Շնորհավոր երկնային ծնունդդ, Վահե

Վահե Ավագյանն Արցախյան 44-օրյա պատերազմի կամավորականներից էր։ Մի երիտասարդ, ով պատերազմի հենց առաջին օրվանից գիտեր՝ Հայրենիքի համար օրհասական այս պահին իր տեղը մարտական դիրքում է։ Սեպտեմբերի 27-ին նա մեկնեց պատերազմ ու այլևս չվերադաձավ։

Երեք քույրերի մինուճար եղբայր էր Վահեն երկար սպասված արու զավակ՝ Ավագյանների ընտանիքում։ Ծնվել է 1989-ի դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1992-ին նրանց ընտանիքը ժամանակավոր տեղափոխվել է Երևան։ Առաջին դասարանը Վահեն հաճախել է Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան հ 196 հիմնական դպրոցում։ Ուսումնական տարին ավարտելուց հետո ընտանիքը վերադարձել է Արցախ։ Վահեն ուսումը շարունակել է Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան հ 9 միջնակարգ դպրոցում։ Տաղանդաշատ երեխա էր, փոքրուց աչքի էր ընկնում կավագործության և նկարչության հանդեպ սիրով։ Հաճախակի էր հոր հետ նկարում, կամ կավից հետաքրքիր իրեր պատրաստում։ 2001-ին սովորել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։ 2006-ին ընդունվել է ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետը։ 2014-ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2020-ին Վահեն, որպես իրավաբան, աշխատում էր Արցախի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում։

44-օրյա պատերազմի ժամանակ Վահեն Արցախի Վարանդայի շրջանի «Ջուվառլու» կոչվող տեղամասում էր, որտեղ ծանր ու անհավասար մարտեր էին մղվում։ Վահեն ՑՈՐ-ի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի հրետանավորների հետ էր։ 44-օրյա պատերազմը դաժան էր։ Հարյուրավոր տղաներ էին ընկնում, Արցախը շաղախվում էր նրանց արյամբ։ Օրերն անցնում էին, պատերազմը չէր ավարտվում։ Մոր՝ Սուսաննայի հետ Վահեի վերջին զանգը հոկտեմբերի 12-ին էր, որից հետո հաջորդեցին լռության ծանր ու դաժան օրերը։ Կապը կտրվել էր դիվիզիոնի տղաների հետ։ Օրեր անց հարազատներին էին հասնում գույժերը․ կատարվել է աղետալին․․․ Վահեն չէր գտնվում։ Միայն 75 օր հետո Վարանդայի շրջանում կատարված որոնողական աշխատանքների արդյունքում գտնվեց Վահեի մարմինը։

Դիվիզիոնի 35 տղաներից ընդամենը 14-ը վերադարձան տուն։ 11 տղաների աճյուններ հողին հանձնվեցին մոտ 1․2 տարի անց։

Քույրը՝ Նարեն, ցավով ու կարոտով է խոսում մինուճար եղբոր մասին։ Դեկտեմբերի 12-ին Վահեի ծննդյան տարեդարձն է, սակայն հարազատները չեն կարողանում այցի գնալ ու ծաղիկ խոնարհել նրա հիշատակին

-Առատաձեռն էր, մեծահոգի, և այդ էր պատճառը, որ միշտ շրջապատված էր լավ ընկերներով ու բարեկամներով, որոնք անվերապահորեն վստահում էին նրան։ Նրանից հետո մենք ապրում ենք Աստծո մխիթարությամբ և հուշերով։ 75 օր շարունակ փնտրում էինք Վահեին, նրա մարմինը գտանք Աստծո ողորմածությամբ ու հողին հանձնեցինք։ Հայրս, չկարողանալով դիմանալ որդու կորստի ցավին, կյանքից հեռացավ Վահեի զոհվելուց մեկ տարի հետո։ Այսօր հայր ու որդի՝ իրար փարված, հավերժված են Արցախի հողին։ Ծանր է հեռու գտնվել ամենահարազատ մարդկանց շիրիմներից, զրկված լինել նրանց գերեզմաններին ծաղիկ խոնարհելու և խնկարկելու հնարավորությունից։ Բայց մենք փարատվում ենք նրանով, որ Վահեն ու հայրս երկնային արքայությունում են, Աստծո լույսերի մեջ,- ասում է քույրը, ապա շարունակում,- առանց Վահեի մեր կյանքը թերի է, այժմ էլ մնացինք առանց Արցախի ու չգիտենք՝ ինչպես ապրել։

Ավերիչ պատերազմն իր հետքն է թողել Ավագյանների գերդաստանի վրա՝ զրկելով նրանց մինուճար զավակից։ Վահեն նշանված էր նա հասցրել էր զգալ սիրելու և սիրված լինելու ջերմությունը։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

“Արցախ” կամերային նվագախմբի երկար սպասված համերգը կայացավ

Արցախի կամերային պետական երգչախումբը վերսկսել է իր աշխատանքները Հայաստանում։

Դեկտեմբերի 23-ին կայացել է “Արցախ” կամերային նվագախմբի առաջին և երկար սպասված համերգը։ Ինչպես ասում է նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը, տրվել է նվագախմբի նոր կյանքի սկիզբը։

Համերգի ընթացքում հնչել են Մոցարտի, Չայկովսկու, Կոմիտասի ստեղծագործությունները։ Նվագախմբի նպատակներից ամենակարևորը հայկական երաժշտության և տարբեր ժամանակաշրջանների հայ երգահանների ստեղծագործությունների տարածումն ու աշխարհին ցույց տալն է։ Նվագախումբը նախապատրաստվում է հանդես գալ նաև Հայաստանից դուրս։

“Արցախ” կամերային նվագախմբի գործունեությանը շարունակում է աջակցել ՀԲԸՄ-ն։

Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին

Ազատություն

Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ Նահանգների անվտանգային աջակցությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բարելավելու բանակի պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդմանը։

Ռուսական պետական հեռուստաալիքներին տված իր վերջին հարցազրույցում Իլհամ Ալիևը պնդել էր, թե Հայաստանին զենքի մատակարարման հարցում առաջատարը Ֆրանսիան է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ ԱՄՆ-ը։

«Ֆրանսիան ու Հնդկաստանը չեն թաքցնում, որ Հայաստանին մահաբեր զենք են մատակարարում, ԱՄՆ-ը չի խոստովանում, բայց մենք հետևել ենք [ամերիկյան] ռազմական բեռնատար ինքնաթիռներին, որոնք վայրէջք են կատարել հայկական օդանավակայաններում ու զինամթերք տարել», – ասել էր Ալիևը։

Ո՛չ Երևանը, ո՛չ Վաշինգտոնը երբևէ չեն հայտարարել զինամթերքի մատակարարման մասին։ Ի՞նչ զինամթերքի մասին է խոսում Ալիևը, և արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է նրա պնդումը. «Ազատության» այս հարցին Պետդեպարտամենտի խոսնակն ուղիղ չի պատասխանել, միայն նշել է. – «Միացյալ Նահանգներն Հայաստանին ու Ադրբեջանին իր անվտանգային աջակցությունն այնպես է հաշվարկում, որպեսզի վստահ լինի, որ այն հարձակողական նպատակներով կիրառելի չէ ու չի խաթարում կամ խոչընդոտում կայուն և արժանապատիվ խաղաղության շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին»։

Մեթյու Միլլերը նաև շեշտել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակական շփումներին՝ աշխատելու կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Թուրքիան իշխանափոխություն է սկսել Եգիպտոսում

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ իրենց վրդովմունքն արտահայտելով նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի գործողությունների կապակցությամբ։

Վրդովմունքի պատճառ է դարձել նախագահական նոր պալատի և վարչական մայրաքաղաքի կառուցման մասին հայտարարությունը, որի արժեքը գնահատվում է 45 միլիարդ դոլար։

