Հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման

Երեւանի քրեական դատարանը՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 10–ին, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատավճիռը։

Նա մեղավոր ճանաչվեց մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ (ՔՕ-ի 546-րդ հոդվածի 1-ին մաս եւ 549-րդ հոդված):

Դատարանը նրան դատապարտեց յուրաքանչյուր հանցանքի համար 10-ական տարի ժամկետով ազատազրկման։

Դատավորի խոսքով, պատժի սկիզբը կհաշվարկվի Վահանյանին արգելանքի վերցնելու պահից՝ 2021թ․ մարտի 18-ից։

Ուստի, նշանակված պատժին հաշվակցելով անազատության մեջ անցկացրած 4 տարի 1 ամիս 26 օրը՝ Վահանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 11 տարի 10 ամիս 4 օր։

Բացի այդ, վահանյանը զրկվեց նաև մայոր կոչումից։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ հոկտեմբերի 10-ին, երբ Վահանյանի գումարտակը դիրքավորվել էր Հադրութ քաղաքի մոտ գտնվող Խուրաթ լեռան վրա, որը Լեռնային Ղարաբաղի 9-րդ պաշտպանական շրջանի հատված է, նա լքել է մարտադաշտը՝ պնդելով, որ վիրավոր է, և իր հետ տարել է կապի սարքավորումները։ Արդյունքում, որոշ զինվորներ զոհվել են, որոշները գերի են ընկել, իսկ որոշները՝ անհետ կորել։

Գործի նյութերի համաձայն՝ առնվազն 16 զինվոր է զոհվել, իսկ յոթը՝ գերի ընկել։

Իր եզրափակիչ խոսքում Վահանյանը նշել է, որ նախկինում հրամանատարությանը զեկուցել է, որ գումարտակը պետք է հզորանա, սակայն իրեն ասել են, որ կկնքվի հրադադար, և զինվորները կբարձրանան լեռը և կպահպանեն այն՝ առանց մարտական ​​գործողությունների մասնակցելու։ Նա նշել է, որ վիրավորները տարհանվել են մարտադաշտից, իսկ մնացածը ստիպված են եղել լքել իրենց տեղակայման վայրը։

Սակայն, առանց հրամանատարի մնալով՝ զինվորները որոշել են նահանջել Հադրութ, և ճանապարհին նրանք կամ մահացել են, կամ գերի են ընկել։

Գարո Արմենը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար արժանացել է WITSA-ի մրցանակին

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ամենամյա մրցանակն այս տարի շահել է ամերիկահայ գործարար Գարո Արմենը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Մրցանակը շահում են նրանք, ովքեր մեծ ծառայություններ են մատուցում մարդկությանը կամ դառնում համաշխարհային նշանակության աշխատությունների հեղինակ։ Այդ մրցանակի դափնեկիրների թվում է, օրինակ, Նելսոն Մանդելան։ Այս տարի մեր ընկերությունը ներկայացրեց Գարո Արմենի թեկնածությունը և խորհուրդը հաստատեց այն։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է տարբեր նոմինացիաներով, սակայն գլխավոր մրցանակին արժանացել է մեր ամերիկահայ հայրենակիցը։ Նրա գործունեությունն ինքնին ունի մեծ նշանակություն։ Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով և մասնավորապես ստեղծել է դեղամիջոց, որն օգնել է ավելի քան հազար հիվանդների, ովքեր արդեն իսկ ապաքինվել են։ Դեղամիջոցի շնորհիվ բուժվել են նույնիսկ չորրորդ փուլի քաղցկեղով հիվանդները, որոնց մարմնում տարածված են եղել մետաստազներ։ Վեց շաբաթվա ընթացքում, ինչ հիվանդներն ընդունել են «Բոթբալ» կոչվող դեղը, քաղցկեղն ամբողջությամբ վերացել է»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Եսայանի խոսքով՝ տեխնոլոգիաների ասպարեզում հայկական մեծ սփյուռք կա, որտեղ կան հաջողված մասնագետներ և հայկական ընկերություններ, որոնք ունեն մեծ կապեր և կշիռ։ Ամենահայտնիներից է, օրինակ, «Սերվիս Տիտան»-ը, որը հիմնադրել են Վահե Կուզոյանն ու Արամ Մահտեսյանը։ Այն մեծապես օգնում է հայաստանյան ստարտափներին՝ հասանելի ձայն ունենալու անհրաժեշտ տեղերում։ Եսայանն առանձնացրեց նաև Ռազմիկ Հովակիմյանին, ով ունի վենչուրային կապիտալ և կատարել է ներդրումներ՝ օգնելով բազմաթիվ հայաստանյան սկսնակ ընկերություններին։ Մեր զրուցակիցը շեշտեց, որ սփյուռքը մեզ շատ է օգնում, ինչի շնորհիվ Հայաստանը՝ ի տարբերություն բազմաթիվ երկրների, դարձել է հասանելի և լսելի։

