Սյունիքի մարզպետ․ «Կրակոցների ֆոնին մարդն ավելի շատ է հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի»

«Գիշերային ժամերին կրակոցներ մերթ ընդ մերթ լսվում են, բայց միայն գիշերային ժամերին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Անդրադառնալով բանակավայրերի ուղղությամբ կրակոցներին՝ նա ասաց, որ վերջին տեղեկատվությունից հետո, որը ՊՆ-ն հրապարակել էր, բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ այլեւս չեն եղել։

«Այս եղանակով դժվար թե սյունեցրիների շրջանում խուճապ կտարածվի, բայց թե բուն նպատակը որն է, դժվար է պատասխանել, որովհետեւ պատճառները կարող են տարբեր լինել։ Այն, որ այդ կրակոցները գիշերային ժամերին լսվում են, դա միանշանակ է, նպատակները կարող են խիստ տարբեր լինել»,- ասաց նա։

Հարցին, թե Սյունիքի բնակիչները «խաղաղության օրակարգին» հավատո՞ւմ են, մարզպետը պատասխանեց․ «Կրակոցների ֆոնին մարդն ավելի շատ է հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի»։ Նա ասաց, որ մարզում մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում, ցերեկային ժամներին ընդհանրապես կրակցներ չկան։

Անդրադառնալով Սյունիքում մոլորված երկու երիտասարդներին, Ղուկասյանն ասաց, որ նրանք չէին հայտնվել ադրբեջանցիների մոտ։ «Երբ այդ լուրը տարածվեց, ես հրաժարվեցի որեւէ բան ասել, որովհետեւ կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկան։ Եվ ցանկացած բան, որն իմ կողմից կասվեր, չէր լինի 100 տոկոսանոց ինֆորմացիա, հետեւաբար, ես զերծ մնացի որեւէ բան ասելուց։ Բայց այս պահին ինքանով ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը։ Ես կարծում եմ՝ ավելի շատ սպասել են՝ մութն ընկնի, նոր վերադառնան, համեմատաբար վտանգավոր հատված էր»,- ասաց նա։

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ աշխատանք է տարվում՝ երիտասարդներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էին նման հայտարարություն անում, մարզպետը պատասխանեց․ «ԱԱԾ-ն եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը։ Այն հատվածներում, որտեղ իրենք մոլորված են եղել, կապ գոյություն չունի։ ԱԱԾ-ն այդ հատվածում ծառայություն չի իրականացնում։ Տեղացիները տարբեր տեղեկատվություն էին ասել, այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա դա վարկած էր, որը հետո իրենք հերքեցին»։

Պայթյուն Ճամբարակում․ 2 զոհ, փլատակների տակ դեռ մարդ կա

Ճամբարակում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյուն–փլուզման վայրից փրկարարները փլատակներից դուրս են բերել եւս մեկ դի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ․ կա 1 զոհ։

Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են Փրկարար ծառայությունից։

Ըստ տեղեկությունների՝ առնվազն 4 հոգի փլատակներում է։ Նրանց փնտրում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ ԱՆ-ն տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է։

Նժդեհ Իսկանդարյանին առաջարկվել է զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանին առաջարկվել է զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը։

Այսօր հրավիրած ասուլիսում Նժդեհ Իսկանդարյանը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով․ «Ճիշտ են այդ խոսակցությունները։ Եվ վստահ եմ՝ կհնչի հաջորդ հարցը՝ ինչո՞ւ եք համաձայնել։ Ես չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին եւ ստանալով առաջարակ՝ ինքս լքել այդ շարքերը։ Ես իմ ունակությունների, կարողությունների շրջանակներում կանգնած եմ լինելու պետականության կողքին»։

