Մինսկի խո՞ւմբն է “արհեստական խոչընդոտը”

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահության ներքո քննարկվող որոշումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին ու գործընթացներին։

Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը:

Տեղեկատվության մեջ անդրադարձ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը Բաքուն առաջարկել է Երեւանին “համատեղ ոչնչացնել”։ Այսօր էլ Ալիեւը խոսել է Մինսկի խմբի մասին, համարելով այն հայկական իրավունքների “պաշտպան”։

Արդյո՞ք Արարատ Միրզոյանը, խոսելով “արհեստական խոչընդոտների մասին”, նկատի ունի Մինսկի խումբը։ 2020 թ․ հետո, երբ Երեւանը համաձայնվեց ստորագրել Ռուսաստանի հետ “եռակողմ հայտարարությունը” եւ ռուսական զորք մտցնել Արցախ, այլեւս Մինսկի խմբի մասին չխոսվեց։ Առ այսօր Երեւանը կոչ չի անում վերադառնալ Մինսկի խմբի ձեւաչափին, գերադասելով սկզբից “եռակողմ”, հիմա էլ “երկկողմ” ֆորմատը Ալիեւի հետ։  

Իրանի նախագահը խոսել է «ռուսական ագրեսիայի» մասին

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկյանը հայտարարել է, որ ցանկանում է բանակցել արևմտյան երկրների հետ Ուկրաինայի պատերազմի շուրջ, որը նա որակել է որպես «ռուսական ագրեսիա»:

«Մենք կցանկանայինք երկխոսություն և բանակցություններ սկսել եվրոպացիների և ամերիկացիների հետ»,- ասել է Պեզեշյանը լրագրողներին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում (մեջբերում է AFP-ն): «Մենք երբեք չենք աջակցել ռուսական ագրեսիային ուկրաինական տարածքի հանդեպ»։

Անցյալ շաբաթ Պեզեշյանը Դուբայում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Որոշ ուժեր, այդ թվում՝ Արևմուտքում, ամեն կերպ փորձում են Իրանը կապել Ռուսաստանի հետ, օրինակ՝ բոլոր ռուսական անօդաչու սարքերին անվանում են «շահեդներ», կարծես Ուկրաինան կռվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Իրանի դեմ։

Մինչդեռ մի քանի շաբաթ առաջ Իրանը ուղղակիորեն մեղադրեց Ռուսաստանին «Զանգեզուրի միջանցքը» ճեղքելու, ռազմական բախումներ հրահրելու և հայ-իրանական սահմանը զավթելու մտադրության մեջ։ Մոսկվան, փաստորեն, չհերքեց նման մտադրությունը. Իրանի դեմարշից անմիջապես հետո Հայաստան ժամանեց ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը և կրկին հայտարարեց, որ «միջանցքը» պետք է բացվի «եռակողմ համաձայնագրերի» համաձայն, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնություն վերահսկողության տակ։ 

Հայաստանում ռուսամետ ուժերը «չնկատեցին» Իրանի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին։ Ճիշտ այնպես, ինչպես արևմտյան մամուլը, որը վերահսկվում է հիմնականում իսրայելամետ կորպորացիաների կողմից, չնկատելու է տալիս Իրանի մեղադրական հայտարարությունները Ռուսաստանի դեմ։

ԱՄՆ. Տարածաշրջանային ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի «լավագույն շահերից»

Голос Америки

Տարածաշրջանային ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի «լավագույն շահերից», – կիրակի ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, մեկնաբանելով այն, որ Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով լարվածությունը մեծանում է, ինչը մեծացնում է լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը:

«Մենք չենք հավատում, որ նրանց լավագույն շահերից է բխում այս ռազմական հակամարտությունը սրելը», – ասել է Քիրբին ABC-ի «This Week»-ի եթերում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները «դա ուղղակիորեն հայտնում է մեր իսրայելցի գործընկերներին»:

