Դատը սկսված է․ Արցախցի հայցվորը վկայակոչեց 1989 թ․՝ Միացումի մասին որոշումը

Արցախից բռնի տեղահանված Անուշ Ալեքսանյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության որոշումը՝ իրեն ժամանակավոր պաշտպանության փախստականի կարգավիճակ չտրամադրելու մասին։ Այս գործով դատական նիստը կայացել է Վարչական դատարանի Սեւանի նստավայրում։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ հիմնավորել է, որ Անուշ Ալեքսանյանը համարվում է ՀՀ քաղաքացի, հետեւաբար, չի կարող ստանալ փախստականի կարգավիճակ։ «Դուք 1995 թվականին առաջին անգամ ստացել եք ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հետագայում, Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելով եւ փաստաթղթավորվելով 070 կոդով անձնագրով, դուք չեք կորցրել ձեր քաղաքացիությունը։ ՀՀ-ից դուրս բնակվելն ինքնին չի ենթադրում քաղաքացիության կորուստ կամ դադարեցում։ Քաղաքացիությունը դադարեցվում է բացառապես Հանրապետության նախագահի հրամանագրով։ Հետեւաբար, հաշվի առնելով, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում բացակայում է տեղեկությունը ձեր՝  ՀՀ քաղաքացիության դադարեցնելու մասին, ձեզ ժամանակավոր պաշտպանության տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են»,- ասել է նա։

Անուշ Ալեքսանյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ նախքան անկախ Հայաստանի քաղաքացի լինել, եղել է ՀԽՍՀ քաղաքացի, դրանից առաջ էլ եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի քաղաքացի։ Առաջին անձնագիրն էլ ստացել է ԼՂԻՄ-ում, ծնվել է ԼՂԻՄ-ում, ծնողները նույնպես ծնվել են ԼՂԻՄ-ում, իսկ նրանց նախապապերը՝ Լեռնային Ղարաբաղում։

«Ապուպապերիս գերեզմանները բոլորն Արցախում են՝ Մարտակերտի շրջանում։ Ես իմացել եմ, որ իմ ստացած ՀՀ անձնագիրը նույնն է, ինչ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունն է ստացել։ Ինձ ոչ ոք չի ասել, որ դա նույնը չէ։ Ես 2015 թվականին արդեն գրանցվել ու հաշվառվել եմ պետռեգիստրում, մասնակցել եմ Արցախի նախագահական, հետո Ազգային ժողովի ընտրություններին, ինձ ոչ ոք չի ասել, որ դու ՀՀ քաղաքացի ես, մի մասնակցիր, որովհետեւ բոլոր արցախցիներն են եղել ՀՀ քաղաքացի։ Ինձ հիմա ասում են՝ դու չես գրանցվել պետռեգիտսրում, որ գրանցված չեմ եղել, ո՞նց եմ մասնակցել ընտրություններին։ Ոչ մի տարբերություն չի եղել, Արցախում ես, թե Հայաստանում, նույն ՀՀ քաղաքացիությունն է։ Իսկ 2020 թվականին, երբ արդեն անձնագրիս ժամկետը երկարաձգելու հնարավորություն չկար, ես փոխել եմ անձնագիրս, գնացել դիմել ու ստացել եմ 070 կոդով անձնագիր։ Այսինքն՝ ունեմ ԼՂ բնակիչների ստացած անձնագիրը։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ՀՀ քաղաքացի էր, եւ ոչ ոք չի կարող ապացուցել, որ 070 կոդով անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր չէ»,- ասաց նա։

Անուշ Ալեքսանյանը դատարանում հիշեցրել է, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման համաձայն՝ Արցախի բնկաիչները համարվում են ՀՀ քաղաքացի։ Նա մեջբերում է այդ որոշման երրորդ կետը․ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»։

«Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, ովքեր ներկա են եղել գործընթացներին հենց շարժման սկզբից։ Մենք աջակցել ենք, որպեսզի այդ որոշումը կայացվեր։ Մենք շրջապատել էինք Ամերիկյան համալսարանի շենքը, որպեսզի այդ որոշումը կայացվեր։ Այդ որոշումը կայացվել է, ընդ որում, հեշտ չի կայացվել, լավ է, որ մեզ վրա չեն հարձակվել այդ օրը ու չեն կոտորել։ Ընդ որում, այդ որոշումը դեռ ուժի մեջ է, ոչ ոք չի բեկանել։ Իսկ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված է, թե ովքեր են ՀՀ քաղաքացի ճանաչվում, երրորդ կետում էլ գրված է՝ ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն, ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն»,- նշեց նա։

Հիմա տիկին Անուշը հարցադրում է անում՝ եթե Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշման համաձայն՝ Արցախի բոլոր բնակիչները համարվում են ՀՀ քաղաքացի, ունեն 070 կոդով ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչո՞ւ են իրեն տարանջատում։ Ինչո՞ւ են մյուս արցախցիներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրում, իսկ իրեն ասում՝ ՀՀ քաղաքացի ես, եւ այդ հիմքով չեն տրամադրում փախստականի կարգավիճակ։ «Ես չէի ուզում Արցախից գալ Հայաստան, հարկադրված եմ եղել, ի՞նչ է նշանակում, որ փախստականի կարգավիճակ չունեմ»,- հարցադրում է անում նա։

Ռոզա Հովհաննիսյան

Լավրով. Ռուսաստանը կարող է զորքերը դուրս բերել Աբխազիայից… Վրաստանի դիմաց

DW

ՌԴ ԱԳՆ ղեկավարը խոսել է Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով «գործարքի» հնարավորության մասին։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել է, որ հնարավոր է Վրաստանում երկարաժամկետ առճակատման կարգավորման համաձայնություն։ Ռուսաստանը բաց է փոխզիջման համար, որը կարող է հանգեցնել իր զորքերի դուրսբերմանը Աբխազիայից և Հարավային Օսիայից, ասել է Լավրովը։

Ավելի վաղ երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր կրեմլամետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր, որ վրացական իշխանությունները «ուժ կգտնեն» ներողություն խնդրելու 2008 թվականին Հարավային Օսիայի հետ պատերազմի համար։ Նրա խոսքերը բողոքի ցույցեր են առաջացրել ամբողջ երկրում:

Վրաստանի կառավարությունը դրական է գնահատում Լավրովի հայտարարությունը, ասել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հայտնում է Mtavari-ն։ «Այն, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անշուշտ դրական է։ Սակայն ես կասեի, որ այս հայտարարություններից հետո լավ կլիներ արդյունավետ քայլեր ձեռնարկել»,- Թբիլիսիի քաղաքապետի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։

Վրացական ընդդիմությունը ռուս դիվանագետի խոսքերը համարել է սադրանք և խայտառակություն իշխող կուսակցության համար։ «Լավրովն, իհարկե, իր հայտարարությամբ հաստատում է, որ համագործակցում է «Վրացական երազանքի» և Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Կուսակցության համար շատ ամոթալի է, որ Լավրովը հավանություն է տալիս Ռուսաստանի կողմից ճանաչված այսպես կոչված անկախ պետությունների հետ համագործակցելու վրացական իշխանությունների ցանկությանը։ Ավելի մեծ ամոթ չի կարող լինել Վրաստանի իշխանությունների համար»,- ասել է ընդդիմադիր պատգամավոր Թամարա Կորձայան:

Խմբ․ կողմից․ Մոսկվայի նման «պատրաստակամությունը» հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե Վրաստանը վերջապես վերադառնա Ռուսաստանի գիրկը։ Դրա համար «Վրացական երազանքը» պետք է հաղթի հոկտեմբերի ընտրություններում, եւ Լավրովը նրան նախընտրական բոնուս է տալիս։

 

Միշուստինը մեկնում է Իրան, այնուհետեւ Հայաստան․ վերջին զգուշացումը մինչ Զանգեզուրի ճեղքումը

Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Կրեմլը հայտնել է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30-ին կմեկնի Թեհրան՝ հանդիպելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Մոսկվան խստորեն դատապարտել է Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլա»-ի զինյալների վրա Իսրայելի հարձակումները:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Հայաստան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը։

ՌԴ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։

Մոսկվան փորձագիտական մակարդակում փորձում է համոզել Իրանին հակահարված տալ Իսրայելին, այդպիսով մեծ պատերազմ հրահրելով եւ թույլ չտալով Իրանի եւ Արեւմուտքի մերձեցումը։ Իրանի նոր նախագահը նոր է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ հայտարարել է իր երկրի նման մտադրության մասին։ Մինչ այդ Իրանը պաշտոնապես մեղադրեց Ռուսաստանին հայ-իրանական սահմանը զավթելու եւ միջանցք բացելու մտադրության մեջ։

Իրանի եւ Արեւմուտքի մերձեցումը թույլ չտալու Ռուսաստանի գլխավոր միջոցը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որով կմասնատվի Հայաստանը եւ կխափանվի Իրանի եւ Արեւմուտքի կապը։ 

Միշուստինի այցը կարող է “վերջին զգուշացումը” լինել՝  Զանգեզուրի միջանցքը ռազմական ճանապարհով ճեղքելու առաջ։ Բաքվում արդեն տրտնջում են, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի ձեռքերով հարված հասցնել Իրանին եւ Արեւմուտքին։  

 

Մի փոքր կցրտի

Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանի նվազում են կանխատեսում, հայտնում է Հայաստանի հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ հոկտեմբերի 30-ին առանց տեղումների եղանակ է, սակայն արդեն հոկտեմբերի 1-ին հնարավոր է անձրեւ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կնվազի 2-3 աստիճանով։

Շիրակում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կլինի +17, Կոտայքում՝ +20, Գեղարքունիքում՝ +15։
Լոռիում և Տավուշում սեպտեմբերի 30-ին օդերևութաբանները կանխատեսում են +18 և +20, իսկ Արագածոտնում +2։ Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, ինչպես նաև Սյունիքում օդը տաքանալու է մինչև +24։

Երևանում սեպտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +23։

Նասրալլայի զարմիկը՝ «Հեզբոլլա»-ի նոր ղեկավար

Լիբանանյան «Հեզբոլլա» խմբավորումը կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆի ադ-Դինին, հայտնում են արաբական լրատվամիջոցները։

Ադ-Դինը 60 տարեկան է։ Նա «Հեզբոլլա»-ի համահիմնադիրներից է, եղել է գործադիր կոմիտեի ղեկավարը։ Նրան համարում են «Հեզբոլլա»-ի գործերի կառավարիչ։ Մինչ խմբի ղեկավար ընտրվելը նա զբաղվում էր խմբավորման ֆինանսական հարցերով։ Ադ-Դինը 2017 թվականից ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ահաբեկիչների ցուցակում է։

Նա «Հեզբոլլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկն է մայրական կողմից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանի փեսան։ Սոլեյմանը սպանվել է 2020-ի սկզբին Իրաքում ԱՄՆ ավիահարվածից։

Մոսկվան և Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» համար լեզգիների հողերի վրա մեծ հանգույց են կառուցում

Արտերկրում գործող ադրբեջանական ընդդիմադիր ալիքները հաղորդում են Գուսարի շրջանում տագնապալի իրավիճակի և ներքին զորքերի կողմից իրականացվող հատուկ գործողության մասին։ Ինչպես հաղորդում է Azad Söz հեռուստաալիքը, «Գուսարի շրջանի անտառներում հայտնաբերվել են “Անտառային եղբայրներ” կազմակերպության հենակետեր և գետնի տակ թաքնված զենքեր»։ «Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ահաբեկիչներ են բռնվել։ Նրանք, ում Ալիևը ահաբեկիչներ է անվանում, կարող են պարզապես զրպարտվող գյուղացիներ լինել»,- ասում է ալիքներից մեկը։ Հաղորդվում է, որ ռեյդը շարունակվում է երեք շաբաթ:

Անվտանգության փորձագետ Ա.Օրուջլուն բացարձակ սուտ է անվանել Ալիևի հայտարարությունները արտաքին սպառնալիքների առկայության մասին։ Փորձագետի խոսքով՝ Գուսարիում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները կապված են Գոդ Նիսանովի այս տարածքում բիզնես գործունեության հետ, ով գնել է սահմանամերձ տարածքները և մտադիր է Ռուսաստանի հետ հաղորդակցության համար մեծ տրանսպորտային հանգույց կառուցել։ Նույն տարածքում կան գյուղացիների առևտրի օբյեկտներ, եւ նրանք ցանկանում են խլել այն։ «Մարդիկ փորձում են պաշտպանել իրենց իրավունքներն ու սեփականությունը։ Եվ հիմա իշխանությունները ցանկանում են ներկայացնել իրավիճակը, թե իբր այնտեղ հայտնվել են «Անտառային եղբայրների» ջոկատներ, իբր թե ինչ-որ սպառնալիք է գալիս Ռուսաստանից։

Օրուջլուի խոսքով՝ Գոդ Նիսանովը Հաբադ-Լյուբավիչ աղանդի ակտիվ անդամ է։ Համառոտ ներկայացնելով դրա էությունը՝  նա ասաց. «Այս աղանդը վերահսկում է Պուտինին, իշխանության բերեց Զելենսկիին և պաշտպանում է Իլհամ Ալիևին։ Ադրբեջանում այլեւս ավանդական հրեական համայնք չի մնացել։ Բոլորը գնացին Հաբադ։ Սա ռեակցիոն աղանդ է, և Իսրայելի ժողովուրդը դա ընկալում է որպես սպառնալիք»։ Նա կարծում է, որ Ադրբեջանում կան ներքին ռիսկեր, որոնք, նրա կարծիքով, սպառնում են երկրի կայունությանը։

Հիշեցնենք, որ Գուսարիի շրջանը սահմանակից է Դաղստանին։ Սա Ադրբեջանի միակ շրջանն է, որը հիմնականում բնակեցված է լեզգիներով:

Ռուսաստան-Ադրբեջան սահմանին պատմությունը տեղի է ունենում Մոսկվայի և Բաքվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը «բացելու» համատեղ արշավի ֆոնին։ Մոսկվան և Բաքուն մտադիր են անեքսիայի ենթարկել Հայաստանի տարածքը և ստվերային ճանապարհ ապահովել Թուրքիայի, ապա Իսրայելի հետ։ Այդ նպատակով այժմ լեզգիների հողատարածքների վրա հաբ է կառուցվում։

Իսրայելը հաստատում է «նոր կարգ»՝ «ոչ մի կանոն»։ Մոսկվային դա դուր է գալիս

Լիբանանում Հեզբոլլահի ղեկավարությունը և ներուժը ոչնչացնելու Իսրայելի գործողությունը կոչվում է «նոր կարգ»: Այս անվանումը պատահական չէ և վերաբերում է ԱՄՆ նախկին դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի՝ ընտրվելու դեպքում աշխարհակարգը փոխելու մտադրությանը։ Այն, որ Բայդենն ընտրություններից 2-3 ամիս առաջ դուրս եկավ ընտրապայքարից, հուշում է, որ «նոր կարգը» կլինի հին, և այն կշարունակի որոշվել իսրայելական գործոնով։ Իսկ Բայդենի «հիվանդությունը» «Նոր կարգ» գործողության մի մասն է։

Ներկայիս աշխարհակարգը, որը վերջնականապես ձևավորվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից, ՄԱԿ-ի ձևավորումից և աշխարհի նոր բաժանումից հետո, հիմնված է «հրեական հարցի» վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմը կապված է Հոլոքոստի հետ, Իսրայել պետությունը ստեղծվել է որպես ցեղասպանության «փոխհատուցում», և Միացյալ Նահանգները չեն թաքցնում, որ հովանավորում է Իսրայելին՝ որպես նացիզմի հիմնական զոհ։

Իրանը բացահայտորեն դեմ է նման աշխարհակարգի անարդարությանը, ինչի պատճառով Իսրայելն Իրանին  համարում է ոխերիմ թշնամի։ Իրանն այժմ ձգտում է բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, և Իսրայելը փորձում է ցույց տալ, որ ինչ էլ որ լինի, Իսրայելում է որոշվելու «նոր կարգը»:

Ռուսաստանը, որն աջակցում էր տարածաշրջանում հակամարտություններին և հանդիսանում է Իսրայելի «ծնողներից» մեկը, փորձում է կանխել Արևմուտքի և Իրանի հաշտեցումը։ Հիմա Մոսկվայում, փորձագիտական ​​մակարդակով, Իրանին հրահրում են ռազմական գործողությունների՝ բողոքելով, որ Թեհրանի նոր ղեկավարությունն այլևս չի լսում Մոսկվային։

Մերձավոր Արևելքի փորձագետ Սեմյոն Բաղդասարովը ափսոսանքով նշեց, որ «Իրանի ղեկավարությունն այժմ գերիշխում է «չափավոր» բարեփոխիչները… «Ստվերային Գորբաչովի» առկայությունը Իրանի քաղաքականության մեջ լուրջ հետևանքներով է սպառնում երկրի անվտանգության համար»: Այսինքն Մոսկվան բացահայտ սպառնում է Իրանին երկրի մասնատմամբ, ինչպես գորբաչովյան ԽՍՀՄ-ը քանդվեց։

Ռուսաստանը ողջունում է Իսրայելի «նոր կարգը», որը ընդարձակում է ընդունելիի սահմանները: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն և Կրեմլի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը ծաղրել են Հեզբոլլահի զինյալների փեյջերների զանգվածային պայթեցման հետ կապված միջադեպը։

«Նոր անեկդոտ. Կինը անսպասելիորեն ամուսնուն փեյջեր է նվիրել ծննդյան օրվա կապակցությամբ»,- պատմել է Մատվիենկոն։ Երբ դահլիճում անհարմար լռություն հաստատվեց, Մարգարիտա Սիմոնյանը որոշեց այս «անեկդոտին» ավելացնել՝ իրավիճակը լիցքաթափելու համար։ «Օդեկոլոն էր ուզում նվիրել: Իսկ հետո կարդաց լուրը և նրան փեյջեր տվեց»,- պատմել է քարոզիչը։

Մոսկվան նույն «նոր կարգը» կիրառում է Ուկրաինայում, ինչպես նաև Հայաստանում, որտեղ գործում է «նոր կարգի» հեղինակների հետ համատեղ։ Նոր կարգում Ուկրաինայի, Հայաստանի և Լիբանանի համար տեղ չպետք է լինի։

Սահմանահատման համար պարտադիր է փախստականի վկայականը

Ինչու՞ է փախստականի վկայականը պարտադիր պայման սահմանհատման համար, հատկապես, որ արտերկրում ոչ մեկ դա չի ստուգում։ Սա այն բազմաթիվ հարցերից մեկն է, որ հուզում է արցախցիներին և թվում է, թե այն ձևական բնույթ է կրում, քանի որ դրա առկայությունը ստուգում են միայն ՀՀ սահմանապահները։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը պարզաբանեց, որ դա արվում է բացառապես անձի անվտանգության ու ապահովության համար։

«Քանի որ Ադրբեջանը քանիցս հայտարարել էր, որ մի շարք արցախցիների նկատմամբ հետախուզում է հայտարարված, մենք չենք կարող բացառել նման վտանգը։ Քարտը սահմանապահին հնարավորություն է տալիս ստուգելու, արդյո՞ք անձը հետախուզվում է թե ոչ։ Իսկ այն երկրների համար, որոնց բազաները հասանելի չեն, ԼՂ-ից բռնի տեղահանված անձին, որը չունի ՀՀ քաղաքացիություն, հենց փախստականի վկայականով իր պաշտպանության տակ է առնում Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար, խնդիր առաջանալու դեպքում կապը կհաստատվի ՀՀ-ի, այլ ոչ թե հետախուզում հայտարարած երկրի հետ։

Իսկ եթե անձը ստանում է քաղաքացիություն, սահմանը հատելիս, եթե առաջանա խնդիր այսպես, թե այնպես կապը հաստատվելու է քաղաքացու երկրի հետ, այսինքն Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի հետ»,-նշեց Նելլի Դավթյանը։

Հավելենք, որ դեկտեմբերից նորից երկարաձգվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի ժամանակավոր պաշտպանության, կամ փախստականի կարգավիճակը։

Հայ բարերարներ. Ավանդույթները կորա՞ծ չեն

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերականգնողական աշխատանքներին անմիջականորեն մասնակցած մի շարք հովանավորների է հանձնել Հայ Առաքելական եկեղեցու նոր բարձրագույն շքանշանը:

Գարեգին Բ-ն շքանշան է հանձնել Վաչե և Թամար Մանուկյաններին, Սամվել և Էթերի Կարապետյաններին, Պերճ և Վերա Սեդրակյաններին, Էրիկ և Միլանա Իսրայելյաններին և այլոց։

Բարեգործական ավանդույթները ազգի գոյության հիմնասյուներից են, որոնք ցեմենտի նման ամրապնդում են կապերը ժողովրդի տարբեր հատվածների միջև։ Հայ ժողովուրդը տվել է մեծ բարերարների մի ամբողջ շարք, որոնց շնորհիվ օգնություն են ստացել ոչ միայն անօգնականներն ու որբերը, այլև աջակցություն են ստացել մշակույթը, արվեստը, ազգային եկեղեցին ու ավանդույթները։

Հայ բարերար Խանդամիրյանի ջանքերով Շուշիում՝ Ղազանչեցոց եկեղեցու մոտ թատրոն է կառուցվել։ 350 նստատեղ ունեցող թատրոնի բացումը տեղի ունեցավ 1891 թվականի հուլիսի 7-ին, իսկ առաջին ներկայացումը հայ նշանավոր գրող և դրամատուրգ, ծնունդով շուշեցի Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) «Ռուզան» պատմական դրաման էր։

18-րդ դարի վերջին Հովհաննես Լազարևը կտակել է իր ունեցվածքի մի մասն օգտագործել աղքատ հայ երեխաների համար դպրոց ստեղծելու համար (Մոսկվայի ապագա Լազարյան արևելյան լեզուների ինստիտուտը, որի հիման վրա բացվել է МГИМО-ն): Լազարևը նոր ձևավորվող Ռուսական կայսրության տարբեր հատվածներում ստեղծեց հայկական մշակույթի և կրթության կենտրոններ՝ իր ներդրումն ունենալով Ռուսիայի պետական ​​և դիվանագիտական ​​հաստատությունների ձևավորման գործում։

Ալեքսանդր Մանթաշյանցը սկսած 1880 թվականից ֆինանսավորել է ավելի քան 200 տաղանդավոր հայ երիտասարդների, որոնք ուղարկվել են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից շատերը հետագայում փառաբանեցին հայ գիտությունն ու մշակույթը։ Նրանց թվում են հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը, պատմաբան Հակոբ Մանանդյանը, հեղափոխական գործիչ Ստեփան Շաումյանը, երգիչ Արմենակ Շահմուրադյանը, վիրաբույժ Քրիստաֆոր Պետրոսյանը։ Երևանում Մանթաշևի միջոցներով կառուցվեց Հայ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, Թիֆլիսում՝ Հայկական արտիստական ​​ընկերության շենքը, այսպես կոչված, «Պիտոևսկու թատրոնը», որն այժմ կոչվում է Ռուսթավելիի անունով։ Նա նաև մեծ գումար է նվիրաբերել Թիֆլիսում համալսարան կառուցելու համար։

Հայ խոշոր ձեռնարկատեր Միքայել Արամյանցը համարվում է բուրժուական Թիֆլիսի «գլխավոր ճարտարապետը»։ Նրա նախաձեռնությամբ և նրա միջոցներով քաղաքում կառուցվեցին առաջին անվճար հիվանդանոցը և առաջին ժամանակակից հյուրանոցը՝ «Մաժեստիկը»։

Պողոս Նուբարյանը 1878–1879 և 1891–1898 թվականներին եղել է Եգիպտոսի երկաթուղու տնօրենը։ Նա երկար տարիներ ղեկավարել է Ալեքսանդրիայի անգլիական գյուղատնտեսական ընկերությունը։ 1906 թվականի ապրիլի 15-ին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), որի առաջին նախագահն է եղել մինչև 1928 թվականը։ Այս կազմակերպությունն այսօր էլ հսկայական դեր է խաղում սփյուռքահայության պաշտպանության գործում։

Գալուստ Գյուլբենկյան, ձեռներեց և միլիարդատեր, 20-րդ դարի կեսերի խոշորագույն նավթային մագնատ, Իրաքի նավթային ընկերության հիմնադիրը։ Հայտնի է նաև որպես «նավթային Թալեյրան»: Գյուլբենկյանի մահից հետո, նրա կամքի համաձայն, ստեղծվեց «Գալուստ Գյուլբենկյան» բարեգործական հիմնադրամը, որը աջակցություն է տրամադրում աշխարհի ավելի քան 70 երկրներում։ Այն ներառում է հայկական մասնաճյուղ, դրա միջոցները բաշխվում են Սփյուռքի և Հայաստանի գիտական, մշակութային, կրթական, բժշկական և այլ հաստատությունների միջև։

Ի նշան Ալեք Մանուկյանի՝ Հայ առաքելական եկեղեցուն և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների, նրա աճյունը վերաթաղվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նրա միջոցներով կառուցված գանձապետական ​​թանգարանի դիմաց։

Քըրք ՔրՔորյանը Լաս Վեգասի գլխավոր գործարարներից է և «մեգարեսորտի հայրը»՝ նրան է պատկանում խաղային մայրաքաղաքի հյուրանոցների և խաղատների 40%-ը։

Քըրք Քրքորյանն իր կյանքի ընթացքում ավելի քան 1 միլիարդ դոլար է նվիրաբերել Հայաստանին և Արցախին։ Նրա միջոցներով վերանորոգվել ու կառուցվել են նոր ճանապարհներ, ռազմավարական նշանակության մայրուղիներ, թարմացվել են թունելներ ու քաղաքային ծառայություններ, Հայաստանում մեկ տասնյակից ավելի թատրոններ են վերանորոգվել։ 1988 թվականի երկրաշարժից տուժած տարածքներում հարյուրավոր բնակելի շենքեր են կառուցվել։

Քըրք ՔրՔորյանը մոտ 5 միլիարդ դոլար է նվիրաբերել ԱՄՆ հայկական սփյուռքին։ Նա կտակել է վաճառել իր ողջ ունեցվածքը, իսկ հասույթն ուղղել բարեգործությանը։

Հայ ժողովուրդը կարիք ունի վերակենդանացնելու բարեգործության ավանդույթները. 2016 թվականի պատերազմը ցույց տվեց, թե ինչի է ընդունակ հայ ժողովուրդը, եթե իր առջեւ նպատակ է տեսնում։

Բաքու․ Հայերը պետք է իրենք պահանջեն փոխել Սահմանադրությունը եւ հրաժարվել հայկական հողերից

Քարվաճառ

Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ եթե «Հայաստանը խաղաղության պայմանագիր է ցանկանում, ապա պետք է հրաժարվի Ղարաբաղի մասով պահանջներից, փոխի Սահմանադրությունն ու ապառազմականացվի»։

«Իմ նախնիները Գյոչայի շրջանից են, որը հայերը Սևան են ասում։ Ադրբեջանցիների մեծ մասը սերում են այն տարածքներից, որտեղ հիմա հայեր են ապրում, այդ թվում՝ Երևանի խանությունից, որը պատմականորեն համարվել է ադրբեջանական հող, բայց հետո օկուպացվել Ռուսական կայսրության կողմից։ Դա պատմական ու մշակութային հարց է, որը վերաբերում է քաղաքացիական անձանց վերադարձի իրավունքին։ Ադրբեջանցիները, որոնք ծնվել են այդ տարածքներում, պետք է իրենց նախնիների հողը վերադառնալու իրավունք ստանան։ Բայց սա տարածքային նկրտում չէ, ոչ էլ Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում», – ասել է նա։

Խոսելով մեկ տարի առաջ Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրից՝ Հաջիևը պնդել է՝ եթե նրանք ուզում են վերադառնալ, պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունն ու օրենքները։

«Հայաստանը, սակայն, իր հերթին պետք է պատրաստ լինի նույն իրավունքները տալ Արևմտյան Ադրբեջանի համայնքին, և նրանց համար վերադարձի հնարավորություն ստեղծել», – նշել է Ալիևի օգնականը։

Հայաստանի կառավարությունը, ըստ երեւույթին, արցախցիների վերադարձը անիրատեսական է համարում, չընդունելով, որ այդ պահանջը՝ ոչ մեկի հանդեպ «տարածքային նկրտում չէ», քանի որ ըստ ՀՀ Սահմանադրույան՝ Արցախը Հայաստանի մաս է։

Բացի այդ, Բերձորի միջանցքի ճակատագիրն արդեն ցույց է տվել, ինչի է բերում նման քաղաքականությունը․ հիշեցնենք, Հայաստանի իշխանություններն ասել են, որ չեն պահանջում Բերձորի միջանցքի ապաշրջափակում, որ Բաքուն էլ Զանեգեզուրի միջանցք չպահանջի։ Հիմա ո՛չ Բերձորի միջանցք կա, ո՛չ Արցախ, բայց Բաքուն մեկ է՝ պահանջում է Զանգեզուրը։

Ի տարբերություն ՀՀ իշխանություններին, խորհրդարանական ընդդիմությունը եւ հայկական քաղաքական դասի կողմից ուղղորդվող միջազգային խմբերը պնդում են արցախցիների վերադարձը, չնշելով քաղաքական եւ իրավական պայմանները։ Նման պնդումը եւս նշանակում է ՀՀ Սահմանադրության ուրացում․ չէ որ այնտեղ նշված է Արցախի կարգավիճակը։

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, օրինակ, Երեւանում խոսելով ԼՂ-ի հայերի հնարավոր վերադարձի մասին՝ ընդգծել է․ «չարժե մարդկանց գոտեպնդել այնպիսի խոստումներով, որոնք հետո իրականություն չեն դառնալու»։

Այսօր չափազանց անհրաժեշտություն է Արցախի ժողովրդի վերադարձի հարցը լուծելը: Այս մասին սեպտեմբերի 21-ին ասել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը: «Այսինքն ստեղծել այնպիսի պայմաններ, որ եւ անվտանգության առումով եւ միջազգային բոլոր նորմերի պահպանմամբ արցախցիները հնարավորություն ունենան հետ վերադառնալու»,-ասաց նա, լռելյալ ընդունելով Արցախի՝ ոչ Հայաստանի մաս կազմելու փաստը:

Այդ հարցը վերջնականապես լուծված կլիներ մեկ տարի առաջ, եթե արցախիները մնային Արցախում եւ ընդունեին Ադրբեջանի իրավասությունը։ Հենց դրա մասին էին խոսում Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Հենց դա էր առաջարկում ՀՀ իշխանությունները Արցախի ղեկավարությանը։

Հետո Արցախի խորհրդարանը որպես իր վերջին որոշում կհրաժարվեր Արցախի ստորագրությունից 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Միացումի մասին որոշման տակ։ Եւ բոլորի ձերքերը կազատվեին։ Իսկ հիմա ոչ ոք չգիտի, ինչպես դուրս գա այս իրավիճակից։

Բաքուն ասում է, որ հայ ժողովուրը ինքը պետք է հրաժարվի 1989 թ․ որոշումից։ Փաշինյանն ասում է՝ եթե «խաղաղության պայմանագիրը» հակասի ՀՀ Սահմանադրությանը, մենք կփոխենք Սահմանադրությունը։ Աշխարհն էլ լուռ հետեւում է Հայաստանի պետականության քայքայման վերջին ակտին։

Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Բաքուն հայտարարեց, որ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է և սեպտեմբերի 20-ին նախատեսվում է հանդիպում։

Սեպտեմբերի 21-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությունը ժամանեց Եվլախ, ինչ-որ թուղթ ստորագրվեց, սակայն արցախցիները մեկ մարդու պես հրաժարվեցին Ադրբեջանի իրավասությունից, գերադասելով թողնել ամեն ինչ եւ հեռանալ։

Բաքուն և Մոսկվան պնդում են, որ Արցախից հայերի արտագաղթը տեղի է ունեցել «կամավոր», ոչ ոք չի ստիպել հայերին հեռանալ, ընդհակառակը, նրանց խրախուսել են մնալ և ինտեգրվել։ Ըստ այդմ, փաստարկվում է, որ օկուպացիա կամ բռնի տեղահանություն տեղի չի ունեցել։

Սակայն ըստ ՀՀ Սահմանադրության՝ տեղի ունեցածը հենց հայկական հողի օկուպացիա է եւ ՀՀ քաղաքացիների բռնի տեղահանում։ Ուզեն դա հայկական քաղաքական գործիչները ընդունել թե ոչ։

Նաիրա Հայրումյան

Էջմիածնում տեղի ունեցան սուրբ Մյուռոնի օծման և Մայր տաճարի վերաօծման արարողությունները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է մայր տաճարի վերաօծման հանդիսավոր արարողությունը։
Արարողությանը մասնակցում են նաև իշխանությունների ներկայացուցիչները՝ վարչապետը, նախագահը և խորհրդարանի նախագահը։
Ներկա են նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, ով երեկ Մյուռոնի օծման արարողության կնքահայրն էր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Էջմիածնում տեղի ունեցավ Աշխարհի սուրբ Մյուռոնի օծման արարողությունը։

Լիբանանը կարող է պատերազմի դաշտ դառնալ. Իսրայելն ու Իրանը զորքեր են մտցնում

Իսրայելը մերժել է հրադադարի մասին ԵՄ առաջարկը, նույնիսկ ժամանակավոր, և պատրաստվում է «սահմանափակ ներխուժման» Լիբանան: Այս մասին ասվում է ABC News-ի նյութում, որը հղում է անում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերին։

Մինչ այս Իրանը հայտարարել էր Իսրայելի դեմ պայքարելու համար իր զորքերը Լիբանան ուղարկելու հնարավորության մասին։

ԱՄՆ-ի և Իսրայելի գնահատականներով վերջին շաբաթներին սպանվել են Հեզբոլլահի մոտ 30 բարձրաստիճան ղեկավարներ, և խմբավորման մնացած առաջնորդները վախենում են, որ իրենց շարքերում լրտեսներ կան:

Իսրայելական բանակը գիշերը և շաբաթ առավոտյան հարձակվել է Հեզբոլլահի ավելի քան 140 թիրախների վրա։ Իսրայելը կոտրել է նաև Բեյրութի օդանավակայանի կառավարման աշտարակը, որպեսզի թույլ չտա իրանական մարդատար ինքնաթիռի վայրէջքը Լիբանանի մայրաքաղաքում։

Այսօր իսրայելական ուժերը շարունակեցին ավիահարվածները՝ պնդելով, որ թիրախը բացառապես «Հեզբոլա»-ի հրամանատարական և ռազմական հենակետերն են։

«Իսրայելցի հանցագործները պետք է իմանան, որ իրենք չափազանց փոքր են՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի հենակետերին որևէ զգալի վնաս պատճառելու համար», – հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Միաժամանակ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները հայտնել է, որ Նասրալլայի սպանության լուրերի ֆոնին Խամենեին տեղափոխվել է ավելի անվտանգ վայր, ուժեղացված անվտանգության պայմաններում։