Շահրամանյանը Սիմոնյանին․ պարզաբանեք, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները:

Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ:

Սամվել Շահրամանյանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը:

Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան և ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից:

Արցախի Հանրապետության նախագահը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը:

Հաշվի առնելով արցախցիների շրջանում Ալեն Սիմոնյանի հայտարարության լայն բացասական արձագանքը՝ Սամվել Շահրամանյանը հորդորում է պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար, ամբողջ էներգիան ու ջանքերն ուղղել արցախցի քույրերին և եղբայրներին առաջարկվող բնակարանային ապահովման տապալված ծրագրի վերանայմանը և բավարար պայմաններ ստեղծել, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում:

Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը

Հիմնովին ավերվել է Հադրութի շրջանի Ծամձոր գյուղը

Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը ժամանակավորապես բռնազավթված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն: Որպեսզի պարզ լինի, թե ինչ մասշտաբների մասին է խոսքը, մեկ անգամ ևս հիշեցնենք, որ ամեն շաբաթ մեզ հետ համագործակցող միջազգային գիտական կենտրոնները իրենց մշտադիտարկումներով արձանագրում են երկու հուշարձանի հանդեպ վանդալիզմ կամ ոչնչացում։ Այս մասին գրում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը։

«Այլևս խոսքը չի վերաբերում միայն պատմա-ճարտարապետական հուշարձանների կամ եկեղեցիների ավերմանը. գործ ունենք ամբողջական բնակավայրերի լիակատար ոչնչացման հետ: Արցախի հայկական հետքը վերացվում է ամենօրյա ռեժիմով, և այս հանցագործությունը իրականացվում է պետության ամենաբարձր մակարդակով՝ ուղղակիորեն Իլհամ Ալիևի հրահանգով:

Այս քաղաքականության զոհ են դարձել Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենեսն ու Մարիամաձորը, ինչպես նաև Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում գտնվող պատմական արժեք ներկայացնող կառույցները, որոնց թիվը անընդհատ աճում է: Վառ ապացույցն է https://t.me/ararathau տելեգրամյան ալիքի կողմից հրապարակված հերթական տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը հիմնովին ավերել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղը՝ ոչնչացնելով նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին (https://monumentwatch.org/hy/monument/ծամձորի-սբ․-աստվածածին-եկեղեցին/):

Միջազգային հանրության անգործությունը, համարժեք արձագանքի բացակայությունը և նույնիսկ որոշ երկրների ղեկավարների ապօրինի այցերը բռնազավթված տարածքներ, նրանց ադրբեջանական քարոզչության գործիքներ դարձնելը, վկայում են այն մասին, որ նրանք ոչ միայն աչք են փակում կատարվող հանցագործությունների վրա, այլև դառնում են դրանց ուղղակի կամ անուղղակի հանցակիցները:

Ի վերջո, որևէ ժողովրդի մշակույթի ոչնչացումը ևս ցեղասպանության բաղադրիչ է։ Իսկ պատերազմների ժամանակ մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար ևս սահմանվում է պատիժ` միջազգային իրավունքի բոլոր նորմերով ու կոնվենցիաներով։ Մինչդեռ այսօրվա միջազգային հանրության համար կարևորը համամարդկային արժեքները չեն։ Արցախի մշակութային ցեղասպանության հանդեպ բառացիորեն զրո արձագանքը այս փաստի վկայությունն է»,-գրել է նա։
https://fb.watch/xI30DOdrbD/ 

Եթե այդպես չէ, ինչո՞ւ պիտի միջանցք ասեն․ հայ-իրանական սահմանը լուրջ վտանգի տակ է

Մինչ Երևանից սպասում են ապաշրջափակման առաջարկների շուրջ Բաքվի արձագանքին, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է՝ «դրանք գործնական նշանակություն չունեն և հանգեցնում են թյուրիմացությունների»: Առաջարկները երեք ամիս առաջ էին ուղարկվել Բաքու, բայց մինչ օրս դրանց գրավոր չեն պատասխանել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շեշտում է՝ պատրաստ են Բաքվին անխոչընդոտ ճանապարհ տրամադրել՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ։ Բայց Բաքուն, անկախ ամեն ինչից, ստացած ճանապարհը միջանցք կկոչի, ասել է Սիմոնյանը:

