Оկուպացված Արցախի տարածքներում ապրում է այժմ 4,325 ընտանիք

Оկուպացված Արցախի տարածքներում ապրում է այժմ 4,325 ընտանիք՝ բաղկացած 17,204 մարդուց։ Եւս 35,385 մարդ Արցախում ապրում են ժամանակավորապես՝ մասնագիտական աշխատանքների հետ կապված, հայտնում են աղբյուրնեը։
Ալիևը Արցախը գրավեց ոչ ադրբեջանական ժողովրդին իրենց տները «վերադարձնելու» համար, և հարյուրավոր ադրբեջանցիներ զոհվեցին արցախյան հողում՝ ոչ հանուն իրենց։ Ադրբեջանցիները գիտեն, թե ինչ է նշանակում ապրել այրված հողի վրա։

Լավրովը ցույց տվեց Ռուսաստանի նպատակը

Թրամփ-Պուտին հանդիպումը Ալյասկայում՝ Թրամփի կողմից հայերին բերած «մեծ խաղաղությունից» մեկ շաբաթ անց, շատ վերլուծաբանների կողմից անվանվեց ռուս-ամերիկյան մեծ գործարքի շարունակություն: Ավելին, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված Փաշինյան-Ալիև-Թրամփ գործարքը բնութագրվեց որպես գործարքի կարևոր մաս. Ռուսաստանը չի «բողոքում» Սյունիքի հանձնման դեմ՝ ստանալով Ուկրաինան և Թուրքիայի ու ԱՄՆ-ի «վետոն», եթե Ռուսաստանը մտնի Բալթյան երկրներ, և ՆԱՏՕ-ն փորձի կիրառել 5-րդ հոդվածը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վուդրո Վիլսոնի կողմից սկսված ինքնիշխան պետությունների և ժողովրդավարության դարաշրջանն ավարտվում է, և սկսվում է «խոշորացման», «ազդեցության գոտիների» դարաշրջանը: Ռուսաստանը հավակնում է առնվազն ԽՍՀՄ-ին։

Լեւոն Արոնյանը՝ Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025-ի հաղթող

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց Սենթ Լուիսում անցկացված Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարի  հաղթողի կոչումը՝ վաստակելով նաեւ 40 հազար դոլար։

Օգոստոսի 14-ից անցկացված կայծակնային շախմատի ներկայացուցչական մրցաշարին մասնակցում էին 10 ուժեղագույն գրոսմայստերներ։

Լեւոն Արոնյանը հաղթանակն ապահովեց կայծակնային շախմատի ներկայացուցչական մրցաշարի ավարտից 2 խաղափուլ առաջ:

Վերջին տուրում Արոնյանը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին եւ 24,5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող:
Արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերի հանրագումարով առաջատար եռյակը հետեւյալն է՝

Լեւոն Արոնյան՝ 24,5 միավոր
Ֆաբիանո Կարուանա՝ 21,5 միավոր
Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝ 21 միավոր

news.am

Գործարքը չկայացավ, բայց Պուտին-Զելենսկի հանդիպումն արդեն պատրաստվում է

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը բանակցություններ են վարել Ուկրաինայում խաղաղության շուրջ Ալյասկայի Անքորիջ քաղաքում։

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սկսվում են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ համատեղ մամուլի ասուլիսից հետո նա «շատ անկեղծ» մասնավոր զրույց է ունեցել Կրեմլի ղեկավարի հետ։ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահը ցանկանում է կնքել համաձայնագիր, որը կավարտի Մոսկվայի կողմից սանձազերծված պատերազմը։

ԱՄՆ նախագահը համաձայնության հասնելու հավանականությունը անվանել է «բավականին բարձր»՝ նշելով, որ այն այժմ կախված է Վլադիմիր Զելենսկիից։ Բացի այդ, եվրոպական երկրները նույնպես պետք է «մի փոքր ներգրավված» լինեն հակամարտության կարգավորման գործում։

Թրամփն ասել է, որ այսօրվա բանակցություններից հետո ինքը իմաստ չի տեսնում Չինաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մեջ։ Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ կարող է վերադառնալ «Ռուսաստանին պատժելու» հարցին 2-3 շաբաթից։

