Մի քիչ էլ կցրտի

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 3-6մ/վ արագությամբ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25- ին՝ 17-20մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 22-23-ին սպասվում է ձյուն, փետրվարի 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 22-ի ցերեկը կլինի 2-4 աստիճան ցուրտ, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -5….-7 աստիճան։

Թրամփը սպառնում է Ուկրաինային կտրել Starlink-ից. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հսկայական ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պահանջելով ստորագրել համաձայնագիր ուկրաինական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը Ամերիկային փոխանցելու մասին։ Օգտագործվել են նույնիսկ սպառնալիքներ. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։

Ըստ նրանց՝ Սպիտակ տունը սպառնում է անջատել ուկրաինական Starlink արբանյակային կապը, ինչը խիստ կարևոր է Ուկրաինայի զինված ուժերի համար մարտի դաշտում։ Համակարգի անջատման դեպքում ուկրաինական ուժերի վիճակը կտրուկ կվատթարանա, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցում։

«Starlink-ի հասանելիության հարցը բարձրացվել է Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ընթացքում այն ​​բանից հետո, երբ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին մերժել է գործարքի առաջին տարբերակը»,- ​​ասվում է հոդվածում։

Սպառնալիքը, ըստ աղբյուրների, կրկին հնչել է հինգշաբթի՝ փետրվարի 20-ին, Զելենսկու և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հանդիպման ժամանակ։ Պաշտոնյան ասել է, որ Ուկրաինային սպառնում է Իլոն Մասկի ծառայության «անխուսափելի» դադարեցումը, եթե նա հրաժարվի Վաշինգտոնին հանձնել իր հանքային ռեսուրսների մի մասը՝ նախկինում տրամադրված ռազմական օգնության դիմաց: «Սա մեծ հարված կլինի Ուկրաինային»,- ասել է աղբյուրը։

Նշենք, որ, ըստ լուրերի, Թրամփը ցանկանում է, որ Կիևը որպես «փոխհատուցում» իրեն իրավունք տա իր հանքային ռեսուրսների 50%-ի հանդեպ՝ մոտ 500 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը մոտավորապես 4-5 անգամ գերազանցում է այն օգնության չափը, որը Վաշինգտոնը տրամադրել է Ուկրաինային վերջին 3 տարիների ընթացքում։ Ընդ որում, փաստաթղթի առաջին տարբերակը չէր պարունակում Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, ինչը չէր ընդունել Զելենսկին։ Նա հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, ինչից հետո բախվել է Թրամփի ու նրա թիմի հրապարակային վիրավորանքներին ու սպառնալիքներին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Միացյալ Նահանգները փոխել է փաստաթուղթը՝ ներառելով Ուկրաինայի ղեկավարի որոշ ցանկությունները։ Երեկ՝ փետրվարի 21-ին, Թրամփը հրապարակավ սպառնացել է, որ Ուկրաինան «դժբախտության մեջ կհայտնվի», եթե Զելենսկին կրկին հրաժարվի ստորագրել համաձայնագիրը։ WSJ-ն պնդում է, որ ուկրաինացի առաջնորդը կարող է ստորագրել սկանդալային փաստաթուղթը արդեն այսօր՝ փետրվարի 22-ին։ Այս մասին հայտնում է Диалог-ը։

Ալիևը Ստեփանակերտում “բացում է” վաղուց գործող հյուրանոցները և փող լվանում

Ադրբեջանի կառավարությունը Ստեփանակերտում բիզնես նախագծեր է իրականացնում, որոնցում Meydan TV-ի թիմը կոռուպցիա ու ոչ թափանցիկ ծախսեր է տեսել։

Ստեփանակերտում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են ներդրվել, ընդ որում իշխանությունը չի թաքցնում՝ բիզնես նախագիծը վերահսկում է հենց նախագահական աշխատակազմը։

Վերածննդի հրապարակում գտնվող «Արցախբանկ»-ի շենքը (որը ԽՍՀՄ ժամանակ “Ղարաբաղ” հյուրանոց էր ), 2000-ականներին կառուցված «Վալեքս գարդեն» շքեղ հյուրանոցն ու Ազատամարտիկների պողոտայի «Եվրոպա» հյուրանոցն Բաքվի իշխանությունը որպես նոր աննախադեպ ներդրումային ծրագիր է ներկայացնում, կարծես դրանք կառուցվել են զրոյից՝ իրենց բյուջեի շռայլ հատկացումներով։

Երկու հյուրանոցները թեթև արտաքին նորոգմամբ, «Արցախբանկ»-ն էլ ներքին փոփոխություններով դարձել են հինգ աստղանի թանկարժեք հյուրանոցներ։

Հյուրանոցները ժամանակ առ ժամանակ են բացվում, քանի որ մուտքը Արցախի մայրաքաղաք փակ է սովորական ժողովրդի համար։ Այնտեղ ապրում են հիմնականում զինվորականներ եւ շինարարներ։ Համալսարանը, ինչպես ասում են, 3 ամիս ցուցադրական գործելուց հետո փակվեց։

Թե ում համար է Ալիևը պահում Արցախի բնակավայրերը, կարելի է միայն կռահել։ Սակայն “նախկին բնակիչների տուն վերադառալու” պլանը կարծես տապալվում է։ Ո՞վ պիտի վերադառնա, եթե 40 հազարանոց Ստեփանակերտում մինչ 1988 թ․ առավելագունը 5 հազար ադրբեջանցի էր բնակվում, այն էլ՝ մասնավոր սեկտորում։     

Ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերով

Ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի շրջանակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սիրելի´ հայրենակիցներ

Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:

Սահմանադրության «փոփոխությունը»՝ Փաշինյանի համար իշխանությունը պահելու երաշխիք

Այսօրվա դրությամբ համաձայնեցվել է Հայաստանի հետ 17 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի 15 կետը։ Չլուծված կետերից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է, երկրորդ կետը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է: Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆաթ Ասկերովը։

Նա նաև ասել է, որ Բաքուն «ուզում է պայմանագիր կնքել հայկական պետության հետ, ոչ թե վարչապետի»։

