Թրամփը Հայաստանն անվանեց Ալբանիա, իսկ Տեր-Պետրոսյանը Նիկոլին՝ Հայաստանի փաշա

Ես լուծել եմ պատերազմներ, որոնք հնարավոր չէր դադարեցնել։ Ադրբեջան և Ալբանիա (նկատի ունենալով Հայաստանը – խմբ.): Այն տևեց շատ, շատ տարիներ: Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իմ գրասենյակում էին (Հայաստանի – խմբ.) վարչապետը և (Ադրբեջանի – խմբ.) նախագահը: Նրանք նստած էին միմյանցից հեռու, և ես ասացի. «Եկեք գրկախառնվենք և խաղաղություն կնքենք»: Մենք միևնույն է լուծել ենք այդ խնդիրը»,- նշել է Թրամփը:

«Նիկոլը ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին», – Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Էջմիածնում հոգևոր հավաքի ժամկետներն ու բովանդակությունն են քննարկում:

«Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին հոխորտացել է, որ չի հրաժարվելու Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու սպառնալիքից», – Ֆեյսբուքում գրել է է Տեր-Պետրոսյանը։

Նիդեռլանդները, Իռլանդիան, Սլովենիան և Իսպանիան կբոյկոտեն «Եվրատեսիլ 2026»-ը, եթե Իսրայելը մասնակցի

BBC-ն հաղորդում է, որ Նիդեռլանդները դարձել է չորրորդ երկիրը, որը սպառնում է բոյկոտել 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը, եթե Իսրայելին թույլատրվի մասնակցել։

Հոլանդական հանրային հեռարձակող AvroTros-ի տվյալներով՝ հեռարձակողը հաշվի է առել Գազայում սպանված լրագրողների մեծ թիվը՝ որոշելով բոյկոտել 2026 թվականի մրցույթը։

2023 թվականի հոկտեմբերին պատերազմի սկսվելուց ի վեր Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է գրեթե 200-ի։

Ավելի վաղ Իռլանդիան, Սլովենիան և Իսպանիան հայտարարել էին մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ ի նշան Գազայում Իսրայելի կողմից պատերազմի դեմ բողոքի։

«Թրամփի ուղի». «Խաղաղ ճանապարհը» իրատեսական չի թվում

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հայտնում են, որ սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի է ունեցել հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի ներկայացուցիչ Սարդար Քըլըչի միջև բանակցությունների վեցերորդ փուլը։

Ոչ մի կոնկրետ պայմանավորվածություն կամ ժամկետ չի նշվել։

Ինչպես հայտնել են արտաքին գործերի նախարարությունները, որոշվել է արագացնել սահմանային անցակետերի բացման գործընթացը, սկսել Կարս-Գյումրու երկաթուղային գծի և էլեկտրական միջկապի վերականգնման և շահագործման հանձնման տեխնիկական աշխատանքները։ Կողմերը համաձայնել են մշակել ակադեմիական և մշակութային նախագծեր։ Մասնավորապես, դա վերաբերում է ուսանողներին կրթաթոշակների տրամադրմանը և Մետաքսի ճանապարհի կամրջի (Անի) համատեղ վերականգնմանը։

Բացի այդ, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները համաձայնության են եկել 2026 թվականի ամռանից նոր չվերթների բացման նախապատրաստական ​​աշխատանքների վերաբերյալ՝ օդային երթևեկությունը ընդլայնելու համար։ Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը առանց նախապայմանների։

Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչը ոտքով հատել է Հայաստանի սահմանը՝ Մարգարայի անցակետի կամրջով։ Նա Հայաստանում մնացել է ընդամենը մի քանի ժամ, որից հետո նույն ճանապարհով վերադարձել։

Միաժամանակ, ԱՄՆ պատվիրակությունն է գտնվում Հայաստանում, որը քննարկում էր «Թրամփի ճանապարհը»։ Քըլըչի ժամանման պահին ամերիկյան պատվիրակությունը այցելում էր Ծիծեռնակաբերդ։ Պատվիրակությունը ևս քննարկել է ճանապարհին վերաբերող հարցեր, սակայն որևէ կոնկրետ պայմանավորվածություն նույնպես չի հայտարարվել։ Միայն այն, որ ԱՄՆ-ն Հայաստանին 145 մլն․ գումար կտրամադրի։