Երբ Fox News-ի թղթակիցը հարցրեց, թե ինչ խորհուրդ կտա Զելենսկիին, Թրամփը պատասխանեց. «Գործարք կնքեք»։ Թրամփը խոստովանեց, որ Ուկրաինան ամենայն հավանականությամբ կհրաժարվի։

«Կարծես Բայդենը նրանց քաղցրավենիք էր բաժանում, իսկ Եվրոպան նրանց շատ փող էր տալիս։ Մենք նրանց 350 միլիարդ դոլար տվեցինք։ Եվրոպան նրանց շատ ավելի քիչ տվեց, բայց էլի շատ՝ 100 միլիարդ դոլար»։

Մինչ այդ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում՝ եռակողմ բանակցությունների ավարտից հետո։

Պուտինը բանակցությունները անվանել է արդյունավետ, իսկ Միացյալ Նահանգները՝ լավ «հարևան», որը Ռուսաստանից բաժանված է «ընդամենը 4 կիլոմետրով»։ Նա կրկին խոսել է «ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների» մասին և այն մասին, որ դրանք «պետք է վերացվեն՝ հակամարտությունը դադարեցնելու համար»։ «Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հասել են Սառը պատերազմից ի վեր ամենացածր կետին։ Ակնհայտ է, որ իրավիճակը պետք է շտկվեր։ Եվ այս առումով պետությունների ղեկավարների անձնական հանդիպումը վաղուց սպասվում էր», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Իր հերթին, Թրամփը նշել է, որ կողմերը «չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և դեռևս համաձայնություն չկա»։ Միևնույն ժամանակ, նա հանդիպումը անվանել է «շատ արդյունավետ» և նշել, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարողացել են համաձայնության գալ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ բազմաթիվ կետերի շուրջ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ երկրներն ունեն «լավ հնարավորություն խաղաղ կարգավորման հասնելու»։

Իր ելույթի վերջում Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ նրան անունով դիմելով, և խոստովանել է, որ «շատ շուտով» նրանք կրկին կտեսնվեն։ ԱՄՆ ղեկավարը Ռուսաստանի նախագահի առաջարկը՝ հաջորդ հանդիպումը Մոսկվայում անցկացնելու մասին, անվանել է «շատ հետաքրքիր» և ասել, որ դա «լիովին հնարավոր է»։ Այնուհետև նախագահները ձեռքսեղմել են։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև փակ բանակցությունների ընթացքում Ամերիկայի նախագահի ներկայացուցիչները էլեկտրոնային նամակներ են ուղարկել նրա կողմնակիցներին՝ կոչ անելով «աջակցել Թրամփին» և 10 դոլար նվիրաբերել։ Այլ բաների շարքում, Թրամփի անունից նամակում ասվում էր. «Ես Պուտինի հետ հանդիպում եմ Ալյասկայում»։ «Մի փոքր ցուրտ է», «Այս հանդիպման խաղադրույքները շատ բարձր են ամբողջ աշխարհի համար», «Աշխարհում ոչ ոք չի կարող գործարքներ կնքել այնպես, ինչպես ես»։

Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Ալյասկայից դիմել է հանրությանը, Պուտինի և Թրամփի միջև երկխոսությունը անվանելով «շատ կառուցողական և դրական»։ «Ամերիկյան կողմը լավ է ընդունել ռուսական կողմին։ Ինչպես ասել են նախագահները, շատ հարցեր լուծվել են, մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն։ Կարևոր է նաև, որ ԱՄՆ նախագահը նշել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական ոլորտում համագործակցության զգալի ներուժը։ Չնայած զգալի դիմադրությանը՝ մենք կշարունակենք կառուցել ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք զգալի ներուժ ունեն»։

«Կլինի այնպիսի խաղաղություն, ինչպիսին հիմա տիրում է Ստեփանակերտում». Լեւոն Հայրյան

«Բռնազավթված Արցախով խաղաղություն չի լինի։ Կլինի այնպիսի խաղաղություն, ինչպիսին հիմա տիրում է Ստեփանակերտում»,- Ազատության հրապարակում ԱԺԲ հրավիրած հանրահավաքում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Նա նշեց, որ Հայաստանում իշխանության եկան ուզորպատորներ եւ կոլաբորանտներ, որոնք փորձում են ապացուցել, թե «Արցախը հայկական չէ», հայտարարում են, որ «Արցախյան շարժումը պետք է փակենք ՀՀ-ն պահելու համար»։

