Կոստանյան. Հայաստանի Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի կետ չէ

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն համաձայնեցրել խաղաղության պայմանագրի տեքստը, լրագրողներին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Այս պահին համաձայնագրի բոլոր կետերի վերաբերյալ վերջնական համաձայնություն չկա»,- ասաց Կոստանյանը։

Չհամաձայնեցված կետերի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի կետ չէ։

Նա նշել է, որ նախորդ անգամ Հայաստանը 16 կետից բաղկացած փաթեթ է փոխանցել Ադրբեջանին։
Ներկայումս, ըստ նրա, ԱԳ նախարարի կամ պետությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Բայց հայկական կողմը շահագրգռված է ինտենսիվացնել հանդիպումները՝ համաձայնագրի կետերի շուրջ պայմանավորվածությունը շուտափույթ ավարտին հասցնելու համար։

Կոստանյանը նշել է, որ Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին մեկնելու վերաբերյալ որոշում չկա։

Նոյեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Երեւանը խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից։

Բանակից՝ սահմանապահներ. այսուհետ կարելի է պայմանագիր կնքել նաեւ ԱԱԾ-ի հետ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշեց ԱԱԾ-ում ներդնել պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք:

Ներկայումս ԱԱԾ սահմանապահ զորքերում զգալի թվով պարտադիր ժամկետային զինծառայողներ ցանկություն են հայտնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնելու պայմանագրային զինվորական ծառայության։ Վերջիններս հաճախ տեղափոխվում են ՀՀ զինված ուժեր՝ հետագա պայմանագրային ծառայությունը շարունակելու նպատակով։

Բացի այդ, Սահմանապահ զորքերը ՊՆ-ից փուլային տարբերակով ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ է լինելու հավելյալ անձնակազմ, որը կարող է լրացվել նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի կիրառմամբ։

Թրամփը, Անդրանիկ Քոչարյանը եւ 44-օրյա պատերազմի բանալին

Հայաստանյան «էլիտա»-ում տեղի ունեցող «գործընթացներում» սկսվում է ուրվագծվել «պատասխանատվության առանցքը»։

Այսօր հայաստանյան ԶԼՄ-ները գրել են, որ Անդրանիկ Քոչարյանի ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցը հետաձգվել է։ Դու մի ասա, դա կապված է 44-օրյա պատերազմի մասիn նրա պատրաստված զեկույցի հետ։

Թերթերից մեկը գրել է, որ Քոչարյանն իբր ասել է, թե իրեն հեռացնելը մեծ հարված կլինի ՔՊ-ին եւ հիշեցրել, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը դեռ ներկայացված չէ: Քոչարյանը խոստացել էր, որ հոկտեմբերին հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի և ԱԺ նիստ կհրավիրվի, սակայն չի կատարել խոստումը:

44-օրյա պատերազմի մասին զեկույցը պատասխանատվության հարց է պարունակում, եւ թեկուզ փորձեր է արվում ամբողջ պատասխանատվությունը բարդել բանակի, արցախցիների, “11 հազար դասալիքների”, Արցախի “ռուսամետ” ղեկավարության վրա, նույնիսկ հավերին է պարզ, որ դա անլուրջ է։ Եւ որպեսզի պատասխանատուն հանկարծ Փաշինյանի կառավարությունը չլինի, պետք են “գլոբալ” պատասխանատուներ, բայց ոչ Ռուսաստանն ու Թուրքիան։

Որքանո՞վ է այս ամենը կապված ԱՄՆ նախագահական ընտրություններ հետ։ Կապն ակնհայտ է․ չէ որ Քոչարյանին հանկարծ «հետաձգել են» Թրամփի ընտրվելուց հետո։

Թրամփը սերտորեն կապված է 44-օրյա պատերազմի հետ։ Չէ որ նրա նախագահության օրոք է տեղի ունեցել «ուժային լուծումը», իսկ Թրամփը, ինչպես ասում է Ուկրաինայի նախագահ Զելենսկին, «խաղաղություն ուժի միջոցով» մեթոդի կաղմնակից է։

Հայաստանի իշխող կուսակցությունը սպասում էր դեմոկրատների հաղթանակին, եւ այդ ժամանակ կարելի էր 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը դնել Թրամփի վարչակազմի վրա, որը հանցավոր համաձայնության է եկել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի հետ Արցախի հարցով։

Հիմա խնդիրը փոխվում է․ պետք է այնպես ամեն ինչ ներկայացնել, որ Թրամփի «ուժային լուծումը» արդարացված էր, դա “խաղաղության հասնելու” միակ ճանապարհն էր, իսկ 2023-ի Արցախի ցեղասպանության եւ էթնիկ զտման համար մեղավոր պետք է ճանաչվի Բայդենի վարչակազմը։

Անդրանիկ Քոչարյանի պատրաստված զեկույցը շատ հարցերի բանալի կարող է լինել, այդ պատճառով դրա հրապարակումը հետաձգել են, մինչեւ տեսնեն, թե Ամերիկայում ինչ կլինի։ Հիմա տեսան, եւ կարելի է ենթադրել՝ շուտով զեկույցը կհրապարակվի, եւ դեմոկրատները եւս մի քանգամ “կջախջախվեն”։

Թեկուզ հիմա աշխարհի առաջնորդները, շնորհավորելով Թրամփին, խոսում են հիմնականում Ռուսաստան-Ուկրաինա եւ Իսրայել-Պաղեստին պատերազմների մասին, Արցախում Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի գնահատականը առանցքային դեր կարող է ունենալ վերոհիշյալ երկու պատերազմների «կարգավորման» համար։ Եթե 44-օրյա պատերազմի եւ Արցախի զավթման եւ բռնի տեղահանության արդյունքները լեգիտիմ ճանաչվեն, ուրեմն՝ բոլոր հակամարտություններն այլեւս այդպես էլ կլուծվեն։

Ուշադիր հետեւնք Անդրանիկ Քոչարյանի ճակատագրին։

Թրամփի ընտրվելուց հետո Մոսկվան ցանկանում է Հայաստանը «վերադարձնել» ՀԱՊԿ

ԱՄՆ-ը մտադիր է քարոզչական արշավ իրականացնել՝ վարկաբեկելու Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ՍՎՀ) մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։

Խոսքը, մասնավորապես, ՌԴ արտագնա աշխատանքի եկած Հայաստանի քաղաքացիների «ճնշման» մասին նյութերի տարածման մասին է։ «ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ համայնքին» միանալու համար Հայաստանը պետք է հրաժարվի իր ավանդույթներից և առևտրատնտեսական կապերից ԵԱՏՄ-ի գործընկերների հետ, «որոնք վերջին տարիներին ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը», – հետևում է ՍՎՀ-ի հայտարարությունից։

«Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն», ամփոփել են մամուլի բյուրոն։

Բացի այդ, ԱՄՆ-ն, ըստ Արտաքին հետախուզության ծառայության, իր առջեւ խնդիր է դրել Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին տալ «կայուն հակառուսական բնույթ»։ Դրա համար, ինչպես երևում է հայտարարությունից, Պետդեպարտամենտին կից «ժողովրդավարացման» կառույցները պետք է հարմարեցնեն Հայաստանի կառավարության աշխատանքը՝ ելնելով Արևմուտքի շահերից՝ ապահովելով օտարերկրյա խորհրդականների համատարած ներկայությունը հայ պաշտոնյաների վերապատրաստման դասընթացներում։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Հատկանշական է, որ Հայաստանի մասով զեկույցը հրապարակվել է ԱՄՆ ընտրություններից և Դոնալդ Թրամփի հաղթանակից անմիջապես հետո։ Վերլուծաբաններն արդեն ասում են, որ Թրամփը կարող է համաձայնվել Պուտինի և մյուսների հետ աշխարհը «ազդեցության գոտիների» բաժանելու հարցում, և Հարավային Կովկասը վերջնականապես կհայտնվի ռուսական ազդեցության տակ։ Այսպես թե այնպես, գործընթացը սկսվել է. Ռուսաստանը մտադիր է Հայաստանը վերադարձնել ՀԱՊԿ՝ ԱՄՆ-ին մեղադրելով Բայդենի դարաշրջանում Հայաստանից «պոկելու» փորձի մեջ։

«Թող ինձ գումար տան, ես տուն գնեմ, կամ Ղարաբաղը թող վերցնեն, ես գնամ այնտեղ ապրեմ»

Forrights

«Մենք աշխատել ենք, ամեն ամիս 5000 դրամից ավելի գումար ենք տվել Արցախի կենսաթոշակային հիմնադրամին, որ ծերության օրոք դրանք ստանանք։ Բայց էսօր մնալու ենք առանց թոշակի», —  Մարտակերտի նախկին բնակիչ, ազատամարտիկ Աշոտ Հայրապետյանը կապ հաստատեց Forrights.am-ի հետ, իր վիրավորանքը կիսելու համար։

Նա հիմա ապրում է Կրասնոդարում։ Աշխատում է ու որքան կարողանում է, օգնում  է հայրենակիցներին։ Ասում է, որ աղքատ չի, բայց անարդարության դառը զգացումը նրան հանգիստ չի թողնում։

«Պետությունը ոնց որ մեզ քցած լինի։ Ես 30 տարի աշխատել եմ Արցախի համար, Հայաստանը մեզ չընդունեց, մեր անձնագիրը, մեզ տեղ չտվեց, ընտանիքով դրսում էինք ապրում, ավտոյի մեջ։ Եկանք Ռուսաստան։ Ես անձնագիրս չեմ փոխել, Ղարաբաղի պասպորտ ա։ Ռուսը ասում ա, դու անձնագիրդ չես փոխել, ինձ համար չես աշխատել, որ ես քեզ թոշակ տամ, Հայաստանում էլ հրաժարվում են ինձ վճարել իմ մուծած փողը։ Դրանք մեր մուծած գումարներն են։  Բայց հիմա մենք ամեն մեկս մի տեղ ենք արտագաղթել։ Մենք չե՞նք կարող մեր գումարները հետ վերադարձնենք»,  — հարցնում  է ազատամարտիկը։

Նա կենսաթոշակային տարիքի չի հասել, ու լավ հասկանում է, որ չկա ընթացակարգ, որով  որ մարդը կարողանար վերադարձնել պետությանը վճարած գումարները, բայց միևնույն է, ուզում  է մաքրած լինի իր հաշիվները եւ Արցախի, և Հայաստանի հետ։ Իսկ հնարավոր կլինի, եթե պետությունը արցախցիների կորուստները փոխհատուցի։

«Թող ինձ գումար տան, իմ կորցրածի փոխհատուցման համար, ես տուն գնեմ։ Կամ ղարաբաղը թող վերցնեն, ես գնամ այնտեղ ապրեմ, կամ էլ ինձ համար որտեղ որ հարմար է, ես այնտեղ եմ ապրում։ Իմ տունը ձեռքիցս խլել, վաճառել են, չէ՞։ Թող ինձ հիմա տուն  տան։ Ես իրենց 40+10 հազարները չեմ ուզում։ Ես, օրինակ, օբյեկտներ եմ կորցրել, տուն եմ կորցրել, հարազատներ, հորս գերեզմանը, որը չեն վերադարձնի, պարզ է, բայց գոնե տուն թող տան։ Ես գիտեմ, որ մի քանի մարդու տուն են տվել, բայց էդ մարդիկ բանկով են վերցրել էդ տները ու մինչև կյանքի վերջ վարկ են փակելու», —  ասում է Աշոտ Հայրապետյանը։

Վստահեցնում է, որ 35000 ղարաբաղցի Ռուսաստանում «պասպորտ>> են ստացել, և ոչ մեկը չի ուզում հետ գնալ։ «Ես էլ ընդհանրապես չեմ ուզում Հայաստանի անունը լսել։ Այնքան վատ բաներ են արել։ Ժողովրդին չեմ ուզում մեղադրել, բայց 280000, 300000, 400000 վարձ կլինի՞ տան։ Հայաստանցիները տները այդտեղ վարձով տվել են, եկել են այստեղ, 100 000 ով տներ են վարձել,էդ տան վարձով համ ապրում են, համ շոր են  հագնում, համ էլ աղայավարի ապրում են։ Ես չեմ ուզում գամ։ Ղարաբաղի պասպորտն էլ պահել եմ, որ փոխհատուցում ստանամ, ու եթե դա չտվեցին, հանձնելու եմ էդ պասպորտը, պրծնեմ։ Ես էնքան կուշտ եմ Հայաստանից։ Գալիս էի, ավտոս կանգնացրած, մեջն էինք ապրում, ասում էին ՝ ապեր, էս ավըտոն խ՞ի ես կանգնացրել ստեղ, դու չգիտե՞ս, որ սա մեր տեղն ա։ Ես չեմ ուզում ամբողջ ժողովրդին մեղադրեմ, ժողովրդի մի մասնիկն էլ դու ես, մերս ա, քուրս ա, բայց պատկերացրու, ես ինչ աստիճանի եմ կուշտ », — ասում է տղամարդը։

Իսկ վերադարձի իրավո՞ւնքը։ Այսօր միջազգային հարթակներում, փորձագետները, տարբեր գործիչներ խոսում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, եթե նման իրավունք տրվի ձեզ, դուք կվերադառնա՞ք Արցախ։

«Չեն վերադառնա։ Արցախցիներից ոչ ոք չի վերադառնա։ Ասում են՝ ՆԱՏՈ-ի զորքերը բերեն, կանգնացնեն այնտեղ, արցախցիները վերադառնան։ ՆԱՏՈ-ի զորքը Թուրքիայի զորքն ա, ոնց որ աղվեսին  ֆերմա դավերյա անես՝ տարբերութւոն չեմ դնում։ Եթե ասեն՝ գնանք, կռվենք, ազատագրենք, տղուս էլ կվերցնեմ, կգամ կռվելու, բայց ՆԱՏՈ-ի զորքի հույսով չեմ գա երբեք։ Արցախը Նախիջևանի նման հայաթափել են։ Հարյուր տարի խոսում-խոսում էին, հիմա ոչ ոք էլ չի խոսում  Նախիջևանի մասին։ Նույն  Արցախն ա, էլի, նկար ենք դնելու, կարոտելու ենք, բայց էլ արդեն վերջ, էլ ոչ մի  բան չեն անելու»։

Հիշեցնենք, որ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ ։ Արցախահայերի կարիքների համար տարբեր երկրներ գումարներ էին փոխանցում՝ Ճապոնիան՝ 2 միլոն դոլար, ԱՄՆ-ն 11 մլն դոլար, Եվրահանձնաժողովը՝ 10.4 մլն եվրո, Լատվիան՝ 350 հազար եվրոյի, Շվեյցարիան՝ 1,5 մլն ֆրանկ, Կանադան՝ 2,5 մլն դոլար, եւ մոտ 144 մլրդ դրամ Հայաստանի Հանրապետությունը։ Հետագայում որոշվեց, որ  այս գումարները արցախցիների համար չեն առանձնացվելու, այլ ծախսվելու են ՀՀ բոլոր անտուն քաղաքացիների  համար։ Բայց և այնպես Հայաստանի իշխանությունները  ամեն առիթով ընդգծում  են, թե ինչ լավություն են  անում արցախցիներին, ամեն ամիս նրանց «40+10» հազարական դրամները, չնչին չափերի գումարներ տրամադրելով բնակապահովման ծրագրերով, որոնցից գոհ չէ ոչ մի արցախցի։ Նաև պարբերաբար երեսով են տալիս, որ Հայաստանն է Արցախին տարիներ շարունակ փող տվել։

Սյուզան Սիմոնյան

«Խաղաղություն ուժի միջոցով»․ ինչ են սպասում Թրամփից մեր տարածաշրջանում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին «տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ։ «Պարո՛ն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկկողմ հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և հետաքրքրությունների վրա», գրել է նա:

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում, ասված է պաշտոնական շնորհավորանքի մեջ։

Փաշինյանը անհամբեր չի սպասում Թրամփի օգնությանը՝ Բաքվի հետ հարաբերություններ կառուցելու գործում։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի օրերին շնորհավորեով Բայդենին նախագահ ընտրվելու կապակցությամբ, Փաշինյանը այլ բան էր սպասում․

«Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Ինչպես գիտեք, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, անտեսելով զինադադարի հաստատման բոլոր ջանքերը, շարունակում են իրենց համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ՝ օտարերկրյա վարձկանների ներգրավմամբ։ Հուսով եմ, որ ձեր վարչակազմը ակտիվ քայլեր կձեռնարկի պատերազմը դադարեցնելու և հակամարտությունը համակողմանի լուծելու համար, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման վրա՝ իր ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»։

Հիմա չկա ոչ ինքնորոշման, ոչ Միսնսկի խմբի մասին հիշատակում, միայն տարածքային ամբողջականություն, որը վերաբերվում է ոչ Հայաստանին։

Իր հերթին, շնորհավորելով Թրամփին, Ալիևը խոստացել է, որ «Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։ Այսինքն՝ կշարունակի ուժով պարտադրել Հայաստանին “խաղաղության”։ Նա գոհունակություն է հայտնել հանրապետական առաջնորդի առաջին պաշտոնավարման օրոք Վաշինգտոնի և Բաքվի միջև համագործակցության առնչությամբ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմը տեղի է ունեցել Թրամփի նախագահության օրոք․ այն ժամանակ նա ասել էր, որ հայերը լավ են կռվում, բայց տեսնենք, թե ինչքան կդիմանան։

Օրերս Թրամփը կրկին խոսել է Արցախի մասին․ «Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»։ Նա նաեւ մեղադրել է Հարիսին, որը ադրբեջանական անցած տարվա հարձակման օրերին «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:

Այս ոչինչ չնշանակող գրառումը խնդրի ոչ մի լուծում չի առաջարկում։ Ըստ երեւույթին, Թրամփը չի մասնակցելու Հայաստանի հետ կապված խնդիրների լուծմանն ու այն կթողի Թուրքիային եւ Ռուսաստանին։

Դա հաստատեց Էրդողանը, հույս հայտնելով, որ Թրամփի վերադարձը կնպաստի գլոբալ հակամարտությունների լուծմանը, այդ թվում՝ Ուկրաինայում, Գազայում պատերազմների ավարտին։

Միայն Ուկրաինա եւ Գազա, մեր տարածաշրջան քիթդ չխոթես, ասում է Էրդողանը։

Սակայն «ամփոփիչ» շնորհավորանքով հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

«Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի գլոբալ գործերում «ուժով խաղաղություն հասնելու» հանձնառությունը: Հենց այս սկզբունքն է, որ գործնականում կարող է մոտեցնել արդար խաղաղությունը Ուկրաինայում: Հուսով եմ, որ մենք այն միասին կգործադրենք»,- նշել է Զելենսկին։

Վերլուծաբանները նշում են, որ Թրամփը ատում է կոնֆլիկտները եւ պատերազմները, եւ չնայած Իսրաելի հանդեպ հատուկ վերաբերմունքի, կկանգնեցնի պատերազմը նաեւ Գազայում։ Ինչպիսի՞ն կլինի «խաղաղություն ուժի միջոցով» մեթոդի կիրառումը Հայաստանի հանդեպ։ 

Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում՝ նոյեմբերի 5-ին, Եվրոպական խորհրդարանում, անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամավորներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և բելգիահայ համայնքի ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի բացման խոսքով հանդես եկան խորհրդաժողովը հյուրընկալող Լուկաս Ֆուրլասը, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ և Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը,  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Որպես խորհրդաժողովի բանախոսներ հրավիրված էին  «Հանուն մարդու իրավունքների միջազգային համագործակցություն կազմակերպության» Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապուաշվիլին, Միջազգային իրավունքի մասնագետ Կատալինա Դե Լա Սոտան, արցախցի լրագրող Սիրանույշ Սարգսյանը և Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի որդին:

Խորհրդաժողովի նպատակն էր կենտրոնանալ Ադրբեջանում COP 29-ի անցկացմանն առնչվող տարբեր խնդիրների վրա, մասնավորապես, թե այս գլոբալ համաժողովի նպատակների համար ինչ ազդեցություն կարող է ունենալ դրա հյուրընկալումը Բաքվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, հատկապես Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների ետնապատկերում։

Խորհրդաժողովը լույս է սփռել Արցախի հայության բռնի տեղահանումը պարտակելուն միտված Ադրբեջանի կառավարության շարունակական արշավի վրա, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների և շրջակա միջավայրի հանդեպ այդ երկրի աղաղակող վերաբերմունքի վրա։ Ընդհանուր առմամբ քննարկումները ծավալվել են քաղաքական, բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտներում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների վերհանման շրջանակում:

Մեկնաբանելով խորհրդաժողովի անցկացումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․«Այս խորհրդաժողովի անցկացումը կարևոր ուղերձ է COP 29-ին մասնակցել պատրաստվող եվրոպական պատվիրակություններին՝ առ այն, որ բնապահպանական իրավունքներն ու անվտանգությունը չեն կարող առանձնանալ մարդու հիմնարար իրավունքներից ու ազատություններից։ Ադրբեջանը, մարդու իրավունքների նման վիճակով և պատերազմական հանցագործություններով չպետք է հնարավորություն ունենար հյուրընկալելու այս կարևոր միջոցառումը, որով պետք է փորձի պարտակել ցեղասպանի իր դիմագիծը։ Մենք մի անգամ եւս մեր գոհունակությունն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, հատկապես Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին՝ խորհրդաժողովի հյուրընկալման համար։

Այս խորհրդաժողովի նախօրեին Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորների կոչը Ադրբեջանին՝ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և Հայաստանի տարածքից օկուպացիոն զինված ուժերի դուրսբերման պահանջով, Եվրոպական խորհրդարանի հստակ քաղաքական դիրքորոշման արտահայտությունն է, որն առարկայացել էր ավելի վաղ ընդունված բանաձևով։ Մենք շարունակելու ենք իրազեկման մեր աշխատանքները և լիահույս ենք՝ COP 29-ին մասնակից եվրոպական պատվիրակությունները չեն կենտրորանանա միայն բնապահպանական խնդիրների վրա և հայությանն առնչվող խնդիրների շրջագծում կբարձրաձայնեն այն տեսակետները, որոնք վերջին ամիսների ընթացքում տեղ են գտել Եվրոպական խորհրդարանի բանաձևերում ու ԵՄ գործադիր իշխանության հայտարարություններում։

Այդ մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը

Ի՞նչ միասնական թյուրքական այբուբենի մասին է խոսում Էրդողանը

Թուրքիան, Ադրբեջանը եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (Թուրքիայի կողմից զավթված Կիպրոսի մի մասը) պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Բիշքեկում, Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթաժողովում։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդունվել է համաթյուրքական այբուբեն 34 տառերից եւ դա անվանել է «պատմական քայլ»։

Էրդողանը գնահատել է համաթյուրքական այբուբենի ընդունումը որպես թյուրքական պետությունների ապագայի համատեղ քայլ. «Այսուհետ անդամ երկրները, հիմք ընդունելով այդ այբուբենը, պետք է վերադառնան իրենց ակունքներին։ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ են անցնել համաթյուրքական այբուբենին։ Կարեւոր է, որպեսզի Ղազախստանը, Ղրղզստանը, եւ Թուրքմենստանը նախաձեռնություն ցուցաբերեն նոր այբուբենն ընդունելու հարցում»։

Հիշեցնենք, որ խոսքը բոլոր թյուրքական լեզուների համար մեկ լատինատառ այբուբենի մասին է։

Արցախի պատմամշակութային ժառանգությանը նվիրված գիտաժողով՝ Ֆրանսիայի աջակցությամբ

Պատմամշակութային ժառանգությունը՝ ինքնություն կերտող կոլեկտիվ հիշողություն

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ընթանում է «Պատմության լուռ վկաները» գիտաժողովը, նվիրված Արցախի պատմամշակութային ժառանգությանը։

Գիտաժողովն իր աշխատանքները սկսել է նոյեմբերի 5-ին։ Բացմանը  խոսքով հանդես են եկել Ինալկո հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Խավիեր Ռիչարդը, ովքեր իրենց խոսքում կարևորելով ծրագրի պատմական խորությունն ու գիտական որակը, միաժամանակ օրախնդիր են համարում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը։

Խավիեր Ռիչարդը նշեց, որ ժառանգության պահպանությունը միայն նյութական պահպանություն չէ, այլ կոլեկտիվ հիշողության, որը կերտում է մարդկանց ինքնությունը։ Մենք վերահաստատում ենք մեր կամքը՝ հսկելու այս ժառանգությունը և ուժով տեղահանվածների հիմնարար իրավունքները, ավելացրեց նա։

Խոսքով հանդես է եկել նաև Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Գիտաժողովը վարել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի դոցենտ, «Հիշատակարան» հասարակական կազմակերպության հիմնադիր ու գիտաաժողովի կազմակերպիչ Աննա Լեյլոյան-Եկմալյանը։

Գիտաժողովի առաջին օրը բանախոսներն անդրադարձել են Արցախի ճարտարապետական հուշարձաններին, իրականացված վերականգնման աշխատանքներին և իհարկե Ադրբեջանի վարած քաղաքականությանն ընդդեմ հայկական ժառանգության։

Երկրորդ աշխատանքային օրը սկսվեց Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի նախագահ՝ Ժան-Ֆրանսուա Հուշետի տեսաուղերձով։ Ծրագրում  ներառված էին Արցախի վիմագրությանը, ձեռագրերին, արծաթագործությանն ու գորգագործությանը նվիրված ելույթներ։

Գիտաժողովի աշխատանքների ավարտին նախատեսվում է մասնակիցների հյուրընկալություն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում։

Հիշեցնենք, որ գիտաժողովը նախաձեռնել են Հայաստանում գործող «Հիշատակարան» հասարակական կազմակերպությունն ու Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտը (Inalco)։ 

 

Դոմոդեդովոյում հայ է բերման ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին մասնակցելու մեղադրանքով

Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը «Դոմոդեդովո» օդանավակայանում ՌԴ տարածք մտնելու փորձի ժամանակ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն (ՔԿ):

Քննիչները պարզել են, որ Բալյանը Ուկրաինա է մտել Մոլդովայից 2022 թվականի նոյեմբերին և միացել տարածքային պաշտպանությանը, որում ծառայել է մինչև 2023 թվականի դեկտեմբերը։ Նրանց տեղեկություններով՝ նա մասնակցել է Դոնբասի և Խերսոնի շրջանում ռազմական գործողություններին։

Քննչական կոմիտեն տղամարդուն հեռակա մեղադրանք է առաջադրել 2024 թվականի օգոստոսին, որից հետո նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հոկտեմբերին Բալյանը թռավ Դոմոդեդովո և բերման ենթարկվեց։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում վարձկանության հոդվածով (Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս):

Բալյանը, ըստ Քննչական կոմիտեի, ընդունել է մեղքը և տվել սպառիչ ցուցմունքներ։ «Մեղադրյալը բացատրել է, որ ծառայության ընթացքում մի քանի վնասվածքներ է ստացել։ Նրա ստորաբաժանումը, որը ռազմական գործողություններ էր իրականացնում Դոնբասի տարածքում, ցրվել է այն պատճառով, որ այնտեղ զինվորներ չեն մնացել, գրեթե բոլորը վիրավորվել կամ զոհվել են»,- պնդում են գերատեսչությունից։ Խերսոնի մարզում Դնեպրը անցնելու փորձի ժամանակ արկի հարված է ստացել։ Տղամարդը նշել է նաև, որ ունի միայն հայկական անձնագիր։

РБК

Ո՞վ է առաջինը շնորհավորել Թրամփին

Չնայած այն հանգամանքին, որ ձայների հաշվարկը շարունակվում է, իսկ Դոնալդ Թրամփը դեռ չի ստացել 270 ձայն, թեկնածուն ստացել է առաջին շնորհավորանքը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

Առաջին օտարերկրյա ղեկավարը, ով շնորհավորեց Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն էր։ «Շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին», – գրել է Բուկելեն X սոցիալական ցանցում:

Եվրոպացի առաջնորդներից Թրամփին շնորհավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ ԱՄՆ-ը Ավստրիայի կարևոր ռազմավարական գործընկերն է»,-ասել է Նեհամմերը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։

Թրամփին շնորհավորել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով Սպիտակ տան նոր ղեկավարի աջակցության համար։ Բացի այդ, Թրամփը շնորհավորանքներ է ստացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից։

«Անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ աշխատելուն գալիք տարիներին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, ով Թրամփի հաղթանակն անվանել է «պատմական»։

Թրամփը հայտարարեց ընտրություններում հաղթանակի մասին

Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին։ Նա իրեն անվանել է ԱՄՆ 47-րդ նախագահ։ Այս մասին նա հայտարարել է աջակիցների առջեւ ելույթի ժամանակ։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի ժողովրդին ձեր 47-րդ և 45-րդ նախագահ ընտրվելու արտասովոր պատվի համար»,- ասել է նա՝ նախնական քվեարկության արդյունքներն անվանելով «քաղաքական հաղթանակ, ինչպիսին մեր երկիրը երբևէ չի տեսել»:

Նա նաև ասաց, որ կպայքարի յուրաքանչյուր ընտանիքի համար, շուտով կգա «ոսկե դարը», Միացյալ Նահանգները նորից կդառնա մեծ, հարկերը կկրճատվեն, պատերազմներ չեն լինի, և շնորհակալություն հայտնեց ընտրողներին։ «Մենք հաղթեցինք սվինգ նահանգներում: Մենք կստանանք 315 ընտրողի ձայն. Ամերիկան ​​մեզ հզոր մանդատ է տվել, ի թիվս այլ բաների, վերահսկել իրավիճակը Սենատում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ոչ ոք նման հաղթանակ չէր սպասում։

Նա նաև խոստացել է կատարել իր նախընտրական խոստումը` փակել սահմանը և երկրից արտաքսել անօրինական ներգաղթյալներին։