ԳեղArt բիզնես ծրագիրը ներկայացնում է նաեւ հայկական մշակութային արժեքների քարոզչություն

Կարևորագույն հիմնախնդիրները Արցախի պատմամշակութային ժառանգության և հայկական զարդանախշերի մոռացության կանխումն է

Գեղանուշ Սարգսյանը նկարչուհի է՝ Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից։ Փոքրուց էր սիրում նկարել ու իր վառ երևակայությամբ միշտ զարմացնում էր բոլորին։ Նկարչության հանդեպ անհագ սերը նրան տարել է Շուշիի Հակոբ Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտ, որտեղ ձեռք է բերել հմտություններ ու կատարելագործվել նկարչության մեջ։ 

Էկո պայուսակներ ստեղծելու գաղափարը նրա մոտ ծնվել է 2022 թվականին։ Գաղափարը կյանքի է կոչվել, ու հիմք է դրվել ԳեղArt պայուսակների արտադրությանն ու նկարազարդմանը։ Շնորհաշատ աղջիկը սկսել է պայուսակների, շապիկների վրա ձեռքով նկարել հայկական, արտասահմանյան հայտնի նկարիչների,  ինչպես նաև՝ հեղինակային նկարներ, Արցախը բնորոշող պատկերներ։ Մինչև Արցախից տեղահանվելն արդեն ստեղծել էր 30-40 աշխատանք, որոնցից մի մասը վաճառքի է հանել, իսկ մյուս մասը նվիրել ընկերներին։ Շրջափակման հետևանքով առաջացած հումքի պակասի պատճառով դադարել էր բիզնեսի գործունեությունը։ 

Արցախից տեղահանվելուց հետո Գեղանուշի համար մեծ երազանք էր ԳեղArt բիզնեսը վերսկսել Հայաստանում՝ հոգեհարազատ ու ավելի արժեքավոր պատկերներով և ընդլայնված արտադրական քանակով։ Նպատակն իրականացնելու համար նա մասնակցել է մի շարք դասընթացների, իսկ վերջերս էլ՝ “REVIVING DREAMS”-ի կազմակերպած ծրագրին՝ ի աջակցություն տեղահանված արցախցի երիտասարդների բիզնես գաղափարների իրականացման, որտեղ էլ ներկայացրել է իր բիզնես ծրագիրը և արժանացել դրամաշնորհի։

 -Ես ցանկանում եմ, որ իմ արտադարնքը գեղեցիկ և յուրօրինակ լինի։ Ամեն մի գործիս մեջ առանձնակի սեր եմ դնում, հաշվի եմ առնում պատվիրատուների ցանկությունը, ճաշակը։ Մտադիր եմ իրագործել սեփական արտադրանք ունենալու և տարիների ընթացքում այն զարգացնելու, ընդլայնելու երազանքս։ Ունեմ բավականաչափ պատվիրատուներ, սակայն միաժամանակ կփորձեմ մեծացնել պատվիրատուներիս շրջանակը ու կփորձեմ իմ բրենդը ճանաչելի դարձնել, որն, իհարկե, իմ ընտանիքի համար սոցիալական կայունություն կապահովի։ Պատվիրատուներիս մեծ մասը արվեստագետներ են, ուսանողներ, հայկական ազգային մշակույթի սիրահարներ և էկոակտիվիստներ։ ԳեղArt բիզնես ծրագիրը միաժամանակ ներկայացնում է հայկական մշակութային արժեքների քարոզչություն։ Կարևորագույն հիմնախնդիրները Արցախի պատմամշակութային ժառանգության և հայկական զարդանախշերի մոռացության կանխումն է,-ասում է Գեղանուշը։

Իր արտադրանքի մի մասը Գեղանուշը նախատեսում է վաճառել Սփյուռքում բնակվող բազմաթիվ հայ ընկերների օժանդակությամբ և, իհարկե, տեղի հայկական համայնքների տոնակատարությունների ժամանակ։

ԳեղArt արտադրատեսակների գովազդն ու վաճառքը կիրականացվի օնլայն հարթակում և առևտրային այլ ընկերությունների հետ համագործակցության արդյունքում՝ խանութներում և ցուցասրահներում։