«Հայաստանի երրորդ կոչված հանրապետությունը ծնվել է հենց այս հրապարակում՝ «Արցախ» եւ «միացում» կանչելով։ Այսինքն՝ Հայաստանի այսօրվա հանրապետության հիմքում Ղարաբաղյան շարժումն է։ Մի՞թե հայ ժողովրդի բարեկամն է այն մարդը, ով ուզում է այս հանրապետության հիմքում դրված սկզբունքը հանել, այսինքն՝ Ղարաբաղյան շարժումը եթե հանենք, հանրապետությունը չի լինի։ Ցավոք սրտի, այդ դեպքում Հայաստանում կստացվի խաղաղություն, որը շատ նման կլինի Ստեփանակերտի այսօրվա խաղաղությանը։

Հետեւաբար, պետք է պայքարել, մեզանից յուրաքանչյուրը պետք է իր կողքինին արթացնի։ Իշխանությունը զավթած մի խումբ հայտարարում է, որ Արցախը Հայաստանի համար գոյութենական վտանգ է, մեր ժողովուրդը սուս ու փուս նստում է եւ հավատում, որ կարող է պատահի Արցախի հարցը հանեն, եւ Հայաստանում լինի խաղաղություն։

Արցախի հարցը պիտի վերարծարծվի։ Մենք պետք է վերադառնանք Արցախ, ինչպե՞ս կարող ենք վերադառնալ եւ ի՞նչ պայմաններում։ Սկզբում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր եռյակը փորձել է ղարաբաղցիներին ստիպել ինտեգրվել Ադրբեջանին։ Այսինքն՝ արցախցին պետք է ինտեգրվեր Ադրբեջանին, մտներ Ադրբեջանի բանակ ծառայության։ Նրանց համար պլան B էր աշխատում՝ եթե արցախցիներին չեն կարողանալու ստիպել ծեծելով վերադառնալ Արցախ, պետք է ինտեգրեն Հայաստանում, ջնջեն, կորցնեն, Արցախը տարրալուծեն։ Էս է իշխանությունների ցանկությունը։

Արցախ մենք վերադառնալու ենք, ուզում ենք վերադառնալ, բայց միայն հայկական Արցախ։ Մեզ ինտեգրվել Ադրբեջանին պետք չէ, արցախցիներին եմ դիմում կոչով՝ ժողովուրդ, աշխատեք համախմբվել համայնքի շուրջը, որպեսզի կարողանանք մեր վերադարձի իրավունքը պաշտպանել։ Մենք վերադառնալու ենք Արցախ միջազգային երաշխիքներով, միջազգային ուժերի այնտեղ տեղակայումով, նույնիսկ սկզբի համար անհրաժեշտ է լինելու միջազգային կառավարում»,- ասաց Հայրյանը։

Նա նշեց, որ հայ ժողովրդի ուղեղը մթագնել են «խաղաղություն» բառով։ «Մենք տեսել ենք թուրքերի վերաբերմունքը Բերձորի միջանցքում խաղաղության աղավնու նկատմամբ։ Ի՞նչ են արել խաղաղության աղավնուն, հուպ են տվել, խեղդել են։ Խաղաղությունը լավ բան է, խաղաղության աղավնի սիրել կարելի է, բայց աղավնի լինել չի կարելի։ Մենք կարող ենք մեզ պաշտպանել, մենք թույլ չենք, փոքրիկ չենք, պարզապես մեզ տարիներով թունավորել են, մասնատել, բաժանել, մենք պետք է այսօր սկսենք մտածել միավորման մասին։ Մենք տեսել ենք, թե ինչի է ընդունակ միավորված ազգը, տեսել ենք 1988 թվականին, տեսել ենք մինչեւ 1994 թվականը»,- նշեց Լեւոն Հայրյանը։