Այս արտահայտությունը բացահայտում է ոչ միայն Փաշինյանի և հայկական պետության շահերի ահռելի հակասությունը, որը նկատում է Բաքուն։ Այնտեղ գիտեն, որ Փաշինյանի հետ ստորագրված պայմանագիրը կարող է այդպես էլ թղթի կտոր մնալ։ Նրանց պետք է ավելի հզոր երաշխիք, քան Փաշինյանի ստորագրությունը։ Իսկ նման երաշխիք կարող է լինել միայն հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը, որը կհաստատի հայ ժողովրդի «կամքը»՝ հրաժարվել սեփական իրավունքներից, հողերից, ինքնությունից եւ վերածվել անարմատ խաչմերուկի։

Իր հերթին, Սահմանադրության փոփոխության «մտադրությունը» կարող է Փաշինյանի համար իշխանությունը երկարաձգելու երաշխիք լինել։ Ասկերովը փաստորեն ասում է, որ Փաշինյանն իրենց համար արժեք ունի միայն Սահմանադրության փոփոխությամբ։

Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը:

Բաքուն պահանջում է, որ Հայաստանը Սահմանադրության մակարդակում հրաժարվի Հայաստանի և Արցախի միացումի մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումից և Ցեղասպանության 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով Հայաստանից զավթած հայկական տարածքներից։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության տեքստի նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը: Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը քննելիս արձանագրել է՝ մայր օրենքի նախաբանը, ինչպես նաև առաջինից երրորդ և 203-րդ հոդվածներն անփոփոխելի դրույթներ են:

Նա ասել է, որ Սահմանադրության նոր նախագիծը պետք է պատրաստ լինի մինչեւ 2026-ի ընտրությունները։

Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, արդարացնելով այն «իրողությունների փոփոխությամբ»։

Հայաստանի քաղաքական ուժերը միանգամից հայտարարեցին, որ Փաշինյանը կատարում է Բաքի պահանջը, ինչը անընդունելի է։ ՀՀ կառավարությունը հերքում է, որ դա Բաքվի պահանջն է։ Բացի այդ, ակնարկներ են հնչում, որ կարող է Սահմանադրության ոչ մի փոփոխություն էլ չլինի։

NEWS.am–ի հետ զրույցում «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող,  ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ասել է, որ լավագույն դեպքում հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2027 թվականին, և 2026 թվականին ձևավորվելիք նոր խորհրդարանը նույնպես պետք է մասնակցություն ունենա Սահմանադրության ձևավորմանը։

«Այս իշխանությունը շատ ռեֆորմներ է տապալել, կա նաև հավանականություն, որ սահմանադրական ռեֆորմը ուղղակի չի ստացվի տեսանելի ապագայում»,–ասել է նա։

Վերլուծաբանները ասում էին, որ Ալիևը «համաձայնվել է» ընդունել Փաշինյանի «խոստումը»՝ փոխել Սահմանադրությունը, ինչն էլ Փաշինյանի համար իշխանությանը մնալու երաշխիք է դարձել։

 

Ստեփանակերտի` ամբողջությամբ ավերված բնակելի թաղամասերի տեղում կառուցվում են «Հաղթանակի պուրակ» և մզկիթ

Ադրբեջանի բռնապետական վարչակարգը հետևողականորեն ոչնչացնում է ժամանակավորապես օկուպացված Ստեփանակերտի հայկական դիմագիծը՝ դրա փոխարեն կեղծ հիմքերի վրա կառուցելով <<ադրբեջանական ինքնության>> վերբացահայտման խեղաթյուրված տարբերակ։ Ադրբեջանական քարոզչական մեդիայի տարածած կադրերը (https://www.youtube.com/watch?v=LiuaifPSn5U), որտեղ Իլհամ Ալիևը շրջում է գրեթե ավերակ դարձած քաղաքում, հստակ ցույց են տալիս Բաքվի մշակութային ցեղասպանության իրական պատկերը։ Ստեփանակերտի` ամբողջությամբ ավերված բնակելի թաղամասերի տեղում կառուցվում են «Հաղթանակի պուրակ» և մզկիթ՝ նպատակ ունենալով վերացնել քաղաքի հայկական անցյալը և փոխարենը ստեղծել կեղծ ադրբեջանական ներկայություն։
Ակնհայտ է, որ այս գործողությունները ոչ մի աղերս չունեն պատմական արդարության հետ, քանի որ ո’չ Ստեփանակերտում, ոչ Քարին տակում, ո’չ Հադրութում, ո’չ էլ Բերձորում երբևէ մզկիթներ չեն եղել` պատմական և ոչ մի փուլում։ Շատ պարզ տրամաբանությամբ, որ այս տարածաշրջանում երբեք գոյություն չի ունեցել ադրբեջանական պետություն ` մինչև 1918֊20 թթ.։
Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տեղում, կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ (https://monumentwatch.org/…/%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7…/), ինչը վկայում է Բաքվի մշակութային բռնազավթման հետևողական քաղաքականության մասին։
Այս ամենը Ադրբեջանի կողմից վարվող պետական մակարդակի քաղաքականության մի մասն է, որը նպատակաուղղված է ոչ միայն Արցախի հայկական մշակութային ժառանգության լիակատար վերացմանը, այլև նրա բռնի իսլամացմանը։ Ադրբեջանը, օգտվելով միջազգային հանրության պասիվությունից, հաճախ էլ` ակնհայտ անտարբերությունից, բացահայտ իրականացնում է մշակութային ցեղասպանության իր ծրագրերը՝ Արցախի հայության ինքնությունը ջնջելու և նրա պատմական տարածքն ադրբեջանականացնելու նպատակով։

«Սա նոնսես է, անգրագիտության գագաթ։ Սա ասում է՝ պետք է նույն խուժան խորհրդարանական համակարգը մնա»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հավաք անցկացրեց Հանրապետության հրապարակում։ Նա հանրահավաքների շարք է սկսում։

Հայրիկյանն ասաց, որ իր ծրագիրը հետեւյալն է՝ հանրության կողմից լիազորություն ստանալու դեպքում իշխանություններին պահանջներ է ներկայացնելու։ «Ասելու ենք՝  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քննարկմանը ներկայացրու բացարձակ ժողովրդավարության իմ նախագիծը։ Մեկ շաբաթվա ընթացքում պատասխան պետք է տաք, դուք կես միլիարդ արդեն աշխատավարձ եք տվել (սահմանադրական հանձնաժողովների անդամներին – խմբ․) եւ ոչինչ չեք արել։ Մինչդեռ, նորմատիվ ակտով նախատեսված է, որ այլընտրանքային տարբերակներն ու առաջարկները նույնպես պետք է քննարկվեն։