Ինչո՞ւ պետք է Բաքուն միջանցք կոչի, եթե դա միջանցք չէ։ Դատելով Սիմոնյանի, իսկ ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերից, Երեւանը գրեթե համաձայնվել է միջանցքին։ Բայց Բաքուն նույնիսկ դա է “անհթեթ” համարում, պահանջելով Հայաստանի և Իրանի կապը կտրող ճանապարհ՝ ռուսների վերահսկողության տակ։

«Միգուցե հնարավոր է տարբերակ, հաշվի առնելով, որ իրենք իրենց երկրի մի մասից մյուսն են գնում, այլ տարբերակով աշխատենք, օրինակ, տեղում չվճարի կառավարությանը, հետագայում այդ գումարը հաշվարկվի փոխանցվի: Կամ, ենթադրենք, եթե Պարսկաստանից դեպի Վրաստան գնացող բեռի համար պայմանական էդ կազմակերպության վրա նստում է 1000 դրամ, էս պարագայում, հաշվի առնելով, որ մի երկրից նույն երկիր է գնում, լինի 500 դրամ: Սրանք մանրուքներ են, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և քննարկել», – հայտարարեց Սիմոնյանը:

Նա խոսում է միայն մաքսատուրքի մասին, բայց չի խոսում անվտանգության, մաքսային եւ սահմանային ստուգումների մասին։ Ո՞վ է դա իրականացնելու։ Արդիակա՞ն է արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուսական վերահսկողությունը։

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ միջանցքի մասին խոսակցությունը նպատակ ուներ այն դնել ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Նա վստահեցրել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն այս մասին չէ՝ ընդգծելով, որ փաստաթղթում մասնավորապես նշվում է Լաչինի միջանցքը, ինչպես նաեւ ՌԴ նախագահի հրամանագիրը, որով կոչ է արվում Հայաստանին իրականացնել այդ վերահսկողությունը։ Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերահսկողությունը կարող է իրականացվել տեսախցիկների միջոցով, պարտադիր չէ զինվորականների (ռուս- խմբ.) ներկայությունը:

Նա չի ասել, թե ո՞վ է դիտելու տեսախցիկների նկարված նյութերը՝ ռո՞ւս, թե՞ հայ սահմանապահներն ու մաքսավորները։ Արդյո՞ք կլինի անձնագրային վերահսկողություն։

Սակայն ամենագլխավոր հարցը՝ ի՞նչ կլինի Հայաստան-Իրան սահմանի և տեղաշարժի հետ։ Եթե Բաքուն պահանջում է լիիրավ ճանապարհ, ինչը կփակի Իրան-Հայաստան սահմանը։ Եթե Բաքվին միայն անխոչընդոտ տեղաշարժի իրավունքը տրամադրվեր, ապա Իրանի հետ սահմանը կարելի է պահպանել։

Սակայն Բաքվին և Ռուսաստանին հետաքրքրում է միայն առաջին տարբերակը՝ կտրել Հայաստանը Իրանից եւ Իրանը՝ հյուսիսի հետ միակ կապից։

MediaHub. Վերջին նորությունները Ստեփանակերտից

Արցախի հայաթափումից հետո MediaHub-ը պարբերաբար կապ է հաստատել Ստեփանակերտում իրենց կամքով մնացած 14 հայերի ընտանիքների հետ, որոնց մեծ մասն ապաստանել է Հայաստանում,  ներկայացրել այնտեղ մնացած քաղաքացիների խնդիրները, կեցության ու սոցիալական պայմանները։ Այժմ ձեզ ենք ներկայացնում վերջին նորություններն օկուպացված Ստեփանակերտից։