Խորհրդրի անդամ Սայիդա Պողոսյանն էլ հավելեց․ «Սա մինապատված տարածք է, որտեղ բոլորս փորձում ենք ինչ-որ ձեւով պահպանել թե Արցախ բառը, թե Արացախի ներկայացուցչությունը, թե պետական բոլոր ինստիտուտները։ Այսօր մենք չունենք Արցախ, բայց ունենք շատ խնդիրներ, բոլորս պետք է փորձենք օգնել եւ պահպանել այն ամենը, ինչ ունենք»։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կշարունակի քննարկումները և ակցիաները

Արցախցիների բնակապահովման ծրագրով եւս 158 բնակավայր ներգրավվելու է 4 մլն-ոց գոտու մեջ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության հետ բանակցությունների արդյունքները։

«Այս երկու ամսվա ընթացքում ստեղծել ենք աշխատանքային խմբեր եւ որոշակի դրական հաջողության ենք հասել։ Բնակարանային ծրագրի վերաբերյալ այժմ ունենք որոշակի բարեփոխված տարբերակ, եւս 158 բնակավայր ներգրավված է լինելու 4 մլն-ոց գոտու մեջ։ Դրանք հիմնականում Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերում են լինելու։ Այստեղ ընդհանուր առմամբ ապրում են 13 200 արցախցիներ»,- ասաց նա։ Օրինակ՝ երեւանամերձ Չարենացավան, Էջմիածին, Արարատ, Ապարան, Մեծամոր քաղաքները ներգրավված է 4 մլն-ոց շեմի մեջ։

Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ կառուցապատում իրականացնելու ցանկություն հայտնող ընտանքին էլ այդ սերտիֆիկատներով կարող են կառուցապատում սկսել։ «Այս պահին քննարկման փուլում ենք։ Նախկինում ունեինք սերտիֆիկատով հողատարածք գնելու տարբերակ, որի շեմը կազմում է 4 մլն դրամ։ Այժմ փորձում ենք հասնել նրան, քանի որ բնակարանային հողատարծքներն ավեի թանկ արժեն։ Միաժամանակ, հիպոթեկի հետ կապված հարցերն են կարգավորվում, նախկինում արցախցիներին հնարավորություն էր տրվում սերտիֆիկատով վճարումները կատարել 10 տարվա ժամկետով, իսկ այժմ այդ թույլտվությունը լինելու է 20 տարի ժամկետով։ Ընդհանուր առմամբ, այն հաջողությունները, որոնց մեր հայրենակիցները սպասում են, չեմ կարող ասել, որ ամբողջությամբ կատարել ենք»,- նշեց նա։

Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված հարցում չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել կառավարության հետ։ Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդիրը դեռ չի լուծվել, քանի որ դա կարմիր գիծ է ՀՀ կառավարության համար։ Ըստ նրա՝ բնակարանի հավաստագիրն իրացնելու համար 4-5 ամիս ժամանակ է պահաջնվելու, սա լրջագույն խնդիր է։ Խորհուրդն այդ մասին իր մտահագությունները հայտնել է ՀՀ կառավարությանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ակցիաները շաունակելո՞ւ են, Նժդեհ Իսկանդրայանն ասաց․ «Բնականաբար, ակցիաները շարունակվելու են։ Խորհուրդը հանդես է եկել ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրներով։ Այնտեղ ունենք նաեւ 12 կետ, առաջինը դա արցախցիների հավաքական վերադարձն է, գերիների մասին ենք խոսել, պետական ինստիտուտների դերի մասին։ Բազմաթիվ են խնդիրները, եւ այս առումով խորհուրդն իր դիրքորոշումը չի փոխել»։

«Լուսե» կենտրոն. երկրորդ տուն հատկություններ ունեցող երեխաների համար

2017 թվականին Երևանում հիմնադրվեց վերականգնողական կենտրոն՝ «Լուսե» հիմնադրամ։ Այն իսկապես դարձավ երկրորդ տուն ֆիզիկական և մտավոր զարգացման հատկություններ ունեցող երեխաների համար։

Step1.am-ի հետ հարցազրույցում «Լուսե» վերականգնողական կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանը պատմեց կենտրոնի գործունեության մասին և կիսվեց աշխատանքի հաջողություններով։

«Մեր կենտրոնը գործում է 2018 թվականի հունվարից՝ մատուցելով ծառայությունների լայն շրջանակ։ Սկզբում կենտրոնի նախագիծն իրականացվել է «Save the children» միջազգային կազմակերպության և «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի աջակցությամբ։ Մասնավորապես, «Երևան՝ իմ սեր» հիմնադրամը մեզ տրամադրել է տարածք, իսկ «Փրկեք երեխաներին» կազմակերպությունն իր հերթին օգնել է շենքի կահավորման և աշխատավարձերի վճարման հարցում։ Այս փուլում կենտրոնը գոյատևում է միայն «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի աջակցությամբ։

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնման և հասարակության մեջ ինտեգրման համար իրականացվում են մի շարք նախագծեր: Կենտրոնի շահառուները տարբեր տարիքի երեխաներ են, հիմնականում՝ մինչև 6 տարեկան:

Կենտրոնի գործունեությունն ունի 4 ոլորտ՝ աշխատանք երեխաների հետ, աշխատանք երեխաների համար, աշխատանք հանուն երեխաների և համագործակցություն այլ կազմակերպությունների հետ՝ երեխաների օգտին:

Առաջին դեպքում աշխատանքն իրականացվում է անմիջապես երեխաների հետ: Նրանց հետ աշխատում են տարբեր մասնագետներ, այդ թվում՝ ֆիզիոթերապևտներ, էրգոթերապևտներ, լոգոպեդներ, հոգեբաններ և հատուկ մանկավարժներ: Աշխատանքում օգտագործվում են թերապիայի հետևյալ մեթոդները՝ արտ-թերապիա, ենթաանձնավորությունների համակարգային ընտանեկան թերապիա (ILS) և ABA (կիրառական վարքային վերլուծություն):

Բացի այդ, կենտրոնում գործում է կարատեի խմբակ, որտեղ հաճախում են մեր շահառուները, մասնավորապես՝ Դաունի համախտանիշով և աուտիզմով տառապողները։ Գործում է «Արմատ» եռաչափ լաբորատորիա, որտեղ հաճախում են ինչպես կենտրոնի շահառուները, այնպես էլ հաշմանդամություն չունեցող երեխաները։

Մեծ աշխատանք է տարվում շահառուների ծնողների հետ։ Նրանք նույնպես ներգրավված են վերականգնողական գործընթացում։ Մասնագետները սովորեցնում են նրանց, թե ինչպես ճիշտ խնամել երեխաներին։ Նրանք ծանոթացնում են երեխայի ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, նրանց սովորեցնում են՝ տրամադրելով մանրամասն տեղեկատվություն ախտորոշման և ընտանիքի մասնակցության կարևորության մասին նման երեխաների կյանքում։

Բուժումը հիմնականում իրականացվում է անհատական ​​հիմունքներով: Բուժման սկզբում յուրաքանչյուր մասնագետ իր առջև դնում է շահառուի որոշակի գործառույթների բարելավման կոնկրետ նպատակ, և գրեթե միշտ, ծնողների հետ համատեղ, այդ նպատակին հասնում են։

Աշխատանքներ են տարվում հիվանդների ինտեգրման և նրանց խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

2020 թվականից ի վեր մեր ուշադրության կենտրոնում են Արցախից փախստական ​​երեխաները: 44-օրյա պատերազմից հետո մենք միջոցառումներ ենք իրականացրել արցախցի երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար, որոնց մասնակցել են 120 երեխա և 40 ծնող: Արցախցի երեխաների վերականգնումը անվճար է և արտահերթ։

Մասնավորապես, կցանկանայի նշել 6-ամսյա զարգացման և ինտեգրման նախագիծը, որը 2024 թվականին իրականացվել է Կ. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համատեղ՝ UNICEF միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Նախագծին մասնակցել են 100 երեխա Արցախից և Հայաստանից: Նրանք անցել են վերականգնողական գործընթաց, որին մասնակցել են նաև նրանց ընտանիքները: Բուժումը զուգորդվել է Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր կատարվող էքսկուրսիաներով: Կազմակերպվել է ուղևորություն դեպի Սևան: Շատերն առաջին անգամ են այցելել այնտեղ:

«Լուսե» կենտրոնում հաճախ են անցկացվում տարբեր տոնական միջոցառումներ։ Հրավիրվում են բոլոր շահառուները և նրանց ծնողները։ Մոտ ապագայում մենք նախատեսում ենք մեկնարկել սոցիալական նախագիծ՝ մեր շահառուների ծնողներին աշխատանքի տեղավորելու համար, որը հասանելի կլինի նաև մեր արցախցի շահառուների համար։

Արսեն Աղաջանյան

«Քեզ այնտեղ չեմ տեսել»․ Արցախի նախկին զինվորականը պատասխանում է մեղադրանքներին

2023 թվականի Արցախից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո հայկական հասարակության որոշ շրջանակներում սկսեցին տարածվել գնահատումներ ու կարծիքներ, որոնք մեղադրող երանգներով անդրադառնում էին թե՛ տեղահանված բնակչությանը, թե՛ ռազմաճակատում կռվողներին։ Հնչեցին պնդումներ՝ իբր արցախցիները չեն կռվել, չեն դիմադրել, չեն պահել իրենց հողը, իսկ որոշ դեպքերում՝ անգամ մեղադրանքներ հայաթափումը «իրենց մեղքով» իրականացնելու վերաբերյալ։

Այսպիսի խոսույթները՝ հաճախ հենված անձնական կարծիքների, հատուկ տարածվող խոսույթի, ոչ թե փաստերի կամ փորձագիտական գնահատականների վրա, վնասում են թե՛ Արցախի թեմայով հանրային պատկերացմանն ու քննարկմանը, և թե՛ այն մարդկանց արժանապատվությանը, ովքեր պատերազմի ժամանակ արել են հնարավոր ամեն ինչ՝ երկիրն ու ժողովրդին պաշտպանելու համար, վստահ է «Արցախի պահեստազորի սպաների միության անդամ» Գրիգորի Սահակյանը։

Որպեսզի նման թեզերի իրական անհիմն բնույթը պարզ դառնա, կարևոր է լսել նրանց, ովքեր իրապես եղել են այնտեղ՝ առաջնագծում, բախվել պատերազմին, անցել դրա բոլոր փուլերով։

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքներին, թե արցախցիները չեն կռվել, չեն պաշտպանել իրենց տունը։

– Նախ, պետք չէ պանիկայի մեջ ընկնել ու սկսել քննարկել, թե ինչ են ասում մեր մասին։ Բազմիցս պատասխան է տրվել։ Այս խոսույթները տարերային չեն, դրանք որոշ շրջանակների կողմից օգտագործվում են քաղաքական նպատակներով։ Դրանք անհատների ստեղծած խոսույթներ են, որոնց մեջ մասնագիտական որևէ հիմք չկա։

Այն, ինչ տեղի է ունեցել՝ դա պատերազմից առաջ տարիներ շարունակ ձևավորված պատճառների հետևանքն է։ Պետք չէ ավելորդ խոսակցություններ ստեղծել։ Եթե չեք տիրապետում իրականությանը՝ նստեք, կարդացեք, ուսումնասիրեք։

Ես այնտեղ եմ եղել, կռվել եմ, որքան կարողացել եմ։ Իմ հնարավորություններն այդքան են ներել։ Իսկ ճիշտն ասած՝ քեզ այնտեղ չեմ տեսել։ Գայիր, օգնեիր։

Այս խոսքերը ոչ թե արդարացում են, այլ փաստերի արձանագրում։ Քննադատելուց առաջ պետք է հիշել՝ յուրաքանչյուր մարդ պատերազմի ժամանակ կանգնել է կյանքի ու մահվան առաջ։ Արցախում հազարավոր մարդիկ մինչև վերջ մնացին իրենց հողի վրա, մինչև վերջին հնարավորությունը պայքարեցին, և այդ պայքարի ժառանգությունը երբեք չպետք է խեղաթյուրվի հապճեպ դատողություններով։

Մարիամ Սարգսյան

Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան՝ 2 տարում չինական փիլիսոփայությունը ուսումնասիրելու

ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում։ Տեղեկությունը հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։
«Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Նա կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։
Աննա Հակոբյանի որոշումը ինչ-որ առումով շփոթեցրել է հայ հասարակությանը, որը սոցիալական ցանցերում չի կարողանում որոշել՝ չինական ուխտը համարել Նիկոլ Փաշինյանի ապագա հակապետական ​​որոշումներից հեռանալու միջոց՝ ֆիզիկական «ամուսնալուծությամբ», թե՞, ընդհակառակը, սեփական քաղաքական կարիերայի սկիզբ։

Ղարաբաղյան ֆանտոմային ցավերը հետապնդում են Մոսկվային և Բաքվին

Ռուսական РИА Новости գործակալության տեղեկացված աղբյուրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի կապակցությամբ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը կճանաչի նոր ռուսական շրջանները և Ղրիմը։

«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքի կապակցությամբ Մոսկվան ակնկալում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը, որը ամենաբարձր մակարդակով ամրագրված է 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրում, Բաքուն ավելի հավասարակշռված դիրքորոշում կընդունի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կճանաչի Ռուսաստանի մոտեցումների արդարացիությունը Հատուկ ռազմական գործողության համատեքստում և Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի մեր երկրին պատկանելության վերաբերյալ դիրքորոշումը», -հայտարարել է նա։

«Ինչպես որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», – հավելել է գործակալության աղբյուրը։

Ղարաբաղյան ֆանտոմային ցավերը չեն հետապնդում ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Բաքվին։ Հողի սրբազան իրավունքը չի կարող նվաճվել, նույնիսկ հողի նվաճման պարագայում, և չի կարող “ճանաչվել”։ Մոսկվան և Բաքուն չգիտեն, թե ինչպես մարսել Ղարաբաղը, ավելի ճիշտ՝ գիտեն, որ չեն կարողանա այն մարսել։

Սերժ Սարգսյանը խոսել է մինչև 2019 թվականը Ղարաբաղյան կարգավորման պլանի մասին

Սերժ Սարգսյանը կրկին առաջարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019 թվականի վերջին փաստաթուղթը։ Փաշինյանը խոստացավ, որ հրապարակման դեպքում կարտահայտի իր կարծիքը այդ հարցի վերաբերյալ։
««Լավրովի պլանը» հնարված եզրույթ է, այդպիսի պլան չի եղել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթուղթ։ Այդ փաստաթղթով հարցը լուծվում էր հետևյալ կերպ. ԼՂ կարգավիճակի հարցը որոշվում էր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությամբ, որն ունենալու էր պարտադիր իրավական ուժ։ Մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5–ը, տեղակայվում էին ՄԱԿ–ի խաղաղապահ ուժեր»,–ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին փաստաթղթի շուրջ քննարկումը վերաբերում էր Կազանի փաստաթղթի փոփոխված տարբերակին, որն իր հերթին հիմնված էր Մադրիդյան սկզբունքների վրա։

Հարցը լուծվում է հետևյալ կերպ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Երկրորդ մենք Ադրբեջանին էինք վերադարձնում յոթ շրջաններից հինգը, խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ և կախված նրանից թե ինչպիսի տեմպերով և երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաև երկու շրջանների ճակատագիրը։

Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի, դուք ինձնից երբևէ լսե՞լ եք արդյոք ոչ մի թիզականության հետ կապված որևէ գաղափար»,–ասաց նա։

Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջարկվող լուծումը շատ լավն էր։ Նա հայտարարեց, որ ինքը երբևէ չի ասել, որ ամեն անգամ, երբ գնում էինք զիջումների, Ադրբեջանը նոր զիջումներ էր ակնկալում։

«Մենք հետ չենք կանգնել, որևէ բանակցային փաստաթղթից, իրենք են հետ կանգնել։ Փակուղին շատ նորմալ է, բայց ե՞րբ չի եղել փակուղի։ Սկսած 1994 թվականից տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ, բայց փակուղին չի նշանակում, որ վսյո, վերջնականապես ամեն ինչը որոշվեց։ Կներեք, բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղուց։

Բա, Քի Վեսթը փակողի չէ՞ր, որ չստացվեց, բա Կազանը փակուղի չէ՞ր։ Բա փակուղուից հետո ինչպե՞ս նորից բանակցությունները շարունակվեցին և էական փոփոխություններ չեղան։ Բա բանակցությունները այդպես է, եթե փակուղի չլիներ, հարցերը կլուծվեին էլի»,– ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Ձգտում եմ մարդկանց դրական էմոցիաներ պարգևել․ արցախցի ֆլորիստ

Արցախցի Ասյա Բաբայանը տարիներ առաջ է սկսել զբաղվել ֆլորիստիկայով։ Մինչ այդ տարբեր ոլորտներում էր փորձում իր ուժերը, սակայն ֆլորիստիկան՝ իր բոլոր նրբություններով ու գաղտնիքներով, լիովին գրավեց աղջկան։

Ասյան պատմում է, որ իր առաջին փունջը մանդարինից է պատրաստել, և այդ մտահղացումը շատ է դուր եկել ընկերներին ու հարազատներին։ Ոգևորությունն այնքան մեծ էր, որ ֆեյսբուքյան էջ է բացել՝ այն անվանելով <<Букет со вкусом>>։ Նրա յուրահատուկ փնջերն անմիջապես գրավել են մարդկանց ուշադրությունը։ Ասյան իր փնջերի մեջ հավաքում էր քաղցրավենիքներ, մրգեր ու այլ ուտելիքներ, արդյունքում ստացվում էր զարմանահրաշ աշխատանք, որի կողքով անտարբեր անցել չես կարող։ Ինչպես ինքն է ասում՝ բացի ծաղիկներից ամեն ինչով փնջեր է պատրաստում և ամենակարևորը՝ կարողանում է ժպիտներ պարգևել մարդկանց։

-Ժպիտը պարգև է Աստծուց, որը տալով դիմացինին, ստանում ես նաև ինքդ։ Ես ուզում եմ, որ իմ շրջապատում բոլորն ուրախ և երջանիկ լինեն, ու այսօր այդ ժպիտները մեզ ավելի շատ են հարկավոր։ Իմ պատրաստած փնջերով ցանկանում եմ բարձրացնել մարդկանց տրամադրությունը ու նրանց սեր փոխանցել։

Անգամ, երբ Արցախը շրջափակված էր ու ամեն ինչի պակաս կար, ես շարունակում էի փնջեր պատրաստել, որոնք հիմնականում կենցաղային ապրանքներից էի հավաքում։ Պահանջարկը շատ մեծ էր։ Ես ուրախանում էի, որ կարողանում էի իմ մտահղացումներով մարդկանց հոգսերը թեթևացնել։

Արցախից տեղահանվելուց հետո Ասյան շարունակում է զբաղվել իր սիրած գործով՝ ձգտելով մարդկանց նվիրել դրական էմոցիաներ

 -Միշտ ձգտում եմ մարդկանց նվիրել հետաքրքիր մի բան, որը երկար կհիշվի։ Ամեն մի փունջ հավաքելիս աշխատում եմ այն մատուցել նրբորեն, և որպեսզի պատվիրատուներս գոհ մնան, նախօրոք խորհրդակցում եմ յուրաքանչյուրի հետ։

Համագործակցում եմ նաև տարբեր բրենդների հետ և իրենց արտադրանքներով փնջեր եմ պատրաստում։ Իմ փնջերից յուրաքանչյուրն իր ուրույն գեղեցկությունն ու պատմությունն ունի։ Աշխատելու ընթացքում ես կտրվում եմ ամեն ինչից, մնում ինքս ինձ հետ։ Փորձում եմ իմ փնջերի միջոցով մարդկանց ցույց տալ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե ունես նպատակ ու աշխատասիրություն։ Ամեն օր մի նոր բան եմ սովորում ու կարծում եմ՝ գիտելիքով զինված մարդը միշտ կարող է հասնել ամենադժվար թվացող բարձունքներին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Երուսաղեմում հայկական համայնքին պատկանող տարածքների նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են

Երուսաղեմում հայկական համայնքին պատկանող տարածքների նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են։ Օրթոդոքս հրեաների մի խումբ կիրակի օրը փորձել է առանց թույլտվության մտնել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տարածք՝ Սուրբ Հակոբ տաճար։ Հայերը, զգուշանալով սադրանքներից, թույլ չեն տվել նրանց դա անել։

Հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը step1.a-ի հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը։

«Սադրանքները միշտ էլ կան, մեկ շաբաթ առաջ տոն էր իրենց մոտ, շատ էին գալիս-գնում մեր թաղ։ Մի երկու դեպք տեղի ունեցավ, մեկ անգամ գիշերով, մեկ անգամ էլ առավոտյան ուզում էին վանք մտնել։ Պահակը դուրս է եկել, իրենց ասել է՝ արգելված է, սա եկեղեցու տարածք է։ Ասել են՝ ոչ, սա մեր երկիրն է, կմտնենք։ Մեր թաղամասից մեկը փողոցով անցնում էր, որը եբրայերեն շատ լավ գիտի, կարողացավ իրենց խոսելով հեռացնել։ Եթե ուրիշ մարդ անցած լիներ տարածքով, կարող էր շատ ուրիշ ձեւով վերջանալ այս հարցը։ Իրենք ուզում են ամեն տեղ մտնել, իրենց ասում են՝ սա արգելված տարածք է, բայց իրենք ուզում են մտնել»,- ասաց Գիրագոսյանը։

Ըստ նրա՝ եթե, օրինակ, հրեաները գան մոտ 10 հոգով ու փորձեն մտնել հայկական տարածք, ավելի մեծ խնդրի առաջ կկագնի հայ համայնքը, պետք է զգոն լինել։ Գիրագոսյանն ասաց, որ հայկական համայնքը վճռական է տրամադրված, շարունակում են պաշտպանել հայկական տարածքները։ «Մենք մեր տարածքները պաշտպանում ենք այստեղ եւ ոչ ոքի թույլ չենք տա մեր 1600 տարվա պատմության հետ խաղալ»,- ասաց նա։

Բեդիգ Գիրագոսյանի խոսքով՝ հայկական թաղամասի վերաբերյալ դատական գործերից դեռ նորություն չկա։ Նա հույս հայտնեց, որ մինչեւ տարվա վերջ դատական նիստ կլինի, ասաց, որ շատ են հետաձգում գործի քննությունը։

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքը հայոց պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Հետագայում հայ համայնքի ճնշման ներքո պատրիարքարանը չեղարկել է այս պայմանագիրը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանը նամակ է ուղարկել վարձակալության պայմանագիրը չեղարկելու մասին։ Հայկական թաղմասի վրա մի քանի հարձակումներ են եղել անցած մեկ տարվա ընթացքում։ Այս գործը դատարանում է։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն էլ վերջեչս մեկ այլ խնդրի մասին էր ահազանգել․ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը բռնագանձելու համար։ Պատրիարքարանը վարչական հայց էր ներկայացրել քաղաքապետարանի այս որոշման դեմ։

Ռոզա Հովհաննիսյան

«Լավ սուտը թմրանյութի պես է․ ճշմարտությունն ասելը պատերազմում հեշտ չէ, բայց անհրաժեշտ»․ Հարություն Մանսուրյան

2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո լրագրության դերը, սահմանները և պատասխանատվությունը հայտնվեցին հանրային քննարկման կիզակետում։ Մեդիափորձագետ Հարություն Մանսուրյանը, տարիներ շարունակ Արցախի կյանքը վավերագրելով՝ ֆիլմեր նկարելով «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» եւ «Ստեփանակերտի մամուլի ակումի» հետ համատեղ, խոսել է լրագրողի առաջ կանգնած էթիկական ու մասնագիտական մարտահրավերների մասին։

«Ինչ-որ մի պահի ակնհայտ դարձավ, որ վատ խաղ են խաղում մեր գլխին։ Ավելի լավ է իմանաս դառը ճշմարտությունը եւ ապրես այդ ճշմարտությունը, քան այդ լավ սուտը, որ թմրանյութի նման քեզ քնեցնում է՝ մինչև նոյեմբերի 9-ը, երբ կարող էիր կաթված ստանալ»,- ասում է փորձագետը։

Մեդիա դաշտում ճշմարտությունն ասելը հաճախ դիտարկվում է որպես վտանգավոր քայլ, հատկապես պատերազմի ժամանակ, երբ նույնիսկ լրագրողները կարող են ընկալվել որպես թշնամի։ Կային նաեւ պատերազմի ժամանակ լրագրողներ, ովքեր իրենց տեսած իրականությունն էին մատուցում եւ որպես թշնամի էին ընկալվում, պետական քարոզչության հերքողներ էին համարվում։

Մանսուրյանը պատմում է դեպք Հադրութից․ « Հիշում են ինչպես էր «Բարս մեդիա»-ի մեքենան գնացել Հադրութ։ Ասում էին՝ իջնում եմ ներքեւ, իսկ իրենց պատասծանել են՝ մի իջեք, էլ մերը չէ»։ Նա ընդգծում է, որ այդ օրերին Հադրութից ստացած կադդրերը իրավական հիմքեր էին՝ քաղաքացիական անձանց գնդակահարությունները, ռազմական հանցագործությունները ներկայացնելու համար։

Նա նաեւ կարեւորում է նախորդ տարիների վավերագրական աշխատանքը՝ ասելով․ «Մենք մարդկանց ճակատագրեր ենք վավերագրել, Արցախի կյանքն ենք վավերագրել։ Վավերագրությունը կոնյակի նման է․ որքան գնում է, այնքան թանկ է դառնում»։

Մանսուրյանի խոսքով՝ կոնֆլիկտային լրագրությունը պահանջում է ճշմարտության բացահայտում՝ պահպանելով էթիկական սահմանները․ «Արժե բացահայտել ճշմարտությունը և տալ այդ ճշմարտությունը։ Մարդիկ իրավունք ունեն լսել ճշմարտությունը։ Կոնֆլիկտային լրագրությունը հենց դա է՝ տալ ճշմարտությունը էթիկայի սահմանների մեջ»։

Լրագրողը, ըստ Մանսուրյանի, կանգնած է երկակի ինքնության մեջ՝ քաղաքացի և մասնագետ․ «Դու և քաղաքացի ես, և լրագրող։ Մեզ հաճախ ասում են՝ թշնամու ջրաղացին ջուր մի լցրեք։ Ամենահեշտը լրագրության մեջ տալն է այն, ինչ մարդը ուզում է լսել։ Բայց ճշմարտության հետևից գնացող լրագրողը չպիտի վախենա։ Եթե զորքը հետ է գալիս, իսկ մենք լսում ենք, թե «հաղթելու ենք», վերջում միեւնույն է առերեսվելու ենք նոյեմերի 9-ին»,- ասում է նա։

Հարություն Մանսուրյանի խոսքերը նորից բարձրացնում են այն կարեւոր հարցը, թե ինչ է նշանակում լինել լրագրող ճգնաժամային իրավիճակում։ Երբ իրականությունը սուր է, ճշմարտությունը ցավոտ, իսկ լսարանը՝ հոգնած, լրագրողն էլ ստիպված է որոշում կայացնել՝ ծառայել հարմարավետ մոլորեցնո՞ւմին, թե՞ իրականությանը՝ անկախ դրա դառնությունից։

Մարիամ Սարգսյան