Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները հարվածել է Մոսկվայում բազմահարկ բնակելի շենքի

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հինգշաբթի՝ մայիսի 29-ի գիշերը հարձակվել են Մոսկվայի վրա։ Այս մասին հայտնել են ռուսական Telegram ալիքները՝ հղում անելով ականատեսներին։ Հարվածը հաստատել է նաև քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Baza ալիքը հրապարակել է մի քանի տեսանյութեր անօդաչու թռչող սարքի ընկնելու վայրից։ Դրանք ցույց են տալիս, որ վնասվել է բնակելի շենքի ճակատային մասը։ Լրագրողներն ու ականատեսները պնդում են, որ հարվածը հասցվել է Ռուսաստանի մայրաքաղաքի հարավ-արևմուտքում գտնվող «Տրոպարեվո» մետրոյի կայարանի մոտ գտնվող «Միրաքս Պարկ» բնակելի համալիրին։ Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան գտնվում է մի քանի շենք այն կողմ։

«Թշնամու անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու արդյունքում, նախնական տեղեկությունների համաձայն, Վերնադսկի պողոտայի շենքում լուրջ վնասներ կամ զոհեր չկան։ Համապատասխան ծառայությունների մասնագետները աշխատում են բեկորների ընկնելու վայրում», – գրել է Սերգեյ Սոբյանինը իր Telegram ալիքում։

Ավելի վաղ այդ գիշեր նա հայտարարել էր, որ Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ է մղվել։

Ադրբեջանական ԶՈւ կրակոցների հետևանքով Խոզնավարում վնասվել է բնակելի տուն. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈւ կրակոցների հետևանքով Խոզնավարում վնասվել է բնակելի տուն, հայտնում է ՀՀ ՊՆ–ն։

«Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տուժածներ չկան:

Արցախցիների «վերադարձը». երկու վտանգավոր կոնցեպտ և հրաժարում իրական քայլերից

Հայկական միջազգային լոբբին հսկայական ռեսուրսներ է ծախսել Շվեյցարիայում տպավորիչ միջոցառում անցկացնելու համար, որի նպատակը, սակայն, խիստ կասկածելի է։ Իհարկե, կասկած չկա, որ շվեյցարական հարթակը պետք է օգտագործվի հայերի իրավունքները և հսկայական իրավական թղթապանակը ներկայացնելու համար, բայց երբ ներկայացվում է ոչ թե թղթապանակն, այլ մեռելածին հայեցակարգ, այն կարող է հակառակ ազդեցություն ունենալ։

Այսպիսով, առաջին «վերադարձի հայեցակարգը», որը Վարդան Օսկանյանը առաջ է մղում ավելի լավ օգտագործման արժանի եռանդով։

Շվեյցարական ֆորումի բացման իր ելույթում նա թույլ տվեց իրեն արցախցի ժողովրդի անունից հայտարարել, որ «Արցախի ժողովուրդը և ղեկավարությունը շատ պրագմատիկ են։ Նրանք գիտակցում են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների դինամիկան։ Նրանց նպատակը աշխարհաքաղաքական իրողություններին հակադրվելը չէ։ Նրանց նպատակը հավաքական, ապահով և արժանապատիվ իրենց պապական հող վերադառնալն է՝ միջազգային հուսալի մեխանիզմներով երաշխավորված իրենց հիմնարար իրավունքներով։

Սա քաղաքական պահանջ չէ։ Սա մարդկային պահանջ է՝ հիմնված միջազգային իրավունքի, վերապրած տրավմայի և բարոյական հստակության վրա։

Ավելին, միջազգային պաշտպանության ներքո նրանց վերադարձը կարող է դառնալ արդար և երկարատև խաղաղության հիմք Հայաստանի և Ադրբեջանի միջև, հատկապես այսպիսի խորը արմատավորված անվստահության պայմաններում։ Այս տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ այդ մարդիկ իրենց հողից արմատախիլ եղած են»։

Ի՞նչ կարելի է եզրակացնել այս հայեցակարգից։ Արցախի ժողովուրդը (չնայած ո՞վ է նրանց հարցրել) քաղաքական պահանջներ չունի, նրանք ցանկանում են վերադառնալ «Ադրբեջան»՝ ինչ-որ մեկի երաշխիքներով։

Սակայն Օսկանյանի ելույթում ավելի կարևորն այն է, որ «առանց Արցախի ժողովրդի վերադարձի Բաքվի և Երևանի միջև խաղաղություն չի լինի»։

Ինչպե՞ս են ամեն ինչ կորցրած և Հայաստանում վարձով ապրող արցախցիները հիմա «խանգարում խաղաղությանը»։ Այս հարցին հեշտ է պատասխանել. երբ արցախցիները Արցախում չեն, Ադրբեջանը համարվում է օկուպանտ, որը վտարել է բնիկ բնակչությանը, և ոչ ոք չի ճանաչի նման “խաղաղությունը”։ Իսկ եթե արցախցիների գոնե մի մասը վերադառնա իրենց հազարամյա հայրենիք, ապա Ալիևի օկուպացիան կմաքրվի ցեղասպանության արատից և կդառնա «տարածքային ամբողջականության օրինական վերականգնում»։

Այս հայեցակարգը առաջ քաշեցին ռուսները, ովքեր պատրաստվում էին պահել մի քանի տասնյակ հազարավոր հայերի՝ Արցախի լիակատար օկուպացիայից հետո, որպեսզի «պաշտպանեն» նրանց։ Իրականում, ռուսները նույնիսկ հիմա չեն հրաժարվել այս հայեցակարգից՝ նրանք ուրախությամբ կվերադառնան՝ ապահովելու համար արցախցիների «վերադարձը»։

Երկրորդ հայեցակարգը հնչեցնում են Հայաստանի իշխանությունները։ Ավելի վաղ Արարատ Միրզոյանն ասել էր, որ վերադարձի գաղափարը պետք է մերժվի, և հիմա արցախցիները պարզապես պետք է ինտեգրվեն Հայաստանի կյանքին։ Ալեն Սիմոնյանն ավելի անկեղծ էր. նա ասաց, որ մենք տարածքային պահանջներ ենք ներկայացնում Ադրբեջանին, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում։ «Ղարաբաղի ներկայացուցիչներն ասում են, որ ընտրում են Ազգային ժողովի նոր խոսնակ, իսկ Ադրբեջանի նախագահն ասում է. «Այդ դեպքում ես կգամ և կստեղծեմ «արևմտյան Ադրբեջան»»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ադրբեջանի իշխանությունները խոսում են այսպես կոչված «300 հազար փախստականների վերադարձի» մասին Հայաստան։ Մեկնաբանելով սա՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք ևս ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա և ապրի Ադրբեջանում։ Եվ նա մեզ նույն կերպ է արձագանքում»։ Պետք է նշել, որ Հայաստանի կառավարությունը չի խոսում արցախցիների վերադարձի մասին։

Սակայն ալեննյանից թարգմանությամբ՝ Հայաստանի կառավարությունն արդեն պատրաստվում է ադրբեջանցիների «վերադարձի» մեղքը բարդել Արցախի ժողովրդի վրա և արդարացնել այն արցախցիների հնարավոր “վերադարձով”։ Հենց սա է պատճառը, որ Հայաստանի կառավարությունը անսպասելիորեն լոյալ վերաբերմունք է ցուցաբերել Արցախի Սահմանադրության փոփոխության, Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետի երկարաձգման և այլ «պետական ​​գործունեության» նկատմամբ։

ՀՀ կառավարությանը անհրաժեշտ է, որ Արցախի ժողովուրդը պահանջի վերադարձ, գուցե նաև վերադառնա ռուսական գարանտիայով, որպեսզի հետո արդարացնի «ադրբեջանցիների վերադարձը» և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման մերժումը։

Ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ հայեցակարգի ներքո արցախցիների վերադարձը գործնականում հնարավոր չէ, ավելին՝ սա անզգայացում է, որը պայքարի իմիտացիայով քնացնում է քաղաքական պայքարի և իրական քայլերի սածիլները։ Քայլերից մեկն, օրինակ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշմանը վերադարձն է։

Քաղաքական քայլերը կանխելու ռուս-թուրքական խաղը առաջ են տանում երկու ձեռքերով։

Նաիրա Հայրումյան

Բաքուն խոսում է Հայաստանում ադրբեջանցիների հնարավոր ինքնավարության մասին

Step1.am-ի զրուցակիցն է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

-Ալեն Սիմոնյանն ըստ էության արդարացրեց Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը եւ ասաց, որ Ալիեւի հայտարարություններն ու քայլերը հայելային արձագանք են մեր քայլերին ու հայտարարություններին։ «Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ, կմտնեմ «արեւմտյան Ադրբեջան» կհիմնադրեմ»,- ասաց նա։ Որքանո՞վ  է տրամաբանական ու իրատեսական Հայաստանի իշխանության այս խոսույթը, այսինքն՝ եթե մենք չխոսենք Արցախի մասին, նրանք դադարելո՞ւ են նկրտումներ ունենալ Հայաստանի տարածքի նկատմամբ։

-Նախ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող իշխանությունները շատ վաղուց դադարել են խոսել Արցախի մասին, շատ վաղուց արդեն չեն խոսում ոչ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից, ոչ բռնի տեղահանումից, ոչ էլ Արցախի հայերի իրավունքներից։ Հետեւաբար, այդ պնդումը հիմնազուրկ է։

Ինչ վերաբերում է այսպես կոչված «արեւմտյան ադրբեջան» զավթողական կոնցեպտին, որին ոչ մի կերպ համարժեք գնահատական չի տրվում Հայաստանի իշխանությունների կողմից, ապա պետք է այս առումով մեջբերեմ Իլհամ Ալիեւի՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը, որը տեղի է ունեցել Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս հետո։ Իլհամ Ալիեւն ուղիղ տեքստով այդ ելույթում նշում է․ «Այժմ, երբ ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա մեր օրակարգում եղած խնդիրն է։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց հիմա մենք այլեւս չպետք է ժամանակ վատնենք, պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ»։ Այսինքն՝ իրականությունն այն է, որ խնդիրն ի հայտ է եղել Լեռնային Ղարաբաղի հանդեպ ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականությանն ի պատասխան։ Ադրբեջանը, ունենալով բավականին ընդգրկուն ծավալապաշտական նպատակներ, համարում է, որ ղարաբաղյան համակարտության էջը փակված է, Հայաստանի իշխանություններն ընդունել են պատերազմով ձեւավորված իրողությունները, ուստի, կարելի է անցնել ծավալապաշտական եւ զավթողական պահանջների առաջ քաշմանը, ինչպիսին է «արեւմտյան ադրբեջան» կոնցեպտը։

-Հայաստանի իշխանությունը հավասարեցնում է Հայաստանից գնացած ադրբեջանիցների վերադարձի հարցը ցեղասպանական գործողությունների հետեւանքով Արցախից բռնի տեղահանված անձանց վերադարձի հարցին։ Արդյոք սրանք համարժե՞ք հարցեր են։

-Նախ ես պետք է նշեմ, որ խնդիրներն ամբողջությամբ խառնվում են։ Եթե խոսքը գնում է Խորհրդային Հայաստանում ապրած ադրբեջանցիների մասին, դա մի քիչ այլ բնույթի հարց է։ Բայց այստեղ խորքային խնդիրը «արեւմտյան ադրբեջան» կոնցեպտն է, որը չունի ոչ պատմական, ոչ աշխարհագրական որեւէ հիմնավորում։ Այսինքն՝ ինքը՝ կոնցեպտը զարվթողական կոնցեպտ է։ Եվ Հայաստանի իշխանությունների կողմից դա այդպիսի ընկալում չունի։

Ինչ վերաբերում է խորհրդային ժամանակներում Հայաստանում ապրած ադրբեջանցիներին, ապա 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ խորհրդային Հայաստանում ապրել է 84 860 հազար ադրբեջանցի։ Մինչդեռ, նույն ժամանակաշրջանում խորհրդային Ադրբեջանում 245 000 հայ է ապրել, եթե դրան գումարենք նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ըստ 1989 թվականի մարդահամարի տվյալների, այնտեղ ապրել է 390 500 հայ։ Եթե փորձում են զուգահեռներ անցկացնել, ապա դրա զուգահեռը բացառապես Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում կրկին բռնաճնշումների եւ էթնիկ զտումների հետեւանքով իրենց տները կորցրած հայերն են։

Իսկ Լեռնային Ղարաբաղում հայերն ունեցել են ինքնավար կարգավիճակ նույնիսկ խորհրդային շրջանում։ Ադրբեջանցիները երբեք որեւէ ինքնավարություն ՀՀ տարածքում չեն ունցել։ Եվ հիմա ինչի մասին Ադրբեջանը խոսում է, դա փաստացի Հայաստանում ադրբեջանցիների հնարավոր իրավունքների ու ինքնավարության մասին է։ Ընդ որում, չի ասում, որ դա պետք է լինի Հայաստանի տարածքում, ասում է՝ «դա իմ պատմական հողն է, որտեղից դուք մեզ քշել եք, եւ մենք պետք է հետ գանք»։ Այսինքն՝ այստեղ հայելային ոչ մի բան չկա, ոչ մի բանով չես կարող զուգահեռներ անցկացնել։ Եվ այն, ինչ ասում է Ալեն Սիմոնյանը, նույնիսկ հակասում է Նիկոլ Փաշինայնի՝ օրեր առաջ արած հայտարարությանը։ Իհարկե, նա սխալ թիվ էր նշում, ասում էր՝ ադրբեջանիցները Հայաստանի տարածքի 60 տոկոսն են համարում «արեւմտյան Ադրբեջան», իսկ իրականում մեր երկրի 100 տոկոսն են այդպես անվանում։

-Ի՞նչ խաղաղության մասին են խոսում Հայաստանի իշխանությունները, արդյոք իրատեսակա՞ն է խաղաղություն հաստատել այսպիսի ագրեսիվ հարեւանների հետ։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանը ասում է, թե այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումից 5 րոպե հետո պետք է հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ առեւտուր անեն։

-Բա ինչո՞ւ չեն կնքում այդ փատաթուղթը, թող այդ հարցի պատասխանը տան։ Ինչո՞ւ իրենք միակողմանի զիջումների արդյունքում ձեւավորված փաստաթուղթը, որը բացառապես Ալիեւի պահանջների կատարում է ենթադրում, Ալիեւը չի ուզում ստորագրել։ Այս հարցի պատասխանը կարո՞ղ են տալ։ Կհորինեն նոր թեզեր, բայց փաստը մնում է փաստ, որ Ալիեւն այս գործընթացի ժամանակ այնքան կարեւոր ձեռքբերումներ ունի եւ հասկացել է, որ շատ ավելին կարող է ձեռք բերել, հենց դրա համար էլ շահագրգռված չէ որեւէ փաստաթուղթ ստորագրել։ Եվ սա տալիս է բոլոր հարցերի պատասխանը։ Նախ այդ թուղթը խաղաղության հետ կապ չունի, բայց ես արդեն իմաստազուրկ եմ համարում այն քննարկել, որովհետեւ, կրկնում եմ, Ալիեւը նույնիսկ իր թելադրանքով ձեւավորված եւ միակողմանի զիջումներից բաղկացած թղթի ստորագրմանը շահագրգռված չէ, քանի որ Հայաստանի իշխանությունների հենց նմանատաիպ քաղաքականության ու հայտարարությունների միջոցով հասկացել է, որ ինքը շատ ավելին կարող է ձեռք բերել։ Ինչո՞ւ պետք է այդ հեռանկարից հրաժարվի եւ ինչ-որ թղթերով սահմանափակի իրեն։

-Այս այսպես կոչված «խաղաղության պայմանագրին» Հայաստանի իշխանությունները հակադրում են այն, որ պատերազմ կլինի։ Հայ ժողովրդին վախեցնում են պատերազմով։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Եթե Ադրբեջանն այսօր «արեւմտյան ադրբեջան» զավթողական կոնցեպտը ներառել է հանրակրթական դպրոցներում, եւ ադրբեջանցի երեխաները մեծանում են՝ սովորելով, որ իրենց հարեւանությամբ գտնվող Հայաստանն իրենց «պատմական հողն» է, ապա այսպես թե այնպես իրենք երկարաժամկետ կամ կարճաժամետ առումով ագրեսիվ ծրագրեր ունեն։ Հիմա, եթե մենք այդ ամենը չենք ուզում տեսնել, դրանից իրողությունը չի փոխվում։ Այդ իրողությունն ահագնանում է, ավելի վտանգավոր է դառնում։ Եթե ժամանակին արձագանքեինք, հնարավոր էր կանխել։ Օրինակ՝ եթե 2,5 տարի աշխատեին ու ճիշտ գնահատականներ հնչեցնեին, այսօր կարող է Ալիեւն ընդհանրապես ռիսկ չաներ այդ տերմինն օգտագործել։ Բայց ոչինչ չեն արել, հիմա էլ փորձում են արդարացնել Ադրբեջանի քայլերը, ասել՝ սովորեք, որ այդպես պետք է կոչեն Հայաստանի տարածքը։ Արդեն այդպիսի հայտարարություններ են անում Հայաստանի պաշտոնյաները։

Իսկ առհասարակ պատերազմը կանխելու պատմականորեն ապացուցված լավագույն ձեւը պատերազմին պատրաստ լինելն է, որ քո հակառակորդը ցանկացած իրավիճակում հասկանա, որ քեզ հետ խոսելը, բանակցելն ու պայմանավորվելն ավելի գերադասելի ու ձեռնտու է, քան պատերազմելը։ Երբ ինքը դա հասկանում է, մշտապես գտնվում է շատ ավելի վերահսկելի իրավիճակում։

Ռոզա Հովհաննիսյան

«Երազանքների աշխարհ»-ը արցախցիների համար ծրագրեր է իրականացնում

«Երազանքների աշխարհ» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թ․ և ստեղծման օրվանից իրականացնում է բազմաբնույթ աջակցության ծրագրեր։

Հիմնադրամի գործադիր տնօրենն է Հարություն Ղուկասյանը։

«Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում զբաղվել և զբաղվում է բազմապիսի ծրագրերով՝ սոցիալական, իրավական, բնապահպանական, առողջական, կրթական և մշակութային։

Հիմնադրամի գլխավոր ծրագրերից է ցերեկային խնամքի, բուժման և զարգացման կենտրոնը, որը գործում է 2010 թվականից ի վեր։

Այստեղ նեղ մասնագիտական ծառայություններ են ստանում հաշմանդամություն, հատուկ կարիքներ ունեցող, կյանքի դժվարին պայմաններում հայտնված և սոցիալապես անապոհով երեխաները։

Երեխաները ստանում են հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, ֆիզիոթերապիստի, էրգոթերապիստի, արտթերապիստի և կավաթերապիստի անհատական ծառայություններ ՝ըստ պահանջի։

Սրանից զատ հիմնադրամը ողջ տարվա կտրվածքով իրականացնում է բազմապիսի ծրագրեր՝ աջակցելով 650 և ավել երեխաների։

Բռնի տեղահանության սկզբնական շրջանում աջակցության ծրագրերում ընդգրկված էին նաև 180 արցախցի բալիկներ, սակայն բնակավայրը փոխելու պատճառով հետագայում թիվը կրճատվեց։

Հիմնական ծրագրերից է հրատապ պարենային ծրագիրը, որով սոցիալական աջակցություն է ցուցաբերվում անապահով ընտանիքներին:

Ծրագրերի ցանկում են, օրինակ, Դպրոցի ճանապարհ ծրագիրը, որի նպատակն է յուրաքանչյուր սեպտեմբերին ընդառաջ աջակցություն ցուցաբերել առաջին դասարան գնացող երեխաներին։

Քրիստոնյա սերունդ ծրագրի շրջանակներում բազմաթիվ երեխաներ հիմնադրամի և բարի մարդկանց շնորհիվ մկրտվում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում։

2023-ից առ այսօր իրականացվել է երկու ծրագիր՝ կոնկրետ արցախցիների համար․ առաջինը՝  «Մասնագիտության վերածնունդ» ծրագիրն է, որի ժամանակ արցախցի 25 կանայք ստացել են նոր մասնագիտություն, ապահովվել համապատասխան գործիքներով, ինչպես նաև ստացել են դիպլոմներ որպես մասնագետներ և մեր միջնորդությամբ լավագույններն անցել են աշխատանքի կամ հիմնել սեփական բիզնեսը։

Ծրագրի շնորհիվ արցախցի մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվել հաղթահարել ծառացած խնդիրները և փորձել նոր կյանք սկսել։

Մյուս ծրագիրն իրականացվել է մեր գործենկերներից՝ Շող ՀԿ-ի հետ, որի ընթացքում արդեն եռամսյա ժամկետով թվով 15 արցախցի բարձրագույն կրթություն ունեցող կանայք մեր իսկ կենտրոնում անցել են նեղ մասնագիտական վերապատրաստում և վարձատրվել դրա համար։

Նրանցից մի քանիսը մեզ մոտ մնացել են որպես հիմնական աշխատողներ և կամավորներ»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում տեղեկացրել են «Երազանքների աշխարհ» բարեգործական կազմակերպությունից։

Արսեն Աղաջանյան

Բերձորը վերածվել է առանց բնակչության թուրքական պլացդարմի

Տեղ համայնքի բնակիչներն ասում են, որ Բերձորը (Լաչին) ասես Լոս Անջելեսը լինի գիշերը, երբ վառվում են քաղաքի լույսերը: Թերեւս նրանք հիասթափվեն, տեսնելով, թե քանի հոգի է դիմավորում Ալիեւին այնտեղ:

Քսանից քիչ մարդ: Վստահ կարելի է ասել, որ սա քաղաքի ամբողջ բնակչությունն է, դժվար թե մեկը համարձակվեր տանը նստել եւ չգար դիմավորելու Ադրբեջանի նախագահին:

Այսօր Թուրքիայի և Պակիստանի առաջնորդներ՝ Ռեջեփ էրդողանը և Շահբազ Շարիֆը, Իլհամ Ալիևի հետ միասին մասնակցել են Բերձորի մոտ կառուցված օդանավակայանի բացման արարողությանը:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի A-400 ինքնաթիռը (գրանցման համար՝ 17-0080) Անկարայից թռիչք կատարելիս ուղևորվում է դեպի Լաչին, նախկին Լեռնային Ղարաբաղ, որն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այնուհետև ուղևորվում է դեպի Կայսերի, գրում է Nagorno Karabakh Observer-ը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերի A400-ը (գրանցում 17-0080; ICAO 4B8212) վայրէջք է կատարում Բաքվի մոտ գտնվող Ադրբեջանի Ղալա ավիաբազայում՝ Թուրքիայի Թեքիրդաղ/Չորլու օդանավակայանից, որը Բայրաքթարի անօդաչու թռչող սարքերի փորձարկման կենտրոն է, անցնելով Վրաստանի տարածքով: Մոտ 2 ժամ անց թռիչք է կատարում դեպի Կայսերի: Բեռը անհայտ է, բայց կարող է կապված լինել անօդաչու թռչող սարքի հետ:

Պատրաստել է Մարութ Վանյանը

Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի․ civilnet.am

civilnet.am

2025-ի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 28,762 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 16,702-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 12,060 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 11,323 անձ, ինչը ցույց է տալիս, որ մի ամսում չվերադարձողների թիվն աճել է 737-ով։

ՍիվիլՆեթը բռնի տեղահանված արցախցիների միգրացիային հետևում է 2023-ի դեկտեմբերից։ Այդ ժամանակվանից մինչև 2025-ի մայիսը միջին հաշվով ամեն ամիս Հայաստանից հեռանում և չի վերադառնում ավելի քան 300 արցախցի։

Նախորդ ամիսներին՝ 2024-ի հոկտեմբերից մինչև 2025-ի ապրիլ, վերադարձող արցախցիների թվի նույնիկ չնչին, սակայն որոշակի աճ էր նկատվում։

Արթիկում տորնադո է դիտվել․ Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրաարակել և գրել.

«Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ:

Քիչ առաջ տորնադո է դիտվել Արթիկում»:

Ապարանում միջոցառումներն մեկնարկել են Արցախին նվիրված մշակութային միջոցառմամբ

Ապարանում Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով անցկացվող միջոցառումներն այսօր մեկնարկել են Արցախին նվիրված մշակութային միջոցառմամբ։

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն ասել է, որ Արցախը նաեւ Հայաստանի անկախության հետ անմիջապես առնչություն ունեցող է, որովհետեւ Երրորդ Հանրապետության փիլիսոփայությունը հենց Արցախով է իմաստավորված։ Նրա խոսքով՝ միշտ էլ կորուստներ ու նվաճումներ եղել են, դրան պետք է սառը դատողությամբ նայենք եւ անկախությունը դիտարկենք որպես հնարավորություն՝ կորուստները հետ բերելու համար։ «Այն, ինչ եղել է, անցյալում է, պետք է կենտրոնանալ մեր հետագա քայլերի վրա, որպեսզի կորցրածը հետ բերենք, դա միայն Արցախին չի վերաբերում։ Բայց դա առաջնահերթ պետք է ուժեղ Հայաստանի Հանրապետության միջոցով լինի»,- ասել է նա։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ մայիսի 28-ը վառ ապացույց է, որ նույնիսկ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներից միշտ ելք կա։ Հակոբյանը նշեց, որ շատ մեծ խորհուրդ կա նրանում, որ Ապարանում այս օրը դիմավորում են Արցախի մասին միջոցառմամբ։ Սա ուղերձ է, որ ժողովուրդը չպետք է հանձնվի, եւ իշխանությունը չէ որոշողը, թե ժողովուրդն ինչպես պետք է ապրի եւ ինչպիսի հայրենիքում։ «1918 թվականի անկախությունից հետո 1920 թվականին Խորհրդային միությունը օկուպացրեց Հայաստանի Հանրապետությունը, բայց թեկուզ 71 տարի անց Հայաստանը նորից կարողացավ հռչակվել անկախ պետություն։ Այնպես որ, ոչինչ էլ ավարտված չէ»,- հավելել է Մետաքսե Հակոբյանը։

Արցախի հունական համայնք՝ Մեհմանայից մինչև… Յաղդան

Արցախի հունական համայնքի նախագահ Սոֆի Իվանիդիսը Step1.am-ին պատմեց Հայաստանում գտնվող արցախցի հույների իրավիճակի մասին։

-Տիկին Իվանիդիս, ինչպես գիտենք, Արցախի անբաժանելի մասն էր կազմում փոքրիկ հունական համայքը, որը կոմպակտ բնակեցված էր Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղում: Որպես համայնքի ներկայացուցիչ կարող եք նշել, որքա՞ն էր համայնքի անդամների ընդհանուր թվաքանակը: 

-Մի փոքր ավելի հետ պետք է գնանք և նշենք, որ մինչ 90-ակաների պատերազմը Արցախում թվով ավելի մեծ հունական համայնք կար, սակայն առաջին պատերազմի ժամանակ Հունաստանի հանրապետության կողմից հրավեր ստացվեց, և Արցախի հույների մեծ մասը տեղափոխվեց Հունաստան: Արցախում մնաց համայնքի մոտ 10%-ը։ Եվ այստեղ պետք է շեշտել, որ հիմանականում հունա-հայկական ընտանիքները շարունակեցին ապրել Արցախում: 2020 թվականի պատերազմից հետո ես հավաքագրում իրականացրեցի և պարզվեց, որ ընտանիքների թիվը 30 է: Հատկանշական է, որ 2023 թվականի հայրենազրկումից հետո թվի փոփոխություն գրեթե չի եղել:

–Կարո՞ղ եք մի փոքր պատմել, թե ինչպե՞ս է համայնքը տեղահանվել 2023-ին, ի՞նչ դժվարությունների են հանդիպել։

–Ինչպես բոլորի համար՝ շրջափակումը, տեղահանումը դժվար էր, իհարկե մյուսների հետ հավաասար անցել ենք բոլոր զրկանքների, արտագաղթի ֆիզիկական և հոգեբանական դժվարությունների միջով, բայց արդեն Հայաստանում մեծ աջակցություն ենք ստացել հենց Հունաստանի դեսպանատան կողմից՝ թե հոգեբանական, թե նաև սոցիալական՝ սնունդ, հագուստ։ Այս ամենը իհարկե մեզ մի քանի ամսով ապահովության զգացում է տվել։ Այստեղ նաև պետք է առանձնակի նշեմ, որ Արցախի հունական համայանքը, նամանավանդ 2020 թ․ պատերազմից հետո, միշտ ուշադրության կենտրոնում էր Հունական համայնքների միության կողմից՝  Մարիա Լազարևայի գլխավորությամբ, որի հետ մենք միշտ կապի մեջ ենք։ Մենք փորձում ենք այս ամենով գոնե չկտրվել մեր արմատներից, կազմակերպում ենք տարբեր գիտամշակութային միջոցառումներ, փորձելով պահպանել մշակույթը, լեզուն, ավանդույթները:

-Ձեր խոսքի մեջ նշեցիք նաև Արցախի հունական համայնքին բաժին հասած կորուստների մասին, ինչը շատ ցավոտ թեմա է։

-Ցավոք, այո, մեր համայանքը ևս ունեցել է կորուստներ ինչպես պատերազմի, այնպես էլ բենզինի պահեստի հայտնի պայթյունի հետևանքով: Իհարկե այս պահին թիվ նշել չեմ կարող, հաշվի առնելով թեմայի ցավոտ լինելու աստիճանը։

-Որպես հունական փոքրամասնություն արդյո՞ք ձեր համայքն ունի ինչ-որ արտոնություններ, մասնավորապես սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

–Եթե խոսենք ՀՀ կառավարության կողմից տրվող աջակցության մասով, ապա, որպես փոքրամասնության, ոչ, մենք օգտվում ենք նույն ծրագրերից, ինչ որ մյուս արցախցիները: Բոլոր ընտանիքները այս պահին սփռված են ամբողջ Հայաստանով, մեծամասնությունը չունի աշխատանք, ապրում են վարձով: Այս ամենը իհարկե դժվարացնում է միասին հավաքվելու, քննարկումներ իրականացնելու միտումները: Եթե 90-ականերին Հունաստանի կողմից հրավեր կար, ապա այս անգամ դա չկա։ Տարբերակներից մեկը՝ որպես աշխատուժ Հունաստան տեղափոխվումն էր, բայց համայնքի կողմից արձագանք չկար:

-Բնակապահովման ծրագրի մեջ նաև նշված է Լոռու մարզի հունական Յաղդան գյուղը և ինչքան տեղյակ ենք, առաջարկ է եղել, որ ձեր համայնքը կարող է բնակություն հաստատել հենց այդտեղ:

-Յաղդանն այսօր գտնվում է հունաթափման վտանգի առաջ և գյուղը սակավանում է, դրական կողմերից այն է, որ այն ընդգրկված է բնակարանային ապահովման ցանկի մեջ, որի համար տրամադրվում է 4 մլն․ դրամ: Ես մեր համայնքին ներկայացրել եմ գյուղը, այն ամենը, ինչով նրանք կարող են զբաղվել գյուղում, բայց բնականաբար վերջնական որոշումն նրանցն է: Իմ կողմից պետք է ավելացնեմ, որ գյուղի տեղակայությունը, բնությունը բավականին լավն է, ամենակարևորը՝ ամբողջը պատված է հունականով, հունական մշակույթով, ավանդույթներով, ինչը եկել է խորը արմատներից և ինչը մոռանալը այդքան էլ լավ չէր լինի: Միևնույն ժամանակ, գյուղում պակասում են ներդրումները, տները գտնվում են խարխլված վիճակում: Այս ամենը իհարկե պետք է հաշվի առնենք, նամանավանդ, երբ հիշում ենք ենթակառուցվածքների թույլ զարգացումը, որոշ դեպքերում նույնիսկ բացակայությունը:

Ալվարդ Գրիգորյան

Արցախցի ընտանիքը վերսկսել է իր արտադրությունն Աբովյանում

Վիտալի և Լիանա Գրիգորյանների ընտանիքն Արցախի Ասկերան քաղաքից տեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ Արցախում նրանք զովացուցիչ ըմպելիքի արտադրությամբ էին զբաղվում Ասկերանում ունեին իրենց սեփական արտադրամասը, անգամ շրջափակման ամիսներին այն չէր դադարում գործել և քաղցր ու զովացուցիչ ըմպելիքով բավարարել բնակչությանն ինչպես Ասկերանում, այնպես էլ հարակից բնակավայրերում։

Տեղահանությունից հետո Վիտալին Աբովյան քաղաքում տարածք է վարձակալել և վերսկսել ընտանեկան բիզնեսը։

-Արդեն բավական ժամանակ է, ինչ զբաղվում ենք զովացուցիչ ըմպելիքի արտադրությամբ։ Այդ գործում մենք հմտացել ենք Արցախում և կարելի է ասել, որ մեզ դուր է գալիս ըմպելիք արտադրելու գործընթացը։ Արցախում, երբ շրջափակման ժամանակ քաղցրի պակասն ակնհայտ էր, մեր պատրաստած զովացուցիչ ըմպելիքները կարծես փրկություն լինեին մարդկանց, առանձնապես՝ երեխաների համար։ Դա ոգևորում ու միաժամանակ պարտադրում էր մեզ՝ չդադարեցնել արտադրությունը։ Քանի որ ունեինք փորձ, համապատասխան հմտություններ՝ որոշեցինք շարունակել մեր գործունեությունն այստեղ, որը մեր ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է։ Ձեռք ենք բերել համապատասխան սարքավորումներն ու սկսել աշխատել։ Իհարկե, սկզբից դժվարություններ կային, սակայն մենք դրանք կարողացանք հաղթահարել, որովհետև աշխատող մարդը ոչնչից չպետք է վախենա,-ասում է Վիտալին։

Արցախյան առաջին պատերազմում զոհվածների զավակներ են Վիտալին ու Լիանան։ Նրանք, ինչպես ոչ ոք, լավ գիտեն՝ ինչ է ցավը, դժվարությունը և դրանց հաղթահարելու կամքի ուժը։ Ցանկացած խնդիր լուծման ենթակա է, եթե կա դրա լուծման բանալին։ Իսկ Գրիգորյանների հաջողության բանալին իրենց ձեռքին է։ Դա իրենց ընտանիքն է՝ մոր՝ Սուրբիկի գլխավորությամբ և եղբայրների աջակցությամբ

-Փորձություններ հաղթահարելով ենք միշտ առաջ շարժվել ու երբևէ չենք վհատվել։ Մենք սովոր ենք ապրել մեր հալալ քրտինքով ու այդպես էլ մեր երեխաներին ենք դաստիարակում։ Աղջիկս սովորում է Հերացու անվան բժշկական համալսարանում։ Իհարկե, հեշտ չէ, քանի որ ապրում ենք վարձակալությամբ և ունենք մի շարք խնդիրներ, սակայն հույս ունենք, որ Հայաստանում կյանքի կոչված մեր բիզնեսը կտա իր բարի պտուղները, ու մենք ինքներս կկարողանանք օգնել մեր անկարող հայրենակիցներին։ Ես ուզում եմ, որ արցախցիները, ովքեր բնակվում են Աբովյանում կամ մոտակա բնակավայրերում, տեղյակ լինեն մեր արտադրության մասին և ցանկալի է, որ նպաստեն մեր արտադրանքի իրացմանը։ Հավաստիացնում եմ՝ խմելով մեր բազմահամ ըմպելիքները, մեր հայրենակիցները կառնեն Արցախի համը, նրանց մոտ կարթնանան քաղցր հիշողությունները,- հուզմունքը մի կերպ է զսպում Լիանան։

Գրիգորյաններն աշխատանքի ընթացքում չեն դադարում երազել ու հուսալ, որ մի գեղեցիկ օր անպայման կվերադառնան Արցախ, որտեղ նրանց սպասում են  հարազատների շիրիմները:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