Արագածոտնի բարձրլեռնային շրջաններում ձյան ծածկի բարձրությունը հասել է 60-120 սմ

Ինչպես և կանխատեսվել էր, հզոր ցիկլոնով պայմանավորված՝ փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում՝ շատ ուժեղ։ Դիտվել են նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հանրապետության ճանապարհներին՝ մերկասառույց։

ՇՄ նախարարությունից հայտնում են, որ տեղումների քանակը կազմել է․

  • Շիրակում՝ 10-24 մմ, ձյան ծածկի բարձրությունը հասել է 22-40 սմ,
  • Գեղարքունիքում՝ տեղումներ, 10-40 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-40 սմ,
  • Լոռիում՝ տեղումներ, 13-27 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 30-36 սմ,
  • Տավուշում՝ տեղումներ 9-30 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 30-45 սմ (Բագրատաշեն՝ մինչև 5 սմ),
  • Արագածոտնի լեռնային շրջաններում՝ տեղումներ,10-27 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 50-70 սմ, Արագածոտնի բարձրլեռնային շրջաններում՝ տեղումներ, 10-27 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 60-120 սմ,
  • Արագածոտնի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ, 9-15 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 5-12 սմ,
  • Կոտայքի լեռնային շրջաններում՝ տեղումներ 15-28 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 40-70 սմ, Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ 20-50 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 10-15 սմ,
  • Արարատ, Արմավիրում տեղումներ՝ 14-17մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-20 սմ,
  • Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ տեղումներ 8-10 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 40-60 սմ, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ 6-9 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 8-10 սմ,
  • Սյունիքի հովտային շրջաններում՝ տեղումներ 2-6 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 1-4 սմ, Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ 3-5 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 4-6 սմ,
  • Երևանում՝ տեղումներ,15 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-18 սմ։

Առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ։

Արցախցիների բնակապահովման ծրագրի փոփոխությունը ծաղր է

Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններից հետո, ըստ որի սահմանվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, արցախահայության մեջ առաջացել է բողոքի և դժգոհության ալիք։ Արցախցիները փոփոխության ենթարկված ծրագիրը համարում են ծաղր և անընդունելի։

Սոցիալական հարթակներում նրանք իրենց բողոքի խոսքն են բարձրացնում, ներկայացնում սպասվող դժվարությունները, ինչպես նաև առաջարկություններ անում

 -Արցախցիները ծրագիրը համարում են ոչ թե բնակարանային ապահովման ծրագիր, այլ իրենց հաշվին սահմանային բնակավայրերի վերաբնակեցման և շենացման ծրագիր։

-1-3 հոգուց կազմված ընտանիքները համոզված են, որ երբեք չեն կարողանա այդ գումարով բնակարան ձեռք բերել՝ անգամ եթե 3 մլն-ի փոխարեն մեկ շնչի համար հատկացվի 4 մլն դրամ։ Առանձնապես, երբ այդ մարդիկ 50-ից բարձր են և չեն կարող օգտվել հիպոթեքային վարկերից։

-Հավաստագրեր հատկացնելու փոխարեն արդյունավետ կլինի, որ կառուցվեն բազմաբնակարան շենքեր և տրամադրվեն արցախցիներին՝ համակցված բնակեցվելու ըստ նրանց բնակության վայրերի։

-Ամեն մարդ ինքն է որոշում՝ որտեղ ապրի։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրել նրան, անգամ եթե մարդ հայտնվել է անելանելի դրության մեջ։ Երևան քաղաքում անգամ դժվար է աշխատանք գտնել, ինչ մնաց՝ մարզերում։

-Չօգտվել բնակարանային անհեթեթ ծրագրից։ Խնդիր դնել՝ արցախցիներին ապահովել տներով։ Չոտնահարել արցախցու իրավունքները։

-Արցախցին սահմանից է եկել ու չի վախենում նորից սահմանում ապրել, սակայն առաջարկվող մարզերում ու համայնքերում զբաղվածության խնդիր կա։ Դրա մասին է վկայում տեղի բնակչության արտահոսքը։

– Ինչո՞ւ են արցախցիներին զրկում Երևանի մերձակա բնակավայրերում բնակվելու իրավունքից։ Մարդիկ պատրաստ են ապրել մայրաքաղաքից ոչ հեռու գյուղական համայնքներում, զբաղվել հողագործությամբ, ինչպես նաև աշխատանք գտնել Երևանում։

-Բնակապահովման ծրագիրը արցախահայությանը տանում է դեպի արտագաղթ։

-Ստեղծել վստահելի հանձնախումբ, որը կզբաղվի արցախցիների բնակապահովման ծրագրով։ Մշակել լիարժեք ծրագիր։

-Արցախցիներին առաջարկվում են բնակելի տներ ձեռք բերել այնպիսի բնակավայրերում, որտեղից մարդիկ գալիս ու աշխատանք են գտնում Երևանում։ Ինչպե՞ս հասկանալ։

-Ծրագիրն անիրական է և նվաստացնող։ Այն ոչ թե կօգնի արցախցիներին տուն ձեռք բերել, այլ կսփռի աշխարհով մեկ․․․

-Վերադարձ Արցախ․․․Հորդորել ՀՀ իշխանություններին ակտիվ միջոցներ ձեռնարկել արցախահայությանն Արցախ վերադարձնելու ուղղությամբ՝ միջազգային կազմակերպությունների երաշխավորությամբ։

-Արցախցին ի վիճակի չէ վարկ վերցնել, որ կարողանա գումար ավելացնել հավաստագրին։

-Պետությունը պետք է բնակարան տրամադրի յուրաքանչյուր ընտանիքի՝ իր կորցրած սեփականությանը համարժեք։

-Իշխանությունները շատ լավ գիտեն բնակարանների շուկայական գները և այն, որ նախատեսված գումարներով հնարավոր չէ տուն ձեռք բերել։

-Արցախցիները համաձայն չեն ցրված տեղաբաշխմանը, առաջարկում են Արցախ թաղամաս կառուցել ու բնակեցնել ժողովրդին։

-Կրկին ձախողված ծրագիր․ համախմբվել ու բոյկոտել։

Նման բազմաթիվ տեսակետներ են շրջանառվում արցախահայության մեջ։ Մարդիկ իրենց կարծիքներն ու առաջարկություններն են անում սոցցանցերում՝ հուսալով, որ իրենց ձայնը հասանելի կլինի, իսկ իրավունքները՝ պաշտպանված։ Արցախահայությունը իր վրդովմունքն է հայտնում չարդարացնող ծրագրի շուրջ և սպասում, որ բնակապահովման հարցն, ի վերջո, իր լուծումը կստանա։ Արցախցին համբերատար է ու չպետք է մոռանալ, որ նա միշտ ապրել է արժանապատիվ կյանքով, ստիպված թողել տարիների իր վաստակը, ձեռնունայն հեռացել իր տնից և երբեք չի հանդուրժի ծաղրուծանակի նմանվող որևէ վերաբերմունք։ Դե իսկ Արցախ վերադառնալու և հայրենի հողում ապրելու նրա ցանկությունն ու հավատը երբեք չեն մարելու։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Կեցցե թագավորը». Թրամփը ուրվագծում է իր նպատակը

Երեկ Սպիտակ տունը սոցցանցերի իր էջում հրապարակել է Թրամփի՝ գլխին թագով նկարը Նյու Յորքի ֆոնին։ Նկարի տակ գրառում էր՝ «Կեցցե թագավորը»

Թրամփի գործողությունները նրա երկրորդ ժամկետի ընթացքում ցույց են տալիս, որ նա մտադիր է վերջնականապես կոտրել հետմիապետական ​​շրջանում հաստատված այսպես կոչված դեմոկրատական ​​համակարգը, որը հիմնված է համընդհանուր ընտրական իրավունքի, այլ ոչ թե ժառանգական հողային իրավունքների վրա:

Ընտրություններից անմիջապես հետո Թրամփի թիմը սկսեց խոսել համընդհանուր ընտրություններից հրաժարվելու ժամանակի մասին։ Իսկ Թրամփի թագով դիմանկարը հուշում է, որ հնարավոր է վերադարձ դեպի միապետական ​​համակարգ, որտեղ միապետն իրավունք ունի բաշխել սեփականությունը։ Սակայն, ի տարբերություն առանձին միապետությունների, Թրամփը ցանկանում է իրավունք ունենալ սեփականությունը բաշխելու ամբողջ աշխարհում։

ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնյաներ քննադատել են երկրի նախագահին «թագավորի» մասին  արտահայտությունների համար, գրում է The Guardian-ը։ Համապատասխան գրառումն ու պատկերը Սպիտակ տան կայքում հայտնվել են այն բանից հետո, երբ Թրամփը չեղարկել է Նյու Յորքի Մանհեթեն մուտքի վճարը։ Թրամփի պատկերը՝ գլխին թագով, իբր նախ հայտնվել է Time ամսագրի շապիկին, իսկ հետո այն վերահրապարակվել է Սպիտակ տան կողմից։

«Մանհեթենը և ամբողջ Նյու Յորքը փրկված են։ Կեցցե թագավորը»,  ասված է Սպիտակ տան սոցցանցերի էջում տեղադրված գրառման մեջ։

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը հիշեցրել է Թրամփին, որ Միացյալ Նահանգները կառավարվում է օրենքներով, ոչ թե միապետությամբ, և որ Սպիտակ տան ղեկավարը նախագահ է, ոչ թե թագավոր։ Նա ասել է, որ դատի է տալու Թրամփին՝ ընտրություններում իր օգտին չքվեարկելու համար նյույորքցիներից վրեժ լուծելու համար։

Այնուամենայնիվ, վերջին մեկ ամսվա ընթացքում Թրամփը քայլեր է ձեռնարկել, որոնք ցույց են տալիս, որ նա և աշխարհի ամենահարուստ մարդկանց խումբը մտադիր են կառավարել աշխարհը առանց «ժողովրդավարական» ավելորդությունների:

Սպիտակ տունը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ թվարկված են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ձեռքբերումներն առաջին 30 օրվա ընթացքում։

Եղանակն ավելի է ցրտելու․ ինչ իրավիճակ է ճանապարհներին

Փետրվարի 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։

Երևանում փետրվարի 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում փետրվարի 21-23-ին շրջանների զգալի մասում, 24-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևելյան 5-8մ/վ, փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի 6-9, 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանաբար կնվազի ևս 10-12 աստիճանով։

Փետրվարի 21-ի ողջ գիշերը և առավոտյան Գեղարքունիքի մարզում առատ ձյան տեղումները շարունակվում են, որի արդյունքում Գավառում և Ճամբարակում ձյան շերտի բարձրությունը կազմում է մինչև 50, Սևանում և Մարտունիում մինչև 30, իսկ Վարդենիսում մինչև 20 սանտիմետր, հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Ողջ գիշեր և առավոտյան ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են ավտոճանապարհների անցանելիության և մշակման աշխատանքներ, որի արդյունքում Գեղարքունիքի մարզում ժամը 10։00-ի դրությամբ փակ ավտոճանապարհներ չկան, սակայն բարձրլեռնային որոշակի հատվածներ դժվարանցանելի են, ինչը պայմանավորված է քամիներով և բքերով։
Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։

Վանաձոր-Սպիտակ (մինչև 12-րդ կմ), Վանաձոր-Ձորագետ, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան (մինչև ոլորաններ) ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

«Մեղրու սար» կոչվող հատվածը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Լոռու և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սպիտակի ոլորանները և Տավուշի մարզի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։

Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից), Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի (բացի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներից), Լոռու և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։

Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Անվտանգության նկատառումներից ելնելով, երեկ մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Երեխաները արցախյան բարբառով պատմում են Արցախում իրենց քաղաքի, գյուղի, բակի, խաղերի, ընկերների մասին

«Արցախ. իմ մանկության փողոցը|101 պատմություն» նախագիծն իրականացվել է Արցախի բարբառի կիրառման և պահպանման նպատակով:  Նախագծի համահեղնակներն են Նելլի Բաղդասարյանն ու Վահրամ Տեր-Մաթևոսյանը, այն կյանքի է կոչվել ՀԲԸՄ դրամաշնոհային մրցույթի արդյուբքում:

«2020-2023 թթ. Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախի Հանրապետությունը լիակատար հայաթափվեց, իսկ Արցախի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը հայտնվեց կորստի սպառնալիքի տակ: Այս դեպքում վտանգի տակ են ոչ միայն Արցախի բարբառը, այլ նաև այն հիշողությունները, որոնք կապված են Արցախի հետ: Երեխաներն այս առումով ամենախոցելի խումբն են: Նախագծի նպատակն է, որ արցախցի երեխաներն որպես ոչ նյութական ժառանգության՝ բարբառի կրող, նաև նման մեխանիզմներով այն կիրառեն և պահպանեն:

Նախագիծն իրականացվել է 2024 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին: Նախագծի շրջանակներում վարվել են  հարցազրուցներ 5-15 տարեկան 101 արցախցի երեխայի հետ, որոնք 2023 թ. բռնի տեղահանությունից հետո ապրում են Հայաստանում։ Ցավոք սրտի, ծրագրում ընգրկել են ոչ բոլոր մարզում հաստատված երեխաները, սակայն մեր կայքում կա բաժին, որի միջոցով երեխաները օնլայն հարթակում կարող են կիսվել պատմություններով: նույնիսկ կար մեկ 4 տարեկան աղջնակ, ով նույնպես ցակնություն հայտնեց կիսվել հիշողություններով:

Երեխաները արցախյան բարբառով պատմել են Արցախում իրենց քաղաքի, գյուղի, բակի, խաղերի, ընկերների մասին հետաքրքիր և լուսավոր հուշեր: Հարցազրույցները ձայնագրվել են, ձայնագրությունները վերածվել  տեքստային պատմությունների, որոնք բարբառով և անգլերեն թարգմանությամբ տեղադրվել են կայքէջում: Կայքէջում նախատեսվում են նաև այլ լեզուներով թարգմանություններ:

Նախագիծն իրականացվում է դեմառդեմ սկզբունքով, որի ընթացքում երեխաները կիսվում են իրենց պատմություններով: Բարբառային տեքստերի համար հիմք է ընդունվել տառադարձման միջազգայնորեն ընդունված մեթոդոլոգիան: Արցախյան բարբառից անգլերեն թարգմանություններում երեխաների բանավոր խոսքը չի ենթարկվել միջամտությունների՝ հաշվի առնելով նախագծի նպատակը և առանձնահատկությունը։

Ծրագրի հնարավոր եղավ իրականացնել թիմային աշխատանքի շնորհիվ: Թիմակիցներն են՝ Ծրագրի ղեկավան Նելլի Բաղդասարյանը, գրաֆիկ դիզայներ և լուսանկարիչ Նարինե Կարապետյանը, Նինա Հայրապետյանը՝ որպես ձայնագրությունների սղագրող, Լիանա Մինասյանը՝ նախագծի բառբառագետ, անգլերենի սրբագրիչ Նարինե Ղազարյանը և բազմաթիվ կամավորներ՝ ի դեմս Լորա Գրիգորյանի և իր ձևավորած թարգմանիչ մանուկների խմբով և Երեվանի Ամերիկյան համալսարանի ուսանողների:

Ծրագրի շջանակում ներկայացված պատմությունները հուզմունքի և մեծ ափսոսանքի հետ մեկտեղ ընթերցողներին պարգևում են մեծ ջերմություն և հույս, կապված Արցախի վերադարձի հետ: Նախագիծը լինելու է շարունակական և հետագա ֆինանսավորման դեպքում այն կընդլայնվի»։

Այս մասին step1. am-ի հետ զրույցում պատմեց «Արցախ. իմ մանկության փողոցը|101 պատմություն» նախագծի թիմակից Նինա Հայրապետյանը:

Արսեն Աղաջանյան

Փաշինյանից պահանջում ենք արցախցիների անձնագրերը ճանաչել որպես օրինական փաստաթուղթ

«Նիկոլ Փաշինյան, այս կապույտ անձնագիրը, որ յուրաքանչյուր արցախցի ունի, տրվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ Եվ արցախցին այդ անձնագիրն օգտագործել է որպես օրինական փաստաթուղթ։ Դուք տարհանման հաջորդ օրն ասացիք՝ ձեր անձնագրերն ուժի մեջ չեն, որովհետեւ դրանք ճամփորդական անձնագրեր են, ո՞վ է լսել այդպիսի բան։ Ի՞նչ ճամփորդական անձնագիր, արցախցին տուրիստ է, ի՞նչ է»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց արցախցի Աննա Այվազյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանից պահանջում են արցախցիների անձնագրերը ճանաչել որպես օրինական փաստաթուղթ, իսկ արցախցիներին ճանաչել որպես ՀՀ քաղաքացի եւ թույլ տալ, որպեսզի արցախցիներն ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունենան։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանի իշխանությունները վերջնականապես համոզված են, որ արցախցիները տարհանված են, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ տարհանվածներն առ այսօր ապահովված չեն թեկուզ ժամանակավոր կացարաններով։ Ամբողջ ախարհում տարհանվածներին ապահովում են կացարանով։ «Եթե տարհանված չենք, ուրեմն հաշվիր Հայաստանի քաղաքացի, թող մարդիկ աշխատանքի անցնեն ու աշխատեն։ Պահանջում ենք հանել ՀՀ քաղաացիության պայմանը, որովհետեւ մենք միշտ համարել ենք, որ արցախցին նույն Հայաստանի քաղաքացին է։ Հաջորդ պահանջս՝ մեր հարցի լուծումն է, մեր վերադարձը։ Մինչեւ Մինսկի խումբը չվերակենդանացվի, մենք չենք կարող վերադառնալ Արցախ»,- հայտարարեց նա։

Աննա Այվազյանը հայտարարեց․ «Ուզում եմ մի քանի հարց տալ ՀՀ իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատրն էր, Նիկոլ Փաշինյան, գոնե սերժանտի աստիճան ունեի՞ր, որ դու ղեկավարում էիր գեներալներին։ Ալեն Սիմոնյան, գոնե ենաթսպայի կոչում ունեի՞ր, որ ասում էիր՝ թող կռվեիք։ Դու ավտոմատ քանդած-հավաքած կայի՞ր կյանքումդ, Ալեն Սիմոնյան, իսկ արցախցի երեք տարեկան երեխան քանդում եւ հավաքում է։ Եվ դուք արցախցուն ասում եք՝ վախկոտ, թող կռվեիք, երկիրը չտայի՞ք։ Երկիրը ծախել էիք, ծախված երկրում ո՞ւմ հետ մնայինք, թուրքի՞։ Մենք այլ ելք չունեինք՝ կամ պետք է ինտեգրվեինք թուրքին, կամ պետք է Արցախից դուրս գայինք։ Մենք վերցրեցինք մեր հպարտությունը, շալակեցինք մեր ինքնասիրությունն ու արժանապատվությունը եւ թողեցինք մեր ամենաթանկ գանձը՝ մեր երկիրը, մեր տունը, մեր շիրիմները։ Եկանք, որ Սասունցի Դավիթի երրորդ զարկի նման ամրացած ու հզորացած գնանք ու ազատագրենք մեր երկիրը։ Մենք  գնալու ենք, լավ իմացեք, ովքեր կասկածում են, թող չկասկածեն, արցախցին Արցախից բացի ուրիշ տեղ չի ապրելու»։

Նա նաեւ դրվագներ հիշեց Արցախյան շարժման իրադարձություններից․ «1988-ի այս օրը Ստեփանակերտի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, եւ եղանակը սրանից էլ վատ էր։ Ձյուն էր, բայց մենք իրար սեղմված մինչեւ առավոտ սպասում էինք նստաշրջանի պատասխանին։ Մարզգործկոմը մեր ճնշման տակ խոստացել էր, որ նստաշրջանը կկայանա, բայց Բաքվից եկած ներքին հրաման կար, փակել էին Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները։ Եվ պատգամավորները ոտքով գալիս էին անտառներով, գյուղերով, սարերով-ձորերով։ Երբ որեւէ պատգամավոր մտնում էր հրապարակ, հրապարակը թնդում էր ծափեից ու ուռա-ներից։ Առավոտյան նստաշրջանի որոշումը կարդաց Վաչագան Գրիգորյանը, մարդկանց ցնծությունն անկարագրելի էր։ Այդ որոշման մեջ գրված էր՝ դիմել Ադրբեջանի Գերագույն խորհրդին եւ խնդրել համաձայնել ԼՂԻՄ-ը Ադրբեջանից անջատելու, դիմել Հայաստանի Գերագույն խորհրդին եւ խնդրել, որ համաձայնեն ԼՂԻՄ-ն ընդունելու իր կազմի մեջ։ Ահա այսպիսի որոշում էր, որը ցնծությամբ ընդունվեց Ղարաբաղի ժողովրդի կողմից, միաժամանակ նույն օրը այստեղ ընդունվեց ցնծությամբ։

Մենք մի քանի օր սպասում էինք Ադրբեջանի արձագանքին մեր որոշման համար, եւ արձագանքը եղավ Սումգայիթը։ Հասկացանք, որ խաղաղ լուծում այս հարցին չի լինի, եւ մենք պետք է պատրաստվենք մեր իրավունքները պաշտպանելու, եւ մենք պետք է պատրաստվենք պատերազմի։ Եղավ պատերազմը, հաղթեցինք մի քանի անգամ մեզանից ուժեղ Ադրբեջանին, իրենց զենքով իսկ հաղթեցինք, զենքն իրենցից վերցնում էինք ու կռվում։ Եվ 32 տարի հայ ազգն ապրում էր հպարտ, գլուխը բարձր, բայց 2020 թվականին մեր գլուխը խոնարհվեց անգիտակ, ազգին չսիրող, ազգի խնդիրներից գաղափար չունեցող մի խակ իշխանության պատճառով»։

Մինսկի խմբի համանախագահներն փորձում են իրար հետ նորից մերձենալ, պետք է օգտվել այդ առիթից

Արցախյան շարժման 37 ամյակի առթիվ «Միասին» շարժումն այսօր հանրահավք անցկացրեց Ազատության հրապարակում։

«Մենք պարտավոր ենք Արցխաի հարցը համարել չլուծված, պարտավոր ենք Արցախը համարել հայկական, որովհետեւ դա մեզ համար այն դարպասներն են, որոնք բերում են դեպի Հայաստան։ Պարզվում է՝ Հայաստանն ուղղակի կդառնա անպաշտպան, եթե Արցախը մերը չէ»,- ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ այս օրերին հայտարարեց Սահմանադրության փոփոխության մասին․ «Հասկանալով, որ փետրվարի 20-ը ազգային ազատագրական պայքարի վերելքի օրն է՝ ցնդաբանություններ ասաց։ Սահմանադրության փոփոխության հարցը մենք ընդհնարապես պետք է բացառենք, սրան պետք է հեռացնել իշխանությունից, ուրիշ ելք չունենք»։

Արամ Սարգսյանի խոսքով՝ միասնական պետք է լինել եւ դիմել միջազգային հանրությանը։ «Օրինակ՝ մենք հիմա գտնում ենք, որ անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահներին դիմել։ Հանրահավաքի անունից մենք այդ քայլն ուզում ենք անել։ Համանախագահներն այսօր փորձ են անում իրար հետ նորից մերձենալ, պետք է օգտվել այդ առիթից։ Մինսկի խումբը պետք է նորից աշխատի, եւ դա կվբերի նրան,որ վերջապես նորից միջազգայնացված կլինի այս հարցը։ Այլ կերպ, մենք առանց միջնորդների այս խնդիրը չենք լուծի»,- նշեց նա։

Կամո Իսաբաբյանը 1988-ի փետրվարի 20-ին Երևանում էր՝ մասնակցելու հանրահավաքին

Ղարաբաղյան շարժմանը մասնակցում էին բոլոր արցախցիները։ Շատ շատերը տանում էին ընդհատակյա գործունեություն ու գործում առանց վախենալու և երկմտելու: Այդ մարդկանցից է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ Կամո Իսաբաբյանը, ով իրականացնում էր Ակնաղբյուրի ենթաշրջանի բնակչության ստորագրահավաքը։

-Արցախյան շարժումը շատ խորը պատմական հիմքեր ունի և երկար նախապատրաստական փուլով է անցել, 88-ի փետրվարի 20-ին չի ծնվել: Պարզապես այդ թվականին էր եկել գործելու իսկական ժամանակը:

1977 թվականին պատահաբար իմ ձեռքն ընկավ Հովհաննես Շիրազի <<Ղարաբաղի ողբը>>` հայ ազգի ամենաազդեցիկ բանաստեղծություններից մեկը, որը խրված էր վայ ազգերի կոկորդը և անմարսելի էր նրանց համար: Հաճախ էի Շիրազի և Սևակի հայրենասիրական բանաստեղծություններն արտասանում մարդաշատ տեղերում։ Հաճախ կշտամբում էին ինձ և զարմանում համարձակությանս վրա՝ ապրել այդպիսի երկրում և հանդգնել նման բանաստեղծություններ կարդալ, այն էլ՝ հասարակության մեջ։ Երբեմն ըմբոստանում էի, երբեմն էլ՝ լռում:  Մի անգամ խիզախեցի և Բաքվում կազմակերպված հարսանիքի ժամանակ Շիրազ արտասանեցի։

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, լեզուս և ձեռքերս ազատ արձակվեցին: Այլևս չէի կարող զսպել ըմբոստացած գաղափարներս: Ամեն տեղ սկսվեց ստորագրահավաքը։ Ես ինձ վրա վերցրի այդ գործը և մեր մոտակա գյուղերից 1500-ից ավելի ստորագրություն հավաքեցի ու փաստաթուղթը ներկայացրի Ասկերան՝ այդ աշխատանքները համակարգող Սլավիկ Միրզոյանին: Հետագայում բոլոր ստորագրությունների հետ ուղարկեց Մոսկվա: Իսկ Մոսկվայում սոսկ խոսքերով էին կերակրում մեզ՝ ասելով, որ Արցախն անպայման կմիանա մայր Հայաստանին, սակայն իրականում ոչ մի քայլ և շարժ չկար:

Ակնաղբյուրցիները ներգրավվել էին զարգացող իրադարձությունների մեջ

-Մեր գյուղն իսկապես ակտիվ բնակչություն ուներ: Համարյա ամեն օր հավաքվում էինք գյուղի ակումբում և թռուցիկներ կարդում: Սկզբից լցվել էինք լավատեսությամբ՝ կարծելով, թե շատ շուտով և խաղաղ ճանապարհով կլուծվի մեր հարցը: Բայց եղավ այն, ինչ թելադրում էր Ադրբեջանը: Մեր ձորակի բոլոր գյուղերն արդեն սուզվել էին շարժման մեջ: Յուրաքանչյուրի շուրթերին <<Շարժում>> բառն էր: Մեր համագյուղացի Արկադի Եսայանը, ով շատ ակտիվ մասնակից էր (ցավոք, վաղաժամ հեռացել է կյանքից), թռուցիկներ էր բերում գյուղ, կարդում մեզ համար, իսկ մենք ոգևորված և ինքնամոռաց լսում էինք: Անգամ իր հիվանդության ծանր օրերին գնում և մասնակցում էր ցույցերին: Ցավոք, քչերը գիտեն այդ մարդու կատարած վտանգավոր առաքելության մասին:

Կամո Իսաբաբյանը 1988-ի փետրվարի 20-ին Երևանում էր

 -1988 թվականի փետրվարի 20-ին շատերի հետ ես ևս մեկնել էի Երևան՝ մասնակցելու հանրահավաքին։ Երևանի Ազատության հրապարակում (Օպերայի դիմաց) հանդիպեցի Ավետարանոցի հիվանդանոցի բժիշկ Գեորգի Մնացականյանին, մեր համագյուղացիներ Արշավիր Ղարամյանին, Հովիկ Ավանեսյանին, Նորագյուղից Վալերի Պետրոսյանին: Մինչ նրանց հանդիպելը՝ թռուցիկներ էի բաժանում: Այդ ժամանակ երեք տղամարդ մոտեցան ինձ և սկսեցին ռուսերեն լեզվով հարցեր տալ: <<Ինչպե՞ս եք, ի՞նչ եք անում այստեղ, ինչպե՞ս է Ղարաբաղում իրավիճակը>>,- հարցնում էին ինձ և առաջարկում առանձնանալ, հետո զրուցել: Մեկի մոտ թերթի մեջ փաթաթած ինչ-որ բան կար: Ես զգաստացա ու հասկացա նրանց մտադրությունը․ սկսեցի կանչել մեր տղաներին, այդ երեքն անմիջապես անհետացան: Հավանաբար այդ պատմական օրն առաջին զոհը պետք է լինեի։ Օպերայի մոտից պատվիրակություններ էին ուղարկվում այն ժամանակ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մոտ: Հերթական մեքենայով ես էլ ուղևորվեցի, բայց այլևս չէին թողնում, որ շենքը մարդ մտներ: Սակայն Գերոգի Մնացականյանը ներսում էր: Իգոր Մուրադյանը եկավ և մեզ հավաստիացրեց, որ իրենց լավ ընդունել են ու ամեն ինչ լավ է լինելու։

Պատմական այդ օրը Կամոն շատ հետաքրքիր  ծանոթություններ ունեցավ

-Օպերայի շենքում էինք ու հանկարծ ինձ մոտեցավ Սիլվա Կապուտիկյանն ու ասաց․ որդի՛ս, մի տես ինչ նորություն կա Արցախից:  Մեծ բանաստեղծուհու ներկայությունից ոգևորված՝ դուրս թռչեցի շենքից ու պարզեցի, որ Ստեփանակերտում դեռ չեն ավարտել նիստը․ նորից հետ դարձա ու այդքանն ասացի Կապուտիկյանին: Այդ օրը Սլավիկ Միրզոյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վաչե Սարուխանյանն էլ էին Օպերայի հրապարակում: Նրանց ելույթները լի էին վստահությամբ և մեծ հույսով: Այդ օրը մի հետաքրքիր անակնկալ ևս եղավ: Ծանոթացա 50-ին մոտ մի տղամարդու հետ, հրավիրեց իրենց տուն: Պարզվեց, որ այդ մարդն արձակագիր Պարույր Թևոսյանն է: Արմատներն Արցախի Շոշ գյուղից էին, իսկ ինքը ծնվել է Թբիլիսիում: Հետաքրքիր զրույց ունեցանք։

Իսկ Արցախում ժողովուրդն ըմբոստացել էր և բռունցք դարձել

 -Ժողովուրդն արդեն չէր կարողանում զսպել բողոքի իր ձայնը, չէր ցանկանում հպատակվել անարդարություններին։ Գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ էին ընթանում: Մեր կոլտնտեսության ժողովներից մեկի ժամանակ ասացին, որ պետք է հացահատիկ տարվի Ակնա: Կարգադրեցին բեռնել մեքենաները և տանել: Գիշերվա կեսին մեր գյուղի ուսուցիչներից մեկի՝ Արտուր Ավանեսյանի հետ գնացինք հարևան Ջրաղացներ գյուղը և բեռնատար մեքենաներից մեկի անվադողերը ծակեցինք: Եվ այդպես շարունակ։ Չէինք պատրաստվում այլևս ենթարկվել նման հրամաններին: Մենք ուզում էինք ազատ ապրել, իսկ դրա համար պետք էր դիմել զենքի օգնությանը: Հասկացել էինք, որ միայն զենքի միջոցով կլուծվի մեր հարցը։

Եվ անհավասար պատերազմում մի բուռ ազգով կարողացանք հաղթել թշնամուն, և դա արեցինք մեր ուժի, խելքի, կամքի, հավատի շնորհիվ: Հաղթանակի հասնելու համար մենք կորցրինք հազարավոր տղաների։ Ցավոք, ամեն ինչ ջուրն ընկավ։ Կորցրել ենք Արցախը, բայց չի կորել հետվերադարձի մեր հավատը։

 Արցախյան շարժման ակտիվիստ Կամո Իսաբաբյանը շարունակել է իր պայքարը և ակտիվորեն մասնակցել Արցախյան պատերազմին, երկու անգամ վիրավորվել և երկու անգամ ուղեղի ցնցում ստացել: Հաշմանդամ մարդը չի դադարել շարունակել իր պայքարը։ Նա ապրիլյան քառօրյա պատերազմի կամավորականների շարքերում էր։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նախարարը ասել է, թե ինչ է փոխվելու Սահմանադրության մեջ

ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, նոր տեքստն էլ պատրաստ կլինի մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Կառավարման մոդելի փոփոխություն չի սպասվում։ Այս պահին չեմ կարող ասել, թե Սահմանադրության որ գլխի վրա են աշխատում, որ հոդվածներն են այս պահին մշակվել, որոնք են քննարկվել։ Ընդհանուր կոնցեպտն է քննարկվել, տեքստի ուղղությամբ էլ աշխատանքներ իրականացվել։ Մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում, օրինակ` սոցիալիական իրավունքների շեշտադրումներն են պակաս։ Նոր տեքստում շեշտադրվելու են մարդու իրավունքները, այդ թվում նաև սոցիալական իրավունքների տեսանկյունից»,– նշեց Գալյանը։
Սրբուհի Գալյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության տեքստի նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը: Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը քննելիս արձանագրել է՝ մայր օրենքի նախաբանը, ինչպես նաև առաջինից երրորդ և 203-րդ հոդվածներն անփոփոխելի դրույթներ են:

«Այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք: Բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխել», -ասաց նախարարը:

«Հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին». Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով ընթացող կեղծ դատավարության դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա ընտանիքը։
Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը, որում նշել է` այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն, դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իր իրավունքը, կոպտորեն խախտվում են միջազգային, նաև Ադրբեջանի օրենսդրությունները: Վարդանյանն ընդգծել է` այս գործն ուղղված էիր դեմ միայն նրա համար, որ իրացրել է միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության ևքաղաքական մասնակցության իր իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները։
Արցախի նախկին պետնախարարը նշել է`թեպետ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի անդամ է, սակայն գործընթացն իրականացվում էբոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով։ Նա թվարկել է դրանք․
1.

Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

2.

Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված, այսպես կոչված, «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

3.

Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

4.

Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:

5.

Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

6.

Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է։

Վարդանյանն ընդգծել է` այս «դատաքննությունը» միայն իր նկատմամբ չէ, այլ փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակցել են Արցախին ու նրա բնակչությանը։
«Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանն ու դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին։ Նա զգուշացրել է՝ նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Վստահ է՝ միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել։

ՀՀ-ում պահպանվում է ՍՇՎ–ների բարձր ակտիվությունը. շրջանառվում են գրպի Ա և Բ տեսակները

2025թ. 7-րդ շաբաթվա (10.02-16.02.2025թ.) ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն: Շարունակում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի, ինչպես նաև Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ադենովիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

2025թ․ 7-րդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 10739 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա, 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ բարձր է՝ 1․2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 75․2%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 983 պացիենտ, նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1․1 անգամ, իսկ 2024թ․ միևնույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը բարձր է 2․9 անգամ։ Ընդհանուր դեպքերի 66․8%-ը կազմում են 0-18 տարեկանները։

Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 863 պացիենտ, որոնց 92․4%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա հոսպիտալացումների համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա։ Թոքաբորբով հոսպիտալացվել է 597 պացիենտ, որոնց 59․9%-ը կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.1 անգամ։

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի, ինչպես նաև Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ադենովիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։

Սույն թվականի փետրվարի 16-ի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներ ծանր սուր շնչառական վարակներով, թոքաբորբերով դիմել են 70 պացիենտ, որից 58-ը՝ 0-18 տարեկանների շրջանում։

2025թ. փետրվարի 17-ի դրությամբ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 54 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ աճել է 3 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 1.6 անգամ:

Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 23 դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ նվազել է 8 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 1.5 անգամ:

2025թ․ փետրվարի 17-ի դրությամբ ՀՀ դպրոցներում սուր շնչառական վարակներով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․9%, իսկ բացակաների թվից կազմել է 23․7%: Նախորդ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․2%, իսկ բացակաների թվից կազմել է 20․1%:

Լիաննա Պետրոսյան․ մարտից գործարկվելու է խորհրդատվական, տեղեկատվական աջակցման կենտրոն

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը գրել է․ 
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մարտ ամսից գործարկվելու է խորհրդատվական, տեղեկատվական աջակցման կենտրոն՝ բռնի տեղահանված անձանց համար։
Երկար մտորումների արդյունքում, մեր ունեցած հնարավորությունների սահմանում մի խումբ համախոհ ընկերներով, հասարակական հիմունքներով փորձելու ենք նաև’ կենտրոնի միջոցով ավելի թիրախային աշխատանքներ իրականացնել՝ աջակցելու տեղահանված մեր հայրենակիցներին։
Կենտրոնի աշխատանքային հիմնական ուղղությունները լինելու են՝
Որոշումների և օրենքների մեկնաբանում և պարզաբանում;
Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ տարբեր գերատեսչություններին ուղղվող դիմում-բողոքների, նամակների ձևակերպում;
Անհատական դեպքերի ուսումնասիրություն, խորհրդատվություն և այլն։
Գործելու է նաև թեժ գիծ։
Կենտրոնի գործունեության մասին կտրվի լրացուցիչ մանրամասն տեղեկատվություն։
Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կհաջողի և կօգնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ հաղթահարելու սոցիալականացման դժվարությունները։