Published by Armenpress

Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է, բայց ոչ Թրամփին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն ստացել է 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը։ Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ արժանի է Խաղաղության մրցանակին, քանի որ կարողացել է վերջ դնել մի քանի պատերազմների իր նոր Սպիտակ տանը պաշտոնավարման սկզբից ի վեր։

Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ Մաչադոն պարգևատրվել է «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները առաջ մղելու իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու իր պայքարի համար»։

«Նրանք երբեք ինձ Նոբելյան խաղաղության մրցանակ չեն տա։ Ես արժանի եմ դրան, բայց նրանք երբեք չեն տա», – հայտարարել է ԱՄՆ նախագահը 2025 թվականի փետրվարին։ Սեպտեմբերի 30-ին, ամերիկացի գեներալների հետ խոսելիս, Թրամփը կրկին բարձրացրել է այս հարցը. եթե մրցանակը ստանա ուրիշ մեկը, «դա մեծ վիրավորանք կլինի մեր երկրի համար», – ասել է նա։

Այն հարցին, թե ինչու Թրամփը չի ստացել մրցանակը, Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպությունը «իր որոշումները հիմնում է բացառապես Ալֆրեդ Նոբելի աշխատանքի», այլ ոչ թե հանրային քարոզարշավների վրա։

Թրամփի վերջին, և թերևս ամենակարևոր, նվաճումը չորեքշաբթի օրը Իսրայելի և պաղեստինյան Համասի միջև ստորագրված հրադադարի և իսրայելցի պատանդների վերադարձի համաձայնագիրն էր։

Փաշինյանը երեք անգամ մինչ աքլորականչ մատնեց, բայց Պուտինը ծիծաղեց

Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը բազմիցս կրկնեց, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը հաստատվել է 1991 թվականի ԱՊՀ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը փաստորեն միակ փաստաթոիղթն է, որը ինչ-որ կերպ նշմարում է Ադրբեջանի սահմանները։

Փաշինյանը այս հայտարարությունն արեց Պուտինի ներկայությամբ, ով Ալմա-Աթայի հռչակագրի հիմնական խախտողն է։ Ռուսաստանը 2014 թվականին անեքսիայի ենթարկեց ուկրաինական Ղրիմը և Դոնբասի մի մասը, իսկ 2024 թվականին իր Սահմանադրության մեջ ներառեց նվաճված տարածքները։ Ռուսաստանն առ այսօր խախտում է Ալմա-Աթայի հռչակագիրը, պատերազմ վարելով Ուկրաինայի դեմ։

Չնայած դրան, Ռուսաստանը ճանաչեց հայկական Արցախը որպես «Ադրբեջանի» մաս և Բաքվի հետ միասին օկուպացրեց Արցախը և արտաքսեց նրա բնիկ բնակիչներին։

“Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո, նախագահ Թրամփի նախաձեռնությամբ, նախագահ Ալիևի հետ ընդունեցինք հռչակագիր, որում նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են անցյալի հակամարտության հետ կապ չունեցող ավելի լուսավոր ապագայի ուղղությամբ կողմնորոշվելու անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ–ի կանոնադրության և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի”, ասել է Փաշինյանը:

Նա նշեց, որ նախաստորագրված “խաղաղության պահմանագիրը” ևս “հղում է կատարում 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին: Այս համատեքստում կողմերը հաստատեցին իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ: 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը ծառայում է նաև որպես երկու երկրների միջև միջպետական սահմանազատման հիմնական սկզբունք, ասել է Փաշինյանը։

ԱՊՀ անդամ պետությունների նախագահները նստած ծիծաղում էին ու զարմանում, թե ինչպես է Փաշինյանին հաջողվել մութ արկղներից գտնել այդ փաստաթուղթը, որ գոնե մի կերպ արդարացնի Արցախի հանձնումը։    