Նա կոչ արեց Ազատության հրապարակում դարձյալ սկսել «Միացում Արցախ» շարժումը եւ միացման ճանապարհով մեր երթը վերսկսել․ «Սա է մեր միակ փրկությունը՝ միասնություն։ Մենք պետք է մեր միասնակամությունը վերկանգնենք, Արցախի հայկականությունը վերականգնենք եւ Հայաստանի երրորդ հանրապետության կյանքը շարունակենք։ Արցախի հարցը հանելով երրորդ հանրապետության տակից՝ մենք կքանդենք երրորդ հանրապետությունը։ Երրորդ հանրապետությունը եթե կործանվի, նոր աշխարհարկարգում չորրորդի համար հայերը տեղ չունեն։ Առաջին հանրապետության գաղափարները պետք է վերականգնել, բայց այսօր ովքեր աշխատում են երրորդ հանրապետությունը վերացնելու համար, պետք է հրաժեշտ տան իշխանությանը»։

«Արցախը Հայաստանի տարածքային ամբողջականության մաս է, ոչ թե Ադրբեջանի»

«Արցախը Հայաստանի տարածքային ամբողջականության մաս է, ոչ թե Ադրբեջանի։ Արցախի հանձումը եղել է առեւտրի, վաճառքի հիման վրա, մեզ առեւտրի առարկա են սարքել, հիմա էլ եկել, Սյունիքի դարպասներն են ուզում բացել։ Հարգելի հայ ժողովուրդը, մի տրվեք այդ վաճառքին, մի եղեք առեւտրի առարկա, Արցախը մեզ համար ցավալի օրինակ է»,- Ազատության հրապարակում ԱԺԲ հրավիրած հանրահավաքում ասաց արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը։

Նա ասաց, որ Արցախը միշտ պիտի լինի հայկական, վստահ է՝ Արցախ վերադարձը ապահովվելու է։

«Այսօրվա իրավիճակում մենք ունենք լուրջ խնդիրներ հանրության մեջ։ Հայ ժողովրդին կոչ եմ անում՝ հայ լինելու, հայ ապրելու իրավունքի համար մենք միասնական պետք է լինենք։ Մեր ազգի հայ լինելու եւ հայ ապրելու համար առաջինը մենք պիտի վերածնվենք, մենք պիտի մեր էությունը ցույց տանք թե աշխարհում, թե մեր հողի վրա։ Եթե մենք տեր չկանգնենք մեր հողին, ուրիշներն են գալու մեր հողի վրա մեր գլխին տեր կանգնեն։ Բայց մենք բարոյական իրավունք չունենք այդպիսի բացթողումներ անելու, որովհետեւ ունենք Եռաբլուր, ունենք Ծիծառնակաբերդ, ունենք հերոսներ, որոնք մեզ համար են զոհաբերվել, որ մենք այսօր ապրենք այս հողում՝ հպարտանալով, ոչ թե ներկայացնեն, թե մենք թույլ ենք, վախկոտ ազգ ենք, պիտի զիջենք։ Սուտ եք ասում՝ դուք եք թույլը, դուք եք վախկոտը։ Հայ ազգը հզոր է, խելոք է, միշտ էլ լինելու է միջագային հարթակներում ու մեր հողի վրա»,- հայտարարեց Անաստաս Իսրայելյանը։

 

Հայրիկյան․ Հայաստանի ներկա տարածքների ճանաչումը նշանակում է, որ մենք՝ հայերս ճանաչում ենք Ցեղասպանությունը

«Մենք գործ ունենք հանցագործի հետ, հանցագործություններ կատարող անձի հետ գործ ունենք, մի՞թե մենք սրան ենք արժանի, մենք արժանի՞ ենք, որ մեր ճակատագիրը տնօրինի մարդ, որն իր էությամբ ոչ միայն քաղաքականապես անբարոյական է, այլ նաեւ հանցագործ է»,- Ազատության հրապարակում ԱԺԲ հրավիրած հանրահավաքում ասաց  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկա տարածքների ճանաչումը նշանակում է, որ մենք՝ հայերս ճանաչում ենք Ցեղասպանությունը, այն ամենը, ինչ 1915-ից մինչեւ 1923 թվկանը հայերի նկատմամբ արվել է։ Իսկ արվել է հետեւյալը՝ Թուրքիայի ներկա տարածքում ապրող բնակչության 25 տոկոսը վերացվել է։

