Լսումներ Անկախության հռչակագրի մասին․ 1989 թ․ որոշումը ուժի մե՞ջ է

Ազգային ժողովում ընդդիմությունը լսումներ է հրավիրել Անկախության հռչակագրի թեմայով։

«Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովում ընթերցեց հայտարարության որոշման նախագիծը «Հռչակագրի անժամանցելի արդիականության» մասին։

«Հայաստանի Ազգային ժողովն անընդունելի է համարում ՀՀ Անկախության հռակագիրը, դրանում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբուքներն ու համազգային նպատակները նսեմացնելուն ուղղված ցանկացած փորձ, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Դատապարտում է Անկախության հռչակագիրը ստորադասելու, ՀՀ Սահմանդրության հետ արհեստական հակադրումների գործողությունները։

Անկախության մասին հռչակագրով ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները գնահատում է որպես հայ ժողովրդի անվտանգության համակարգի ապահովման անժամանցելի հիմք, որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպծանր հանցագործություն է»,- նշված է հռչակագրում։

Հայտարարության ընդունման անհրաժեշտությունն, ըստ խմբակցության, բխում է հայ ժողովրդի անվտանգության ու հայոց պետականության ամրապնդման հրամայականից։

Հիշեցնենք, որ Ալիեւը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին, այդ թվում՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման 1989 թ․ որոշման եւ Ցեղասպանության ճանաչմանը։ 

Առաջարկվող հայտարարության նախագծում չեն հիշատակվում ոչ 1989 թ․ որոշումը, ոչ ցեղասպանության մասին կետը։ Սահմանադրական դատարանը նորերս որոշում է ընդունել առ այն, որ քանի որ այդ կետերը արտահայտված չեն Սահմանադրության մեջ, ապա նրանք չեն կարող ուժի մեջ համարվել։ 

Սահմանադրական դատարանի որոշումից հետո ամենաբնական քայլը կլիներ՝ առաջարկել Սահմանադրության մեջ արտացոլել Անկախության հռչակագրի հիմնարար դրույթները։  

Վաղը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 17-ի ցերեկը, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին Աղստև, Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։

Թուրքիայում կասեցվել է ռադիոկայանի հեռարձակումը «Հայոց ցեղասպանություն» արտահայտության պատճառով

Ամերիկայի ձայն

Թուրքական «Բաց ռադիոն» փակվել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության խորհրդի (RTÜK) որոշմամբ։ Այն փակվել է եթերում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար, որն օգտագործել է ծրագրի մասնակիցներից մեկը

«Բաց ռադիոն» հեռարձակվում է գրեթե 30 տարի։

Ինչու՞ փակվեց «Բաց ռադիոն»

2024 թվականի ապրիլի 24-ին «Բաց թերթ» առավոտյան հաղորդման ժամանակ մասնակիցներից մեկն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։

Մայիսի 22-ին կայացած նիստի ժամանակ RTÜK-ը եկել է այն եզրակացության, որ «…հաղորդման մասնակիցը, խոսելով «Հայոց ցեղասպանության» մասին, նշել է, որ դա «զանգվածային սպանություն է, որը հայտնի է որպես ցեղասպանություն, որը կատարվել է օսմանյան հողերում», մինչդեռ հաղորդավարները դա հերքելու փորձեր չեն արել, ինչը հակասում է հանրային պատասխանատվության և պատասխանատու հեռարձակման սկզբունքներին և կարող է ատելություն և թշնամանք առաջացնել հասարակության մեջ»: Այն արդյունքում սահմանել է տուգանք ռադիոյի նկատմամբ և հինգ տարի ժամկետով կասեցրել ծրագիրը։

«Բաց ռադիոն» կատարել է տուգանքի առաջին վճարումը, սակայն չի կիրառել հաղորդման արգելքը՝ ասելով, որ «էլեկտրոնային ծանուցման համակարգում տեխնիկական սխալը թույլ չի տվել բացել կասեցման ամսաթիվը նշող փաստաթուղթը, և այդ պատճառով որոշումը չի կատարվել»։ Սակայն հուլիսի 3-ին RTÜK-ը որոշեց չեղյալ համարել լիցենզիան։

Անկարայի 21-րդ վարչական դատարանը, քննելով ռադիոյի փաստաբանների բողոքը, հուլիսի 8-ին կայացրել է արգելքը կասեցնելու որոշում։ RTÜK-ն առարկություն է ներկայացրել, որը նույնպես մերժվել է դատարանի կողմից հուլիսի 10-ին, և ռադիոն կարողացել է շարունակել հեռարձակումը։

Սակայն դատարանի անդամներից մեկին փոխարինելուց հետո RTÜK-ը կրկին ներկայացրեց բողոքը, որը հոկտեմբերի 8-ին միաձայն հաստատվեց։

«Բաց ռադիոն» բողոքարկել է վարչական դատարանի որոշումը վերադաս դատարանում և հայց է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել RTÜK-ի որոշման կատարումը։ Գործընթացն այս պահին դեռ շարունակվում է ։

Շվեյցարացի օրենսդիրները կոչ են անում Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով անցկացնել

Շվեյցարիայի օրենսդիրները միջնորդություն են ներկայացրել՝ կոչ անելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։ «Նպատակն է նպաստել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև բաց երկխոսությանը՝ պատմականորեն բնակվող հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի վերաբերյալ, որը կանցկացվի միջազգային հսկողության ներքո կամ շահագրգիռ միջազգային դերակատարների ներկայությամբ»,  ասված է Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Շվեյցարիայի խորհրդարանին ներկայացված առաջարկի տեքստում։ Միջնորդագրի հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական առաջխաղացումից հետո Լեռնային Ղարաբաղը դատարկվել է հայ բնակչությունից։

«Վախենալով 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության կրկնությունից՝ պատմական բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել հայրենիքը։ Այդ ժամանակից տարածաշրջանը ենթարկվել է փաստագրված էթնիկ զտումների. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, համակարգված կերպով ոչնչացվում կամ վերաիմաստավորվում են կեղծ պատմական փաստաթղթերով՝ «վերանորոգման» անվան տակ: Չնայած այս լուրջ զարգացումներին՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պահպանում են միջազգային հանրության անվտանգության երաշխիքներով հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու ցանկությունը», – նշված է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ միջազգային հանրությունը բազմիցս դիրքորոշում է արտահայտել ԼՂ հարցում։ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը» ու կանխել ապագա տեղահանումը բռնի կամ ահաբեկման միջոցով: Եվրախորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ադրբեջանին համապարփակ և թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ։ Նպատակն է հարգել նրանց իրավունքները, երաշխավորել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ վերադառնալ իրենց տները միջազգային ներկայության պայմաններում:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը մինչ այժմ պատասխանատու էր միջնորդության համար, ունի գործելու խիստ սահմանափակ հնարավորություններ՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։ Սա ընդգծում է հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը», – ասվում է փաստաթղթում:

Բանաձևում հիշեցնում են, որ Շվեյցարիան նախկինում մի քանի անգամ միջնորդ միջազգային հակամարտություններում հաջողությամբ հանդես է եկել որպես չեզոք և արժեքավոր ծառայություններ է մատուցել նաև Հայաստանին: 2009 թ. հոկտեմբերին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Ցյուրիխյան արձանագրությունները»: Դաշնային խորհրդի անդամ Միշլին Կալմի-Ռեյը նույնիսկ պարգևատրվել է Հայաստանի Պատվո մեդալով՝ գործին իր նվիրվածության համար:

«Շվեյցարիան բացառիկ հնարավորություն ունի օգտագործելու չեզոք միջնորդի իր ապացուցված դերը՝ հակամարտող կողմերի միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Նման փոխգործակցությունը ոչ միայն կշարունակի Շվեյցարիայի հումանիտար ավանդույթները, այլև կամրապնդի նրա դիրքերը՝ որպես միջազգային դիվանագիտության հուսալի գործընկերոջ», – ասվում է առաջարկի տեքստում։

Շվեյցարացի օրենսդիրները համոզված են, որ իրենց երկրի կողմից միջազգային խաղաղության համաժողովի անցկացումը կարող է վճռորոշ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, ապահովել տեղահանված անձանց վերադարձը և այդպիսով նպաստել իրավիճակի կայունացմանն ամբողջ տարածաշրջանում:

Առաջարկը պետք է դրվի քվեարկության:

 https://www.azatutyun.am/a/33160622.html

Արցախցիների փախստականի վկայականի ժամկետը երկարացվեց 1 տարով

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ, որով բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի ժամկետը երկարացվեց 1 տարով։

Որոշմամբ սահմանվում է, որ 070 ծածկագրով անձնագիրը եւ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս վավեր են՝ միայն միասին գործածելու պարագայում։ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ, և նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում 070 ծածկագրով անձնագրով մուտք գործել ՀՀ տարածք։

Միաժամանակ, նախատեսվել է դրույթ, համաձայն որի ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի վավերականության ժամկետը նախատեսվում է նշել հատուկ համարանիշում՝ արագ արձագանքման կոդում, ինչը թույլ կտա ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականում ժամկետը երկարաձգել՝ առանց նոր վկայական տպագրելու, ինչն էլ կկրճատի ծախսերը։

Իսրայելի գոյության հիմքերը բացահայտ կասկածի տակ են դրվում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցույց տվեց իր անտեղյակությունը պատմությանը և անհարգալից վերաբերմունք դրսևորեց՝ հայտարարելով, որ Իսրայել պետությունը գոյացել է ՄԱԿ-ի բանաձևի հիման վրա։

«Սա ցույց է տալիս պատմության անտեղյակությունը և հարգանքի բացակայությունը: ՄԱԿ-ը ճանաչել է հրեա ժողովրդի պետություն ունենալու իրավունքը, բայց, բնականաբար, չի ստեղծել այն»,- ասել է Նեթանյահուն Le Figaro թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Իսրայելը պետականություն է ձեռք բերել Անկախության պատերազմի արդյունքում։

Նեթանյահուն իհարկե լավ գիտի, որ դեռ Առաջին համաշխարհային պատերազմում սիոնիզմի գաղափարը կարեւոր դեր է խաղացել, համենայնդեպս՝ հրեաների ավետյաց երկիր Պաղեստինն, որն Օսմանյան կայսրության կազմում էր, “ազատվեց” եւ անցավ Բրիտանիայի պրոտեկտորատի տակ։ Ստեղծվեց Ազգերի լիգա, որը սիոնիզմի գաղափարը լեգիտիմացրեց։ Երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծվեց ՄԱԿ-ը, որը եւ իրականացրեց սիոնիստական գաղափարը՝ հրեական պետություն ստեղծել Պաղեստինում։

Իսրաելը տասնյակ տարիների ընթացքում ծառայում էր որպես “նոր” աշխարհակարգի առանցք՝ առանձնահատուկ իրավունքներով եւ բացառիկ հնարավորություններով, նույնիսկ հակասեմությունն է առանձնացվում ընդհանուր քսենոֆոբիայից, իսկ Հոլոկոստը որպես հատուկ ցեղասպանություն ներկայացվում։

Հիմա, երբ աշխհարհակարգը փոխվում է, հետեւաբար՝ եւ աշխարհակարգի առանցքը, Ֆրանսիայի ղեկավարը հիշեցնում է, որ Իսրաելը ՄԱԿ-ի որոշմամբ է ստեղծվել եւ կասկածի տակ դնում Իսրաելի գոյությունը ՄԱԿ-ի վերափոխումից հետո։

Նեթանյահուն հավելել է, որ ՄԱԿ-ը «չի մասնակցել 1948 թվականի պատերազմին», սակայն դրան մասնակցել են մարդիկ, որոնք «փրկվել են Հոլոքոստից և Վիշիի ռեժիմից»։ Վերջին դեպքում խոսքը Ֆրանսիայի կոլաբորացիոնիստական կառավարության մասին է, որը գործել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական օկուպացիայի ընթացքում։ «Հետևաբար, ասել, որ ՄԱԿ-ը ստեղծեց Իսրայել պետությունը, պատմության ճնշող խեղաթյուրում է», – եզրափակել է Նեթանյահուն:

Ավելի վաղ Le Parisien թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Նախարարների խորհրդի փակ նիստում Մակրոնն ասել է, որ Նեթանյահուն պետք է հիշի հրեական պետության ստեղծման հանգամանքները, որն ի հայտ է եկել ՄԱԿ-ի բանաձեւի հիման վրա։

Խաչենց․ “Շատ ազդեցիկ էր, երբ ես չէի կարող գնալ Արցախ և այնտեղից ինձ կանչում էին իմ երգով”

Step1.am-ի զրուցակիցն է Արթուր Խաչենցը։

– Ինչպե՞ս սկսեցիք երգել, և ո՞վ կամ ի՞նչն էր Ձեզ ոգեշնչում այդ ուղին ընտրել:

Արցախն ու նրա մշակույթը մեծ ազդեցություն են ունեցել իմ վրա, և ես այնքան ուրախ ու վեհ եմ զգում, որ փորձում եմ պահպանել արցախյան բարբառը, մշակույթը, երաժշտությունը, երգահանությունը և ներկայացնել Արցախն արժանապատիվ ձևով: Սկսեցի երգել, քանզի շատ չարաճճի և ակտիվ երեխա էի և իմ էներգիան մի ձև պետք էր սպառել: 5-6 ամիս պարի դասերի հաճախելուց հետո խումբը փակվեց, ինչն ինձ ուրախացրեց: Պարը չէր գրավում ինձ, այն ավելի շատ ծնողներիս ցանկությունն էր: Իմ ձայնային տվյալներն առաջինը նկատեցին պապիկս ու տատիկս և խորհուրդ տվեցին զբաղվել երգով՝ միաժամանակ ձեռք բերելով այլ մասնագիտություն:

– Ո՞րն է եղել Ձեր ամենաազդեցիկ երգը և ի՞նչն է այն դարձնում առանձնահատուկ:

“Եկ քինինք Արցախ” երգն առանձնահատուկ է նրանով, որ այն բոլորին հրավիրում է Արցախ: Այն շրջափակման ընթացքում ամենաշատն էին երգում։ Արցախի երեխաները, «մամ-պապ» ասելուց հետո սովորում էին այդ երգը: Իմ կոչը մարդկանց հարազատ դարձավ, ու դա արդեն ոչ միայն իմ երգն էր, այլև բոլոր արցախցիների: Շատ էմոցիոնալ ու ազդեցիկ էր, երբ ես չէի կարող գնալ Արցախ և այնտեղից ինձ կանչում էին իմ երգով, բայց ես չէի կարող անցնել անցակետը… 2020 թվականի պատերազմից հետո երեք-չորս տարվա ընթացքում շատ եմ գնացել Արցախ ու բարեգործական համերգներով հանդես եկել: Չէի վախենում սահմանն անցնել կամ ադրբեջանցիների հետ դեմառդեմ հանդիպել: Թշնամին վախենում է իմ բարբառից ու այդ երգից, և դա միշտ էլ պիտի այդպես լինի: Պատերազմից առաջ ու հետո շատ եմ փոխվել՝ դարձել եմ ավելի հասուն, տոկուն և պայքարող: Պատերազմի ազդեցության տակ գրած  «Սիրտս վիրավոր» երգը  “45 օր. պայքար հանուն ազգի” ֆիլմի սաունդթրեքն է, որի շնորհիվ հրավիրվել էի ԱՄՆ: Այդ երգն ինձ բուժեց:

– Ի՞նչ զգացմունքներ եք փորձում փոխանցել Ձեր հանդիսատեսին՝ կապված Արցախի իրադարձությունների հետ:

Իմ փորձառություններն ու ապրումները արտացոլվում են երգերիս մեջ՝ ուղիղ և անկեղծ: Սիրտս, հոգիս ու լեզուս միաժամանակ են աշխատում, և անձնական այդ պատերազմը, տանջանքները, սերը, փաղաքշանքը, Արցախի բուրմունքը դառնում են երգեր… Լացելու փոխարեն ուղղակի գրում եմ երգեր, և դա ինձ համար մեծ ինքնասփոփանք է: Արցախցիներին փորձում եմ փոխանցել այն զգացողությունները, որ ցավը կա, և այդ ցավը մեր ներսում է՝ հոգում, ուղեղում, ամեն տեղ: Պետք է այդ ցավը հաղթահարենք, և պետք է հավատանք, որ մի օր վերադառնալու ենք:

– Ինչպե՞ս եք պատկերացնում արցախյան երաժշտական ժառանգության պահպանումը և զարգացումը:

Ես իմ ներդրումով էլ եմ պատկերացնում դա: Արցախյան երաժշտական ժառանգության պահպանումն ու զարգացումը հնարավոր է երգելով, ձայնագրելով, թե՜ աուդիոգրքերի, բանահյուսությունների տեսքով, թե՜ իմ, թե՜ նախքան ինձ գրված երգերը՝ իմ մեկնաբանությամբ ու ոճով ներկայացնելով: Հետագայում միտք ունեմ ստեղծել անիմացիաներ, որպեսզի արցախցի երեխաները բարբառով մուլտֆիլմեր նայեն և չմոռանան իրենց լեզուն: Ես իմ անունն ու ազգանունը ծառայեցնում եմ դրան, ու ամբողջ կյանքս ապրելու եմ Արցախով, սիրելու եմ Արցախը: Այն հոգուս մեջ է, երակներիս մեջ: Ես նույնիսկ Արցախում եղած ժամանակ Արցախը կարոտում էի:  Հայկական երաժշտական առանձնահատկությունները փորձում եմ ընդգծել իմ երգերում՝ մաքուր երգեցողությունը, անկեղծությունը, հայկական ժողովրդական գործիքները՝ քյամանչա, քանոն, զուռնա, բլուլ, դափ, հայկական դհոլ, թմբուկ: Փորձում եմ դրանք ներկայացնել ժամանակակից մոտեցումներով՝ չկորցնելով հինը:

– Ինչպիսի՞ն են Ձեր ապագա ծրագրերը երաժշտական ոլորտում: Կա՞ն նախագծեր կամ երգեր, որոնք ցանկանում եք ստեղծել՝ ներկայացնելու Արցախի պատմությունը և մշակույթը:

Ապագան նաև ներկան է, և հենց ներկայից է կախված ամեն ինչ: Ներկայումս փորձում եմ իմ ողջ ուժը ներդնել  երաժշտության մեջ, որովհետև սա երաժշտություն չէ, սա պայքար է, սա Արցախ է՝ չավարտված, դեռևս չկրակված փամփուշտներով: Բնականաբար, նախագծերն ու երգերը, որոնք ներկայացնում եմ, ստեղծվել են ու ծառայում են Արցախին: Ես ինքնագնահատականի խնդիր չունեմ, և պարտադիր չէ, որ տեսահոլովակներում ես լինեմ. պարտադիր է, որ Արցախը լինի, որպեսզի մարդիկ ճանաչեն ու իմանան, թե ինչ դրախտ ենք պատանդ թողել: Աշխատում եմ արդեն 4 տարի՝ իմ ստուդիայում, խմբով, թիմով, բենդերով, ձայնագրություններով, երաժշտության գործիքավորումներով, միքս մաստերով, ամբողջությամբ տեսանյութերը հրապարակելով: Իմ բոլոր տեսանյութերի ռեժիսորը ես եմ: Իմ երգերի մեծ մասի թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը պատկանում են ինձ:

– «Ինտեգրվել ե՞ք Երևանի մշակութային համայնքին, ձեզ «ընդունե՞լ են ընտանիք», թե «հեռու բարեկամի» պես են վերաբերվում:

Ես չեմ համարում, որ շոու-բիզնեսի անդամ եմ: Համարում եմ, որ ես արվեստագետ եմ, մտավորական, ով իր ստեղծագործությունները մտածված է գրում և մեկնաբանում իր ձևով: Ուզում եմ, որ մարդիկ, ովքեր լսում են իմ երգերը, նախ և առաջ հասկանան, որ Արցախը սեր է, Արցախը հավերժ է, և որ այն միշտ մեզ սպասելու է, կանչելու է, մինչև մենք վերադառնանք: Այն ոչ թե մեր կոկորդին մնացած փուշ է, այլ ընդհակառակը՝ մեզ թևեր տվող հույսի և հավատի ներշնչանք: Արցախը հանգիստ է, երբ մենք այնտեղ ենք, իսկ Արցախն էլ մեզ է կարոտում: Պետք է միշտ ուժեղ մնանք, տոկուն, Արցախով ապրենք, հայ մնանք և հայրենիքին կարոտ մնալով հանդերձ՝ այն չկորցնենք:

Տաթև Ազիզյան

Զախարովա. Բաքուն ամեն ինչ ճիշտ արեց Ղարաբաղում, հատկապես սեպտեմբերի 19-ին գյուղերում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում պատասխանել է հայ լրագրողի հարցին, ով խնդրել է մեկնաբանել օկուպացված Ստեփանակերտում հայկական տների և պատմական թաղամասերի քանդումը։

«Գիտեք, որքան ես հասկանում եմ, խոսքը Ադրբեջանի տարածքի մասին է։ Այնտեղ գործում են այս երկրի օրենքները։ Եթե ​​մենք խոսում ենք մշակութային օբյեկտների մասին, ապա պետք է կապ հաստատել, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք բազմիցս մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված էին իրենց տները լքած բնակչությանը վերադառնալու հնարավորություն տալուն։ Եվ մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ է նշանակում այն ​​մարդկանց համար, ովքեր պատմականորեն կապված են եղել այս վայրերի հետ, կորցնել դրանք:

Միաժամանակ, նորից եմ ասում, վերադարձի հնարավորություն կար և կա։ Եթե, ինչպես ասում եք, մարդիկ շահագրգռված են պահպանել իրենց տներն ու հայրենի վայրերը, նրանք, հավանաբար, պետք է օգտվենք այս հնարավորությունից։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ այն կա»,- ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նա խորհուրդ տվեց կապ հարցնել պաշտոնական Երևանին, թե ինչ է արել Հայաստանը, որպեսզի այդ մարդիկ չհեռանան և վերադառնան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի «հիշում», թե ինչպես 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռուսական զորքերի անմիջական մասնակցությամբ օկուպացվեցին Արցախի գրեթե բոլոր գյուղերը, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին։ Ստեփանակերտն՝ ամբողջ Ղարաբաղը չէ, և եթե ստեփանակերտցիները մի քանի օր ունեին մտածելու և պատրաստվելու համար, ապա սեպտեմբերի 19-ին Արցախի բնակչության կեսը գործնականում ոտքով, անտառներով, գնդակոծության տակ լքեց իր տները, անցնելով արդեն տեղակայված ադրբեջանական բլոկպոստերով։ Ռուս «խաղաղապահներն» զինաթափեցին Արցախի ՊԲ-ին, օգնեցին վտարել մարդկանց, ովքեր դեռ հույսը դնելով ռուսների վրա, ժամանել էին Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուսական զորքերի բազան։ Բայց նրանք այդպես էլ աջակցություն չգտան։

Զախարովան մեղադրում է Երևանին այն բանում, որ Հայաստանի իշխանությունը չկարողացավ իրականացնել նախապես գրված ծրագիր՝ մի քանի հազար մարդ թողնել Ղարաբաղում, ցույց տալ, թե որքան կուլտուր-մուլտուր են ադրբեջանցիները, որքան քնքուշ են վերաբերվում հայերին։ Հայաստանի իշխանությունը արդարանում է, թե արցախցիներին առաջարկել է մնալ, բայց նրանք չեն ցանկացել՝ լքել են իրենց տները՝ Հայաստանում իշխանափոխություն անելու, ռուսների համար աշխատելու համար։

Արցախում ոչ ոք չմնաց, նույնիսկ շրջափակման ժամանակ «Ռուսական համայնքի» մեջ հավաքագրված մի քանի հարյուր մարդիկ, որոնք, ըստ երևույթին, պետք է հետագայում ռուսական զորքերի մնալու առիթ դառնային։

Սմոլենսկի հրապարակից զառանցանքն ավելի ու ավելի է շիզոֆրենիա հիշեցնում:

Ղազանչեցոցը “ռուսական եկեղեցի” են դարձրել

Monument Watch-ը ահազանգում է․

2024 թվականի հոկտեմբերի 7-ից ադրբեջանական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվեցին տեսանյութեր՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «վերականգնված» նոր տեսքով,  որոնք փաստում են, որ 19-րդ դարի եկեղեցու գմբեթը  այլափոխված է․ հայկական եկեղեցին շինարարարական անթույլատրելի միջամտությամբ և ավերումներով դարձել է այլ կառույց՝ իրենց մատնանշմամբ, ռուսական եկեղեցի։

Նշենք, որ եկեղեցու հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում նշված էր, որ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով. շինարարությունը սկսվել է 1868 և ավարտվել՝ 1887 թվականին։ Եկեղեցու վերաբերյալ պատմական փաստերին առավել մանրամասն  կարող եք ծանոթանալ այս հոդվածում․ «Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին»

ՈՒղիղ 4 տարի առաջ՝ 44-օրյա պետերազմի ընթացքում, հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2 անգամ դիտավորյալ թիրախավորվեց՝ խախտելով զինված բախումների դեպքում մշակութային արժեքները չթիրախավորելու Հաագայի և Ժնևի սկզբունքները։ Բնականաբար, այս հարվածը ապագայում ուներ հենց եկեղեցին կեղծ վերականգնումների քողի տակ այլափոխելու նպատակ։

Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ եկեղեցին բերվելու է իր «պատմական տեսքին», որից հետո ադրբեջանական կողմը քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ, որը նույնպես մաքրվել էր։ Շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի  ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։

Մեր արձագանքը

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղոցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին ընդունված Նարայի փաստաթղթի իսկության սկզբունքը։ Ըստ Նարայի 1994 թ. փաստաթղթի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity): Ուստի՝ մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը հասկանալու համար անհրաժեշտ են դրա մասին տեղեկատվական վստահելի փաստեր: Ըստ այսմ՝ իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն է ձեռք բերում մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Իսկ ինչ վերաբերում է ժառանգության՝ հակամարտություններում հայտնվելուն, ապա Նարայի փաստաթուղթը կարևորում է մշակութային արժեքների լեգիտիմության ճանաչման խնդիրը։

Բացի այդ,  2015 թ. մայիսի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ընդունած 2057-րդ բանաձևում  խորհրդարանական վեհաժողովն իր խորին մտահոգությունն է հայտնում, որ մշակույթի, ինքնության և «ուրիշի» կանխամտածված ոչնչացումը դարձել է արդի հակամարտությունների առանցքային բաղադրիչը։ Եվրախորհրդարանը հորդորում է պետություններին քաղաքաշինական աշխատանքներում պահպանել ժառանգության իսկությունը և վերականգնման ու վերակառուցման գործընթացում հարգել պատմության բոլոր շերտերը՝ պահպանելով ժառանգության բնականությունն ու իրական բնույթը (կետ 4.4.6)։

2022 թ. մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» (N 2582) բանաձևը կոչ է արել Ադրբեջանին բացառել հայկական ժառանգության օբյեկտներում ցանկացած միջամտություն՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնումները կատարել այդ սկզբունքին համաձայն (European Parliament  Resolution on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, 2022/2582(RSP), 2022)։

 

Խմբ․ 2020 թ․, լուսանկարները Մարութ Վանյանի

2008թ. հոկտեմբերի 16-ին Արցախում մեծ հարսանիք էր

2008թ. հոկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում՝ բերդաքաղաք Շուշիում և պատմական Գանձասարում բարերար Լևոն Հայրապետյանը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն 700 զույգի մասնակցությամբ։ Արարողությունն իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։
Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։
Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։
Երիտասարդներից յուրաքանչյուրն ուներ իր տեղը մարզադաշտում գցված սեղանների շուրջ։
Յուրօրինակ այս հարսանիքը հավատարիմ էր մեր ազգային ծիսակարգին։
Լևոն Հայրապետյանը հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ, բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգիները, վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։
Լևոն Հայրապետյանի ավանդը Արցախի Հանրապետության կայացման և զարգացման մեջ անուրանալի է։

Արցախում սեպտեմբերի 19-ին իսկական ցեղասպանություն էր

Step1.am-ի զրուցակիցն է Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

-Տիկին Ալեքսանյան, վերջին տարիներին դուք բռնի տեղահանված արցախցիների հիմնախնդիրներով եք զբաղվում նաեւ, ի՞նչ եք արձանագրում, ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիները։

-Մենք հիմա տեսնում ենք, որ բռնի տեղահանությունից մեկ տարի անց արցախցիների խնդիրները, որոնք եղել են, ոչ թե չեն լուծվել, ավելի վատթարացել են։ Առաջին հերթին ես կշեշտեի, որ սոցիալական վիճակը շատ ծանր է, շատ ընտանիքներ աղքատության շեմին են հայտնվում։ Իսկ պետական մարմինները տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում։ Օրինակ՝ Գյումրիում տեղակայված մի ընտանիք մեզ պատմեց, որ ինքը 40 տարի առաջ ամուսնացել ու Հայաստանից գնացել է Արցախ, բայց համարում են, որ ինքն այստեղ գույք ունի եւ չի ստանում 40+10 հազար աջակցության գումարը։ Առանց այն էլ 40+10 հազարը մեծ գումար չէ, բայց մարդը չի ստանում։ Նման ընտանիքների մենք էլի ենք հանդիպել, որոնք աջակցության ծրագրից օգտվելու համար ընկնում են քաշքշուկների մեջ։

Խնդիրները շատ են, դժվար կացության մեջ են արցախցիները, հատկապես մարզերում շատերը շատ անճար վիճակում են։ Մյուս կողմից, բավականին բարձր են բնակարանների վարձավճարները, որոշ ընտանիքներ չեն կարողանում վճարել այդ գումարը։ Այսինքն՝ ես տեսնում եմ, որ առաջին հերթին սոցիալական խնդիրներն են սրված։ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրին շատ քիչ թվով արցախցիներ են դիմել, քանի որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը երկարատեւ է եւ քաշքշուկներ է ենթադրում։ Մենք սոցապ նախարարություն հարցումներ ենք արել, իրենք տեսել են, որ 94-ամյա կինը չէր ստանում թոշակ, քանի որ ինչ-որ մի ժամանակ ինքը մի քանի տարի ապրել է Հայաստանում։ Այսինքն՝ այդ մղումը չկա, որ պետական մարմինները հարթեն եւ փորձեն լուծել արցախցիների խնդիրները, ավելի չբարդացնեն։ Մեկ տարի անցել է բռնի տեղահանությունից, բայց անընդհատ խոչընդոտներ ու դժվարություններ են։

2023 թվականին արցախցիների բռնի տեղահանությունը սկսվել է հենց սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախում։ Ի՞նչ փաստեր եք դուք հավաքագրել այս առումով։

– Հայաստանում մենք տեղահանության մասին իմացանք, երբ սեպտեմբերի 25-ից արդեն սկսեցին արցացխցիները գալ Հայաստան։ Մենք բռնի տեղահանության հենց առաջին օրերին շատ ընտանիքներ ենք այցելել։ Հատկապես Մարտունու շրջանի գյուղերի բնակիչները մեզ պատմել են, որ սեպտեմբերի 19-ին, երբ մարտական գործողություններն սկսվել են, ադրբեջանցիները զուգահեռ ներխուժել են գյուղեր։ Մարդկանց համար դժվար է եղել գյուղերից դուրս գալը, այսինքն՝ իրոք դրանք ցեղասպանական գործողություններ են եղել։ Ստեփանակերտ պետք է գնային, բայց ադրբեջանիցները շրջափակել էին Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները, եւ մարդիկ ոտքով, անտառների միջով, գյուղից գյուղ անցնելով ու ահավոր տանջանքներով են հասել Ստեփանակերտ։

Սեպտեմբերի 19-ին շատ քաղաքացիական անձանց մահվան դեպքեր են գրանցվել Արցախի տարբեր բնակավայրերում։ Օրինակ՝ երբ Սարուշենի դիրքերից փորձել են վիրավորներ իջեցնել ու հասցնել Ստեփանակերտ, դեպքեր են եղել, որ դեպի Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանիցները գնդակահարել են մարդկանց։ Սեպտեմբերի 19-25-ը մարդիկ Արցախի տարբեր շրջաններից մի կերպ են կարողացել հասնել Ստեփանակերտ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում հայտարարում էր, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։

Այսինքն՝ էթնիկ զտումներն Արցախում սկսվել են սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանցիները մարդկանց գյուղեր ու տներ են ներխուժել։ Այդ ներխուժումների հետեւանքով շատ քաղաքացիական զոհեր են եղել։ Կան գյուղեր, որտեղ ռումբեր են գցել մարդկանց վրա, օրինակ, Սառնաղբյուր գյուղի գյուղապետի հայրը եւ որդին հենց այդ պահին զոհվել են։

Ռոզա Հովհաննիսյան