Զորակոչից խուսափելու մեջ մեղադրվող արցախցի Ալեն Եղիշյանն արդարացվեց

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի այսօրվա դատավճռով արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ալենի պես հարյուրավոր արցախցիներ, որոնք որևէ պատճառով երբևէ հաշվառվել են Հայաստանում, այժմ շարունակում են լինել ապօրինի քրեական վարույթների զոհ, անհարկի հետախուզվում և անգամ արտերկրից արտաքսվում Հայաստան։

Բայց և այնպես, պետք է արձանագրել, որ հենց Հայաստանի իշխանությունն է մեզ օտարերկրացիներ կամ քաղաքացիություն չունեցողներ համարել, իսկ օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցողը ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտականություն չի կրում։

Եվ քանի որ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ կարող է լինել միայն զինծառայողը, իսկ զինծառայող էլ՝ բացառապես ՀՀ քաղաքացին, հետևաբար զինվորական հանցագործությունների մեջ մեղադրվող ցանկացած արցախցու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում ապօրինի է»,- գրել է փաստաբանը։

Ռուսները դեմ են պայմանագրի հապճեպ կնքմանը. դեռ ոչ բոլոր հայերն են արտաքսվել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս ասել է, որ Մոսկվան, ի տարբերություն «արևմտյան կեղծ միջնորդների», չի մղում Հայաստանին և Ադրբեջանին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու։ Լավրովն ընդգծել է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց հաշվի առնելու Բաքվի և Երևանի դիրքորոշումները, ինչպես նաև տեղում իրողությունները, կստեղծի լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր։

Ինչո՞ւ Մոսկվան շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի «հապճեպ» կնքմամբ։ Վարդան Օսկանյանը, օրինակ, ասում է, որ Մոսկվան ցանկանում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը շարունակվի և հայերը վերադառնան Արցախ, բնականաբար, ռուսական զորքերի պաշտպանության ներքո։

Բայց իրականում Մոսկվան պետք է մինչեւ վերջ կատարի իր ծրագիրը, և պայմանագիրը կարող է խանգարել։ Ռուսաստանը դեռ պետք է Փաշինյանի կառավարությունից ստանա ճիշտ նույն հրամանագիրը, որը Սամվել Շահրամանյանը ստորագրել էր մեկ տարի առաջ։

Ռուսաստանը Արցախում փորձարկեց պետությունը «լուծարելու» նոր մեթոդ և այժմ փորձում է այն իրականացնել Աբխազիայում։ Սուխումն արդեն անցել է ճանապարհի մեծ մասը. օրինական ընտրված նախագահը հրաժարական է տվել, ընդդիմությունը Մոսկվայի հետ «դաշինքի» տրամադրություն չունի, և մնում է միայն շրջափակում կազմակերպել, որպեսզի ժամանակավոր կառավարությունը հրամանագիր ստորագրի Հանրապետության «լուծարման»մասին։ Արդեն խոսվում է, որ շուտով Աբխազիայում կսկսվի էներգետիկ ճգնաժամ։

Մոսկվան կավարտի Աբխազիայի օպերացիան և կտեղափոխվի Հայաստան, ավելի ճիշտ՝ արդեն անցել է։

Հայաստանի իշխող խումբը ակտիվորեն աշխատում է Երրորդ Հանրապետությունը վարկաբեկելու և ազգային պետության հիմքերը քայքայելու ուղղությամբ։ Իսկ վերջին հրաժարականները պետք է Մոսկվային, Թրամփին և մյուս «բռնապետներին» ցույց տան, որ Փաշինյանը թույլիկ դեմոկրատ չէ, այլ միանձնյա է որոշում Հայաստանի բոլոր հարցերը, այնպես որ կարող եք խոսել միայն նրա հետ։

Փաշինյանը միայն մեկ պայման է առաջ քաշում հանրապետության լուծարման համար՝ իշխանության պահպանում։ Եվ Մոսկվան ամեն կերպ աջակցում է նրան։ Կասկածից վեր է, որ նա կաջակցի նաև Փաշինյանի հակառակորդների անօրինական ունեցվածքը ազգայնացնելու հեղափոխական կոմիտեների ստեղծմանը։ Հայաստանի ընդդիմությունը կկործանվի և կվճարի 2021 թվականի հունիսին ստանձնած դերի համար.