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է անցկացվել, որը նախաձեռնել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները։ Մասնակիցների խոսքով՝ Թուրքիայի քաղաքականությունը 100 տարի շարունակ չի փոխվել, նրանք պատրաստ չեն Հայաստանի հետ երկխոսության առանց նախապայմանների։

Ցուցարարները պաստառներ էին պահում, որոնք հիշեցնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին։

Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ «խաղաղություն» և «Թրամփի ճանապարհ» չի լինի առնվազն մինչև հաջորդ տարվա հունիսին կայանալիք ընտրությունները, և Վաշինգտոնում համաձայնագրերը ստորագրվել են միայն Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ապագա ընտրություններում ապահովելու համար։

Այն փաստը, որ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը «խաղաղ» կերպով իրականացնելու համար նախադրյալներ չկան, վկայում է նաև Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումը։

«Անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ. Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն է կառավարում Հայաստանի երկաթուղային ցանցերը, ռուս սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքում, որտեղ ենթադրաբար կանցնի նշված երթուղին», – նշել է Մարիա Զախարովան։

Իր հերթին, ինչպես գրում է The Jamestown Foundation-ը, Իրանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Հայաստանի հետ սահմանին արտաքին միջամտության բացասական հետևանքներով:

«Իրանը կենտրոնանում է Թրամփի երթուղու վերաբերյալ երեք հարցի վրա: Նախ, Իրանը ակնկալում է, որ Նախիջևան տանող ցանկացած ուղի պետք է գտնվի Իրան-Հայաստան սահմանից որքան հնարավոր է հեռու: Երկրորդ, Իրանը ցանկանում է երաշխիքներ, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրի համար որևէ խոչընդոտ կամ սահմանափակում չի լինի դեպի Հայաստան տանող իր ճանապարհի և «Թրամփի ճանապարհի» հատման կետում: Ինժեներական տեսանկյունից, անցուղի կամ ստորգետնյա անցուղի կառուցելը կարող է մեղմել այս մտահոգությունը: Երրորդ, Իրանը ընդգծել է, որ երթուղին պետք է լինի Հայաստանի իրավասության ներքո: Թեհրանը ցանկանում է երաշխիքներ, որ ԱՄՆ TRIPP-ի մոնիթորինգը և ստուգումը չեն տարածվի Իրան-Հայաստան տարանցիկ երթուղու վրա: Իրանը, հավանաբար, չի համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացումը օգտակար, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի սերտ կապերը Իսրայելի հետ», – գրում է The Jamestown Foundation-ը:

Այս իրավիճակը ենթադրում է, որ նույնիսկ Հայաստանի կառավարության ներկայիս դիրքորոշման և հայ հասարակության պասիվության պայմաններում «Թրամփի ճանապարհը» հնարավոր է ավելի շուտ ուժային, քան խաղաղ միջոցներով:

ԵՄ աջակցությամբ ստեղծվել են արցախցիների կարիքները հասցեագրելու 4 համայնքային խորհուրդներ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքները հասցեագրելու և նրանց աջակցելու համար Հայաստանի տարածքում կգործեն 4 համայնքային խորհուրդներ։ Համայնքային խորհուրդներն ստեղծվում են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից, որը սեպտեմբերի սկզբին մեկնարկել է փախստականների համայնքային խորհուրդների ձևավորման գործընթացը։

Չորս համայնքային խորհուրդները կգործեն Երևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Դիլիջանում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար լայն աշխարհագրական ծածկույթ:

Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Տաթևիկ Խուդինյանը հանդիպել է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և քննարկել խորհուրդների  ձևավորման  հետագա քայլերը։

Համայնքային խորհուրդների հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ապահովել անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և ռեսուրսներով՝ իրենց առջև ծառացած մարտահրավերներն ինքնուրույն հասցեագրելու, իրենց շահերն արդյունավետորեն ներկայացնելու և իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալու համար։

Համայնքային խորհուրդները կգործարկվեն հետևալ կառույցների կողմից․ Երևանում՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, Գյումրիում՝ «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն» ՀԿ, Եղեգնաձորում՝ «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ և Դիլիջանում՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։

Համայնքային խորհուրդները կազմակերպելու են ամսական հանդիպումներ, որոնց ընթացքում ընտրված անդամները կքննարկեն փախստականների խնդիրներն ու կարիքները, կներկայացնեն խնդիրների լուծման տարբերակներ։ Անդամակցությունը ՀԽ-ներին կամավոր հիմունքներով է, ինչը տեղական ժողովրդավարությունը խթանելու և փախստականների ձայները լսելու դարձնելու արդյունավետ եղանակ է:

«Տեղահանվածների ներգրավվածությունը իրենց վերաբերող խնդիրների հասցեագրման հարցում խիստ կարևոր է, և այս առումով միջազգային աջակցությամբ համայնքային խորհուրդների ձևավորումը անհրաժեշտ և ողջունելի քայլ է, այն իրական հնարավորություն է տեղահանվածների համար քննարկելու տարաբնույթ հարցեր և առաջարկներ ներկայացնելու որոշում կայացնող անձանց և կառույցներին», – նշել է Արտակ Բեգլարյանը՝ «Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության միություն» կազմակերպության նախագահը։

Յուրաքանչյուր խորհուրդ ունի նաև ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն, որը նախատեսված է տարբեր նախաձեռնություններ իրականացնելու և համայնքային խնդիրները հասցեագրելու համար։ Խորհուրդները գործելու են երկու տարի ժամկետով, անդամակցությունը կամավոր է և նախատեսված է մեկ տարվա համար, իսկ գործունեությունը պետք է իրականացվի քաղաքականապես չեզոք սկզբունքով։

Ծրագիրը հոգում է նաև ճանապարհածախսի փոխհատուցումը, ինչի շնորհիվ հնարավոր է մասնակցել հանդիպումներին նաև այն դեպքում, երբ մասնակիցները բնակվում են նշված համայնքներից դուրս։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

«Այս թուղթը բացառապես Ադրբեջանի եւ Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում»

«Այս թուղթը բացառապես Ադրբեջանի եւ Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում եւ ուժի սպառնալիքի տակ պարտադրված տեքստ է»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրարդառնալով Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթին։

«Փաստաթուղթը, որը ներկայացվել է, ասում են՝ նաեւ Ադրբեջանի նկատմամբ է պահանջներ դրվում։ Ին՞չ պահանջներ է դրվում Ադրբեջանի նկատմամբ, հարգել Հայաստանի ինքնիշխանությո՞ւնը, չեն հարգում։ Թանաքը չչորացած՝ չեն հարգում, ո՞նց եք ապահովելու էդ հարգանքը։ Էդ թուղթը, որը դուք ներկայացնում եք, թե Ավետարանից բացի գրված ամենակարեւոր տեքստն է, հասկանում եք, չէ՞, որ դա Հայաստանի համար որեւէ խնդիր դրական լուծման չի բերում։ Իրականում սա ուժի սպառնալիքի տակ պարտադրված տեքստ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը գնացել է դրան, որովհետեւ իրեն չեն հետաքրքրում հայկական շահերը, իրեն հետաքրքրում է միայն իր վերընտրության խնդիրը, որ ինքը վեր կենա, ասի՝ ես խոստացել եմ խաղաղություն, ահա այն ստորագրությունը, որը կա։ Եվ դրա համար ինքը պատրաստ է հայկական բոլոր շահերը ոտնահարել։ Դրա համար ինքը չասաց՝ դե ուրեմն բաց տեքստով գրեք, որ Հայաստանն էլ ուղիղ անխոչըդնոտ անցում է ստանում Ադրբեջանի տարածքով, Թուրքիայի տարածքով։ Հայ գերիների վերադարձի հարցը չբարձրացվեց, չասաց՝ չի կարելի միջամտել ներքին գործերին եւ պահանջել Սահմանադրության փոփոխություն ուժի սպառնալիքով։ Արդյոք դա միջամտություն չէ՞, որ Արդբեջանն ասում է՝ ընդդիմությանը թույլ չենք տալու ինչ-որ ռեւանշիստական քայլ անել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

«Հայաստան» խմբակցության պատգաամավոր Քրիստինե Վարդանյանն էլ ասաց․ «Այս փաստաթղթով Ադրբեջանը փակել է Արցախի հարցը, առաջին փաստաթուղթն է, որտեղ որեւէ իրավունք Արցախի վերաբերյալ, որից ծագել է կոնֆլիկտը, չի ամրագրվել։ Հայցերից ամենակարեւորը, որով Ադրբեջանի ղեկավարը մեղադրվում է Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար, պարտավորվել են հետ կանչել։ Պարտավորվել են երրորդ երկրների ուժեր չտեղակայել Հայաստանում, գերիներին վերադարձի կետ չի ամրագրվել, զորքերը հետ քաշելու կետ չի ամրագրվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծաման գործընթաց է սկսվել։ Ադրբեջանն ամրագրել է ռեւանշիզմի դեմ պայքարի կետը։ Հիմա ձեզ պարզ հարց ենք տալիս՝ Ադրբեջանն ամրագրել է այն բոլոր կետերը, որոնք ուզել է, դուք ի՞նչ կետ եք ուզել ամրագրել, որ չեք կարողացել։ Մենք բացահայտում արեցինք՝ 5 անգամ փորձել եք ամրագրել քարտեզ, որով տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, թե որ ուրագծով ճանաչվի, չեք կարողացել։ Ուզեցել եք միջազգային մեխանիզմ ամրագրել, չեք կարողացել»։

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այս թղթում ամրգարել են, թե կողմերը զերծ են մնում միմյանց նկատմամբ ատելություն տարածելուց, որեւէ թշնամական գործողությունից։ «Մեզ «հիվանդ» անվանելը էս թղթի տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է, թե՞ չի տեղավորվում։ Դուք պայմանավորվել եք հայցերը հետ քաշել, Ադրբեջանում գերիների դատավարությունը եւ Հայաստանին փաստացի դատելը էդ տրամաբանության մեջ է, թե՞ ոչ։ Քանի՞ անգամ է Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» ասել, Ադրբեջանն ասում է, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են «Զանգեզուրի միջանցք», այլ երկրների ղեկավարներն ասում են, մեզ ասում են՝ դուք մի ասեք։ Մենք ջայլամներ ենք, եկեք գլուխներս մտցնենք ավազի մեջ»,- նշեց նա։

Քրիստինե Վարդանյանը նաեւ հարցադրում հնչեցրեց․ «Քըլըչը ինչո՞ւ է Հայաստան եկել հենց այս պայմանագրի նախաստորագրումից հետո, կարո՞ղ է բավարարվել է Թուրքիայի նախապայմանը»։

 

Սերդար Քըլըչը Հայաստան է ժամանել Մարգարայի անցակետով

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանեց Հայաստան։
Մարգարա անցակետում նրան դիմավորեց Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Քըլըչը մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում։

Մինչ Հայաստան գալը նշելով «Զանգեզուրի միջանցքի» գործունեության կարևորությունը՝ Քըլըչը ասել է.

«Այս հաղորդակցության գիծը հատկապես կարևոր է։ Զանգեզուրի գիծը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների համար՝ նոր հնարավորություններ բացելու առումով։ Թուրքիայի նախագահի հանձնարարականներին համապատասխան՝ կարճաժամկետ հեռանկարում ցանկանում ենք բացել այդ գիծը և նպաստել երկու երկրների տնտեսություններին, մասնավորապես՝ Իգդիրի և Կարսի զարգացմանը»։

ԱՄՆ-ն 145 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանում «Թրամփի ճանապարհը» հարթելու համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կարևորությանը: Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:

Ռուսաստանը կարող է պատրաստվել գրավել Սուվալկիի միջանցքը

Լեհաստանը ակտիվորեն պատրաստվում է Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիային: Ռուսական անօդաչու սարքերի Լեհաստանի տարածք ներխուժումից և ռուս-բելառուսական «Արևմուտք – 2025» զորավարժությունների ֆոնին, Վարշավան 40 հազար զինվոր է տեղափոխում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահման, հաղորդում է TVP-ն: Իր հերթին, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան օգնության համար կուղարկեն Rafale և Eurofighter կործանիչներ, իսկ Նիդեռլանդները կտրամադրի երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ:

Այս միջոցառումները ուղեկցում են «Արևմուտք – 2025» լայնածավալ զորավարժությունների մեկնարկին, որոնք կսկսվեն ուրբաթ և կտևեն մինչև սեպտեմբերի 16-ը:

Զորավարժությունների ընթացքում Ռուսաստանը և Բելառուսը կփորձարկեն միջուկային զենքի և հրթիռային համակարգերի, այդ թվում՝ «Օրեշնիկի» կիրառման գործողություններ:

Վարշավան մտահոգություն է հայտնում այս զորավարժությունների ենթադրյալ նպատակների վերաբերյալ, որոնք կարող են ներառել Սուվալկիի ճեղքը գրավելու փորձեր՝ ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածք, որը կապում է Լեհաստանը Լիտվայի հետ:

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին նշել է, որ զորավարժությունների սցենարը ագրեսիվ տեսք ունի և նման է հարևան երկրների վրա Ռուսաստանի նախորդ հարձակումների նախապատրաստական ​​աշխատանքներին, ինչպիսիք էին 2008 թվականին Վրաստան և 2022 թվականին Ուկրաինա ներխուժումները։

Իր հերթին, Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը նշել է, որ լեհական բանակը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները վաղուց են պատրաստվում նման զորավարժությունների և արդեն անցկացրել են զորավարժություններ, որոնց մասնակցել է ավելի քան 30,000 զինծառայող։

Լեհաստանն արդեն փակել է Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը և սկսել է ռազմական տեխնիկայի տեղափոխումը սահման։

«Диалог.UA»

ՀՀ խորհրդարանի խոսնակը արդարացնում է Ալիևի ցեղասպանական գործողությունները

Ադրբեջանցիներն ունեն իրենց վերքերը, Ադրբեջանում հավատում են, չեմ ասում՝ սա ճիշտ է, թե ոչ, բայց նրանք կարծում են, որ Հայաստանը 30 տարի օկուպացիայի տակ է պահել իրենց երկրի տարածքի 20%-ը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Մեկ շաբաթ առաջ Ալեն Սիմոնյանը այցելել է Ղրղզստանում գտնվող Չինգիզ Այթմատովի թանգարան և հիշել, որ նա է շրջանառության մեջ դրել «մանկուրտ» բառը։ Սիմոնյանը անտարբեր չէ այս բառի նկատմամբ. երկու ամիս առաջ նա լրագրողներին է անվանել մանկուրտներ։ Ըստ երևույթին, այս բառը նրա համար ցավոտ ախտորոշում է, որը նա անհաջող փորձում է թաքցնել ցինիզմով։

Մանկուրտ Սիմոնյանը, ով լավ հիշում է, որ «ադրբեջանցիները վերքեր ունեն», չի հիշում, որ 100 տարի շարունակ հայ ժողովուրդը կոտորվել է թուրքերի կողմից և վտարվել իր հայրենիքի 9/10-ից, որ Նախիջևանը հայաթափվել է դեռևս Հայաստանի անկախության հռչակումից առաջ, և որ 30 տարի Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի աջակցությամբ դիմադրած հայկական Արցախը ենթարկվել է ցեղասպանության և օկուպացվել ընդամենը 2 տարի առաջ։ Իսկ Ալեն Սիմոնյանը անձամբ մեղադրել է արցախցիներին իրենց հողը լքելու և այնտեղ չմնալու ու չմեռնելու մեջ։

Այժմ Ալեն Սիմոնյանը բացահայտորեն արդարացնում է Ալիևի ցեղասպանական գործողությունները այն փաստով, որ «հայերը 30 տարի օկուպացրել են ադրբեջանական հողերը»։ Ճիշտ այնպես, ինչպես թուրքերը հայերի ցեղասպանությունն արդարացնում են այն փաստով, որ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ հայերը «անցել են թշնամու կողմը», չնայած հայերը պարզապես ցանկանում էին ապրել իրենց հազարամյա հողում։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար կարևոր է կանխել ցանկացած ապագա սպառնալիք և թույլ չտալ, ասենք, 50 կամ 100 տարի հետո… Ամեն ինչ կարող է պատահել», – նշել է Ալեն Սիմոնյանը։

Իսկ մի՞թե Հայաստանի համար կարևոր չէ կանխել սպառնալիքը։ Թե՞ հայերը դատապարտված են հավերժական ցեղասպանության՝ մինչև վերջին հային։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում Ալեն Սիմոնյանը և նրա թիմը, որպեսզի Հայաստանը կարողանա դիմադրել սպառնալիքի դեպքում։ Չնայած այս կառավարության «դիմադրությունը»՝ բանակի, սահմանների, ադրբեջանցիներ «սպանողների» վերացումն է։