– Դեռևս Արցախում ապրելու վերջին ամիսներին բազմաթիվ առաջարկներ եմ ստացել ստեղծել Արցախի հուշակոթողների պատկերներով նկարված պայուսակներ։ Իմ նպատակն է՝ արտադրանքիս միջոցով հանրության մեջ վառ պահել Արցախի հարուստ պատմամշակութային արժեքները։

Բրենդը կենդանի պահելու համար անընդհատ աշխատանքներ կկատարվեն այլ մոդելի արտադրատեսակներ ավելացնելու ուղղությամբ։ Պատվիրատուների կողմից առաջարկված մոդելները հնարավոր է հետագայում դառնան ԳեղArt բրենդի պայուսակների հիմնական մոդել,- խոսքն է եզրափակում Գեղանուշը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը կարող է երկարաձգվել երկու տարով

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։

«Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին», – նշված է «Ազատությանը» տրամադրված գրավոր պատասխանում։

Բաքուն ամիսներ շարունակ առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ։

Բարձր ներկայացուցչի գրասենյակից այս մեղադրանքներին ի պատասխան ասել են. – «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ – ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ – ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։

Բաքուն մինչեւ հունվարի ավարտը իր բանտերում պահվող բոլոր անձանց մասին տեղեկատվություն պետք է տրամադրի ՄԻԵԴ

«Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանին ժամկետ է տրվել՝ մինչեւ հունվարի ավարտը Բաքվի բանտերում պահվող բոլոր անձանց մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու մասին»,- այսօր լրագրողներին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Մենք դատարանին կրկին հիշեցրել ենք այդ մասին եւ ակնկալում ենք բոլորի մասով մանրամասն տեղեկատվություն՝ իրենց վիճակի, իրավունքների, պահման պայմանների, առողջական վիճակի եւ այլնի մասին։ Բնականաբար, այս տեղեկատվությունը, երբ ստանում ենք, փոխանցում ենք նաեւ պահվող անձանց հարազատներին»,- ասաց նա։

Նշենք, որ Բաքվից հայտարարել են, որ առաջիկայում կմեկնարկեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ շինծու դատավարությունները։ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ բացի ՄԻԵԴ-ից, այս հարցով նաեւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված դիմումում են ներկայացվել պահանջներ։

«Եթե դատավարություններն սկսվում են, բնականաբար, ավելի ուշադրությամբ հետեւում ենք, բայց այդ մասով ունենք առանձին դատական գործ։ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված թիվ երկրորդ գանգատը հենց վերաբերում է այնտեղ պահվող անձանց նկատմամբ ապօրինի դատական պրոցեսներին եւ ազատությունից ապօրինի զրկելու հարցին»,- հավելեց Կիրակոսյանը։

Կիրակոսյան․ “Իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է”

«Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել երկու երկրների միջեւ առկա իրավական վեճերը։ Իմ կարծիքով՝ իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է, այսինքն՝ երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաեւ պատերազմը կանխարգելել է նշանակում»,- հավելեց Կիրակոսյանը։

Անդրադառնալով Բաքվի պահանջին, որ Հայաստանի կողմից միջզգային դատական ատյաններ ներկայացված հայցերը պետք է հետ վերցվեն, Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Կարծում եմ՝ դա սուվերեն ընտրության հարց է, միջազգային դատարաններ հայց տանելն ինքնին սուվերենության, ինքնիշխանության դրսեւորման կարեւորագույն եղանակ է»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի դեմ հայցերը միջազգային դատարաններից հետ քաշելու պատրաստակամության մասին։ Անդրադառնալով այս հարցին, Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Չեմ կարող դա բացատրել, ամեն դեպքում, ճիշտ չի լինի, եթե դրա վերաբերյալ  որեւէ մեկնաբանություն տամ։ Բայց կարող եմ վստահ ասել, որ Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում քննվող Ռասական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը, հիմնվելով նաեւ Ռասական խաթրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի պրեամբուլայի վրա, միտված է պատերազմը կանխարգելելուն: Ի սկզբանե հենց կոնվենցիայի նպատակներից մեկը եղել է այն, որ ռասիզմ քարոզելու կանխարգելումը  եւ արգելքը միտված է խաղաղության ամրապնդմանը  եւ պատերազմը կանխարգելելուն»։

 

Նոր կյանք տալով Արցախում մնացած կատուներին․ այսպես ծնվեց «Կատու» բրենդը

Իր հիշողության մեջ մնացած կատուներին Թամարիկը կյանք է տալիս՝ նորովի ապրեցնում։

Թամարա Սարգսյանը տաս տարեկան է, իր կյանքի յոթ տարիները լիարժեք ապրել է Ասկերանում։ Տատիկի տան կատուներն իր լավագույն ընկերներն էին։

Թամարան արդեն մի քանի տարի է ինչ ապրում է Ռուսաստանի դաշնության Պյատիգորսկ քաղաքում։

Երբ սկսվեց Արցախի հայաթափումը, սպասում էր, որ սիրելի տատիկի հետ Ասկերանից նաեւ կատուները կգան, բայց տատիկը չկարողացավ բերել կատուներին։

Նկարել սիրող աղջիկն անընդհատ իր նկարներում պատկերում էր Արցախում մնացած կատուներին, եւ մի օր մայրը որոշեց կյանք տալ կատուներին, այսպես ծնվեց «Կատու» բրենդը։

Արդեն մի քանի ամիս է, ինչ Ելենան  տասնամյա աղջկա պատկերացումները վերածել է  գիշերանոցների արտադրության։

Մայր ու աղջիկ նկարում, թղթից գրաֆիկայի են վերածում նկարը, գույներ ընտրում եւ նկարը դարձնում գիշերանոց։

Ելենան ասում է, որ Թամարայի մոտ կարեւոր ցանկություն կար՝ օգնել իր երեք տարեկան քրոջը պահպանել Արցախի մասին հիշողությունները։

«Երեխաների հետ աշխատելը շատ կարեւոր է։ Մենք վերապրում ենք, երեխաները շուտ են մոռանում։ Թամարան իր հուշերում մնացած կատուներին տարբեր իրավիճակներում է նկարում, այպես կատուներին նոր կյանք է տալիս»,-ասում է Ելենան։

«Կատու»-ն դեռեւս երկու գույնի գիշերանոցներ են՝ տարբեր չափերի, նկարը՝ մեջքով կանգնած աղջիկ կատվի հետ, որ բացում է պատուհանն ու երեւում է պապ ու տատը։

«Թամարան այդ նկարում իրեն է նկարել, ես՝ ինձ եմ տեսնում եւ նկարը կարեւոր է նրանով, որ ամեն մեկն իրեն է պատկերացնում այդ վայրում։ Բոլորս քնում ենք ոչ մեր տանը եւ արթնանալիս շատ ենք երազում, որ սա ընդամենը չար երազ լինի, որ բացենք պատուհանն ու տեսնենք մեզ ծանոթ, հարազատ տեսարաններ, հասկանանք՝ տանն ենք»,- ասում է Ելենան ու ավելացնում, որ գուցե երազի ունենալու համար է հենց ստեղծվել գիշերանոցներ եւ ոչ թե այլ արտադրանք։

Այս պահին Ռուասաստանում ապրելով, որովհետեւ ինչպես նշում է՝ բնակվարձերն այնտեղ ավելի ցածր է եւ ապրելն ավելի հեշտ, Ելենան ու Թամարը արտադրանքն իրացնում են միայն Հայաստանում։

Երազում են, որ արտադրության ողջ պրոցեսը իրենք կազմակերպեն, բայց այս պահին միայն դիզայնն ու տպագրությունն են կարողանում անել։

Նպատակ ունեն ընդլայնել արտադրանքը եւ նկարները ու տղաների համար եւս պատրաստել գիշերանոցներ։

«Կատու»-ն աղջիկ երեխաների համար կարող է լավագույն նվեր լինել՝ տանը զգալու, երազի հետեւից գնալու, քո իսկ անկյունում կատուների հետ արթնանալու պարզ ու ցանկալի երազանք։

Բրենդին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.facebook.com/profile.php?id=61570038944298:

Դեռեւս փորձնական փուլում են, բայց հավատում են, որ իրենց նպատակը հաջողության կհասնի՝ Արցախում թողած մեր սիրելի կենդանիների «պատվին» կամ ի հիշատակ ստեղծված բրենդը մանկական, ջերմ հուշերը պահելու մեծ առաքելություն ունի եւ երազ՝ մի օր իսկապես բացելու մեզ համար փակված դուռը։

Մարիամ Սարգսյան

Փաշինյանը ընդունեց ոչ բոլոր պահանջները. Ի՞նչ են մտադիր անել ԵՄ-ն և Իրանը

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը այցելել է Բաքու և Երևան այն բանից հետո, երբ Ալիևը սպառնացել է Հայաստանին ուղղակի ագրեսիայով։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Բաքու և Երևան։ Նրանք երկուսն էլ հանդիպել են Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։

Մինչ Իրանի և ԵՄ-ի ներկայացուցիչները զբաղված էին «դիվանագիտությամբ», Փաշինյանը մեկ օրվա մեջ ընդունեց Ալիևի վերջնագրի մի քանի պահանջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, միջազգային և տեղական ատյաններում փոխադարձ պահանջներից հրաժարում, Ղարաբաղն ու Նախիջևանն էլ  դարձյալ Ադրբեջանի մաս անվանեց։ Բաքվի ներկայացուցիչը Փաշինյանի հայտարարությունից հինգ րոպե հետո կոչ արեց Փաշինյանին գործնական քայլեր ձեռնարկել՝ Սահմանադրությունը փոխել և «հրաժարվել Ադրբեջանի դեմ պահանջներից»։ Ի պատասխան՝ Փաշինյանը հրապարակեց «Արմենպրես»-ին տված իր դեկտեմբերյան հարցազրույցը, որտեղ ասել էր, թե ՀՀ Սահմանադրությունը որևէ պահանջ չի պարունակում Բաքվի և Անգորայի նկատմամբ։ Նա առաջարկել է Բաքվին ստորագրել «խաղաղության պայմանագիր», քանի որ դրանից հետո միայն ինքը կարող է փոխել Սահմանադրությունը «եթե դա հակասի խաղաղության պայմանագրին»։

«Դիվանագիտական ​​փոխհրաձգություններն» ուղեկցվեցին ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի հավանությամբ, որն անթաքույց զայրույթ առաջացրեց Ռուսաստանում և զրոյական արձագանք ԵՄ-ում։ Մոսկվան ասաց, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև՝ սպառնալով ցրտով և սովով։ Ռուսաստանի ղեկավարությունը միաժամանակ չի հայտարարել, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում կկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները։

Ի՞նչ են մտադիր անել Իրանն ու ԵՄ-ն։

Երևանում Ահմադիանը կրկնել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության վերաբերյալ։ Միաժամանակ Փաշինյանը իրանցի պաշտոնյային ակնարկել է, որ կայունության երաշխիքը՝ Իրանի և Հայաստանի ընդհանուր շահերն են։

Հայտնի չէ՝ Փաշինյանը նկատի ուներ տարածաշրջանում թուրքական գերակայությունը կանխե՞լը, թե՞ այլ բան։ Սակայն այս անգամ Իրանը ոչ մի վճռական հայտարարություն չարեց տարածաշրջանում էսկալացիան կանխելու վերաբերյալ եւ զորքեր չտեղափոխեց դեպի Հայաստանի սահման։

Ինչ վերաբերում է ԵՄ ներկայացուցչին, ապա Մագդալենա Գրոնոն չի ոգեւորվել «եվրաինտեգրման մասին» օրենքի հաստատման մասին Փաշինյանի տեղեկատվությամբ։ Նա միայն ասաց, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները պետք է հետևողականորեն զարգանան, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման և զարգացման ոլորտում։ Այսինքն՝ ԵՄ-ն հասկանում է, որ սա պարզապես քաղաքական հնարք է։

Ո՛չ Իրանի, ո՛չ Եվրոպայի ներկայացուցիչները հրապարակայնորեն չարձագանքեցին Ալիևի գլխավոր պահանջին՝ փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այլ կերպ ասած՝ լուծարել Հայաստանի Հանրապետությունը։ Նրանք նաև հայտարարություններ չեն արել այն մասին, թե ինչ կարող են անել Իրանը և ԵՄ-ն, եթե Ալիևը որոշի էսկալացիայի գնալ։ Նրանք հայտարարեցին իրենց աջակցությունը «խաղաղության բանակցություններին»՝ անուղղակիորեն հաստատելով, որ Հայաստանի կողմից զիջումներին «այլընտրանք» չկա։

Չնայած միջազգային ցանկացած օգնությունից Հայաստանի ներկայիս կառավարության հրաժարվելուն, հայկական պետությունը մինչ այժմ գոյատևել է Իրանի և Եվրամիության հետ իր «ընդհանուր շահերի և արժեքների» շնորհիվ: Բայց պատկերն արագորեն փոխվում է. ԵՄ-ին և Իրանին պետք չէ մի երկիր տարածաշրջանում, որը պատրաստ չէ իրեն պաշտպանել և ուզում է «խաչմերուկ» դառնալ ուրիշների համար։

«Մենք պետք է վերջ տանք այս պատերազմին». Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման նախապատրաստության մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման համար։

«Նա ցանկանում է հանդիպել, և մենք պատրաստվում ենք», – ասաց Թրամփը լրագրողներին՝ նախքան Ֆլորիդայում Մար-ա-Լագոյի նահանջում հանրապետական ​​նահանգապետերի հետ հանդիպելը:

«Նախագահ Պուտինը ցանկանում է հանդիպել։ Նա դա ասել է նույնիսկ հրապարակայնորեն, և մենք պետք է վերջ տանք այս պատերազմին»,- հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով Ուկրաինայի պատերազմը, որին նա բազմիցս խոստացել է վերջ տալ, բայց չի հստակեցրել, թե ինչպես է դա նախատեսում անել։

Ասում է, ո՞նց այս պայմաններում երեխա պահենք, խրամատների մոտ

Շատերը կհիշեն Արեգի այս հայտնի ֆոտոն: Այս երեխաներին ես պատահական հանդիպեցի Տեղ գյուղում ու պարզվեց` մեր հարեւան Արմենի երեխաներն են, ում հետ մի բակում ֆուտբոլ խաղալով ենք մեծացել Ստեփանակերտում: Իրենց շենքը մեզ էր պարտվում, մերն` իրենց:
Ինչպես հայտնի է արցախցիների 80% այսօր ապրում է Երեւանում ու հարակից բնակավայրերում: “Ասում են, գնացեք սահմանամերձ բնակավայրեր, եկել եմ, հիմա այս ցրտին ես ոնց երեխա լողացնեմ ու դպրոց ուղարկեմ”, Արմենի կինը` Արեւիկն է ասում, ով Շուշիի Նարեկացի կենտրոնում հոգեբան է աշխատել ու վարսահարդար է երկրորդ մասնագիտությամբ:
Ասում է, որ չի կարողացել գործիքները բերել, ասում է, որ սա պայմաններ չեն ապրելու համար, ասում է, որ սահմանամերձ այս գյուղի վրա ուշադրություն չկա, ասում է, որ խրամատների մոտ են ապրում…. Ես գրել եմ այս բոլոր խնդիրների մասին իմ հոդվածում, չգիտեմ, որքանով օգտակար կլինեմ… 
Մարութ Վանյան

Հայրիկյան․ «Փաշինյանն ասում է՝ ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, դուք սխալ էիք, որ Ցեղասպանությունը ճանաչեցիք”

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ ԵԱԿՀ Մինսկի խումբը լուծարելու մասին Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի առաջարկին։

«Քանի դեռ Արցախի հարցը միջազգայնացված է, մենք կարող ենք հաջողություններ ակնկալել, հակառակ դեպքում՝ արդարացված չեն ակնկալիքները։ Բայց այս չակերտավոր գործիչը, արդեն տեսնելով, որ Հայաստանի մեկուսացումը կամ միայն Ռուսաստանի ու Ադրբեջանի ենթակայության տակ լինելը մեզ համար ամենաողբերգական հետեւանքներն է ունենում, այսօր հայատարարում է, որ Մինսկի խմբից պետք է հրաժարվենք։ Այսինքն՝ միջազգային հանրությունը հատուկ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Արցախի վերաբերյալ ընդունում է որոշում, հատուկ կառույց է ստեղծում՝ գերհզոր երեք պետությունների մասնակցությամբ, իսկ բռնապետ Ալիեւը պահանջում է, որ մենք «տղա չբերենք», բայց ինքը կարող է «տղա բերել», ինքը Հայաստանի ու Արցախի դեմ ոտնձգություններին բերեց Ռուսաստանին եւ Թուրքիային։

Նիկոլ Փաշինյանը մերժեց ուղղակի եւ անուղղակի աջակության առաջարկները։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հակամարտություն չկա, նախապատրաստեց իր նման բթամիտներին՝ քանի որ հակամարտություն չկա, հետեւաբար, հակամարտությունը կարգավորող ուժ պետք չէ։ Որոշ տկարամիտների կարող է թվալ, որ իսկապես դա է ճանապարհը, բայց սիրելիներ, այնտեղ, որտեղ դու ժողովրդավար ես, եւ քո հարեւանը՝ բռնապետ, դա արդեն մեծագույն հակամարտություն է։ Արցախում ցեղասպանություն է իրականացվել, եւ ոչ մի խոսք չկա արցախցիների, Արցախի հարցի ու ինքնորոշման իրավունքի մասին»,- ասաց Հայրիկյանը։

Նա նշեց, որ սա ոչ միայն բռնապետ Ալիեւին ընդառաջելու կեցվածք է, այլ ներկա հնարավոր պայմաններում ամենասխալ դիրքորոշումն է։

Հայրիկյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արեւմտյան Հայաստան չկա։ Ըստ Հայրիկյանի՝ դա պատմության ուրացում է, դա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին, դա նշանակում է՝ մենք այսօր ունենք իշխանություն, որն ասում է՝ Քեմալն ու Լենինը լավ արեցին, որ հարձակվեցին Հայաստանի վրա, կոտորեցին Կարսի բնակչությանը, Հայաստանը բաժանեցին իրար մեջ, ստեղծեցին Նախիջեւան։ Նրա խոսքով՝ թուրքերը հասան այնպիսի հաջողության, որ Նախիեջեւնն այսօր այնքան թուրքական է, որ քննարկվում է «Ադրբեջանից Ադրբեջան կապ ապահովելու հարցը»։ Սա Հայաստանի բոլոր նախորդ իշխանությունների սխալի հետեւանք է։

«Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մեջ կա հետեւյալը՝ Եվրոպական միություն, ԱՄՆ, Ռուսաստան, դուք սխալ էիք, որ Ցեղասպանությունը ճանաչեցիք, դուք սխալ էիք, որ ճանաչեցիք՝ Թուրքիայում ահավոր մեծ հանցագործություն է կատարվել, եւ դա տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանի տարածքում։ Ի՞նչ Վիլսոնի իրավարար վճիռ, ի՞նչ փաստաթղթեր, այդպիսի բան չկա, ես այսօր Քաջ Նազարի բախտով դարձել են ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ եւ սա եմ ասում»,- նշեց Հայրիկյանը։

 

Ահա թե ինչու են տրանսպորտային QR-կոդերի ժամկետւ կրճատել մինչեւ 4 օր

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

“Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարը կազմել է 75,213,900 ՀՀ դրամ»,- հայտնել է նա։

Ահա թե ինչու է քաղաքապետարանը QR-կոդերի ժամկետը 30 օրից կրճատել մինչեւ 7, ապա՝ 4 օր։ Մարդիկ տոմս են գնում, չեն կարողանում կամ չեն հասցնում օգտագործել, նորն են գնում, իսկ քաղաքապետարանը եկամուտը կրկնապատկում է։ 

Նման “շուստրիությամբ” քաղաքապետարանը Երեւանի օրինապաշտ քաղաքացիների մոտ սերմանում է առանց տոմսի երթեւեկելու մշակույթ։ Կարելի է ենթադրել, որ հաջորդ շաբաթ թվերը 90 միլիոնից շատ ավելի ցածր կլինեն, քանի որ մարդիկ տոմս առնելու իմաստ չեն տեսնի։  

Բրիտանացի նախարար. Թրամփը կարող է լուծել ուկրաինական ճգնաժամը ոչ թե հունվարի 21-ին, այլ մինչև Զատիկ

Հավանականությունը, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու համաձայնությունը ձեռք կբերվի հունվարի 21-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո, «մի փոքր թուլացել է», քանի որ վերջնաժամկետը մոտեցվել է Զատիկին: Այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Լամմին, ում մեջբերել է The Sun-ը։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ չի տեսնում որևէ նախանշան, որը ցույց կտա Պուտինի պատրաստակամությունը մտնել բանակցային գործընթաց։

Բրիտանական դիվանագիտության ղեկավարի կարծիքով, խաղաղության հետսառը պատերազմի դարաշրջանն ավարտվել է, և եվրոպական անվտանգության ապագան այժմ «դանակի եզրին է»: Լամմին պաշտպանել է Թրամփի դիրքորոշումը, որ Եվրոպան պետք է ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ եվրոպական երկրներն ընդունեն, որ ետդարձ չկա։

«Մենք պետք է թույլ չտանք, որ 1990-ականները մթագնեն մեր տեսլականը»,- ասաց նախարարը։ Նա խոստացել է համոզել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին, որ պաշտպանական ծախսերի ավելացումը ռազմավարական անհրաժեշտություն է:

Հիշեցնենք, որ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ էր արել պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։ Վերլուծաբանների կարծիքով, եթե ՆԱՏՕ-ի երկրներն ավելացնեն իրենց պաշտպանական բյուջեն գոնե մինչեւ 3%, դա կարող է գերազանցել Ռուսաստանի ամբողջ ՀՆԱ-ն։

Վերլուծաբաններն ասում են, որ Ռուսաստանը չի կարող դիմակայել սպառազինությունների նման մրցավազքին: Թեկուզ դժվար թե այդ ամենի պատճառը՝ Ռուսաստանին հաղթելն է։ “Սպառազինությունների մրցավազքը” ուժեղ խթան է դառնալու բարձր տեխնոլոգիական եւ տիեզերական զենք արտադրողների եւ նրանց պետական ֆինանսավորման համար։ Իսկ Թրամփն ու նրա ընկեր Մասկը դրանից անմասն չեն մնա։  

Եվրամիությունն ունի բավարար ռեսուրս՝ Ադրբեջանին պարտադրելու հանձնել Արցախը միջազգային կառավարման

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, Ալիեւի հայտարարությունները եւ Հայաստանի իշխանության արձագանքը ի՞նչ են ցույց տալիս։

-Սա առնվազն ցույց է տալիս, որ 2025 թվականին խաղաղության պայմանագիր չի կնքվելու։ Առնվազն ինձ համար դա ի սկզբանե պարզ էր, որովհետեւ Հայաստանի այսօրվա իշխանությունները որեւէ լծակ չունեն՝ ազդելու Ադրբեջանի վրա։ Իսկ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը խաղաղության մեջ հետաքրքրված չեն տարբեր պատճառներով։ Եվ այս իրավիճակը դժվար չէր կանխատեսել։

-Առաջիկայում էսկալյացիայի վտանգ կա՞։

-Ի՞նչ է նշանակում հրաժարվել խաղաղություն հաստատելուց, դա նշանակում է պահպանել ռազմական գործողությունների տեսական հնարավորությունը։ Քանի որ չկա խաղաղության հասնելու հնարավորությունը, այդ տեսական վտանգը գործում է, քաղաքական գործոն է դառնում, ներքին եւ արտաքին առումով ազդեցության որոշակի ռեսուրս է։ Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանն այդ ռեսուրսը ցանկանում են պահպանել։

Իսկ դա կանխելու ի՞նչ հնարավորություններ կան։

-Կառավարության այսօրվա որոշումը՝ Եվրամիության հետ եվրաինտեգրման գործընթացի մեկնարկի վերաբերյալ, ուշացած է։ Այդ որոշումը պետք է կայացվեր անցյալ տարի հունվարին, եւ այդ դեպքում մենք հնարավորություն կունենայինք Եվրամիության լծակներն օգտագործել Ադրբեջանին խաղաղության բերելու համար։ Եվրամիությունն ունի բավարար ռեսուրս՝ Ադրբեջանին պարտադրելու խաղաղություն։ Եվրամիությունն ունի բավարար ռեսուրս՝ Ադրբեջանին պարտադրելու Արցախի հարցի կարգավորում, այսինքն՝ հանձնել Արցախը միջազգային կառավարման, միջազգային զորքերի անվտանգության ներքո ապահովել փախստականների վերադարձը։ ԵՄ-ն ունի այդ բոլոր ռեսուրսները, եւ Եվրամիության հետ հնարավոր է կառուցել քաղաքականություն, որը եւ խաղաղություն կհաստատի, եւ Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը կապահովի։ Դրանք իրար հակասող խնդիրներ չեն։ Այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ դա անել, դրա համար ունենք այն, ինչ ունենք։

-ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ նաեւ հայտարարեց, որ Եվրամիության քաղաքացիական դիտորդների ներկայությունը Հայաստանում անհրաժեշտություն է։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Արարատ Միրզոյանին ոչ ոք չի հարցնում՝ նրանք կմնան Հայաստանում, թե չեն մնա։ Այդ  հարցում գործում է հակառակ ուժը․ նույնիսկ եթե Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ցանկանան դուրս բերել ԵՄ դիտորդներին Հայաստանից, դա իրենց մոտ չի ստացվի։ Ոչ բոլոր ցանկություններն են իրականանալի։

-Տեղեկություն եղավ, որ հաջորդ շաբաթ հնարավոր է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրվի։ Բաքվից հնչող հայտարարությունները կապվա՞ծ են այդ տեղեկության հետ, եւ ի՞նչ հնարավորություն եք տեսնում այդպիսի փաստաթուղթ կնքելու հարցում։

-Կարծում եմ՝ այո, դա կարող է դառնալ կարեւոր հանգամանք։ Չնայած հրապարակումը, որը վերջերս եղավ, վկայում է, որ վստահություն չկա, որ այդ համաձայնագիրը կկնքվի։ Եթե նման համաձայնագիր ստորագրվի, շատերի համար դա Հայաստանում նույնիսկ կարող է անակնկալ լինել, որովհետեւ մարդիկ պարզապես անպատրաստ են նման գործընթացի։ Դա վկայում է, որ այսօրվա իշխանությունը չունի ռեսուրս՝ վարելու բաց, թափանցիկ, ազնիվ ու բոլորին հասկանալի քաղաքականություն։

Ալիեւի հարցազրույցը, որն այդքան աղմուկ բարձրացրեց, իր մեջ պարունակում էր մի տեղեկություն, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիան մտադրություն ուներ ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Ինձ համար դա կարեւոր դետալ է՝ Ալիեւի շուրթերից հնչող, որովհետեւ 4 տարի անձամբ ինձ մեղադրում են, որ հայ ժողովրդի մոտ ստեղծում եմ սպասումներ, որոնք իրականում գոյություն չունեն, որ Հայաստանը բարեկամ չունի։ Իսկ այդ փաստը մեծ նշանակություն ունի եւ վկայում է, որ եւ ԱՄՆ-ն, եւ Ֆրանսիան բազմաթիվ առաջարկներ են անում Հայաստանին։ Այդ առաջարկությունները իրականություն չեն դառնում կամ մասնակի են դառնում իրականություն Հայաստանի իշխանությունների պատճառով, այլ ոչ թե այդ պետությունների։ Եվ այդ ամբողջ նարատիվը, որն այս տարիներին շրջանառության մեջ է դրված ու ամենաբարձր ամբիոններից հնչում է, թե Արեւմուտքը ցանկություն չունի Հայաստանին օգնելու, իրականությանը չի համապատասխանում։  Ալիեւի այդ հայտարարությունները դրա ապացույցն են։ Հայաստանը կարող էր ունենալ այլընտրանքային քաղաքականություն 2020 թվականի պատերազմի ժամանակ, կարող էր ճանաչել Արցախի Հանրապետությունը, եւ բոլոր գործընթացները լիովին այլ ընթացք կունենային։ Բայց իշխանություններն ընտրեցին որոշակի ճանապարհ եւ փորձում են ներկայացնել, թե իբր դա միակ ճանաապարհն է։  Բայց դա իրականությանը չի համապատասխանում։

Ռոզա Հովհաննիսյան