Արցախցիներին քաղաքացիության պահանջ դնելը խտրական է․ քննարկում

«Արցախցիների՝ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի շահառու դառնալու դիմումները մերժվում են, եթե ընտանիքի անդամներից որեւէ մեկը կամ ընտանիքի բոլոր անդամները ՀՀ քաղաքացի չեն։ Քաղաքացիության շեմ սահմանել փախստականների համար, մենք ի սկզբանե համարել ենք խտրական։ Դնել սահմանափակում այն տեսանկյունից, որ անհրաժեշտ է ստանալ ՀՀ քաղաքացիություն, այնուհետև ունենալ հնարավորություն՝ դիմելու բնակարանային ապահովման ծրագրերին, նման մոտեցումն անթույլատրելի է եւ խտրական, որովհետեւ Փախստականների մասին կոնվենցիան հավասարեցնում է փախստականներին օտարերկրացիներին։ Իսկ ՀՀ ներքին օրենսդրությունը սահմանափակումներ չի սահմանում օտարերկրացիների կամ ոչ ՀՀ քաղաքացիների համար՝ ՀՀ-ում անշարժ գույք, շարժական գույք կամ որեւէ այլ գույք ձեռք բերելու համար։ Այս դեպքում խախտվում է կոնվենցիայով երաշխավորված փախստականների իրավունքը, կառավարության այս որոշման շրջանակներում ունենք խտրականության դրսեւորում փախստականների նկատմամբ»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

Նա նշեց, որ բռնի տեղահանված արցախցիներից բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար մեծ թվով փաստաթղթեր են պահանջում։ Արցախցիների թվում կան անձինք, ովքեր ցանկություն ունեն բնակապահովման ծրագրի շահառու դառնալ, սակայն չեն կարողանում, որովհետեւ փաստաթղթային մեծ բեռի տակ են ընկնում, խճճվում են։ Կան փաստաթղթեր, որոնք պահպանված չեն, արխիվներում չկան։

«Մենք այս հարցն անհատական հայցադիմումների միջոցով ենք փորձում լուծել, այսինքն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին հայցադիմումներ ենք ներկայացնում դատարաններ։ Գրեթե բոլոր ընտանիքներում կան այնպիսի փաստաթղթեր, որոնք որոշակի ժամանակահատվածից հետո չեն պահպանվել՝ ո՛չ ամուսնության, ո՛չ ծննդյան, ո՛չ մահվան վկայականները։ Այս հարցը մեծ բեռ է լինելու դատարանների եւ պետության համար»,- ասաց նա:

Հարցված արցախցիների 52.8 տոկոսը ցանկանում է աշխատել ու ապրել Հայաստանում

Հարցված արցախցիների 52.8 տոկոսը ցանկանում է աշխատել ու ապրել Հայաստանում եւ չարտագաղթել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից իրականացրել է բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ներգրավել է կոնտակտային անձանց և իրավաբանների, ովքեր տրամադրել են իրավաբանական խորհրդատվություն և պրակտիկ աջակցություն բռնի տեղահանված անձանց՝ պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետության և հասանելիության գնահատման նպատակով։

Զուգահեռաբար Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից համակարգվող ծրագրի շրջանակներում «Հանրային հետազոտությունների առաջատար խումբ» կազմակերպության կողմից իրականացվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աշխատանքային իրավունքների և զբաղվածության վերաբերյալ երկփուլ հետազոտություն։

Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի ղեկավար Լիանա Բալյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները։

“Աշխատանքի հետ կապված ապագայի ի՞նչ պլաններ ունեք” հարցին հարցված արցախցիների 6.8 տոկոսն ասել է, որ պատրաստվում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, 7.6 տոկոսը՝ այլ երկրներ։ 12.8 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին, 19.5 տոկոսը ցանկություն են հայտնել վերադառնալ Արցախ, իսկ 52.8 տոկոսն ասել եմ, որ պատրաստվում են աշխատել ու ապրել Հայաստանում։

Լիանա Բալյանն ասաց, որ եթե հարցը լիներ՝ ցանկանո՞ւմ են վերադառնալ Արցախ, արցախցիների 90 եւ ավելի տոկոսը միանշանակ կպատասխանեին՝ այո։ Բայց քանի որ հարցը հնչել է աշխատանքի հետ կապված ապագա պլանների մասին, նրանց մեծամասնությունը ցանկացել են մնալ ու աշխատել Հայաստանում։

ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց ասաց, որ ծրագրի նպատակների մեկն է հասնել պետական մարմինների աշխատանքի արդյունավետությանը։

Եռակողմ հայտարարության մեջ չի խոսվում հայ փախստականների եւ գերիների մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթների մասին, դրանք անվանել է իրականությունն աղավաղող և Հայաստանի Հանրապետությանը մեղադրել է ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ասածները:

Մենք պետք է նայենք փաստերին: 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները:

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչը, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ:

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:

Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:

Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության 9-րդ կետին, դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում  բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ:

ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը:

Խմբ․ Հայաստանի քաղաքական ղեկավարութունն օր ու ցերեկ հայտարարում է, որ նոհեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի կատարվել, հայ փախստականները եւ գերիները չեն վերադարձել, եւ այդ պատճառով ոչ ոք իրավունք չունի պահանջել, որ Հայաստանը կատարի 9-րդ կետը՝ կարճ ասած, հայ-իրանական սահմանը տրամադրի թյուրքական միջանցքի համար՝ ռուսների վերահսկողությամբ, ինչպես դա արել է Բերձորի միջանցքի դեպքում։

Սակայն Հայաստանի դիրքորոշումը խոցելի է առնվազն երեք առումով․ 1․ եթե Եռակողմ հայտարարության կետերը չեն կատարվել, ինչո՞ւ Հայաստանը հետ չի կանչում իր ստորագրությունը․ 2․ Ինչպե՞ս է ստացվել, որ Եռակողմ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում փախստականների կամ գերիների ազգության մասին․ 3․ Եռակողմ հայտարարության առնվազն 6 կետ կատարված է, այթ թվում՝ Հայաստանի կողմից Աղդամի, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների հանձնումը։  Իսկ քանի որ Հայտարարության մեջ չեն հիշատակվում հայ գերիներն ու փախստականները, դա նշանակում է, որ կատարվել են եւս 2 կետ, քանի որ Ադրբեջանը վերադարձրել է իր գերիներին եւ փախստականներին։   

    

Գիժ վարդապետ, կամ Դալի-Մահրասա․ ո՞վ էր նա

«․․․Ժողովուրդը գուցե մինչև հավիտյան կհիշե այն բոլոր հրաշքները, որ կատարել է նա իր կռիվների մեջ։ Երբ նստում էր իր նշանավոր մոխրագույն նժույգի վրա և կայծակի նման նետվում էր դեպի պատերազմի դաշտը, նրա ահարկու որոտալից ձայնը բավական էր թշնամուն սարսափեցնելու համար»,- գրել է Լեոն 18-րդ դարի ազատագրական պայքարի ակնառու ու խենթ դեմքերից մեկի՝ քաջակորով Ավագ վարդապետի մասին։

Նա Ջրաբերդի Մեծ Շեն գյուղից էր ու Եղիշե առաքյալ վանքի միաբաններից, բայց հոգով ռազմիկ էր և անողոք թշնամու հանդեպ։ Ապրում էր Մռավ լեռան անտառապատ լանջին  գտնվող վանքի մյուս միաբաններից առանձին, բարձր ապառաժի վրա կառուցված աշտարակի մեջ: Խորհրդավոր մթություն ուներ նրա սենյակը, որը պայմանավորված էր լուսամուտների ձևով, դրանք ավելի շատ կրակելու համար նախատեսված ծակեր էին։

Նա դարձել էր լեզգիների հոգեառ հրեշտակն ու թուրքերի սարսափը, ինչի համար թշնամին տվել էր Դալի –Մահրասա անունը, որը նշանակում է գիժ աբեղա, սակայն արցախահայության շրջանում մականունը տարածվեց թուրքերեն լեզվով ու մինչ օրս չար տղաներին արցախցիներն ասում էին Դալի-Մահրասա։

Եկեղեցու մոլեռանդությունը պատժեց գիժ վարդապետին իր կատարած արյունահեղությունների համար, նշում է Լեոն։ Սիմեոն կաթողիկոսի օրոք Ավագ վարդապետին բանտարկեցին Էջմիածնի սառցատան մեջ, ապաշխարհելու համար։

Հենց այդ ժամանակահատվածում էլ ջալալի քրդերը հարձակվում և վանքի անասունները քշում են տանում։ Վանքում իրարանցում է սկսվում, որովհետև մտածում են, որ քրդերի հաջորդ հարձակումը լինելու է Էջմիածնի վրա։ Իմանալով կատարվածի մասին, Ավագ վարդապետը խնդրում է իրեն մի ձի ու մի քանի զենքեր տրամադրեն, որոնք ստանալուց մի քանի ժամ հետո գիժ աբեղան վերադառնում է, իր հետ բերելով քրդերի տարած ավարը։ Այս ծառայությունը նպաստում է, որ ապաշխարհողին ժամկետից շուտ բաց թողնեն, պայմանով՝ որ նա այլևս մարդ չի սպանելու։ Ավագ վարդապետը սակայն ի հակառակ իր բնավորության, խոստմանը տեր չկանգնեց, քանզի Հայրենիքի թշնամիներին սպանելը մեղք չէր համարում և շարունակեց մասնակցել մելիքների ազատագրական պատերազմներին։

Նրա անունը հիշատակվում է մեկ այլ կարևոր իրադարձության մեջ․ երբ Իբրահիմ խանը խաբեությամբ կալանավորեց ու Շուշիի բանտը նետեց Մելիք Մեջլումին ու Մելիք Աբովին, ովքեր սակայն երկար չմնացին բանտում։ Նրանք կալանավորված էին առանձին տեղում։ Հենց որ կալանավորությունը լսեց Մելիք-Մեջլումի քաջ զորապետ Արզումանը, նա իր հետ առեց իր երկու աներկյուղ ընկերներին, — Դալի Մահրասային (Ավագ վարդապետին) և Զարգար Մելքումին, գիշերով մտան Շուշի բերդը և բանտի դռները խորտակելով, ազատեցին մելիքներին, գրում է Րաֆֆին։

Գիժ վարդապետի վերջին կռիվը Գանձակի համար էր, երբ Արցախի երկու մելիքները միացել էին Գանձակի Ջավադ խանին ընդեմ Հերակլի ու Իբրահիմ խանի։ Կռիվների մեջ առանձին հերոսությամբ աչքի էին ընկնում Մելիք-Մեջլումի երկու քաջերը՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը. առաջինը լեզգիների դեմ, իսկ երկրորդը վրացիների դեմ։ Նրանք իրենց խմբերով շատ անգամ դուրս էին գալիս պաշարված բերդից և կայծակի նման նետվելով թշնամու բանակի վրա, սարսափելի կոտորածներ անելով հետ վերադառնում։ Բայց երկու քաջերն ևս իրանց հանդուգն հարձակումների զոհը դարձան. Թյուլի-Արզումանը գնդակի հարված ստացավ Գանձակի այգեստանի մեջ, իսկ Դալի-Մահրասան սպանվեց գերեզմանատանը։

Քաջերի կորուստը Մելիք-Մեջլումին խորը ցավ պատճառեց, սակայն նա շարունակեց կռիվը, վիրավորվեց ու մահացավ Ջավադ խանի պալատում։

Վերջինս, հարգելով իր հանգուցյալ բարեկամի հիշատակը, Մելիք Մեջլումի մարմինը հանդիսավոր կերպով թաղել տվեց Գանձակի մայր եկեղեցու տաճարի աջակողմյան խորանի մեջ։ Նույն եկեղեցու գավթում ամփոփվեցին Դալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) և Թյուլի-Արզումանի մարմինները։

Հարություն Թումանյանցը մի երկարաշունչ պոեմ է նվիրել Ավագ վարդապետի կյանքին ու սխրանքներին, որն այդպես էլ կոչվում է՝ Դալի –Մահրասա։

«Սարի գլխին տխուր ժպտաց Ղարաբաղի արեւը,
Ջըրաբերդի անտառներին տուաւ վերջին բարեւը:
Զանգակները մենաստանի մելամաղձոտ ղօղանջում,
Աղօթարար սուրբ հայրերին եկեղեցի են կանչում:
Եւ ջերմեռանդ սուրբ հայրերը ահա եկան տաճարը,
Ժամերգութիւնն սկըսեցին` ձեռքին խաչ ու խաչվառը:
Ջերմ աղօթք են նոքա յղում Տէր Աստծուն ողորմած,
Որ Նա փրկի աղէտներից Հայոց ազգը որբացած:

Նայի՛ր ահա այն վիթխարի աշտարակին ահաւոր,-
Խոժոռադէմ կանգնած է նա` իբրեւ տխուր սգաւոր:
Նորա միջին նստած է լուռ մի աբեղայ դառնացած,
Իր միաբան ընկերներից անջատուած ու բաժանուած:
Չէր մասնակից երեկոյեան ժամերգութեան տաճարի –
Բազմախորհուրդ նստած է նա աշտարակում վիթխարի:
Աղօթք, մաղթանք, ժամերգութիւն չէին նորան հրապուրում,-
Նա յուզուած էր, նա այլայլուած… Նա աղօթել չէր կարում:

Արմինե Հայրապետյան

Թուրքիան մեղադրում է Իրանին “Զանգեզուրի միջանցքի” չկայացման համար

Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով, երեկ Kanal7-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով՝ առաջին դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։

Անկախ երթուղու վերջնական որոշումից, ըստ թուրք նախարարի, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցություններ այնուամենայնիվ կստեղծվեն։

«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Ժամանակի հարց է», – ասել է Ուրալօղլուն։

Թուրք նախարարի խոսքով՝ որևէ երկիր չպետք է դեմ լինի իր տարածքը Պեկինը Լոնդոնին կապող միջազգային տրանսպորտային զարկերակի վերածելուն։

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Իրանի բացասական դիրքորոշմանը՝ Ուրալօղլուն կարծիք է հայտնել, թե «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը հնարավոր է բացառապես իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկության մասին է»։

Հիշեցնենք, որ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ 

Թուրք նախարարն իրեն երկրին հարիր դիվանագիտական “ժուլիկությամբ” փորձում է ասել, որ Հայաստանը իբր համաձայն է միջանցք տրամադրել իր տարածքով, հրաժարվելով Իրանի հետ սահմանից, սակայն Թեհրանը թույլ չի տալիս։ Թուրքիան փորձում է օգտագործել Իսրայելի կողմից Արեւմուտքում տարածվող հակաիրանական տրամադրությունները՝ ռուս-թուրքական նախագիծն առաջ տանելու եւ Հայաստանը մասնատելու համար։ 

 

 

Ռուսաստանը կարող է չեղարկել միգրանտների «պատենտը» և ներդնել «օրգնաբոր»

Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի նախարարությունը կարող է ներդնել աշխատանքի ընդունման կազմակերպչական մեխանիզմ՝ օրգնաբոր, իսկ “աշխատանքիպատենտը” որպես միգրանտներ ներգրավելու գործիք արդեն խաղացել է իր դերը։ Այսօր այս ինստիտուտը պետք է ճշգրտվի, «Վեդոմոստի»-ին ասաց աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովը։

Նրա խոսքով, անհրաժեշտ է կառուցել օտարերկրյա աշխատուժի ներգրավման քաղաքակիրթ մոդել. Աշխատանքի նախարարությունը ՆԳՆ-ի հետ միասին տարբերակներ է մշակում, թե ինչպես ստեղծել նոր համակարգ, հավելեց նախարարը։

Ավելի վաղ Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը հայտնել էր, որ այժմ երկրում օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ավելի քան 6 միլիոն մարդ կա։

Ռուսաստանցիների մեծամասնությունը (80%) կարծում է, որ իրենց շրջաններում չափազանց շատ միգրանտներ են ապրում, ասվում է hh.ru առցանց հավաքագրման հարթակի մասնագետների կողմից անցկացված հարցման արդյունքների մասին տեղեկության մեջ։ Տարվա ընթացքում այս պատասխանը տվողների մասնաբաժինը աճել է 21 տոկոսային կետով։

Հարցվածների գրեթե երկու երրորդը (62%) կարծում է, որ աշխատանքային միգրացիան վնասակար է Ռուսաստանի մարզերի համար։ Միայն 13%-ն է խոսում օգուտների մասին։ Բացի այդ, 56%-ը կարծում է, որ միգրանտները աշխատանքի են ընդունում այնտեղ, որտեղ կարող են աշխատել տեղի բնակիչները:

Իսրայելի հյուսիսում անօդաչուների հարձակման հետևանքով մոտ 70 մարդ վիրավորվել է

DW

Իսրայելի հյուսիսում գտնվող Բինյամինա-Գիվատ Ադա քաղաքում երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով տուժել է մոտ 70 մարդ։ Այս մասին կիրակի, հոկտեմբերի 13-ի երեկոյան հայտնել են dpa եւ Associated Press լրատվական գործակալությունները։

Վիրավորներից չորսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ազգային բժշկական շտապ օգնության ծառայության Մագեն Դեյվիդ Ադոմին։ Եվս հինգ տուժածի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, մնացածը ստացել են թեթև վնասվածքներ։

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է, որ անօդաչու սարքերը Լիբանանից արձակվել են ահաբեկչական «Հեզբոլլահ» խմբավորման կողմից։ Իսրայելցի զինվորականներին, ըստ նրանց, հաջողվել է որսալ երեք անօդաչու թռչող սարքերից երկուսին։

Զինյալների թիրախը կարող էր լինել Բինյամին քաղաքի մոտ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի հավաքատեղին՝ Գիվաթ Ադան, գրում են լրատվամիջոցները։

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, լիբանանյան արմատական ​​խմբավորումը զանգվածային հրետակոծության ենթարկեց Իսրայելին. Իսրայելի պաշտպանության բանակը գրանցեց 320 հրթիռների և արկերի արձակում ամբողջ երկրում: Հրթիռների և անօդաչուների մեծ մասը որսացել են իսրայելական հակաօդային պաշտպանության միջոցները, իսկ մնացածներն ընկել են բաց տարածքներում, հայտնել են իսրայելական զինվորականները: Երկու իսրայելցի բեկորային վնասվածքներ են ստացել հյուսիսային Ակրե քաղաքի մոտակայքում:

2024 թվականի հոկտեմբերի 12-ին նշվում էր հրեական գլխավոր տոներից մեկը՝ Յոմ Կիպուրը։

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ազատություն

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

ՈւԵՖԱ ազգերի լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնել է Ֆուտբոլի ֆեդերացիան։

65-ամյա Պետրակովը հավաքականը ղեկավարում էր 2023-ի հունվարից։

Հավաքականը Ազգերի լիգայի չորրորդ տուրում «Հանրապետական» մարզադաշտում Հյուսիսային Մակեդոնիային պարտվեց 0։2 հաշվով։

Սկոպյեում կայացած առաջին խաղում դարձյալ հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան 2:0 հաշվով։

Այժմ խմբում առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է, Հայաստանը 4 միավորով երկրորդն է։

«Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն». Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինհի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր էջում հայտնել է, որ աշունը մտնում է իր դերի մեջ:

«Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն»,-գրել է Սուրենյանը:

Կոչ COP քարտուղարությանը․ Մենք ընդվզում ենք այս որոշման դեմ՝ անցկացնել  COP29-ը հակամարդ Բաքվում

Լուսանկարում՝ Լեռնային Ղարաբաղ, 2020 թ․, Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր է օգտագործել

 

Հայկական մի շարք կազմակերպություններ դիմել են «Կլիմայի աշտարակ» կողմերի համաժողովի (COP) քարտուղարությանը, , պահանջռլեվ կասեցնել ու վերանայել COP29-ը հակամարդ Բաքվում անցկացնելու որոշումը, քանզի Ադրբեձանում ոտնահարվում են հանրային վստահությունը, մարդու կյանքը, մարդու միջավայրի վիճակը, մարդու իրավունքները, բնությունը։

Բոնն, «Կլիմայի աշտարակ», կողմերի համաժողովին (COP)

Bonn, «Climate Tower», Conference of the Parties (COP)

ՄԱԿի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի քարտուղարության կենտրոնակայանին

Հարգելի՛ քարտուղարություն,

Այս տարի նոյեմբերի 11-ից 24-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP29) կկայանա Բաքվում։

Հիշեցնում ենք ձեզ, որ Արցախի հայաթափումից և բռնի տեղահանումից ընդամենը 2.5  ամիս անց ՝ 2023թ. դեկտեմբերի 11-ին, Դուբայում կայացած COP28 լիագումար նիստի որոշումը COP 29-ը Բաքվում անցկացնելու մասին՝ Ի. Ալիևը  գնահատել է Արցախի հայության դեմ իր արարքին բարձր աջակցություն։

Բաքուն արհամարհում է միջազգային օրենքն ու միջազգային դատարանների որոշումները՝ կապված 2020 թվականի սեպտեմբերի 27-ի լայնամասշտաբ ագրեսիայի, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի՝ տաս ամիսներ տևած սովամահության շրջափակումից հետո ռազմական ագրեսիայի, դրան հետևած 150 հազար հայերի դեմ տարված ցեղասպանության ու հայրենազրկման դեպքերի հետ, դա ոտնահարել է 2020 թվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, արդյունքում՝  Արցախի Հանրապետության քաղաքական իշխանավորները, զինվորները և  շարքային հայերը այսօր գտնվում են գերեվարության մեջ՝ առանց իրենց իրավունքները պաշտպանելու միջազգային որևէ մեխանիզմի առկայության։

Գերեվարության մեջ գտնվող 32 հայի ՀՀ-ն կարողացավ վերադարձնել հայրենիք միայն COP29-ը հյուրընկալելու իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի հանելու շնորհիվ, ինչը պարտադրված քայլ էր։

Բաքուն ունի մարդու իրավունքների ոտնահարման ցնցող պատմություններ, ինչպես բնապահպանական բողոքի ցույցեր ճնշելը և լրագրողների ձերբակալությունները:

Այսօր ստացվում է, որ COP29-ի գագաթնաժողովն  անցկացվում է ավտորիտար, նավթ արդյունահանող երկրում, երկիր, որի արտանետած ջերմոցային գազերը մեծ ներդրում ունեն կլիմայի գլոբալ փոփոխման մեջ, բայց որը իր իսկ արտանետած ջերմոցային գազերից ստանում է միլիարդավոր դոլարներ, որով զինվում է, որ հետո հանգիստ ու անարգելք ջախջախի ժողովրդավարության կղզյակ, չճանաչված Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը։ Բաքվի ագրեսիան ենթադրում է համակարգված վայրագություններ՝ ներառյալ սպանություններ, բռնաբարություններ, անդամահատումներ, գլխատումներ և քաղաքացիական անձանց բռնի տեղահանում, ի լրումն՝ միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքների անօրինական օկուպացիայի։

Արտանետված ջերմոցային գազերով ավտորիտար Բաքվի առաջնորդը կուտակում է միլիարդներ, որ արհամարհի միջազգային դատարանի որոշումները և հանրային հայտարարի, թե միջազգային օրենքը չի գործում, ու միայն իր «երկաթե բռունցքն» է հարց լուծում։

Հիշեցնենք, որ այսօր բնապահպանական միջոցառում հյուրընկալող Բաքվի առաջնորդը  2020 թվին Արցախի անտառները ավերեց սպիտակ ֆոսֆորով, հետապնդելով այդ անտառներում թաքնված հայերին, ինչն ուղիղ շարունակությունն էր 1992 թվի հայկական Շահումյանի շրջանում   ֆոսֆորի կիրառման անպատժելիության, որից  Բաքվի առաջնորդը հետևություն արեց, թե  միջազգային իրավունքը և միջազգային կառույցները ամուլ են։

Հավելենք, որ 1989-1991 թվականներին մոտ 8000 տոննա հնացած և արգելված թունաքիմիկատներ, հիմնականում DDT և հեքսաքլորան առաքվել է Բաքվից 53 կմ հեռավորության վրա գտնվող աղբավայր, բայց ներկայումս տեղանքում առկա է ընդամենը 4000 տոննա թունաքիմիկատ։ Հազարավոր տոննաներ արգելված քլորօրգանական այդ թունաքիմիկատները մեծ «միգրացիա» են ապրել, ստվերային վերավաճառվել Ռուսաստանում, Հարավկովկասյան ռեգիոնում։ 1984-2004 թվերին 100 անուն թունաքիմիկատներից 18735 տոննա արտադրվել է Ադրբեջանում, ներկրվել է 429 586 տոննա։ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ տարեկան մոտ 500 տոննա թունաքիմիկատ է ներմուծվում Ադրբեջան, իսկ ըստ ԵԱՀԿ-ի տվյալների`  դրանց մի մասը արգելված թունաքիմիկատներ են՝ DDT, հեքսաքլորան, իզոֆեն, նատրիումպրոֆինատ, քլորոֆոսը և այլն։ Արգելված  կայուն օրգանական աղտոտիչները հայտնաբերվել են նաև արտահանվող մրգերում։

Ալիևների ընտանիքը միլիարդներ կուտակում է անգամ արգելված կայուն օրգանական աղտոտիչների կիրառումից  ու անհայտ ծագման թունաքիմիկատներով ապականում բամբակի դաշտերը՝ նույնիսկ կանանց աշխատանքին զուգահեռ։

Բաքվի ռեժիմը հայտարարել է, որ Արցախի օկուպացված տարածքները վեր է ածում կոշտ կենցաղային աղբի պոլիգոնների ու վերբեռնման կետերի, իսկ  Նախիջևանում  9 հա տարածքի վրա այս տարի բացում է վտանգավոր թափոնների պոլիգոն։

Որքանո՞վ է հավանական, որ միջազգային օրենք ու որոշում ոտնահարող պետական միավորը կհետևի  վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելյան կոնվենցիային կամ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին կոնվենցիային, «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիային, ՄԱԳԱՏԷ-ի որոշումներին և մյուս պահանջված որոշումներին, ու չի ստեղծի տեխնածին, տարատեսակ վթարների ու աղետների սպառնալիքներ ողջ տարածաշրջանի համար։

Մենք ընդվզում ենք այս որոշման դեմ՝ անցկացնել  COP29-ը հակամարդ Բաքվում, պահանջում ենք կասեցնել ու վերանայել այն, քանզի ոտնահարվում են հանրային վստահությունը, մարդու կյանքը, մարդու միջավայրի վիճակը, մարդու իրավունքները, բնությունը, երբ կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերը նման գլոբալ  միջոցառումը թույլ են տալիս անցկացնել Բնությունը և նրա օրենքները ավերող ռեժիմի վերահսկողության տակ գտնվող վայրում։

Ուզում ենք հավատալ, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի քարտուղարությունը անաչառ կլինի ու հավատարիմ կլինի Բնությանն ու նրա խնդիրների լուծմանը ու կմերժի COP29-ը Բաքվում անցկացնելու ծրագիրը։

 

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

«Քարավան-88» ՀԿ

«Ահազանգ» ՀԿ

«Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

ՄեդիաՍտեփ ՀԿ

Ստորագրություններին միանալն ազատ է

[email protected]

+374 93438756

+374 99438756

 

Կոչ միջազգային դատարանին Արցախում կատարված հանցագործությունների քննություն նախաձեռնել

change.org կայքում տեղադրվել է կոչ Միջազգային Քրեական Դատարանի Դատախազին՝ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական քննություն։  “Հաշվի առնելով հանցագործությունների մասշտաբն ու լրջությունը, կան հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում կատարվել են գործողություններ, որոնք ընկնում են Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ”, ասված է միջնորդութւան մեջ։

Միացեք ստորագրահավաքին հղումով

Հարգելի Միջազգային Քրեական Դատարանի Դատախազ,

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքացիներս և այլ մտահոգ անձինք, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ սկսել 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների քննությունը։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 4-ը իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով 150 հազար հայեր ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգությունը հաշվվում է մի քանի հազարամյակ։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրավված է Ադրբեջանի զինված ագրեսիայի, 10-ամսյա պաշարման, էթնիկ զտումների եւ այլ ցեղասպան գործողությունների արդյունքում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները ստորագրեցին Եռակողմ հայտարարություն, համաձայն որի Ղարաբաղ մտցվեցին ռուսական զորքեր՝ որպես խաղաղ բնակչության անվտանգության եւ Լաչինի միջանցքի՝ Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի գործունեության երաշխավոր։

Չնայած օրենսդրության համաձայն Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, իսկ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի կազմով, Ռուսաստանը միակողմանիորեն ներմուծեց զորքեր եւ երեք տարի շարունակ արգելափակում էր քննարկումներն ու որոշումները միջազգային ատյաններում։ Ռուսական զորքերը Ղարաբաղ չէին թողնում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵԱՀԿ-ի, ինչը թույլ չէր տալիս միջազգային մակարդակով արձանագրել Ադրբեջանի կողմից ղարաբաղցիների իրավունքների խախտումները եւ ցեղասպան գործողությունները։

Խաղաղ բնակիչները, ովքեր լքել էին Ղարաբաղը 2020 թվականի պատերազմի ժամանակ, վերադարձան մասնակի օկուպացված Ղարաբաղ՝ ռուսական զորքերի, անձամբ Վլադիմիր Պուտինի երաշխիքների ներքո, ով հրապարակայնորեն խոստացել էր պահպանել հայկական մշակութային ժառանգությունը։ նաեւ գուցե նշենք էլի Պուտինի խոսքը՝ ղարաբաղցիները Ղարաբաղում կապրեն արժանապատվորեն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիան եւ հայ բնակչության տեղահանությունը նույնպես իրականացվեց ռուսական զորքերի ներկայությամբ։ Խաղաղ բնակիչները մնացին շրջափակված Լեռնային Ղարաբաղում առանց միջազգային անվտանգության երաշխիքների, որոնք Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին տորպեդահարել էր։ Ռուսական զորքերը նպաստեցին ղարաբաղյան զինված ուժերի զինաթափմանը, որոնք իրենց ուժերով փորձում էին իրացնել ինքնապաշտպանության իրենց իրավունքը։

Այս ամենը հանգեցրեց խաղաղ բնակչության բռնի տեղահանմանը, քաղաքացիական զոհերի, այդ թվում՝ երեխաների, կոլեկտիվ եւ մասնավոր գույքի կորստին, գերեզմանների եւ հազարամյա պատմական ժառանգության կորստին։

Փաստերի հաստատման առաքելությունը, որն իրականացվել է Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly-Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation եւ Truth Hounds- ի կողմից, հաստատել է, որ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ ադրբեջանական իշխանությունների եւ զինվորականների կողմից կատարված գործողությունները, ինչպես նաեւ Առաքելության զեկույցում նշված այլ արարքները, որը հրապարակվել է «Ինչու՞ չկան հայեր Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանդիսանում են անցագործություններ՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածը (մարդկության դեմ
ուղղված հանցագործություններ) եւ 8-րդ հոդվածը (պատերազմական հանցագործություններ), եւ համապատասխանում են բնակչության տեղահանման կամ բռնի տեղափոխման սահմանմանը։

Ադրբեջանի հանցագործությունների մասին խոսվում է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցներում: Մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը դիտավորյալ կերպով Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք անհնար են դարձրել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության գոյությունը եւ գոյատեւումը։ Freedom House-ը հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնց թվում կազմակերպությունն առաջարկում է Միջազգային քրեական դատարանին մանրակրկիտ քննություն անցկացնել եւ հնարավոր քրեական հետապնդում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված սարսափելի գործողությունների մեղավորների նկատմամբ։ Կազմակերպությունը շեշտում է, որ Ադրբեջանի կառավարությունը գիտակցաբար եւ համակարգված կերպով իրականացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանում։
https://freedomhouse.org/article/interventions-2024-osce-warsaw-human-dimension-conference

Տարածաշրջանում տեղի ունեցածը պահանջում է մանրակրկիտ քննություն եւ գնահատում՝ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների խախտումների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առումով, ինչի մասին խոսվում է տարբեր միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներում։

1992 թվականին միջազգային հանրությունը արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ տարաձայնությունների առկայությունը՝ ճանաչելով այս տարածքի վիճելի լինելը։ Հայաստանը եւ Ադրբեջանը այն ժամանակ դարձան ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ երկրներ՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը եւ համաձայնվելով, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կորոշվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կոնֆերանսում։ Երկու պետություններն էլ միջազգային պարտավորություն ստանձնեցին հարցը լուծել բացառապես
խաղաղ ճանապարհով։

Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը չորս անգամ ագրեսիա է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. առաջին անգամ՝ 1991-94թթ., երկրորդ անգամ՝ 2016թ. ապրիլին, երրորդ անգամ՝ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին, եւ, վերջապես, չորրորդ անգամ՝ 2023թ. սեպտեմբերի 19-20-ին։

2022թ. դեկտեմբերի 12-ին սկսված 10-ամսյա շրջափակման ընթացքում ադրբեջանական ուժերը համակարգված կերպով ահաբեկում էին հայ բնակչությանը. Մենք՝ հայերս, ենթարկվում էինք դաժան հոգեբանական ճնշման.

– Ադրբեջանը փակեց Հայաստանից Լեռնային Ղարաբաղ եկող գազը, կտրեց էլեկտրահաղորդման գծերը՝ հոսանքազրկելով տարածաշրջանը, պարբերաբար կտրում էր ինտերնետի մալուխները։ Այս բոլոր հաղորդակցության միջոցներն անցնում էին Լաչինի միջանցքով, որը նա շրջափակել էր։ Այսպիսով, հիվանդանոցները եւ դպրոցները չէին ջեռուցվում, երեխաները չէին կարողանում դպրոց գնալ, էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործվում էին Սարսանգի ջրամբարի ջրերը, որը շուտով գրեթե ցամաքեց։

– Ադրբեջանցիները սպառնում էին հայերին ֆիզիկական հաշվեհարդարով, եթե մենք՝ հայերս, չլքենք այդ հողերը, նրանք բարձր ձայնով միացնում էին համապատասխան տեքստերով աուդիո ձայնագրություններ բնակավայրերի մոտակայքում։

– Արձանագրվել են բազմաթիվ հարձակումներ քաղաքացիական անձանց վրա, կրակահերթեր հայ ֆերմերների ուղղությամբ, որոնք աշխատում էին իրենց դաշտերում։ Այս գործողությունները հանգեցրին զոհերի խաղաղ բնակչության շրջանում եւ անհնար դարձրին գյուղատնտեսությամբ զբաղվելը, ինչը խորացրեց մարդասիրական ճգնաժամը։ Հաճախ նրանք թույլ էին տալիս մշակել հողը, իսկ բերքահավաքի սեզոնին գնդակոծում էին դաշտերը՝ թույլ չտալով հավաքել բերքը։

– Արձանագրվել են ենթակառուցվածքների ծառայությունների աշխատակիցների սպանություններ, օրինակ՝ ջրամատակարարման համակարգի վերանորոգմամբ զբաղվող ջրտնտեսության աշխատակիցների սպանության եւ վիրավորման դեպքեր։ Նաեւ կրակ է բացվել ոստիկանական մեքենայի վրա եւ սպանվել են հայ ոստիկաններ։

– Բազմիցս ադրբեջանական ուժայինները պատանդ են վերցրել խաղաղ հայ բնակիչների հենց Լաչինի միջանցքում՝ ապօրինի հսկիչ կետում՝ նրանց ներկայացնելով ամենաանհեթեթ մեղադրանքներ։ Լեռնային Ղարաբաղի երեխաները երբեք չեն մոռանա անօդաչուների եւ պայթող արկերի ձայները։

Այս ամբողջ կամայականությունը հովանավորվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Ադրբեջանը անտանելի կենսապայմաններ է ստեղծել հայ բնակչության համար։ Հայերի դեմ վերջին ագրեսիան՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, դարձավ Ադրբեջանի հանցագործությունների գագաթնակետը։ Բնակավայրերը կտրվեցին շրջկենտրոններից, շրջանները՝ կենտրոնից՝ Ստեփանակերտից, կապը խզվեց։

Հայերի բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը պլանավորված կերպով ոչնչացնում է ողջ հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը։

Հայկական պատմական հուշարձանները կա՛մ ոչնչացվում են եւ ջնջվում երկրի երեսից, կա՛մ յուրացվում։

Միջազգային դատարանները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, բազմիցս պարտավորեցրել են Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, իսկ հայերի տեղահանումից հետո՝ ապահովել հայերի անվտանգ վերադարձը եւ պահպանել մեր գույքն ու մշակութային ժառանգությունը։

Ադրբեջանը լիովին անտեսում է դատարանների պահանջները ոչ միայն իր անգործությամբ, այլ նաեւ իր հայտարարություններով, այդ թվում՝ հայերի նկատմամբ ատելության հռետորաբանությամբ։

Միջազգային դատարանների որոշումներում, սակայն, չկար հիշատակում Ռուսաստանի դերի մասին, պահանջներ՝ կատարել Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Նման պահանջների բացակայությունը տպավորություն է ստեղծում, թե հայերը 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել են Ադրբեջանի երաշխիքներով՝ ինտեգրվելու նպատակով, բայց չեն կատարել իրենց պարտավորությունները։

Հարգելի Դատախազ,

Հաշվի առնելով հանցագործությունների մասշտաբն ու լրջությունը, կան հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում կատարվել են գործողություններ, որոնք ընկնում են Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

Խնդրում ենք Ձեզ, պարոն Դատախազ, ներկայացված տեղեկատվության հիման վրա նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական քննություն։ Ձեր միջամտությունը կարող է դառնալ վճռորոշ քայլ՝ ճշմարտությունը եւ արդարությունը հաստատելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ ապագայում նման ողբերգությունները կանխելու ուղղությամբ։