«Քաղաքի մի մասը բնակեցված է զինվորականների ընտանիքներով։ Գործող հիմնական զորամասը՝ Ցորն է, մյուսները մեծամասամբ հիմնահատակ կա՛մ քանդվել են, կա՛մ ընդհանրապես չեն գործում։ Արդեն տեղյակ եք, որ քաղաքի 3 թաղամաս ամբողջությամբ հավասարեցրել են հողին։ Ասում են դրա փոխարեն կկառուցվեն նոր ժամանակակից՝ խելացի թաղամասեր, որից հետո Ստեփանակերտը պատրաստ կլինի մասսայական վերաբնակեցման։ Այս պահին շինարարական մեծաթիվ բրիգադներ են աշխատում Ստեփանակերտում»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտում ապրող քաղաքացիներից մեկի հարազատը։ Վերջինս բնակվում է Երևանում։

Նրա խոսքով՝ փոքրաթիվ հայերից միայն մի քանի հոգի են կարողանում ելումուտ անել քաղաքում, մյուսները սահմանափակ կարողություն ունենալու պատճառով մնում են մշտական տեղակայման վայրում։ Նրանց կարիքները հոգում է Ադրբեջանը։

Օկուպացված Արցախի մայրաքաղաքում գործում է մեկ հիմնական դպրոց, որն ունի նաև նախակրթարան։ Այնտեղ սովորում են զինվորականների ընտանիքների երեխաները։ Այդ ընտանիքներն ապրում են հայերի կողմից վերջերս կառուցված «Հայաստան» բնակելի համալիրում։ Ուսանողները հեռացել են, համալսարանը գործել է մի քանի ամիս։

«Կապ չունի, որ մեր հարազատները մնացել են այնտեղ՝ մեր տներում, մեր հողում, գիտեմ իրենց համար էլ շատ ծանր է։ Օրինակ, Ֆրեդիկին հաճախ են ցույց տալիս իրենց տելեգրամ ալիքներում։ Չնայած «վերևից» հրաման է իջեցվել, որ հայերի հանդեպ «հանդուրժողականություն» ցուցաբերեն, բայց ինձ փոխանցել են, որ Ֆրեդին այնտեղ ջրի փոխարեն օղի են տալիս, ծխախոտի փոխարեն` թմրանյութ, հետո նկարում ու տարածում են սոցիալական էջերում»,-իր ունեցած տվյալները փոխանցեց MediaHub-ի զրուցակիցը։

Նա նաև տեղեկացրեց, որ հայաթափումից հետո ադրբեջանցիները մեծ մեքենաներով թալանել են արցախցիների բնակարանները, տարել ամբողջ գույքն ու էլեկտրական տեխնիկան։ Իրենց համար չպետքական իրերը կա՛մ վառել, կա՛մ ջարդել են։ Չնայած քաղաքի քանդման ու վերակառուցման աշխատանքներին՝ մեր զրուցակցի հավաստամամբ քաղաքային գերեզմանատունն ու Եղբայրական հուշահամալիրը տեղում են, ոչինչ չեն արել։

Քաղաքում գործում են առևտրային և սննդի մի քանի կետեր ու խանութներ, իրացնողը՝  զինվորականները, ոստիկաններն ու շինարարներն են։ Ադրբեջանական մյուս բնակավայրերից Արցախի տարածաշրջան մուտքը արգելվում է։ Գալիս են միայն հատուկ անցաթուղթ ունեցող անձնինք։ Մի քանի հոգի անգամ ականապայթյունային վիրավորում են ստացել՝ թալանի նպատակով Մարտակերտ գնալու ճանապարհին։

Շրջաններում ու մյուս քաղաքներում իրավիճակն այլ է։

«Գիտեմ, որ Շուշին մասամբ բնակեցվել է, այնտեղ շարժը շատանում է եղանակների տաքանալուն պես, քանի որ ընդունում են մեծաթիվ տուրիստների։ Հադրութում մզկիթ է կառուցվել, Աղդամում և Ջրականում բազմաբնակարան շենքեր են կառուցվում։ Սրանք բոլորը զինվորական ավաններ են։ Պատրաստ են ու նաև շահագործվում են 2020-ի օկուպացիայից հետո այդ տարածքներում կառուցված օդանավակայանները։ 2023-ից հետո իրենց տիրապետության տակ անցած մյուս բնակավայրերում թալանից բացի առայժմ ոչինչ չեն արել։ Քաղաքային բնակավայրերի զորամասերում ծառայություն է իրականացվում, բայց այնտեղ քաղաքացիական անձինք չեն բնակվում»,-հավելեց նա։