Բանկերը հրաժարվո՞ւմ են կառուցապատման համար արցախցիների սերտիֆիկատները սպասարկել

Step1.am-ի զրուցակիցն է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

-Տիկին Ղարագյոզյան, արցախցիներից տարբեր ահազանգեր ենք ստանում բնակապահովման ծրագրի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, վերջին շրջանում որոշ բանկեր հրաժարվում են բնակապահովման ծրագրի շրջանակներում կառուցապատման բաղադրիչը սպասարկել՝ ասելով, թե գումար չկա եւ կոչ անելով արցախցիներին հավաստագրեր ստանալ արդեն շուկայում առկա պատրաստի բնակարաններ ձեռք բերելու համար։ Արդյոք կա՞ նման սահմանափակում, ծրագրի կառուցապատման բաղադրիչը լիարժեք չի գործո՞ւմ։

-Ոչ, «գումար չկա»-ն ընդհանրապես իրականության հետ աղերս չունի, որովհետեւ նույն գումարն է, բանկի համար որեւէ տարբերություն չկա՝ ինչին կուղղվի այդ գումարը։ Եթե ասում են՝ կառուցապատման բաղադրիչի համար գումար չկա, դա նշանակում է, որ ինչ-որ մի բան ինչ-որ մեկը ճիշտ չի հասկացել։ Որեւէ ֆինանսական խնդիր հաստատ չկա ծրագրի իրականացման համար։ Կառուցապատման պորտֆել ոչ բոլոր բակերն ունեն, օրինակ, Յունիբանկը կառուցապատման վարկի պորտֆել չունի։ Այսինքն՝ եթե մարդիկ այդ բանկ դիմեն կառուցապատման վարկի համար, իրենց չեն տրամադրելու։ Դրա համար պետք է ուղղակի մոտենալ այն բանկեր, որոնք ունեն կառուցապատման պորտֆել։ Գործընկեր ֆինանսական կազմակերպություններից այս պահին կառուցապատման պորտֆել ունեն Էվոկաբանկը, Ամերիաբանկը եւ ուներ Ֆաստ բանկը, ուղղակի Ֆաստ բանկը մի փոքր դադար է վերցրել, քանի որ ամենաշատ հայտերն այդ բանկում են։ Դիմումները շատացել են, եւ որպեսզի կարողանան պատշաճ ժամկետներում եւ որակով ծառայություններ մատուցել, նոր դիմումներ դեռ չեն ընդունում։ Այս դիմումները կսպասարկեն, 1-1,5 ամիս հետո նորից կվերսկսեն։

Բայց դա նորմա՞լ է, որ բանկն ունի այդ պորտֆելը, բայց խնդիրներ է ստեղծում քաղաքացիների համար, փաստացի մարդիկ չեն կարողանում օգտվել ծրագրից։

-Նորմալ է այնքանով, որ մենք պետք է հասկանանք, թե ինչքան ենք ծանրաբեռնում մեկ բանկին։ Իր ռեսուրսներն անծայրածիր չեն, որ մենք մի քանի հազար մարդ միանգամից ուղարկենք մեկ բանկ։ Ուղղակի բանկը ֆիզիկապես չի տեղավորվում ծավալների մեջ։ Եվ որեւէ մեկը չի ասել, որ Ֆաստ բանկը պարտավոր է սպասարկել ծրագրի ամբողջ ծավալը։ Մեր այսօրվա սպասարկման ծավալի մեջ Ֆաստ բանկի մասնակցությունը 50 տոկոսից ավելի է։ Դա նորմալ չէ, նորմալ կլինի, եթե ծանրաբեռնվածությունը լինի հավասար բոլոր բանկերի միջեւ։ Հասկանում եմ, որ Ֆաստ բանկի մասնաճյուղերն են շատ, եւ մարզային կտրվածքով մարդկանց ավելի հարմար է մոտենալ մոտակա մասնաճյուղ, բայց մենք էլ պետք է ըմբռնումով մոտենանք բանկի ծանրաբեռնվածությանը։ Մեկ կամ մեկ ու կես ամիս դադարը չեմ կարծում, որ կլինի ճակատագրական, մանավանդ այն դեպքում, երբ ունենք 4 այլընտրանք՝ Էվոկաբանկը, Յունիբանկը, Հայէկոնոմբանկը եւ Ամերիաբանկը։

Քանի՞ հավաստագիր է մինչ օրս հատկացվել արցախցիներին, եւ դրանցից քանի՞սն են իրացվել։

-Հոկտեմբերի 9-ի դրությամբ հատկացվել է 3038 հավաստագիր, որից իրացվել են 1066-ը։

-Ունե՞ք վիճակագրություն, թե արցախցիները հիմնականում որ մարզերում են բնակարաններ ձեռք բերում։

-Վիճակագրությունը շատ տարբեր է, ունենք երկու մարզ, որտեղ շատ պասիվ են՝ Վայոց ձորն ու Տավուշը։ Առաջատարը Կոտայքի ու Արմավիրի մարզերն են։ Եթե միայն ձեռքբերումների բաղադրիչը նայենք, Արագածոտնում ունենք 24 ձեռքբերում, Արարատում՝ 102, Արմավիրում՝ 159, Գեղարքունիքում՝ 40, Երեւանում՝ 136, Լոռիում՝ 119, Կոտայքում՝ 213, Շիրակում՝ 44, Սյունիքում՝ 54, Վայոց ձերում՝ 18 եւ Տավուշում՝ 28։ Սրանք միայն ձեռքբերումներն են, մենք այնտեղ ունենք նաեւ հիպոթեքի բաղադրիչ, որի շրջանակներում այս պահին ունենք 129 իրացված հավաստագիր, աջակցությունը միանվագ ուղղել ենք իրենց գործող վարկերի մարմանը։ Շատերի մոտ վարկն ուղղակի զրոյացել է, այսինքն՝ աջակցությունն այնքան մեծ է եղել, որ վարկն ամբողջությամբ մարվել է։

-Իսկ կառուցապատման վարկերի նկատմամբ հետաքրքրությունը մե՞ծ է։

-Իմ նշած հավաստագրերից 93-ն է տրամադրվել կառուցապատման նպատակով, որոնցից 10-ը իրացվել են։ Իրականում շատ չէ, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդիկ հասկանում են՝ կառուցապատումը պահանջում է որոշակի ժամանակ, իսկ մարդիկ կան, որ նախընտրում են ավելի արագ տուն ունենալ։

-Մենք ստացել ենք նաեւ ահազանգ, որ երբ հավաստագրի իրացումից հետո գումար է մնում, մարդկանց հնարավորություն չեն տալիս այդ գումարով հողամաս գնել։ Կա՞ նման սահմանափակում։

-Հողը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության։ Դրական մնացորդի երեք ուղղություն ունենք՝ վերանորոգման վարկ, կահույք եւ կենցաղային տեխնիկա ու գյուղատնտեսական նշանակության հող։ Որեւէ բանկ ինձ դեռ չի ասել, որ այս բաղադրիչներից որեւէ մեկի հետ խնդիր ունի։ Վերանորոգման վարկն ու գյուղնշանակության հողը տրվում են վարկով, կահույքն ու կենցաղային տեխնիկան՝ հաշվի-ապրանքագրի հիման վրա։

-Եթե բնակապահովման ծրագրին դիմողների թիվը կտուկ մեծանա, համակարգն ի վիճակի՞ է սպասարկել մեծ ծավալով դիմումներ։ Հիմա դիմումների թիվն այդքան էլ մեծ չէ, բայց այդուհանդերձ կան բողոքներ։

-Այո, մենք բոլոր ռիսկերը գնահատել ենք, ֆինանսական որեւէ խնդիր չունենք, մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների պահով էլ մենք անընդհատ համալրում ենք իրականացնում։ Առաջիկայում նոր գործընկեր ֆինանսական կազմակերպություններ կունենանք։ Եվ, իմ գնահատմամբ, մենք պետք է որեւէ խնդիր չունենանք՝ անկախ դիմելիության քանակից։

-Գիտենք, որ փոքր կազմով ընտանիքների խնդիրն է շատ սուր, այդ ընտանիքները չեն կարող հավաստագրով հատկացված գումարով բնակարան գնել, ի՞նչ լուծում է տրվում այս հարցին, արդեն կա՞ հստակություն։

-Շատ նախագծային փուլում է, ենթադրվում է, որ այդ ընտանքիներին ուղղակի կտրվի ֆինանսական աջակցություն բնակվարձերի մարման համար։

Ռոզա Հովհաննիսյան

Կրկին Դուշանբե, և կրկին Փաշինյանն ու Ալիևը չեն հեռանում միմյանցից

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի պաշտոնական մասից առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակեց.

«Իլհամ Հեյդարովիչ, դու էլ ասում էիր, չի գա։ Երեկ անհանգստանում էիր։ Ես քեզ ասացի, որ Նիկոլ Վովաևիչը առանց մեզ ոչ մի տեղ չի գնա», – ասաց Լուկաշենկոն Ալիևին և Փաշինյանին, որոնք նստած էին կողք կողքի՝ դահլիճում գտնվող բազմոցին։

2018 թվականի հոկտեմբերի 1-ին Փաշինյանը Դուշանբեում հանդիպեց Ալիևի հետ՝ կրկին ԱՊՀ շրջանակներում։

Նրանց վերելակային զրույցը դարձավ մեմ. ասում են, որ Փաշինյանը Ալիևից և Պուտինից ժամանակ խնդրեց՝ “կարգավորելու” Ղարաբաղի հարցը։ Նա նաև խնդրեց Ալիևին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից մինչև 2018 թվականի դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների անցկացումը, երբ Փաշինյանը կստանձներ լիակատար իշխանություն։

2018 թվականին՝ Դուշանբեում հանդիպումից մեկ օր առաջ, նորընտիր Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել է պահպանել խաղաղությունը սահմաններին, ինչպես նաև հանձնառություն ստանձնել երկխոսության և բանակցությունների։

Անցել է յոթ տարի, Ղարաբաղի հարցը «կարգավորված է», Հայաստանի հարավի՝ Սյունիքի հարցը սեղանին է, Փաշինյանը կրկին ընտրությունների շեմին է, և կրկին Դուշանբե, Փաշինյանն ու Ալիևն էլ անբաժան են։

Հանձնարարված է արցախցիների գույքի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնել

Արցախցի իրավաբան Ժորա Հայրապետյանը հերթական խնդիրն է բարձրացնում, որին հանդիպում է արցախցիների զգալի մասը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի տեղահանությունից հետո արցախցիները բախվել են նոր խնդրի։ Այն անձինք, ովքեր սեփականության իրավուքնով անշարժ գույք են ունեցել Արցախում և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները և գրանցման հիմքային փաստաթղթերը կորցրել են տեղահանության ժամանակ կամ թողել են Արցախում, ՀՀ-ում չեն կարողանում վերականգնել այդ փաստաթղթերը։

Այն դեքպում, երբ ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն կադաստրային գործերի էլեկտրոնային շտեմարանները տեղափոխվել են Հյասատան:

Ի պատասխան՝ մեր հարցումների և ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից տրված պարզաբանումների, Լեռնային Ղարաբաղի անշարժ գույքի կադաստրի բազայի տվյալների փոխանցման գործընթացն իրականացվել է ՀՀ փախստականների և ապաստանի մասին օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորումնների շրջանակներում և ի թիվս այլ շտեմարանների փոխանցվել է նաև անշարժ գույքի կադաստրի բազայի որոշ հատված:

Նշվածի հիման վրա ՀՀ ՆԳՆ ՄՔԾ-ից խնդրել ենք տրամադրել տեղահանված քաղաքացու վերաբերյալ անշարժ գույքի կադաստրային գործում առկա փաստաթղթերը և ստացել ենք հետևյալ պարզաբանումը՝ շտեմարանների տվյալների հետ իրականացվելիք գործողությունների, դրանց մշակման և փոխանցման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը որոշելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ դեռևս չկան, ինչով պայմանավորված միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայումս չի կարող և իրավասու չէ տրամադրել որևէ տեղեկատվություն կամ փաստաթուղթ:

Վերը նշված հանգամանքները խոսում են, որ պետական մարկարդակով հանձնարարված է արցախցիների գույքի վերաբերյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը թաքցնել հենց այդ գույքի սեփականատերերից, քանի որ փաստաթղթերը ձեռք բերելուց հետո հավանականությունը մեծ է, որ տեղահանված քաղաքացիները պահանջելու են կորցված անշարժ գույքի փոխահատուցում, կամ միջազգային հայցեր են ներկայացնելու Ադրբեջանի դեմ:

Ներկայումս բազմաթիվ արցախցիներ ցանկանում են վերականգնել իրենց սեփականության իրավուքնով պատկանող անշարժ գուքի վկայականները և գրանցման հիմքային փաստաթղթերը, սակայն հնարավորություն չունեն, քանի որ ըստ իս՝ քաղաքակական պատճառներից ելնելով զրկված են այդ հնարավորությունից։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Վուչիչը մեղադրեց Էրդողանին՝ Բալկանները ապակայունացնելու մեջ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խիստ քննադատել է Թուրքիային Կոսովոյին զինամթերք վաճառելու համար։ Մասնավորապես, այս շաբաթ Կոսովո հասավ թուրքական հարվածային անօդաչուների խմբաքանակը։ Պրիշտինան հայտնում է հազարավոր անօդաչուների մասին՝ կոնկրետ քանակը չհստակեցնելով։

Վուչիչի պնդմամբ`այդ քայլերով Անկարան խախտում է միջազգային իրավունքն ու ապակայունացնում իրավիճակը Բալկանյան թերակղզում:

«Հիմա ամբողջությամբ պարզ է՝ Թուրքիան Արևմտյան Բալկաններում կայունություն չի ուզում ու Օսմանյան կայսրության վերածննդի մասին է մտածում։ Սերբիան փոքր երկիր է, սակայն մենք հասկացանք ուղերձը»,- գրել է Սերբիայի նախագահն X-ի իր էջում։

Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել. Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին

Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ է մտել. Համասի հետ համապատասխան համաձայնագիրը հաստատվել է Իսրայելի կառավարության կողմից: Առաջին փուլի շրջանակներում խումբը կհանձնի բոլոր կենդանի պատանդներին, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը կսկսի զորքերի դուրսբերումը։

«Այսօր՝ պատերազմի սկսվելուց երկու տարի և երկու օր անց՝ մենք արդեն կարող ենք ասել, որ դրա ավարտը մոտենում է», – ասել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը: Նա պնդել է, որ հենց Իսրայելի ռազմական ճնշումն է ստիպել պաղեստինյան խմբին ստորագրել համաձայնագիրը, որից հետո Համասը «կկորցնի իր իրական իշխանությունը Գազայում»։

Համասը իր հերթին հայտարարել է, որ միջնորդներից և Միացյալ Նահանգներից երաշխիքներ է ստացել Գազայի հատվածում մշտական ​​հրադադարի հաստատման վերաբերյալ։

Գազայի հատվածում Համասի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է պատերազմի ավարտի և մշտական ​​հրադադարի սկզբի մասին։

Թրամփի ծրագրի համաձայն՝ Համասը և այլ պաղեստինյան խմբավորումները որևէ դեր չեն ունենա Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարման մեջ՝ «ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակիորեն, ոչ էլ որևէ այլ ձևաչափով»։

Ծրագրի համաձայն՝ էքսկլավը կկառավարվի ժամանակավոր անցումային կառավարության կողմից՝ կոմիտեի, որը կազմված կլինի «ապաքաղաքական պաղեստինցի տեխնոկրատներից» և միջազգային փորձագետներից։ Դրա գործունեությունը կհսկվի նոր միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» կողմից, որը նախագահելու է անձամբ Թրամփը։ Այն կներառի նաև այլ համաշխարհային քաղաքական գործիչների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի։ Արևմտյան ափը վերահսկող Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱԿ) բարեփոխումներն ավարտելուց հետո այն կստանձնի ևս Գազայի վերահսկողությունը։ Դրանից հետո «վերջապես կարող են պայմաններ ստեղծվել պաղեստինցիների համար՝ իրական ինքնորոշման և պետականության հասնելու համար», – նշվում է ծրագրում։

Զենքերը վայր դնող զինյալներին կտրամադրվի ներում։ Էքսկլավից դուրս գալ ցանկացող խմբի անդամներին կտրամադրվի անվտանգ անցում դեպի ընդունող երկրներ։

Հետագա փուլերում Գազայում կտեղակայվեն նաև միջազգային «կայունացման ուժեր», որոնք կստեղծվեն Միացյալ Նահանգների կողմից արաբական և այլ միջազգային գործընկերների հետ համատեղ (Իտալիան արդեն հայտարարել է տարածաշրջան իր խաղաղապահներին ուղարկելու պատրաստակամության մասին): Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը դուրս կգան էքսկլավի մի մասից, իսկ վերջնական փուլում իսրայելական բանակը ներկա կլինի միայն սահմանային բուֆերային գոտում։

Արդյո՞ք խաղաղությունը երկարատև կլինի: Հետագա կոնսենսուսի բացակայության դեպքում, հավանական է ռազմական գործողությունների շարունակությունը: Ավելին, պարզ չէ, թե ինչպես կզարգանան Իրանի հետ հարաբերությունները պաղեստինյան հակամարտության ավարտից հետո, և արդյոք Իսրայելի և Իրանի միջև առճակատումը կշարունակվի։

«Ամբողջ աշխարհը միավորվել է դրա համար, նույնիսկ Իրանը: Եվ ես իսկապես շնորհակալ եմ նրանց դրա համար: Իրանն ասել է, որ դա լավ բան է, շատ լավ բան», – ասել է Թրամփը հինգշաբթի օրը Սպիտակ տանը Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

Նման հայտարարությունը կարող է նշանակել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են վերսկսվել։

Պուտինը «լոդկայում» դաժան վրեժ լուծեց Ալիևից

«Բաքու-Մոսկվա տրանզիտ» բազմաակտ տրագիկոմեդիայի ավարտին երեկ Դուշանբեում տեղի ունեցավ Պուտինի և Ալիևի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Պուտինը խոստովանեց Ռուսաստանի ՀՕՊ ուժերի ներգրավվածությունը ադրբեջանական ինքնաթիռի խոցման գործում՝ նշելով, որ ՌԴ-ն չի թիրախավորել ինքնաթիռը, պարզապես հրթիռները պայթել են մոտակայքում։ Նա հիշեցրեց, որ արդեն ներողություն է խնդրել Ալիևից, ով միանգամից մեծահոգաբար ներեց իրեն և հայտարարեց, որ Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերությունը երբեք կասկածի տակ չի դրվել և կշարունակվի ավելի մեծ եռանդով։

Ալիևը նախկինում հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը նույն “լոդկայում” են՝ այդպիսով ընդունելով, որ բոլոր հանցագործությունները՝ ցեղասպանությունը, ագրեսիան, օկուպացիան, բնիկ բնակչության տեղահանությունը և նավթի ու գազի վաճառքը ստվերային սխեմաներով, կատարել են Պուտինի հետ ձեռք ձեռքի տված։ 2020-ին Ռուսաստանը իր կեղտոտ աշխատանքը կատարեց Արցախում, իսկ 2024-ի գարնանը Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնում նշելոց Արցախից ռուսների դուրս գալը՝ ռուս գեներալը հայտնեց, որ Ղարաբաղում վերջապես խաղաղություն է հաստատվել։ Իդեպ․ կողմերից ոչ մեկը, այդ թվում՝ Հայաստանը, հետ չի կանչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Հայաստանի գլխավոր ռուս «ընկերը»՝ Կոնստանտին Զատուլինը, խոստովանեց, որ մինչ Ալիևը Վաշինգտոնում էր՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ բանակցություններ վարելով, «նրա համար ձեռնտու էր հեռանալ Ռուսաստանից, որպեսզի այն չխառնվեր Փաշինյանի և Թրամփի հետ իր բանակցություններին, քանի որ նա ցանկանում էր արդյունքի հասնել»։

Այլ կերպ ասած՝ Եվրոպայի և Թրամփի համաձայնությունը Հայաստանի հարավային մասի բռնակցմանը ապահովելու համար Պուտինը և Ալիևը բեմադրեցին ինքնաթիռի հետ կապված տրագիկոմեդիա, որը ոգևորությամբ ընդունվեց։ Ուկրաինացիներն ու արևմտյան հակապուտինյան կողմնակիցները ծափահարեցին Ալիևին, մինչդեռ հայ քաղաքական վերլուծաբանները ծափահարում էին Պուտինին, ով «շուտով վրեժ կլուծի Ալիևից, կվերադարձնի Ղարաբաղը և կկանխի Հայաստանում ռուս սահմանապահների փոխարինումը ամերիկյաններով»։

Ռուսամետ հայ քաղաքական վերլուծաբանները ամեն տեսակի սցենարներ էին հորինել, այդ թվում՝ թե ինչպես է Մոսկվան կանխելու «Թրամփի ճանապարհը» և ինչպես է հարձակվելու Ադրբեջանի վրա հյուսիսից, իսկ այնտեղից էլ գրավելու ու ՌԴ-ին միացնելու Ղարաբաղը։

Սա այն դեպքում, երբ Վաշինգտոնում «Թրամփի ճանապարհի», այսինքն՝ ռուս-թուրքական «ստվերային» միջանցք ստեղծելու համար Հայաստանի հարավի անեքսիայի մասին պայմանագիր ստորագրելուց անմիջապես հետո, Մոսկվան աջակցեց փաստաթղթին։ Ավելին, Մոսկվան ակնարկեց, որ այս ճանապարհը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումն է, որը նախատեսում էր Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահների կողմից պահպանվող միջանցքի ստեղծում։

ԱԴԾ մասնակցության հարցը, ըստ երևույթին, լրացուցիչ քննարկման կարիք ուներ, և միայն վերջերս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ռուս սահմանապահները կշարունակեն տեղակայվել հայ-իրանական սահմանին։

Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը չի կանխորոշում հայ-իրանական սահմանի պարեկության հարցը, PassBlue-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Անհասկանալի է, թե «Թրամփի ճանապարհի» որ կողմում կկանգնեն ռուս սահմանապահները՝ իրանակա՞ն, թե՞ հայկական կողմում, կամ գուցե երկուսում էլ։ Սակայն Մոսկվան և Բաքուն այդ հայտարարությունից հետո հասկացել են, որ ժամանակն է ավարտել ներկայացումը. Հայաստանի հարավի անեքսիան “սղացվել” է անհավանական ձևով՝ թյուրքական միջանցք-«Թրամփի ճանապարհ»՝ Իրանի սահմանին, որը պահպանվում է ռուս սահմանապահների կողմից։

Հայ քաղաքագետները կարող են տոնել հաղթանակը. Պուտինը «վրեժ լուծեց» Ալիևի հանդեպ հենց “նավակի” մեջ և կրկին «փրկեց» Հայաստանը, մինչդեռ հայ հասարակությունը թունավոր նարկոզի ևս մեկ չափաբաժին է ընդունել՝ նոր անդամահատմանը դիմանալու համար։

Հոկտեմբերի 8-9-ին գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն

Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվեց անոմալ բարձր ջերմային ֆոն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ Այս օրերը հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ անոմալ տաք եղանակը հոկտեմբերի 10-ից կնահանջի:

«Վաղվանից սկսած՝ մեր երկրում օդի շրջանառությունը կփոխվի: Հարավային տաք հոսանքները կփոխարինվեն Սև ծովից եկող համեմատաբար ցուրտ հոսանքներով, որոնց ներխուժման արդյունքում հոկտեմբերի 10-12-ն ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատությամբ ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 7-ից 10 աստիճանով:

Առաջիկա 5 օրերին լուրջ անձևներ չկան»,- ասել է Սուրենյանը:

ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզներն ինձ համար անընդունելի են․ Թաթոյան

Հայաստանի սահմանների հետ կապված ամբողջ գործընթացը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտմամբ, այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով այսպես կոչված սահմանազատման գործընթացին։

Նրա խոսքով՝ այսօր ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն ներխուժել են ՀՀ տարածք, այլ զավթել են սեփականության իրավունքով մեր քաղաքացիներին պատկանող հողերն ու տները։ Այնինչ, կադաստրային փաստաթղթերով այդ հողերն ու տները պատկանում են ՀՀ քաղաքացիներին։

Նա ասաց, որ իրականում մենք ունենք հարուստ փաստաթղթային բազա, որը պետք է ծառայեցվի հայկական կողմի շահերին, բայց ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի ՌԴ գլխավոր շտաբում առկա քարտեզների հիման վրա։

«Գոյություն ունի 1984-1987 թթ․ սահմանազատման գործընթաց, որով իրականացվել է Հայաստանի 975 կմ տարածքի սահմանազատում։ Դա հիմնված է եղել Խորհրդային միության գերագույն խորհրդի որոշման վրա։ Այդ սահմանազատման արդյունքում կազմվել են քարտեզներ, որոնք երեքական օրինակով տրվել են Հայաստանին, Ադրբեջանին ու Մոսկվային։ Այսինքն՝ սա նշանակում է, որ մենք այս հարցերով հստակ ունենք Հայաստանի օգտին փաստաթղթեր։ Գլխավոր շտաբի քարտեզներն ինձ համար անընդունելի են, որովհետեւ դրանք ռազմական քարտեզներ են, ռազմական նշանակություն ունեն, իսկ 1984-1987 թվականների սահմանազատման պրոցեսում խոսքը վերաբերում է քարտեզի տեղանքները որոշելուն»,- ասաց նա։

Անդրադառնալով միջազգային  ատյաններից հայցերը հետ վերցնելու հնարավորությանը՝ Թաթոյանն ասաց, որ հայցերի հետ քաշելը ձեռնտու է միայն Ադրբեջանին, քանի որ, եթե ի օգուտ Հայաստանի վճիռներ կայացվեն միջազգային ատյաններում, Ադրբեջանը մեծագույն խնդիրներ է ունենալու Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերն առաջ տանելու հարցում։

«Սրանք մեզ համար կենսական նշանակության հայցեր են մեր շահերը պաշտպանելու տեսանկյունից։ Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը խոսում հայցերը հետ քաշելու մասին՝ հստակ իմանալով, որ դա մարդկանց իրավունքների պաշտպանության համար է»,- ասաց նա։