Իսրայելը և Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը ներգրավված են հարձակումների արագ սրման մեջ, ներառյալ գիշերային ինտենսիվ հրթիռային հարձակումը հյուսիսային Իսրայելի վրա, որը, ըստ իսրայելական բանակի, հարյուր հազարավոր մարդկանց ստիպել է գնալ ապաստարաններ:

«Լարվածությունն այժմ զգալիորեն ավելի բարձր է, քան ընդամենը մի քանի օր առաջ», – ասել է Քիրբին:

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ «մենք դեռ հավատում ենք, որ դիվանագիտական ​​լուծման համար ժամանակ և տարածք կա, և դա մի բան է, որի վրա մենք աշխատում ենք»:

Խմբ. Հիշեցնենք, որ Թրամփը վերջերս ասել էր, որ եթե ինքը չդառնա ԱՄՆ նախագահ, ապա 2 տարի հետո Իսրայել չի լինի։ Լիբանանում փեյջերներով ահաբեկչությունից հետո համաշխարհային մամուլը սկսեց խոսել, որ սա վերջին կաթիլն էր, որը կարող էր լցնել նույնիսկ Իսրայելին հավատարիմ ուժերի համբերությունը։

Վերլուծաբանները խոսում են Իսրայելի դեմ աննախադեպ կոնսոլիդացիայի և տարբեր երկրների կողմից միաժամանակյա ռազմական գործողությունների հավանականության մասին։

Քաղաքականությունը պտուղներով է գնահատվում․երկրորդ փուլում ի՞նչ վարի կտանք

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի ավարտվել, այն նոր է սկսվում, Երևանում աջակիցների հետ հավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանն ասաց՝ որոշել են՝ նոր մեթոդաբանությամբ ու նոր մոտեցումներով հոկտեմբերից սկսում են ակտիվ պայքարի շրջանը։ Նրա խոսքով՝ սա լինելու է պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ «հաղթանակով երաշխավորված»։

Քաղաքականությունը պտուղներով է գնահատում, եւ այդ առումով Շարժման առաջին փուլի “արդյունքները” ակնհայտ են․ Կիրանցի հողերի հանձնման պահին շարժումը Երեւանում էր հավաքներ անում, թողնելով, որ “սահմանազատումը” հանգիստ իրականացվի։ Ոչ մի քաղաքական եւ իրավական պահանջ։ Հասարակական ամբողջ էներգիան ուղղվեց անպտուղ քայլերի, եւ բացի արցախցիներին թիրախավորելու իշխանության կողմից, ոչ մի արդյունքի չբերեց։

Հիմա հայտարարվում է երկրորդ փուլ, որի նախերանգը տվեց Անդրանիկ Թեւանյանը՝ Դոնբաս այցելելով եւ նույն հարթակի վրա դնլով Հայաստանն ու Դոնբասը։ Թեւանյանը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեվ խաղաղություն երաշխավորել, հավանաբար, Արցախում երաշխավորելու օրինակով։

Զուգահեռ՝ Ալիեւը Բաքվում հայտարարեց, որ Փաշինյանը լավ չի աշխատել եւ մինչեւ վերջ ի վիճակի չէ գնալ, նախագուշակելով «ռեւանշիստների» վերադարձը, այսինքն՝  զգուշացնելով Փաշինյանին, որ կարող է ԱՄՆ-ից վերադառնալ  “ուրիշ” Հայաստան։

Նման տեմպերով Հայաստանում ընտրություններ էլ չեն լինի․ Պուտինն ու Ալիեւը Հայաստանում նոր «գուբերնատոր» կկարգեն։

Ռուսաստանում զինծառայության խելահեղ արշավ է գնում՝ եկար ինքդ, բեր ընկերոջդ

Ռուսաստանը «խելահեղ արշավ» է սկսել Ուկրաինայի դեմ պատերազմի համար կամավորներ հավաքագրելու համար, քանի որ ռազմաճակատում կա  կենդանի ուժի պակաս: Կրեմլը դեռ վախենում է նոր մոբիլիզացիայի մասին հայտարարել։