Արցախում մնացած մեր հայրենակիցների ընտանիքները հանգիստ են նրանով, որ հարազատները  մնացել են իրենց կամքով, չեն վերադարձել անգամ երբ դա հնարավոր էր Կարմիր խաչի միջոցով։

Հունան Թադևոսյան

mediahub.am

Գոնե կարողանան ըստ շրջանների արցախցիներին համախմբել մի վայրում․ Արինա Չաքմազյան

2020-ին Հադրութից տեղահանված, բազմամյա մանկավարժ Արինա Չաքմազյանը շարունակում է իր գործունեությունը Երևան քաղաքում։ Նա չի վհատվում։ Անկախ ամեն ինչից՝ շարունակում է դիմանալ, պայքարել ու ապրել։

Տիկին Չաքմազյան, 2020-ին դուք զգացիք տեղահանված լինելու դառը զգացողությունը։ Հադրութն ընկավ, հադրութցիները սփռվեցին աշխարհով մեկ։ Ինչպե՞ս եք կարողացել հաղթահարել այդ արհավիրքը։

-Մի անգամ, դա 2020-ի սեպտեմբերից շատ առաջ էր, ՖԲ ընկերուհիներիցս մեկը հարցրել էր՝ Հադրութից այն կողմ աշխարհ կա՞։ Ինձ համար Հադրութից սկսվում ու Հադրութով վերջանում էր աշխարհը։ Երբեք չեմ մտածել ուրիշ տեղ ապրելու մասին։ Հադրութն օդի պես էր՝ շնչելիս չես զգում, բայց երբ չկա՝ խեղդվում ես։ Դե, ընդհանրապես ինչպես բոլոր հայրենիքները։

Դպրոցում էի աշխատում, կորոնայից հետո այնպես կարոտած էինք գնացել աշխատանքի, անքան երջանիկ էինք, որ կարող ենք ազատ շփվել, լիարժեք աշխատել։

Երբեք չեմ մոռանա 27-ի առավոտը։ Ու դրան հաջորդող մղձավանջային գիշերներն ու ցերեկները։ Հիմա ավելի քիչ ենք հանդիպում իրար, բոլորս ցրվել ենք, ավելի շատ իրարից տեղեկանում ենք սոցցանցերի միջոցով։ Այստեղ չես էլ հասցնի, մի տեսակ ինքդ քո ժամանակի տերը չես, պիտի շարունակ վազքի մեջ լինես։

Կարողացա՞ք արդյոք հարմարվել նոր միջավայրին։ Ի՞նչն է ձեզ ուժ հաղորդել վերստին արարելու, ապրելու համար։

-Ինձ սկզբնական շրջանում շատ են օգնել ընկերներս (երբեք հնարավորությունը բաց չեմ թողնում շնորհակալություն ասելու), նաև մշտապես սպասում էի, որ հետ ենք գնալու։ Իսկ նոյեմբերի 9-ից հետո պարզապես գնալու տեղ չունեինք։ Ամենահարազատ մարդիկ այստեղ էին, միասին գոնե հեշտ կլիներ ցավին դիմակայել։ Հարմարվել հնարավոր չէ, բայց դիմակայել պետք  է։ Նաև Եռաբլուրը․․․

Մի խոսքով՝ մնացինք։ Գոնե գիտեինք, որ թեկուզ վիրավոր, ծվատված, բայց կա՛ Արցախը։ Ու դրա հետ նաև հույսն էր ապրում, որ հետ կգնանք։

Շատ լավ մարդկանց եմ հանդիպել կյանքիս այդ դաժան փուլում, ովքեր ինձ օգնել են գտնել հենման կետ, որ կարողանամ նորից առաջ գնալ։ Աշխատանքս դպրոցում, երեխաները, հիանալի կոլեկտիվը, նաև վստահությունն իմ հանդեպ ապրեցրել ու ապրեցնում են։

-2023-ի սեպտեմբերին կատարվեց սարսափելին։ Հայաթափվեց Արցախը։ Դա մի նոր հարված էր 2020-ից հետո դեռևս ուշքի չեկած հադրութցիների համար։

-Շրջափակման ամիսներին շարունակ ինձ մեղադրում էի, որ Արցախում չեմ, ինձ դավաճան էի զգում, որ Երևանում եմ։ Մինչև հիմա չի լքել ինձ այդ զգացողութունը։ Ամաչում էի խոսել այնտեղ գտնվող հարազատներիս հետ։ Ու մի օր էլ, դասի էի, հաղորդագրություն ստացա։ Երբեք դասի ժամանակ հեռախոսիս չեմ նայում, այդ ժամանակ բացեցի հաղորդագրությունը։ Մի շատ հարազատ մարդ էր գրել՝ ոնց որ մեզ մոտ էլի սկսվեց, նկուղներում ենք։ Մնացածի մասին լռեմ։ 2020-ի հոկտեմբերի 5-ին ես չգիտեի, որ անվերադարձ եմ հեռանում իմ տնից, իսկ 2023-ին եկողները գիտեին։ Ոնց որ պատմության դասագրքում ապրեմ, ոչ թե իրականության մեջ։ Արցախի  կորուստը ծանր հարված է յուրաքանչյուրիս համար։

Արցախցին նոր կարգավիճակ ունի, նա փախստական է։

-Երևի վերջիններից մեկն էի, որ դիմեցի այդ չարաբաստիկ վկայականի համար, հիմա բոլորի նման ես էլ փաստաթղթով փախստական եմ։ Բայց ես ինձ փախստական չեմ համարում, որովհետև ես իմ հայրենիքում եմ։
Մի բան գիտեմ, որ ոչ մեկի վրա հույս դնել պետք չէ։ Այստեղ գալուցս ի վեր մտածել եմ, որ պետք է ինչ-որ ձևով պահպանենք Հադրութի (այժմ նաև մնացած շրջանների) բարբառը։ Խելամիտ մի որոշմամբ գոնե կարողանան ըստ շրջանների մարդկանց հնարավորինս համախմբել մի վայրում։ Գոնե այն, ինչ մեզնից խլել հնարավոր չէ, պահպանենք։

Վստահ կասեմ՝ ես Հայաստանից դուրս ապրելու ցանկություն չունեմ։ Եթե դեռ ողջ ենք Արցախի կորստից հետո՝ մնացած բոլոր դժվարությունները դրա մոտ  ամաչելու աստիճան չնչին են։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Փոփոխություններ տրանսպորտային փաթեթներում

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնել էր սպասվող փոփոխությունները։

Ըստ այդմ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ:

90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե:

1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր:

Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։

Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև

հաշմանդամություն ունեցող երեխաները

4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:

Ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

«Դուք մենակ հայերի դեմ եք կարողանում կռվե՞լ»․ Քրիստինե Վարդանյան

«Պարզվում է՝ մենք բոլորս իսկապես սխալ ենք հասկացել Ալեն Սիմոնյանին՝ Ալեն Սիմոնյանի վրդովմունքը հարուցել է այն փաստը, որ արցախահայերը չեն մնացել ցեղասպանության վտանգի տակ ու ամբողջությամբ չեն բնաջնջվել։ Ես հարց ունեմ՝ իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց զոհվեց, թե՞ մնաց զոհվեց ու պայքարեց, որ հիմա անդրաշխարհից ուղերձներ է հղում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա նշեց, որ պետք է բարձրաձայնել՝ ով է կռվել Արցախի համար, ով չի կռվել։ Նա հիշեցրեց, որ իշխանություններն առանց մի կրակոցի հանձնել են Գորիս-Կապան ճանապարհը, հրաժարվել են Արցախի կարգավիճակի հարցից, ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում։ Արցախի ամբողջական շրջափակման ժամանակ ոչ մի օգնութուն չեն ցուցաբերել, շարունակել են համագործակցությունը Արցախը պաշարած Ադրբեջանի հետ՝ բաց պահելով Բաքու-Նախիջեւան թռիչների համար օդային տարածքը։

Վարդանյանը նշեց, որ Ադրբեջանի հարձակումից հետո հերոսական պայքար են մղել արցախցիները, մի քանի ժամում Ադրբեջանին պատճառել են 200-ից ավելի զոհ, 500-ից ավելի վիրավոր։ «Այդ զոհերի թիվը 5 անգամ ավելի շատ է, քան 44-օրյա պատերազմում միջինում զոհված ադրբեջանցիների թիվը։ Այ տենց են կռվել, ու հիմա այս մարդիկ գալիս են ու արցախցիներին, որ ամեն տունն ունի զոհ ու զինվոր, ասում են՝ չեք կռվել, մնայիք կռվեիք։ Ասում են՝ հեղաշրջման փորձ չպետք է արվեր, էդ ո՞րն է, Ալեն Սիմոնյան, հեղաշրջումը, էն, որ դուք շնորհավորե՞լ եք, Դավիթ Իշխանանին հեղաշրջման փորձի համա՞ր էիք շնորհավարում։ Եթե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը փախել է, Բաքվում գտնվելու համար են փախե՞լ։ Որ չեն կռվել այդ մարդիկ, ո՞ւմ էին հուղարկավորում այդ վերջին օրը, որ հետո չգիտեին՝ ոնց վերցնեին տանեին։ Մարդ կա, իր երեխուն փաթաթել է տոպրակի մեջ, բերել է, այդ երեխեն որտե՞ղ է զոհվել։ Արցախցիները կռվել են իմ փոխարեն էլ, ձեր փոխարեն էլ ու կռվել են ադրբեջանցիների դեմ։ Դուք մենակ հայերի դեմ եք կարողանում կռվե՞լ, է՞տ եք միայն կարողանում անել»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։

Միգուցե դա կապ ունի Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սրված այս իրավիճակի հետ․ Սիմոնյան

«Արդեն երրորդ ամիսն է, որ ադրբեջանական կողմը մեր առաջարկին որեւէ արձագանք չունի»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է։ «Դրա մասին մենք նաեւ զրուցում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ։ Եվ կարծում եմ՝ լավ կլինի, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունն ունենալ»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի բարձրաձայնի՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, քանի որ դրա իրավունքը չունի։ Բայց ասաց, որ հայկական կողմը փաթեթ է ներկայացրել Ադրբեջանի, սպասում են պատասխանի։

«Միգուցե դա կապ ունի Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սրված այս իրավիճակի հետ։ Բայց համենայնդեպս հայկական կողմը սպասում է արձագանքի։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավական մեծ դեր են խաղում եւ խաղացել վերջին շրջանի գործընթացներում։ Օրինակ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը, կոնկրետ ինչ-որ տեղերում դրանից հրաժարումը»,- ասաց նա։

Դժվար թե Հայաստանն ընդունի Ռուսաստանի միջնորդական ջանքերը Ադրբեջանի հետ բանակցություններում, միաժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը։

«Կարծում եմ, որ դա քիչ հավանական է: Իհարկե, մենք քննարկում ենք յուրաքանչյուր կոնկրետ առաջարկ, բայց անցյալի փորձը շատ վատ հիշողություններ է թողել, մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը դեռևս չունենք»,- ասաց նա։

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, բայց կողմերն ի վիճակի են դրանք վարել նաև ինքնուրույն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են իրենք շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը: Պահպանելով մեր պատրաստակամությունը ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերելու համար՝ մենք կողջունենք կողմերի անկախ ջանքերը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Շների ներգաղթը մարզերից Երեւան՝ ծիծաղելի լինելուց բացի մտահոգիչ է

“Ասում ենք՝ էտ թափառող շների դեմ պայքարում ի՞նչ եք արել, ասում ա (Երեւանի քաղաքապետ Ավինյանը) դե… մարզերից կենդանիների արտագաղթ կա դեպի Երեւան քաղաք”, ԱԺ ամբիոնից ասել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, ինչն առաջացրել է Նիկոլ Փաշինյանի անզուսպ ծիծաղը:

Շների ներգաղթը ծիծաղ լինելուց բացի մտահոգիչ է իրոք, եւ հայկական մամուլը վերջերս շատ է անդրադառնում այդ թեմային: Հայաստանի որ քաղաք գնում ես, ամենուր քոսոտ, ականջը դագած ու ագրեսիվ գամփռներ են, ընկերություն փնտրող լաբրադորեր շներ են, թաքուն քեզ նայող հասկի ու կապած, սովից տանջվող հարեւանի շուն: “Անտեր Կյորեսը շնանոց է դառել”, ասում էր մի կին, ում վրա առավոտ շուտ հարձակվել էին շները:

Государство, которое плохо относится к животным, всегда будет нищим и преступным (կենդանիների հետ վատ վերաբերվող պետությունը միշտ էլ լինելու է աղքատ ու հանցագործ), ասում էր Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյը: Այլ բան չի մնում անել, քան նայել Հայաստանի թափառող շներին ու եզրակացություններ անել արցախցիների “ներքին” միգրացիայի մասին:

Մարութ Վանյան

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահներն այնտեղ էին եւ պետք է պաշտպանեին հայ ժողովրդին»

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահներն այնտեղ էին եւ պետք է պաշտպանեին հայ ժողովրդին։ Եվ տեսեք՝ որտեղ են հիմա ռուս խաղաղապահները, եւ որտեղ է հայ ժողովուրդը, որը բնակվում էր Ղարաբաղում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրագրողները հիշեցրին, որ ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։

«Նախ Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն էր, որը երաշխավոր պետք է հանդիսանար, եւ որի զորքերն այնտեղ պետք է գտնվեին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց ՌԴ նախագահը հայտարարեց, որ դա Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք է։ Ներողություն եմ խնդրում, բայց Հայաստանի Հանրապետությանը նման բանի մեջ մեղադրելը խուսափողական գործելաոճ է։ Ամբողջ աշխարհը եւ իրենք էլ գիտեն, թե ինչ տեղի ունեցավ, ու ոնց իրենք մեզ մենակ թողեցին»-, ասաց Սիմոնյանը՝ անդրադառնալով ռուս պաշտոնյաների հայտարարություններին։

Սիմոնյան. «խաղաղության պայմանագրի» կնքման դեպքում էլ կհարձակվեն

«Ռազմական էսկալյացիայի գնահատական չեմ ուզում տալ։ Միշտ իրենք կարող են իրենց այս գործելաոճով հայտարարել, որ մենք ինչ-որ բան ենք անում կամ չենք ուզում խաղաղության պայմանագիր։ Մի քանի հատ մեքենա ենք գնել, իրենք միլիարդններով զենք են գնում՝ մի քանի մեծ երկրի հետ պատերազմելու բավարար, եւ մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա հավելեց, որ միշտ բարձր է գնահատում էսկալյացիայի վտանգը։ Ըստ Սիմոնյանի՝ թուլանալու իրավունք չունենք։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանին արված առաջարկը բավականին լավն է, ավելի վաղ կարելի էր «խաղաղության պայմանագիր» կնքել։

Սիմոնյանն ասաց՝ չի բացառվում, որ «խաղաղության պայմանագրի» կնքման դեպքում էլ կհարձակվեն։ «Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք եւ չպետք է այդ ուղղությամբ քայլեր անենք»,- նշեց նա։

Հարցին, թե ո՞ւմ է պետք այդ փաստաթուղթը, եթե անգամ դա ստորագրելու դեպքում Ադրբեջանը կարող է հարձակվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ասում եմ՝ դա չի բացառվում։ Մենք ստորագրում ենք՝ արձանագրելու այն բոլոր հարցերը, որոնց հետ կապված հնարավոր է ինչ-որ բաներ լինեն։ Վերջիվերջո Ադրբեջանն առաջարկեց, հնչեցրեց խաղաղության փաստաթուղթ ստորագրել միջազգայնորեն ճանաչված 5 սկզբունքների հիման վրա։ Ես էլ ասացի՝ այո, մենք համաձայն ենք։ Հիմա մենք ունենք 15, այսինքն՝ երեք անգամ ավելի պայման։ Անընդհատ Ադրբեջանը նոր բան է առաջարկում, եւ մենք քննարկման միջոցով այդ առաջարկի երկկողմ ընդունելի տարբերակն ենք փորձում գտնել։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանն այս հնարավորությունը չպետք է բաց չթողնի»։

Ղարաբաղի ինտեգրման «առեղծվածային» պլանը. ինչ էր սպասվում արցախցիներին

Ի պատասխան արցախցի լրագրողի այն հարցին, թե երբ կկարողանան վերադառնալ Արցախ, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա կլինի, երբ խաղաղ պայմանագիր կնքվի և ապահով պայմաններ ստեղծվեն։

Միաժամանակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Արցախի ժողովուրդը պետք է պայքարեր, հենց այն զենքով, որը «թողեց» Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ դիվանագիտական ​​աջակցությամբ։

Նա ասաց, որ պետք չէր Արցախում իշխանություն փոխել եւ անհապաղ լուծարման մասին հրամանագիր ստորագրել։

Ալեն Սիմոնյանը, Արագած Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ մյուս անդամները անընդհատ ասում են, որ եթե Արցախում իշխանությունը չփոխվեր և եթե Բաքվի հետ «համաձայնության գային», արցախցիներն այժմ Հայաստանում չէին լինի։

Արագած Միրզոյանն, օրինակ, ասում է, որ արցախցիները հույս չունենան, և ավելի լավ է «ինտեգրվեն» Հայաստանին, քանի որ չեն ցանկացել «ինտեգրվել» Ադրբեջանին։

Միրզոյանի խոսքով, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն օգտագործել են բոլոր առկա իրատեսական մեխանիզմները, որպեսզի հայերը շարունակեն ապրել Լեռնային Ղարաբաղում՝ պահպանելով իրենց իրավունքները։ Սակայն, ինչպես նշել է Միրզոյանը, այդ ջանքերը «պատշաճ աջակցություն չեն ստացել» Լեռնային Ղարաբաղի թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների կողմից, ինչը, ի վերջո, վատթարացրել է իրավիճակը։

Միրզոյանը հիշեցրել է, որ 2021-2022 թվականներին քննարկվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հնարավորությունը, այդ թվում՝ հանդիպումներ չեզոք տարածքում, օրինակ՝ Բուլղարիայում։ Սակայն, նրա խոսքով, այդ հեռանկարները խաթարվել են «կոնկրետ շրջանակների ջանքերով»։

Հայաստանը կոնկրետ ի՞նչ է առաջարկել արցախցիներին քննարկել Ադրբեջանի հետ։ Ինչպիսի՞ «ինտեգրման» մասին է խոսքը։

Իհարկե, բոլորի համար ավելի հեշտ կլիներ, եթե արցախցիներից ոմանք մնային Արցախում, վերցնեին ադրբեջանական անձնագիր ու իրենց որդիներին ուղարկեին ադրբեջանական բանակ։ Նրանք, ովքեր ցանկանում էին, կարող էին հեռանալ, բայց այլեւս փախստական ​​չէին լինի, և Երևանը ստիպված չէր լինի փող ու ջանք ծախսել նրանց վրա։ Արցախի հարցը «լուծված» կլիներ, և ամեն ինչ հիանալի կլիներ։

Բայց այս տարբերակը չստացվեց՝ արցախցիները հեռացան իրենց հազարամյա հայրենիքից, և ոչ թե այն պատճառով, որ իշխանությունը փոխվեց, այլ այն պատճառով, որ Արցախում ոչ մի մարդ չէր պատկերացնում «ինտեգրումը» սեփական ընտանիքի մակարդակով։ Բաքվի ներկայիս դատավարությունները ցույց են տալիս, թե ինչ կլիներ արցախցի տղամարդկանց հետ և ինչպիսին կլիներ կյանքը Արցախում։

Պաշտոնական Երևանը ոչ մի անգամ չի հայտարարել Հայաստանի անկախության հռչակագրի և Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման իրականացման նպատակահարմարության մասին։

Փոխարենը Ալեն Սիմոնյանը և մյուսները մեկը մյուսի հետևից քիքսեր են թույլ տալիս՝ հայտարարելով, որ «Արցախում մնացել է Հայաստանի Հանրապետության զենքերը» և որ իրենք փորձել են դիվանագիտական ​​աջակցություն ցուցաբերել «Արցախի ժողովրդի Ադրբեջանին ինտեգրելուն»։ Սա նման է խոստովանության, որը հետագայում պետք է կրկնվի դատարանում: