Պուտինն ու Զելենսկին փոխանակվել են հայտարարություններով, որոնք նման չեն խաղաղության նախապատրաստմանը

Վլադիմիր Պուտինը չի բացառել բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ միաժամանակ մերժելով նրա հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։ Երեքշաբթի՝ հունվարի 28-ին, «Россия 1» պետական ​​հեռուստաալիքի եթերում նա հայտարարել է, որ ուկրաինական պետության ղեկավարին լեգիտիմ չի համարում։

«Կարելի է բանակցել ցանկացածի հետ, բայց իր ոչ լեգիտիմության պատճառով նա (Զելենսկին-Խմբ.) իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե ​​նա ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, ովքեր կվարեն այդ բանակցությունները»,- ասել է Պուտինը։

Այսպիսով, Ռուսաստանի ղեկավարը ևս մեկ անգամ կրկնել է իր պնդումը, որ Ուկրաինայի նախագահը, իր տեսանկյունից, չի կարող մնալ իր պաշտոնում, քանի որ երկրում ընտրությունները ժամանակին չեն կայացել։ Միաժամանակ, Ուկրաինայում կա կոնսենսուս, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Զելենսկին մնում է պետության ղեկավարը։

Բացի այդ, ՌԴ նախագահը ևս մեկ անգամ անդրադարձել է Զելենսկու 2022 թվականի հրամանագրին, որն արգելում է Պուտինի հետ բանակցությունները՝ որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ։ Պուտինի խոսքով՝ այս հրամանագիրը պետք է չեղարկվի, որպեսզի բացվի Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հնարավորությունը, իսկ դա կարող է անել Գերագույն Ռադայի նախագահը։

ՌԴ նախագահը նաև պնդել է, որ եթե արևմտյան երկրները դադարեցնեն ֆինանսական և ռազմական աջակցությունն Ուկրաինային, պատերազմը կավարտվի երկու ամսվա ընթացքում։ Նա նաև պնդում է, որ 2022 թվականի գարնանը պատրաստ է եղել անձամբ հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ և «համապատասխան ազդանշաններ է ուղարկել» ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենին։

Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հայտարարությունները։

«Այսօր Պուտինը ևս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմը երկարացնելու համար։ Նրա յուրաքանչյուր քայլը և նրա բոլոր ցինիկ հնարքները նպատակ ունեն անվերջ դարձնել պատերազմը»,- գրել է Զելենսկին Telegram-ում։

«Մենք հիմա տեսնում ենք, որ իրական խաղաղության հասնելու հնարավորություն կա, բայց հենց Պուտինն է անում ամեն ինչ, որպեսզի կա՛մ շարունակի սպանությունները լայնածավալ խաղաղության փոխարեն, կա՛մ դադար ստանա, որպեսզի հետագայում հիբրիդային հարվածներ հասցնի, պատրաստելով նոր լայնածավալ ներխուժում»,- հավելեց նա։

Այս ամենը տեղի է ունենում ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչուների հզոր  հարձակումների և ուկրաինական քաղաքների վրա ռուսական հարձակումների ֆոնին։