Արցախյան սցենարը պետք է տարածվի ողջ Հայաստանի վրա՝ լուծարվում են պետական ​​մարմինները, զինաթափվում է բանակը, օկուպացվում  են պապենական հողերը, իսկ բնակչությունը՝ արտաքսվում։

Խաղաղության «պայմանագիրը», իհարկե, չի կարող խափանել Մոսկվայի ծրագրերը, բայց դա լրացուցիչ գլխացավանք կդառնա։

Բունդեսվերը գերմանական բիզնեսը նախապատրաստում է Ռուսաստանի հետ պատերազմին

Բունդեսվերը սկսել է բացատրական աշխատանք տանել Գերմանիայի խոշորագույն ընկերությունների հետ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ, եւ դա հիմնված է Գերմանիայի կառավարության գաղտնի ծրագրի վրա, երեքշաբթի գրում է Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա խոսքով, փաստաթղթի սկզբնական տարբերակը, որը կոչվում է «Գերմանական օպերատիվ պլան», պարունակում է մոտ 1000 էջ։ Այն թվարկում է կառույցներն ու ենթակառուցվածքները, որոնք պաշտպանության կարիք ունեն պատերազմի դեպքում: Այն նաև պարունակում է հրահանգներ, թե ինչ պետք է անել ՆԱՏՕ-ի արևելյան թևում ռուսական զորավարժություններից առաջացող պաշտպանության կամ լարվածության դեպքում, երբ Գերմանիան պետք է դառնա հարյուր հազարավոր զինվորների լոգիստիկ հանգույց՝ սարքավորումներ և դեղամիջոցներ մատակարարելու համար:

Ըստ FAZ-ի, Համբուրգի Առևտրի պալատում վերջերս կայացած հանդիպման ժամանակ զինվորականներն ուղղակիորեն զրուցել են բիզնեսի ներկայացուցիչների հետ և, ի թիվս այլ բաների, խորհուրդ են տվել, որ յուրաքանչյուր 100 աշխատակցին վերապատրաստեն առնվազն հինգ լրացուցիչ բեռնատարի վարորդ: Համբուրգ նահանգի հրամանատար, փոխգնդապետ Յորն Պլիշկեն նաև ընկերություններին խորհուրդ է տվել ձգտել ինքնավարության, օրինակ՝ օգտագործել դիզելային գեներատորներ կամ սեփական հողմային տուրբիններ, կազմել արտակարգ իրավիճակների մանրամասն ծրագիր և համոզվել, որ անձնակազմը գիտի, թե ինչ անել:

Համբուրգում, գրում է FAZ-ը, ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել Բունդեսվերի ներկայացուցչի հետ, որտեղ նա տվել է «բացարձակապես կոնկրետ հարցեր», օրինակ՝ ի՞նչ պետք է անել, եթե դաշնակից զորքերը անցնեն  քաղաքով և ինչ, եթե Էլբա գետը արգելափակվի, երկաթուղային ցանցը գրոհված է, և լույսի բացակայության պատճառով խանութները չեն կարող բացվել։

Պլիշկեի խոսքով՝ բիզնեսի ներկայացուցիչների հետ նման հանդիպումներ անցկացվում են ողջ Գերմանիայում։ Բունդեսվերը հայտնել է, որ բոլոր տարածաշրջանային հրամանատարություններին հանձնարարված է իրականացնել այդ խնդիրները։ «Ռուսաստանն արդեն սկսել է պատրաստվել պատերազմի»,- վստահ է Պլիշկեն։ Նա գնահատում է հետախուզական տվյալների հիման վրա, որ չորսից հինգ տարի հետո Ռուսաստանը պատրաստ կլինի հետագա հարձակման Արևմուտքում։

Frankfurter Allgemeine Zeitung-ը նշում է, որ «Գերմանիայի օպերատիվ պլանը» դեռ չի ավարտվել և կհամալրվի քաղաքացիական կառույցների և Բունդեսվերի համատեղ զորավարժությունների արդյունքներով, որոնք կոդային «Կարմիր փոթորիկ Բրավո» են կոչվում: Այս զորավարժությունների առաջին փուլի ընթացքում (Կարմիր փոթորիկ Ալֆա) իրականացվել է նավահանգստային օբյեկտների պաշտպանություն՝ կանխելու հետախուզական և դիվերսիոն փորձերը։ Երկրորդ փուլը, ինչպես գրում է թերթը, շատ ավելի ծավալուն է լինելու։

Բաքուն Հաագայի դատարան է ներկայացրել ՀՀ-ի կողմից Արցախի էներգետիկ ռեսուրսների օգտագործման մասին “ապացույց””

Սարսանգ, 2023-ի օգոստոս

Բաքուն նոյեմբերի 19-ին Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթն է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ դատարանին մանրամասներ են ներկայացրել էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի բազմաթիվ խախտումների մասին՝ նշելով, որ սա 2023-ի փետրվարի 27-ի հայցադիմումի տրամաբանական զարգացումն է։

Բաքուն նշել է, թե «Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի 30 տարիների ընթացքում թույլ չի տվել Ադրբեջանին մուտք գործել կամ զարգացնել այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսները՝ այդ ռեսուրսներն օգտագործելով իր օգտին»։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե կշարունակի փոխհատուցում պահանջել այդ խախտումների համար։

Հասկանալի է, թե ինչու Օսկանյանը. ավելի լավ «մաքրիչ» հնարավոր չէ գտնել

Միջազգային իրավունքի փորձագետներն ակնարկում են, որ այն ուղղությունը, որով գնում է հայ ժողովրդը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները և Արցախի իրավասուբյեկտությունը, ի սկզբանե անպտուղ է։ Խոսքը «էթնիկ զտումներ» և «վերադարձի իրավունք» հասկացությունների մասին է, որոնք միջազգային քաղաքական իրավունքի լիարժեք կատեգորիաներ չեն։

Հայաստանի իշխանությունները դեմ են բռնատեղահանված արցախցիների վերադարձին, ասում է ընդդիմությունը։ Իսկ ինչի՞ է ձգտում ընդդիմությունը՝ իր արցախյան հատվածով հանդերձ։

Արցախի ամբողջական օկուպացումից, ցեղասպանությունից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո ստեղծվեց «Օսկանյանի կոմիտե», որը, ստանալով Արցախի խորհրդարանի մի քանի խմբակցությունների մանդատը, “պարտավորվեց” համակարգել արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունները։ Կոմիտեն ակտիվ գործունեություն ծավալեց և կարողացավ ներգրավել որոշակի լոբբիստական ​​շրջանակներ՝ արդյունավետորեն «մենաշնորհելով» արցախցիների իրավունքների պաշտպանության տարածքը։ Բայց “Օսկանյանի կոմիտեի” գործունեությունը ուղղված չէ Արցախի օկուպացիայի, ուժային  «կարգավորման» անթույլատրելիության, ցեղասպանության միջոցով տեղահանության (ինչը ճանաչեց Լեմկինի ինստիտուտը) ճանաչմանը, ոչ էլ հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքի ճանաչմանը, միջազգային երաշխիքների ներգրավելուն, այն ուղղված է բացառապես «էթնիկ զտումների» և «վերադարձի իրավունքի» ճանաչմանը:

Մենք արդեն նշել ենք, որ վերջիններս միջազգային իրավունքի կատեգորիաներ չեն։ Այդ դեպքում ինչո՞ւ միջազգային իրավունքի բոլոր կատեգորիաներից ընտրվեցին հենց այսները։

Օսկանյանը կշտամբում է Հայաստանի իշխանությանը այն բանի համար, որ արցախցիների վերադարձի իրավունքը քաղաքական մակարդակով լոբբինգ չի արվում, թեև դա կլինի «իրողությունների» և Արցախի օկուպացիայի ճանաչում։ Միևնույն ժամանակ, Օսկանյանը միտումնավոր չի նախատում Փաշինյանի կառավարությանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու, ռուսական զորքեր մտցնելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը տորպեդահարելու և ՄԱԿ-ի բանաձևերը խափանելու համար։ Օսկանյանը այս հարցերում համամիտ է Փաշինյանի հետ, նա միայն ցանկանում է, որ արցախցիները վերադառնան Արցախ, ցանկալի է՝ ռուս խաղաղապահների հովանու ներքո։