Եթե Նիկոլ Փաշինյանը հակառակվում է, ուրեմն առավել եւս ինքը չի կատարում իր պարտականությունները, ինչպես շատ դեպքերում չի կատարում նորմատիվ ակտով սահմանված իր գործերը։ Ինքը դա պետք է կատարի, նախագիծն անմիջապես գնում է Ազգային ժողով, որովհետեւ մասնագիտական հանձնաժողովը չի կարող դրական կարծիք չտալ քաղաքացիների իրավահավասարությունը երշախավորող, Հայաստանն աշխարհի թիվ մեկ ժողովրդավարական պետություն դարձնող նախագծին։ Պառլամենտում, ես վստահ եմ, որ երկու շաբաթվա ընթացքում դա կընդունվեր, կսահմանվեր օրը, եւ Սահմանադրության հանրաքվե, որից հետո՝ նոր ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը եթե ուզում էր մասնակցել ընտրություններ, պետք է հրաժարական տար։ Ինչ վերաբերում է իրեն պատասխանատվության կանչելուն, մանավանդ ապօրինի աշխատավարձեր տալու համար, դա արդեն այլ հարց է։ Սրանից ելնելով է, որ ասում եմ՝ ամենաուշը երեք ամսվա ընթացքում մենք կարող ենք ունենալ նոր ընտրություններ՝ արտահերթ»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո իշխանության պետք է գա իսկապես ժողովրդավարական եղանակով ձեւավորված նոր իշխանությունը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարություններին, Պարույր Հայրիկյանը նշեց, որ իշխանությունները շեշտադրում են, որ կառավարման համակարգը չի փոխվելու։ Այնինչ, աշխարհում նոր Սահմանադրություն ընդունում են այն դեպքում, երբ կառավարման համակարգը պետք է փոխվի։ Եթե ոչ, պետք չէ, որ Սահմանադրությունը փոխվի, մի քանի փոփոխություն են կատարում գործողի մեջ։ «Այսինքն՝ սա նոնսես է, անգրագիտության գագաթ։ Սա ասում է՝ կառավարման համակարգը պետք է նույն խուժան խորհրդարանական համակարգը մնա։ Այնպես որ, իր այդ կետերի մեջ անմիջապես Սահմանադրության հետ կապված գրեթե ոչինչ չկար։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս գոնե հանրագիտարաններում կարդալ, թե ինչ է նշանակում գաղափարախոսություն, որովհետեւ խայտառակություն է սեփական աշխարհընկալումը ներկայացնել որպես գաղափարախոսություն»,- ասաց Հայրիկյանը։

1978 թվականին վերադարձանք Արցախ։ Ես դարձա ամուսնուս գաղափարակից ընկերը

Արցախցի կնոջ կերպարն ու դերն ավելի ցայտուն դարձավ 1988-ին, երբ Ղարաբաղյան շարժումը դուրս եկավ ընդհատակից և ստացավ համազգային բնույթ: Այլևս հնարավոր չէր ապրել ուրիշի թելադրանքով և ուրիշի լծի տակ: Գտնվեցին մարդիկ, ովքեր սեփական անձն ու ճակատագիրը ստորադասեցին ազգային խնդրին և բազում վտանգներ հաղթահարելով՝ կարողացան հասնել մեր ամենանվիրական նպատակին։ Այդ մարդկանց կողքին էին նաև նրանց կանայք

Մելանյա Առուշանյանը Ղարաբաղյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանի կինն է, ով առաջին իսկ օրերից կանգնել է ամուսնու կողքին, դարձել Շարժման ակտիվիստ կանանցից մեկը։

 Տիկին Մելանյան մտաբերում է բոլոր այն դժվարությունները, որոնց միջով անցել են

 -Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիներից էր Սլավիկը նվիրված Ղարաբաղի փրկությանը: Դրա վառ ապացույցն ինստիտուտն ավարտելուց հետո հրաժարվել է Սարդարապատի թանգարանի տնօրենի պաշտոնի հեռանկարից՝ գերադասելով վերադառնալ Արցախ: Իսկ պատմության ֆակուլտետի դեկան Ռ.Մովսիսյանի այն հարցին, թե ինչ է անելու Ղարաբաղում, երբ վերադառնա, Սլավիկը կարճ պատասխանել է,- <<Եթե ուրիշ ոչինչ չկարողանամ անել, հայերի քանակը չորսով կավելացնեմ>>: 1978 թվականին վերադարձանք Արցախ։ Ես դարձա ամուսնուս գաղափարակից ընկերը։

Ղարաբաղյան շարժման արմատները շատ խորն են։ Մինչև 1988 թվականն այն արդեն սկսված էր: Շատ քչերը գիտեն նախապատրաստական և վտանգավոր փուլի մասին, որը կարող էր ճակատագրական և անկանխատեսելի հետևանք ունենալ:

1983 թվականի դեկտեմբեր ամիսն էր․ ամուսինս Բաքվում էր: Գնացել էր քաղլուսկաբինետի համար տեխնիկական սարք բերելու: Այնտեղ ցանկանում էին իրենց հին և օգտագործվածը տալ, սակայն նա հրաժարվեց բերել: Մեր տան հեռախոսին զանգում և ռուսերենով նրան են հարցնում: Պատասխանում եմ, որ տանը չէ: Նորից են զանգում և ստանում նույն պատասխանը: Հաջորդ օրը ամուսինս վերադառնում է Բաքվից։ Նրան ասում եմ այդ կասկածելի զանգերի մասին: Լռում է երկար…

Գիշերվա կեսին հանկարծ մեր տան դուռը ծեծում են․ ներս են մտնում ազգությամբ ադրբեջանցի և ռուս մի քանի մարդ: Խոսում են ռուսերեն: Ես նրանց հյուրասիրում եմ սուրճով և դուրս գալիս սենյակից՝ հետևիցս փակելով դուռը: Այդ պահին լսում եմ, որ ամուսինս նրանց կամաց ասում է՝ կինս ոչնչից տեղյակ չէ, նա երեխայի է սպասում, խնդրում եմ չանհանգստացնել: Անմիջապես հասկանում եմ, թե ինչու համար են եկել։ Սկսվում է խուզարկությունը, արգելված գրականություն էին փնտրում․ չեն գտնում, պահել էի շատ ապահով տեղում:

1989 թվականին մեր տունը շարունակվում է խուզարկվել մի քանի անգամ: Հինգ երեխաներիս հետ միշտ մենակ էի (Սլավիկը տանը համարյա չէր լինում)։ Վախենում էի մեկ վայրկյանով անգամ մենակ թողնել նրանց: Մի անգամ ամուսնուս առաջարկեցի երեխաներին դուրս հանել Արցախից, սակայն նա բարկացած պատասխանեց՝  Շահումյանում նրանց հասակակիցները խրամատներում հրացան են լիցքավորում իրենց հայրերի համար։ Ցավոք, հենց Շահումյանում տվեցինք մեր առաջին զոհը։ 1990-ին զոհվեց Էդմոն Բարսեղյանը։

․․․Շարժումը դուրս էր եկել ընդհատակից: Բնականաբար, սկսվեցին դժվար ու վտանգավոր տարիները: Ասկերանն առաջին լուրջ վտանգն զգաց դեռևս 1988-ի փետրվարի 22-ին, երբ զինված թուրք խառնամբոխը հարձակվեց Ասկերանի վրա և արժանի դիմադրության հանդիպելով՝ համոզվեց, որ Ասկերանն անառիկ ամրոց է։

Տիկին Մելանյան պատմում է, որ շրջանում ակտիվ մասնակցություն է ունեցել կանանց մեծամասնությունը։ Իսկ նրանք, ովքեր չէին կարողանում ազատ խոսել և իրենց դրսևորել, ապա դա նրանից էր, որ վախի զգացում ունեին ու չէին հասկանում պահի լրջությունը

  Տղամարդկանց հետ ակտիվացանք մենք՝ կանայքս: Ասկերանում աչքի էին ընկնում Էվելինա Աղաջանյանը, Նորա Ասրյանը, Կարինե Ջհանգիրյանը, Էլմիրա Բաբայանը, Գյուլչորա Ավագիմյանը, Միրա Ավանեսյանը, Մարիետտա Քոչարյանը և ուրիշներ: Կանայք համախմբվել, բռունցք էին դարձել ու լավ էին հասկանում, որ իրենք ևս պետք է ունենան իրենց դերակատարությունն այդ մեծ գործում։ Հաճախակի հավաքվում էինք․ ամեն մեկս գիտեինք մեր անելիքները։ Մեզ առաջնորդում էին զգոն միտքն ու կամքի ուժը։

Արցախցի կինը երբեք չի թողել իր զինվորին, ամուսնուն։ Ընդհակառակը՝ միշտ թիկունք է եղել նրան։ Դրա ապացույցն են Արցախյան բոլոր պատերազմները, երբ մեր կանայք կարողացել են իրենց ներդրումն ունենալ, ինչպես նաև իրենց ներկայությամբ ոգևորել տղամարդկանց։

Մեր ժողովրդի կամքի ու ազատագրական պայքարի շնորհիվ կերտվեց ազատ ու անկախ Արցախ 2023-ի սեպտեմբերը, ցավոք, փոշիացրեց ամեն ինչ

 -1991 թվականի վերջերին բոլորս տեղափոխվել և ապրում էինք մեր շենքի նկուղում: Մի քանի ընտանիքով մնալով Ասկերանում՝ ոգևորում էինք շատ-շատերին։ Մարտի դաշտից հանգստի եկող տղաները, տեսնելով մեզ, ուրախանում ու գոտեպնդվում էին։

Ապրելու միջոցներ չկային, ջուր էինք բերում ներքևի գետակից: Ցուրտ էր, լույս չկար… Բամբակից կանթեղ էինք սարքում և մի կերպ լուսավորում նկուղները: Չէի ցանկանում լքել Ասկերանը։ 1992 թվականի փետրվարին, երբ վտանգը մեծացել էր, երեխաներիս հետ տեղափոխվեցինք Դահրավ գյուղը: Սկսվեց չափազանց դժվար մի ժամանակաշրջան: Երեխաներս չէին տեսնում իրենց հորը, իսկ ես բացատրում էի, որ նա ողջ հայության հետ ազատության համար է պայքարում:

․․․Վերջացան վտանգներով և արհավիրքներով լի այդ տարիները: Ժողովուրդը հաղթեց՝ կերտելով ազատ ու անկախ Արցախ։ Սակայն թշնամին չէր հանգստանում․ հաջորդեցին ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա պատերազմները, որոնց միջով անցավ արցախցին ու մնաց կանգուն։ Այդ պատերազմներին մասնակցել են իմ տղաները, իսկ 70-ամյա ամուսնիս՝ աշխարհազորային էր։ 2020-ին պատերազմի դաշտում էր նաև թոռնիկս։

Ես ոչ մի րոպե չեմ լքել Արցախը և հնարավորինս աշխատել եմ օգտակար լինել։ Ասկերանցի մի քանի կանանց հետ հաց ենք թխել, որ հասցնենք մեր տղաներին ու բնակչությանը։ Դժվար կացության մեջ էինք բոլորս, և ես միշտ աշխատել եմ իմ խորհուրդներով ու խրատներով ոգևորել մեր զինվորներին, որպեսզի նրանք զգան, որ մենակ չեն և ունեն մայրերի հզոր բանակ։

2020-ի պատերազմից հետո մեր ժողովուրդը կարողացավ ուժ հավաքել ու շարունակեց ապրել իր հողում։ Սակայն 2023-ի սեպտեմբերը մեզ զրկեց աշխարհի ամենագողտրիկ ու հրաշալի անկյունում ապրելու հնարավորությունից։ Ապրեցինք մեր կյանքի ամենադաժան պահերը։ Մեկ օրում հարյուրավոր տղաներ զոհվեցին, որոնց ծնողներին, կանանց ու երեխաներին սփոփելու խոսքեր չեմ գտնում։ Ստեփանակերտի օդանավակայանում ծանր օրեր ունեցանք, այդ ապրումները մինչև այսօր չեն լքում մեզ։ Սեպտեմբերի 25-ի սարսափելի պայթյունից հետո, դավաճանված արցախցին հետևում թողնելով մի ողջ կյանք, ձեռնունայն հեռացավ իր սուրբ երկրից։ Մենք կորցրինք մի երկիր, որտեղ արցախցի-հայն իրեն լիարժեք էր զգում: Չեմ կորցնում հույսս, որ մի օր կվերադառնանք Արցախ․ հավատում եմ Աստծո զորությանը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Դոգը ծանր վիճակում հոսպիտալացվել է. ո՞վ կլսեր նրան առանց հայհոյանքի

ԱՄՆ-ում բնակվող սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանը (Դոգ) հոսպիտալացվել է։ Ինչպես հայտնում է usarmenianews.com-ը, նա սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ու արյան բարձր ճնշում ունի։ Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ղուկասյանի գլխավորած DOK կուսակցությունը չի հերքել այս տեղեկությունը։ Սոցցանցերում նրանք միայն նշել են, որ տեղյակ են հրապարակման մասին և խոստացել են, որ անհրաժեշտության դեպքում պաշտոնական հայտարարություն կանեն, հայտնում են լրատվամիջոցները։

Դոգը դարձավ հետպատերազմյան Հայաստանի խորհրդանիշը՝ մարմնավորելով այն ողջ ագրեսիան, որը կուտակվել էր մարդկանց մեջ նվաստացման, պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու ամենածանր ժամանակաշրջանում։

Շատերն իրենց հարցնում են՝ կլսե՞ին Դոգին, եթե նա խոսեր առանց հայհոյելու և առանց աչքերը կկոցելու։ Պատասխանը «ոչ» է, քանի որ նա ոչ մի նոր բան այդպես էլ չասաց, բացառությամբ, հնարավոր է, ներքին տեղեկատվության արտահոսքի, որը կարող էր արտահոսել առանց նրան էլ: Սա նշանակում է, որ Դոգի «ֆենոմենը» բաղկացած է կոլեկտիվ ագրեսիան արտահայտելու նրա կարողությունից՝ թույլ չտալով, որ այն առաջացնի ռեւանշիզմի ալիք։

Դոգի հոսպիտալացումը կարող է պատճառ հանդիսանալ հայաստանյան քաղաքական ասպարեզից նրա հեռանալու համար, որտեղ նա արդեն բեռ է դարձել։ Ընտրողների ագրեսիան այլևս չի կարելի վատնել Դոգի վրա, այն պետք է պահել իրական մարտերի համար։

Անկարան նախկինում ևս հետախուզական թռիչքներ էր իրականացրել Հայաստանի հետ սահմանի երկայնքով

russia-artsakh.ru

Կրեմլն անտեսել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի մասնակցությունը 2020 թվականի ագրեսիային

Փետրվարի 19-ին մեր կայքում հրապարակվել է «Արդյո՞ք նոր պատերազմ է հասունանում Կովկասում» հոդվածը։ (http://russia-artsakh.ru/index.php/node/21137): Բնօրինակը՝ «Ի՞նչ նոր պատերազմ կարող է լինել Կովկասում» հրապարակվել է ֆրանսիական newsnet.fr (http://newsnet.fr/268801) ռեսուրսում։ Նյութի հեղինակ, բրազիլացի լրագրող և աշխարհառազմավարական հետազոտությունների կենտրոնի հետազոտող Լուկաս Լեյրոզ դե Ալմեյդան մասնավորապես նշել է հետևյալը.

«Թուրք «գորշ կարդինալ» Բախտիյար Էրսայը գեներալի կարիերա է արել Ադրբեջանում և երազում է օգտվել Հայաստանի հետ նոր պատերազմից՝ Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանալու համար։ Անցած տարվա հոկտեմբերին նրա անձնական հսկողության ներքո Ադրբեջանի Գլխավոր շտաբի օպերատիվ կենտրոնում սկսեց գործել մարտական ​​կառավարման կենտրոն, որը համակարգում է անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքները Հայաստանի հետ սահմանի երկայնքով և իրական ժամանակում տեղեկատվություն է փոխանցում մարտական ​​ստորաբաժանումներին”։

Մինչդեռ, այն, ինչ նշել է դե Ալմեյդան, ամենևին էլ նորություն չէ, այլ պրակտիկա, որն իրականում իրականացվել է նույնիսկ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչների եռյակի 44-օրյա ագրեսիայից առաջ և ընթացքում։ Եվ դա իրականացվել է ոչ միայն թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերով, այլեւ ուղղակիորեն ՆԱՏՕ-ի օդային ուժերով։

Թուրքական AWACS հետախուզական ինքնաթիռները, որոնք հիմնված են Boeing 737-700-ի վրա (Անկարան սկսել է դրանք ստանալ ԱՄՆ-ից 2014 թվականից և ունի չորս այդպիսի ինքնաթիռ) հերթով պարեկություն են արել Հայաստանի արևմտյան սահմաններով։ Նրանք տվյալներ են փոխանցել հայկական զինված ուժերի տեղաշարժերի մասին և ճշգրտել թուրքական, այդ թվում՝ անօդաչու ինքնաթիռների գործողությունները, որոնք նախկինում տեղակայվել են Ադրբեջանում։

Նկատենք նաև Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային թուրքական օդուժի անմիջական մասնակցության մեկ այլ հավաստի փաստ, որի մասին որոշ մոսկվացի փորձագետներ նախընտրում են լռել։

2021 թվականի նոյեմբերի 20-ի «Պուխովը մանրամասներով» հոդվածում (http://russia-artsakh.ru/node/8124) մենք զեկուցել ենք «Փոթորիկ Կովկասում» ադրբեջանամետ ժողովածուի խմբագիր, Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կից Հանրային խորհրդի անդամ Ռուսլան Պուխովի եւ բրիտանական փորձագետ Մարկ Կազալեթի փորձի մասին՝ թաքցնել թուրքական հետքը հայկական ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռը 2020 թվականի սեպտեմբերի 29-ին խոցելու մեջ։

Հայկական Սու-25-ը խոցվել է հայկական տարածքում այդ պահին օդում գտնվող թուրքական կործանիչի հրթիռով, որըն օդ բարձրացել Գյանջայի (Գանձակ) ռազմական օդանավակայանից։ Այս միջադեպը ՆԱՏՕ-ի երկրի բացահայտ ագրեսիայի ակտ էր ՀԱՊԿ անդամ երկրի դեմ, սակայն ոչ վերջինիս, ոչ էլ Կրեմլի արձագանքը չեղավ։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին The New York Times-ի լրագրող Քրիստիան Տրիբերտը հայտարարեց, որ առնվազն երկու F-16 կործանիչներ, որոնց օգտագործումը ղարաբաղյան հակամարտությունում մերժում էր Բաքվում, տեղակայված են եղել Գյանջայի (Գանձակ) օդանավակայանի տարածքում։ Նա հոկտեմբերի 3-ին Twitter-ում հրապարակել է օդանավակայանի արբանյակային լուսանկարը, որում պատկերված է ռազմական ինքնաթիռը (https://www.middleeasteye.net/news/turkey-armenia-azerbaijan-f16-deterrent-against-attacks):

Այնուհետև Ալիևը ստիպված է եղել հաստատել այս փաստը՝ բացատրելով, որ թուրքական կործանիչները 2020 թվականի օգոստոսին ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններից հետո մնացել են Գյանջայում (Գանձակ), սակայն հերքել են դրանց մասնակցությունը ռազմական գործողություններին։ Սակայն Ալիևի սկզբնական կեղծավորությունը չափազանց ակնհայտ էր:

Միաժամանակ համաշխարհային լրատվամիջոցներում սկսեցին հայտնվել Հայաստանի սահմաններով թուրքական օդանավերի պատկերները՝ ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական կողմից։

Նրանք հետևում են գետնին և օդում գտնվող թիրախներին, տեղեկատվություն են փոխանցում կառավարման կենտրոններին և ճշգրտում անօդաչու սարքերի, տակառային և հրթիռային հրետանու հարձակումները թիրախների վրա, այդ թվում՝ հենց Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա նաև բացահայտ արտաքին ագրեսիայի ակտ էր ՀԱՊԿ անդամ երկրի դեմ։

Մինչդեռ Կրեմլում, որտեղ նախկինում միշտ այդքան անհանգստացած էին տեղական զորավարժությունների համար Լիտվա կամ Լատվիա ՆԱՏՕ-ի մի քանի ինքնաթիռների ժամանումով, համոզիչ չէին համարում Երևանի կամ չեզոք աղբյուրների ներկայացրած ապացույցները։ Այսպիսով, 2020 թվականի աշնանը ՆԱՏՕ-ի անդամ երկրի ավիացիան Ադրբեջանի կողմից բացահայտ մասնակցեց ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական եռյակի ագրեսիային Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։

Միևնույն ժամանակ, ինչպես միշտ, փորձագետների կողմից հաճախ տրվող հարցը օդում մնաց՝ ինչո՞ւ Մոսկվան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, չդատապարտեց Ադրբեջանի կողմից 1994 թվականի մայիսի 12-ի անժամկետ զինադադարի պայմանագրի խախտումը և Անկարայի ու նրա վարձկանների բացահայտ միջամտությունը հակամարտությանը։

Դեսպան Վլադիմիր Կազիմիրովը (1929-2024), Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը և 1992-1996թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, Լեռնային Ղարաբաղի հարցով ռուսաստանցի ամենահեղինակավոր փորձագետը, գրել է 2020-ի պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին:

«Թուրքիան օգնեց նրան (Ադրբեջանին – մեր նշումը) և շտապեցրեց։ Բաքուն և Անկարան հարմար գտան աշխարհում ստեղծված իրավիճակը (ամենուր համաճարակ էր, ԱՄՆ-ը զբաղված էր ընտրություններով, Ռուսաստանը՝ Դոնբասում, Բելառուսում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով): Դրանով Անկարան ակնհայտորեն անտեսեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 և 884 բանաձևերի հրատապ կոչը «տարածաշրջանի բոլոր պետություններին զերծ մնալ թշնամական գործողություններից և ցանկացած միջամտությունից, որը կհանգեցնի հակամարտության սրմանը և կխաթարի տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»: Թուրքիան միջամտում և համառորեն խառնվում էր Անդրկովկասի գործերին»։

(https://regnum.ru/news/polit/3165230.html)

Սակայն այն ժամանակ ռուսական պաշտոնական լրատվամիջոցները քարոզչական թեզ էին տարածում, թե իբր «Մոսկվան պարտավոր չէր պայքարել հանուն Հայաստանի»։ Այդ մասին բարձրաձայնել է նաև վերոնշյալ կեղծարար, ՌԴ ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի անդամ Ռուսլան Պուխովը։ «Վերլուծաբանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ Ռուսաստանը բավականաչափ ակտիվորեն չի օգնել հայկական կողմին պատերազմի ժամանակ։ Պետք է իրատես լինել և հասկանալ, որ Ռուսաստանը չէր կարող պայքարել հենց Հայաստանի փոխարեն։ Իր հնարավորությունների սահմաններում նա արեց այն ամենը, ինչ կարող էր, և նույնիսկ ավելին, ասել է նա» (http://russia-artsakh.ru/node/8152)/

2020 թվականի աշնանը հայ-թուրքական սահմանից դեպի արևելք մինչև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի և ադրբեջանա-թուրքական ագրեսորների շփման գիծը մոտ 200 կմ էր։ Մոտավորապես նույն հեռավորությունն էր այս գծից դեպի արևմուտք մինչև Մեծ Կովկասի լեռնաշղթա։

Սակայն, ի տարբերություն թուրք-ՆԱՏՕ-ի, ոչ մի ռուսական հետախուզական ինքնաթիռ չի պարեկել Հյուսիսային և Հարավային Կովկասի այս լեռնային բաժանման երկայնքով։ Եւ ադրբեջանական ուժերի և ակտիվների տեղաշարժի մասին հետախուզական տվյալներ, նույնիսկ սահմանափակ (համեմատած ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիային փոխանցված AWACS ինքնաթիռների հետ) տվյալներ չի փոխանցել իր պաշտոնական ռազմավարական դաշնակից Հայաստանին։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Power base․ Արցախից զրկվելն ու Արցախից հրաժարվելը Հայաստանի Հանրապետության ռազմավարարական ինքնասպանությունն է

Eduard Abrahamyan-ը գրում է

Հայ հանրությունն ու քաղաքական էլիտաների մեծ մասն այսպես էլ չգիտակցեց, թե ինչ բացառիկ ռազմավարական նշանակություն ուներ Արցախը Հայաստանի Հանրապետության համար։

Արցախը Հայաստանի Հանրապետության համար ներկայի և ապագայի կենսունակության, ինչպես նաև հայկական պետականությունը տարածաշրջանում մշտապես ինքնատիպ ու ուրույն աշխարհաքաղաքական գործոն պահելու և զարգացնելու առանձնահատուկ կոմպոնենտ-բաղադրիչ էր։

Միջազգային հարաբերություններում մնան սուպեր-տարածքները փոքր պետությունների պարագայում կոչվում են «ուժի բազա»-ներ (power base), որն «օդի ու ջրի պես» ապահովում է անվտանգային առումով խոցելի ու սակավ կարողունակություններ ունեցող փոքր պետության կենսունակությունը։

Անշուշտ, հանրությանը հնարավորություն չեն տալիս գիտակցել, թե Արցախն իր աշխարհագրական դիրքով՝ Օմարից մինչև Արաքս, ինչ բացառիկ կարևորություն ուներ Հայաստանի Հանրապետության համար անվտանգային, անվտանգությունը կազմակերպելու և Ադրբեջանին ուժային զսպման տեսանկյունից։

Արցախով Հայաստանի Հանրապետությունը ուներ ինքնաբավ օպերատիվ խորություն։ Արցախն իր Լեռնային հատվածներով մինչև Ակնայի և Վարանդայի բնական սահմանագիծը, մերձարաքսյան հատվածը, բարդ լեռնային ռելիեֆը՝ ներդաշնակ Սյունիքի ու Վայոց Ձորի, ինչպես նաև Գեղարքունիքի հյուսիս-արևելյան հատվածի հետ համակցված ճիշտ ռազմավարական պլանավորման ու պաշտպանական քաղաքականության պայմաններում ստանում էր ռազմավարական խորության նշանակություն Հայաստանի Հանրապետության համար։

Այն ուներ պաշտպանիչ պատյանի դեր և նշանակություն, ինչն էլ մեծացնում էր Հայաստանի Հանրապետության արտաքին մանևրականությունը և զսպում/մեղմացնում արտաքին ուժային ճնշման ազդեցությունը՝ սուվերեն որոշումներ կայացնելու վրա։ Դարձնում էր Հայաստանի Հանրապետությունը որոկապես այլ աշխարհագրությամբ ու քաղաքական դիրքավորմամբ խաղացող։

Առկա էր ուժային կոնֆիգուրացիա-աշխարհագրական ուժային պարիտետ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ երկուսն էլ համարվում էր, որ ունակ են պրոյեկտել ուժ ու ազդեցություն անմիջական միջավայրի վրա։ Այն հիմնովին քանդվեց, երբ Հայաստանը զրկվեց/հրաժարվեց Արցախից։

Էլ չենք ասում, թե Արցախն ինչ բացառիկ պարենային, ջրային ու էներգետիկ անվտանգության ու կենսունակության նշանակություն ուներ Հայաստանի Հանրապետության համար։ Հենց պետական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Արցախի կորստի հետևանքով պարենային և ջրային կախվածությունը դրսից (Ռուսաստանից և Ադրբեջանից համապատասխանաբար) մեծացել է էականորեն, քան Արցախով Հայաստանի ժամանակ էր։

Մի պահ պատկերացրեք, եթե Հայաստանի Հանրապետության կառավարող էլիտաները լինեին մի քիչ ավելի իմաստուն ու դեռ 1990-ականներից իրապես ձգտեին կառուցել արդյունավետ կառավարմամբ պետական համակարգ և գործակալություններ՝ ինչ հավելյալ մեծ ներուժ ու շոշափելի նյութական, տնտեսական, դեմոգրաֆիկ, անվտանգային ու աշխարհաքաղաքական բարիք կտար Արցախը Հայաստանի Հանրապետությանն իր պարենային առկա և պոտենցիալ արտադրության, ինչպես նաև բնական հանածոների, ինտելեկտուալ պոտենցիալի, ջրային ու վերականգնվող էներգիայի պաշարներով՝ դարձնելով Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում ոչ միայն ինքնաբավ, այլ նաև ինստիտուցիոնալ առումով կուռ ու ազդեցիկ խաղացող, նույնիսկ դոմինանտ իր երկու հարևանների հանդեպ, եթե հիմքերը 1990-ականներից ճիշտ դրված լինեին։

Ի դեպ, Արցախի արտադրողական պոտենցիալի մասին խոսել են Ադրբեջանի տնտեսության նախարարը և երկրի նախագահը 2023-ին՝ հայտարարելով, որ ղարաբաղյան և արևելա-զանգեզուրյան տնտեսական գոտիները լինելու են Ադրբեջանի ոչ հիդրոկարբոնային տնտեսության լոկոմոտիվը։

Արցախի կորուստի հետևանքով, Հայավային Կովկասում հայկական էթնո-քաղաքական տարրի դեմոգրացիկ սփռվածությունը կրճատվեց մոտ 35%-ով, էականորեն մեղմացնելով հայկական էթնո-քաղաքական գործոնի նշանակությունը տարածաշրջանում և տալով ադրբեջանական էթնո-քաղաքական գործոնին էլ ավելի մեծ «գործելու տարածություն» (action space)։

Արցախի կորուստը զրկեց Հայաստանին Ադրբեջանին զսպման քաղաքականության իրականացնելու համար արդյունավետ ուժ ու ազդեցություն պրոյեկտելու հնարավորությունից։ Առանց Արցախ Հայաստանի հանդեպ Ադրբեջանը ձեռք է բերում աշխարհագրական գերակայություն բոլոր ասպարեզներում՝ իր նախիջևանյան Սադարակից մինչև Ղազախի շրջան Հայաստանը վերցնելով ռազմավարական պինդ ակցանի ու կիսաշրջապատման մեջ՝ թե ռազմական, թե լոգիստիկ, թե դեմոգրաֆիկ և թե տնտեսական ու նույնիսկ սոցիալ-հոգեբանական առումներով։

Արցախի կորուստը, Արցախից հրաժարվելը արդեն իսկ ունի ու դեռ ունենալու է շարունակական բացասական հետևանքներ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության, կենսունակության և գոյաբանական անվտանգության համար՝ իր ֆունդամենտալ խոցելիություններով էականորեն սահմանափակելով Հայաստանի արտաքին քաղաքական, լոգիստիկ, տնտեսական և ժողովրդագրական կարողությունները ապագայում։

Արցախից զրկվելն ու Արցախից հրաժարվելը Հայաստանի Հանրապետության ռազմավարարական ինքնասպանությունն է։ Արցախից հրաժարվելը նշանակեց Հայաստանի Հանրապետության ապառազմավարականացում։ Արցախի ճանաչումն էլ գլխավոր ռազմավարական օպոնենտի կազմում վերջնականապես խլեց Հայաստանի Հանրապետության որպես հայկական քաղաքական նախագծի, հայկական աշխարհաքաղաքական ինքնապրոյեկտման հնարավորությունը։ Նշանակում, է խլել ոչ միայն Հայաստանի Հանրապետության գեոպոլիտիկ ապագան, այլ զրկել նրան ողջ ռազմավարականությունից, ռազմավարական գրավչությունից ու կարևորությունից։

Հայաստանին առանց Արցախի մնում է մեկ ճանապարհ՝ այն է լինել որևէ հարևանի աշխարհաքաղաքականության ու ռազմավարության կցատարածք։ Այս պարագայում՝ Ադրբեջանի, որը հավակնում է ստանձնել արցախազուրկ Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական «խնամակալի» դերը՝ ենթարկեցնելով ու հնազանդեցնելով այն իրեն, աստիճանաբար «մարսելով» այն, աբսորբացնելով, դարձնելով Ադրբեջանի գեոպոլիտիկայի մաս ու շարունակություն։ Ադրբեջանն արդեն իսկ մշակել է և առաջ է մղում Հայաստանի Հանրապետության իր ռազմավարական շահերին հարմարեցված պրոյեկտ-տեսլականը։

Չգիտակցել Արցախի ռազմավարական բացառիկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտի, նշանակում է ոչինչ չհասկանալ ռազմավարությունից ու չունենալ ռազմավարական միտք։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության անվտանգային ու միջավայրաին վերլուծությունների մեկնարկային կետը պիտի լինի այն, որ Հայաստանի Հանրապետությունն առանց Արցախի շատ ավելի թույլ ու խոցելի է (դարձել), քան Արցախի տիրապետման պարագայում էր ու կարող էր լինել։ Իսկ Ադրբեջանը շատ ավելի հզոր, ազդեցիկ ու տարածաշրջանային գործընթացներ թելադրող է դարձել Արցախով, քան այն առանց Արցախի էր ու կարող էր լինել։

Արցախը կարևոր ուժի բազա է երկու օպոնենտների համար, զրկելով մեկին դրանից՝ ուժեղանում է մյուսը, և հակառակը։ Այն Հայաստանի Հանրապետության պարագայում ամենաքիչը տալիս էր հնարավորություն զսպել հակառակորդին ու պահպանել ուժային կոնֆիգուրացիա-պարիտետ աշխարհագրության շնորհիվ, նույնիսկ եթե առկա էր մեծացող ռազմական քանակական-որակական դիսբալանս։

Արցախը Ադրբեջանի տիրապետության պարագայում հնարավորություն է տալիս իր օպոնենտին վերջնականապես դարձնել դիսֆունկցիոնալ, ապառազմավարականացված և ենթարկայության տակ առնված կցատարածք։ Այսինքն Հայաստանի Արցախից զրկման/հրաժարման գործոնը անկախ փոփոխական է՝ Հայաստանի առկա դիրքավորումը, վիճակն ու հնարավորությունները տարածաշրջանային առկա ու ապագա դինամիկայի պայմաններում վերլուծելու պարագայում։

Իսկ սա, ի վերջո, նշանակում է, որ զարգացնել, պաշտպանել, բարձրացնել Հայաստանի Հանրապետության սուվերենությունն ու անկախ որոշումներ կայացնելու հնարավորությունը, բարձրացնել կենսունակությունն ու չեզոքացնել խոցելիությունները լինելու է շատ ավելի բարդ ու դժվարին գործ, քան այն կլիներ Արցախի տիրապետման պարագայում։ Մարդամեկն այս ամենը շատ լավ հասկանում է։ Դրա համար էլ խոսում է միայն գոնե պետության կախվածությունների բազմազանեցման մասին, ինչն էլ ցուցիչ է արցախազուրկ Հայաստանի Հանրապետության խղճուկ աշխարհաքաղաքական կարգավիճակի և ապառազմավարականացման և սուբ-հեգեմոնիկ հավակնություններ ունեցող Ադրբեջանի շահերի սպասարկման ֆունկցիայի մասին։

ԲԱՅՑ, կան ոչ դասական, ինովացիոն ու ասիմետրիկ լուծումներ։ Քաղաքական էլիտայի մտքին տեղ լինի։

Ինչ է կատարվում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում կացինով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել 50-ն անց կնոջ վրա, հայտնում է The Jerusalem Post-ը՝  Իսրայելի ազգային բժշկական ծառայությանը հղումով: Կինը ծանր վիճակում է՝ մարմնի վերին և ստորին վերջույթների վնասվածքներով։ Նա հոսպիտալացվել է: Հարձակվողը, որը դեպքի վայրից փախուստի էր դիմել, ձերբակալվել է: Նա քայլի դրդապատճառներն անհայտ են: 

Այս սովորական թվացող կրիմինալ տեղեկությունը կարող է առիթ լինել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում Իսրայելի կողմից որեւէ օպերատիվ գործողության համար։

Օրերս Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն ահազանգում էր, որ քաղաքապետարանը, որպես պատճառ նշելով 1994 թվականից գոյացած հարկային պարտքը, պատրաստվում է բռնագրավել Պատրիարքարանի սեփականություններ: Պատրիարքությունը բողոք է ներկայացրել դատարան, որի մերժման դեպքում կարող է զրկվել իրեն դարերով պատկանող ունեցվածքից:

Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից Հայոց պատրիարքության գույքի բռնագրավման անարդար որոշման և Պատրիարքությանը պարտադրվող անտրամաբանական ահռելի պարտքի առնչությամբ Պատրիարք Նուրհան Մանուկյանը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հաղորդում Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը: