«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու, որին կմասնակցեն Արցախի օրենսդիր, գործադիր մարմինների, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: Փորձելու են բարձրաձայնել ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի վերաբերյալ արցախցիների մտահոգություններն ու անվստահությունը։
Հեղինակ՝ naira
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն Արցախում ապրելուն, մեր իրավունքների պաշտպանությանը
Սնեժանա Թամրազյանն Արցախից է։ Նրա ընտանիքը տեղահանությունից հետո հաստատվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Սնեժանան աշխատում է, միաժամանակ ծավալում ակտիվ հասարակական գործունեություն, զբաղվում կամավորական աշխատանքներով։
-Արցախի տեղահանումից հետո հաստատվեցիք Արցախից ավելի մոտիկ մարզում՝ Սյունիքում։ Հե՞շտ էր հարմարվել նոր միջավայրին, ինչպե՞ս հաղթահարեցիք առաջին դժվարությունները։
-Արցախի և Սյունիքի կապը դարերի խորքից է գալիս՝ պատմական, մշակութային, աշխարհագրական առումներով: 2023 թվականի պատերազմի և արցախցիների տեղահանության հետևանքով Սյունիքը դարձել է արցախցիների համար առաջնային ապաստան։ Ես, ինչպես բոլոր արցախցիները, ստիպված եղա հարմարվել նոր պայմաններին, նոր միջավայրին և հաղթահարել բազմաթիվ խնդիրներ։ Մենք ստիպված էինք դիմակայել կորստի զգացողությանը և անկայունության վիճակին: Նոր կյանք սկսելը Սյունիքում մեծ անորոշություն էր առաջացնում՝ կապված ապագայի, աշխատանքի, կրթության և կացարանի հետ:
Հասկանալ, թե ինչպե՞ս առաջ շարժվել, ի՞նչ նպատակներ դնել կամ ի՞նչ ծրագրեր իրականացնել, դժվար էր այդ պայմաններում: Ի՞նչն ինձ օգնեց նորից պայքարել։ Ես հիշեցի իմ ուժեղ կողմերը, Արցախում ունեցած հասարակական փորձս, կազմակերպչական և համառ բնավորությունս։ Հենց դրանք ինձ օգնեցին մարտահրավերների լուծման մեջ: Ես հասկացա, որ ամենակարևորն է գործել, ինչ-որ բանի մասնակցել, ինձ օգտակար զգալ:
Այդ ժամանակ իմացա Կապան համայնքի ղեկավարին կից Երիտասարդական խորհրդի կամավորական ծրագրերի մասին և որոշեցի միանալ ու օգնել արցախցիներիս: Դա ինձ դուրս բերեց անգործության ու անորոշության վիճակից։ Կամավորությունն ու թիմը ինձ համար դարձան վերածննդի մի տեսակ՝ նոր կյանքի սկիզբ:
Հաջորդ մեծ խնդիրը իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելն էր։ Ստացվեց այնպես, որ որպես իրավաբան՝ ես չէի կարող աշխատել դատական համակարգում, քանի որ չունեի ՀՀ քաղաքացիություն: Սա մեծ հիասթափություն էր։ Երբ հասկացա, որ իմ մասնագիտությամբ աշխատելու ճանապարհը փակ էր, որոշեցի այլ ուղղություններով փնտրել աշխատանք, որտեղ կարող էի կիրառել իմ հմտությունները։ Այդ ժամանակ ինձ և շատ այլ արցախցիների աշխատելու հնարավորություն տվեց “ԱԺԴԱՆԱԿ” ՍՊԸ-ն: Աշխատանքի ընդունվելը առաջին հերթին ինձ ապահովեց ֆինանսական կայունությամբ, ինչը մեծ նշանակություն ուներ պատերազմի հետևանքով առաջացած պայմաններում: Սահմանափակումները միայն ժամանակավոր խոչընդոտներ են: Ինձ համար այս ամենը դարձավ շարժիչ ուժ՝ ավելի վճռական դառնալու և իմ նպատակներին հետևելու համար:
–Գիտենք, որ Արցախում ակտիվ հասարակական գործունեություն էիք ծավալում, այստեղ ևս անմասն չէ՞ք մնում։
-Որտեղ էլ ապրեմ, ես արցախցիների, իմ ասկերանցիների հետ եմ։ Հանդիսանում եմ “Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն” ՀԿ-ի ներկայացուցիչը Սյունիքի մարզում։ Երևանում և Կապանում կազմակերպեցինք արտթերապիաներ երեխաների համար։ Դա ոչ միայն դարձավ ինքնարտահայտման և վերականգնման միջոց, այլև ստեղծեց ամուր կապ Արցախի և Կապանի երեխաների միջև։ ՀԿ-ի շրջանակներում կազմակերպում ենք նաև ցուցահանդեսներ, վարպետաց դասեր՝ նպատակ ունենալով ներկայացնել արցախյանը։ Մեծ մարտահրավեր է մեր ինքնության, մեր մշակույթի և ապագայի հանդեպ հավատը պահպանելը։
-Ի՞նչ երազանքներ և նպատակներ ունեք։
-Ինչպես շատերը, ես երազում եմ խաղաղության մասին, բայց խաղաղությունը մեզ համար միայն խաղաղ երկինք չէ. դա հնարավորություն է ապրելու մեր տանը, զարգացնելու մեր համայնքը, կրթվելու, աշխատելու և երազանքները կյանքի կոչելու։ Քանի որ այդ ամենը այս պահին հնարավոր չէ Արցախում, ես դա անում եմ Սյունիքում։ Սյունեցիները մեզ նման գիտեն, թե ինչ է նշանակում դժվարությունները հաղթահարել, կորուստների միջով անցնել և նորից կանգնել ոտքի վրա։ Այս նմանությունը ստիպում է ինձ զգալ, որ Սյունիքում ես օտար չեմ, որ այստեղ մարդիկ հասկանում են մեր ապրումները։
Ես մտահոգ եմ Սյունիքի ապագայի համար։ Չնայած դրան, ես ընտրել եմ այստեղ ապրել։ Ոչ թե պարզապես գոյատևելու, այլ իսկապես ապրելու՝ սովորելու, աշխատելու և իմ ներդրումն ունենալու համար։ Գիտեմ, որ այս հողն ունի իր մարտահրավերները, բայց այն նաև ունի անսահման հնարավորություններ։ Այժմ փորձում եմ վախը վերածել էներգիայի, անորոշությունը՝ նպատակների։
Ես շարունակում եմ աշխատել նաև իմ նպատակի վրա՝ դառնալու իրավաբան, ով կկարողանա իրագործել արդարության սկզբունքները և միջազգային կառույցներում ներկայացնի Արցախը և պաշտպանի մեր ինքնորոշման իրավունքը։
Անկեղծ ասած, վերջերս նկատել եմ, որ կան մարդիկ, ովքեր կոչ են անում դիմել ՄԻԵԴ՝ նյութական վնասների փոխհատուցման հայցով։ Շատերի համար սա կարող է թվալ որպես միակ հնարավորը, բայց ես, որպես իրավաբան և որպես արցախցի, ուզում եմ նշել, որ մենք պետք է ավելի խորապես մտածենք այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ նման դիմումներով։ ՄԻԵԴ-ը կարող է լինելլ մարդու իրավունքների պաշտպանության ու արդարության վերականգնման կարևոր գործիք, սակայն երբ խոսքը վերաբերում է Արցախի հարցին, կարծում եմ, որ մենք պետք է զգույշ լինենք, որ չվտանգենք մեր ազգային շահերը։
Դիմելով ՄԻԵԴ՝ նյութական վնասների փոխհատուցման պահանջով, մենք գործնականում կարող ենք փակել այն հնարավորությունը, որ մի օր կրկին կվերադառնանք մեր տուն, մեր հայրենիք՝ Արցախ։ Մենք կարող ենք դիմել ՄԻԵԴ՝ բարոյական վնասների փոխհատուցման համար՝ նշելով, որ մենք ստիպված էինք լքել մեր տները ՝ ցեղասպանության վտանգի տակ։ Արցախ վերադարձի հարցը պետք է մնա մեր պայքարի կենտրոնում։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն մեր ազգային նպատակներին՝ Արցախում ապրելուն, մեր իրավունքների պաշտպանությանը։
Ինձ համար Արցախի վերադարձը ոչ միայն քաղաքական կամ ռազմական խնդիր է, այլև իրավաբանական: Ես չեմ կորցրել հավատս՝ մի օր մենք կրկին կկարողանանք ապրել Արցախում, վերականգնել մեր հայրենիքը։ Եվ ես հավատում եմ, որ իրավաբանը պետք է լինի պայքարի մաս՝ ստեղծելով այնպիսի իրավական միջավայր, որտեղ մեր ձայնը միշտ կհնչի։
–Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը 2025 թվականից արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած որոշման մասին։
-Վերջերս նաև ամենաքննարկվող թեմաներից է 50000 դրամ աջակցության ծրագրի դադարեցումը։ Ես համաձայն եմ, որ աջակցությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել մեր բնակարանային խնդիրները։ ՀՀ-ում բնակարանների վարձակալման գները բավականին բարձր են, և կառավարության կողմից տրվող 50000 դրամ աջակցությունը չի բավարարում նույնիսկ վճարելու տան մեկ ամսվա վարձավճարը (հատկապես փոքր ընտանիքների համար)։ Չպետք է մոռանալ, որ Արցախում մարդիկ ունեին սեփական տներ, գյուղատնտեսական հողեր, աշխատանք, սեփականություն, որով ապրում էին ինքնաբավ կյանքով։ Այդ տները ոչ միայն ֆիզիկական արժեք ունեին, այլև ընտանեկան ժառանգություն էին։ ժամանակին լիարժեք կյանքով ապրող մարդիկ այսօր ստիպված են ապրել որպես “օգնություն ստացողներ”։
Նոյեմբերի 30-ին կայանալիք հավաքի ժամանակ կուզենայի բարձրաձայնվեր ոչ միայն մեր սոցիալական խնդիրները, այլև քաղաքական հիմնահարցեր, այն է՝ գերիների վերադարձի պահանջ, պահանջ՝ Արցախ վերադառնալու և միասնական քաղաքական օրակարգ մշակելու։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունները:
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի քննությունը։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ, խնդրելով պարզել, արդյո՞ք Սահմանադրությանը համապատասխանում է ՀՀ օրենքը, որով արցախցիների կուտակային միջոցները տեղափոխվել են Հայաստանում գործող կուտակային ֆոնդեր։
Ո՞ւր է գնում ռուբլու փոխարժեքը
Forex արժույթի միջազգային շուկայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 114 ₽. Դոլար/ռուբլի զույգը (USD/RUB) չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 27-ին, աճել է 8,54%-ով՝ 2022 թվականի մարտի 15-ից ի վեր առաջին անգամ աճելով մինչև 114,5 ₽:
Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կազմել է 391.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.31 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.04 դրամ (աճել է 1.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.58 դրամ (նվազել է 0.13 դրամով):
«Ես հավատում եմ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի վերադարձի»
«Ես հավատում եմ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի, հայկական պատմական տարածքների վերադարձի։ Եթե չհավատանք, չենք հասնի դրան, սա եմ սովորեցնում նոր սերնդին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի գործիչներից Վազգեն Սիսլյանը։
Նա անդրարադարձավ Հայաստանի իշխանության այն թեզերին, թե «թույլ ենք ու պարտված, հետեւաբար, պետք է զիջենք»։
«Դա սուտ է, ես համաձայն չեմ, թե մենք թույլ ենք։ 1990-ական թվականներին՝ առաջին պատերազմի ժամանակ, մենք ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, բայց հաղթեցինք այդ պատերազմը։ Այսօր իրավիճակը նույնն է, եթե մենք չդավաճանվենք, միշտ էլ կհաղթենք։ Մենք թույլ չենք, մի ազգ, որը 10 հազարից ավելի տարվա պատմություն ունի, չի կարող թույլ լինել։ Այնպես որ, ովքեր նման բաներ են ասում, ուրիշ ծրագրեր ունեն, որոնք իրագործում են»,- նշեց Սիսլյանը։
Նա նշեց, որ Հայաստանի այսօրվա տարածքը եւս պետք է ազատել ադրբեջանական օկուպացիայից․ «Եթե իշխանություններն ասում են՝ ուժով ու պատերազմով չեն կարող վերցնել մեր տարածքները, ուրեմն պետք է դիվանագիտությամբ հասնենք ամեն ինչի։ Թող դիվանագիտությամբ պահեն, եթե ոչ, պատերազմն է վերջին խնդիրը։ Բայց այս իշխանությունները զիջում են, զիջելը սա է նշանակում՝ կամ թուրք են, թուրքի գործն են անում, կամ էլ վախկոտ են։ Եվ իրենք իրենց վախկոտությունն ուզում են բարդել հայ ժողովրդի վրա»։
«Դուք հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ես չեմ հավատում, թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ։ Խաղաղության պայմանագիրն չի կարող լինել»,- հավելեց նա։
Վազգեն Սիսլյանի խոսքով՝ նախ պետք է հեռանան այս իշխանությունները, որպեսզի հնարավոր լինի այսօրվա իրավիճակը փոխել։ «Պետք է լինեն իշխանություններ, որոնք կաշխատեն ի օգուտ հայրենիքի ու հայ ժողովրդի։ Ես վստահ եմ, որ այսօր 5 կամ 10 գյուղի խնդիր չէ, դրանով սկսվում է։ Ես պատրաստ չեմ հայրենիքը հանձնել, եթե մարդիկ պատրաստ են, դա իրենց պրոբլեմն է»,- ընդգծեց նա՝ կոչ անելով հայ ժողովրդին համախմբվել։
Հայաստանի ԱԳՆ-ն չի պատասխանել արցախցիներին, ստիպված կլինի պատասխան տա տրիբունալի առաջ
Հոկտեմբերի 21-ին Արցախի 60 հասարակական կազմակերպություններ նամակ են հղել Հայաստանի ԱԳՆ, որին այդպես էլ պատասխան չեն ստացել։
Նամակում ասվում է, որ «Հայաստանն ունի բավարար իրավունքներ և պարտավորություններ՝ պաշտպանելու Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ողջ շրջանակը, ինչն ամրագրված է ընդունված փաստաթղթերում՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով»։
Նամակի հեղինակները մատնանշում են Բաքվի և Մոսկվայի նախաձեռնած ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի վերացման գործընթացին Հայաստանի մասնակցության անթույլատրելիությունը։
“ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Ավելին՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերով Հայաստանն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված է”, ասված է նամակի մեջ:
Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանելու ոչինչ չունի արցախցիների օրինական պահանջներին, ինչպես նաև ազգային դավաճանության և հանուն սեփական իշխանության պետական շահերը զոհաբերելու հիմնավոր մեղադրանքներին։
Հայաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաև կառավարող ողջ խ,բակը պետք է պատասխանի այս հարցերին ազգային տրիբունալի առջև, որն առաջնորդվելու է ոչ թե զոմբիացնող պատմություններով, այլ փաստերով։ Իսկ փաստերն անողոք են. խախտվել է Հայաստանի ամբողջականությունը, Սահմանադրությունը, պետության հիմքը, Հայաստանի պարտավորությունները, խարխլվում է ազգային ինքնությունը, Արցախը օկուպացված է, 150 հազար մարդ զրկված է իր հազարամյա հայրենիքից։ Եվ ոչ մի հաջողություն արտաքին քաղաքական ճակատում, ոչ մի այլ փաստարկ, քան «պատերազմից այլ կերպ հնարավոր չէր խուսափել»:
Հայաստանի ԱԳՆ-ն մահացու վախենում է Արցախի ժողովրդի հարցերից. Արարատ Միրզոյանի «քացով տալու» փորձերը՝ հայտարարել, որ «մենք առաջարկել ենք ընդունելի լուծում, բայց Արցախի իշխանություններն իրենք են մարդկանց քշել Հայաստան՝ այնտեղ իշխանափոխություն անելու համար», չեն դիմանում քննադատություններին անգամ հավաբնում։ Ինչպես նաեւ ԱԳՆ կայքից վախկոտորեն ջնջված «Լեռնային Ղարաբաղ» բաժինը և Ֆրանսիային և այլ երկրներին հայանպաստ որոշումներից ետ պահելու նպատակով հրատապ գործուղումները։
Տրիբունալում հարցեր կհնչեն նաև Միրզոյանի այն հայտարարության վերաբերյալ, որ ցեղասպանության հարցը Հայաստանի ԱԳՆ ծրագրում առաջնահերթություն չէ։
Իսկ ո՞րն է առաջնահերթությունը՝ մտնել «ակումբ», որտեղ քեզ մեկ է չեն ընդունում, ցուցադրել թանկարժեք ժամացույցդ։ Արդյո՞ք առաջնահերթություն է շոյել սեփական սնոբիզմը և ձևացնել, թե գիտես մի բան, որը ուրիշները չգիտեն:
Արարատ Միրզոյանը հասկանում է, որ «մեղավորների» հերթում հաջորդն ինքն է լինելու՝ պաշտոնանկ «ուժայինների» հետևից։ Իզուր չէ, որ Փաշինյանը «ջնջեց» արտաքին գործերի նախարարության բոլոր ծառայողական մեքենաները. Ժամանակն է, որ Միրզոյանը նորից վարժվի հասարակական տրանսպորտից օգտվելուն. Թռիչքն ավարտված է։
Վրաստանի նախագահի թեկնածու է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին
Sputnik. Վրաստանի նախագահի թեկնածու է դարձել «Վրացական երազանք»-ի նախկին ֆուտբոլիստ և հարձակվող 53-ամյա Միխեիլ Կավելաշվիլին։ Այս մասին «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
«Ինչպես գիտեք, Վրաստանի խորհրդարանը նշանակել է նախագահական ընտրություններ, որոնք, ըստ Սահմանադրության գործող տարբերակի, անուղղակի կերպով կանցկացվեն դեկտեմբերի 14-ին, Վրաստանի նախագահն ընտրվելու է 300 անդամից բաղկացած ընտրական հանձնաժողովի կողմից, որում մեր քաղաքական կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», ունի ամուր մեծամասնություն՝ հիմնված վրաց ժողովրդի որոշման վրա», – ասել է Իվանիշվիլին։
Ելնելով դրանից՝ ի սկզբանե պարզ է, որ Վրաստանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի «Վրացական երազանքի» կողմից սատարվող թեկնածուն, նշել է նա։
Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։
Հասարակությանը պետք է ասել՝ այս ո՞ւմ եք ընտրել. Արամ Մանուկյան
Այնպես չէ, որ իշխանության թիմում բոլոր հավաքվածները բոմբժ էին կամ սոված էին, նրանց մի մասը քաղաքական դասընթաց է անցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Ինչի՞ են լռում։ Բոլորը զոմբիացել են, կեսը զոմբի է, վախենում են ձեն հանեն, կեսն էլ վարկեր ունի փակելու: Բա դրանց միջի քաղաքացին ու՞ր է, ու՞ր է դրանց մեջի մտավորականը, կարդացածը, համարձակը, երիտասարդը: Վառեկներին տանում են պաշտոնների են նշանակում, ջահելներին տանում են խորհրդարան, հետո ասում են՝ հետ արի, խախտել ես Սահմանադրությունը, մեկը չի ըմբոստանում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ գուցե պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նրանցից յուրաքանչյուրի վրա կոմպրոմատ ունի, Արամ Մանուկյանն ասաց. «Նախկինների վատ փորձը ինքը սովորեց, նախկիններից ինչքան վատ բան կար, ինքը հավաքեց և կիրառում է շանտաժը, վախը, «խնդրանքը»;
Նա ընդգծեց, որ այս թեմաները պոպուլիստական, ծամոններ են, որոնք գցում են ժողովրդին. «Սիրելի ժողովուրդ, հիմնը, դրոշը, այս ամենը մենք վերցրել ենք ոչ թե որպես գեղարվեստական արժեքներ, դա վերցրել ենք որպես պատմական արժեքներ: Ալենի խելքին սա չի հասնում, ես ի՞նչ անեմ, Ինչքա՞ն ասեմ, որ խելքը հասնի, որ դա կարևոր բան է։
Հռչակագրի մասին։ Այս կարգի սրբագույն փաստաթուղթը, որը պետության ծնունդ է, ասում եք՝ պետության չգոյության մասին է: Ինչպիսի՞ լկտիություն պետք է ունենաս, ինչքան ամբարտավան պետք է լինես, ինչքան ցինիկ պետք է լինես, որ քո երկրի ծննդականը համարես երկրի չգոյության պայման։ Եվ մարդ շվարում է, մոլորում է, ինչպե՞ս կարելի է այս տգիտության դեմը առնել։ Տգիտությունը ավելի հզոր զենք է, քան բանակը։
Մեր խնդիրն է հասարակությանը հասկացնել, որ այս ո՞ւմ եք ընտրել, հայ ժողովուրդ, ձեր թքած թուքը մի օր լիզելու եք, թե չէ։ Մի օր ինքներդ ձեր խղճի առաջ նստելու եք ասել՝ այս ի՞նչ եմ արել, այս ում բերեցինք, այս ի՞նչ չարիք բերեցինք մեր երկրի գլխին։ Մի՞թե այսպես փորձանքը կարող է ղեկավարել երկիրը»,- հայտարարեց Արամ Մանուկյանը, որը 1990-ին ընթերցել է Անկախության հռչակագիրը:
Նինայի վերջին եթերը
Շրջափակման ընթացքում լուսավոր լուրեր հայտնելը դժվար էր, սղություն էր թե՛ խանութներում, թե՛ լրահոսում։
Արցախի հանրային ռադիոյի առավոտյան եթերները հաղորդավարները կիսասոված էին վարում, արդեն 9 ամիս։
Սեպտեմբերի 19-ի եթերը Նինա Հայրապետյանն էր վարում։
«Պիտի 8 ։30 ուղիղ եթեր մտնեի, բարի լույս մաղթեի մեր հայրենակիցներին։ Հիմա չեմ էլ հիշում՝ այդքան վաղ ինչ նորություններ եմ կարդացել, հիշում եմ միայն 13։00-ի նորությունները»,-ասում է Նինան։
Բայց մինչեւ անցնելը տարածաշրջանային լրահոսին, արդեն օդում պատերազմի հոտ կար։ Ներքին լուրերը սեւ շշուկի պես շրջում էին՝ նորի՞ց պատերազմ։
«Տաղավարից լսում էի գործընկերներիս անհանգիստ ձայները՝ -դպրոցներից երեխաներին ուղարկում են տուն, -Կալցեվոյում զինվորականներ են, բոլորը շտապում են դեպի շտաբ, -նորից համար մեկ է…»,- հիշում է Նինան։
Համար մեկը այդ օրերի համար սովորական երևույթ էր արդեն։ Զանգեց ամուսնուն, որ ուժային կառույցներից մեկում էր աշխատում, չպատասխանեց։ Սկսվեց «Արցախ լրատվականի» ամփոփ թողարկումը։
Ու թեեւ քաղաքում շատերն էին անհանգիստ, պաշտոնական լրահոսն ավելի խաղաղ էր եւ սթափության կոչեր էր անում։
-Դե ինչպես միշտ, սկզբից ՊՆ-ի հերքումներն էին, հետո արդեն ԿԳՄՍ նախարարության լուրը, որ Հանրապետության շրջանների և մայրաքաղաքի բոլոր դպրոցներում պարապմունքներն ընթանում են բնականոն հունով։ Նախարարությունը հորդորում էր խուճապային տրամադրությունների չտրվել։ Եթերում էլ էր լսվում, թե ինչքան լարված եմ,- պատմում է Նինան եւ ավելացնում, որ լարվածությունն ամենեւին կապ չուներ ուղիղ եթերի հետ։
Վիդեո- վերջին եթերը
Ինչպես երեւում է տեսանյությում Նինան միայն իր ձայնն է լսում եւ պատերազմի առաջին որոտները տաղավարում հասու չեն իրեն։
«Չգիտեմ ու չեմ պատկերացնում՝ ինչ կհաղորդեի ռադիոլսողներին, եթե Ստեփանակերտը ռմբակոծող ձայները ռադիոյի տաղավարում ինձ հասնեին։ Գործընկերներս սկսեցին ձեռքերով հասկացնել, որ պետք է դադարեցնել եթերը։ Ես մտածում էի, որ ռադիոյի շենքում է ինչ-որ միջադեպ եղել, կարդացի եղանակի տեսությունը` սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 17-21 աստիճան տաքություն։ Սկսվեց իմ տեսած երկրորդ պատերազմը»,- ասում է Նինան։
Ինչպես 44-օրյայի ժամանակ, այնպես էլ ուղիղ մեկ տարի առաջ երկինքը խավարվեց այդքան հնչող արկերից, արեւոտ ջերմ եղանակ եւ ամենուր խուճապահար մարդիկ, որ փնտրում էին ապաստարաններ, գոնե ֆիզիկապես փրկվելու համար։
Սպասու՞մ էինք պատերազմի։
-Մենք հասկանում էինք, որ 9 ամիս ձգվող, ավելի խստացվող շրջափակումը, պաշարումը ինչ-որ ձևով պիտի հանգուցալուծվեր։ Եթե այդ հարցը փաստաթղթերով, իրավական նորմերով ու կանոնակարգերով լուծվող լիներ, գուցե մենք չիմանայինք էլ՝ ինչ է նշանակում պաշարում,- աում է Նինան, ով լավ էր տեսնում այդ պաշարման դժվարությունները եւ օրեցօր սեղմվող օղակը։
Ու որքան էլ ծանոթ է թվում պատերազմը, այնքան՝ ատելի։
Նինան պատմում է, որ անհանգիստ էր քրոջ համար, ով այդ պահին դպրոցում պետք է լիներ։ Զանգել հնարավո չէր, որոշ ժամանակ անց միայն մայրը կարողացավ կապվել ապաստարանից ու ասել, որ ինքն ու քույրը ապահով են։
Պատերազմների ժամանակ կանայք ապաստարաններում կարող էն ապահով լինել, բայց տղամարդիկ՝ միշտ վտանգի մեջ են։
«Հայրս այնտեղ էր, որտեղ բոլոր տղամարդիկ էին՝ ծառայության։ Ամուսնուս չեմ զանգել։ Չգիտեմ վախեցել եմ, որ չի պատասխանելու, թե՞ որ կխանգարեմ»,- այսպես հաճախ են մտածել կանայք, ոմանք լսել, ոմանք էլ այդպես կարոտ մնացել իրենց ամուսինների, որդիների, հարազատների զանգերին։
-Մտածում էի ամուսնուս և նրա նման հարյուրավոր տղաների մասին․․․ Նրանք ապաստարանում չեն, ի՞նչ են հիմա նրանք տեսնում իրենց գլխավերևում, այդպես մտածելով բարձրացա երրորդ հարկ։ Գիշերը իմացա, որ Արսենը ողջ է։ Պատերազմը մեկ վայրկյանով կանգ առավ ինձ համար,- հիշում է Նինան։
Սեպտեմբերի 20-ի առավոտյան լույս կար միայն կառավարության շենքում։ Նինան հիշում է, որ ընկերուհու հետ «փրկություն էին փնտրում» համացանցում, բայց․ «այդպես էլ չգտա լուր այն մասին, որ մեզ կփրկեն, որ 120 հազար հայ չի կարող հենց այնպես բոլորի աչքի առաջ անհետանալ այս աշխարհից, ցեղասպանվել»,- ասում է նա։
Թվացյալ փրկությունը եկավ Եվլախում պայմանավորվածությունից հետո, բայց նույնիսկ այդ ժաանակ հնարավոր չէր պատկերացնել, թե ինչ է սպասվում հետո։
Իսկ հետո մեր աչքի առաջ փլուցվեց մի փոքրիկ պետություն, մեզ հարազատ քաղաքները վերափոխվեցին, գունազրկվեցին, այրիացան։
«Թվացյալ զինադադարից հետո շատ եմ քայլել Ստեփանակերտի փողոցներով, ուզում էի աշխարհի ամենասիրուն քաղաքից կարոտս առնել, նորից տեսնել, զգալ, շնչել ամենամաքուր օդը։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը մի հավերժություն էր թվում և այդ հավերժությունը փոխեց նաև իմ քաղաքի գույները։ Դրանք արդեն այդքան վառ չէին, ամեն ինչ մոխրագույն էր թվում։ Իմ ծննդավայրը, իմ Ստեփանակերտը այլևս նույնը չէր, այլևս իմը չէր», ստեփանակերտյան վերջին հուշերն է պատմում Նինան։
Նորից կտեսնե՞նք մեր Արցախը, այս հարցին դժվարանում է պատասխանել, բայց վստահ է, որ ոչ սին հույսերով պիտի չխաբենք մեզ։
«Գուցե անհրաժեշտ կլինի սպասել տասնամյակներ։ Ինձ սփոփում է միայն հավատը, որ զենքով ու գիտելիքով զինվելը միայն կարող է մեզ վերադարձնել Արցախ»,- ասում է արցախի հանրային ռադիոյի լրագրող-հաղորդավարը, հավատով, որ մի օր Արցախից լավ լուրեր կհաղորդի։
Մարիամ Սարգսյան
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է (տեղ-տեղ առկա է մերկասառույց): Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։
Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Գավառ, Մարտունի, Սևան, Սիսիան քաղաքներում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։