Արցախի մասին Արցախից հեռու գրել՝ իսկապես դժվար է. Սոնայի «Պայքարը»

Հունիսի 29-ին ԱՀԱԸ Երևանի գրասենյակի Հայ Ավետարանական եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել արցախցի ստեղծագործող Սոնա Ղահրամանյանի երկրորդ գրքի շնորհանդեսը, որը նա «Պայքար» է վերնագրել։

Ներկա էին նրա ուսուցիչները, ընկերները, հարազատները, Եկեղեցու ծառայողները։

Պաշտամունքի արարողությունից հետո պատվելի Գևորգ եղբայրը ներկայացրեց Սոնա Ղահրամանյանին, ով տակավին երիտասարդ տարիքում արդեն երկու գրքի հեղինակ է։ Արցախցի աղջիկը գրքերի միջոցով իր սրտի խոսքն է ասում համայն աշխարհին, ներկայացնում այն, ինչ կատարվել է Արցախում։ Գիրքը պայքարելու մասին է:

Հեղինակը հուզմունքով էր խոսում գքրի, իր ապրումների ու երազանքների մասին, ապա երախտագիտությունը հայտնում իրեն աջակցողներին, ովքեր ջանք չթափեցին, որպեսզի գրի առած իր թղթերը գիրք դառնան

-Ինձ համար մեծ պատիվ է այստեղ կանգնել և ուրախ եմ, որ հենց այստեղ է տեղի ունենում իմ գրքի շնորհանդեսը, ինչի համար շնորհակալ եմ Գևորգ եղբորը և Արկադի եղբորը։ Շնորհակալ եմ իմ գրքի խմբագիր և իմ ուսուցչուհի Սիլվա Ջհանգիրյանին, իմ առաջին ուսուցչուհի Էլմիրա Եղյանին, իմ ընկերներին ու բոլոր նրանց, ովքեր կանգնած են իմ կողքին։ Ամենից առավել երախտապարտ եմ Աստծուն, որ նա ինձ տաղանդ է շնորհել։ Արցախի մասին Արցախից հեռու գրել՝ իսկապես դժվար է։

Իմ գրքի ամեն մի տողը կարոտի արտահայտման յուրօրինակ մի ձև է։ Միևնույն ժամանակ այն կյանքի, պայքարի, սիրելու, սիրվելու, ներելու, երախտապարտ լինելու և վերջապես ապրելու մասին է։ Կարծում եմ՝ իմ հերոսներից շատ բան կա սովորելու․ նրանք պարզապես հերոսներ չեն։ Նրանք մահվան աչքերին նայած, մարդկային դաժանությունից ու անարդարությունից հոգնած անհատների մարմնացում են։ Նրանք ապրել ցանկացող հոգիներ են, ովքեր ապացուցում են, որ աշխարհում ապրելուց քաղցր բան չկա, ու ամենախավար պահերին մարդ կարող է գոյատևելու ելքեր գտնել, եթե չմոռանա լույսի գոյության մասին, Աստծո մասին։

Ես իմ հերոսների միջոցով պարզապես ցանկանում էի ասել, որ պետք է շարունակել պայքարել ու երբեք չհանձնվել կես ճանապարհից։ Այսօր, ես այստեղ կանգնած, զգում եմ, որ հաղթել եմ։ Զգում եմ, որ իմ վիրավոր սիրտը նորից բաբախում է, զգում եմ, որ Արցախն իմ ներսում ապրում է։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ծնողներին, որովհետև հենց նրանց շնորհիվ է, որ իմ կյանքի պայքարը դեռ շարունակվում է։ Նրանք են հանդիսացել իմ հերոսների նախատիպերն իրենց պատմություններով ու վառ օրինակով։

Գրքի խմբագիր Սիլվա Ջհանգիրյանի համար գրքի ամեն մի բառի, ամեն մի տողի մեջ սրտի տրոփ կա

-«Պայքար» գրքի գլխավոր հերոսը բարոյականությունն է, մաքրությունը, հավատը, պայքարը, կարոտը, հույսը։ Գրքում ներկայացված է մի ընտանիքի կյանքի պատմություն, որը պայքար է՝ արժանապատիվ պայքար հայրենի հողի ազատության, անկախության համար, որն իր մեջ ամփոփում է արցախյան հարյուրավոր ընտանիքների պատմությունը։

Հեղինակն արցախյան մի ամբողջ աշխարհ է նվիրում ընթերցողին․ արցախյան իմաստ, գույներ, բարբառ, և նրա որդիական սիրտը տրոփում է հայրենի եզերքի և այդ եզերքում ապրող, այդ հողը պահող մարդկանց համար։ Սրտի տրոփը լսվում է ամեն բառի, ամեն տողի մեջ։

Գիրքը ցաված սրտի, ցաված մտքի ճիչ է, բողոք անարդար, անիրավ աշխարհին։

Պարզ ճշմարտություն է․ հայրենիքից դուրս երջանկություն չկա։ Ցավի, կորստի, կարոտի մեջ հերոսները լավատես են, ապրում են ետդարձի հույսով։

Բարով ես եկել «Պայքար»։ Շնորհավորում եմ քեզ, իմ սիրելի Սոնա։

Սոնայի ուսուցչուհի Սուրայա Ղազարյանը հիշում է

-2021 թվականին՝ առաջին գրքի շնորհանդեսից հետո, շնորհավորեցի Սոնային ու խորհուրդ տվեցի երբեք չհանգստանալ դափնիների վրա ու շարունակել անընդհատ բարձրանալ՝ նոր նվաճումների համար։

Այսօր՝ երկրորդ գրքի շնորհանդեսին, Սոնան երախտագիտությամբ խոստովանեց, որ այն ժամանակ իմ տված խորհուրդը մի օր անգամ չի մոռացել ու միշտ առաջ է նայել և, ահա, երկրորդ գիրքն է ընթերցողի դատին հանձնել։

Թող Աստված հոջողի, և հաջորդ գիրքը ծնվի ոչ թե ցավի ու տառապանքի միջից, այլ ողողված լինի հաղթության բերկրանքի պայծառ շողերով։

Սոնայի մայրը՝ Անահիտ Դանիելյանը, ուրախ և հպարտ էր դստեր հաջողությամբ

– Երախտապարտ եմ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանի գլխավորությամբ ուսուցչական ողջ կոլեկտիվին՝ Սոնային փայլուն գիտելիքներ տալու, նրա երազանքների կատարմանն ուղեկից լինելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին. այս հաջողությունը բոլորինս է: Աստված ուժ, իմաստություն և խաղաղություն պարգևի մեր ժողովրդին:

Սոնան մանկուց սիրում էր երազել ու ստեղծագործել: Նրա «Կյանք՝ կյանքի դիմաց» գրքի շնորհանդեսը կազմակերպվել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում 2021 թվականին նա 10-րդ դասարանի աշակերտուհի էր։ Դպրոցի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ ստեղծագործող աշակերտը դառնում է գրքի հեղինակ, և նա ընդամենը 15 տարեկան էր:

Սոնայի առաջին գրքի բուն նյութն արցախյան 44-օրյա պատերազմն էր: Գիրքը հրատարակվել էր Երևանի Ավետիսյան դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Մելանյա Գեղամյանի հովանավորությամբ ու ջանքերով։

Սոնա Ղահրամանյանն այժմ ուսանում է Երևանի պետական համալսարանի Ռոմանոգերմանական ֆակուլտետի Անգլերենֆրանսերեն բաժնում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 

Ինչ աղբյուրներից է Մակրոնը տեղեկացել Հայաստանում “ապակայունացման” մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Շատ լավ հեռախոսազրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։

Նաև վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Խաղաղությունը և բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրա սահմաններից անդին»,– գրել է նա։