«Այսօրվա Հայաստանի սահմանների մասին խոսելիս չխոսել այն բանի մասին, որ ռուս-թուրքական ապօրինի պայմանագրով ու կայամական մոտեցմամբ են ձեւավորվել այդ սահմանները, նշանակում է ուղղակի ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունենալ»,- ասաց նա։

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ այս ամենը հետեւանք է նրա, որ մենք ունենք Սահմանադրություն, որը թույլ է տալիս ապիկարներին ու քաղաքական անբարոյականներին իշխանության գալ։ «Այսօր, երբ մենք խոսում ենք այս ծանր իրավիճակի մասին, չմոռանանք, որ հիմքերի հիմքում ընկած է ժողովրդին իշխանության լծակներից զրկող ստոր Սահմանադրությունը։ Եվ պատահական չէ, որ այդ ստոր Սահմանադրությանն այդպես փարվել է ամենապիղծ արարածը։ Այլապես ինչպե՞ս կարող էր ցեղասպանություն իրականացրած մարդու հետ ողջագուրվել, ինչպե՞ս կարող էր գերիների, պատանդների առկայության պայմաններում գնալ ու ինչ-որ այլ հարցեր քննարկել»,- հավելեց նա։

«Այսօր մենք մի առաջնահերթ խնդիր ունենք՝ աշխարհը պետք է իմանա, որ Նիկոլը մերը չէ, Նիկոլը մեզ հետ կապ չունի, նա հայ ազգի համար խորթ տարր է։ Ժողովրդի անունից ասում եմ՝ աշխարհ, իմացիր, Նիկոլը հայ ժողովրդի հետ կապ չունի, սեփական հայրենակիցներին ազգային հողի վրա պատանդ պահողի հետ գրկախառնվող ստոր արարածը հայության հետ ոչ մի կապ չունի եւ իրավունք չունի մեզ ներկայացնելու։ Մենք գործ ունենք հետեւողականորեն կոռուպցիոն հանցագործությամբ զբաղվող Նիկոլ Փաշինյանի եւ նրա ավազակախմբի հետ։ Եթե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դատախազ Վարդապետյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարությունը վերաբերմունք չարտահայտեն, նշանակում է՝ նրանք այդ կոռուպցիոն խմբի անդամներ են»,- հայտարարեց Հայրիկյանը։

Մենք դա թույլ չենք տա, որովհետեւ Արցախը մեր հայրենիքի մի մասն է, եւ առանց Արցախի Հայաստանը խոցելի է

«907-րդ բանաձեւի չեղարկումը ոչ թե խաղաղություն է բերելու, այլ պատերազմ։ Խաղաղություն ուզող պետությունը զենք գնելու նոր հնարավորություններ չի ստեղծում, ժամանակակից ամերիկյան զենք, որը Ադրբեջանը կգնի՝ ցույց տալու համար, որ իբր Իրանի ու Ռուսաստանի դեմ է, բայց ի վերջո մեր դեմ է օգտագործելու։ Հետեւաբար, այս մի քայլը, որն իշխանությունը ներկայացնում է որպես հաջողություն, դա ի վնաս Հայաստանի Հանրապետության է»,- Ազատության հրապարակում ԱԺԲ հրավիրած հանրահավաքում ասաց  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցած պայմանավորվածություններին։

Արա Պապյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշմանը՝ հարցարդում անելով․ «Իսկ ո՞վ ասաց, որ չկա Արցախի հարցը։ Արդյոք մենք՝ որպես հայ ժողովուրդ եւ նաեւ աշխարհի շատ երկրներ ընդունո՞ւմ ենք, որ կարելի է հանցագործության միջոցով, էթնիկ զտման, ցեղասպանության միջոցով, ոտնահարեելով նույն Մինսկի խմբի բազմաթիվ փաստաթղթերը, հիմա օրինականացնել տեղի ունեցածը։ Այո, այս իշխանությունները փորձում են դա անել, բայց մենք դա թույլ չենք տա, որովհետեւ Արցախը մեր հայրենիքի մի մասն է, եւ առանց Արցախի Հայաստանը խոցելի է, խոցելի է անվտանգության առումով, խոցելի է տնտեսապես ու հոգեպես։

Հայրենիքի վաճառքով չես կարող հայրենիքի համար խաղաղություն գնել, այս ամբողջը կեղծիք է, որովհետեւ խաղաղությունը կարող է միայն ռազմաքաղաքական հավասարակշռության վրա խարսխված լինել։ Չես հավասարակշռել, ուրեմն չունես նաեւ խաղաղություն։ Արդյոք եթե դիմեցին, Մինսկի խումբը պետք է լուծարվի՞։ Ոչ, Մինսկի խումբը ստեղծվել է ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի կոնսենսուսով, այսինքն՝ 57 երկրի ներկայացուցիչներ հավաքվել են 1992 թվականի մարտին եւ կողմ ենք քվեարկել այդ խումբը ստեղծելուն։ Հստակ գրված է՝ ինչի համար է այդ խումբը ստեղծվել, Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ լուծելու համար։ Արդյոք խաղաղ լուծում ստացե՞լ է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհներն ուզում են լուծարել։ Չի ստացել։ Ուրեմն, վստահ եմ, որ այդ Մինսկի խմբի 57 երկրներից առնվազն մի քանիսը դեմ են քվեարկելու։ Եվ Մինսկի խումբը մնալու է, որովհետեւ Արցախի հարցը եւս բարձրանալու է»։

Արա Պապյանը նշեց, որ  եթե Ալիեւի մտքին պատերազմ լինի, ինքը պատրվակ կգտնի՝ հրահրելու այդ պատերազմը, ինչպես հիմա արդեն խոսում է «150 մլրդ ռազմական տուգանքի» եւ այսպես կոչված «300 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին։ Ըստ նրա՝ ադրբեջանիցներն օգտագործում են ՀՀ իշխանության այս ոչ հեռատես եւ տեղ-տեղ դավաճանական վարքագիծը՝ իրենց խնդիրներն առաջ տանելու համար։ Բայց ի վերջո չեն գալու ոչ «խաղաղության պայամանագրի» ստորագրմանը, ոչ էլ դրա իրագործմանը։

Արա Պապյանը հավելեց, որ ալիեւները Միսնկի խմբի շրջանակներում բազմաթիվ փաստթղթեր են ստորագրել, որոնցով ուժի կիրառում չպետք է լիներ, բայց ոտնահարեցին դա։ Երբ Արդբեջանը հայաթափեց Արցախը, այդպես կոչված «ռուս խաղաղապահների» ներկայությամբ էթնիկ զտում իրականացրեց, ի՞նչը զսպեց նրանց, ոչինչ։ «Հետեւաբար, նրանց զսպելու համար մենք պետք է ստեղծենք իրավական ամուր հիմքեր եւ ամենակարեւորը՝ հզոր ու ազգային իշխանություն, որն էլ կստեղծի հզոր բանակը, որը կկարողանա դիմակայել։ Այլ ճանապարհ չկա։ Թող որեւէ մեկը չփորձի ներկայացնել, թե իբր իրենք խաղաղություն են ուզում, մենք էլ պատերազմ ուզողն ենք»,- նշեց նա։

Արա Պապյանն անդրադարձավ նաեւ Վաշինգտոնում նախաստորագրված այսպես կոչված «խաղաղության պայմանագրին»՝ ասելով, որ սա կեղծ փաստաթուղթ է։ «Ես կարդամ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի առաջին կետը․ «Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջեւ սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները եւ որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը»։

ՔՊ-ն կասի՝ դե ի՞նչ վատ բան կա, սահմանները ճանաչվում են։ Բայց այստեղ շատ կարեւոր հարց կա՝ միջպետական փաստաթուղթը պիտի վավերացվի, այսինքն՝ սա դեռ նախաստորագրում է, պիտի ստորագրվի, հետո խորհրդարանով վավերացվի ու ուժի մեջ մտնի։ Չի կարող որեւէ միջազգային պայմանագիր վավերացվել, եթե այն հակասության մեջ է քո գործող Սահմանադրության հետ, դրա համար է Ալիեւը ստիպում մեզ փոխել Սահմանադրությունը։ Ասում է, որ այնտեղ հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ էլ խոսվում է Ղարաբաղի ու Հայաստանի միացման մասին։