Օրերս նա հրապարակել է հերթական «կրակոտ» տեսանյութը, որտեղ պնդում է, որ Պուտինն ու Թրամփը կողմ են Արցախի ժողովրդի վերադարձին։ Ավելին, նա ասում է, որ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, թե Ռուսաստանը չի ցանկանում հապճեպ համաձայնագրի ստորագրում Երևանի և Բաքվի միջև, պայմանավորված է նրանով, որ Մոսկվան ուզում է շարունակել նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հասնել արցախցիների վերադարձին։

10 տարի Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Օսկանյանը բոլորի աչքին թոզ էր փչում՝ Արցախը Հայաստանի կողմից «օկուպացված» անվանելով և բանակցային ձևաչափից Արցախը դուրս մղելով։ Իսկ նախարարի պաշտոնից հրաժարականից հետո նրա ողջ գործունեությունն ուղղված էր կեղծ օրակարգեր հորինելուն, որոնց շուրջ նա ներգրավում էր հայկական լոբբիստական ​​ուժերին, շեղելով նրանց քաղաքական օրինական պահանջներից և հայերի իրավունքների պաշտպանումից։

Այժմ նա ամեն կերպ փորձում է կանխել հայաստանյան քաղաքական և իրավական տարածքում հայկական իրավունքների և օրինական պահանջների պաշտպանության կենտրոնների ձևավորումը՝ ազգային էներգիան ուղղորդելով անպտուղ ուղղությամբ։

Սա արվում է շատ կոնկրետ արտաքին ու ներքաղաքական պատվերով՝ նպատակ ունենալով վերջնականապես փակել ոչ միայն Արցախի, այլեւ Հայկական հարցը։ «Ազգային պետություն» հասկացությունը խորթ է սփյուռքի բազմաթիվ բնիկների համար, որտեղ կյանքը կառուցված է համայնքային օրենքներով, և միշտ կա մետրոպոլիա:

Վարդան Օսկանյանը Փաշինյանի ստվերային արտաքին գործերի նախարարն է, ամենակեղտոտ գործն անող «մաքրիչը»։

Մենք գործ ունենք պետական հեղաշրջմանը հավասարազոր հակասահմանադրական գործողությունների հետ. հայտարարություն

Հայտարարություն-ահազանգ
Պետական լծակների չարաշահմամբ հայության մեջ թշնամական՝ ապազգային, հակաիրավական տրամադրությունների տարածումը անհրաժեշտ է դարձնում հասարակական- քաղաքական լայն շերտերի անհապաղ արձագանքը:

1990թ․ օգոստոսի 23-ին ընդունված հայոց պետականության հիմնարար փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի դեմ ոտնձգությունները ուղղված են հայ ժողովրդի բարձրագույն արժեքների դեմ: Դրանք հանգեցնելու են Հայաստանի ինքնիշխանության եւ միջազգային կարգավիճակի նսեմացմանը, որի հետեւանքով մենք ակամա հայտնվելու ենք թշնամական ուժերի շարունակական թելադրանքի դաշտում:

Համակերպվել այս ազգադավ գործողությունների տրամաբանությանը կնշանակի, ոչ միայն հրաժարվել պետական ինքնիշխանությունից, այլեւ բնականոն համարել հետագա սերունդների ազգային ինքնության կորուստը եւ անխուսափելի ուծացումը։

Քաղաքակիրթ աշխարհից մեկուսացման եւ օրեցօր ծանրացող սոցիալական վիճակի պայմաններում Հայաստանի քաղաքացիներին պարտադրվում է մոռանալ արդարության եւ ճշմարտության կարեւորության մասին եւ ապրել միջազգային իրավունքով արգելված պատերազմի սպառնալիքի մթնոլորտում։

Խաղաղության երաշխիք կարող է լինել արդարությունը՝ այն բարձրագույն արժեք համարող միջազգային հանրության հետ հարաբերությունների սերտացմամբ, եւ երբեք՝ միակողմանի զիջումների՝ պարտվողականության քաղաքականությունը:

Մենք գործ ունենք պետական հեղաշրջմանը հավասարազոր հակասահմանադրական գործողությունների հետ, ինչը ՀՀ բոլոր քաղաքացիներին, պետական, քաղաքական եւ հանրային կառույցներին պարտավորեցնում է հանուն մեր ժողովրդի արդար իրավունքների ի մի գալ եւ կանխել Հայաստանում 1921 թ․ ռուս-թուրքական ապօրինի պայմանագրով թելադրված իրավիճակի վերականգնումն ու «օրինականացումը»։

 

«Ազգային Ժողովրդավարական Բևեռ» համահայկական կուսակցություն

«Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցություն

«Արդարություն» կուսակցություն

«Համերաշխություն» կուսակցություն

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն

 

«Անահիտ» պատմամշակութային, երիտասարդության ՀԿ

«Արժանապատիվ ազատամարտիկների միավորում» ՀԿ, նախագահ Վոլոդյա Ավետիսյան

«Դէպի Բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ, նախագահ Վրէժ Զատիկյան

«Զարթոնք» գաղափարաքաղաքական ակումբ

«Զարթոնք» քաղաքացիական հասարակություն ՀԿ

«Ծնողազուրկ երեխաների հիմնադրամ» ՀԿ, նախագահ Կարինե Ստեփանյան

«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորում, նախագահ Ալբերտ Բազեյան

«Հանուն Հադրութի» ՀԿ, նախագահ Լևոն Հայրյան

«Պետությունը հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Սուսաննա Գրիգորյան

 

Ալբերտ Բաղդասարյան – 1990 – 95թթ․ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր

Ալիկ Ասատրյան – գեղանկարիչ

Աշոտ Հակոբյան – հոգեբան

Արայիկ Պապիկյան – փաստաբան

Արամ քահանա Գալստյան

Գրիգոր Բարսեղյան – մաթեմատիկական գիտութ. Դոկտոր֊պրոֆեսոր

Դավիթ Գյուլզադյան – լեզվաբան

Զարուհի Մուրադյան – գեղանկարիչ

Հասմիկ Մովսիսյան – երաժշտագետ

Մարի Առաքելյան – բանաստեղծուհի

Մեխակ Գաբրիելյան – 1990-95թթ․ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր

Նիկա Բաբայան – երաժշտական պրոդյուսեր

Ոսկան Սարգսյան – լրագրող

Պետրոս Մակեյան – քաղաքական գործիչ

Ռաֆիկ Հովակիմյան – Իգոր Մուրադյան հիմնադրամի նախագահ

Ռուբեն Կարապետյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դեսպան

Սուսաննա Ավանեսյան – նկարչուհի

Վահան Արծրունի – երգահան, երգիչ

Վանո Դադոյան – հայկական բանահյուսության մեկնաբան

Վարդան Հայկազյան – բնագետ, կենսաբան

Տիգրան Կյուրեղյան – 1990-95թթ․ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր

19.11.2024թ.

 

Հայտարարությունը բաց է միանալու համար.

Հայ վարորդները երրորդ օրն է կանգնած են սահմանին․ իշխանություններից ոչ մի արձագանք (տեսանյութ)

Հարյուրավոր հայկական բեռնատարներ կանգնած են Իրանի և Հայաստանի սահմանին Իրանի որոշման պատճառով․ Թեհրանը, բարձրացնելով դիզվառելիքի գները, ստիպում է հայ վարորդներին լիցքավորել լրիվ բաքը։

Վարորդներից մեկը տեսաուղերձում ասել է, որ հայ վարորդներն արդեն երեք օր է՝ կանգնած են տեղում, և երկրի ղեկավարության կողմից արձագանք չկա։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ աշխատանքից ազատվել էր Հայաստանի մաքսային ծառայության պետ Ռուստամ Բադասյանը՝ այլ ուժայինների հետ միասին։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր Ագարակի անցակետում «խայտառակ» իրավիճակի մասին.

Սեւակ անունով վարորդն ասում է, որ Իրանը հսկիչ-անցագրային կետերում դիզվառելիքը թանկացրել է մինչեւ 9 հազար դրամի և ստիպում է հայ վարորդներին լիցքավորել ամբողջ բաքը, իսկ իրանական քարտերով վճարելիս 20 լիտրի գինը հասնում է 10,2 հազար դրամի, չնայած նույն վառելիքը 2 հազարով կարելի է այլ տեղից գնել։

Ըստ վարորդների՝ նման կանոն միշտ էլ եղել է, բայց մինչ այժմ իրենց թույլ էին տալիս թերի բաքով անցնել սահմանը, եւ դիզվառելիքի գինն էլ տանելի էր։ Այժմ վարորդները գումար չունեն լիքը բաքը լցնելու համար։

Բանը հասնում է նրան, որ վարորդները հանում են իրենց բաքը և ամրացնում 20 լիտրանոց տարա, որպեսզի կարողանան վարել «լիքը բաքով»:

Հայաստանի իշխանությունները դեռևս չեն արձագանքել ստեղծված իրավիճակին, թեև ակնհայտ է, որ միայն պետական ​​մակարդակով է հնարավոր խնդիրը լուծել։

«Կիևն առաջին հարվածն է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին»․ “РБК-Украина”

Անցած գիշեր ուկրաինական զորքերը արևմտյան արտադրության ATACMS բալիստիկ հրթիռներով առաջին հարվածներն են հասցրել Ռուսաստանի տարածքին, հաղորդում է “РБК-Украина” գործակալությունը՝ պնդելով, որ հարվածի թիրախում են եղել Բրյանսկի մարզի Կարաչյով քաղաքում գտնվող զինապահեստները։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, «նախանշված թիրախները հաջողությամբ խոցվել են»։

Կարաչյովը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 130 կիլոմետր հեռավորության վրա։

Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, կիրակի օրը հաղորդեցին, թե Բայդենի վարչակազմը թույլ է տվել ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։

Կիևն ու Վաշինգտոնը չեն հաստատել տեղեկությունները։

Մոսկվան հայտարարել է, որ «արևմտյան հրթիռներով հարվածները կդիտարկվեն որպես ՆԱՏՕ-ի հարձակում»։

Միգրացիայի ծառայությունը չի ուսումնասիրել արցախցիների վերաբերյալ Գերմանիայի դատարանի որոշումը

Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանն օրերս որոշում էր ընդունել, որ արցախցիները քաղաքացիություն չունեցող անձինք են եւ չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ իրենց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում։

Այսօր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը» խորագրով ֆորումի ժամանակ հարց ուղղվեց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանին՝ սա կարո՞ղ է նախադեպ դառնել, եւ ԵՄ անդամ երկրները ապաստան տրամադրեն արցախցիներին, միգրացիայի տեսանկյունից ի՞նչ ազդեցություն կունենա այս որոշումը։

Աննա Մակարյանն ասաց, որ այս որոշման վերաբերյալ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում դեռ պաշտոնական տեսակետ չկա, քննարկումները շարունակվում են։ «Բայց քաղաքացիություն չունեցողի կարգավիճակին վստահ չի հաջորդում փախստականի կարգավիճակը, որովհետեւ դրանք լրիվ տարբեր իրավական կարգավորումներ են։ Պարտադիր չէ, որ քաղաքացիություն չունեցողը հետո դիմի փախստականի կարգավիճակի համար, մարդը կարող է տարիներով չդիմել»,- ասաց նա։

Ըստ Մակարյանի՝ այո, այս որոշմամբ նշել են, որ մարդը ծագման երկիր վերադառնալու հնարավորություն չունի, բայց եվրոպական երկրներից շատերը, երբ մարդիկ գնացել են «հանձնվելու», ասել են՝ դուք արդեն Հայաստանից ունեք պաշտպանություն, վերադարձեք ձեր իսկ պաշտպանության երկիրը։

«Իրականում դեռեւս այս որոշման հիմքը չենք ուսումնասիրել, բայց նույն Գերմանիայից նախորդ տարվա հունվար ամիսն ունեինք ընտանիք, որին ասել էին՝ դուք Հայաստանում պաշտպանություն ունեք, հետ գնացեք Հայաստան։ Եվ այդ ընտանիքին հետ էին ուղարկել Հայաստան։ Դեռեւս սա միակ որոշումն է, եթե վիզա ստանալն ու այնտեղ հասնելը պետք է նախադեպային լինի բոլորի համար, ուրեմն պետք է իրենք սկսեն վիզաները բաժանել, ասել՝ համեցեք, մենք ձեզ կարգավիճակ կտանք։ Իսկ մենք գիտենք, որ վիզա տրամադրելը մի փոքր բարդ է»,- հավելեց Աննա Մակարյանը:

Հոգեբանական աջակցության նոր նախաձեռնություն՝ Արցախի երիտասարդության համար

Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում մեկնարկել է հոգեբանական հանդիպումների շարք, որի նպատակն է աջակցել երիտասարդներին իրենց ներքին պայքարների հաղթահարման և հոգևոր-հոգեբանական գիտելիքների հարստացման գործում։

Առաջին հանդիպման մանրամասներ

Հանդիպումների շարքի առաջին միջոցառումը կազմակերպվել էր Արցախի թեմի երիտասարդաց միության և «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի համագործակցությամբ՝ «Մարդու ներքին պայքարները և դրանց հոգեբանական հիմքերը» թեմայով։ Դասախոսությամբ հանդես եկավ «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, հոգեբան Արթուր Եղիազարյանը։

Առաջին հանդիպման ընթացքում քննարկվել էին Աստվածաշնչյան տեսանկյունից ներքին պայքարների գաղափարը և հոգևոր փորձառության կիրառությունը։ Երկրորդ հանդիպումը, որը տեղի ունեցավ վերջերս, անդրադարձավ թեմային՝ արդեն հոգեբանական մոտեցմամբ։

Ինտերակտիվ մեթոդաբանություն

Միջոցառումները աչքի են ընկել հետաքրքիր և ինտերակտիվ մեթոդներով, ներառյալ հոգեբանական խաղեր, թեստեր և անձնական փորձառության պատմություններ։ Սա թույլ տվեց մասնակիցներին ոչ միայն գիտելիքներ ձեռք բերել, այլև անդրադառնալ սեփական ներքին ապրումներին ու խնդիրներին։

Մասնակիցների արձագանքը

Երիտասարդները մասնակցեցին միջոցառումներին մեծ սպասումներով։ Նրանց հիմնական ակնկալիքն էր ավելի խորը հասկանալ իրենց ներքին պայքարները, ինչպես նաև զարգացնել ինքնաճանաչման և կայուն հոգեբանական որոշումներ կայացնելու հմտությունները։

Հաջորդ հանդիպումը

Միջոցառումների շարքը շարունակական բնույթ է կրում։ Հաջորդ հանդիպումը կկայանա ս.թ. նոյեմբերի 29-ին, ժամը 18:30-ին, հասցե՝ Բաղրամյան 59գ։ Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել առցանց՝ լրացնելով հայտը։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է երիտասարդության հոգևոր և հոգեբանական զարգացման համար՝ համատեղելով հոգևոր և գիտական մոտեցումները՝ ներքին կայունության հասնելու նպատակով։

Տաթև Ազիզյան

Պուտինը հաստատել է նորացված ռուսական միջուկային դոկտրինը Բայդենի հրթիռային որոշումից հետո

BBC

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմքերը։ Նա միջուկային դոկտրինում փոփոխությունների մասին հայտարարեց դեռ ամռանը։ Նրա հրամանագիրը հնչել է այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ նախագահը լիազորել է Ուկրաինային ԱՄՆ-ի հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը:

Փաստաթուղթը ստորագրելով՝ Պուտինը հաստատեց այն սկզբունքը, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել՝ ի պատասխան իր կամ Բելառուսի դեմ ագրեսիայի՝ նույնիսկ սովորական զենքերի օգտագործմամբ, որոնք սպառնում են ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Ռազմական կոալիցիայի ցանկացած պետության ագրեսիան Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ համարվում է ագրեսիա ամբողջ կոալիցիայի կողմից, մեջբերում է Ինտերֆաքս փաստաթուղթը։

Պուտինի կողմից հաստատված պետական ​​քաղաքականության սկզբունքներում նշվում է նաև, որ ոչ միջուկային պետության կողմից միջուկային պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ Ռուսաստանի դեմ ագրեսիան համարվում է համատեղ հարձակում։

Միջուկային զսպումը կկիրառվի, երբ պոտենցիալ հակառակորդը տեղակայի հակաօդային պաշտպանության համակարգեր, միջին և ավելի կարճ հեռահարության հրթիռներ, ճշգրիտ ոչ միջուկային զենքեր և հարձակողական անօդաչու սարքեր, ասվում է փաստաթղթում։

Պոտենցիալ հակառակորդի կողմից Ռուսաստանի սահմանների մոտ լայնածավալ զորավարժությունների պլանավորումն ու անցկացումը ճանաչվել է որպես ևս մեկ սպառնալիք, որի դեմ իրականացվում է միջուկային զսպում։

Գոյություն ունեցող ռազմական կոալիցիաների ստեղծումը կամ ընդլայնումը, որոնք ենթակառուցվածքները մոտեցնում են Ռուսաստանին, նույնպես կհամարվեն միջուկային զսպման ենթակա սպառնալիք: Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը միջուկային զենքի կիրառման հնարավորությունը համարում է ծայրահեղ և հարկադիր միջոց։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանել է Ռուսաստանի տարածքում ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով հարվածելու արգելքը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղուց թույլտվություն է խնդրում արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին։

Պուտինը չի մեկնաբանել որոշումը, որիմասին Վաշինգտոնը պաշտոնապես չի հայտարարել։ Բայց նա հրամանագիր է ստորագրել միջուկային դոկտրինի վերաբերյալ։

Ինչ կարժենա տրանսպորտը Երեւանում

Միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հանրային տրանսպորտից օգտվողների համար առաջարկվող արտոնությունների փաթեթում հատուկ արտոնություն չկա Արցախից տեղահանավածների համար, այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ նկատեց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությա անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Արտոնությունների փաթեթը նիստում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էր ներկայացնում։

Գրիգորյանն արձագանքեց՝ նշելով, թե իշխանությունն աջակցության բազմաթիվ ծրագրեր իրականացնում է նրանց համար։

Միասնական տոմսային համակարգը կներդրվի հունվարին՝ 171 նոր ավտոբուսների ուղեգծեր մտնելուն պես։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 1-ից 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա տոմսային փաթեթը, 23 հազար 600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։ Մեկ փաթեթից կարող է օգտվել միայն մեկ քաղաքացի:

«Հունվարի 1-ից հանրային տրանսպորտի ոլորտում տհաճ անակնկալ է լինելու երևանցիների և մարզերից մայրաքաղաք եկած քաղաքացիների համար։ Փաստերի ճնշման արդյունքում քաղաքային իշխանություններն ընդունում են, որ քաղաքային տրանսպորտի ոլորտում կա ստվերային շրջանառություն։ Տարբեր հաշվարկներով այդ ստվերն օրական կազմում է 80 000 դոլար կամ տարեկան մոտ 30 մլն դոլար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն 6 տարի է` երկրում իշխանություն է, բայց ստվերի հարցում կրավորական կեցվածք է ընդունել։ Սա կասկածներ է առաջացնում, որ իրենք անձնական շահագրգռվածություն ունեն այդ հարցում»,- ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ պետք է նորմալ բարեփոխումներն անել տրանսպորտային համակարգում, հետո միայն հասկանալ, թե որքան է պետք բյուջեից հատկացնել որպես դոտացիա, որ գինը չթանկանա։
Սուքիասյանը շեշտեց՝ օրական 50 000 ուղևորի կանխավարկածն ու այժմ տրամադրվող դոտացիայի չափը թույլ է տալիս եզրակացնել, որ միանգամյա ուղևորափոխադրման ինքնարժեքը 60-65 դրամ է։
Սուքիասյանն ընդգծեց՝ դա հնարավորություն է տալիս գինը պահել 100 դրամի սահմաններում ու ժամանակի ընթացքում լրացնել ավտոբուսների պարկը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ կառաջարկվի։
1 տարի տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար ուղևորը պետք է վճարի 90 000 դրամ, 90 օր անսահմանափակ քանակությամբ տրանսպորտից օգտվելը քաղաքացու համար կարժենա 24 հազար դրամ, 1 ամսվա անսահմանափակ երթերը կլինեն 9000 դրամ։ Հասարակական տրանսպորտից ավելի քիչ օգտվողների համար քաղաքապետարանը սահմանափակ փաթեթներ է առաջարկում․ օրինակ 1 օրվա ընթացքում 8 անգամ տրանսպորտից օգտվելու համար պետք է 900 դրամ վճարել կամ էլ 300 դրամ տալ և 90 րոպեի ընթացքում 3 անգամ տրանսպորտից օգտվել։
Նշենք, որ ըստ նախագծի` Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։