Հետաքրքիր է, Մակրոնը ո՞ր աղբյուրներից է տեղեկացել Հայաստանում “ապակայունացման փորձերի” մասին՝ Նիկոլ Փաշինյանի պատմածի՞ց, թե՞ սեփական երկրի հետախուզությունից։ Դա կարևոր է, քանի որ եթե նա չունի հետախուզական տվյալներ, ապա նշանակում է, որ Մակրոնը ամեն ինչ անում է, որպեսզի “խաղաղության գործընթացը”, այսինքն՝ տարածաշրջանում Ռուսաստանի դոմինանտը թուրքականով փոխարինելը չխափանվի։ 

Մակրոնը մինչ Փաշինյանին զանգահարելը խոսել է նաև Էրդողանի հետ, և չի բացառվում, որ Հայաստանի “ապակայունացման” մասին տվյալները նրան Էրդողանն է հայտնել։ 

Ի՞նչ գործընթացի է աջակցում Մակրոնը, անկախ դրանից, կա՞ր ապակայունացման փորձ, թե ոչ։ Կարսի պայմանագրի սահուն լեգիտիմացմա՞նը, հայկական ազգային, եկեղեցական, վարչական, տնտեսական ինստիտուտների տեղափոխմա՞նը Պոլիս։   

 

Ուր անհետացավ ուրանը։ Հայաստանի իշխանությունները հերքում են

Նիկոլ Փաշինյանը վերջերս սոցիալական ցանցերում հերթական գրառումը նվիրեց տարօրինակ թեմայի. «Հիբրիդային պատերազմ և այլն, ամեն ինչ պարզ է։ Բայց եթե ինչ-որ մեկը լրջորեն հարցնի, թե արդյոք ճիշտ է, որ մենք ուրանի թափոններ ենք պահում Դիլիջանի ազգային պարկում, ապա այդ անձը կամ էշ է, կամ գործակալ, կամ ռոբասերժի ընտանիքի անդամ, որը ստեղծել է այս կեղծ լրատվամիջոցը», – նշել է Փաշինյանը։

ՀՀ բնապահպանության նախարարությունը նույնպես հերքել է Դիլիջանի ազգային պարկում Ֆրանսիայից միջուկային թափոնների թաղման մասին հրապարակումները։

«Հրապարակումն այն մասին, որ ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով միջուկային վառելիքի թափոններ է տեղափոխում Հայաստան, որոնք, իբր, պահվելու են ազգային պարկերից մեկում, լիակատար ապատեղեկատվություն է։ Մենք կոչ ենք անում զերծ մնալ անհայտ աղբյուրների կողմից հրապարակված չստուգված տեղեկատվության տարածումից», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նշենք, որ հունիսի 25-ին ֆրանսիական Courrier France 24 հրատարակությունը հոդված հրապարակեց այն մասին, թե ինչպես է ֆրանսիական պետական ​​Orano ձեռնարկությունը (ատոմակայանների վառելիքի մատակարար) իբր սկսել գաղտնի կերպով Հայաստան տեղափոխել սպառված ուրանի թափոններ։ Թափոնները, իբր, հասցվում են Դիլջանի ազգային պարկի բունկեր։

Միևնույն ժամանակ, այս հրատարակությունը նշում էր, որ միջուկային թափոնների մատակարարումը «ֆինանսավորվում է Հայաստանի վարչապետի հետ կապված հիմնադրամի կողմից»։

«Ուրանի պատմությունը» Հայաստանում ծավալվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատերազմից հետո անցկացվող «դեբրիֆինգի» ֆոնին։ Հիշեցնենք, որ Իրան-Իսրայել պատերազմում «հրադադարից» հետո մի քանի օր է ոչ ոք չի կարողանում գտնել հարստացված ուրանի պաշարներ և այն տեխնոլոգիան, որը թույլ կտա երկրին ստեղծել ռումբ։ Ամերիկյան հետախուզությունը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և որոշ արևմտյան լրատվամիջոցներ նշում են, որ ամերիկյան խորը հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես պնդում է Թրամփը։ Սա դիտվում է որպես կամ Թրամփի իմպիչմենտի, կամ նոր, ավելի ճշգրիտ հարվածների նախապատրաստություն։

Օգտվելով ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից, դարձել եմ շահառու, սակայն կանգնել դժվարության առաջ

Արցախի տեղահանությունից հետո Արմինե Պետրոսյանը երեք երեխաների ու հարազատների հետ բնակություն է հաստատել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում, ապա տեղափոխվել Էջմիածին քաղաք։ Որպես հոգեբան՝ աշխատանքի է անցել Ոսկեհատի միջնակարգ դպրոցում այդտեղ են սովորում նաև նրա ավագ դստրերը, իսկ փոքրիկը հաճախում է գյուղի մանկապարտեզը։ Նրա ամուսինը՝ Արսենը, 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունի զոհ է դարձել։

Արմինեն, օգտվելով ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից, դարձել է շահառու, սակայն կանգնել դժվարության առաջ

-Արցախցիներս այսօր սոցիալական տարբեր խնդիրների առաջ ենք կանգնել, սակայն ամենակարևորը սեփական տանիք ունենալն է։ Արդեն պարզ է, որ 2025-ի վերջին արցախահայությանը տրվող միակ աջակցությունը կդադարի գործել, իսկ առանց  բնակվարձերի աջակցության դժվար կլինի տան վարձավճարի ու կոմունալ վճարների հարցերը լուծել։ ՀՀ քաղաքացիություն ենք ընդունել, որպեսզի կարողանանք օգտվել բնակապահովման ծրագրից։ Մտադիր եմ տուն ձեռք բերել Էջմիածնում, որովհետև այստեղ որոշ չափով կարողացել ենք հարմարվել։ Երեխաներս, թեև մեծ դժվարությամբ, համակերպվել են նոր միջավայրին, ձեռք բերել նոր ընկերներ։ Սակայն մեզ տրամադրվող գումարով, անգամ, եթե ըստ շրջանառվող լուրերի Էջմիածին քաղաքը ևս կընդգրկվի 4 մլն դրամ գումարի գոտիում, միևնույն է՝ հնարավոր չի տուն գտնել այդ գումարով։ Բնակարանների շուկայական գները սկսվում են առնվազն 20 մլն դրամից։ Հիպոթեքային վարկ վերցնել չեմ համարձակվում, որովհետև հասկանում եմ, որ իմ ստացած աշխատավարձով և երեխաների նպաստով հնարավոր չի լինի վարկ փակել ու ընտանիքի հոգսերը հոգալ։ Համապատասխան գումարով տուն գնելու փնտրտուքների մեջ եմ․ դեռևս դրական արդյունքի չեմ հասել:

Արմինեն Արցախից երեխաների հետ դուրս է եկել 2023-ի սեպտեմբերի 25-ին, հաջորդ օրը ամուսինը՝ Արսենը, պետք է միանար ընտանիքին։ Սակայն չարաբաստիկ 25-ը ճակատագրական եղավ նաև այս ընտանիքի համար։ Ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և սեպտեմբերի 19-ի պատերազմների մասնակից Արսեն Գասպարյանը մեկն էր այն հարյուրավոր զոհերից, որոնց կյանքը խլեց վառելիքի պահեստի պայթյունը։ Արսենն ու պայթյունի ժամանակ զոհված հարյուրավորները դեռևս չունեն իրավական կարգավիճակ նրանց ընտանիքները չեն ստանում պետական աջակցություն և փոխհատուցում։

Երեք դստրեր մայրը չի կարողանում համակերպվել տեղի ունեցող անարդարությունների հետ

-Սեպտեմբերի 25-ի պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է, սակայն կառավարությունը չի ցանկանում համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերել պայթյունից տուժածների ընտանիքներին: Մենք ասես անտեսված լինենք, հարմարվել ենք, որ պիտի մի կողմ քաշվենք ու ապրենք մեր ցավի հետ։ Անարդարացի եմ համարում, որ օրեր առաջ մարտական դիրքերից վերադարձած ու արհավիրքին զոհ դարձած տղաներին որևէ կարգավիճակ չի տրվում։ Եվ առհասարակ, բոլորը, ովքեր այդ օրը զոհվել են, պետք է կարգավիճակ ունենան։

Աշխատանքս օգնում է մեղմելու նյութական և հոգեբանական դժվարություններս։ Ամուսնուս և իմ հարազատները միշտ կողքիս են։ Սակայն երեխաները մեծանում են և օրեցօր ավելանում են հոգսերն ու պատասխանատվությունը։ Շատ դժվար է առանց հայր աղջիկ-երեխա դաստիարակել, բայց ինչ արած, դա է իմ ճակատագիրը։ Աղջիկներս կարոտում են և չեն հաշտվում հոր բացակայության հետ։ Արսենը շատ հոգատար հայր էր ու ամուսին։ Ինձ համար ծանր է անցյալով խոսել նրա մասին, երբեմն թվում է՝ թե ուր որ է դուռը կբացվի, ու Արսենը ժպտուն աչքերով ներս կմտնի։ Կրտսեր դուստրս՝ Լինան, ամեն օր հարցնում է՝ ե՞րբ է պապան տուն գալու, շատ եմ կարոտել:

Ամուսինս 2023-ի սեպտեմբերի 19-ին մարտական դիրքում էր․ ողջ ու առողջ տուն եկավ։ Աշխարհն իմն էր դարձել․ Աստված գթասիրտ էր գտնվել այս անգամ ևս: Ի՞նչ իմանայի, որ սարսափելին դեռ առջևում է, և երեխաներս անհայր են մնալու։ Մենք վերջին անգամ Արսենին տեսանք սեպտեմբերի 25-ի առավոտյան:

Երբեք չեմ մտածել, որ կարող եմ ապրել Արցախից դուրս․ հանգամանքներն ստիպեցին բռնել գաղթի ճանապարհը։ Այժմ էլ այն կարծիքին եմ, որ Հայաստանից այն կողմ ապրել չեմ կարող, չեմ ուզում։ Ես իմ հողում եմ՝ Մայր Հայաստանում ու կապրեմ այստեղ այնքան, մինչև մի գեղեցիկ օր կհայտարարվի հետվերադարձի երանելի լուրը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

ՀԷՑ-ի հետագա ճակատագիրը պարզ կլինի մոտակա ժամանակներս, ինչպես նաև Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է իր՝ Թուրքիա այցի վերաբերյալ մեկնաբանություններին։

«Լուրջ դեմքով մի խումբ ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ» Թուրքիա կատարած իմ աշխատանքային այցից ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպումից հերթական գիտաֆանտաստիկ եզրակացությունն են արել, թե իբր ՀԷՑ-ը վաճառվելու կամ տրվելու է թուրքական ընկերության:

ՀԷՑ-ը պետականացվելու է, սիրելի «փորձագետ-փորձանքներ», դառնալու է Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու` ինչպես նախորդ բոլոր դեպքերում: Հանգիստ նստե´ք տեղներդ ու շարունակե´ք զգալ պետության համը ձեր բերանում»,- գրել է նա:

ՀԷՑ-ի հետագա ճակատագիրը պարզ կլինի մոտակա ժամանակներս, ինչպես նաև Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներն, այդ թվում՝ ճանապարհների առումով։  Հասարակությունը իրավասու է ենթադրել ցանկացած բան, առավել ևս, որ ՀՀ Կառավարությունը երբեմն չի թաքցնում, որ Թուրքիայի հետ համագործակցությունը ընկալում է որպես լավագույն ճանապարհ դեպի բարգավաճում և խաղաղություն։ 

Մինչ դեռ հունիսի 28-ին Ստամբուլում «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։

Մենք քննարկել ենք Հայաստանի հետ երկկողմ և տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր», – նշել է Ուրալօղլուն։
Ավելի վաղ Դավիթ Խուդաթյանը պատմել է Ստամբուլում հունիսի 27-ին կայացած Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ հանդիպման մասին։ «Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները», – գրել է Խուդաթյանը Ֆեյսբուքում՝ հրապարակելով Բայրաքթարի հետ համատեղ լուսանկար։

Մեկնարկել է նախկինում արգելված մարդկային ԴՆԹ ստեղծելու նախագիծը

Ինչպես հաղորդում է BBC-ն, Քեմբրիջում մեկնարկել է աննախադեպ և խիստ վիճահարույց մի նախագիծ, որի շրջանակներում գիտնականները հույս ունեն մարդու ԴՆԹ-ի կառուցվածքային բաղադրիչները հավաքել զրոյից՝ ատոմ առ ատոմ, դրանք կազմող սկզբնական քիմիական տարրերից։

(Բնօրինակ հոդվածը անգլերեն լեզվով կարող եք կարդալ այստեղ։)

Մինչև վերջերս այս ոլորտում ցանկացած հետազոտություն խստիվ արգելված էր՝ կապված այն մտավախությունների հետ, որ մարդու գենոմի խմբագրումը, ի վերջո, կարող է հանգեցնել այսպես կոչված դիզայներական երեխաների (նախապես ծրագրավորված բնութագրերով) ստեղծմանը կամ ապագայում որոշ անցանկալի՝ անկանխատեսելի և անդառնալի փոփոխությունների։

Այնուամենայնիվ, այժմ բրիտանական Wellcome Trust-ը՝ աշխարհի ամենամեծ բժշկական բարեգործական կազմակերպությունը, նախագծին հատկացրել է առաջին 10 միլիոն ֆունտ ստեռլինգը (մոտ 13,7 միլիոն դոլար), բացատրելով, որ այս աշխատանքի հնարավոր օգուտները զգալիորեն գերազանցում են դրանց հետ կապված ռիսկերը, քանի որ այն զգալիորեն կարագացնի մի շարք ներկայումս անբուժելի գենետիկական հիվանդությունների դեմ դեղերի որոնումները։

Փաշինյանի քֆուր-պաուզան կապված է ԵՄ հանձնակատարի այցի հե՞տ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է ուղղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասին՝ վերջինիս Հայաստան այցի նախօրեին:

Հիշեցնենք, որ այցը կկայանա վաղը, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է քֆուր-պաուզա վերցնել հենց այդ օրերին։ Թեկուզ եվրոպական կառույցները չեն դատապարտել նրա գործողությունները Հայ եկեղեցու և Սամվել Կարապետյանի նկատմամբ, ակնարկելով, որ այդկերպ Հայաստանը “պոկվում է Ռուսաստանից”, բայց Կալասի ներկայությամբ մեղադրել հոգևորականներին “կնոջ կամ տղամարդու” հետ լինելու մեջ մի քիչ ժողովրդավարական չէ։

«ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Եվրոպայի տարածքում գործող մեր 14 մասնաճյուղերի անունից Ձեզ ենք դիմում խոր մտահոգությամբ՝ Հայաստանի Հանրապետություն Ձեր առաջիկա պաշտոնական այցի համատեքստում։

Ձեր այցը տեղի է ունենում հայ ժողովրդի և նրա ժողովրդավարական ապագայի համար վճռորոշ ժամանակահատվածում։ Ինչպես, տեղյակ եք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները, որի կենտրոնը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արագորեն վերածվում են ոչ միայն ներքին ինստիտուցիոնալ ճգնաժամի, այլև՝ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության և սահմանադրական հավասարակշռության ավելի լայն խնդրի։

․․․Բարդ ու մտահոգիչ է նաև կառավարության այն միտումը, որով երկրի ներսում ցանկացած ընդդիմախոսության պիտակվում է որպես «պրոռուսական»՝ անկախ անձի իրական դիրքորոշումից։ Վարչապետ Փաշինյանի այս գործելաոճը, որը ներկայացվում է իբրև հակառուսական քաղաքականություն, իրականում խիստ մոլորեցնող է։ Այն խաթարում է քաղաքական բազմազանությունը, խեղդում խոսքի ազատությունը և ճնշում է Հայաստանում ժողովրդավարական դաշտը, որն արդեն իսկ բավական խոցելի է։

ԵՄ-ի հեղինակությունը որպես ժողովրդավարական գործընկեր դրվում է կշեռքի վրա։ Եթե Հայաստանը ձգտում է կառուցել կայուն, համապարփակ և ժողովրդավարական ապագա՝ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության տեսլականի համաձայն, ապա անհրաժեշտ է պաշտպանել, ոչ թե հանուն ժամանակավոր քաղաքական նպատակների զոհաբերել քաղաքական բազմակարծությունը, խոսքի ազատությունն ու ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։

Ուստի՝ խնդրում ենք Ձեզ այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել ինչպես Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների, այնպես էլ քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչների հետ։ Այդ քայլը կլինի հզոր ազդակ, որ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել մեկ ձայնով, որ Եվրոպական Միությունը կանգնած է ժողովրդավարական արժեքների պաշտպանության կողքին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, և որ իրավապահ մարմինները պետք է ծառայեն ու պաշտպանեն քաղաքացիներին, այլ ոչ թե սպասարկեն մեկ անհատի կամքը՝ նույնիսկ եթե նա երկրի վարչապետն է։ Իրավունքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները պետք է միշտ հաղթանակեն»,– ասվում է նամակում։

2024 թվականին «Հայաստան» հիմնադրամը կառուցել է 78 տուն, այդ թվում՝ արցախցիների համար

2024 թվականին «Հայաստան» հիմնադրամը կառուցել է 78 տուն և բնակարան, այդ թվում՝ ղարաբաղցի ընտանիքների համար։ Այս մասին հայտարարել է հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը՝ հոգաբարձուների խորհրդի նիստում հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։

Արմավիրի մարզի Լեռնահող գյուղում կառուցվել է 14 մասնավոր տուն ղարաբաղցի բազմազավակ ընտանիքների համար, իսկ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում՝ 6 տուն (մի մասը՝ ղարաբաղցիների, մի մասը՝ կարիքավոր տեղացի բնակիչների համար)։

Բացի այդ, կառուցվում է 4 երկակի մասնավոր տուն (8 ընտանիքի համար), կրկին ղարաբաղցի ներքին տեղահանվածների համար։

2024 թվականին հիմնադրամը ֆինանսավորել է «Արցախ» պարային համույթի (որի թիմը նույնպես բաղկացած է ներքին տեղահանվածներից) տարեկան ծախսերը՝ 50 հազար դոլարի չափով։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին հիմնադրամի եկամուտները կազմել են 2 միլիարդ 691.8 միլիոն դրամ, իսկ ծրագրերի ծավալը՝ 1 միլիարդ 633 միլիոն։

Արցախի ԱԺ-ն աջակցություն է հայտնել պատգամավոր Դավիթ Գալստյանին

«Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պատգամավոր Դավիթ Գալստյանին»․ Արցախի Հանրապետության Ազգայի ժողովի խմբակցություններն հայտարարություն են տարածել

«2025 թվականի հունիսի 25-ին Հայաստանում իրականացված մասսայական ձերբակալությունների արդյունքում կալանավորվել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

ՀՀ դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք, ինչի հետևանքով նա այս պահին գտնվում է անազատության մեջ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են իշխանության կողմից իրականացվող ցանկացած դրսևորում, որի հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ, որոնք միանշանակորեն հակասում են ժողովրդավարության սկզբունքներին և խաթարում են համահայկական համերաշխության և փոխվստահության հնարավորությունը։

Դավիթ Գալստյանը երկար տարիներ իր գործունեությունն իրականացրել է բացառապես Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի շրջանակում՝ հետևողականորեն պաշտպանելով արցախցիների շահերը և գործելով ի նպաստ հայ ժողովրդի հավաքական շահերի։

2023 թվականին բռնի տեղահանության արդյունքում տեղափոխվելով Հայաստան՝ Դավիթ Գալստյանը շարունակել է իր մասնագիտական գործունեությունը՝ մնալով հավատարիմ ժողովրդավարական և ազգային արժեքներին։

Ուստի Գալստյանի գործունեությունն իրականացվել է բացառապես օրինական դաշտում, չի պարունակել և չէր կարող պարունակել որևէ գործողություն, որը կարող էր դիտարկվել որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության պետականության համար։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները իշխանությունների քաղաքական մոտիվացված այս քայլը դիտում են որպես փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին։

Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պատգամավոր Դավիթ Գալստյանին և հայտարարում, որ հետևելու ենք նրա շուրջ զարգացող գործընթացների օրինականությանը՝ պահանջելով դադարեցնել նման քաղաքական հետապնդումների գործելաոճը։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»»

Նախքան ԱՄՆ վիզա տրամադրելը ուսումնասիրում են ձեր սոցցանցերի բովանդակությունը

Վիզայի դիմումները քննելիս մենք դիտարկում ենք առկա բոլոր տեղեկությունները՝ բացահայտելու այն անձանց, որոնց մուտքը Միացյալ Նահանգներ չի կարող արտոնվել, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված նկատառումներով։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«2019թ․ սկսած՝ ներգաղթային և ոչ ներգաղթային վիզայի դիմումատուներից Միացյալ Նահանգները պահանջում է դիմումներում ներառել սոցիալական հարթակներում իրենց էջերի տվյալները»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Վարչապետի որոշումը հրապարակված է E-gov-ում:

Մեկ այլ որոշմամբ նա ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:

Նա այս պաշտոնում փոխարինում է Արմեն Աբազյանին, որ ազատվեց հունիսի 18-ին:

Անդրանիկ Սիմոնյանը վարչապետ Փաշինյանի կառավարության օրոք 6-րդ ԱԱԾ տնօրենն է: Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Աշխատել է դատախազությունում, Քննչական կոմիտեում, իսկ 2021թ. մարտի 31-ից ԱԱԾ տնօրենի տեղակալն է եղել։

Արմեն Աբազյանի պաշտոնանկության մասին պատճառների մասին վարչապետը միայն ասել էր, որ նա «աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020-ի նոյեմբերից», և «արժանացել է, որ մի քիչ հանգստանա»:

Երուսաղեմի հայոց պատրիարքը կոչ է արել եկեղեցուն ապրել համաձայն վանական և եկեղեցական օրենքների

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտում է Մայր Աթոռում երեկվա իրադարձությունները, ինչպես նաև «Հայոց Սրբություն Սրբոցի հանդեպ վերջին օրերի ամոթալի և անպատվաբեր դրսևորումներն ու գործողությունները»:

Հայտարարության մեջ Հայոց պատրիարքը նշել է, որ ցավով և մտահոգությամբ են տեղեկացել Վեհարանի տարածք ուժայինների ներխուժելու մասին:

«Չէինք կարծում, թե հարցը ի վերջո դրան կհասնի: Կացությունն անդառնալի վիճակի է հասել, սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել», – ասված է նրա հայտարարության մեջ:

Երուսաղեմի պատրիարքը կոչ է արել կանգ առնել հանդարտությամբ ու խաղաղությամբ, առանց նոր լարվածութուն ստեղծելու, սթափ եւ զուսպ հոգով, հակառակ դեպքում, ըստ նրա՝ այս ճանապարհը անդունդի կհասցնի։

Զորակցություն հայտնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հույս է հայտնել, որ Մայր Աթոռը կշարունակի իր գործունեությունը՝ համաձայն վանական և եկեղեցական օրենքների՝ հարգելով ՀՀ օրենքները, իսկ ՀՀ իշխանությունն էլ կվերահաստատի փոխադարձ հարգանքը Սուրբ Էջմիածնի և Վեհափառի հանդեպ:

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, կոչ անելով․ ու Մայր Աթոռը շարունակի իր գործունեությունը՝ համաձայն վանական և եկեղեցական օրենքների, արդյո՞ք նկատի ունի Փաշինյանի այն մեղադրանքները, որ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը։ Մինչ օրս ոչ մի եկեղեցական չի պաշտպանել Փաշինյանի այդ մեղադրանքը և չի պահանջել Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Սակայն, ըստ երևույթին, նման պահանջ հասունանում է, և Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կոչը՝ դրա վկայությունն է։