Հիմա նայենք, թե իրենց Սահմանադրությունն ինչ է ասում, իրենց Սահմանադրությունը եւս հղում ունի Անկախության հռչակագրի վրա, բայց ո՞ր Անկախության հռչակագրի վրա՝ հստակ գրված է 1918-1920 թվականների հանրապետության Անկախության հռչակագրի վրա։ Այսինքն՝ իրենց համար հիմք է հանդիսանում առաջին հանրապետությունը, իրենք իրենց համարում են իրավահաջորդ 1918-20 թվականների իրենց մոգոնած կեղծ հանրապետության իրավահաջորդը, որի մեջ մտնում է եւ Զանգեզուրը, եւ Վայոց ձորը, եւ Սեւանը։ Երբ իրենք ասում են՝ տարածքային ամբողջականություն, դա նկատի ունեն։

Իրենք ոնց կարող են ընդունել սովետական սահմանները, երբ Սահմանադրությամբ իրենք սովետական շրջանը համարում են օկուպացիոն շրջան։ Հետեւաբար, առնվազն իրենք եւս պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը։ Կփոխեն Սահմանադրությունը, ցույց կտան, որ իսկապես քաղաքական կամք ունեն, չեն փոխի, այս ամբողջը հերթական ծուղակ է ու խաբկանք։ Կամ իշխանությունները տգետ են, այսքան բանը չեն հասկանում, կամ իրենք լավ էլ հասկանում են՝ ինչ են անում, պարզապես ուզում են ժողովրդին խաբել՝ ամեն ինչ տալով, բայց վերջում այդ փաստաթուղթը չի վավերացվի։ Իսկ փաստաթուղթը, որը չի վավերացվել, չունի իրավական նշանակություն»,- հայտարարեց Պապյանը։

Նա կոչ արեց հասարակությանը ոտքի կանգնել։ Նա ասաց, որ Ալիեւն ամեն ինչ անելու է, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վրա ծախի այս «խաղաղության» գաղափարը մինչեւ հաջորդ ընտրություններ։ Իսկ դրանից հետո, օգտվելով 907 բանաձեւի չեղարկումից, վերազինվելու է, եւ լինելու է ավելի դաժան պատերազմ։ Նա բոլոր քաղաքական ու հասարակական գործիչներին կոչ արեց դիրքավորվել ու հստակ դիրքորոշում հայտնել այս ծանրագույն ժամանակաշրջանում, որովհետեւ դասալքություն է այսօր ոչինչ չանելն ու չասելը։

Թրամփ. Ես հիանալի զրույց ունեցա հարգարժան Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, այդ մասին ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, իր TruthSocial սոցիալական ցանցում հայտնել է հանրապետականը։

«Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալների ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալների ազատ արձակման հարցը», – գրել է Թրամփը՝ զրույցը անվանելով «շատ արդյունավետ»։ «Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ Պուտինի այցը Ալյասկա։ Ես անհամբեր սպասում եմ նախագահ Լուկաշենկոյի հետ ապագայում հանդիպմանը», – նաև ասել է Թրամփը։

Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգեց եւս 10 օրով

Շիրակի թեմի առաջնորդ, կալանավորված Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց։ Այս մասին հայտարարեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Խափանման միջոց կալանքը դատավորն անփոփոխ թողեց, կալանքի ժամկետը երկարաձգեց եւս 10 օրով։

Փաստաբան Երեմ Սարգսյանը իր դժգոհությունը հայտնեց դատարանի այս որոշման վերաբերյալ եւ ասաց. «Ակնհայտ ապօրինի որոշում էր, դուք իրավասու չեք այս գործով արդարադատություն իրականացնել»։

Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Կարծես, բոլորին համոզել են, բացի իրանցիներից, ովքեր սովոր են հավատալ աչքերին, ոչ թե ականջներին

Քարոզչության նպատակներից մեկն է բացարձակապես միանշանակ երևույթը ներկայացնել որպես վիճահարույց և տարբեր գնահատականների ենթակա։ Կոշտ քարոզչության դասական օրինակ է այն, թե ինչպես է Հայաստանում գնահատվում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված ամոթալի գործարքը։

