Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի համամարդկային արժեք, բռնազավթվել է մի արհեստածին պետության կողմից

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ 
Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ ամենամյա տոն, որի պաշտոնական նպատակն է ընդգծել թանգարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման, ինչպես նաև՝ մշակութային ժառանգության պահպանման և տարածման գործում։ Այս նախաձեռնությունը հիմնադրվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում։ 1978 թվականից ի վեր օրը նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։
1992 թվականից սկսած՝ Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի ունենում է որոշակի թեմա, որը կոչված է համախմբելու թանգարանային համայնքը և խթանելու մշակութային ինստիտուտների ակտիվ մասնակցությունը համաշխարհային գործընթացներին։ Սակայն այս խորհրդանշական նախաձեռնությունները հաճախ անզոր են իրական ազդեցություն ունենալու՝ հատկապես այն պարագայում, երբ մշակութային ժառանգությունը հայտնվում է բռնազավթման, մշակութային յուրացման և ջնջման պետական քաղաքականության թիրախում։
Այս մասին ամենաակնառու վկայությունն է բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող պետական մակարդակի մշակութային ցեղասպանությունը, որն իր ծավալներով հանդիսանում է 21-րդ դարի ամենալուրջ սպառնալիքներից մեկը՝ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության համար։
Հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից մեկը հանդիսացող Արցախը տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական ծրագրեր ու մշակութային միջոցառումներ՝ նպատակ ունենալով ներկայացնել իր հարուստ և բազմաշերտ ժառանգությունը։
Սակայն 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո, Արցախի շուրջ 28 պետական և մասնավոր թանգարաններն ու հավաքածուները՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, զրկվեցին ոչ միայն այդ օրը նշելու իրավունքից, այլև հայտնվեցին յուրացման, կեղծման և նպատակային ոչնչացման իրական սպառնալիքի առաջ։ Այս թանգարանները փաստացի լռեցվել են, իսկ նրանց հավաքածուները՝ կանգնած են ոչնչացման եզրին։
Արցախի մշակութային ժառանգությունը, որը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլև ունի համամարդկային արժեք, բռնազավթվել է մի արհեստածին պետության կողմից, որը տարիներ շարունակ իրականացնում է հայկական հիշողության համակարգված ոչնչացման պետական քաղաքականություն՝ պատմության աղավաղման, պատմա-ճարտարապետական հուշարձանների «վերագրման» ու ֆիզիկական ոչնչացման միջոցով։
Թանգարանների միջազգային օրն այս իրողությունների պայմաններում պետք է դադարի լինելու միայն հանդիսավոր միջոցառումների առիթ։ Այն պետք է դառնա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու կարևորագույն օրերից մեկը, երբ բարձրաձայնվում են մշակութային ահազանգերը՝ ի պաշտպանություն նրանց, որոնց ձայնը լռեցվել է, իսկ ժառանգությունը՝ գտնվում է ոչնչացման վտանգի տակ:

ԱՄՆ Բերկլիի համալսարանում Արցախի մասին «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է

ԱՄՆ Բերկլիի համալսարանում Արցախի մասին «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է Ադրբեջանի հյուպատոսարանից ստացված ուղիղ զանգի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանը։ Բերկլիի համալսարանի Human Rights Center-ից խոստավեցել են, որ ֆիլմի ցուցադրությունը կկայանա սեպտեմբերին։

Ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար «Տունս քաղցր ա» (“My Sweet Land”) վավերգրական ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը, որի թեման Արցախն էր լինելու։ Բայց ապրիլի 23-ի կազմակերպիչներն իրազեկվել են, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է։ Armenian Studies-ի դետարտմենտի եւ ուսանողների համար սա անակնկալ է եղել։ Հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնը հայտարարել է, որ ադրբեջանցի ուսանողների բողոքների եւ Ադրբեջանի դեսպանատան ջանքերով է ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել։ Ամբիոնը բացատրություն էր պահանջել համալսարանի Human Rights Center-ից։

Գոհար Վեզիրյանի տեղեկացմամբ՝ Բերկլիի համալսարանը պաշտոնապես հաստատել է, որ Լոս Անջելեսի Ադրբեջանի հյուպատոսարանից ուղիղ զանգ է ստացել, որից հետո էլ չեղարկել է «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը։

«Հայ ուսանողներն այդպես էլ որեւէ աջակցություն չստացան Գլենդելում գտնվող Հայաստանի հյուպատոսարանից, բայց կարողացան ինքնակազմակերպվել, բավականին տպավորիչ բողոքի ակցիա անցկացնել եւ հասնել նրան, որ Բերկլին նախ խոստովանի, որ զանգ է եղել, հետո դրա մասին պաշտոնական հաղորդագրություն տարածի, ապա ֆիլմի ցուցադրության օր առաջարկի։ Սեպտեմբերին այն կցուցադրվի։ Հավելեմ նաեւ, որ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ անգամ Բերկլիի համալսարանում բողոքի ակցիաներ չեն լինում։ Հայ ուսանողներն այս իմաստով առաջինը խախտեցին լռությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գոհար Վեզիրյանը։

««Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է Արցախի մասին՝ նախքան պատերազմը, պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո։ Գլխավոր հերոսը արցախցի 11-ամյա Վրեժն է, ով երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր հայրենի գյուղում։ Պատերազմի պատճառով Վրեժն ընտանիքի հետ ստիպված է լինում հեռանալ Արցախից, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում է ավերված հայրենիք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս վավերագրական ֆիլմը ներկայացվել էր Օսկարի՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ Սակայն Ադրբեջանի ճնշմամբ Հորդանանը հետ էր կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը։ Տեղեկություն էր եղել, որ Ադրբեջանի կառավարությունը դիմել էր Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն էլ իր հերթին ճնշումներ էր գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա, եւ ֆիլմը հետ էր կանչվել։

«Հիմա եմ սկսել հասկանալ անտեր բառի իմաստը»

Մինչև կառավարությունը ապրիլի 16-ին սկսել է ապրիլ ամսվա արցախցիներին տրամադրվող 40 հազ․ դրամ աջակցության փոխանցումը, Լիանա Պետրոսյանը գրել է

«Ինչպես այն, որ 2-ամսյա շարունակության պարագայում, երբ մաթեմատիկական անհասկանալի մեթոդով 40+10-ի գումարը դարձավ 40, թեպետ Կառավարության հիմնավորման մեջ հստակ արձանագրվել է, որ այն բյուջեի վրա լրացուցիչ բեռ չի հանդիսանում, այնպես էլ դրա տրամադրման ձգձգումն թույլ են տալիս մտածել, որ այս հարցում դիտավորություններն ավելի շատ են, քան՝ պատահականությունները։ Սա տեղահանվածների հոգեհուզական վիճակին ազդելու եթե ոչ նոր, գոնե՝ նոր գործարկվող մեթոդ է»։

Ի՞նչ են գրում արցախցիները: Մարդկանց չթիրախավորելու համար գրառումներն անանուն ենք ներկայացնում, զուտ նրա համար, որպեսզի հասկանալի լինի մարդկանց զգացմունքներն ու տրամադրությունները

Բարի օր, Էս 40 հազարներից լուր չկա՞:

Իսկ 40, թե՞ 50 հազար է լինելու:

Ժողովուրդ, ես մի բան գիտեմ, որ ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ զզվեն, թողնեն ու հեռանան այս երկրից: Թե արցախցիները, թե տեղացիները: Այնպիսի տպավուրություն է, որ քնելուց առաջ մտածում են, թե առավոտյան ինչ վատություն անեն մարդկանց:

Տեր Աստված, ես այդ թղթի կտորները չեմ ցանկանում վերցնել: Թող միայն գնանք մեր տները, թող թեկուզ ավերակներ դարձած լինեն, վրաններում կապրենք, մեր հողը, մեր սարերը, թքած այդ երկու կոպեկի վրա, բոլ ա լի…

Երկու ամսից դա էլ չի լինելու, ասում են մենակ թոշակառուներին, հաշմանդամություն ունեցողներին ու երեխաներին են տալու, այն էլ 30 հազար։

Ուշացումները մեծ խնդիր են առաջացնում: Տանտերերին չի հետաքրքրում, թե ինչու չտվեցին: Մեծամասնությունը հայտնվելու է դրսերում: Ի՞նչ են մտածում։

Իսկ երկու ամիս հետո ի՞նչ է լինելու: Բազմաթիվ ընտանիքներ չեն օգտվելու ոչ մի ծրագրից, Ի՞նչ է նշանակում խոցելի խմբեր, իսկ մնացածը երբվանի՞ց անխոցելի դարձան։

Ծրագրի կրճատումից հետո 70% հայտնվելու են փողոցում: Արցախահայերս տան կարիք ունենք, ոչ թե փողի: Թող պարզ ասել, որ ոչ փող, ոչ տուն ենք տալու, մարդիկ էլ իմանան, ինչ անել: Ինչպես Պրահայում ապրօրինի տվեցին Արցախը, թող այդ հեշտությամբ էլ հետ մեզ տան: Իմ տունն Արցախում է։

Ավելի լավ է մնայի իմ տանը, թող ինձ էլ մորթեին ադրբեջանցիները, միայն թե այս վիճակում չհայտնվեի: Ընդհանրապես, մեր մասին մտածող կա՞, սա ի՞նչ անտեր վիճակ է: Ում դիմել ենք մեր խնդիրներով` ապարդյուն: Աշխատանք չենք գտնում, դեղորայք չենք կարողանում գնել, չենք կարողանում վարձ վճարել, տարրական կարիքներ հոգալ, բոլորս չէ, որ բիզնեսմեններ են: Ի վերջո, մեկը պե՞տք է մտածի ժողովրդի մասին, թե՞ ոչ: Հիմա եմ սկսել հասկանալ անտեր բառի իմաստը:

Շատերը հույս ունեն, որ ծրագիրը շարունակվելու է: Եթե ոչ, թող էն գլխից հստակ ասեն` իմանանք ինչ անել:

Ի՞նչ սպասել նման հոգեբուժարան-պառլամենտից: Հեռու չէ այն օրը, կգա այն ու կհայտնվեք արցախցիների կարգավիճակում ու կհասկանաք մեզ:

Մարութ Վանյան

Ծաղրանկարը՝ Ալվարդ Գրիգորյանի

Ստեփանակերտում քանդել են մարշալ Բաղրամյանի հուշարձանը

“Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը։ Մինչև արմատը՝ առանց հետք թողնելու։ Մինչ այդ նրանք պղծել էին արձանը՝ կոտրելով քիթը և ոչնչացնելով հայերեն արձանագրությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը։

«Այն Ստեփանակերտում մնացած վերջին քանդակագործական հուշարձանն էր մինչև 2025 թվականի մայիսի 9-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։ Մինչ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը զայրացած է և կատաղած՝ իր արդարացի զայրույթով հիշատակելով Բաղրամյանի անունը, իսկ Մարիա Զախարովան փորձում է արդարացնել Ալիևի բացակայությունը Հաղթանակի շքերթից, ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը քանդում է խորհրդային դարաշրջանի ականավոր ռազմական գործիչներից մեկի հուշարձանը։ Մենք սպասում ենք Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի զայրացած բաց նամակին»,– ասվում է նրա գրառման մեջ։

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին. ինչ է քննարկվելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցների մասին։

Ինչպես նշված է Սպիտակ տան սեփականատիրոջ TRUTH Social սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ, նրա և ռուսական ռեժիմի ղեկավարի զրույցը նախատեսված է երկուշաբթի՝ մայիսի 19-ին, Կիևի ժամանակով ժամը 17:00-ին։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը կզանգահարի իր ուկրաինացի գործընկերոջը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։

Ամերիկացի նախագահի խոսքով՝ զրույցի թեմաները կլինեն «արյունահեղության դադարեցումը», ինչպես նաև առևտուրը։ Թրամփը հույս հայտնեց, որ նախատեսված բանակցությունների օրը արդյունավետ կլինի։ Նա հույսը դնում է հրադադարի համաձայնագրի վրա, որը կհանգեցնի պատերազմի լիակատար դադարեցմանը։

Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը

Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանի պաշտպան Վլադիմիր Հայրապետյանը։

«Ղարիբ Բաբայանի գործով քրեական Դատարանի 02․02․2025թ-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարման արդյունքում՝ Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն և որպես պարտականություն սահմանելով, դատարանը արգելել է Ղարիբ Բաբայանին սոցիալական ցանցերում, համացանցային հարթակներում, ծառայություններում կամ կայքերում հրապարակային կոչեր կատարելը։ Դատարանի հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով։ Վերաքննիչ քրեական Դատարանի 06․03․2025թ-ի որոշմամբ բավարարվել է նրա բողոքարկումը և հիմնավոր կասկածի բացակայությունը արձանագրելով մերժել է դատախազի հատուկ վերանայման բողոքը։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման Վճռաբեկ բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազի կողմից, որի արդյունքում էլ ՀՀ Վճռաբեկ Դատարանի քրեական պալատը 07․05․2025թ-ի որոշմամբ՝ մերժել է Գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Այսպիսով վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մնաց օրինական ուժի մեջ», – գրել է փաստաբանը։

«Հայկական Շուշի» ցուցահանդես

Արցախի թանգարանները ամեն տարի մասնակցում էին «Թանգարանների գիշեր» միջազգային միջոցառմանը։ Ցուցահանդեսները հիմնականում նվիրված էին հայկական մշակութային հուշարձաններին։

44-օրյա պատերազմից հետո նման ցուցահանդեսները հատկապես արդիական էին։

2021 թվականին Արցախի պատմական միջավայրի պաշտպանության պետական ​​ծառայությունը կազմակերպել է 20-րդ դարի սկզբի հայկական Շուշիին նվիրված լուսանկարչական ցուցահանդես։

Ցուցահանդեսը ցույց տվեց, որ օկուպացված տարածքներում հայկական հուշարձանների անվտանգության վերաբերյալ մտահոգությունները արդարացված էին։

Ալվարդ Գրիգորյան

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը հանդիպել է Արցախի նախագահի հետ

Այս շաբաթ Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Վոնտոբելը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության պաշտոնական ընդունումից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով այցելեց Հայաստան, հաղորդում է Re:Public Press-ը։

Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատների կողմից պաշտոնապես ընդունված նախաձեռնությունը կոչ է անում ստեղծել միջազգային խաղաղության ֆորում։ Այդ ֆորումի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղահանված հայերի միջազգային հսկողության ներքո վերադառնալու իրավունքին։

«Այս պատմական բանաձևի (առաջարկ թիվ 24.4259) հեղինակ Վոնտոբելը շեշտեց կառուցողական երկխոսության և բռնի տեղահանված անձանց իրավունքները ճանաչող շրջանակի ստեղծման անհրաժեշտությունը։ Ավելի քան 120 հազար բնիկ հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը, և այդ մարդասիրական ճգնաժամը գրավել է աշխարհի ուշադրությունը։ Առաջարկն արևմտյան ժողովրդավարական ինստիտուտի կողմից Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության եզակի կարգավիճակի առաջին պաշտոնական ճանաչումներից մեկն է։ Այն ընդգծում է աճող կոնսենսուսն, որ նման զանգվածային տեղահանությունը չի կարող կանոնավորվել կամ անուշադրության մատնվել։

Շվեյցարիայի նախաձեռնողական դիրքորոշումն այս հարցում դիտվում է որպես միջազգային դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման մեջ կարևոր նախադեպի ստեղծում՝ ընդգծելով խոցելի բնակչությանը պաշտպանելու և խաղաղ միջոցներով արդարություն ապահովելու գլոբալ մեխանիզմներ ստեղծելու հրատապ անհրաժեշտությունը»,-գրում է Re:Public Press-ը։

Արցախցիների ծրագրերը շարունակելու համար անհրաժեշտ է գումար, բայց նախ՝ հայեցակարգ

Երեկ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը Step1.am-ին հայտնել է, որ սկսվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի և Հայաստանի կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խմբերի համատեղ աշխատանքը։ Նրա խոսքով՝ հիմնական քննարկումները կծավալվեն սոցիալական ծրագրերի շուրջ, չնայած քաղաքական և իրավական հարցերը նույնպես չեն մոռացվի։

Հայաստանի կառավարությունը պնդում է, որ ֆինանսական խնդիրներ չունի արցախցիներին օգնելու համար։ Ինչպես նշում են մասնագետները, անհրաժեշտ գումարը հատկացված է Հայաստանի 2025 թվականի բյուջեում։ Եվ այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է օգնությունն անարդյունավետ, ինչո՞ւ դադարեցվեց 50 հազարի չափով աջակցությունը, գուցե կառավարությունը չունի՞ քաղաքական կամք և լավ մտածված հայեցակարգ։

Ոչ ոք այլևս չի հավատում կառավարության «հիմնավորումներին», թե իբր արցախցիները չեն ցանկանում ինտեգրվել, չեն ցանկանում ընդունել Հայաստանի քաղաքացիություն և ներկայացնում են ռուսամետ «սպառնալիք» ներկայիս կառավարության համար։ Արդեն իսկ ակնհայտ է, որ Արցախի ժողովրդի համար նախատեսված «ինտեգրման» ծրագրերը չեն գործում միայն այն պատճառով, որ ի սկզբանե մշակվել են զրոյական արդյունքով։

Ի՞նչ է ՀՀ կառավարությունը նախատեսում առաջարկել Արցախի ժողովրդին երկարաժամկետ հեռանկարում։ Այս հարցը հետաքրքրում է ոչ միայն հենց արցախցիներին, այլև միջազգային դոնորներին, ովքեր գումար են տալիս կառավարությանը և չեն հասկանում, թե ինչու է արցախցիները դժգոհ կառավարության ծրագրերից։

Երեկ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

“Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական միության ցուցաբերած աջակցությունը:

Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները կարևորել են միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության շարունակականությունը, մասնավորապես՝ կենսակայունացման և զբաղվածության ծրագրերի արդյունավետ մեխանիզմների մշակման և իրականացման նպատակով: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակին և դրա ընդլայնման հնարավորություններին”, ասված է պաշտոնական հաղորդակցության մեջ:

Նման հանդիպումը նշանակում է, որ ԵՄ-ն հարցեր ունի Հայաստանի կառավարությանը, և Հայաստանի կառավարությունը ԵՄ-ից գումար է խնդրում բնակապահովման ծրագրերը վերանայելու համար։

Հիշեցնենք, կառավարությունը ընդունել է, որ բնակարանային և զբաղվածության ծրագրերը ձախողվել, են և պատրաստ է կատարել «հիմնավորված ճշգրտումներ»։ Ճշգրտումներից մեկը յուրաքանչյուր արցախցու համար բնակարանային սուբսիդիայի չափի ավելացումն է, իսկ դա գումար է պահանջում։ Գումար է պետք նաև սոցիալական բնակարանաշինության դեպքում, 40 հազարի չափով բնակարանային նպաստների երկարաձգմանը գոնե մինչև տարեվերջ։

Բայց սրանք բոլորը ժամանակավոր միջոցառումներ են, և պարզ չէ, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում Արցախի ժողովրդի ապագա ճակատագիրը և արդյոք մշակվել է մոտավոր հայեցակարգ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի արտաքսումից անմիջապես հետո կառավարությունը չէր բացառում արցախցիների վերադարձի հարցը, իսկ Փաշինյանը պնդում էր՝ անհրաժեշտ է ապահովել, որ արցախցիները չլքեն Հայաստանը։ Այդ ժամանակ Արցախում դեռևս ռուսական զորքեր կային, և քննարկվում էր նրանց ներկայությունը երկարաձգելու հնարավորությունը։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր հետ ուղարկել մի քանի տասնյակ հազարավոր ղարաբաղցիների, որոնց ռուսները պետք է «պաշտպանեին»։ Այս «հայեցակարգի» շրջանակներում Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի բնակիչների ՀՀ անձնագրերը և նրանց տրամադրում է «ժամանակավոր պաշտպանություն»։ Սա ոչ միայն «զրոյացրեց» արցախցիների հայկական քաղաքացիությունը, այլև զրկեց նրանց փախստականի միջազգային կարգավիճակ ստանալու հնարավորությունից։

Սակայն շուտով ռուսական զորքերը լքեցին Ղարաբաղը, և Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ արցախցիների վերադարձը անիրատեսական է, ուստի միակ ճանապարհը ինտեգրումն է։ Միաժամանակ սկսվեց արցախցիների «նատուրալիզացիան» Հայաստանում, նրանց սկսեցին ստիպել մեկ կապույտ անձնագիրը փոխարինել մյուսով, մինչդեռ արցախցիների սոցիալական աջակցությունը մնաց 2023 թվականի աշնան մակարդակին։ Մարդիկ չունեն ո՛չ բնակարան, ո՛չ աշխատանք, ո՛չ հեռանկարներ, և “ինտեգրումը”նման պայմաններում անհնար է։

Հայաստանի կառավարությունն իր համար «փակել» է Արցախի հարցը և հիմա փորձում է գումար գտնել՝ ինչ-որ կերպ «արցախցիների» հարցը փակելու համար, քանի որ «աշխատեք և գոյատևեք Հայաստանի մյուս քաղաքացիների նման» ցինիկ կոչերը այլևս չեն գործում։

Նաիրա Հայրումյան

Հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման պատասխանատուները պետք է կատարեն իրենց գործառույթները

Սերգեյ Շահվերդյան, «Արցախի մշակույթի և տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ, Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար

«Թանգարանների գիշերվա» և Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Արցախի 28 թանգարաններ՝ իրենց եզակի հավաքածուներով, կորցված են։ Բնականաբար, ամեն ինչ յուրացվեց Ադրբեջանի կողմից։

Միայն Շուշիի և Հադրութի թանգարաններում կար ավելի քան 20 հազար ցուցանմուշ։ Բայց ես երբեք չեմ խոսում կորած թանգարանային ցուցանմուշների քանակի մասին, քանի որ դրանց արժեքը քանակով չի որոշվում։

Թանգարաններից բացի, Արցախում կային 2 բնապատմական և 3 բնամշակութային արգելոցներ։

44-օրյա պատերազմից հետո՝ 2022 թվականի գարնանը, մի խումբ էնտուզիաստների հաջողվեց համոզել Արցախի կառավարությանը, որ անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ մարմին, որը կզբաղվի օկուպացված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությամբ։ Նախագահի հրամանագրով ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական ​​խորհուրդ, որի կազմում ընդգրկված էին պետական ​​պաշտոնյաներ, փորձագետներ և մասնագետներ Արցախից և Հայաստանից։

Երկու հոգուց բաղկացած թիմին հաջողվել է վերականգնել Շուշի քաղաքում գտնվող յոթ հավաքածուների՝ թանգարանային և արվեստի կատալոգները։ Այս կատալոգները ներկայացվել են, փոխանցվել են Հայաստանի և Արցախի պետական ​​մարմիններին և հրապարակվել տարբեր էլեկտրոնային հարթակներում։

Այժմ մեր Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը, Նիդեռլանդների Թագավորության Երևանի դեսպանատան աջակցությամբ, վերականգնում է Շուշիում կորած թանգարանային գանձերի ևս չորս կատալոգ։ Մեզ հաջողվեց սա անել չորս ամսում, քանի որ դեռևս 2022 թվականին Պետական ​​խորհրդի թիմը կարողացավ հավաքել այս բոլոր նյութերը։ Մենք մոտ ապագայում նախատեսում ենք ներկայացում այն։

Հուսով ենք, որ նախագիծը կշարունակվի, և մենք կկարողանանք վերականգնել մնացած բոլոր կորած թանգարանային հավաքածուների կատալոգները։ Մեր գործակալությունը երբեք չի դադարեցրել աշխատել այս ուղղությամբ, նույնիսկ դժվարին ժամանակներում։

Հայաստանի կառավարության ներկայիս քաղաքականությունը ոչ մի կերպ չի նպաստում Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը։ Ամենապարզ օրինակն այն է, որ Հայաստանի մշակույթի նախարարության աշխատանքը կատարում են հասարակական գործիչները, ինչը բացարձակապես անընդունելի է, այսպես չպետք է լինի։

Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու մարմինները պետք է կատարեն իրենց անմիջական գործառույթները՝ անկախ կառավարության արտաքին քաղաքականությունից։ Այլ կերպ ասած՝ «պետք է կատարել տնային աշխատանքը», քանի որ մի օր քաղաքական կուրսը կարող է փոխվել։ Եվ այն, ինչ մենք հիմա անում ենք, այսինքն՝ թվայնացնում ենք հավաքածուները, այս աշխատանքը մի քանի տարի անց անհնար կլինի իրականացնել։ Ի վերջո, հիշողության կրողները արտագաղթում են, կորցնում հետաքրքրությունը կամ պարզապես հավերժ չեն։ Այն աշխատանքը, որը պետք է հիմա կատարվի, հետագայում անհնար կլինի, ինչը, անշուշտ, կհանգեցնի կարևոր ազգային արժեքների, այդ թվում՝ ինքնության կորստի։

Ալվարդ Գրիգորյան

Հայաստանի գլխին բերած քրաշ-տեսթերը հատկապես ցավոտ են տանում երեխաները

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի դպրոցներում, «մեծահասակների» կողմից անցկացված քրաշ-թեստերի արդյունք է։

Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված «բարոյահոգեբանական» հեղափոխությունը, որն ուղղված է ազգային մատրիցան քանդելուն, ամենացավոտ ազդեցությունն ունի հենց երեխաների վրա։ Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Հայաստանի փոքրիկ քաղաքացիները ստիպված են եղել մի շարք հոգեբանական աղետների բախվել։

Սկզբում նրանք ընտանեկան սեղանների շուրջ լսում էին հայրենասիրության ոգով կենացներ, ապա ինչ-որ կերպ դիմացան պարտության փլուզմանը։ Ապա նրանց սկսեցին համոզել, որ սա ամենևին էլ պարտություն չէ, քանի որ Ղարաբաղը մերը չէ, այն «հորինել» են նախկինները՝ այնտեղ հայերին սպանելու համար։

Ապա Արարատի ստորոտում մեծացող խեղճ երեխաներին սկսեցին համոզվել, որ ավելի ճիշտ է նայել Արագածին։

Հերոսներն էլ են փոխվել. լուսավոր, կապուտաչյա Աբաջյանի փոխարինելու են եկել էակներ, ովքեր խորհրդարանում հայհոյում են և հրաժարվում են արտասանել «Արցախ» բառը։ Խորհրդարանի նախագահը կոչ է անում օրինականացնել մարիխուանան, քանի որ անիմաստ է դրա դեմ պայքարել։

Ինչո՞ւ այդ դեպքում չկապել 4-րդ դասարանցիներին զուգարանի մեջ և ստիպել նրանց տնից փող գողանալ թմրանյութերի համար։

Մենք պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ է կատարվում մեր խեղճ երեխաների գլուխներում, որոնց ոչ ոք չի օգնում անցնել քրաշ-թոստը։

2019 թվականին Փաշինյանը Ալիևին չէր ստիպում «խաղաղության պայմանագիր» կնքել՝ սպասելով «գետնի վրա փոփոխություններին»

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից, որտեղ երեկ մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, առցանց հայտնված կադրերը տհաճ ասոցիացիաներ են առաջացրել Նիկոլ Փաշինյանի լրագրողական անցյալի հետ կապված։ Ալիևին համոզելու նրա եռանդը՝ ամեն գնով ստորագրել Հայաստանի համար ամոթալի «խաղաղության պայմանագիրը», նման է սկանդալային լրագրողի ձգտմանը՝ ցանկացած գնով լավ վարձատրվող սենսացիա առաջացնել համաշխարհային տեղեկատվական տարածքում։

Իրականում, լրագրող Փաշինյանը կարող էր ստանալ բաղձալի «պայթյունը» 2020 թվականի պատերազմից առաջ, եթե ստիպեր Ալիևին ստորագրել ինչ-որ թուղթ՝ ճանաչելով «գետնի վրա առկա իրականությունը»։ Այդ ժամանակ առավելությունը հայկական կողմինն էր, Արցախը հայկական էր, այնտեղ ռուսական զորքեր չկային, Մինսկի խումբը, ինչպես խոստովանեց Ալիևը, ստիպում էր նրան «ճանաչել Ղարաբաղի անկախությունը», ոչ ոք կասկածի տակ չէր դնում Հայաստանի Սահմանադրությունը և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, իսկ Փաշինյանն ինքը «ձիու վրա» էր և առանց ծերունական գլխարկի։

30 տարի շարունակ Բաքուն հրաժարվում էր որևէ թուղթ ստորագրել Հայաստանի հետ՝ ամեն կերպ ցույց տալով, որ պարտությունը ժամանակավոր է, նրանք «կվերադառնան» և իրենց դաշնակիցների օգնությամբ կպատժեն հայերին, ովքեր 1988-91 թվականներին գրեթե ոչնչացրին համաշխարհային կարգը։

Չնայած ահռելի առավելությանը՝ Փաշինյանը որոշեց, որ պետք է սկսել զրոյից և ընդունել նոր Սահմանադրություն, չնայած այդ ժամանակ նա չմանրամասնեց, թե գործող Սահմանադրության մեջ ինչն իրեն դուր չի գալիս։ Այդ ժամանակ Հայաստանը նրա համար «իրական» չէր, չնայած Շուշի կատարած իր այցելություններին և 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքին, երբ նա հայտարարվեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Պարզվեց, որ Արցախը Հայաստան է, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջան, և այսօր Հայաստանի խորհրդարանում Ստեփանակերտն արդեն կոչում են Խանքենդի։

2019 թվականին Փաշինյանը չձգտեց ստորագրել «խաղաղության պայմանագիր»՝ սպասելով իրականության փոփոխությանը և ամեն ինչի «զրոյական վիճակի» վերադառնալուն։ Հիմա նա վազվզում է Ալբանիայով մեկ և Ալիևին հրավիրում սուրճի, մինչդեռ Բաքվի արտաքին գործերի նախարարությունը նոր պահանջներ է առաջադրում՝ հանել արարատը Հայաստանի զինանշանից, մոռանալ «Միացումի» մասին և հանձնել «ռազմական հանցագործներին»։

Ալբանիայում կայացած հանդիպման մանրամասները չեն հրապարակվում։ Դրանք հայտնի կդառնան, երբ Փաշինյանը վերադառնա Երևան, մամուլի ասուլիս հրավիրի և հայտարարի, որ եթե Հայաստանը չհեռացնի արարատը իր զինանշանից, չփոխի Սահմանադրությունը և չարտահանձնի «հանցագործներին», պատերազմ կլինի։

Փաշինյանի կուսակցությունը հպարտությամբ «խաղաղություն» է անվանում Հայաստանում տիրող քաոսն ու անորոշությունը, համարելով, հանուն նման խաղաղության նույնիսկ պետականություն կարելի է զոհաբերել։

Նաիրա Հայրումյան