտադրանքներին, որտեղ բաղադրության մեծ մասը շաքար է: Իսկ «Շոկո մեղր»-ի բաղադրության 70% հենց բնական մեղրն է, 23% պնդուկը և 7% կակաոն: Բաղադրության շնորհիվ այն հանդիսանում է էներգիային անփոխարինելի աղբյուր, խթանում է ուղեղի աշխատանքին, ունի հակաօքսիդանտային ազդեցություն և իհարկե հանդիսանում է սթրեսի նվազման և տրամադրության բարձրացման աղբյուր:

Միջոցառման ընթացքում այցելուները ծանոթացել և համտեսել են Հաթերք ֆուդի արտադրանքը, ինչպես նաև ծանոթացել են 16 միջազգային մրցանակների պատմությանը:  Իսկ վերջաբանը ինչպես միշտ վերջացել է խաղարկությամբ և քաղցր մեղրներով:

«Հանուն Արցախի» Միավորումը առաջարկել է բնակապահովման ծրագրի առավել ընդունելի տարբերակը

«Հանուն Արցախի» Միավորումը e-draft.am կայքում տեղադրել է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատված՝ արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի «Հանուն Արցախի» Միավորման կողմից մշակված և արցախահայության համար առավել ընդունելի տարբերակը։
«Հանուն Արցախի Միավորումի» հիմնադիր ժողովը կայացել է հունվարի 19-ին՝ Երևանում:

Պուտինն ու Զելենսկին փոխանակվել են հայտարարություններով, որոնք նման չեն խաղաղության նախապատրաստմանը

Վլադիմիր Պուտինը չի բացառել բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ միաժամանակ մերժելով նրա հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։ Երեքշաբթի՝ հունվարի 28-ին, «Россия 1» պետական ​​հեռուստաալիքի եթերում նա հայտարարել է, որ ուկրաինական պետության ղեկավարին լեգիտիմ չի համարում։

«Կարելի է բանակցել ցանկացածի հետ, բայց իր ոչ լեգիտիմության պատճառով նա (Զելենսկին-Խմբ.) իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե ​​նա ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, ովքեր կվարեն այդ բանակցությունները»,- ասել է Պուտինը։

Այսպիսով, Ռուսաստանի ղեկավարը ևս մեկ անգամ կրկնել է իր պնդումը, որ Ուկրաինայի նախագահը, իր տեսանկյունից, չի կարող մնալ իր պաշտոնում, քանի որ երկրում ընտրությունները ժամանակին չեն կայացել։ Միաժամանակ, Ուկրաինայում կա կոնսենսուս, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Զելենսկին մնում է պետության ղեկավարը։

Բացի այդ, ՌԴ նախագահը ևս մեկ անգամ անդրադարձել է Զելենսկու 2022 թվականի հրամանագրին, որն արգելում է Պուտինի հետ բանակցությունները՝ որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ։ Պուտինի խոսքով՝ այս հրամանագիրը պետք է չեղարկվի, որպեսզի բացվի Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հնարավորությունը, իսկ դա կարող է անել Գերագույն Ռադայի նախագահը։

ՌԴ նախագահը նաև պնդել է, որ եթե արևմտյան երկրները դադարեցնեն ֆինանսական և ռազմական աջակցությունն Ուկրաինային, պատերազմը կավարտվի երկու ամսվա ընթացքում։ Նա նաև պնդում է, որ 2022 թվականի գարնանը պատրաստ է եղել անձամբ հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ և «համապատասխան ազդանշաններ է ուղարկել» ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենին։

Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հայտարարությունները։

«Այսօր Պուտինը ևս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմը երկարացնելու համար։ Նրա յուրաքանչյուր քայլը և նրա բոլոր ցինիկ հնարքները նպատակ ունեն անվերջ դարձնել պատերազմը»,- գրել է Զելենսկին Telegram-ում։

«Մենք հիմա տեսնում ենք, որ իրական խաղաղության հասնելու հնարավորություն կա, բայց հենց Պուտինն է անում ամեն ինչ, որպեսզի կա՛մ շարունակի սպանությունները լայնածավալ խաղաղության փոխարեն, կա՛մ դադար ստանա, որպեսզի հետագայում հիբրիդային հարվածներ հասցնի, պատրաստելով նոր լայնածավալ ներխուժում»,- հավելեց նա։

Այս ամենը տեղի է ունենում ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչուների հզոր  հարձակումների և ուկրաինական քաղաքների վրա ռուսական հարձակումների ֆոնին։