Չնայած այն հանգամանքին, որ կողմերը հրապարակել են համաձայնեցված փաստաթղթերի տեքստերը, որոնցում հստակ նշված է, որ Հայաստանը ապահովում է «անխոչընդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև», Հայաստանում սկսվել է «քննարկում» այն մասին, թե ինչ է դա նշանակում։ Վճարովի կամ ոչ վճարովի վերլուծաբանները վիճում են այն մասին, թե ում սահմանապահները կկանգնեն նոր սահմանին, պետական պաշտոնյաները փորձում են համոզել Իրանին չկարդալ փաստաթղթում գրվածը, իսկ «ընդդիմությունը» պատասխանում է բոլոր հարցերին՝ ասելով, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես է կիրականացվի համաձայնագիրը, ուստի ավելի լավ է առայժմ լռել։

Այս պայմաններում միակ հարցը, որի շուրջ իմաստ ունի «վիճել», այն է, թե արդյո՞ք հնարավոր կլինի իրականացնել համաձայնագրերը, թե դրանք իրականում անիրագործելի են։

Սակայն այս հարցի շուրջ բանավեճ չկա. Հայաստանում բոլորը արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Սյունիքի օրերը հաշված են, բայց ոմանք դա բարձրաձայն ասում են, մինչդեռ մյուսները նախընտրում են պահպանել գալիք խաղաղության հեքիաթը՝ պարտվողի համախտանիշը՝ նեոլուրկը, արդարացնելու համար։ Մարդկանց համար դժվար է խոստովանել, որ իրենց վրայով անցել են, և նրանք նախընտրում են ձևացնել, թե հաճույք են ստանում։

Թվում է, թե բոլորին համոզել են, բացի իրանցիներից, ովքեր սովոր են հավատալ իրենց աչքերին, այլ ոչ թե ականջներին: Նույնիսկ ամենահամոզիչ դիվանագետին՝ Վահան Կոստանյանին ուղարկեցին Թեհրան, որը զգուշացրեց իրանցիներին, որ «Հայաստանն ու Ադրբեջանը մտել են խաղաղության դարաշրջան», ակնհայտորեն ակնարկելով, որ չեն հանդուրժի Իրանի փորձերը խանգարելու «խաղաղությանը»:

Կոստանյանն ասաց, որ ճանապարհների ապաշրջափակումը կբացի նոր հնարավորություններ Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային համագործակցության համար, ներառյալ Նախիջևան-Ջուլֆա գիծը, որը Իրանին կապահովի դեպի Սև ծով ելք Հայաստանով:

Իսկ ի՞նչ կլինի ներկայումս թափով կառուցվող Հայաստան-Իրան մայրուղու հետ, որի մեջ Թեհրանն այժմ մեծ ներդրումներ է կատարում, քանի որ ստացել է Երևանից երաշխիքներ, որ Իրան-Հայաստան սահմանը և  ճանապարհը երբեք չեն փակվի:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկատվությունը նշում է, որ «Թրամփի» նախագիծը քննարկելիս Հայաստանը հաշվի է առել Իրանի մտահոգությունները: Վահան Կոստանյանը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն չի ներգրավվի այս ճանապարհի անվտանգության ապահովման գործում: Նա նաև ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում հայ-իրանական սահմանի պահպանման և իրանական բեռների անցման հարցում, քանի որ կբացվեն նաև այլ ճանապարհներ։ Ճիշտ է, նա իրանցիներին ցույց չի տվել, թե փաստաթղթերում որտեղ է գրված, որ ճանապարհները կբացվեն։

«Մենք կարևորում ենք հայ-իրանական սահմանը և շնորհակալ ենք Իրանին վերջին տարիներին այս հարցում ցուցաբերած քաղաքական աջակցության համար։ Այս իրավիճակը մեզ համար նույնքան կարևոր է, որքան Իրանի համար, և այն ոչ մի դեպքում չի փոխվի։ Մենք իրանական կողմին տրամադրել ենք անհրաժեշտ երաշխիքները», – ասաց Վահան Կոստանյանը։

Իհարկե, ամեն ինչ լավ է, բայց հայկական կողմը դեռևս չի ներկայացրել այն երթուղին, որով Ադրբեջանը պետք է «անարգել» շփվի Նախիջևանի հետ։ Արդյո՞ք դա կլինի Մեղրիի ճանապարհը հայ-իրանական սահմանի երկայնքով, թե՞ Տիգրանաշենով, Երասխով և մինչև թուրքական սահման տանող ճանապարհը։

Քարոզչությունը խոհեմորեն լռում է այս մասին։