Վաչե Հովակիմյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն

Վաչե Հովակիմյանը դարձավ Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան սոցիալական ցանցերում։

Նա վաստակել է 7.5 միավոր 9 հնարավորից։

Մեկ այլ հայ շախմատիստ՝ Մանվել Առաքելյանը, նվաճել է բրոնզե մեդալ U14 կատեգորիայում՝ վաստակելով 7 միավոր 9 հնարավորից։

Եվրոպայի արագ շախմատի պատանեկան առաջնությունը անցկացվում է օգոստոսի 4-ից 8-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում։

Որտեղ տեղի կունենա Թրամփ-Պուտին հանդիպումը. Մակրոնը չի մասնակցել զրույցին

Չորեքշաբթի երեկոյան, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի Մոսկվայից հեռանալուց հետո, արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել են, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, որին կհաջորդի եռակողմ հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Վիտկոֆը Մոսկվա է ժամանել Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ վերջնագրի ժամկետի լրանալուց երկու օր առաջ։

«Նշանակալի առաջընթաց է գրանցվել։ Ես տեղեկացրել եմ նաև մեր մի քանի եվրոպացի դաշնակիցների։ Բոլորը համաձայն են, որ այս պատերազմը պետք է ավարտվի, և մենք կաշխատենք դրա ուղղությամբ առաջիկա օրերին և շաբաթներին», – բանակցություններից հետո գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

«Ռուսները ցանկություն են հայտնել հանդիպել նախագահ Թրամփի հետ, և նախագահը բաց է հանդիպումների համար ինչպես նախագահ Պուտինի, այնպես էլ նախագահ Զելենսկու հետ։ Նախագահ Թրամփը ցանկանում է, որ այս դաժան պատերազմն ավարտվի», – CNN-ը մեջբերում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտի խոսքերը։

Պուտինի և Զելենսկու հետ Թրամփի հանդիպման ծրագրերը բացահայտվել են Թրամփի և եվրոպացի առաջնորդների միջև հեռախոսազրույցի ժամանակ։ Հեռախոսազրույցին մասնակցել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սթիվ Վիտկոֆը և Վլադիմիր Զելենսկին։ Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ցուցակում չէր։

Չորեքշաբթի երեկոյան իր ելույթում Ուկրաինայի առաջնորդն ասել է, որ Ռուսաստանը «այժմ, կարծես, ավելի հակված է հրադադարին»։

Սպիտակ տունը CNN-ին հայտնել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ կամ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Հեռուստաընկերությունը եզրակացնում է, որ վայրը դեռևս որոշված չէ, սակայն քննարկվում են մի քանի տարբերակներ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երկիրն առաջարկել էր որպես ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև բանակցությունների վայր։

Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում ցանկացած հրադադարի համաձայնագրի հիմնական տարրերը կլինեն տարածքների թեման ներառող հարցերը: Այս հայտարարությունն արվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից: Նրա խոսքով՝ այս հանդիպումից հետո Վաշինգտոնը սկսել է «ավելի լավ հասկանալ» այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի Ուկրաինայում հրադադարի:

«Մենք ունենք որոշակի կոնկրետ օրինակներ, գուցե այս վարչակազմի պաշտոնավարումից ի վեր առաջին անգամ, թե ինչպիսի բաներ կխնդրի Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու համար», – ասել է Ռուբիոն Fox Business հեռուստաալիքի «Քուդլոու» հաղորդման ժամանակ:

Բնակապահովման ծրագիրը արցախցիների մեջ ստեղծում է նոր խոցելի խմբեր․ մհենգ ի՞նչ անինք

Ս. Հակոբյանը իր կյանքի մեծ մասը ապրել է Ստեփանակերտում: Ամուսինը զոհվել է 1992 թվականին և ինչպես շատ արցախցի կանայք, նա ստիպված էր կյանքի ողջ դառնությունը, հոգսերը իր ուսերին վերցնել՝ 2 երեխաների համար ապահովելով արժանապատիվ ապագա: Ժամանակներ կար, որ սնունդ չկար, ժամանակներ կար, որ լույս չկար, փոխարենը երկու փոքր երեխա, որոնց միակ հույսը երիտասարդ մայրն էր, որը ստիպված էր մի քանի տարում նույնքան տասնամյակով մեծանալ: Հիմա չի պատկերացնում, թե ոնց է կարողացել հաղթահարել այդ ծանրությունը, ասում է, որ երևի երեխաններն են ուժ տվել:

«90-ակաները դաժանն իլալ, բայց հաղթանակը ասիս թա սաղ էտ դաժանությունը հեչ ըրած ինար: Մենակում մծըցրալ խոխոնցս, ասալմ՝ կարևորը էլ պատերազմ չի տսնանք»:

Պատերազմից հետո որոշել էր շարունակել ամուսնու գործը՝ ծառայելով Արցախի պաշտպանության բանակում, որտեղից էլ թոշակի է անցել: Ասում է՝ երբ արդեն երեխաները մեծացել էին, թոռներին էր վայելում և կարծում էր, որ գոնե հիմա ամեն ինչ լավ է լինելու: Բայց նորից պատերազմ եղավ, թշնմին չթողեց, որպեսզի Արցախում խաղաղ կյանք լինի:

«Հվատալչմ, վեր նորից կռև ա ինան, ոչ պակաս դաժան, քան Ղարաբաղյան առաջին պատերազմը: Բայց վեր 2020-ի կռևը դադարեցվեց, վերադարձանք Ստեփանակերտ՝ նորից շարունակալնք ապրել։ 2023թ. էլ հվատալչմ, վեր Ստեփանակերտա բռնի կտեղահանվինք»:

2023 թ. բռնի տեղահանումից հետո Ս. Հակոբյանը որդու հետ հաստատվել են Գորիսում: Գրեթե մեկ տարի այնտեղ են մնացել, հետո աշխատանքի պատճառով տեղափոխվել Չարենցավան: Այս պատճառով դստեր ընտանիքը նույնպես տեղափոխվել է Չարենցավան։ Սակայն աղջկա ընտանիքը այդպես էլ չկարողացավ Չարենցավանում ամրապնդվել՝ աշխատավարծը ավելի ցածր էր, իսկ տան վարձավճարը ավելի բարձր:

Հակոբյանների ընտանիքը Ստեփանակերտում և հայրենի գյուղում հայրական տուն է կորցրել, և հիմա նրանք չգիտեն, թե ովքեր են պատասխանատու դրա համար, ինչու կառավարությունը կամ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները չեն դիմում միջազգային ատյաններ, և եթե դիմում են, ինչի՞ ոչ մի առաջխաղացում չկա: Սրանք այն հարցերն են, որոնք հետաքրքում են գրեթե բոլոր արցախցիներին:

«Խոսումնք վերադարձի մասին, վեր վերադառնանք՝ մեր տները ի՞նչ վիճակումա ինան, հենա արդեն շեներք կա, վեր հողինն հավասարեցրալ, հուվա ի վերջո տրան պատասխանը տլան»:

Այժմ ցանկանում են օգտվել ՀՀ կառավարության կողմից առաջարկվող ծրագրից, բայց դեռ չգիտեն՝ ոնց, ընտանիքում 2 հոգի են: Ցանկանում են տուն գնել Չարենցավանում, սակայն 8 մլն-ը շատ քիչ է նույնիսկ մեկ սենյականոց բնակարան գնելու համար:

«Սկի Երևան տոնչնք օզում, լհա Չարենցավաննք օզում, բայց դե ճարումչնք, 8 մլն-ով տոն չկա, եթե մին քանի տարե առաջ ինար, կճրեյինք, երևի մհենգ անհնարա»:

Ասում է, որ ի տարբերություն շատերին, Երևանը ընհանրապես չեն դիտարկում, բայց նույնիսկ Երևանից դուրս դժվար է ապրել-վաստակելը, հազիվ հասցնում են բնակվարձը վճարել և առօրյա հոգսերը հոգալ:

«Եթե գոնե աջակցությունը առաջվա նման տային, մեր աշխադածան պատար կխնայեյինք, տինիյինք էտ 8 մլն իրա, մին տոն ունեինք, մհենգ ի՞նչ անինք»:

“Մհենգ ի՞նչ անենք” հարցը հուզում է շատ շատ Արցախից տեղահանված փոքր ընտանիքներին, որոնց դեպքում բնակարանների ձեռք բերումը անհնար է, իսկ բնակարանների գները սկսել են կտրուկ աճել, ինչը բերում է դրան, որ այս ծրագրով բնակարանների ձեռք բերումը ստեղծում է նոր խոցելի խմբեր:

Ալվարդ Գրիգորյան

Արցախցիները բոյկոտում են «ռուսական մակարոնեղենը»

Երկու տարի էլ չի անցել, իսկ Ռուսաստանը հանկարծ որոշել է օգնություն ցուցաբերել արցախցիներին, ովքեր ստիպված էին լքել իրենց հազարամյա հայրենիքը՝ ռուսական զորքերի ավտոմատների և ցեղասպանության սպառնալիքի տակ։

Երկու տարի շարունակ ռուսները չէին հիշում արցախցիներին, իսկ վերջերս հայտարարեցին «մեծ» մարդասիրական օգնության մասին։

Արցախյան համայնքը կտրականապես չընդունեց ռուսների մարդասիրական օգնությունը. ինչո՞ւ չօգնեցիք, երբ 9 ամիս շրջափակման մեջ էինք, ո՞վ ձեզ հրավիրեց 2020 թվականին Արցախ, որտե՞ղ է այն ռուս գեներալը, որը Ակնայում թուրք գեներալին զեկուցում էր «Ղարաբաղում հաջողված գործողության» մասին։ Կան կոչեր արցախցիներին՝ չընդունել օգնությունը, մյուս կողմից՝ ասվում է, որ եթե ընտանիքը խիստ կարիքի մեջ է, ապա բոլորը կհասկանան, եթե նրանք դիմեն ռուսներին օգնության համար։

Այնուամենայնիվ, արցախցիները խորապես բոյկոտում են ռուսների օգնությունը։ Միկա Բադակյանտ, որը նրանցից մեկն է, ով փորձում է “վերականգնել” արցախցիների անդառնալիորեն կորցրած վստահությունը ռուսների նկատմամբ՝ բառացիորեն խնդրում է արցախցիներին դիմել ռուսներին օգնության համար։ Նա հրապարակեց վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ ընդամենը 103 ընտանիք է դիմել, և սա ռուսական «օգնության» լավագույն քաղաքական գնահատականն է։

Ինչո՞ւ ռուսներին հանկարծ անհրաժեշտ դարձավ արցախցիների «վստահությունը»՝ Հայաստանում կարևոր գործընթացների նախօրեին։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմը կառուցվածքային փոփոխություններ է պատրաստում՝ կապված առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նոր լիազորությունների հետ, օգոստոսի 5-ին գրել է «Վեդոմոստին»։

Վերակազմակերպումը նախատեսված է 2025 թվականի օգոստոս-սեպտեմբերին։ Գերատեսչությունը կկենտրոնանա «մարդասիրական համագործակցության» և «մեղմ ուժի» խթանման վրա։

Կրեմլի ներքին քաղաքականության բլոկի առաջ նոր խնդիրներ են դրվել 2024 թվականի վերջից մինչև 2025 թվականի սկիզբը, երբ Կիրիենկոն սկսեց վերահսկել Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի, ինչպես նաև Հայաստանի և Մերձդնեստրի հետ հարաբերությունները։

 

«Գրանցված է ավելի քան 10 հազար արցախցի երեխա, որոնք ունեն գրենական պիտույքների, հագուստի կարիք»

Ստեփանակերտի թ․ 10 դպրոց, արխիվ

Նոր ուսումնական տարվա նախաշեմին արցախցի շատ ընտանիքներ հայտնվել են դժվարությունների առաջ եւ սոցիալական խնդիրների պատճառով չեն կարողանում լուծել երեխաների հագուստի ու գրենական պիտույքների հարցը։ Մի խումբ արցախցիներ բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել՝ հայտարարելով համահայկական դրամահավաք։

«Եթե նախորդ տարի արցախցիները գոնե աջակցություն էին ստանում, այս տարի ավելի բարդ է, մեզ մոտ ունենք գրանցված ավելի քան 10 հազար երեխա, որոնք ունեն գրենական պիտույքների, պայուսակի ու հագուստի կարիք։ Մենք մեծ ցավով տարածել ենք հայտարարություն, որտեղ նշվում է, որ ծնողները խնդրում են իրենց երեխաներին նվիրել թեկուզ հագած, բայց լավ պահված հագուստ։ Իրենց համար շատ դժվար է օգնություն խնդրել, բայց ծնողը զանգում է, կամ ամուսինն է զոհված, կամ կան երեխաներ, որոնց մայրն է մահացել, երեխաները միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են, ընտանիքները չեն հասցնում։ Դրա համար մենք ընկերներով հայտարարել ենք համահայկական դրամահավաք,ովքեր կկարողանան օգնել, թող օգնեն ինչով կարող են՝ հագած հագուստից սկսած օգնություն ենք հավաքում։ Մեզ համար նախնական չափանիշ ենք սահմանել, որ աջակցենք 1000 երեխայի, նախորդ տարի 2000 երեխայի ենք օգնել։ Հուսով եմ, որ կկարողանանք հասնել այդ արդյունքին»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Սայիդա Պողոսյանը։

Նա նշեց, որ արցախցիների սոցիալական խնդիրները շատ են, հիմնականում բազմազավակ եւ վատառողջ անդամ ունեցող ընտանիքներն են հայտնվել խոցելի վիճակում։ Ըստ Սայիդա Պողոսյանի՝ արցախցի այնպիսի ընտանիք չկա, որը մեկ վատառողջ անդամ չունենա։ Հաշմանդամությունը մի կողմից, մյուս կողմից քաղցկեղով հիվանդների թիվն է մեծ, այլ հիվանդությունները եւս տարածված են։

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը հենց այս ընտանիքների համար։ Մեր կառավարության անդամները, ովքեր այդպես մեծ-մեծ խոսում են, եթե մեկ օր անցկացնեն իմ հեռախոսազանգերին պատասխանելով, ինձ թվում է՝ չեն դիմանա։  Այնքան խնդիրներով են զանգահարում, որ ես չեմ պատկերացնում այդ խնդիրների լուծումը ոնց է լինելու։ Իհարկե, առաջին լուծումը աշխատատեղերի ստեղծումն է, արժանապատիվ աշխատանք պետք է լինի արցախցիների համար, մեր խնդիրներին սրտացավորեն պետք է լուծում տան։ Մենք չենք հրաժարվում աշխատանքից, արցախցիներն ամեն աշխատանք էլ կատարում են։ Մենք չենք ուզում, որ արցախցիները լքեն Հայաստանը, որովհետեւ քանի արցախցիները Հայաստանում են, Արցախի հարցը կլինի օրակարգում, եւ մեր պահանջն արդար է»,- հավելեց նա։

Սայիդա Պողոսյանը կոչ է անում հայաստանայան հագուստ եւ այլ ապրանքներ արտադրողներին՝ աջակցել խոցելի վիճակում հայտնված արցախցի ընտանիքներին․ «Ովքեր կարող են, թող գոնե մեկ երեխայի աջակցեն, որպեսզի սեպտեմբերի մեկին երեխաների հագուստի ու պայուսակի հարցը լուծվի, չեմ ասում բոլորը, բայց գոնե առաջին դասարանցիներն ունենան նոր հագուստ, կոշիկ ու պայուսակ»։

Ռոզա Հովհաննիսյան

Բա ասում եք՝ Ալիևն է “հաղթել”․ թուրք գեներալին են «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ» անվանում

ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի զինվորական բարձրագույն խորհուրդը (YAŞ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ գումարված նիստում մի շարք զինվորականների նոր կոչումներ է շնորհել:

Թուրքական մամուլում առավել տարածվել և խանդավառությամբ է ընդունվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումի բարձրացումը:

Թուրքիայի ցամաքային ուժերի և Ադրբեջանում տեղակայված թուրքական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսային տրվել է բանակի գեներալի կոչում։ Դա բարձրագույն զինվորական կոչում է Թուրքիայի ցամաքային զորքերում։

Ուշագրավ է, որ թուրքական մամուլում շրջանառվող լուրերում վերջինս բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ», ով «էպոս է կերտել Ղարաբաղում»:

Թուրքիայում, Ռուսաստանում, Պակիստանում, Իսրայելում բարձրաստիճան զինվորականների են պարգեւատրում՝ Արցախում Հայաստանին “հաղթելու” համար, իսկ ՀՀ իշխանությունները “նախատում են” արցախիներին, որ “չեն կռվել”։  Զինվորականները կարող են “հաղթել” գետնի վրա, բայց նրանք չեն կարող հաղթել իրավունքը՝ այն չի կարող մույնիսկ “նվիրվել”, քանի որ անօտարելի է։  

Եղիշե Մելիքյանը փոխարինեց հոլանդացի Վան’տ Սխիպին. Հայաստանի հավաքականը նոր մարզիչ ունի

Երևանի «Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Եղիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականի նոյեմբերը։

Ֆեդերացիայի ղեկավար Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ ՀՖՖ-ն որոշել է «փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման վեկտորը»։

«Մենք շնորհակալ ենք Ջոն վան Սխիպին իր աշխատանքի համար։ Այժմ մենք ազգային հավաքականի ղեկավարությունը վստահում ենք հայ մասնագետի, ով ներսից գիտի հայկական ֆուտբոլը՝ Հայաստանի ազգային հավաքականի խաղացողից դառնալով մարզիչ, ով երկու անգամ հաղթել է Հայաստանի ակումբային ֆուտբոլի առաջնությունում», – նշել է Մելիքբեկյանը։

Ֆեդերացիան նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Ջոն վան Սխիպին։

Եղիշե Մելիքյանը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1995 թվականին մայրաքաղաքային “Երևանում”, այնուհետև խաղացել է «Ուրարտու»-ում։ Այնուհետև Մելիքյանը տեղափոխվել է Դոնեցկ, որտեղ խաղացել է «Մետալուրգ»-ում, «Ստալ»-ում, «Լուգանսկի Զորյա»-ում և «Գովերլայում”՝ ներկայացնելով «Ուժգորոդ»-ը։ 2015 թվականից նա մարզչական կարիերան սկսել է Ուկրաինայում, 2020 թվականին Հայաստանում գլխավորել է Երևանի «Ալաշկերտը», իսկ 2021 թվականին դարձել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ 2022 թվականին Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» յոթ տարվա ընդմիջումից հետո դարձել է Հայաստանի չեմպիոն։ Կոնֆերենցիայի լիգայում նրա գլխավորությամբ թիմը հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլը և անցել խմբային մրցաշար, որտեղ զբաղեցրել է երրորդ տեղը։ 2023/24 մրցաշրջանում «Փյունիկը» կրկին նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

24 news-ը Մեղրիի ճանապարհի “արտահանձնման “մասին. իսկ ո՞ւր է գլխավոր հարցը

24News-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել Երևանի ժամանակով ուրբաթ ուշ երեկոյան Վաշինգտոնում սպասվող հանդիպման ժամանակ ամերիկյան կողմի առաջարկություններից։ Ելնելով այդ տեղեկություններից՝  մեր խմբագրությունը հրապարակային հարցեր է ուղղում ՀՀ իշխանություններին։

1․ Արդյո՞ք ամերիկյան կողմը Հայաստանին առաջարկում է, որ Մեղրիով ձգվող 42 կմ-ոց ճանապարհին կանգնեն ամերիկյան մասնավոր պահնորդական ծառայության ծառայողներ՝ թվով 1000 մարդ։ Արդյո՞ք ընկերության ընտրության համար հայտարարվելու է տենդեր։ Արդյո՞ք այդ պահնորդներն իրավունք են ունենալու զինված լինել հրաձգային զենքերով ու թեթև զրահապատ մեքենաներով։

2․ Արդյո՞ք ադրբեջանական կողմն իր բեռներն ուղարկելուց հայկական մաքսային ծառայության աշխատակիցների չի հանդիպելու։

3․ Արդյո՞ք ճանապարհը ստանալու է «Թրամփի կամուրջ» անվանումը, իսկ պայմանագիրը ստորագրվելու է 99 տարով։

4․ Արդյո՞ք պայմանագիրը կարող է խզվել դրա մասնակից երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համատեղ համաձայնության պարագայում։ Արդյո՞ք պայմանագրի կատարման հետևող է նշանակվելու է ԱՄՆ փոխնախագահը։ Արդյո՞ք վեճերի առկայության պարագայում հարցը գնալու է ԱՄՆ Դելավեր նահանգի արբիտրաժային դատարան։

5․ Արդյո՞ք արտապատվիրակված այս կոմունիկացիայից ստացած շահույթի 40%-ը գնալու է ԱՄՆ-ին, 30%-ը՝ Ադրբեջանին և ևս 30%ը՝ Հայաստանին։ Արդյո՞ք հայտարարվելու է, թե շահույթի 10%-ը (դեռ հասկանալի չէ, հայկական կողմի մասնաբաժնից, թե՝ ընդհանուր) ներդրվելու է Մեղրի համայնքում, որի մոտով էլ, ըստ էության, անցնելու է կոմունիկացիան։

6․ Արդյո՞ք ամերիկյան կողմը հայտարարելու, թե Հայաստանում ներդրումներ է անելու ՏՏ և արհեստական բանականության ոլորտներում։

7․ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն առաջարկելու են Դոնալդ Թրամփին շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ։

Հարցերի մեջ 24 news-ը չի նշում՝ արդյոք հայ-իրանական սահմանը փակ կմնա 99 տարով, արդյոք տարածաշրջանի մյուս ճանապարհները կբացվեն, և ի՞նչ է լինելու հայկական Սյունիքի հետ։

«Ստեփանակերտի քաղաքապետարանի գործով» երեկ հանվեց խափանման միջոցը

«Ստեփանակերտի գործով» երեկ կայացավ հերթական դատական նիստ։
Ինչպես գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, մեղադրյալի աթոռին են Արցախի մայրաքաղաքի քաղաքապետն ու ավագանու հինգ անդամները։ Դատարանն ավարտեց մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտումը, որից հետո դատապաշտպանները միջնորդեցին վերացնել մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել։
Հիշեցնեմ, որ այս ամոթալի գործով Ստեփանակերտի քաղաքապետը հետապնդման է ենթարկվում 2024թ. հունիսից – նախ, բանտային կալանք, հետո՝ տնային կալանք, հետո՝ մոտ 5 ամիս «կիսատնային կալանք», գրել է Մելիքյանը։

Օկուպացված Քարվաճառում ականի վրա պայթել է զինվորական մեքենա

Օկուպացված Քարվաճառում ականի վրա պայթել է ադրբեջանական բանակին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա։ Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 4 զինծառայող, հայտնում են Բաքվի լրատվամիջոցները: Զինվորների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Թրամփի ժառանգորդը. ընտրություններից առաջ, թե՞ հետո

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը «ամենայն հավանականությամբ» կդառնա առաջիկա ընտրություններում հաջորդ հանրապետական թեկնածուն, լրագրողների հետ զրույցում խոստովանել է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ակնհայտ է, որ դեռ վաղ է ասել, բայց նա հիանալի աշխատանք է կատարում և, հավանաբար, այս պահին ֆավորիտն է», – ասել է նա։

Այսպես է Թրամփը պատասխանել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, որը Վենսին անվանել էր «հիանալի» թեկնածու 2028 թվականի ընտրություններում։ Թրամփը խոստովանել է, որ Ռուբիոն «գուցե ինչ-որ կերպ համագործակցի Ջ.Դ.-ի հետ»։

Ինչո՞ւ Թրամփը սկսեց խոսել ժառանգորդի մասին։ Վերլուծաբանները սա ընդունեցին որպես ակնարկ, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, չի առաջադրվի նախագահի պաշտոնում 2028 թվականին։ Սակայն, “Էփշտեյնյան” իրավիճակի ֆոնին, Թրամփի հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես Վենսի նախագահության հայտարարություն՝ մինչև Թրամփի ներկայիս ժամկետի ավարտը։

Աճող նշաններ կան Էփշտեյնի գործով Թրամփի ներգրավվածության մասին, որը մեղադրվել էր պեդոֆիլիայի մեջ և մահացել էր ճաղերի հետևում։ Այսօր Քլինթոններին են այս գործով դատարան կանչում։

Մասնագետները չեն բացառում, որ Ռուսաստանի համար «վերջնաժամկետի» կրճատումը 50-ից մինչև 10 օր կարող է պայմանավորված լինել նրանով, որ Թրամփին շուտով կարող են մեղադրանք առաջադրել Էփշտեյնի աղմկահարույց գործով և պաշտոնանկ անել։ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ այս դեպքում նոր ընտրություններ չեն նշանակվում, և փոխնախագահն է կատարում նախագահի պարտականությունները։

Բայց այս ամենում կա մեկ կոնստանտ. Արցախը կարող է լինել միայն հայկական

Թրամփը որոշել է միանգամից կարգավորել մի քանի համաշխարհային հակամարտություններ՝ Հայաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Ուկրաինա և Իսրայել-Պաղեստին։ Եթե ոչ կարգավորել, ապա գոնե մի քիչ վայելել փառքը, մինչև Էպշտեյնի գործը օրակարգ մտնի։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախատեսված է Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպում, որտեղ հայտարարվել են տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման և տնտեսական համագործակցության հաստատմանն ուղղված քայլեր։

Միևնույն ժամանակ, օգոստոսի 7-ին Թրամփի դեսպան Սթիվ Վիտկոֆը կմեկնի Պուտինի հետ ևս մեկ հանդիպման, իսկ Իսրայելի Քնեսեթը կարող է թույլտվություն տալ Գազայի լիակատար օկուպացիայի և «մաքրման» համար։ Վերլուծաբանների կարծիքով, Պուտինը կարող է Թրամփին «տալ» «օդային զինադադարի» խոստում, իսկ Համասը կարող է ազատ արձակել մի քանի պատանդների՝ մինչև սեպտեմբերին խոշոր եվրոպական երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչումը։

Հայաստանը դառնում է փորձադաշտ համաշխարհային՝ հակամարտությունների լուծման «արտակարգ» մեթոդները փորձարկելու համար։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպում, որտեղ որոշում կայացվեց Արցախի լիակատար օկուպացիայի և հայաթափման մասին։ Այդ ժամանակ վերլուծաբանները գրում էին, որ հակամարտությունը լուծելու «այլ ճանապարհ չկա»։

Այս 2 տարիների ընթացքում Արցախի բնիկ բնակչության օկուպացիան, ցեղասպանությունը և տեղահանությունը քաղաքական գնահատական չեն ստացել: Հայաստանի կառավարությունը միացել է համաշխարհային «կոնսենսուսին» և հայտարարել, որ Հայաստանը պահպանելու «այլ ճանապարհ» չկար: Այժմ Հայաստանը կանգնած է Սյունիքը և Իրանի հետ սահմանը կորցնելու սպառնալիքի առջև, ինչը կնշանակի Հայաստանի պետականության կորուստ: Հայաստանը չի հանձնել թեստը և կվճարի դրա համար։

Նման մեթոդի «հաջող փորձարկումը» Հայաստանում անխուսափելիորեն պետք է հանգեցներ դրա կիրառմանը այլ հակամարտություններում: Այժմ Իսրայելը և Միացյալ Նահանգները բացահայտորեն ասում են, որ եթե արաբական բնակչությունը չվտարվի Գազայից, Իսրայելը կարող է «անհետանալ երկրի երեսից»: Արաբական միապետությունները, ոսկե դաշույնները թափահարելով, սրբորեն հավատարիմ են «Աբրահամյան համաձայնագրերին» և հանգիստ սպասում են Իսրայելի փլուզմանը։

Ուկրաինան, հանուն Ալիևի «հաղթանակի», ով մտադիր է միանալ Աբրահամյան համաձայնագրերին, ուրախանոմ էր Ակնայում ռուս-թուրքական համատեղ հետախուզական կենտրոնի, ապա՝ Արցախի անկման և ռուսների կողմից Արցախից ուկրաինական ճակատ զենքի տեղափոխման կապակցությամբ։ Այժմ ռուսները Ուկրաինայում վարում են ցեղասպանության և «դենացիոնալիզացիայի» քաղաքականություն, և եթե Մոսկվան հանձնի «թեստը», Ուկրաինան իր ներկայիս տեսքով կվերանա։

Բայց այս ամբողջ սցենարում կան մի քանի կոնստանտներ՝ Արցախը կարող է լինել միայն հայկական, Թրամփը հավերժական չէ (նա արդեն սկսել է խոսել ժառանգորդի մասին), Ռուսաստանում և Ուկրաինայում իշխանությունը փոփոխական է, Էրդողանը հիվանդ է, Նեթանյահուն՝ դատավարության մեջ։