Լրացուցիչ լարվածություն են ստեղծում իշխանությունից հեռացված «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցները, որոնք ակտիվորեն մասնակցում են ցույցերին։ Քաղաքագետները մատնանշում են Թուրքիայի և Կատարի հնարավոր ազդեցությունը, որոնք ավանդաբար աջակցում են այս շարժմանը։

Թուրքիայի պայթուցիկ նյութերի գործարանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել

Երեքշաբթի օրը պայթյուն է որոտացել Թուրքիայի Բալիքեշիր նահանգի պայթուցիկ նյութերի արտադրամասում։ Այս մասին հայտարարել է նահանգի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն։

Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, երեքը՝ վիրավորվել։

«Կարեսի շրջանի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեր քաղաքացիներից 12-ը զոհվել են, երեքը՝ վիրավորվել»,- ասել է նահանգապետը։

Նա նաեւ բացառել է դիվերսիայի հնարավորությունը։

Փաշինյանը և երեք նախագահները Շուշի հրավիրված չեն

Նիկոլ Փաշինյանի երեկվա «առաջարկը» նախկին նախագահներին՝ քննարկել 1994 թվականից հետո Ղարաբաղի շուրջ բանակցությունները, աղմկոտ, երբեմն էլ հեգնական արձագանք առաջացրեց։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչն, օրինակ, կոչ արեց Փաշինյանին բանավիճել… Փաշինյանի հետ. Իսկ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները նույնիսկ հայտարարեցին, որ հնարավոր չէ բանավճել ակնհայտի շուրջ։

Երեք նախագահների ներկայացուցիչները վերահրապարակեցին մի շարք փաստեր և փաստաթղթեր, որոնք ի սպառ հերքում են Փաշինյանի այն հայտարարությունները, թե 1994 թվականից հետո բանակցությունները վերաբերում էին Ղարաբաղը Ադրբեջանին «վերադարձնելու» հարցին։ Սակայն քննարկման «ֆորմատը» սահմանված է՝ Փաշինյանը երեք նախագահներին է մեղադրում Ղարաբաղի հանձնման մեջ, իսկ երեք նախագահներ՝ Փաշինյանին։

Կարծես Ալիևի զորքերը չէին մտել Ղարաբաղ, 2020-ից հետո Շուշիի մոտ թուրք զինվորները չէին կանգնած, Ակնայում ռուս-թուրքական «մոնիթորինգային» կենտրոնը չէր, ռուսականխաղաղապահները» չէին գնդացիրներով ստուգում Արցախ մեկնող հայերին, իսրայելցի զինվորականները չէին, որ վերահսկում էին անօդաչու սարքերը Ֆուզուլիի օդանավակայանից։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում հավաքվել էին ոչ թե ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Արցախի բռնազավթումը հաստատելու համար, այլ Հայաստանի նախկին նախագահները։ Փաշինյանը մեղադրում է նախկին նախագահներին՝ թաքցնելու համաշխարհային դավադրությունը, որի անդամն է, և սադրելու նախագահներին՝ «բացահայտելու» համաշխարհային մեղավորներին եւ “վատամար” դառնալ։

Բայց նախկին նախագահները “վատիկներ” դուրս եկան ու սխալ պատասխաններ տվեցին, քանի որ նրանք էլ էին այս դավադրության մաս, ուղղակի տարբեր փուլերում։ Նրանք իրենց «փաստարկներում» չեն նշում ո՛չ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը, ո՛չ Ղարաբաղը հանձնելու Ստալինի որոշումը, ո՛չ էլ Կարսի պայմանագրի ընդլայնման Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերը։ Սա նշանակում է, որ նրանք էլ են թաքցնում ճշմարտությունը։

Քանի դեռ Կարսի պայմանագիրը, որպես Հայաստանի սահմանների իրավական հիմք, խորը տաբուի տակ է Հայաստանում, Հայաստանի նախագահներն ու վարչապետները պինգ-պոնգ են խաղալու՝ կեղտոտելով հասարակության ուղեղը և չխանգարելով Թուրքիային և Ռուսաստանին ամրապնդել իրենց սահմանները։ նոր պայմանագիրը խորհրդանշականորեն կամփոփեն Շուշիում՝ անձամբ Պուտինն ու Էրդողանը։ Փաշինյանն ու երեք նախագահները հրավիրված չեն։

Բազմակնության մասին ֆեթվան հետ է կանչվել․ սա Աստծո կամքն է

Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր վարչության (DUM) Ուլեմայի խորհուրդը հետ է կանչել «Բազմակնության խնդիրները Ռուսաստանի մահմեդական համայնքում» աստվածաբանական եզրակացությունը (ֆաթվա), որը թույլատրում է կրոնական բազմակնությունը: Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, Telegram-ի իր ալիքում հայտնել է խորհրդի նախագահ Շամիլ Ալյաուտդինովը։

«Ռուսաստանի Դաշնության մահմեդական համայնքի ուլեմայի խորհուրդը, կապված ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվության հետ, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը կոչ է արել չեղյալ համարել «Բազմակնության խնդիրները Ռուսաստանի մահմեդական համայնքում» ֆեթվան, և նաև ռուսական հանրության արձագանքի կապակցությամբ հետ է կանչում ֆեթվան։ Սա Աստծո կամքն է, և Ռուսաստանի Դաշնության Մուսուլմանների հոգևոր տնօրինության Ուլեմայի խորհուրդը վեճի մեջ մտնելու իմաստ չի տեսնում»,- ասվում է նրա հրապարակած գրառման մեջ։

Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր տնօրինության Ուլեմայի խորհուրդը ֆեթվա է հրապարակել, որում ասվում է, որ մահմեդական տղամարդիկ կարող են մինչև չորս կրոնական ամուսնություն կնքել: Այն սահմանում էր պատճառների ցանկ, թե ինչու կարող է լրացուցիչ ամուսնություն կնքվել, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում թույլատրվում է կրոնական բազմակնությունը։

Արտակ Մկրտչյան. Արցախցիները պետք է համախմբվեն իրենց իրավունքները պաշտպանելու համար

Մարտունեցի հասարակական գործիչ Արտակ Մկրտչյանը Հայաստանում ներկայացնում է «Հավասար հնարավորություններ» սոցիալական երիտասարդական կազմակերպությունը։

Մկրտչյանը կարծում է, որ սոցիալական խնդիրները դրդում են արցախցիներին արտագաղթի, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Արցախի վերադարձի գործընթացի վրա։ Մկրտչյանն իր կարծիքն է հայտնել, որ նոր տարում, հաշվի առնելով անցնող տարվա սխալները՝ Արցախի ժողովուրդը պետք է համախմբվի իր իրավունքները պաշտպանելու համար։

Ալվարդ Գրիգորյան

Առաջնորդեք արցախցիների մեծ վերադարձը․ ինչ է Փաշինյանը խոստացել Ալիեւին

Իշխանամետ ալիքների էկրաններին հայտնվում են հաճելի արտաքինով երիտասարդ քաղաքագետներ, որոնց, ըստ երեւույթին, խնդիր էր դրված հայտարարել Արցախի ու արցախցիների խնդրի վերջնական լուծումը։

Շատ հաճելի արտաքինով այս երիտասարդները վստահորեն ասում են, որ ղարաբաղցիները երկու տարբերակ ունեն՝ կամ ինտեգրվել, կամ վերադառնալ։ Ինչո՞ւ չի կարող Հայաստան եկած 120-ից առնվազն 10 հազար ղարաբաղցիներ հավաքվել, մերժել սեփական կոռումպացված ղեկավարներին, կազմել ու ներկայացնել վերադարձի ծրագիր։ Փրփուրը բերանին՝ քաղաքագետներից մեկը վրդովվում է, որ ղարաբաղցիները չեն տապալում իրենց իշխանությունը, թեև այդ իշխանության մեծ մասն արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում է Բաքվի բանտում։ Ալիեւն էլ, ըստ երեւույթին, եւս վրդովվել է, որ նրանք ղարաբաղցիներին թալանել են, եւ ձերբակալել է։

Ես չեմ տեսել, որ ղարաբաղցիները հավաքվեն ու վերադարձ պահանջեն, ասում է մեկ այլ քաղաքագետ։

Օպերայի սրճարանում նա ակնհայտորեն հպարտանում է, որ իր նախնիները եկել են Էրզրումից, որտեղ մեծ կալվածքներ են թողել։ Բայց նա երբեք չի հարցրել, թե ինչու իր նախնիները 100 տարի չեն կարողացել վերադառնալ իրենց տները:

Ինչպես Հալեպում ծնված Վարդան Օսկանյանը, որը շրջում է աշխարհով մեկ և համոզիչ կերպով պնդում, որ ղարաբաղցիները պետք է իրավունք ունենան վերադառնալու։ Քանի՞ անգամ էին Օսկանյանի նախնիները վերադառձել այնտեղ, որտեղից վտարվել էին 1915 թվականին Դեր-Զորով։

Հայոց ցեղասպանությունից հետո 100 տարի հայրենադարձության ոչ մի ալիք չի եղել, ընդհակառակը, մնացածները կա՛մ իսլամացվել են, կա՛մ “հայրենադարձվել” ԽՍՀՄ, որ հետո ենթարկվեն դաժան բռնաճնշումների և քշեն կոտորելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Արցախցիների վերադարձի կամ ինտեգրման մասին թեզը իշխանամետ լրատվամիջոցները պատահական չեն «թարմացրել»։ Սա մի կողմից ակնարկ է, որ շուտով կդադարեցվի բոլոր աջակցությունը «ինտեգրված» արցախցիներին։ Մյուս կողմից, սա խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն Ալիևին խոստացել են “վերադարձնել” ղարաբաղցիների մի քանակ։ Իզուր չէ, որ Ալիևը Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարներին մեղադրում է «բնակչությանը տեղահանելու» մեջ։ Ալիեւին անհրաժեշտ էր, որ այնտեղ մնար բնակչության մի մասը։

Մենք դեմ չենք վերադառնալուն, բայց օրինակ եղեք, առաջնորդեք հայերի մեծ վերադարձը, պատրաստակամություն հայտնեք ղարաբաղցիների հետ հաստատվել ասենք Հադրությում, վերցնել Բաքվի անձնագիր, ձեր որդուն ուղարկեք թուրքական բանակ, եւ հազարավոր ղարաբաղցիներ կհետևեն ձեզ: 

Գրենլանդիան գնելու և Պանամայի ջրանցքը վերադարձնելու Թրամփի գաղափարը մերժվել է

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ին Գրենլանդիան անհրաժեշտ է անվտանգության համար: Իր առաջին նախագահական ժամկետում նա արդեն առաջ է քաշել Գրենլանդիան ձեռք բերելու գաղափարը, սակայն երկու անգամ էլ կղզու իշխանությունները մերժել են նման առաջարկը։

Գրենլանդիայում ԱՄՆ-ի մեծ ռազմաբազա կա։ Գրենլանդիան Դանիայի թագավորությանը ենթակա խորհրդարանական հանրապետություն է։ Կոպենհագենը որոշում է արտաքին և անվտանգության քաղաքականությունը, ֆինանսական հարցերը լուծվում են կղզու կառավարության մասնակցությամբ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է վերականգնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ։

«Պանամայի ջրանցքը բացվել է բիզնեսի համար 110 տարի առաջ և կառուցվել է Միացյալ Նահանգների համար հսկայական ծախսերով՝ կյանքի և հարստության առումով. 38,000 ամերիկացիներ մահացել են վարակված մոծակներից ջունգլիներում շինարարության ընթացքում», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։ Նա «հիմարություն» է անվանել ջրանցքը Պանամային փոխանցելը ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի կառավարման ժամանակ։

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն արձագանքել է Թրամփի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Պանամայի ջրանցքը և հարակից տարածքները պատկանում են և պատկանելու են Պանամային։ Նա նշել է, որ ջևանցքը ծառայում է միջազգային հանրությանը և չի մասնակցում հակամարտություններին։

Նոր 2023 տարին էինք սպասում, գլոբալ վերլուծություններով, լոխ լավա ինան

Երկու տարի առաջ մունք էլ էին տոնածառ զարդարում: Մունք էլ էինք ուզում մտնել նոր տարի: Պիտաչոկում սինկլիտն ասում էր «լոխ լյավա ինելու»: Սպասեք, Ռուսաստանի պատերազմ, Ուկրաինա ու արաբական աշխարհ: Ծերերը Փոքր Կովկասով չէին սահմանափակվում, երբ խոսում էին քաղաքականությունից:

Քաղաքում համառ զարդարում էին տոնածառերը: Արմո պապիկն ասում է, որ նախագահականի եղեւնիները Նալչիկից էին բերել սովետական տարիներին: Եղեւնու ամեն մի շերտը մի տարի է: Այդպես կարող եք իմանալ դրանց տարիքը: Արցախբանկի դիմացի եղեւնին օրինակ տաս տարուց ավել տարիք ունի: Իսկ ութերրորդ դպրոցի տնջիրիները հույներն են տնկեր, պատմում էր նա:

Շուկայում էլ հետ չէին մնում մարդիկ, երբ բանը քաղաքականությանն էր հասնում: Կանաչի կուտենք` բոստանով յոլա կգնանք, եկեք մի քիչ սպասենք …Ամերիկան, Սփյուռքն ու Եվրոպան, գնահատականներ էին տալիս վաճառականները:

Շուկայում ողբերգական ավարտի նախանշանները պարզ երեւում էին, չնայած մարդիկ լավատես, կամ այդպես էին ձեւացնում: Աչքի առաջ ամեն ինչ սպառվում էր: Սադախլոյի ջինսերի պահանջարկ էր արդեն առաջանում: Զինսեր, որի վրա տարիների փոշի կար:

Բոլորն ուզում էին լավատես լինել: Երբ ես խնդրեցի լուսանկարել այս երեխաներին, դաստիարակներն սկսեցին հորդորել երեխաներին, որ Like ցույց տան: Լուսանկարել ի դեպ շատ դժվար էր ստացվում: Չեր ստացվում տեսախցիկն անգամ բարձրացնել (մորեխը ծանրություն, ինչպես Աստվածաշունչն է ասում):

Արցախի շրջափակման օրերին Ստեփանակերտում English Club ու հուշանվերների խանութ էր բացվում (ծմերուկով հարսանիք եւ այլն… շատերը կհիշեն դետալները): Մարդիկ ապրել էին ուզում` աշխարհի ռիթմից չէին ցանկանում հետ մնալ: Բայց կյանքն իր կանոներն էր թելադրում, կատաղած, վայրի գետի նման քշում` տանում է իր հունով եւ հանդարտվում ծովում ի վերջո…

Մարութ Վանյան/Step1.am

Լուսանկարները` 20-21-22-23 դեկտեմբեր 2022 

Արցախցիներ և ժողովրդի ծառաներ. որտե՞ղ են 26 կուսակցությունները

Արցախի հանրության, այսպես ասած, հասարակ մարդկանց մեծ մասը, բնակվելով Հայաստանում Արցախից բռնի տեղահանությունից հետո, չի կարող ասել, որ 2024 թվականին հարգվել են սոցիալական արդարության և արժանապատիվ մարդկային կյանքի իրենց իրավունքները։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ, Արցախի Հանրապետության կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Աշոտ Սարգսյանը կարծում է, որ Արցախի գերատեսչությունների, կառույցների, կազմակերպությունների ներկայացուցիչները կորցրել են ժողովրդի վստահությունը, քանի որ չեն պայքարել մարդկանց իրավունքների համար։ Իսկ վստահությունը վերականգնելու համար 2025 թվականին՝ խորհրդարանական փոփոխությունների նախաշեմին, պետք է շատ ջանք գործադրեն։

Նրա խոսքով, Հայաստանում են Արցախում գրանցված 26 քաղաքական կուսակցություններ և մոտ 300 հասարակական կազմակերպություն։ Բայց նրանցից շատերը «ընտրությունից ընտրություն» էին ակտիվ։

Ալվարդ Գրիգորյան