Դա էժանագին շանտաժ է, եւ բոլորի համար պարզ է, թե Փաշինյանն ինչով է զբաղված

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց «Հայաստանը բացասական հետևանքներ է ունենում որոշ արտասահմանյան քաղաքական գործիչների իբր հայանպաստ, բայց իրականում պոպուլիստական ​​հայտարարություններից։ Ես արդեն ասել եմ մեր որոշ միջազգային գործընկերներին և ոմանց ավելի կտրուկ կասեմ, որ նրանք բացահայտ անտեսում են մեր երկրի շահերը՝ հանուն իրենց ընտրազանգվածի»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր երկրների ղեկավարների ու գործիչների կոչ է անում հայանպաստ հայտարարություններ ու քայլեր չանել։ Մենք ականատես ենք եղել, որ Եվրախորհրդարանը, եւ Ֆրանսիայի Սենատը, եւ Շվեյցարիայի խորհրդարանը հայանպաստ բանաձեւեր են ընդունել։ Դրա՞նք է Նիկոլ Փաշինյանը «կեղծ պրոհայկական» ու «պոպուլիստական» որակում, ի՞նչ է սա նշանակում։

-Իսկ ի՞նչ է նշանակում բացասական հետեւանք, նախ եւ առաջ դա է կարեւոր հարցը։ Դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ այն ուժերի համար, ովքեր ուզում են, որ հայերը լինեն հայրենազուրկ ժողովուրդ, որպեսզի Արցախի էթնիկ զտման համար Ադրբեջանը պատասխան չտա։ Ովքեր նման դիրքերում են կանգնած, իրենց համար Եվրամիության բանաձեւը, Ֆրանիսյաի նախագահ Մակրոնի հայտարարությունները «պոպուլիստական, վտանգավոր ու վնաս բերող» հայտարարություններ են։ Դա պայմանավորված է այն քաղաքական նպատակներով, որոնք հետապնդում են ասողները։ Այսօր տեսանելի է, որ Հայաստանի իշխող ուժը սպասարկում է Ադրբեջանի շահերը, սպասարկում է Արցախում էթնիկ զտման լեգիտիմացման փորձերը։ Եվ տրմաբանական է, որ իրենց տեսակետից տարբերվող հայտարարությունները, որոնք արվում են ի օգուտ հայ ժողովրդի, արվում են հանցավոր պետությունների համար, որ իմանան՝ Արցախի խնդիրն այդպես ուժով լուծում չի ստացել, վատ են ընդունվում ու վատ գնահատվում։

Նախորդ տարիներին տարբեր առաջարկներ են եղել միջազգային հանրության կողմից, որոնց ՀՀ իշխանությունները չեն արձագանքել։ Օրինակ՝ 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկները, որոնց մանրամասները այդպես էլ չհրապարակեցին ու չներկայացրեցին հանրությանը, Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու առաջարկները, այլ նախաձեռնություններ եւս եղել են։ Այս ամենը փաստորեն մերժվե՞լ է ՀՀ իշխանության կողմից։

-ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ ԵԱՀԿ հովանու ներքո ստեղծված է եղել բարձր սպաների պլանավորման խումբ։ Մի քանի պետության ռազմական մասնագետներ այդ խմբում մի քանի տարի աշխատել են։ Եվ իրենք մշակել են Արցախում խաղաղարար օպերացիների 4 տարբեր ծրագիր, որոնք բոլորը ենթադրում էին միջազգային խաղարար ուժերի տեղադրում Արցախում՝ տարբեր նյուանսներով։ Բայց դա երբեք չի ենթադրել, որ ԵԱՀԿ պետություններից որեւէ մեկը միայնակ կարող է խաղարար օպերացիա իրականացնել այդ տարածքում։ Դրա վերաբերյալ կա նաեւ ԵԱՀԿ պետությունների համատեղ հայտարարություն, որ իրենք բոլորը բացառում են, որ ԵԱՀԿ տարածքում որեւէ պետություն ունի նախապատվություն՝ խաղաղարար օպերացիա իրականացնելու։ Այսինքն՝ այլ տարբերակ չպետք է լիներ եւ չէր կարող լինել ԵԱՀԿ շրջանակներում։ Այսինքն՝ ռուսական զորքերի տեղակայումն Արցախում դա արդեն նշանակում էր, որ Ադրբեջանը եւ Հայաստանը հակադրվում են ԵԱՀԿ կառույցներին, ԵԱՀԿ մոտեցումներին եւ միջազգային իրավունքին։ ԵԱՀԿ խաղաղ կագավորման գործընթացը հիմնված էր միջազգաին իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Եվ հիմա այս գիծը շարունակվում է՝ տեղի ունեցած հանցագործությունները սպասարկելու, լեգիտիմացնելու նպատակով։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի առաջարկներին, բոլոր առաջարկները ենթադրում էին, որ Արցախում պետք է անցկացվեր հանրաքվե, որի միջոցով պետք է որոշվեր վերջնական կարգավիճակը։ Այդ հանրաքվեն պետք է անցկացվեր ազատ պայմաններում, հանրաքվեին պետք է մասնակցություն ունենային բոլոր այն մարդիկ, ովքեր դրա իրավունքը կարող էին ունենալ, այսինքն՝ ովքեր Արցախի հետ ունեն իրավական կապ՝ ծնվել են, գույք ունեն այնտեղ կամ ապրել են այնտեղ։ Իրավատերերը՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից, պետք է ազատորեն որոշեին իրենց կարգավիճակը։ Սա է խաղաղ կարգավորման մեխը։ Մնացածը դրան ածանցյալ անհրաժեշտ գործողություններ էին։ Ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման դեպքում նախատեսվում էր այնտեղ տեղակայել միջազգային զորքեր, որովհետեւ, ինչպես ասացի, ԵԱՀԿ-ում սկզբունքը բացառում է, որ ինչ-որ պետություն միայնակ խաղաղարար ու խաղաղապահ օպերացիա պետք է իրականացնի։ Միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումն անհրաժեշտ էր, որպեսզի հանրաքվեի համար լինեին պայմաններ։

Երկրորդ հարցը Արցախի կարգավիճակին է վերաբերում, ժամանակավոր այնպիսի կառավարում, որը բոլորի համար կապահովեր մարդու իրավունքների պաշտպանությունը։ Լաչինի միջանցքի, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերը միշտ եղել են ոչ թե բանակցությունների առարկա, այլ եղել են Մինսկի խմբի առաջարկների գլխավոր դրույթները։ 2007 թվականից ի վեր հրապարակվել են բոլոր այն 9 տարրերը, որոնց շուրջ պետք է լիներ խաղաղ կարգավորումը։ Իսկ մեխը հանրաքվեն էր։ Նույնիսկ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել, որտեղ ասել է, որ բոլոր կետերի հետ համաձայն է։ Միակ անհամաձայնությունը, որը նա բանակցային պրոցեսում ուներ եւ որի շուրջ Մինսկի խմբի համանախագահների հետ հակադրվում էր, այն էր, որ հանրաքվեի հարցը կարող էր ներառել եւ Արցախի անկախությունը, եւ Հայաստանին միանալու հարցերը։

Այստեղ քննարկելու հարց չկա, հասկանալի է, թե այս իշխանություններն ինչ կուրս ու նպատակներ են ունեցել ի սկզբանե, ինչին է դա վերաբերել։ Եվ այսօր էլ իրենք գնում են միջազգային հանրության դեմ, որպեսզի պաշտպանեն Ադրբեջանն այդ եղանակով։ Փորձում են շանտաժ անել, որ միջազգային դիրքորոշումը՝ Եվրամիության երկրների խորհրդարանի, Ֆրանսիայի դիրքորոշումներն իբր թե վտանգ են ստեղծում Հայաստանի համար, եւ դրա պատճառով Հայաստանը կարող է պատերազմի կամ ագրեսիայի ենթարկվել։ Դա էժանագին շանտաժ է, եւ բոլորի համար պարզ է, թե Նիկոլ Փաշինյանն ինչով է զբաղված։ Իր նկատմամբ վերաբերմունքն էլ համապատասխանում է իր բռնած դիրքին․ տեսնում ենք, որ ինքը եւ Մոսկվայում է իզգոյ, եւ Արեւմուտքում։ Որպես քաղաքական գործիչ՝ ոչ մի տեղ չունի հենարան։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախի պարի պետական համույթը առաջին անգամ հյուրախաղերով կլինի ԱՄՆ-ում

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի աջակցությամբ Արցախի պարի պետական համույթը առաջին անգամ հյուրախաղերով կլինի ԱՄՆ-ում։

Բացառիկ համերգը տեղի կունենա մայիսի 16 ին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը 2 տարի անընդմեջ Արցախի պարի պետական համույթի ֆինանսավորումը ապահովելուց բացի նաև 2-րդ մեծ իրադարձությունն է կազմակերպում։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի պարի պետական համույթը առաջին անգամ հյուրախաղերով կլինի ԱՄՆ-ում։ Այս պատմական ուղևորությունը բացառիկ հնարավորություն է Նահանգներում ապրող մեր հայրենակիցների համար՝ վայելելու արցախյան պարի խրոխտ ու համարձակ շարժումները, դրա միջոցով փոխանցվող ուժեղ զգացմունքներն ու ավանդույթները», ասված է համույթի գեղարվեստական ղեկավար և «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ–ի փոխնախագահ Ռաուլ Բաբայանի խոսքում:

Հիշեցնենք որ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է Արցախի օկուպացիայից և արցախահայության բռնի տեղահանումից որոշ ժամանակ անց: Կազմակերպության նպատակն է՝ ապահովել Արցախի ստեղծագործական խմբերի հետագա գործունեությունը, պահպանելով արցախյան մշակույթն ու ավանդույթները:

Արցախցիները եւս երկու ամիս կստանան 40 000 դրամի աջակցությունը. Մանրամասներ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձինք կստանան ապրիլի եւ մայիսի 40.000 հազար դրամ աջակցությունը: Շահառուների թիվը 98 հազար հոգի է: Աջակցությունն առաջարկվել է երկարացնել երկու ամիս ժամկետով՝ մինչեւ բռնի տեղահանվածների համար սոցիալական աջակցության թիրախային ծրագրեր վերաբերյալ առաջակրկներ ներկայացնելն ու դրանք քննարկելը:

“Որպես այդպսին խոչընդոտներ չկային Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տարբեր խմբերի, մեր հայրենակիցների հետ քննարկումների արդյունքում: Որոշվել է անցումային հնարավորություն ստեղծել, որը գնահատվել է, այսպես ասեմ, երկու ամիս ժամկետով, մինչեւ ընդհանուր սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ համապատասխան առաջարկներ ներկայացնելը եւ դրանք քննարկելը: Ապրիլի 1-ով, քանի որ դեռ թիրախային խմբերի ապրիլ ամսվա վճարման ցուցակները ձեւավորված չէին եւ վճարումները պետք է կատարվեին մինչեւ մայիսի 10-ը։ Հիմա կներառվեն նաեւ բացի առանձին խմբի անձանցից մնացած բոլոր անձինք:

Ըստ էության, միջոցառումը, ինչպես 40.000+10.000 ամսական վճարումները, իրականացնում ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված բոլոր անձանց համար: Իսկ այն միջոցառումը, որը ընդունել էինք և նույնպես պետք է սկսեր ապրիլ ամսից, վերաբերում էր կարիքավոր անձանց լրացուչիչ, հրատապ աջակցության տրամադրելուն, հետաձգվել է երկու ամսով: Այսինքն միջոցառումը կսկսենք ոչ թե ապրիլից, այլ հունիսից”, հայտարարել է ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության եւ ընտանիքիի սոցիալական երաշխիքների վարչության պետ  Արտակ Հարությունյանը։

Հունիսից 40 հազ․ դրամ ծրագիրը շարունակվելու է միայն առանձին խմբերի՝ առաջին, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, անչափահաս, 63 տարին լրացած անձանց, կերակրողին կորցնելու դեպքում կեսաթոշակ, նպաստ ստացող անձանց համար: Նրանք հուլիսից դեկտեմբեր կստանան ամսական 30.000 դրամ:

Թրամփը դիտարկում է Կոստանդնուպոլսում Զելենսկիի և Պուտինի հանդիպմանը մասնակցելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ըստ երևույթին, դուր է եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում բանակցություններ վարելու գաղափարը։

Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում, հաղորդում է Dialog.UA-ն։ Թրամփը կարծիք հայտնեց, որ Զելենսկու և Պուտինի միջև ուղիղ բանակցություններ կարող են տեղի ունենալ արդեն մայիսի 15-ին։ Ավելին, ԱՄՆ առաջնորդը դիտարկում է Ստամբուլ մեկնելու հնարավորությունը, հավանաբար՝ այս հանդիպմանը միջնորդի դեր ստանձնելու համար։

Միաժամանակ, Թրամփը շեշտեց, որ Ստամբուլ կմեկնի միայն այն դեպքում, եթե վստահ լինի այս բանակցությունների դրական արդյունքի մեջ։ «Ես մտածում էի Ստամբուլ գնալու մասին։ Դա հնարավոր է, եթե համարեմ, որ գործերը իսկապես առաջ կընթանան։ Մենք կարող ենք լավ արդյունքներ ստանալ Ստամբուլում կայանալիք հանդիպումից։ Ես կարծում եմ, որ երկու առաջնորդներն էլ այնտեղ կլինեն», – ասաց Թրամփը։

ԱՄՆ-ն ազատ կլինի ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում, եթե համաձայնություն ձեռք բերվի. Իրանի իշխանություններ

Վաշինգտոնը ազատ կլինի ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում, եթե Թեհրանի հետ միջուկային համաձայնության հասնի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

«Մենք երբեք խնդիր չենք ունեցել ամերիկյան ներդրումների հետ, հենց նրանք են իրենց զրկել Իրանի հսկայական ներուժից։ Բնականաբար, եթե նոր համաձայնագիր կնքվի, Միացյալ Նահանգները կկարողանա լիարժեքորեն օգտվել Իրանի տնտեսական ներուժից, և մենք պատրաստ ենք դա անել որպես երկիր, որտեղ նրանք կարող են ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում», – ասաց Մոհաջերանին։

Կիրակի օրը տեղի ունեցավ Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի և պատժամիջոցների հնարավոր վերացման վերաբերյալ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Հանդիպումը տեղի ունեցավ երկշաբաթյա ընդմիջումից հետո, որը ամենաերկարն էր Օմանի միջնորդությամբ խորհրդակցությունների սկսվելուց ի վեր։

Ստով «վերանորոգվող» շենքերը Արցախում․ կարելի է նաև “փող ուտել”

Արցախի հայաթափումից հետո ադրբեջանցիները սկսեցին մշակութային ցեղասպանություն՝ ավերելով բնակարաններ, ինչն էլ հոգեբանական տեսանկյունից մեկնաբանվում է որպես ունեցածդ ամբողջությամբ կորցնելու և հետադարձի հասցե չունենալու փորձ։

Ստեփանակերտում և Շուշիում ամբողջական թաղամասեր ավերվեցին՝ քաղաքները փոխելով անճանաչելիորեն։ Հիմնահատակ ավերվեցին նաև գյուղեր։

Մարտունին, իմ քաղաքը, «անմասն էր մնում բարեփոխումներից»։ Ադրբեջանական սոցիալական հարթակներում տարածվող կադրերում քաղաքը երևում էր անխնամ ու կեղտոտ։

Երեկ համաքաղաքացիներիս տարածած տեսանյութում երևում էին շենքեր, որոնց փոխարեն իբր նորերն էին կառուցել։

Մարտունու ամենահին երկհարկանի շենքերի մասին է խոսքը, բայց “նոր հյուրանոցը”՝ դա վաղուց կառուցված «Ավիս» հյուրանցն է, որը ներկայացնում են որպես նորակառույց՝ հին շենքերի տեղը։

Հին շենքերը վաղուց վթարային էին համարվում եւ բնակելի չէին, միայն առաջին հարկում 2 խանութ էր գործում եւ շենքերը պլանային պիտի քանդվեին 2023թ.-ին։ Բայց ո՞վ է ստուգելու։ Կարելի է արդեն պատրաստի հյուրանոցի “կառուցման” համար ձեռի հետ փող էլ աշխատել։

Չգիտեմ էլ՝ տխրե՞մ, թե՞ ուրախանամ, որ սոցցանցերը ողողված են ստերով, և Մարտունին մնում է մեծամասամբ նույնը՝ հին, ավերվող շենքերի կայունությամբ ու անվանափոխվող հյուրանոցներով։

Մարիամ Սարգսյան

 

1994 թվականի հրադադարի համաձայնագիրը դեռ ուժի մե՞ջ է։ Ինչի՞ համար են դատում հայ զինվորներին

Լուսանկարում՝ Ստեփանակերտ, 2020 թ. հոկտեմբեր

1994 թվականի մայիսի 12-ին կնքվեց Արցախում անժամկետ հրադադարի մասին համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները։ Համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի կողմից նախաձեռնված Բիշքեկի արձանագրության ստորագրումից մեկ շաբաթ անց։

1994 թվականի համաձայնագիրը մեծ մասամբ պահպանվել է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը և այդպես էլ չի չեղարկվել։ 1994 թվականի սահմանները ԵԱՀԿ փաստաթղթերում արձանագրվել են որպես գետնի վրա եղած իրականություն, որից պետք է սկսվեին կարգավորման հետագա գործողությունները։

Իրենց բանաձևերում Ֆրանսիայի Ազգային ժողովի զույգ պալատները 2020 թվականի պատերազմից հետո կոչ արեցին վերադառնալ 1994 թվականի սահմաններին և այնտեղից վերսկսել կարգավորել իրավիճակը։ Չնայած «Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու» մասին հայտարարություններին և գետնի վրա փոփոխված  իրողություններին, 1994 թվականի սահմանները որպես հիմնական բազա մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը։ Դրանք արդիական են ինչպես Ադրբեջանի՝ անժամկետ համաձայնագիրը չխախտելու պարտավորությունների, այնպես էլ այս համաձայնագրի երաշխավոր Հայաստանի պարտավորությունների համատեքստում։

Հայաստանի կառավարությունը չի հիշատակում այս փաստաթուղթը, չնայած հենց այս համաձայնագրի հիման վրա է տարածաշրջանում պահպանվել խաղաղությունը գրեթե 30 տարի, և հենց այս համաձայնագիրն է ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունել որպես հիմք։ Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, երբ հայտնվեցին ռուսական զորքերը, և 1994 թվականի սահմաններում գտնվող տարածքների մեծ մասը Հայաստանի վարչապետի ստորագրությամբ հանձնվեց Ադրբեջանին, այլ մեխանիզմներ բացի 1994-ի համաձայնագրից՝ միջազգային պայմանագրեր, խաղաղապահներ կամ դիտորդներ, չկային։

1994 թվականի փաստաթղթի հիշատակումը իհարկե չի տեղավորվում Հայաստանի կառավարության ներկայիս քաղաքականության մեջ, որը հատուկ խառնում է «առաջնահերթությունները»։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ղարաբաղի հարցը փակված է, Հայաստանը որևէ կապ չունի Արցախի տարածքի հետ (ըստ 1994 թվականի փաստաթղթի), իսկ մյուս կողմից՝ Հայաստանում դատվում են հայ զինծառայողներ՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ «դիրքերը զիջելու» համար։

Բառացիորեն այսօր այս մասին հայտարարեց Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը Հայաստանի խորհրդարանում՝ ասելով, որ բարձրաստիճան սպաներն ու շարքայինները մեղադրվում են այն բանի համար, որ իրենց գործողությունները կամ անգործությունը հանգեցրել են 44-օրյա պատերազմի ընթացքում որոշակի ուղղություններով հարձակումների ձախողմանը կամ պաշտպանության ճեղքմանը։

Այսինքն՝ պարզվում է, որ Հայաստանի կառավարությունը չի ճանաչում Արցախի ընտրված իշխանություններին, չի համարում Արցախի ժողովրդին իր լիիրավ քաղաքացիներ, հրաժարվում է Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու իր պարտավորություններից և փակված է համարում Ղարաբաղի, ինչպես նաև 1994 թվականի պայմանագրի խախտման հարցը, իսկ մյուս կողմից՝ դատում է արցախցի և մյուս հայ զինվորականներին Արցախը չպաշտպանելու համար, ինչը իբր և հանգեցրել է Արցախում բնակավայրերի հանձնմանը։

Եթե ​​Հայաստանի կառավարությունը ճանաչում է Արցախի Հանրապետության և Պաշտպանության բանակի լուծարումը որպես օրինական և Ղարաբաղի տարածքը համարում է Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ մեջ են մեղադրվում Արցախում կռված զինվորականները։ Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը 1994 թվականի սահմանները համարում է օրինական, իսկ այդ սահմանների խախտմանը հանգեցրած գործողությունները՝ դավաճանություն և հանցագործություններ։

Նաիրա Հայրումյան

ՔԿ․ 44-օրյա պատերազմի դրվագներով քրեական գործերով բարձրաստիճան սպաներ, հրամանատարներ ու շարքայիններ են անցնում

«Մեր ունեցած տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի դրվագներով քրեական գործերի մեծ մասը վերաբերում է բանակին։ Դուք նշում եք բարձրաստիճան սպայից մինչեւ զինվոր, էս պետությունը ղեկավար ունի, թե՞ չէ։ Այդ ղեկավարությունն իր դերակատարություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, ռազմաքաղաքական որոշումների, բանակին թիկունք կանգնելու, մոբիլիզացիա անելու հարցում։ Միայն շեշտադրումը բանակի վրա անելն անընդունելի է։ Օրինակ՝ երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, որեւէ գործով հարցաքննվե՞լ է, թե ոչ»,- այսօր Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Քաղաքական ղեկավարության ու Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության մասին հարցին ՔԿ ղեկավարը խուսափեց պատասխանել։ Նա անդրադարձավ 44-օրյա պատերազմի դրվագներով քրեական գործերին, որոնցով բարձրաստիճան սպաներ, հրամանատարներ ու շարքայիններ են անցնում։

Արթուր Պողոսյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի դրվագներով կան հարուցված տարբեր քրեական վարույթներ՝ տարբեր հանցատեսակներով՝ սկսած անփութությունից, պաշտոնեական լիազորություններն անցնելուց, մինչեւ դասալքություն, հրաման չկատարել եւ այլն։ «Եվ այդ վարույթները մենք բաժանել ենք մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրաստիճան սպաներից, ովքեր ղեկավարել են այդ հիմնական ուղղությունները, վերջացրած զինվորով, մենք յուրաքանչյուրի գործողությունները հետեւանքի տեսանկյունից գնահատել ենք։ Մենք արդեն իսկ որոշակի քրեական վարույթներ ունենք, երբ առանձին ուղղություններով բարձրաստիճան սպաների եւ հրամանատների կողմից կատարված առերեւույթ հանցանքները մենք հաստատել ենք։ Եվ հենց անգործությունը կամ գործողությունն է մեր գնահատամամբ բերել տվյալ ուղղությամբ ձախողման։

Մենք ունենք ուղիղ մեղադրանքներ, երբ մեր վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ, տվյալ բարձրաստիճան զինվորականի գործողությունների հետեւանքով ոչ միայն ձախողվել է հարձակումը, այլ նաեւ հետագայում ամբողջ պաշտպանական շղթան ձախողվել է, եւ ունենք կոնկրետ հետեւանքներ։ Նույնիսկ ունենք մեծ քրեական վարույթներ, որոնք հիմա դատարան ենք ուղարկել, դավաճանության դեպքեր ունենք։ Առանձին վերցված պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ ունենք։ Մենք պետք է գնահատենք, թե վերջնարդյունքում որքանո՞վ է պետական դավաճանությունն ազդել կոնկրետ ուղղության վրա հետեւանքի առումով։ Երբ որ արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր ունենանք, հնարավորություն կունենանք նաեւ այս առումով գնահատել, թե որքանով են այդ անձանց գործողությունները պատերազմի արդյունքի վրա ազդել»,- ասաց Արթուր Պողոսյանը։

Նա հավելեց, որ կան նաեւ քրեական վարույթներ, որոնք վերաբերում են նախկինում ձեռք բերված սպառազինությանը։

Երբ Սեյրան Օհանյանը կրկնեց հարցը Նիկոլ Փաշինյանի մասին, ՔԿ ղեկավարն ասաց․ «Գլոբալ առումով վերլուծում ենք, թե մյուս այլ գործոնները որքանով են ազդել պատերազմի ելքի վրա»։

ԱՄՆ-ն և Չինաստանը 90 օրով կասեցրել են առևտրային պատերազմը

Ժնևում տեղի ունեցած ինտենսիվ բանակցություններից հետո ԱՄՆ-ն և Չինաստանը հայտարարեցին իրենց առևտրային դիմակայության ժամանակավոր դադարեցման մասին։ Սպիտակ տան կայքում հրապարակված համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը 90 օրվա ընթացքում պարտավորվել են նվազեցնել մաքսատուրքերը և սկսել երկխոսություն։

Ըստ Համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները ժամանակավորապես կնվազեցնի չինական ապրանքների մաքսատուրքերը 145%-ից մինչև 30%, իսկ Պեկինը ժամանակավորապես կնվազեցնի ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը 125%-ից մինչև 10%։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ երկու կողմերի համար էլ մաքսատուրքերի կրճատումը կկազմի 115%։

Մաքսատուրքերի կրճատմանը հասնելուց հետո հաջորդ քայլը կլինի առևտրատնտեսական հարցերի կանոնավոր քննարկման երկկողմ հարթակի ձևավորումը։ Չինաստանը բանակցություններում կներկայացնի փոխվարչապետ Հե Լիֆենգը, իսկ Միացյալ Նահանգները՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։

Ակնկալվում է, որ այս հարթակի հանդիպումները կանցկացվեն հերթագայությամբ Չինաստանում, Միացյալ Նահանգներում կամ, կողմերի համաձայնությամբ, չեզոք տարածքում։ Հիմնական նպատակն է մշակել առևտրային վեճերի լուծման և տնտեսական համագործակցության ամրապնդման կայուն մեխանիզմներ։

Հարաբերությունների ջերմացման մասին լուրը դրական ազդեցություն ունեցավ համաշխարհային շուկաների վրա։ S&P 500, Nasdaq 100 և Dow ինդեքսների ֆյուչերսները համապատասխանաբար աճել են 2.8%-ով, 3.6%-ով և 2.3%-ով։ Կողմերը հույս ունեն, որ 90 օրվա ընթացքում կկարողանան գտնել երկարաժամկետ լուծումներ՝ առևտրային հարաբերությունների հետագա վատթարացումից խուսափելու համար։

Դատախազությունը հստակեցրել է, թե ինչ է պատրաստվում բռնագանձել Քոչարյանների ընտանիքից

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում պատասխանելով  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի ներկայացրեց, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից:

«Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ»,- մանրամասնեց Վարդապետյանը:

Պուտինի նոր գաղտնի ստորաբաժանման մանրամասները՝ The Sun

Կրեմլը ստեղծել է հատուկ ծառայություն կիբերհարձակումների, դիվերսիաների և ամբողջ Եվրոպայում մարդկանց ոչնչացման համար։ Մոսկվայում մամուլը հերքում է այս բոլոր հայտարարությունները։ Սակայն լրատվամիջոցները գրում են, որ կազմակերպությունը նույնիսկ ստացել է «Հատուկ առաջադրանքների վարչություն (ՀՀՎ)» անվանումը։ Կազմակերպությանը արդեն վերագրվում է մի շարք գաղտնի գործողություններ, ինչպես Սառը պատերազմի ժամանակ, հաղորդում է The Sun-ը։

Սա ներառում է անհաջող մահափորձեր, կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումներ և նույնիսկ փոստային ինքնաթիռների պայթյուններ։

Այս կազմակերպությունը ձևավորվել է 2023 թվականին՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնմանը։

Օգաստայի համալսարանի աշխատակից դոկտոր Լենս Հանթերը կարծում է, որ սա ոչ թե ռուսական հատուկ ծառայությունների ուղղահայաց շարքի սովորական կազմակերպություն է, այլ «Ֆրանկենշտեյնի նոր տեսակ»։ Այս կազմակերպությունը կարելի է անվանել ժամանակակից Ռուսաստանի ՊԱԿ։

Այս կազմակերպությունը կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ և մարտավարություն՝ միաժամանակ համակարգելով իր բոլոր գործողությունները Կրեմլի մյուս հետախուզական գործակալությունների հետ։ Ենթադրաբար, կազմակերպությունն ինքը գտնվում է GRU-ի «Ակվարիում» կենտրոնական շտաբում։

Այս ծառայությանը վերագրվում է գերմանական պաշտպանական կոնցեռնի տնօրենի դեմ անհաջող մահափորձը, ինչպես նաև DHL ինքնաթիռներում բեռների պայթյունները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեյմս Ապատուրայը կարծում է, որ Մոսկվան տեսնում է Արևմուտքի կողմից մեծ սպառնալիք և, հետևաբար, պատրաստ է «պատերազմում» օգտագործել բոլոր զենքերը, այդ թվում՝ միջուկային զենքը։

SSD գործակալները հայտնվում են ոչ մի տեղից և անհետանում են ոչ մի տեղ։ Հատուկ ծառայությունը հարձակվում է այն երկրների վրա, որոնք ակտիվորեն աջակցում են Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում։ SSD անձնակազմը ներգրավված է թե՛ սպանությունների, թե՛ հավաքագրման մեջ։ Նրանք արտասահմանյան լրտեսներ են հավաքագրում այնպիսի երկրներից, ինչպիսին է Սերբիան, իրենց գործունեությանը մասնակցելու համար։

Կազմակերպությունը վերահսկվում է Կրեմլի «անտեսանելի գեներալ» Անդրեյ Ավերյանովի և Իվան Կասյանենկոյի կողմից։ Չեխիայի կառավարությունը վստահ է, որ Ավերյանովն էր կանգնած 2014 թվականին ռազմական պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևում։

Նրանք մարզվում են Սենեժ կենտրոնում, որտեղ գործակալներն մարզվում են ՆԱՏՕ-ի երկրներում աշխատելու համար։

2024 թվականի դեկտեմբերին ԵՄ երկրները մեղադրեցին SSD կազմակերպությանը ամբողջ Եվրոպայում հեղաշրջումներ իրականացնելու փորձերի մեջ։ ԱՄՆ-ն հայտարարել է մինչև 10 միլիոն դոլար պարգևատրման մասին յուրաքանչյուրի համար, ով կհանձնի հինգ SSD գործակալի։

SSD ակտիվությունը գագաթնակետին հասավ 2024 թվականի ամռանը, և այժմ գործակալները նահանջել են ստվեր՝ թույլ տալով դիվանագետներին բարելավել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները։

Ավելին կարդացեք «Диалог.UA» կայքում

Ծնողները, դժվարությամբ հայթայթելով ցամաք հացը, երեխաների հետ օրվա հաց էին ուղարկում, միայն թե նրանք չկտրվեն մանկապարտեզից

Անահիտ Դանիելյանը մինչև Արցախի տեղահանումը ԱՀԱԸ Ասկերանի գրասենյակի պատասխանատուն, մանկապարտեզի տնօրենն ու <<Շող>> համայնքահեն ցերեկային կենտրոնի համակարգողն էր։ Երեք պաշտոնները համատեղել ու տարիներ շարունակ սիրով ու պատասխանատվությամբ է աշխատել՝ կամավոր ծառայելով իրեն հարազատ դարձած Ասկերանի հասարակությանը։

Մարտունու շրջանի Ննգի գյուղում է ծնվել ու մեծացել։ Միջնակարգն ու բարձրագույն ուսումն ավարտել է գերազանցությամբ։

Անցնելով Արցախյան 4 պատերազմների միջով՝ երբևէ չի մտածել, որ արցախահայությունն ստիպված կլինի թողնել ամեն ինչ ու բռնել տեղահանության ծանր ճանապարհը:

Անահիտն իր ողջ կյանքն անց է կացրել երեխաների հետ ու հանուն նրանց

-1999 թվականին, ստանալով բարձրագույն կրթություն, աշխատանքի եմ անցնել Ստեփանակերտի ԱՀԱԸ գրասենյակում՝ որպես նկարչության խմբի խմբավար և կիրակնօրյա խմբի առաջնորդ։ 2000 թվականին նշանակվել եմ ԱՀԱԸ Ասկերանի գրասենյակի պատասխանատուի պաշտոնում և ընտանիքով տեղափոխվել Ասկերան։ Իրականացրել եմ Ասկերան քաղաքի և շրջանի համայնքների սոցիալապես անապահով, 90-ականների զոհվածների ընտանիքների հովանավորչական, բարեգործական, մանկական կերի բաժանման, կրթադաստիարակչական ու հոգևոր ծրագրեր։

2002-2003 թվականներին ստանձնել եմ նույն գրասենյակի հովանավորության ներքո գործող Եփրեմ ու Զաբել Բասմաջյանների անվան Ասկերանի մանկապարտեզի տնօրենի պաշտոնը։ 800-ից ավելի երեխաներ են հաճախել մանկապարտեզ ու գնացել դպրոց։

2016 թվականին հեռավար սովորելով ու ավարտելով ԵՊՀ-ի Սոցոլոգիայի ֆակուլտետը՝ Սոցիալական աշխատողի մասնագիտություն եմ ստացել ու ստանձնել ԱՀԱԸ Ասկերանի գրասենյակի <<Շող>> համայնքահեն ցերեկային կենտրոնի համակարգողի պաշտոնը։ Կենտրոն էին հաճախում անապահով ընտանիքների թվով 35-40 դպրոցահասակ երեխաներ։ Դասերից հետո նրանք կենտրոն էին գալիս, սնվում, այնուհետև մեր մասնագիտական թիմի ջանքերի շնորհիվ կազմակերպվում էր նրանց առօրյան։

Զբաղվում էինք երեխաների սոցիալ-հոգեբանական, կրթական, առողջական և այլ խնդիրներով։ Համագործակցում էինք տարբեր կառույցների հետ և իրականացնում բարեգործական մի շարք ծրագրեր՝ ուշադրության կենտրոնում պահելով դժվար իրավիճակներում գտնվող ընտանիքների։ Ունեցել եմ հիանալի գործընկերներ, թիմակիցներ, ընկերներ, և ինչպես իրենք էին ասում՝ քույրաբար էի վերաբերվում բոլորին։ Արժանացել եմ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարության և շրջվարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի կողմից մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի, ինչը բազմապատկել է իմ եռանդն ու պատասխանատվությունը։

 

Գրասենյակի, մանկապարտեզի ու Շող կենտրոնի աշխատանքները չէին դադարում անգամ շրջափակման ժամանակ

 -Հավատարիմ մնալով գրասենյակի առաքելությանը, սկզբունքներին ու նպատակներին՝ մինչև վերջ մնացել եմ հայրենի հողի փրկության պայքարում։ Շրջափակման ժամանակ, չնայած շատ ծանր իրավիճակ էր արդեն, մենք աշխատում էինք ու շարունակում օգնել խոցելի ընտանիքներին։ Փոքրիկները սիրով էին գալիս մանկապարտեզ։ Մենք շարունակում էինք գեղեցիկ միջոցառումներ կազմակերպել, երեխաների օրը ուրախությամբ լցնել։ Ծնողները, դժվարությամբ հայթայթելով ցամաք հացը, երեխաների հետ օրվա հաց էին ուղարկում, միայն թե նրանք չկտրվեն մանկապարտեզից, որտեղ իրենց շատ լավ էին զգում։

Կիսվող մի կտոր հացի հետ մենք վայելում էինք ջերմությամբ ու սիրով լցված մեր օրերը։ Ամեն ինչ մնաց հետևում: Պատերազմը մեզանից խլեց լուսավոր տղաների։ Նրանցից շատերը մանկապարտեզի սաներից էին։ Այսօրվա պես հիշում եմ այդ մանկական հայացքները, որոնք դաջված մնացին իմ հոգու խորքում՝ Եղյան Արսեն, Առստամյան Արսեն, Արամյան Անդրեյ, Սարգսյան Արայիկ, Հայրիյան Սուրեն, Մովսեսյան Արեն, Պետրոսյան Դավիթ․․․

Շրջափակման ժամանակ հետզհետե դժվարանում էին օրերը։ Փողոցներում տեսնում էինք վշտացած դեմքեր, փոքրերի լաց, որոնք այդպես էլ մայրիկներից կոնֆետներ ու պաղպաղակ չստացան:

2020-ի պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել ու Ստեփանակերտում էինք ապրում։ Ստեփանակերտից մինչև Ասկերան 18 կմ էր։ Վառելիքի պակաս կար Արցախում։ Ճանապարհի կեսը ոտքով, կեսը պատահական ավտոմեքենաներով մի կերպ հասնում էի աշխատանքի ու մտածում, թե ինչպես պետք է տուն վերադառնամ, որտեղ ինձ սպասում են 3 անչափահաս երեխաներս: Ու այդպես ամիսներ շարունակ:

Սարսափով է հիշում մեկօրյա պատերազմն իր հետևանքներով

-2023-ի սեպտեմբերի 19-ը ճակատագրական եղավ ամբողջ հայության համար։ 9-ամսյա շրջափակումը, էլեկտրական հովհարային անջատումները և դրանից բխած այլ դժվարին իրավիճակներին հաջորդեց սարսափելի պատերազմը և իր դաժան հետքը թողեց: Սիրտս մղկտում է ցավից, երբ հիշում եմ տեղահանման մասին։ Բոլոր արցախցիների նման մենք նույնպես վառելիքի խնդիր ունեինք։ Սեպտեմբերի 25-ի արհավիրքին անդրադառնալն ինձ համար չափազանց ծանր է։ Փառք Աստծո, ամուսինս, 15-ամյա տղաս ու երկու հարազատ եղբայրներս հրաշքով ողջ մնացին: Երանի բոլորն էլ ողջ մնային։

Սակայն հորեղբորս տղան՝ Արթուրը, մահից փրկվել չկարողացավ։ Նրան գտանք որոշ ժամանակ հետո։ Եղբայրս զինվորական էր՝ օրինակելի, համեստ ու իր կոչմանն անմնացորդ նվիրված։ Սեպտեմբերի 19-ին կորցրել եմ նաև մյուս հորաքրոջս տղային։ Նրա անունը նույնպես Արթուր էր։  Հարազատներին կարոտ զոհվեց, որովհետև ընտանիքը Գորիսում էր, ու շրջափակման պատճառով այդպես էլ չտեսան իրար:

Երբ տղաս՝ Արթուրը, ով սովորում էր 5-րդ դասարանում, լսեց քեռիների մահվան մասին, շատ վշտացավ ու արցունքերի միջից ասաց՝ մա՜մ, լավ տղաներն ինչո՞ւ երկար չեն ապրում։ Պատերազմից օր առաջ էին հանդիպել երեք Արթուրները: Դե՛ արի ու մի՛ խենթացի: Նման հարցեր շատ կծագեն մեր երեխաների մոտ, ափսո՜ս, որ մեծերը պատասխաններ չեն ունենա:

Անահիտի 25 տարվա ծառայությունն ապարդյուն չի անցել

-Տեղահանությունից հետո, ինչպես բոլոր իմ հայրենակիցները, ընտանիքս ևս հայտնվել էր դժվար կացության մեջ։ Ծանր ու անորոշ օրեր էին։ Սակայն Աստված երբեք իր զավակին չի լքում։ ԱՀԱԸ Երևանի մեր գրասենյակը օգնության ձեռք մեկնեց ոչ միայն իր արցախցի աշխատակիցներին, այլ նաև Արցախում գործող ծրագրերի շահառուներից շատերին։

Ներկա դրությամբ աշխատում եմ նույն գրասենյակի հովանավորությամբ <<Հայ կրթություն>> կրթական հիմնադրամի նախակրթարանում՝ որպես մեթոդիստ։

Իմ աշխատանքը կրկին փոքրիկների հետ է։ Նրանց հայացքներում ես փնտրում եմ իմ սաներին․ գուցե այդպես կարողանամ իմ մեջ խեղդել կարոտը, լռեցնել հոգուս ցավը։ Բոլորս սովորել ենք ապրել կարոտով ու հիշողություններով, սակայն երբեք չենք կարող համակերպվել իրականության հետ։

Երախտապարտ եմ կրթահամալիրի հոգեպես մեծահոգի, սրտացավ տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանին, գրասենյակի ներկայացուցիչ պարոն Արեն Դեյիրմենջյանին՝ Արցախի ժողովրդի հանդեպ ցուցաբերած աջակցության, մարդկային վեհ հատկանիշների ու ջերմ վերաբերմունքի համար։

Ազատ ժամերիս ստեղծագործում եմ, ինչի միջոցով կարոտս եմ փարատում, ապրում հիշողություններով։ Նկարելն իմ տարերքն էր միշտ, և նկարելու պահին ես կտրվում եմ ամեն ինչից, սկսում երազել ու պատկերացնել։ Ինչու չէ, պատրաստվում եմ նաև պատվերներ ընդունել ու վաճառքի հանել իմ ձեռքի աշխատանքները։

Արցախահայությանը և ոչ միայն, կոչ եմ անում՝ որպես հայ հավատարիմ մնալ իր սկզբունքների առաքելությանը։ Որտեղ էլ լինենք, ուր էլ գնանք՝ չմոռանանք, որ հայ ենք ծնվել ու պարտավոր ենք միասնական ու միաբան լինել։ Երբեք չհանձնվենք, ունենանք կամքի ուժ, իմաստնություն, միմյանց հանդեպ լինենք անկեղծ, սիրալիր ու հոգատար։ Միայն այդպես կարող ենք աշխարհը փոխել:

Հրաշքներ միշտ էլ լինում են, միայն թե բոլորս օժտված լինենք հոգու բարի պտուղներով։ Հույս, հավատ ու սեր եմ մաղթում իմ ժողովրդին, իսկ աշխարհով մեկ ցրված իմ սաներին ու գործընկերներիս ցանկանում եմ միայն հաջողություններ․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