ВВС. Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները քվեարկում են իշխանության օգտիт

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում խախտումների ամենաաղմկահարույց դեպքերը գրանցվել են Մառնեուլիի մունիցիպալիտետում՝ հենց այնտեղ են լցոնել քվեաթերթիկներն ու ծեծել ընդդիմադիր դիտորդին։ BBC-ն մեկնեկ է տարածաշրջան և պարզել, որ այստեղ ապրող բազմաթիվ էթնիկ ադրբեջանցիներ և հայեր աջակցում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և չեն վստահում Եվրամիության բարի կամքին: Այս մասին գրում է BBC-ի թղթակիցը։

Ընդդիմության առաջնորդները վստահ են, որ միայն նման խախտումների շնորհիվ է իշխող կուսակցությունը ստացել Մառնեուլիի շրջանի ձայների գրեթե 80%-ը։

Հիմնականում հայերով բնակեցված Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում իշխող կուսակցությունը հավաքել է նույնիսկ ավելի շատ, քան Մառնեուլիում՝ համապատասխանաբար 88% և 90% ձայներ։

Բաքվի պետական ​​AzTV հեռուստաալիքի եթերում խորհրդարանի անդամ Սամեդ Սեիդովն ասում էր, որ հավաքական Արևմուտքը ընդդիմության և «ԼԳԲՏ շարժման» օգնությամբ վրացիներին տանում է դեպի աղետ: Իշխանամետ «RealTV» հանրահայտ հեռուստաալիքը տարածել է իշխող կուսակցության թեզն այն մասին, որ Արևմուտքը փորձում է Վրաստանին պատերազմի մղել Ռուսաստանի հետ։

Ազգային փոքրամասնությունները քիչ են ներկայացված վրացական քաղաքականության մեջ, թեև հայերն ու ադրբեջանցիները միասին կազմում են երկրի բնակչության գրեթե 11%-ը:

«Ընդդիմությունը նորմալ չի աշխատել՝ ոչ հայ, ոչ էլ ադրբեջանական փոքրամասնության հետ։ Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ հաճախ չեն խոսում պետական ​​լեզվով և չեն դիտում վրացական հեռուստատեսություն»,- ասում է Էդուարդ Այվազյանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով աջակցում է ընդդիմությանը, ուրիշի անձնագրերով քվեարկության այս սխեման անվանել է «հայկական կարուսել»։ Այս պիտակը վիրավորել է հայ իրավապաշտպաններին ու փորձագետներին։

Հիշեցնենք, որ Ալիևն ու Փաշինյանը գրեթե առաջինն են շնորհավորել Վրաստանի իշխող կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ։

Ֆուտբոլային 4 ակումբներ աջակցություն են հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

Ֆուտբոլային 4 ակումբներ՝ «Արարատ», «Ալաշկերտ», «Սյունիք» և «Վեստ Արմենիա», իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Ակումբներն իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջերում հայտարարություններ են տարածել՝ ի պաշտպանություն Մելիքբեկյանի։ Նրանք նշել են, որ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում իրենք սատարել են ՀՖՖ գործող նախագահին և քվեարկել նրա օգտին:
«Հայկական ֆուտբոլը միայն Պրեմիեր Լիգայի 2-3 ակումբները չեն, որոնք չեն ընտրել Արմեն Մելիքբեկյանին և որոնք ցանկացած առիթ օգտագործում են՝ պարզապես հիշեցնելու իրենց գոյության մասին: Հայկական ֆուտբոլը միայն ազգային հավաքականը չէ, այլև մանկապատանեկան ֆուտբոլն է, կանանց ֆուտբոլը, ֆուտզալը, մասսայական ֆուտբոլը և նշված բնագավառների հետ կապ ունեցող բոլոր անդամները, որոնք ընտրել են Արմեն Մելիքբեկյանին և կազմում են հայկական ֆուտբոլային ընտանիքի անբաժան մասը»,- նշված է «Ալաշկերտ» ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի հրաժարականն են պահանջում «Փյունիկ», «Ուրարտու» ու «Շիրակ» ակումբները, FAF, Red Eagles ֆան-ակումբները։
Հոկտեմբերի 31-ին՝ «Վեստ Արմենիա» – «Ալաշկերտ», նոյեմբերի 1-ին՝ «Նոա»-«Ուրարտու» և նոյեմբերի 2-ին «Արարատ»-«Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումների ժամանակ երկրպագուներն ակցիա են արել` խաղաղադաշտ ներխուժելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով։

Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին, «վերահաստատել աջակցությունն Արցախի հայերին»

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, հաղորդում են կաթողիկոսությունից։

Ըստ հաղորդագրության՝ Թրամփը վերահաստատել է իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։

ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ կայացած այս հեռախոսազրույցի ժամանակ նախագահի թեկնածուն նաև ողջունել է ամերիկահայ համայնքը։

Մոտ 10 օր առաջ էլ նախկին նախագահը հայտարարել էր, որ երբ դառնա նախագահ, կվերականգնեն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ չնշելով, թե ինչպես է դա անելու։

«Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել էր նա, միևնույն ժամանակ քննադատել իր մրցակից, գործող փոխնախագահ Քամալա Հարիսին, մեղադրել ադրբեջանական անցած տարվա հարձակման օրերին անգործության համար, Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս էլ Արցախ գրել:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության փոխանցմամբ՝ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Արցախի հայության իրավունքների վերաբերյալ նրա հրապարակային հայտարարության համար»՝ ընդգծելով Միացյալ Նահանգների միջազգային դերակատարության կարևորությունը։

Նա Դոնալդ Թրամփին ասել է, որ անհրաժեշտ է՝ ԱՄՆ նոր կառավարությունն ամբողջական զորակցություն հայտնի իր պատմական հողերը վերադառնալու և ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին՝ «հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար», ինչպես նաև նոր կառավարության մեջ ընդգրկված լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող անձ։

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժել է ինը մարդ

Առնվազն ինը մարդ է տուժել Իրանի հյուսիսում գտնվող Գերմսար քաղաքի մոտ տեղի ունեցած 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ բոլոր տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։ Գործակալությունը հայտնել է նաև, որ երկրաշարժի հետևանքով քաղաքի որոշ բաժանորդների համար անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Գերմսար քաղաքից 5 կմ հյուսիսարևելք, որտեղ ապրում է մոտավորապես 49,4 հազար մարդ, տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ։ Օջախը գտնվել է է 35 կմ խորության վրա։

Կուտակային ոդիսական․ կամ էշը կսատկի, կամ էշատերը

Տեղեկացնում եմ, որ մեր խնդրանքով և առաջարկով, ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։
Այդ մասին հայտնել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Այսինքն՝ վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Դիմումով հիմնավոր ներկայացվել է այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին։
Հիշեցնենք, որ հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը գրառում է արել առ այն, որ արցախցիների կուտակային հաշիվները աննախադեպ կարգով համլրվել են։ Թե դա ինչ է նշանակում, չի պարզաբանվել։
Կուտակային համակարգն Արցախում ներդրվել է 2019 թվականի հունիսից: Արցախում աշխատող անձանցից գանձված կենսաթոշակային գումարներն ուղղվել են General Asset Management ֆոնդին:

Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014թ.-ից: Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում  են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից:

Մինչ 2019-ը միջազգային ֆոնդերը չէին համաձայնվում մուտք գործել Արցախ, սակայն 2018թ.-ում կառավարության փոփոխությունից հետո այն տեղի ունեցավ, եւ Արցախի բնակիչները դարձան այդ համակարգի շահառու, հավանաբար՝ ՀՀ կառավարության երաշխիքով։

2023-ից հետո հանկարծ պարզվել է, որ հիմնադրամն Արցախում “անօրեն” է գործել։ Եւ հիմա ՀՀ կառավարությունը ոչ թե արցախցիների շահերն է պաշտպանում, որոնց իրենց կամքին հակառակ մտցրել են կուտակային համակարգ, այլ հիմնադրամի շահերը։

Կառավարությունը չի պարտրադրում հիմնադրամին վերադարձնել “անօրեն” կուտակված փողերը, հակառակը՝ ամն ինչ անում է, որ Հիմնադրամը ոչ մի պարտավորվածություն չունենա եւ եւս 13 տարի հանգիստ տնօրինի ահռելի գումարներ։

Չէ որ կուտակային համակարգում ընդգրկված են 1974 թ-ից հետո ծնվածները, որոնք թոշակի կանցնեն միայն 13 տարի հետո։ Իսկ մինչ այդ կամ էշը կսատկի, կամ էշատերը։

 

Համախմբվե՛նք արցախահայության հարցի՝ համահայկական այս օրակարգի շուրջ․ Արամ Ա կաթողիկոսի կոչը

Արամ Ա Վեհափառ Հայրապետը կոչով է հանդես եկել ուղղված հայ ժողովրդին՝ ի խնդիր Արցախի հայության իրավունքների վերահաստատման․

«Պաքուի (Ազրպէյճան) մէջ 11-22 Նոյեմբեր 2024-ին տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի նախօրեակին, մենք՝ հոգեւոր պետերս դարձեալ մեր արդար ընդվզումը ու խոր մտահոգութիւնը կը յայտնենք Ազրպէյճանի կողմէ Արցախի հայութեան դէմ շղթայազերծուած պատերազմին (2020-2023) ու անոր իբրեւ հետեւանք շուրջ 120.000 արցախցիներու իրենց պատմական հողերէն բռնագաղթին, Արցախի մէջ հայկական կրօնական ու մշակութային կառոյցներու ու կոթողներու ծրագրուած քանդումին եւ Արցախի քաղաքական ղեկավարութեան ապօրինի գերեվարութեան գծով:

Արդարեւ, որպէս Աստուծոյ եւ մեր ժողովուրդին ծառայութեան նուիրուած հոգեւոր պետեր եւ արդարութեան, խաղաղութեան ու մարդկային իրաւունքներու պաշտպանութեան յանձնառու առաջնորդներ, չենք կրնար լուռ մնալ Ազրպէյճանի կողմէ Արցախի հայութեան իրաւունքներու բռնաբարման եւ միջազգային համայնքին անտարբերութեան դիմաց: Արդ, կոչ կ՚ուղղենք մեր եկեղեցիներու հոգեւոր առաջնորդներուն եւ համայնքային ղեկավարութեանց.-

ա) COP29 միջազգային համագումարի նախօրեակին ու անոր աշխատանքներու ընթացքին յատուկ կարեւորութեամբ արծարծելու Արցախի հայութեան նկատմամբ շարունակուող անարդարութիւնը, յատկապէս շեշտելով՝ միջազգային երաշխաւորութեամբ իր պատմական հողերը վերադառնալու եւ ինքնիշխանութիւնը վերահաստատելու Արցախի ժողովուրդին արդար իրաւունքը:

բ) Մեր բոլոր կարելիութիւնները առաւելագոյն չափով ի սպաս դնելու Արցախի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան՝ քաղաքական, պետական, դիւանագիտական, միջ-կրօնական ու միջ-եկեղեցական շրջանակներէն ներս՝ յարաբերական ու տեղեկատուական միջոցներու լայն օգտագործումով:

գ) Եկեղեցիներէն ներս արարողութիւններու ու հաւաքական պաշտամունքներու ընթացքին աղօթելու Արցախի քաղաքական բանտարկեալներուն եւ զինուորական գերիներուն շուտափոյթ ազատ արձակման համար:

Կը գտնուինք մեր ազգի պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին: Շրջապատուած ենք բազմաթիւ ու բազմազան տագնապներով: Արդ, համահայկական օրակարգի մը շուրջ մեր ազգի ոյժերուն համախմբումը աւելի քան հրամայական է: Ըլլա՛նք խոհեմ ու հեռատես՝ ազգին ու Հայրենիքին ընդհանրական ու գերագոյն արժէքները ու շահերը գերիվեր նկատելով կողմնակի ու ժամանակաւոր նկատումներէ:

Կʼաղօթենք, որ Աստուած ամուր ու ապահով պահէ մեր ազգը ու Հայրենիքը՝ հեռու ամէն տեսակ չարիքներէ ու վտանգներէ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Ն.Ա.Տ. ՌԱՖԱՅԷԼ-ՊԵՏՐՈՍ ԻԱ. ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՒՈՅ

ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ ՓՕԼ ՀԱՅՏՈՍԹԵԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ»։

Օմբուդսմեն․ ո՞ւմ հետ են քննարկել արցախցիների շահերին հակասող այս որոշումը

Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, միգուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտություն է, որ օգտագործում են այս անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով աշխատանքի եւ սոցաիալական հարցերի նախարարության հայտարարությանը՝ կապված 40 հազարականների վճարման հետ:

«ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ, այնուհետև կգործի միայն հատուկ խմբերի համար։

Ուշագրավ է, որ այդ հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ այս որոշումը կայացվել է արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում։

Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, միգուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտություն է, որ օգտագործում են այս անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար։

Իսկ եթե այնուամենայնիվ արցախյան որևէ շրջանակի հետ իրապես հանդիպում եղել է, և այս որոշման համար հիմք է հանդիսացել նրանց առաջարկ-դիտարկումները, ապա արցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել և նրանց շահերին հակասող առաջարկ-դիտարկումներ ներկայացնել։

Հ․Գ․ Տեղեկացված եմ, որ Արցախի ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչների հետ նման քննարկումներ չեն եղել»։

Իրանը կհարվածի Իսրայելին

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Կոսարին Didban Iran-ի հարցազրույցում հայտնել է, որ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամները որոշում են ընդունել Իսրայելի ռազմական պատասխանի վերաբերյալ։

Ընդ որում, Կոսարին հերքել է տեղեկությունը, որը հայտնվել է վերջերս արեւմտյան ԶԼՄ-ներում, որի համաձայն՝ Իրանը հարված կհասցնի առաջիկայում, որոշակի ժամկետում։

«Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, եւ այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից, իսկ ժամկետներն ու նպատակները թողնվել են մշակողների հայեցողությանը»,- ասել է նա։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Միացյալ Նահանգներին և Իսրայելին սպառնում է ջախջախիչ պատասխանով Իրանի դեմ գործողությունների համար։

Խամենեիի այս խոսքերը հաջորդում են Իրանի ու Իսրայելի փոխադարձ օդային հարվածներին: Ի պատասխան Իրանի կողմից հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման՝ Իսրայելը մեկ շաբաթ առաջ պատասխան հարվածներ հասցրեց։ Այժմ, իր հերթին, Թեհրանն է խոստանում հակահարված տալ։

«Սա միայն վրեժի մասին չէ, խոսքը տրամաբանական գործողությունների մասին է․ առճակատում, որը հիմնված է հավատքի, բարոյականության, իսլամական իրավունքի վրա, ինչը համահունչ է միջազգային իրավունքին», – ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Ինչո՞ւ Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչո՞ւ Հայաստանը մինչև հիմա չի դիմել Միջազգային քրեական դատարան՝ չնայած դեռևս փետրվարի 1–ին վավերացրել է Հռոմի ստատուտը։

Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները ՄՔԴ–ին անդամակցելու անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ նոր կարգավիճակով կարող են դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021–22 թթ. ՀՀ տարածք ներխուժման ժամանակ)։

«ՀՀ կառավարությունը ներկայումս գտնվում է Հռոմի կանոնադրության վավերացումից բխող անհրաժեշտ միջոցառումների իրականացման փուլում: Մշակվում է Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենքի նախագիծը»,– ասված է գրասենյակի պատասխանի մեջ:

Վրաստանը Եվրոպային առանց հույսի է նայում. հաջորդը Հայաստանն է

Վրաստանում ավարտվեցին աղմկահարույց ընտրությունները, և թեև այսօր դեռևս նախատեսված է հերթական բողոքի ցույցը, սակայն ակնհայտ է, որ Վրաստանում ընտրությունների արդյունքները վերանայելու ներքին ռեսուրս չկա։ Միակ հույսը Եվրոպան է։ Իսկ Եվրոպան, ինչպես պարզվեց, չունի Վրաստանի գործերին միջամտելու ոչ գործիքներ, ոչ էլ ներքին հարթակ։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Արևմուտքին կոչ է անում ճնշում գործադրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության վրա՝ վերանայելու «գողացված ընտրությունների» արդյունքները։ «Եթե ճնշում չկիրառվի, դա կնշանակի, որ Արևմուտքը այնքան էլ չի արել, որ փորձի Վրաստանը պահել արևմտյան կողմում և եվրոպական հեռանկարով»,- ընդգծել է Վրաստանի նախագահը։ Սա հնչեց ոչ միայն որպես նախատինք, այլեւ կապիտուլյացիայի նախազգուշացում։

Մեր պահանջն է, որ շտապ ժամանի Եվրամիության հետաքննող հանձնաժողովը,- ասել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն։ «Տուժողների և վկաների վրա ճնշման վտանգ կա։ Ուստի մենք պահանջում ենք, որ ԵՄ հետաքննող հանձնաժողովը շտապ ժամանի»,- ասել է Աննա Դոլիձեն։

ԵՄ-ն չհայտարարեց «հետաքննող հանձնաժողով» ուղարկելու իր մտադրության մասին և չհրաժարվեց ճանաչել Վրաստանի ընտրությունները՝ սահմանափակվելով հաղթանակած Վրացական երազանքին չշնորհավորելով։

Ավելին, ԵՄ-ն որոշեց կասեցնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը և որպես «վերսկսման» պայման առաջ քաշեց օտարերկրյա գործակալների և փոքրամասնությունների քարոզչության արգելքի մասին վերջերս ընդունված օրենքների հետ կանչելը։

«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն արդեն հայտարարել է, որ «Վրացական երազանքը» չի չեղարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։

Վրաստանում և այլուր մարդիկ հարց են տալիս՝ ինչո՞ւ են եվրոպացիները որպես բանակցությունների վերսկսման «պայման» առաջ քաշում ոչ թե ընտրությունների արդյունքների վերանայում, այլ ԼԳԲՏ քարոզչության արգելքի վերացումը։ Եւ ի՞նչ են արել Վրաստանի «արևմտյան ընտրության» համար հազարավոր կառույցներ, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվել են Արևմուտքից։

Եվրատլանտյան կառույցների` հետխորհրդային ժողովուրդների նկրտումների և աշխարհաքաղաքական ընտրությունների իրականացման անկարողությունը հանգեցրեց մեկ այլ դրամայի, այս անգամ Վրաստանում:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արևմտյան հիմնադրամներն ու կառավարությունները սկսեցին մեծ ներդրումներ կատարել հետխորհրդային երկրներում ժողովրդավարության և թափանցիկության զարգացման համար: Սա իր ազդեցությունն ունեցավ հատկապես լրատվամիջոցների և քաղաքացիական սեկտորի զարգացման առումով։ Բայց ինչ-որ պահի այդ ներդրումները դարձան բյուրոկրատական ​​աննպատակ իներցիայի մաս։ Իսկ հետխորհրդային երկրներում քաղաքացիական հասարակությունները սկսեցին նմանվել տոտալիտար աղանդներին, որոնք «յուրացրել» էին քաղաքացիական տարածքը և իրենց անհիմն թույլ էին տալիս խոսել ողջ հասարակության անունից։

Նկարված «պատկերը» արագ քանդվեց, երբ ռուսական տոտալիտար մեքենան թափ հավաքեց՝ ընդհուպ մինչեւ ռազմական գործողություններ հետխորհրդային երկրներում՝ Վրաստանում, Ուկրաինայում, հետո Արցախում և նորից Ուկրաինայում։ Այն ժամանակ արևմտյան կառավարություններն ու հիմնադրամները պետք է վերանայեին ֆինանսական աջակցության սկզբունքները և նպատակներ դնեին։ Բայց բյուրոկրատական ​​իներցիան ավելի ուժեղ եղավ, և այժմ արևմտյան երկրները կանգնած են այն փաստի առաջ, որ այն երկրներում, որտեղ զգալի միջոցներ են ներդրել, նույնիսկ նվազագույն հարթակ չունեն աշխարհաքաղաքական շրջադարձ իրականացնելու համար։

Նույն գործընթացը տեղի է ունենում Հայաստանում, որտեղ Արևմուտքը բախվում է կոգնիտիվ դիսոնանսի՝ ռուս-թուրքական դաշինքի քաղաքականություն վարող «արևմտամետ» իշխանություն, հորից առաջ ռուսական դժոխք ձգող համակարգային ընդդիմություն և իներտ «քաղաքացիական հասարակությունը», որը գրեթե ձուլվել է իշխանությունների հետ։

ԱՄՆ-ն իր վրա է վերցնում Իսրայելի պաշտպանության ողջ պատասխանատվությունը

DW

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է լրացուցիչ հակահրթիռային պաշտպանության կործանիչներ և տանկերային ինքնաթիռներ, ինչպես նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի B-52 հեռահար հարվածային ռմբակոծիչներ ուղարկել Մերձավոր Արևելքի տարածաշրջան: Այս մասին ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ այդ միջոցը ձեռնարկվում է տարածաշրջանում ԱՄՆ ուժերի և քաղաքացիների պաշտպանության, Իսրայելի պաշտպանության և դիվանագիտության միջոցով զսպման ու դեէսկալացիայի հետ կապված։ Ուժերը կսկսեն ժամանել առաջիկա ամիսներին, երբ տարածաշրջանը կլքի USS Abraham Lincoln ավիակիր հարվածային խումբը, ավելացրել է Ռայդերը:

Դա տողի է ունենում Իսրայելում «Terminal High Altitude Area Defense» (THAAD) հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման որոշման համատեքստում, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովում Ամֆիբիա դեսանտային խմբի/ծովային էքսպեդիցիոն ստորաբաժանման (ARG/MEU) մշտական ​​ներկայությայն ֆոնին, պարզաբանել է Պենտագոնը։

ԱՄՆ-ն, փաստորեն, բացահայտորեն ստանձնում է Իսրայելի պաշտպանության ողջ պատասխանատվությունը՝ «կանխելով» հնարավոր քայլերը, որոնք սպառնում են Պաղեստինում հրեական պետության գոյությանը։

CRS-ը կօգնի արցախցիների համար կառուցել սոցիալական բնակարաններ

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic  Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։  Հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։

ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով՝ նախարարության կողմից իրականացվում են քայլեր՝ ուղղված ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովմանն ու ոլորտի բարելավմանը՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների և անհատների կարիքները: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներից են բնակարանով ապահովելու միասնական սոցիալական քաղաքականությունների հայեցակարգի և գործողությունների ծրագրի մշակումը, ինչպես նաև առանձին շինությունները սոցիալական բնակարանների վերափոխելու նպատակով դրանց ուսումնասիրությունները, գնահատումները և վերանորոգմանն ուղղված աշխատանքներ։

CRS-ի՝ բալկանյան ներկայացուցչության ղեկավար Սանելա Իմամովիչն իր խոսքում նշել է․ «CRS-ն ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություն է։ Մենք  ուրախ ենք գտնվել Հայաստանում և աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ջանքերին՝ ոչ առևտրային սոցիալական բնակարանային մոդելի ներդրման միջոցով լուծելու Հայաստանում տեղահանված անձանց և տեղացի խոցելի խմբերի բնակարանային կարիքները։ Սա ԱՍՀՆ-ի հետ համատեղ ճանապարհի սկիզբն է, որի շրջանակում մենք համագործակցելու ենք Հայկական Կարիտասի, Առաքելություն Հայաստան ՀԿ-ի, Ակցիա սովի դեմ ՀԿ-ի և տեղական փորձագետների հետ»։