Արցախցիները չեն շտապում քաղաքացիություն ստանալ․ միֆե՞ր, թե՞ իրական մտահոգություն

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի  փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ և համագործակցությամբ կազմակերպվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբերող գործընթացների իրազեկում լրագրողների շրջանում։ Երկօրյա սեմինարի ընթացքում ներկայացվել են մի շարք թեմաներ և դրանցից բխող հարցեր, որոնք մտահոգում են Արցախից բռնի տեղահանվածներին և համապարփակ տեղեկատվության պակասի պարագայում տարբեր շահարկումների տեղիք տալիս։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելի Դավթյանը նշել է, որ ծրագրի նպատակն է ԼՂ բռնի տեղահանված բնակչության շրջանում բարձրացնել իրազեկման աստիճանը, քանի որ չտեղեկացվածությունը շատ հաճախ միֆերի ստեղծման պատճառ է դառնում։ Հատկապես կարևոր ենք համարում այդ իրազեկումը այս շրջանում, երբ սկսվել է ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանված բնակչության բնակապահովման ծրագրի առաջին փուլը, որի առանցքային պահանջը Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է: Ուստի մենք ակնկալում են լրատվամիջոցների աջակցությունը, հնարավորինս լայնորեն լուսաբանելու և ներկայացնելու քաղաքացու և փախստականի կարգավիճակների, իրավունքների և պարտականությունների ծավալների տարբերությունները, լայնորեն, բազմաշերտ ու խճճված այս հարցը հանրամատչելի ներկայացնելու և մեդիաբովանդակություն ստեղծելու սրա շուրջ, որովհետև այն արձագանքը, որ մենք ստանում ենք բռնի տեղահանված անձանց շրջանից, այն է, որ անպատասխան հարցերը շատ են, անորոշությունը մեծ և տեղեկատվությունը բավարար չէ որոշում կայացնելու համար։

Իսկ թե ինչպիսինն է ՀՀ քաղաքացիությունն ընդունած արցախցիների թվային պատկերը, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը փաստեց, որ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի կառավարության 1864 որոշմամբ տրվել է ժամանակավոր պաշտպանություն, նույնն է թե փախստականի կարգավիճակ։ Այն անձինք ովքեր մոտեցել են միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարբեր տարածքային ստորաբաժանումներ ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալու, այդ մասով հստակ կարող ենք արձանագրել, որ 115 հազարից ավելի անձ այս պահին ունի փախստականի կարգավիճակ։ Իսկ այն անձանց թիվը, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, չի հասնում 5000-ի։

Քաղաքացիություն տալու գործընթացը տևում է 1-2 ամիս, այս պահին 3800-ը գերազանցող թիվ ունենք, որոնց ՀՀ նախագահի կողմից շնորհվել է քաղաքացիություն։ Կարևոր է նշել, որ այս թիվը վերաբերում է միայն չափահասներին։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բնակարանային ծրագրից օգտվելու համար պարտադիր է ընտանիքի բոլոր անդամների քաղաքացի լինելը, ապա պետք է նկատի ունենալ, որ գործընթացը կազմակերպվում է հետևյալ կերպ․ ծնողները ստանում են քաղաքացիություն, այնուհետև ներկայացնում են դիմում ընտանիքի անչափահաս անդամի փաստաթղթավորման համար, միանգամից դիմումի հիման վրա  5 աշխատանքային օրվա ընթացքում տեղի է ունենում անձի անձնագրավորում ՀՀ քաղաքացու անձնագրով, այդպիսով ամբողջ ընտանիքը դառնում է ՀՀ քաղաքացի։ Եվ նշված մոտավոր 5000 թիվը չի արտացոլում անչափահասներին։

Թե ի՞նչ մտավախություններ ու մտահոգություններ է արձանագրել միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Նելի Դավթյանը պատասխանեց․ “Մեր դիտարկումների, ուսումնասիրությունների արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ կան մի շարք չհիմնավորված մտավախություններ, մենք նույնիսկ դրանք անվանում ենք միֆեր, որոնք շատ հաճախ կտրված են իրականությունից։ Օրինակ․ 1․ փախտականի կարգավիճակով անձը, կարող է մշտական և օրինական բնակություն հաստատել եվրոպական երկրներում, ինչը այդպես չէ։ 2․ քաղաքացիություն ստանալով կզրկվեն սոցիալական աջակցության որևէ ծրագրից, դա նույնպես այդպես չէ, որովհետև սոցիալական աջակցության ծրագիրը մշակված չէ իրավական կարգավիճակի հիմքով, այլ տեղահանության փաստով։