Ռուսական հայտնի «ВЧК-ОГПУ» Telegram ալիքը, որը, ենթադրաբար, կապված է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ, խոսել է ռուսների զանգվածային հավաքագրման մասին, հայտնում է Dialog.UA-ն։

Նրա խոսքով, ամբողջ Ռուսաստանը լցվել է «խելահեղ արշավով» զինծառայության հավաքագրելու համար։ Ռուսներին պատերազմի են կանչում հեռուստատեսությունը և այլ լրատվամիջոցները, փողոցներում բոլոր տեսակի գովազդային հարթակները և նույնիսկ մետրոյի անցագրեր վաճառող մեքենաները։ Բացի այդ, ամենամատչելի վայրերում հերթապահում են զինկոմիսարիատների աշխատակիցները, որոնք մարդկանց հրավիրում են պայմանագիր կնքելու։

Այն քաղաքացիներին, ովքեր կհամաձայնեն մասնակցել այսպես կոչված «СВO»-ին, խոստանում են ռուսական չափանիշներով հսկայական վճարումներ և այլ բոնուսներ։ «Բացի այդ, արդեն ռազմաճակատ մեկնածների հաղորդագրությունների համաձայն, որոշ շրջանների հրամանատարները «նախաձեռնում են» ակցիա. եկար դու, բեր ընկերոջդ:

Պայմանագիր կնքած զինծառայողի, ով մեկ այլ մարդուն համոզել է գնալ կռվելու, կարող են երկար սպասված արձակուրդ տալ, նույնիսկ պարգեւատրում են խոստանում»,-ասել է ռուսական ռեսուրսը։

«Диалог.UA»

Բացառիկ համագործակցություն ՀՀ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Միլանի Լա Սկալա թատրոնի ակադեմիայի միջև

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը եւ Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների եւ արհեստների ակադեմիան այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի նպաստել երկու հաստատություններում կատարողական արվեստի զարգացմանը, ինչպես նաեւ սահմանել թատրոնների միջեւ համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ փորձի փոխանակման, կրթական եւ տեխնիկական վերապատրաստումների ոլորտներում։

Հուշագիրը ստորագրել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը եւ Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների եւ արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչին։

Փաշինյանի քաղաքականությունը ի չիք է անում մեր հնարավորությունները, դրսում ընկալում են, թե սա է մեր երազանքը

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարո՛ն Պապյան, հարց է ծագում՝ ինչի՞ հիման վրա հանձնվեցին Տավուշի տարածքները, եթե այսպես կոչված սահմանազատման կանոնակարգը դեռ Սահմանադրական դատարանում է։ Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Տավուշում տեղի ունեցածն անօրինական էր։

-Ես կարծում եմ՝ այս քայլը՝ հարցն ուղարկել տարբեր տեղեր՝ դիտարկելու եւ հավանության արժանացնելու, ավելի շատ քաղաքական է, քան իրավական։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ սա շատ խնդրահարույց է, եւ վաղը-մյուս օրը պատասխանատվության հարց է առաջանալու։ Հետեւաբար, այս ճանապարհով ինքը պատասխանատվությունը լղոզում է։ Եթե վերցնենք այդ կանոնակարգի մի կետը, որպես հիմք ընդունվում է Ալմա-Աթայի հռչակագիրը, բայց նաեւ չի բացառում, որ կարող է սահմանազատման համար այլ տարբերակներ լինեն։ Եվ գերակայությունը տրվելու է այդ տարբերակներին։ Արդեն իսկ կան նախնական քննարկումներ, որ շատ տեղերում ի վնաս մեզ է լինելու գործընթացը։ Բայց ինքնին սխալ է այս կանոնակարգը, որովհետեւ անօրինական որեւէ բան օրինականացնելու սկզբունքը սխալ է։ Քանի որ Ադրբեջանն իր առաջին իսկ փաստաթղթով, այսպես կոչված, անկախության վերականգնման սահմանադրական ակտով ԽՍՀՄ շրջանը համարել է օկուպացիոն շրջան եւ իրեն հայտարարել է առաջին հանրապետության իրավահաջորդ, հետեւաբար, Ալմա-Աթայի հռչակագիրն Ադրբեջանի համար չի կարող հանդիսանալ իրավական հիմք։

-Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կառչած Ալմա-Աթայից, ո՞ւմ է ձեռնտու դա։

-Դա ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի պահպանելու իր աթոռը։ Եվ իր սխալ ու թյուր մոտեցումն ի սկզբանե այն էր, որ Ադրբեջանը մեզ հետ թշնամական հարաբերությունների մեջ է, որովհետեւ, իր բառերով, մենք «օկուպացրել ենք Ադրբեջանը», եթե դա դադարի, ամեն ինչ կլինի եղբայրական, բայց մենք տեսնում ենք, որ այդպես չէ։ Ադրբեջանը մշտապես հավակնություններ է ցուցաբերել Հայաստանի տարածքի նկատմամբ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ամբողջ գաղափարախոսությունն այս 29 743 քկմ վրա է՝ այդ հայտնի ստվարաթղթից կտրած սովետական Հայաստան վարչական միավորի քարտեզով։ Եվ ինքը դա է իրականացնում։ Եթե Ալմա-Աթայի հռչակագիրն իսկապես լիներ օրինական, Նիկոլից հասկացող մարդիկ կային, այսքան տարվա ընթացքում դա կասեին։ Մինսկի խումբը, որն աշխատանք էր տանում, որպեսզի միջազգային իրավունքի հիման վրա գտներ ինչ-որ ձեւով ընդունելի տարբերակ, երբեւէ հղում չի կատարել Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Որեւէ մեկը Ալմա-Աթայի հռչակագրի վրա գոնե մեկ անգամ հղում չի կատարել, անգամ Ադրբեջանը։ Դա պարզապես հռչակագիր է, որեւէ պարտավորեցնող նորմ չունի։ Մյուս կողմից, այնտեղ ասվում է՝ գոյություն ունեցող սահմանները։ Այստեղ հարց է՝ գոյություն ունենալ նշանակում է իրավական հիմնավորված ինչ-որ մի բան, իսկ Ալմա-Աթայի հռչակագիրը որեւէ հիմնավորում չունի։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում 13 կետանոց այդ փաստաթուղթը ստորագրել, որն ինքը անվանում է «խաղաղության մասին», հենց «խաղաղություն» բառի համար։ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն գնում է ընտրությունների։ Եվ իր այս ամբողջ ցուցադրական այցելությունները գյուղեր, սուտ ժողովրդավար լինելը այդ նպատակն են հետապնդում։ Իրեն պետք է մի որեւէ փաստաթուղթ ստորագրել, որի վերնագրում կլինի «խաղաղություն» բառը։ Եվ այդ «խաղաղություն» բառն ինքը կծախի հասարակության ամենաանիրազեկ, մտածողությունից զուրկ խավի վրա, որը, ցավոք սրտի, այսօր մեծ թիվ է կազմում։ Կասի՝ տեսեք, ես ձեզ բերել եմ «խաղաղություն», սա ձեր բոլորիդ անվտանգությունն ապահովելու է, ինչպես Կիրանցի ժողովրդին է խաբում, թե ավելի անվտանգ են այսօր։ Այսինքն՝ ինքն իր քաղաքական հարցերն է լուծում՝ «խաղաղություն» բառը ծախելով ժողովրդի վրա։ Ուրիշ հարց, որ դա չի լինելու տեւական ու արդար։ Իսկ այն, ինչ արդար չէ, չի կարող կայուն լինել։

Վերջերս ԱՄՆ-ում լսումներ եղան Արցախի հարցով, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շատ հետաքրքիր մի միտք էր ասել։ Ասել էր՝ այս գործընթացը, որը գնում է Հայաստանում, արդար չէ, բայց, քանի որ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը դա են ուզում, մենք էլ պետք է աջակցենք այս գործընթացին։ Այ սա է հիմա տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը բերում է նրան, որ այն հնարավորությունները, որոնք որոշ երկրներ կարող էին ի օգուտ մեզ օգտագործել, ի չիք են դառնում, որովհետեւ դրսում ընկալում են, թե սա է մեր երազանքը։

Ռոզա Հովհաննիսյան

Լիաննա Պետրոսյան․ ՀՀ կառավարության արցախցիների բնակապահովման ծրագիրը ձախողել է

Լիաննա Պետրոսյան-ը գրում է․

ՀՀ կառավարություն 2024 թ ներկայացրած բնակապահովման ծրագիրը ձախողել է։
Դրա ապացույցներից են վերջին օրերին իմ կողմից անցկացված 2 սոցհարցումների արդյունքները։
Բնակապահովման ծրագրից օգտվել է հարցվածների ընդամենը 2 տոկոսը։
Սա փաստում են նաեւ պաշտոնական տվյալները։
Իսկ ծրագրի հիմնական պահանջը՝ ՀՀ քաղաքացիություն ունենալը, նույնպես հարցման արդյունքներով բավականին ցածր է։
ՀՀ քաղաքացիություն ստացել կամ պատրաստվում է ստանալ հարցվածների ընդամենը 20 տոկոսը։
Դա նույնպես համապատասխանում է հրապարակվող պաշտոնական թվերին, ու եւս մեկ անգամ փաստում, որ բնակապահովման ծրագիրն իրատեսական չէ եւ անընդունելի է տեղահանվածների համար։
Այն ոչ միայն մատչելի չէ առաջարկվող պայմանների տեսակետից, այլ նաեւ՝ պարտադիր պահանջի, որը կրում է սոցիալ-հոգեբանական բնույթ։
Ի դեպ, ՀՀ քաղաքացիության համար տեղահանվածները դիմում են նախեւառաջ՝ աշխատանքի տեղավորման խնդիրը լուծելու համար։
Այս ամենից ելնելով՝ կարող ենք փաստել, որ ՀՀ Կառավարության կողմից առաջարկված երկարատեւ աջակցության ծրագիրը գոնե այս փուլում ձախողել է, ինչի մասին դեռ ամիսներ առաջ պարբերաբար ներկայացվել է ՀՀ Կառավարությանը։
Սակայն Կառավարությունը որեւէ կերպ չցանկացավ գնալ ընդառաջ եւ վերանայել ծրագիրը՝ պատճառաբանելով, որ այն կազմվել է լայն խորհրդակցությունների արդյունքում և լիովին բավարարում է Արցախից տեղահանված անձանց մեծամասնության պահանջներին։
Այնինչ՝ Ծրագրի մեկնարկից 3 ամիս անց ունենք միանգամայն հակառակ պատկեր։

Էրդողանը մեղադրել է «որոշ լոբբիներին» Հայաստանի վերացման գործընթացը խաթարելու մեջ

Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ.

«Դուք բոլորից լավ գիտեք՝ ինչ անհարմարություններ են առաջացել թուրք-ամերիկյան հանրության շրջանում։ Պետք է զգոն լինենք այն մտածելակերպի նկատմամբ, որը փորձում է թունավորել մեր երեխաների և երիտասարդների միտքը՝ դպրոցական ծրագրերը լցնելով անհիմն զրպարտություններով: Ձեր միասնությունն ու համակարգումն ամերիկացի քաղաքական գործիչներին թույլ կտան իմանալ պատմական ճշմարտությունը։ Հարցերի քաղաքական օգտագործումը, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, և տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,-ասել է Էրդողանը։

Էրդողանը նկատի ունի հայկական լոբբիին, որը 100 տարի շարունակ կարողացել է կանխել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի օրինականացումը և հայ ժողովրդի պատմական տարածքում հայկական պետականության վերացումը։ Հայկական լոբբիի ջանքերով ամերիկյան դպրոցական դասագրքերում սեւով սպիտակի վրա գրված է, որ Թուրքիան իրականացրել է հայերի ցեղասպանությունը, յուրացրել է նրանց հողն ու ունեցվածքը։ Սա անընդհատ դամոկլյան սրի պես կախված է Թուրքիայի գլխին՝ հիշեցնելով, որ այս երկիրը ստեղծվել է օտար հողի վրա` Ռուսաստանի օգնությամբ։

Էրդողանը պատրաստվում է Նյու Յորքում հանդիպել Փաշինյանի հետ, եւ հնարավոր է, որ խոսեն հայ-թուրքական սահմանի բացման մասին։ Սա կնշանակի Հայաստանի կողմից ռուս-թուրքական սահմանի ճանաչում, որը որոշվել է 100 տարի առաջ ռուս-թուրքական հանցավոր պայմանագրերով։

Ի դեպ այսօր Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների մի խումբ դեսպաններ այցելել են հայ-թուրքական պայմանական սահմանի Մարգարա անցակետ՝ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին», Հայաստանի ներկայիս կառավարությունը վարում է բացահայտ ժխտողական քաղաքականություն սեփական հողերի ու ունեցվածքի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների դեմ։

Էրդողանը նշում է, որ «որոշ լոբբիներ» կանխում են դա՝ նկատի ունենալով հայկական իրավունքների կրող ուժերը։ Դա վերաբերում է և՛ հայկական սփյուռքին, որը մեծամասամբ ցեղասպանության հետևանք է, և՛ Հայ առաքելական եկեղեցուն, որը Օսմանյան կայսրության օրոք եղել և մինչ օրս մնում է հայ համայնքի «վստահելի» ներկայացուցիչը թուրքական պետական ​​կառույցում։

Հայաստանի գործող իշխանությունը մեթոդական աշխատանք է տանում սփյուռքում հայկական լոբբիի աշխատանքը և Հայ առաքելական եկեղեցու իրավունքները չեզոքացնելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպել է հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ և հստակ ասել, որ սփյուռքը չպետք է խառնվի Հայաստանի գործերին եւ “խանգարի” “խաղաղ գործընթացին”։ Բացի այդ, նա բացասաբար է արտահայտվել Հայ առաքելական եկեղեցու «Հայաստանից դուրս» ունեցած ունեցվածքի մասին։

Էրդողան-Պուտին և նրա արբանյակ Ալիևի՝ հայկական իրավունքները զրոյացնելու և հայկական պետականությունը վերացնելու փորձերին խոչընդոտում են սփյուռքը, «որոշակի լոբբին», եկեղեցին և պատմությունը: Անկարայի, Մոսկվայի և Բաքվի պլանների “խոչընդոտներին” ավելացել են նաև Հայաստանում ԵՄ դիտորդները, ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի Սահմանադրությունը, Հայաստանի ռազմականացումը, Ֆրանսիայի, Իրանի հայանպաստ քաղաքականությունը և ամերիկյան ժողովրդավարությունը։ Բաքուն առաջ է քաշում այդ «խոչընդոտների» վերացումը՝ որպես «խաղաղության պայմանագրի», այսինքն՝ Հայաստանի վերացման պայման։

Թուրքիան կարող է ճեղքել հայկական իրավունքների բազմաշերտ զրահը միայն հայկական «իսթաբլիշմենտի» ձեռքով, որը զարմանալի հեշտությամբ է հրաժարվում ազգային իրավունքներից։

Նաիրա Հայրումյան

Forrights. Մեկ տարի առաջ ինչի միջով են անցել Կիչան գյուղի բնակիչները

Forrights

«Փիս վիճակում էինք, ահավոր, վրա էին տվել, մենք էլ տնից փախանք անտառներ»,-մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցածի մասին խոսելիս 65-ամյա Ռիմա Ղալայանն առաջինը սա է հիշում։ Նա Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից է, Forrights.am-ի հետ զրույցում նշում է՝  այդ օրերը սարսափելի էին։

Գյուղի կանայք, երեխաները և տարեցները, նրանցից ոմանք ոտաբոբիկ, ադրբեջանական հռթիռներից փրկվելու համար մի կերպ են հասել Կիչանին մոտ գտնվող անտառ։ Այնտեղ, սակայն, ևս ապահով չի եղել, խաղաղ բնակիչները ոտքով ուղևորվել են մոտակա գյուղ՝  Առաջաձոր։

«Ոտքով ենք հասել, անտառներով, երեսներս ճղորտելով, մի դամաշնիկով հասել ենք այնտեղ։ Հասանք Առաջաձոր, այնտեղ էլ իրենց հանդիպեցինք։ Ալավ-ալավ էր լինում՝ իրենք գցում էին, ամեն ինչ վառվում էր, անտառները վառվում էին։ Մի վայեննի ՈՒԱԶ եկավ, մեզ հասցրեց քցել մեջը, այնտեղից մի կերպ հասանք աերոպորտ։ Հետևներիցս ռմբակոծում էին (նկատի ունի Իվանյանի օդանավակայանը, որտեղ տեղակայված էին ռուս խաղաղապահները)»,-հիշում է արցախցի կինը՝ շարունակելով, որ երեխաները նոր էին դպրոցից վերադարձել, չէին հասցրել հագուստը, երբ ստիպված էին եղել տնից հեռանալ։

«Լաց ու կոծով դուրս ենք եկել։ Ես էի, աղջիկս, իր երեխաներով, տղաս»,-ասում է տիկին Ռիման ու նշում, որ իր համար կրկնակի ծանր օրեր էին։ Այդ պահին չգիտեր անչափահաս թոռների անվտանգության մասին մտածեր, իր առողջության, թե որդու, որից լուր չուներ։ «Հետո իմացանք, որ թշնամու մոտ է, հազիվ հետ բերեցինք»,-հիշեցնենք՝ տիկին Ռիմայի որդին Լեռնիկն է, որին ադրբեջանցիները գերեվարել էին ու ծեծի ենթարկել։

«Ճանապարհին ուժեղ կրակում էին մեքենաների վրա։ Հազիվ հասանք աերոպորտ, այնտեղ էլ մի բան չէր, անձրև էր գալիս, երեխաները անձրևի տակ սոված, ծարավ, մի կտոր հաց չկար։ Երեխաները լացում էին՝ սոված ենք, սոված ենք։ Ռուսները ոչ մի բան չէին տալիս, ո՛չ հաց, ո՛չ ջուր, թուրքի պես։ Ասում էի՝ անձրև է գալիս, թող էրեխեքը տանիքի տակ մտնեն, հեչ վեջը չի։ Հիվանդ երեխան անձրևի տակ, չթողեցին ներս մտնի։ Փիս սոված մնացինք այնտեղ, հետո եկանք Ստեփանակերտ»,-այդ օրը տիկին Ռիման ընտանիքի հետ անցկացրել է Արցախի կառավարության նկուղում, սրտացավ մարդիկ երեխաներին հաց են տվել, առավոտ արդեն բռնի տեղահանվել են Արցախից։

Նա հիմա մի ցանկություն ունի․ «Ստեղ թողեն խաղաղ մնանք, ինչ ասեմ, ցավդ տանեմ»։

Արցախցին երբեք քաջության պակաս չի ունեցել

Արցախի խաչքարային պատկերաքանդակները շատ հարուստ ու բազմազան են, ինչ որ տեղ նաև եզակի։ Եվ այդ բազմազանության մեջ իր ուրույն տեղն ունի ռազմիկի ու կռվի թեմատիկան, որին մենք հանդիպում ենք Արցախի ողջ տարածքում։

Գեղաքանդակ խաչքարերի վրա քանդակված են հեծյալ-ռազմիկներ զինված տեգերով, սրերով, նետ ու աղեղներով։  Ռազմիկը հպարտ կեցվածքով, դեմքով դեպի դիտողը, իսկ ձին հանդիսավոր ընթացքի մեջ։

Դատելով առկա նմուշներից և մասնագետների եզրակացություններից, կարող ենք ասել, որ զինված հեծյալի պատկերաքանդակները առաջ են եկել 12-13-րդ դարերում, որը հավանաբար կապված է տվյալ ժամանակաշրջանում արցախահայության վարած կռիվների հետ, ընդդեմ մոնղոլների ու թուրքերի, սակայն հետագայում Արցախի տարածքում, մասնավորապես Պատարայի, ի հայտ եկած նմանատիպ խաչքարը, որը թվագրվում է 10-11-րդ դարերով, խոսում է այն մասին, որ այդ դրսևորումը նաև ավելի վաղ է եղել։

Անդրադառնալով այդ խաչքարերին, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը գրել է․

“Խնդիրն այն է, որ երբ պահպանված պատկերաքանդակների հարյուրավոր նմուշները դասակարգում էի ըստ ժամանակագրության և ըստ բովանդակության, ակամա աչք զարնեց մի խիստ ուշագրավ իրողություն: Պարզվում է, որ ԺԲ-ԺԳ դարերում ստեղծված պատկերաքանդակները գրեթե բացառապես նվիրված են զինավառ ռազմիկներին (հեծելազորի կամ հետևակի զինվորներին): Դրանց հիմնական մասը պահպանվել է Խաչենի իշխանության և նրան հարակից գավառների տարածքի զանազան հնավայրերում և կերտվել է ի հիշատակ կա՛մ թուրքերի, կա՛մ էլ մոնղոլների դեմ կռիվներում նահատակված հայորդիների: Նրանցում առկա է այդ ժամանակաշրջանում կիրառության մեջ եղած զենքերի գրեթե ողջ տեսականին (սուր, նիզակ, գուրզ, նետ ու աղեղ, արբալետ հիշեցնող զենք, դաշույն, վահան և այլն)”:

Պատարայի Օծկա վանքի մոտ մի խաչքարի քիվի վրա գրված է «(ԵՍ ՀԱՍԱՆ) ՈՐԴԻ…», իսկ ներքևի տողում «ԵՎ ՔԱՋ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ»։ Արձանագրությունը հողմահարված է ու Սամվել Կարապետյանին հաջողվել է կարդալ միայն այս հատվածները։ Ի շարս այլ հատկանիշների, կարևորվել է այն, որ նա քաջ պատերազմող էր։

Միգուցե մասնագետները տարբեր կերպ կմեկնաբանեն երևույթը, բայց ես կասեի, որ երևույթն այս հարգանքի ինքնատիպ տուրք է երկրի պաշտպանի նկատմամբ, արժևորման մի յուրատիպ փորձ։ Ռազմիկին փառաբանելով, փառաբանվում է երկիրը, կարևորվում նրա ինքնիշխանությունն ու  սահմանների անխախտությունը։ Փառաբանվում քաջությունը վասն հայրենյաց և որպես արժեհամակարգ փոխանցվում սերունդներին։

Արցախյան առաջին պատերազմի զոհերի շիրմաքարերին, հերոսների նկարները պատկերվում էին մեծամասամբ զինվորական հագուստով, որ դարձել էր մի տեսակ պարտադիր կարգ։

Ասածս ի՞նչ է, արցախցին միշտ էլ կռվել է իր Հայրենիքի համար և դարերով կառչած մնացել իր հողին։ Նա անձնուրաց մղել է նաև իր վերջին մարտը, իսկ թե ո՞վ պարտության տարավ հայությանն ու մասնավորապես արցախցուն, պատասխանը կտա ժամանակը։

Արմինե Հայրապետյան

Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարի Զելենսկու, Փաշինյանի եւ Փեզեշքիանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ այցի շրջանակում, որտեղ կմասնակցի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին, բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, տեղեկացրել է Sabah-ը։

«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա շատ առաջնորդների հետ եւ կընդունի նրանց մեծ մասին Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ հանդիսացող «Թուրքական տանը» (շենքը գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնատեղիի դիմաց)։ Նրանց մեջ, ում կընդունի Էրդողանը, Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա Ալ Սուդանին է, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սհուֆը, ՄԱԿ գլխավոր քրատուղար Անտոնիու Գուտերիշը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Զելենսկին, Քուվեյթի թագաժառանգ, շեյխ Սաբահ Հալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը , Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման եւ Սերբիայի նապխագահ Ալեքսանդր Վուչիչը»,- գրել է պարբերականը։