«Լարվածություն կա, վերքերը թարմ են։ Ւ՞նչ է, մենք մարդկանց չե՞նք սպանել։ Մարդիկ չե՞ն մահացել ադրբեջանական կողմից», – վրդովվել է Սիմոնյանը։

Մնում է միայն գտնել «մարդասպաններին» և արտահանձնել Հունգարիա։ Այնտեղ մարդասպաններին լավ են դատում, արդար, հետո ուղարկում Բաքու։

 

Արցախյան գեղեցկուհին պարեց Արցախի մասին

Կրկին անգամ հնչեց Արցախի ձայնը:

Մեր հայրենակից Արփինե Հարությունյանը պատվով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ քաղաքում անցկացվող «Рождённая побеждать!» ամենամյա միջազգային գեղեցկության մրցույթում և արժանանալով «Սպորտի թագուհի» տիտղոսին:

Մրցույթին մասնակցում  էին հենաշարժողական խնդիրներ ունեցող կանայք և աղջիկներ Ռուսաստանից ու այլ երկրներից:

“Ավարտվեց իմ կյանքի ևս մեկ գեղեցիկ էջ։ Շատերդ հետաքրքրվում եք մրցույթի արդյունքներով․ իրականում սա դասական մրցույթ չէր՝ չկային հաղթողներ կամ պարտվողներ։ Մենք՝ 12 մասնակից աղջիկներս, յուրաքանչյուրս արժանացանք տարբեր նոմինացիաների։ Արվեստից հեռու լինելով՝ մասնակցեցի «Рожденная побеждать» մրցույթին, որտեղ պետք էր անհատական համար պատրաստել։ Ես ընտրեցի պարը, որովհետև փոքրիկ Արփինեն՝ Արցախի Կոլխոզաշեն գյուղում միշտ երազում էր, որ գյուղում պարի խմբակ լիներ։ Չգիտեի ինչպես կստացվի, բայց ունեի միայն մեկ միտք․ այդ փոքրիկ առիթով, որտեղ պետք է լինեին հարյուրավոր մարդիկ, որոնց մեջ նաև պետական այրեր, ես պետք է իմ պարով «խոսեի» Արցախի մասին, «խոսեի» իմ ամենախաղաղ օրերից, որոնք ընդհատվեցին ամենադաժան ձևով։ Խնդրում եմ խիստ չդատել», ասաց Արփինեն:

Արսեն Աղաջանյան

Միացեք փախստականների համայնքային խորհուրդներին

Արցախցիների խնդիրների լուծմամբ և մեր ձայնի բարձրացմամբ հետաքրքրված տեղահանված անձինք կարող են դիմել այս երևանյան խորհրդին միանալու համար, որը ստեղծվում է ԵՄ-ի ու ՓՀԷԽ-ի միջազգային աջակցությամբ:
Հ.Գ. այս խորհուրդը կապ չունի Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ, թեև չի բացառվում այս մարմինների համագործակցությունը:
Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում հրավիրում ենք Արցախից (Լեռնային Ղարաբաղից) տեղահանված անձանց միանալու Երևանում փախստականների համայնքային խորհուրդներին (ՀԽ)։
Երևանում ձևավորվող համայնքային խորհուրդը հյուրընկալվում և գործարկվում է Արցախ Միության կողմից, և այդ խորհրդին կարող են անդամակցել ինչպես Երևանում, այնպես էլ հարակից մարզերում բնակվող տեղահանվածները։
Կարող եք միանալ Երևանում ձևավորվող համայնքային խորհրդին՝ լրացնելով ստորև ներկայացված հայտադիմումը՝
Դիմելու վերջնաժամկետն է՝ 2025 թ․ սեպտեմբերի 23-ը։

Եղիշե Մելիքյանը կփորձի Հենրիխ Մխիթարյանին վերադարձնել Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մտադիր է մեկնել Իտալիա և անձամբ հանդիպել ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Մելիքյանը այս մասին հայտարարել է Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում։

«Ես հաճախ եմ շփվում Հենրիխ Մխիթարյանի հետ, այսօր էլ խոսել եմ նրա հետ։ Կարծում եմ՝ պետք է գնամ Իտալիա և անձամբ խոսեմ նրա հետ։ Անպայման կփորձեմ դա անել (Մխիթարյանին վերադարձնել ազգային հավաքական – խմբ.)։ Դեռ չգիտեմ նրա կարծիքը այս հարցի վերաբերյալ», – ասել է Մելիքյանը։