Տարբեր կասկածներ ու կասկածամտություններ կան, ինչը նաև բնական է։ Մենք ընկալումների և իրավական կատեգորիաների շփոթմունք ունենք, հենց դա է խանգարում։ Տեղահանված լինելու փաստը մարդուն և նրա կյանքին անխզելիորեն կապված իրադարձություն է և իրավական կարգավիճակով՝ քաղաքացիության ընդունումով, հնարավոր չէ դրանք հերքել, չեղարկել։ Այն որ 1864 որոշմամբ արդեն իսկ դեկլարատիվ բնույթի գործիքով, բոլոր տեղահանվածներին տրամադրվել է փախստականի կարգավիճակ, դրանով արդեն իսկ արձանագրվել է ինքնությունը, տեղահանությունը, փախստականության երևույթը, հայրենիքը, հողը տունը կորցրած լինելու փաստը։ Հիմա արդեն ժամանակն է իրավական կարգավիճակի հստակեցման համար։

Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվեցին ու հստակեցվեցին բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են արցախահայությանը մտահոգող 070 կոդով անձնագրերին, բնակարանային ապահովման ծրագրերի փուլերին, ներառված շահառուներին ու առկա բացթողումներին, մարդու հիմնարար իրավունքներին, փախստականի քարտին և այլ խնդիրներին վերաբերող։

Հուսանք, որ իրազեկման աստիճանի բարձրացումը կօգնի մեր հայրենակիցներին կողմնորոշվելու հարցում։

Արմինե Հայրապետյան

Bellingcat. Արբանյակային պատկերները ցույց են տալիս թալան ամբողջ Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են ֆիքսել, որոնք հիշեցնում են Ստեփանակերտի կողոպուտը, հայտնում է Bellingcat հայտնի հետաքննական ռեսուրսը։

Աղբակույտերի ճնշող մեծամասնությունը կարելի է տեսնել անմիջապես դատարկ բնակելի բարձրահարկ շենքերի և քաղաքացիական շենքերի կողքին: Քաղաքը դատարկ է մնացել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության զանգվածային տարհանումից հետո։

Աղբակույտերի գտնվելու վայրի քարտեզագրումը ընդգծում է այն մասշտաբները, որոնք, ըստ երևույթին, նշանակում են քաղաքացիական բնակելի տների թալան ամբողջ քաղաքում:

Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) նախնական վճիռ է կայացրել՝ կոչ անելով Ադրբեջանին «ապահովել, որ այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անխոչընդոտ և արագ։

Ի պատասխան ՄՔԴ զեկույցի՝ Ադրբեջանը հայտարարել է, որ սկսել է «պատրաստվել նրանց վերադարձին, ովքեր ցանկանում են վերադառնալ»։

Քաղաքի թալանի մասին արբանյակային ապացույցներով Bellingcat-ը դիմել է Ադրբեջանի իշխանություններին մեկնաբանությունների համար, սակայն նրանք չեն արձագանքել:

Կարդալ ավելին Bellingcat-ում

Մեր դրախտային քաղաքի՝ Ստեփանակերտի օրն է այսօր

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը գրում է․

Մեր դրախտային քաղաքի օրն է այսօր: 101 տարի առաջ Վարարակնը վերանվանվեց Ստեփանակերտ: Ուղիղ մեկ դար այդ անունը փառավորվել է բոլոր քաղաքների բնակիչներից տարբերվող իր բնակիչներով ու ինքնատիպ կոլորիտով, իր հյուրասիրությամբ ու հոգատարությամբ, սրբացվել է իր քաջորդյաց արյամբ:

Արցախի մայրաքաղաքը տասնամյակներ շարունակ եղել է հայի ոգու ուժի, շինարար մտքի, ստեղծարար ներշնչանքի խորհրդանիշը: Մեր քաղաքով հիանում ու հպարտանում էինք, ապրում ու ապրեցնում էինք:

Մեկ տարի առաջ աղետալի իրադարձությունների հետևանքով Արցախը զրկվեց իր բնիկ ժողովրդից:

Ստեփանակերտցիները ևս բռնեցին գաղթի ճանապարհը: Սակայն ես, ինչպես և իմ բոլոր համաքաղաքացիները, հավատում եմ՝ 2023թ. սեպտեմբերը Ստեփանակերտի տարեգրության վերջին էջը չէ:

Այդ պատմությունը դեռ մեսրոպյան այբուբենով ոսկետառ էջեր ու հատորներ կունենա: Իսկ մինչ այդ՝ տոկա՛, մեր սրտի քաղաք Ստեփանակերտ։

Լուսանկարները Դավիթ Սարգսյանի էջից

Ղարաբաղը սխալ էր. Փաշինյանն ընտրում է այլ «անկախություն»

Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր, այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը, որը Նյու Յորքից վերադառնալուց հետո այցելել է Եռաբլուր: 

“Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն»,- գրել է նա:

Հայաստանը անկախություն ձեռք բերեց՝ ընդունելով Անկախության հռչակագիրը 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Հռչակագրի մեջ ասվում է․ “Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը”։

Փաշինյանը, փաստորեն, կասկածի տակ է դնում հայոց պետականության հռչակման հիմքը՝ պնդելով, որ հռչակումից անմիջապես հետո կորել է անկախ պետականություն կառուցելու շանսը։

Փաշինյանն այլ կերպ կաներ՝ չէր կատարի «ղարաբաղյան» սխալը, երկիրը չէր ներքաշի ազատագրական պատերազմի մեջ, չէր նպաստի Արցախում հայկական պետականության ստեղծմանը, այն Ադրբեջանին տալով, չէր մտնի ռուսամետ դաշինքների մեջ՝ անմիջապես կմիանար թուրք-ադրբեջանական «ընդհանուր պետությանը»։

Հայաստանի կառավարությունը Եռաբլուրը դարձրել է մի վայր, որտեղ բոլորը պետք է «հասկանան» անցյալի սխալները․ հասկանան, որ չարժե պայքարել հողիդ համար, որ եթե հանուն կուշտ «բարեկեցության» պետք է զոհաբերել պետականությունը, Սահմանադրությունը, հազարամյա տարածքը ու ժառանգությունը, ուրեմն սա պետք է զոհաբերվի։ Հակառակ դեպքում ամբողջ երկիրը կվերածվի Եռաբլուրի։

Փաշինյանը հայտարարեց, որ հանուն տարածաշրջանում «խաղաղության» ինքը պատրաստ է փոխել Սահմանադրությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, որը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության հետ միասին, դարձել է Հայոց ցեղասպանության գլխավոր հովանավորը, այդ թվում՝ Արցախում։

Փաշինյանը չի թաքցնում իր մտադրությունները, բացահայտ խոսում է առաջիկա քայլերի մասին, և Հայաստանում բնակչության մեծ մասն ընդունում է այդ մտադրությունները՝ ազատություն տալով Փաշինյանին։

Նաիրա Հայրումյան

Իսրայելը նոր հարվածներ է հասցնում Լիբանանին

Իսրայելի զինված ուժերն այսօր վաղ առավոտյան նոր հարվածներ են հասցրել «Հեզբոլա»-ի հարավային շտաբի ուզզությամբ Բեյրութում և արևելյան Լիբանանի Բեքաա հովտում:

Իսրայելը նախօրեին հարվածել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին: Իսրայելական կողմը հայտարարում է, թե թիրախավորել է «Հեզբոլա»-ի կենտրոնակայանը։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների, ուղղված էր «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի դեմ:

Իսրայելական լրատվամիջոցները սեպտեմբերի 28-ին հայտնել են, որ Նասրալլայի դուստրը՝ Զեյնաբ Նասրալլան, սպանվել է։ «Հեզբոլա»-ն չի հաստատել տեղեկությունը:

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ թիրախ են դարձել «Հեզբոլա»-ի բարձրագույն հրամանատարները:

«Կարծում եմ, որ դեռ վաղ է ասել… Երբեմն նրանք թաքցնում են փաստը, երբ մենք հաջողության ենք հասնում», – լրագրողներին ասել է իսրայելցի պաշտոնյան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սպանվել է Նասրալլան:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը մի քանի րոպե առաջ հայտնել է, որ նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահին և նրա հիմնադիրներից մեկին, ինչպես նաև «Հըզբոլլահի» հարավային ճակատի հրամանատար Ալի Կարաքին և Հըզբոլլահի այլ հրամանատարների։

Հայաստանը եւ Պաղեստինը ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։

ՀՀ ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։

Եղանակը այսօրվա համար

Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոմետոլոգիայի և մոնիտորինգի կենտրոնը։

Սեպտեմբերի 28-ի ցերեկը տեղ-տեղ սպասվում է անձրեւ եւ կարկուտ, առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։

Օդի ջերմաստիճանն ըստ Հայաստանի մարզերի. Շիրակում +20°C; Կոտայքում +22°C; Գեղարքունիքում +17°C; Լոռիում և Տավուշում սպասվում է +19°C և +20°C, Արագածոտնում` +25°C; Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում ջերմաստիճանը կտաքանա մինչև +27°C; Սյունիքում սպասվում է +21°C։

Երևանում եւս հնարավոր է անձրև և ամպրոպ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի +26°C.

Վաշինգտոնը «հույս ունի, որ COP 29-ին ընդառաջ Երևանն ու Բաքուն կկարողանան ստորագրել» խաղաղության պայմանագիրը

Ազատություն

Վաշինգտոնը հույս ունի, որ COP 29-ին ընդառաջ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիրը ստորագրել, այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Թոմ Սալլիվանը։

«Երեկվա հանդիպումը նվիրված էր նրան, թե ինչպես կարող ենք COP 29-ին ընդառաջ հաղթահարել մնացած հարցերը։ Մենք տեսնում ենք, որ երկու կողմերի համար կա պոտենցիալ հնարավորություն՝ միավորվելու և աշխարհին ցույց տալու, որ իրենք նոր հարաբերություններ են թևակոխում»,- ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն է մեջբերում »Թուրան» գործակալությունը։

Թոմ Սալլիվանը, որը, ըստ լրատվամիջոցի, երեկ ներկա էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կազմակերպած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին, ասել է, որ երկու կողմն էլ «զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի մի շարք կոնկրետ տարրերի հարցում»։

«Կային մի քանի չլուծված հարցեր.․.. Մենք երեկ պայմանավորվեցինք, որ կշարունակենք լուծումներ փնտրել այն հարցերի համար, որոնք պետք է լուծվեն», – գործակալությանն ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով ավագ խորհրդականը՝ առանց հստակեցնելու, թե որ հարցերում են Երևանն ու Բաքուն համաձայնության հասել, և որ կետերում են պահպանվում տարաձայնությունները։

«Թիմերը կշարունակեն աշխատել առաջիկա օրերին և շաբաթներին և կտեսնեն, թե արդյոք մենք կարող ենք իրականում հասնել մի կետի, որտեղ երկու երկրներն ի վիճակի կլինեն ավարտին հասցնելու խաղաղության պայմանագիրը»,- հավելել է Թոմ Սալլիվանը։

Արցախից դուրս կյանքս չեմ պատկերացրել

Թերևս, սա այն պաթոսային խոսքերից չեն, որոնց հաճախ ականջալուր ենք լինում։ Սա այն մարդու խոսքերն են, ով իր ողջ ապրուստն ու գործունեությունը կապել է Արցախի հետ։ Հարութ Մնացականյանը գիտակցելով դեռևս 2020-ից հետո ծննդավայրում ապրելու դժվարություններն ու մարտահրավերները, որոշել է ընտանիքի հետ շարունակել ապրել սեփական երկրում, ոչ միայն պարզապես ապրել, այլ տուն ու տնտեսություն ստեղծել՝ իր  ողջ ուժն ու կարողությունը ներդնելով ընկած վիճակից ոտքի կանգնելուն։

2020-ը շատ բան խլեց

Երբեք իմ կյանքն Արցախից դուրս չեմ պատկերացրել։ Արցախում ապրելն այն արժեքն ուներ, որ անձնապես իմ ընտանիքը, առանց չափազանցության, անընդմեջ պայքարել է։ Ավելի քան 300 տարի առաջվա իմ նախնիների գերեզմանաքարերի տեղը մեր պատմական Ավետարանոց գյուղում գիտեմ։ Գիտեմ իմ ընտանիքի պատմությունը, իմ ազգանվան առաջին կրողից սկսած մինչև հիմա։ Այդպիսին էր 25 տարի բանակում ծառայող իմ հոր, իմ ուսուցչուհի մայրիկի դաստիարակությունը։ Դա է պատճառը, որ ամբողջ կյանքս ես և հարազատ եղբայրս՝ Գուրգենը, նվիրել ենք Արցախի պաշտպանությանը դրա տարբեր դրսևորումներով՝ պատերազմում, թե առօրյայում։ 2020-ին եղբորս, մեր պատմական գյուղը, հայրենիքի մի զգալի մասը կորցնելուց հետո էլ կյանքս Արցախից դուրս չեմ պատկերացրել, ինչպես էլ հիմա չեմ պատկերացնում Հայաստանից դուրս ապրելը։

Դա այն արժեքային համակարգն է, որի վրա խարսխված է ներաշխարհս։ 2020-ին առաջիններից մեկն եմ ընտանիքս բերել Արցախ, նույնը խորհուրդ եմ տվել ընկերներիս։ Շատերը հարցնում էին՝ իսկ եթե նորի՞ց կրկնվի, եթե նորի՞ց պատերազմ լինի, ասում էի՝ հենց այդպես էլ լինելու է, բայց վախի մեջ չպետք է ապրենք, պետք է գիտակցենք ռիսկերը, դրան ընդառաջ կա՛մ գնանք, կա՛մ չգնանք։ Պատերազմից հետո տուն էի գնել և երբեք ճիշտ չեմ գտել վախի մեջ ապրելը, հետ նայելը ու մտածելը, թե ինչ կլինի։ Փորձել ենք մեր կյանքը ստեղծել Արցախում։ 2020-ից հետո վստահ էի, որ պատերազմ լինելու է։ Տեսնելով հակառակորդի զինվելու, պատրաստվելու աստիճանը, բնականաբար, հասկանում էինք այդ ամենն ինչին է տանելու։ 2020-ից հետո ցանկացած պահի սպասում էինք, որ հնարավոր է և՛ ճանապարհը փակվի, և՛ ռազմական ագրեսիա լինի։ Փառք Աստծո, որ խաղաղ բնակչությունը կարողացավ անվնաս դուրս գալ։ Իհարկե, շատ մեծ դժվարություններ ենք կրել, բայց ամեն ինչ կարող էր ավելի դաժան լինել։

Անմահացավ նաև եղբայրս՝ Գուրգենը

2020-ի պատերազմի ժամանակ «Եղնիկներ»-Մատաղիս հատվածում էի։ Տեղանքը լավ էինք ճանաչում, այնտեղ էինք ծառայել, նաև մարտական խնդիրն էինք հասկանում, ու մեր ընկերների մեծ մասն այնտեղ էր։ Պատերազմի առաջին րոպեներին դեռ  կապ կար։ Ընկերոջիցս՝ Նարեկ Հովհաննիսյանից, ով անմահացել է և Արցախի հերոսի կոչմանն է արժանացել, կապ ենք ստանում, որ օգնության կարիք ունեն։ Մի խումբ մարդկանցով մեկնում ենք «Եղնիկներ»՝ նրանց օգնելու։ Զորամասի հրամանատարի ցուցումով հատուկ խումբ է ստեղծվել, որն իրականացնում էր և՛ դիվերսիոն առաջադրանքներ, և՛ հետախուզական գործողություններ։ Հոկտեմբերի 28-ին՝ Մռովի օպերացիայից հետո, տեղափոխվում ենք Քարին տակի հատված։ Ավելի վաղ էինք ուզում այնտեղ գնալ՝ հասկանալով, որ մեր գյուղ Ավետարանոցը գրավելուց հետո հակառակորդի նպատակն ավելի խորը գնալն ու Շուշին գրավելն է՝ պատերազմի ելքը դրանով որոշելով։ Տեղափոխվում ենք այնտեղ՝ ճանապարհին վերցնելով մեր այլ ընկերների, որ մեզ օգնեն։ Նրանց մեջ էր հարազատ եղբայրս՝ Գուրգեն Մնացականյանը, ով այնուհետև Քարին տակի պաշտպանության ժամանակ իմ ձեռքերի մեջ անմահանում է։ Շուշիի պաշտպանության ժամանակ մենք կորցնում ենք մեր խմբի հրամանատարին՝ Նարեկ Հովհաննիսյանին, նաև Թովմաս Թովմասյանին,         իսկ Եղիշե Բոցինյանը  ծանր վիրավորում է ստանում․․․ Ծանր է գիտակցել, որ մեր հայրենիքն ենք կորցրել, որ պարտվել ենք։ Ցանկացած տղամարդու համար դա ծանր հարված է, ինձ համար՝ կրկնակի, եռակի, քառակի, քանի որ հարազատ եղբորս եմ կորցրել, բազմաթիվ շատ մոտ ընկերներ։ Ու այն գիտակցումը, որ 2020-ից հետո մենք նրանց գործը պիտի շարունակեինք, ինձ միշտ առաջ էր տանում։ Երբ ինձ ասում էին՝ տեսեք ինչքան մարդ չի մասնակցել պատերազմին, փախել են, ես ասում էի՝ ես էլ այն մարդկանց օրինակն ունեմ, ովքեր հակառակն են արել, ովքեր հույսի նշույլը մեր ազգի մեջ պահել են։

Նորամուծություններ բանակի համար

Մինչև 2020-ը ես դուրս էի եկել պետական ծառայությունից, բայց պատերազմը և դրա վատ արդյունքները պատճառ դարձան, որպեսզի մտափոխվեմ։ Նորից վերադարձա պետական ծառայության, ընդգրկված էի ռազմական արդյունաբերության ոլորտում, հետազոտական աշխատանքների իրականացման մեջ։ Երկու տարվա մեջ հասցրել ենք բավականաչափ նորամուծություններ անել բանակի համար։ Ցավոք, ժամանակը քիչ էր այդ ոլորտում լուրջ փոփոխություներ անելու համար։

Շրջափակումը սպասելի էր

Մինչև 2020-ը վառելիքի և սննդամթերքի առումով պատրաստվում էի, պատերազմից հետո՝ առավել ևս։ Կոնկրետ մեր ընտանիքի, ընկերների, երիտասարդական կազմակեպությունների մասշտաբով, բացի պետական համապատասխան պաշարների ստեղծման  ընդհանուր քաղաքականությունից, անձնական պաշարներ ունեինք, հատկապես խոսքս զինամթերքի պաշարների մասին է, որ Արցախի տարբեր հատվածներում պահվել էր։ Սպասվում էր, որ պատերազմ կլինի, կարճատև, բայց ոչ 1-2 օր, ինչպես եղավ։ Պատկերացնում էի, որ մի շաբաթ և ավել կտևի։ Արցախի խորքային հատվածներում զենքերի որոշակի պահեստներ էինք ստեղծել։ Ունեինք վառելիքի որոշակի պաշարներ, քանի որ սպասում էինք, որ կլինի շրջափակում։ Ցավոք, շրջապատում անհեռանկարային պահվածքը գերակշռում էր, դրա համար բոլոր պաշարներն արագ տեմպով մաշվում էին։ Այսինքն՝ եթե հարևանդ գիտի, որ վառելիքի պաշար ունես, ինքն էլ լուրջ խնդիր ունի, դու չես կարող մերժել նրա խնդրանքը։ Ինչքան էլ այդ պաշարները մեծ լինեին, միևնույն է, արագ վերջանում էին։

Սննդի առումով տնտեսածն ավելի շատ էր։ Անձամբ հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ չեմ զբաղվել, բայց 2020-ից հետո մի քանի հեկտար հող էի գնել ու հարազատներս դրանով զբաղվում էին։ Դա է պատճառը, որ հատկապես հացի առումով շրջապատս, ինչքան հնարավոր էր, ապահովված էր։ Պետությունը բավականաչափ ներդրում էր արել, որպեսզի զարգանա ջերմոցային տնտեսությունը, և ես՝ ընկերներիս հետ, ջերմոցային տնտեսություններ էինք ստեղծել։ Դրա շնորհիվ դժվար օրերին գյուղատնտեսական մթերք ունեինք, որը, սակայն, Ստեփանակերտ տեղափոխելու խնդիր կար։ Փորձել ենք առավելս պատրաստված լինել, բայց, հավատացեք, որ երբ պահը հասնում է, ամեն ինչ էլի քիչ է լինում։

Երեխաներին «Նուտելա» էի խոստացել

Կարծես թե, այդ օրերին մանկություն էինք վերադարձել։ 90-ականներին մեծացած սերունդ ենք, հիշում էինք այդ դժվարությունները՝ առանց լույս, առանց ջուր, քաղցրավենիքը պակաս օրերը։ Որպես 3 երեխաների հայր՝ սուր էի զգում քաղցրավենիքի դեֆիցիտը։ Երբեք չէի պատկերացրել, որ կյանքում կգա մի պահ, երբ տուն վերադառնալով երեխաներս կասեն՝ «պապ, հինչ քաղցրավենիքը՞ս պերալ»։ Որ ես դրանից վատ կզգամ, քանի որ քաղցրավենիք չկար։ Բայց այդ օրերին մեր թաղի բնակիչները իրար մտերմացան։ Ով ինչ գտնում էր՝ կիսվում էր։ Հատկապես, եթե ալյուր էին գտնում, շենքի մուտքում վառարան էր դրված, բերում էին, հաց թխում, բաժանում երեխաներին։ Փոքրիկներին փորձում էինք հնարավորինս հեռու պահել այդ իրականությունից, որպեսզի այդ ամենն իր ծանր հետքը չթողնի։ Հիշում եմ, որ երեխաներին «Նուտելա» էի խոստացել։ Դա շրջափակման այն ժամանակահատվածն էր, երբ հնարավոր չէր արդեն գտնել դա ո՛չ ռուսների միջոցով, ո՛չ այլ ձևերով։ Մոտավոր պատկերացնում էի, թե ոնց պետք է լուծեմ այդ հարցը։ Մի տուփ կակաո ունեինք, պնդուկ և խտացրած կաթ։ Երբ երեխաները քնեցին, սկսեցի սարքել այդքան ցանկալի «Նուտելան»։  Երբ արդեն խոհանոցում տքնաջան պատրաստում էի այն՝ խառնելով բոլոր բաղադրիչները, աղջիկս ներս մտավ ու լացակումած ասաց՝ «պապա, «Նուտելան» առանց մեզ ը՞ս օտում»։ Դե արի ու համոզիր, որ նրանց համար ես սարքում (ծիծաղում է:- ԳԳ)։ Այդպիսի դեպքերը բացահայտում են, որ իրականում երջանկությունը պարզ բաների մեջ է։ Իրականում շատ բաներ մեզ էին պետք, երեխաներն ավելի հեշտ էին տանում այդ ամենը։

19-րդ օրը

2023-ի պատերազմն սկսվելուն պես ընտանիքս նկուղում էր։ Դեռևս 2020-ից հետո ընկերներիս օգնությամբ ձեռք էի բերել դիպուկահար հրացան։ Բավականաչափ ժամանակ էի հատկացնում մարզումներին։ Պատերազմն սկսելուն առաջին իսկ ժամերին մեկնել եմ դիրքեր՝ Շուշիի հատվածում ընկերներիս օգնելու։ Մեր տղաները մեծ հարված են իրենց վրա ընդունել, նաև շատ մեծ աշխատանք են հասցրել անել։ 2020-ի համեմատ համարում եմ, որ  այդ օրը քիչ բան ենք արել։ Բայց էլի փառք Աստծո, որ թույլ են տվել քաղաքացիական բնակչությանը դուրս գալ։

Հակված եմ դրականը տեսնելու

Հայաստան մտնելուն պես տեսանք, թե ինչպես են մարդիկ ճանապարհներին կանգնած ուտելիքով, բենզինով, տաք կերակուրներով մեզ դիմավորում։ Այլ բան ես չէի էլ սպասում։ Հայաստանում գտնվող ընկերներս կապվել էին ինձ հետ ու իրենց օգնությունն էին առաջարկում։ Բայց ես արդեն որոշակի գործողությունների պլան մշակել էի նման պարագայում։ Նաև ընկերս՝ Էդուարդ Վարդանյանը, ով հայրենիքի նվիրյալ զավակ է, հայտնի մարզիկ է, թույլ չտվեց տան հարցով մտահոգվել։ Տեղավորվեցինք Գառնիում գտնվող նրա տանը։ Համայնքի մի շարք հասարակական կազմակերպություններ, հարևաններ փորձում էին օգնության ձեռք  մեկնել։ Որոշ բացասական երևույթների հանդիպում ենք, բայց ընդհանրապես հակված եմ միշտ դրականը տեսնել և դրա վրա սևեռվել։

Հայ մարդը երբեք չպիտի հանձնվի, նույնիսկ այս ամենից հետո։ Պետք է հենց այսօր կառուցել վաղվա օրը, ու ոչ մի պահի չդադարել աշխատելուց։

 

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը այցելել է Եռաբլուր

Յան Պլեշինգերը՝ ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատարը, այցելել է Եռաբլուր։

«Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։

Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տուժածների կողքին է և վերահաստատում է իր անսասան աջակցությունը խաղաղության, հաշտեցման և արդարության հաստատմանը։ Միասին մենք կշարունակենք աշխատել հանուն ապագայի, որտեղ գերակայում է հարատև խաղաղությունը»,- ասված է ԵՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուր է այցելել Կիպրոսի պաշտպանության նախարարը։

“Ձմռան կեսին աջակցությունը դադարեցնելը ծանր հետևանքներ կունենա տեղահանվածների համար”

Տեղահանված անձանց տրամադրվող 40+10 հազար դրամի աջակցությունը բավարար չէ նրանց հիմնական կարիքների համար, և այն ամբողջությամբ ուղղվում է միայն բնակվարձի վճարմանը։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում հայտնել է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը՝ անդրադառնալով կառավարության աջակցության ծրագրերին։

«Եթե հաշվի առնենք, որ կան ընտանիքներ, որոնք ունեն մեկ կամ երկու անդամ, այդ գումարը նրանց համար բավարար չէ։ Նրանք ստիպված են ավելացնել սեփական միջոցներ՝ միայն բնակվարձը փակելու համար։ 40+10 հազար դրամը չի բավարարում այլ ծախսերը հոգալու համար և այս աջակցության արդյունքում նրանք կարողանում են միայն բնակվարձ վճարել, ինչը չի լուծում նրանց խնդիրները»,- նշում է Պետրոսյանը։

Նրա խոսքով, կառավարության այս ծրագրով ոչ միայն աջակցություն է տրամադրվում տեղահանվածներին, այլ նաև անուղղակի աջակցություն է ուղղում տեղացի քաղաքացիներին, որոնք եկամուտ են ստանում՝ իրենց բնակարանները վարձով տալով։ Նա նաև մատնանշում է, որ 2025 թվականից սկսած աջակցության դադարեցումը կամ միայն խոցելի խմբերին ուղղումը կարող է լուրջ ճգնաժամ առաջացնել։

«Ձմռան կեսին աջակցությունը դադարեցնելը ծանր հետևանքներ կունենա տեղահանվածների համար։ Շատերը պարզապես չեն կարողանա ամբողջությամբ հոգալ բնակվարձը և կկանգնեն արտագաղթի կամ այլընտրանքային միջոցներ որոնելու խնդրի առաջ»,- ասում է Պետրոսյանը։

Նա առաջարկում է, որ կառավարությունը շարունակական աջակցություն տրամադրի՝ մինչև յուրաքանչյուր ընտանիք ապահովված լինի բնակելի տարածքով: Ըստ Պետրոսյանի, սա կնվազեցնի նաև արտագաղթը, քանի որ շատ տեղահանվածներ կնախընտրեն մնալ Հայաստանում, եթե ունենան լիարժեք կենսապայմաններ։

Պետրոսյանը նաև ընդգծում է, որ նախկինում ԱՀ կառավարությանը տրամադրվում էին միջպետական վարկեր, որոնց մի մասը կարող էր ուղղվել բնակարանաշինությանը: «Այս պահին ճիշտ ժամանակն է ուսումնասիրելու այդ միջոցների օգտագործումը և ծրագրելու բնակարանաշինության նոր ծրագրեր, որպեսզի տեղահանված ընտանիքները ստանան համապատասխան բնակմակերես»,- եզրափակում է նա։

Տաթև Ազիզյան

Արցախցիներին աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին է կայացել

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Այդ մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Խորհրդի անդամներ են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 անձ, խորհրդի քարտուղարությունն իրականացնում է նախարարի օգնականը։
«Առաջին նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ Հասարակական խորհրդի գործունեության նպատակի և անդամների լիազորությունների, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու ընթացակարգի և ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացը պարզեցվել է, և վարույթը 90 օրվա փոխարեն ներկայումս տևում է միջինում երկու ամիս։
«Անչափահասները չեն դիմելու քաղաքացիության, քանի որ նրանց ծնողներին ՀՀ քաղաքացիության շնորհումից հետո զուտ անձնագրերի փոփոխությամբ է հարցը լուծվում։ Գործընթացը սահուն ու պատշաճ կազմակերպելու նպատակով ԼՂ-ից բռնի տեղահանվածների դիմումներն ընդունում են ծառայության մարզային բոլոր ստորաբաժանումները»,- նշել է Արմեն Ղազարյանը։
Հնչել են հարցեր Հայաստան տեղափոխված ազգաբնակչության բնակապահովման շահառու դառնալու, տեղահանված ուսանողների կրթության վարձավճարի փոխհատուցման, բռնի տեղահանվածների թոշակավորման գործընթացի և այլ թեմաների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։