Փոխքաղաքապետը խոստովանում է տրանսպորտային բարեփոխումների ձախողումը

«Չեմ թաքցնի՝ կան քաղաքացիներ, որոնք այսօր, ամեն դեպքում, բոյկոտային տրամադրությանը միանում են, բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ այդ պրոցեսը կարելի է շատ միանշանակ ձախողված համարել», – «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Սակայն զրուցի ընթացքում նա ձախողման մի քանի ապացույց բերեց։

«Հաշվարկի մեթոդաբանության մեջ պարզաբանելու որոշակի խնդիր ունենք, բայց առանց թվերի էլ այսօր կարելի է տեսնել, որ համատարած բոյկոտ չկա»: Այսինքն, դեռ չգիտեն, թե ինչքան գումար է հավաքագրվում, կամ գիտեն, բայց վախենում են ասել։

Նա ընդունեց, որ ուղևորափոխադրման «որոշակի օբյեկտիվ նվազում» կա, «բավականին դեռ ուղևորահոսքը իջած է, այսինքն՝ օբյեկտիվորեն դեռ այն ուղևորահոսքը չի, որ ունեինք նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին»:

«Այո, ասել, որ համատարած փաթեթների վաճառք կա, և մարդիկ ամբողջությամբ մինչև փետրվարի 1  պատրաստ էին նոր համակարգի գործարկմանը, չեմ կարող այդպես ասել»:

«Ի սկզբանե ուղևորահոսքի մեկ այլ հաշվարկ էր հիմք ընդունվել։ Երբ նոյեմբերի 1-ին արգելեցինք առհասարակ վարորդներին գումար տալ, և արդեն կարող էինք ասել, որ ստվերը, եթե կա էլ, էական ազդեցություն չի ունենում թվերի վրա, արդեն այդ ուղևորահոսքի թիվը հիմք ընդունեցինք»:

«Երբ ասում ենք՝ իջնելու տեղ ունենք, եկեք այսպես ասենք՝ այո, իջնելու տեղ ունենք մինչև զրո՝ տրանսպորտը կարող ենք սարքել ամբողջությամբ անվճար, հարցը այն է, թե այդ որոշման գինը որն է: Այո, միշտ հիմնավոր եմ համարել, ուղղակի միշտ մենք փորձել ենք ժողովրդի հետ կոմունիկացնենք»:

Եթե քաղաքապետարանը ի սկզբանե հիմնավոր հաշվարկ ներկայացներ եւ ուղեվարձը 150 դրամ սահմաներ, հնարավոր է՝ բոյկոտ չլիներ եւ մարդիկ ընբռնումով վերաբերվեյին։ Հիմա, երբ փոխքաղաքապետը խոստովանում է, որ ոչ մի հաշվարկ էլ չի եղել, ուղղակի 300 դրամ թիվ են “կրակել”, նույնիսկ 150 դրամն է կասկածելի թվում։ 

Անհասկանալի է նաեւ, թե ինչ պլան Բ ունի քաղաքապետարանը, եթե մարդիկ մեծամասամբ չվճարեն՝ բարեփոխումը ձախողված համարելով։

Օջալանը կարող է քրդերին կոչ անել զենքերը վայր դնել և դադարեցնել թուրքական պետության դեմ զինված պայքարը

Առաջիկա օրերին Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր,1999 թվականից Իմրալի կղզու բանտում գտնվող Աբդուլա Օջալանը հանդես կգա իր աջակիցներին ուղղված «պատմական կոչով»։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի քրդամետ DEM կուսակցության համանախագահ Թունջուր Բատիրխանը։

Կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ Օջալանը կարող է դիմել իր կողմնակիցներին զենքերը վայր դնելու և թուրքական պետության դեմ զինված պայքարը դադարեցնելու կոչով։

Թուրքիայի կողմից Սիրիային տիրանալուց եւ Թրամփի՝ իշխանության գալուց հետո զինված պայքարը անիմաստ է․ նոր սահմանները որոշվելու են սեղանի շուրջ

Փետրվարի 5-ին հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում  են տեղումներ

Փետրվարի 5-ին հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում  են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +8+10։

Արցախի ՊԲ-ի 15% է անցել ծառայության ՀՀ-ում

Արցախի հայաթափումից հետո Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչների ընդամենը 15% է անցել ՀՀ-ում զինվորական ծառայության, այս մասին այսօր «Ուղիղ երկխոսություն. փախստականների կարիքների հասցեագրումը Հայաստանում» թեմայով համաժողովի պանելային քննարկման ժամանակ նշեց Արցախի պահեստազորի սպա, գնդապետ Գրիգորի Սահակյանը։

«Հակարիի կամուրջն անցնելուց հետո «պարզվեց» , որ զինված ուժերի ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիներ չեն, այնինչ Արցախի ՊԲ ներկայացուցիչները ՀՀ զինված ուժերի մի մասն էին»,- նշել է նա։ Պահեստազորի սպայի կարծիքով, այս ցուցանիշը մեծապես կապված է նրա հետ, որ ՊԲ զորամասերը եւ ստորաբաժանումները զորացրվել են եւ այստեղ մոտեցումները ոչ թե կոլեկտիվ, այլ անհատական են եղել։

«Ոչինչ հաշվի չի առվել տեղահանությունից հետո, ասես այդ մարդիկ երբեք չեն ծառայել զինված ուժերում՝ ոչ ստաժ, ոչ փորձառություն ունեն», նշել է Գրիգորի Սահակյանը։

Շվեդիայի դեսպան․ Չկար միջազգային դատական համակարգ, որ կարող էր բացել Լաչինի միջանցքը

Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կողմից այսօր Երեւանում կազմակերպվել է «Ուղիղ երկխոսություն. փախստականների կարիքների հասցեագրումը Հայաստանում» թեմայով համաժողով, որին մասնակցում էին Հայաստանում Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի դեսպաններն ու ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալը, քաղհասարակության ներկայացուցիչներ եւ տեղահանված արցախցիներ։

2023թ. Արցախի հայաթափումից հետո մի շարք միջազգային ծրագրեր մեկնարկեցին արցախցիներին օգնելու համար։

«2023թ-ին տեսնում էինք, որ սեւ ամպեր են կուտակվում Լեռնային Ղարաբաղի վրա։ Մարտահրավերային իրավիճակ էր Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Չկար միջազգային դատական համակարգ, որ կարող էր բացել Լաչինի միջանցքը։ Մենք մեր գնահատականն էինք տալիս, բայց պատրաստ էինք վատագույնին։ Ցավոք վատագույը տեղի ունեցավ՝ ռազմական հարձակումով»,- նշել է Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնը, հույս հայտնելով, որ միջազգային օգնությունները կշարունակվեն՝ արցախցիներին օգնելով լիարժեք ինտեգրվել Հայաստանում։

Լրագրող Սիրանուշ Սարգսյանի կարծիքով ուղիղ երկոսությունն այնքան էլ չի կայանում, որովհետեւ շատ հաճախ տեղահանված ընտանիքների մի մեծ մասը տեղյակ չէ առկա աջակցեւթյան ծրագրերից։

«Շրջափակման 10 ամիսների ընթացքում մենք կատարյան մենության մեջ էինք, նույնիսկ Հայաստանից չկար օգնություն, կարծես մենք գոյություն չունեինք այս աշխարհի համար։ Ծրագիրը հնարավորություն է տվել, որ արցախցիները մասնակցեն եւ ինչ որ բան սովորել։ Մենք իհարկե, շնորհակալ ենք աջակցության համար, սակայն մեծագույն աջակցությունն այս պահին 40+10 ծրագիրն է, որը առաջիկայում դադարեցնելու են,- իր մտահոգությունն է հայտնում Սիրանուշը։

Մարիամ Սարգսյան

Ռեշտ-Աստարա բազմաչարչար երկաթգիծ. Իրանը չի ուզում, էլի

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև մարտ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի նախագծի շրջանակներում Ռաշթ-Աստարա հատվածում երկաթուղու կառուցման պայմանագիր ստորագրել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Դուք գիտեք, որ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի շրջանակներում ամենակարևոր հարցը Ռաշթ-Աստարա հատվածի երկաթուղու կառուցումն է։ Ռուսաստանի և Իրանի տրանսպորտի նախարարները վերջին երեք ամսվա ընթացքում բազմիցս խորհրդակցություններ են անցկացրել այս նախագծի վերաբերյալ: Նրանք շատ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Նախարարները պայմանավորվել են այդ նախագծի իրականացման մասին գործադիր պայմանագիր ստորագրել մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը»,-ասել է իրանցի դիվանագետը։
Նա հույս է հայտնել, որ ստորագրումից անմիջապես հետո կսկսվեն այդ նախագծի իրականացման առաջին գործնական քայլերը:
Ռեշտ-Աստարան փոքր հատված է, որը «ընդհատում» է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղային կապը։ Այս հատվածը կառուցվում է ավելի քան 20 տարի, սակայն չի ավարտվում։ Իրանը չի թաքցնում, որ իրեն պետք չէ այս երկաթուղին։ Իրանը կցանկանար տեսնել «հին» ճանապարհի բացումը` Նախիջևանով, Հայաստանով և դրանից դուրս: 

200-ից ավել հայերի կյանք խլած Հայկազովում պայթյունի մասին լռում են, մեղավոր չեն գտնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում 2023 թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հնարավոր է պատասխանատվության ենթարկեն Արցախի ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանին։ Զորամասի տարածքում վառելիքի պահեստի պահպանության գործառույթը վերապահված է եղել ՊԲ հատուկ ստորաբաժանմանը, որը պետք է քաղաքացիներին անվտանգ վառելիք տրամադրեր, ինչը չի արվել։ Արցախի պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնում Վարդանյանը նշանակվել էր 2020 թ. պատերազմի ավարտից մեկ տարի անց` 2021-ի սեպտեմբերին։ Լուրեր կան, որ նա վերջերս Սուրեն Պապիկյանի խորհրդական է նշանակվել՝ հասարակական հիմունքներով»։

Թերթը դատախազություն հարցում է արել՝ ի՞նչ փուլում է հարուցված վարույթի նախաքննությունը, կա՞ն մեղադրյալներ, ո՞րն է հիմնական վարկածը։ Դատախազությունից ի պատասխան չեն հերքել Վարդանյանի առնչության փաստը պայթյունին։ «Վարույթը գտնվում է նախաքննության փուլում, իրականացվում են մեծածավալ ապացուցողական եւ վարույթային այլ գործառույթներ, որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Հայցվող մնացած տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»։

Սեպտեմբերի 25-ի պայթյունից 1,5 տարի անց իրավական եւ քաղաքական որեւէ գնահատական չի տրվել։ Ի՞նչ էր դա՝ ողբերգական պատահականությո՞ւն, անփութությո՞ւն, թե՞ դիվերսիա։ Պայթյունից տուժածներից մի քանիսն, օրինակ, ասում են, որ այդ պահին երկնքում անօդաչու են տեսել։  

Եթե դա դիվերսիա էր, ապա ո՞վ էր պատասխանատու։ Այդ օրերին Ակնայում դեռ գործում էր ռուս-թուրքական “մոնիտորինգային” կենտրոնը, եւ եթե օդում անօդաչու կար, դրա մասին հաստատ կինանան ռուսները։ 

2020-2023 թթ․ իրադարձությունների գնահատականներ Հայաստանում չեն տալիս, որ հանկարծ չխաթարվի “խաղաղ գործընթացը”։ Չէ՞ որ դատախազությունը չի կարող արցախցիներին եւ բանակին մեղադրել ռմբակոծությունների, հարձակումների, սպանությունների եւ բռնի տեղահանության մեջ։ Ստիպված կլինեն մեղադրել կամ Բաքվին, կամ Մոսկվային, իսկ դրա համար դուխը չի հերիքում։ 

200-ից ավել հայերի կյանք խլած պայթյունի մասին լռում են։     

Փաշինյանը ԱՄՆ-ում․ Սփյուռքը կվերցնի՞ իր վրա հակաազգային պատասխանատվությունը

Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը նուրբ կոչ արեց հրաժարվել Ցեղասպանության և պահանջատիրության հարցերից, քանի որ հակառակ նժարին՝ անկախ Հայաստանի ապագան է։

Համայնքի ներկայացուցիչների արձագանքը դեռ անհայտ է, ինչպես նաև այն, թե ո՞ր քաղաքական շրջանակներն էին ներկայացնում հավաքվածները։ Կասկած չկա, որ հակադաշնակցական։ Այդ մասին է նաև վկայում այն, որ Փաշինյանը հանդիպել է միայն Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ։ Ինչպես հայտնի է, Ամերիկայի հայկական կազմակերպությունները կենտրոնացված են կամ դաշնակցական համարվող Ամերիկայի հայ ազգային հանձնախմբի, կամ հակառակ հայացքներ ունեցող Ամերիկայի հայկական համագումարի շուրջ։

Սփյուռքը Դաշնակցությունից «ձերբազատելու» փորձեր Փաշինյանը սկսել է իշխանության գալու պես։ Դժվար թե դա կապված լինի ՀՅԴ հանդեպ նրա անձնական վերաբերմունքի հետ։ Մյուս կողմից, եթե Փաշինյանը կրիմինալ է տեսնում ՀՅԴ գործունեության մեջ, ապա կարող է իրավական, նույնիսկ քաղաքական գործընթաց սկսել։ Հատկապես, որ նա խոսում է Դաշնակցության՝ երիտթուրքերի և Ռուսաստանի հետ հանցավոր կապի մասին։

Հոնվարի 31-ի իր հարցազրույցում Փաշինյանը ասել է ․ «Մենք իրողությունները դարասկզբին, դարի կեսերին, դարավերջին, էսօր էլ` կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին… մեր իրականության մեջ ընկալվա՞ծ է երիտթուրքերի եւ ՀՅԴ-ի հարաբերությունների հարցը, իսկ կարո՞ղ է պարզվել, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողանում են օգտագործել մեր անկախ ինքնիշխան պետությունն անհնար դարձնելու համար»։

ՀՅԴ-ի մեղքերի շատ երկար ցուցակ կարելի է կազմել և հրապարակավ մեղադրել։ Սակայն նույնիսկ ամերիկյան վերլուծաբաններ են նշում ՀՅԴ եւ “հակադաշնակցական” լոբբիների տարբերությունը․ ՀՅԴ-ն ոչ միայն կողմ է Ցեղասպանության ճանաչմանը, այլև խոսում է տարածքային եւ այլ պահանջներից, Սևրի պայմանագրից եւ այլ խնդիրներից։ Ճիշտ է, ՀՅԴ-ն չի պահանջում Կարսի պայմանագրի չեղարկում, սակայն դաշնակամետ Սփյուռքի եւ մյուսների պատճառով Էրդողանը չի կարողանում հասնել հայ-թուրքական ներկայիս սահմանի միջազգային ճանաչմանը։

Փաշինյանին պետք է Սփյուռքի, գոնե դրա մի մասի աջակցությունը «խաղաղության պայմանագրին», այլ կերպ ասած՝ հայ-թուրքական և խորհրդային սահմանների ճանաչմանը, ինչը անհնարին է առանց պահանջատիրությունից հրաժարվելուն։ Չէ՞ որ հենց Սփյուռքն է Ցեղասպանությունից գլխավոր «տուժողը» եւ պահանջատերը, և նրանց գույքային իրավունքներն են արձանագրված Լոզանի պայմանագրում, ոչ թե Հայաստանի։

Պատրա՞ստ են Սփյուռքի կազմակերպությունները հրապարակավ հրաժարվել պահանջատիրությունից։ Եւ ի՞նչ կլինի, եթե Փաշինյանին չհաջողվի «համոզել» Սփյուռքին, վախեցնելով Հայաստանի պետականության կորստով։

Նույնը, ինչ Արցախի պարագայում։ Եթե Փաշինյանը ստորագրի մի փաստաթուղթ, որը «պատմության գիրկ» կուղարկի հայերի իրավունքները և շահերը նախկին Օսմանյան կայսրությունում, «մեղավոր» կլինեն Սփյուռքի կազմակերպությունները։ Ինչպես հիմա Արցախի հանձնման մեջ մեղադրում են արցախցիներին, մյուս կողմից ճանաչելով, որ գիտակցաբար են զոհաբերել Արցախը։

«Մենք այս ամեն ինչին /գաղափարախոսության փոփոխության/ եկել ենք 44 օրյա պատերազմի պարտության բերումով եւ այս պարտության պատճառների խորքային եւ ոչ խորքային պատճառներով: Մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության միջով անցնելով, ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ես երկար եմ մտածել եւ եկել այն եզրահանգման, որ զոհողությունները ոչ թե ոչնչի, այլ Հայաստանի ինքնիշխանության համար են եղել եւ մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա»,-ասել է Փաշինյանը Վաշինգթոնում:

Չինաստանը պատասխանում է Թրամփին. ածխի մաքսատուրքեր և Google-ի հանդեպ հետաքննություն

Չինաստանը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել նավթի և գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման և 15 տոկոս մաքսատուրք ԱՄՆ-ից ներկրվող քարածխի և հեղուկ բնական գազի (LNG) համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի ֆինանսների նախարարությունը։

Պեկինը արտահանման հսկողություն է սահմանել վոլֆրամ, թելուր, ռութենիում, մոլիբդեն պարունակող նյութերի նկատմամբ և մի քանի ընկերություններ ավելացրել է իր անվստահելիների գրանցամատյանում՝ PVH-ին և Illumina-ին:

Բացի այդ, Google-ի դեմ հետաքննություն է սկսվել ենթադրյալ հակամենաշնորհային խախտումների համար։

Եվրահանձնաժողովը Հայաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային և Բելառուսին օգնելու մարմին է ստեղծել

Եվրահանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 1-ից ունի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինություն (DG ENEST), որը պատասխանատու է թեկնածու երկրների և Եվրամիությանն անդամակցելու հավանական թեկնածուների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար:

Ըստ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության, դա ներառում է նաև հաղորդակցություն ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև գործընկերների ընդլայնման առավելությունների մասին: Տարածաշրջանային համագործակցություն և տարածաշրջանային նախաձեռնություններ, ներառյալ թեկնածու երկրների աստիճանական ինտեգրումը, երբ նրանք աշխատում են Եվրամիությանը միանալու ուղղությամբ:

Գլխավոր տնօրինությունը կտնօրինի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության մեծ մասը ընդլայնման գործընկերներին, ինչպես նաև ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը: Բացի դրանից, Գլխավոր տնօրինությունը շարունակական և կայուն աջակցություն կտրամադրի Ուկրաինային և կշարունակի իր աշխատանքը Ուկրաինայի վերականգնման և վերականգնման ուղղությամբ:

Արցախցիների բնակապահովման ծրագրում նոր փոփոխություններ են առաջարկվում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից e-draft.am կայքում https://www.e-draft.am/projects/8192 հանրային քննարկման դրված Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոփոխված տարբերակի վերաբերյալ մի շարք առաջարկություններ են նեկայացվել արցախյան ՀԿ-ների ու անհատ արցախցիների կողմից։ Նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել հունվարի 10-27-ը, քննարկմանը մասնակցած անձանց 62 տոկոսը դեմ է արտահայտվել ՀՀ կառավարության առաջարկած այս փոփոխություններին, 38 տոկոսը՝ կողմ։

Արցախցի գործիչ Լիաննա Պետրոսյանը նշել էր, որ Արցախից բռնի տեղահանված անձանց համար բնակապահովման ծրագրի փոփոխությունները, որոնք ՀՀ կառավարության կողմից դրվել են հանրային քննարկման, նախատեսում են ծրագրի բարելավում փաստացի միայն 30 տոկոս տեղահանված անձանց համար՝ ներքին տեղաշարժի արդյունքում առավելագույն ավելացումով մինչև եւս 15 տոկոս։

Step1.am-ը ներկայացնում է, թե ինչ առանցքային առաջարկություններ են նեկայացրել արցախցիներն այս նախագծի վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցած որոշ քաղաքացիներ առաջարկել են թույլ տալ հավաստագիրը իրացնելուց հետո առաջացած դրամական մնացորդը օգտագործել անասնագլխաքանակ ձեռք բերելու համար։ Այս առաջարկով հանդես են եկել գյուղական բնակավայրերում բնակարան գնելու մտադրություն ունեցողները։ Կառավարությունն այս առաջարկն ընդունել է ի գիտություն։

Քանի որ Արցախից տեղահանված ընտանիքների մեջ բավական մասը մինչև 3 հոգանոց ընտանիքներն են, առաջարկ կա նրանց թույլ տալ օգտվել 5 մլն դրամ աջակցությունից՝ առանց բնակավայրի սահմանափակման: Առաջարկի հեղինակը նշում է, որ պարզից էլ պարզ է, որ նույնիսկ Երևանում ոչ մի ընտանիք օրինակ, 3 անդամ ունեցող, չի կարող 15 մլն դրամով գնել 30 քմ բնակարան:

Մեկ այլ քաղաքացու առաջարկը հետեւյալն է՝ քանի որ առկա շուկայական գների պատճառով դժվար է  միայն հավաստագրի միջոցով բնակարան կամ տուն ձեռք բերել, մասնավորապես՝ Երևանում կամ հարակից տարածքներում, որտեղ էլ պահանջարկը մեծ է, ուստի անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ վարկ վերցնել բանկերից։ Սակայն գործընկեր բանկերը մերժում են՝ այլ կամ բավարար եկամուտ չունենալու պատճառով։ Հավաստագիրը իրացնելու համար քաղաքացին առաջարկում է կառավարության միջնորդությունը և աջակցությունը՝ նույն գործընկեր բանկերի կողմից հավաստագրի գումարից բացի մատչելի տոկոսով լրացուցիչ վարկեր տրամադրելու հարցում։ Կառավարությունից արձագանքել են, որ այս առաջարկն ընդունվել է ի գիտություն:

Կա նաեւ առաջակ, բացի Երեւան քաղաքից եւ սահմանամերձ բնակավայրերից, մնացած քաղաքային եւ գյուղական բնակավայրերի համար սահմանել մեկ շնչի հաշվով 4 մլն դրամ գումար։ Կառավարությունից նշել են, որ այս առաջարկը նույնպես ընդունվել է ի գիտություն։

«Հանուն Արցախի Միավորում»-ը արցացխիների անունից հանդես է եկել մի շարք առաջարկություններով։ Նախ Միավորումը նշում է, որ Արցախի ժողովրդի բնակարանային և այլ առանցքային կարիքների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները պետք է հայթայթել միջազգային դոնոր կոնֆերանսի միջոցով, որը հնարավորություն կտա այլ երկրներից, միջազգային կազմակերպություններից ու Սփյուռքից ներգրավել լրջագույն ռեսուրսներ՝ խուսափելով ՀՀ պետբյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածությունից:

Նախագծի վերաբերյալ Միավորումը ներկայացրել է հետեւյալ առաջարկությունները․ «Հրաժարվել ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան և առկա բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազագույն բնակելի մակերեսի չափի նվազեցումից՝ 12 քմ-ից 9 քմ-ի: Նախ, դա գործող կարգավորմամբ նախատեսված պայմանի վատթարացում է, ինչը կհանգեցնի մարդու իրավունքների լրացուցիչ խախտման: Բացի դրանից, 9 քմ-ն չի կարող ողջամիտ մակերես լինել մեկ անձի համար՝ հաշվի առնելով անձի բնական կարիքները, այլ երկրների փորձը և ՀՀ համադրելի իրավակիրառ պրակտիկան»։

Ըստ Միավորման՝ ողջունելի է անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի նվազագույն մակերեսի վերացումը և գումարի շեմի բարձրացումը, սակայն ավելի էական աջակցություն կլինի, եթե հողամասի գնման նպատակով առանձին հավաստագիր տրվի այն ընտանիքներին, որոնք կդիմեն ծրագրին՝ անհատական բնակելի տան կառուցման համար: Այս փոփոխությունը կշահագրգռի ավելի շատ ընտրել ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, քանի որ կառուցապատումն ավելի ծախսատար է, քան երկրորդային շուկայից բնակարանի գնումը: Կառուցապատումն ինքնին կարևոր է նաև տնտեսական ու ենթակառուցվածքային արդյունքի տեսանկյունից, քանի որ այդ ներդրումն ապահովելու է ավելացված արժեք և նպաստելու է տնտեսական ակտիվությանը:

Հաջորդ առաջարկը՝ ստեղծել հնարավորություն վերանայելու և ճշգրտելու բռնի տեղահանված անձանց շտեմարանները, այդ թվում՝ քննարկելու կուտակված դիմումները և ստանալու նոր դիմումներ, որպեսզի վարվի մեկ միասնական ու ճշգրիտ շտեմարան պետական լիազոր մարմնում: Այս լուծման միջոցով հնարավոր կլինի կարգավորել տարբեր շտեմարաններում ու ցուցակներում (այդ թվում՝ օպերատիվ շտաբի և ՆԳՆ ՄՔԾ) առկա սխալները, լրացնել դուրս մնացած հարյուրավոր (միգուցե նույնիսկ հազարավոր) անձանց տվյալները: Բացի դրանից, կհեշտանա վարչարարությունը՝ հանգեցնելով շահառուների սպասարկման գործընթացների արագության ու ճշգրտության բարձրացման:

«Հանուն Արցախի Միավորում»-ն առաջարկում է նաեւ նախատեսել լրացուցիչ աջակցություն այն ընտանիքների համար, որոնց անդամն ունի որևէ հիվանդություն, որի դեպքում նրա համար պահանջվում է առանձին սենյակ կամ լրացուցիչ բնակելի մակերես։

Միավորման կողմից առաջարկլվում է նաեւ շահառու դառնալու համար ՀՀ քաղաքացիության պարտադիր պայմանը վերանայել՝ ամրագրելով, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները մինչև ծրագրով սահմանված աջակցության ժամկետի ավարտը ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Փոփոխել քաղաքացիության պահանջին առնչվող դրույթները՝ նախատեսելով այդ պահանջը չկատարելու համար պատասխանատվության միջոցներ, օրինակ, բնակարանի հանդեպ իրավունքների սահմանափակում, քանի դեռ ընտանիքի անդամները չեն ընդունել ՀՀ քաղաքացիություն: Նշվածը հնարավորություն կտա քաղաքացիություն ձեռք բերել ոչ թե դիմելու օրվա դրությամբ, այլ աջակցություն ստանալու ընթացքում՝ մինչև ծրագրի ավարտը: Այդ լուծմամբ՝ ոչ միայն հնարավորություն կտրվի տեղահանված անձանց հստակեցնել իրենց վերադարձի հնարավորությունները, այլև վերադարձի անհնարինության դեպքում ինտեգրացիան տեղի կունենա սահուն ու աստիճանական ձևով՝ նվազեցնելով լիազոր մարմինների աշխատանքի ծանրաբեռնվածությունը միավոր ժամանակահատվածում և տեղահանված անձանց անցումային դժվարությունները:

Առաջարկվում է նաեւ վերանայել հավաստագրով տրվող գումարները՝ 2-րդ հավելվածի բնակավայրերում գնման համար տրամադրելով 6 մլն դրամ, իսկ կառուցապատման համար՝ 6,5 մլն դրամ, 3-րդ հավելվածի բնակավայրերում՝ համապատասխանաբար 5,5 և 6 մլն դրամ, իսկ մնացած բնակավայրերում՝ համապատասխանաբար 5 և 5,5 մլն դրամ: Հիմնավորումն այն է, որ Երևան քաղաքում բնակարան ձեռք բերելու համար մեկ անձին տրամադրվող 3 մլն դրամը չի համապատասխանում ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքէջում հրապարակված շուկայական միջինացված գներին: Նախատեսել, որ շահառու ընտանիքին տրամադրվող հավաստագրերի հանրագումարային չափը չպետք է ծրագրի 2-րդ հավելվածի բնակավայրերում պակաս լինի 12 մլն դրամից, 3-րդ հավելվածի բնակավայրերում՝ 10 մլն դրամից, իսկ մնացած բնակավայրերում՝ 8 մլն դրամից: Քանի որ մինչև երեք անձից բաղկացած ընտանիքները հիմնականում չեն կարողանա գործող ծրագրով առաջարկվող ֆինանսական աջակցության միջոցով լուծել իրենց կեցության հարցը, առաջարկում են սահմանել աջակցության նվազագույն չափ։ Նախատեսել, որ հավաստագրի իրացումից հետո առկա մնացորդը հնարավոր լինի օգտագործել նաև շարժական տեխնիկա ձեռքբերելու համար: Շարժական տեխնիկայի (գյուղատնտեսական, շինարարական տեխնիկա, բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ) ձեռքբերումը կխթանի աշխատատեղերի ստեղծումը և կայուն եկամտի ապահովումը։

Առաջարկվում է նոր կետ ավելացնել երկրորդային շուկայից բնակարանի կամ տան գնման դեպքում եկամտահարկի վերադարձի հնարավորության վերաբերյալ: Կարելի է քննարկել որոշակի պայմաններ ու սահմանաչափեր այդ մեխանիզմի համար՝ այն կիրառելով որպես լրացուցիչ խթան շահառուների համար: Քանի որ տրամադրվող աջակցության չափը շատ դեպքերում կարող է ավելի քիչ լինել, քան շահառու ընտանիքի բնակարանային կարիքները, եկամտահարկի վերադարձը հնարավորություն կտա շահառուներին լրացուցիչ վարկ վերցնել: Այս մեխանիզմը նաև կխթանի շահառուների զբաղվածությունը և բարձր վարձատրությունը:

Առաջարկվում է կարգավորել բանկերի կողմից լրացուցիչ վարկավորման համար առկա խնդիրները: Այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք թույլ կտան և կխթանեն բանկերին լրացուցիչ վարկ տրամադրել շահառուներին պետական աջակցության ժամկետից՝ 10 տարուց ավելի երկար ժամկետով: Ներկայումս բանկերը հրաժարվում են լրացուցիչ վարկ տրամադրել 10 տարուց ավելի ժամկետով՝ հիմնավորելով, որ նույն գույքի համար չեն կարող երկու վարկ տրամադրել, այն էլ՝ տարբերվող ժամկետներով: Այդ դեպքում շահառուների վարկունակության պահանջները կտրուկ խստանում են, քանի որ բանկերը 10 տարով լրացուցիչ վարկ տրամադրելու համար պահանջում են անհամեմատ ավելի շատ եկամուտներ, քան՝ 20 կամ 15 տարով վարկի տրամադրման դեպքում:

Կառավարությունից արձագանքել են, որ «Հանուն Արցախի Միավորման» առաջարկները լրացուցիչ կքննարկեն։

Ռոզա Հովհաննիսյան

«Դաջվածքով ճանաչեցինք նրան». սզնեքցի Արտյուշա Միքայելյանի սպանության պատմությունը

Forrights.am

86-ամյա Ելենա Միքայելյանի ամուսնուն՝ 88-ամյա Արտյուշա Միքայելյանին սպանել են սեպտեմբերի 19-ին, Սզնեք գյուղից փախուստի ճանապարհին, երբ բնակիչները փորձում էին անտառներով հասնել Խաչմաչ գյուղ։ Արտյուշա Միքայելյանի դիակը Հայաստան է հասել դեպքից 10 օր անց։ Հարազատները ճանաչել են ձեռքի դաջվածքից, քանի որ մարմինը գրեթե անճանաչելի էր։

Տիկին Ելենան հիշում է, երբ պատերազմը սկսվեց՝ տանն էին բոլորով ու պատրաստվում էին ճաշել։ Տղան՝ Արարատը, Կարմիր գյուղի դիրքերում հերթապահության էր. «Թոռս՝ Արթուրը, Վերին Սզնեքի դիրքերում էր, մենք չգիտեինք ինչ անել։ Հարսս անհանգստությունից տեղը չէր գտնում։ Բակում մեքենաներ ունեինք, բայց տղամարդ չկար, որ մեզ հաներ գյուղից։ Մեր հարևանը եկավ տուն, ասաց, որ թշնամին արդեն մոտենում է՝ պետք է դուրս գանք», պատմում է նա։

Երբ Սզնեք գյուղի ուղղությամբ հրետանակոծությունը սկսվում է, Ելենան ամուսնու և հարսի՝ Անժելայի հետ դուրս է գալիս տնից՝ իր հետ չվերցնելով որևէ իր. «Հողաթափերով ու տնային հագուստով մի կերպ դուրս եկանք տնից, շարժվեցինք դեպի անտառներ՝ թաքուն հասնելու Խաչմաչ գյուղ։ Մենք չէինք ուզում լքել մեր տունը, ես անընդհատ ասում էի՝ եթե սպանելու են, թող իմ տանը սպանեն»։

Անտառում մի ձեռնափայտ գտանք, որ գոնե կարողանայինք առաջ շարժվել

Ելենան այսօր էլ հիշում է մոտավորապես 7 կմ ճանապարհը, որով ստիպված անցել է և կորցրել ամուսնուն. «Ինձ ու ամուսնուս մի զինվորական տղա էր օգնում, որ կարողանայինք քայլել։ Որոշ ժամանակ անց ամուսինս ասաց, որ ես առաջ ընկնեմ՝ ինքը կգա, պետք է 90-ամյա քրոջը օգներ, որ քայլի»։ Ելենան առանձնանում է, մի փայտի կտոր է գտնում անտառից ու առաջ գնում՝ մի կերպ հասնելով մյուս գյուղացիներին։

Երբ գրեթե հասնում են Խաչմաչ գյուղ, համագյուղացի զինվորականներից մեկը հայտնում է, որ շուտով թշնամին մտնելու է գյուղ՝ ժամանակ չկա, պետք էր արագ Ստեփանակերտ հասնել եղած մեքենաներով. «Մեքենայի ետնամասում արդեն 4 հոգի կար, առջևում էլ երկուսը։ Մի կերպ տեղավորվեցինք, հարսս էլ մեկ ոտքի վրա էր մի կերպ կանգնել։ Արդեն չէինք կարող մտնել Խաչմաչ, գնացինք Կարմիր գյուղ։ Այնտեղ ապաստարաններ կային»։

Ելենա տատը պատմում է՝ անընդհատ մտածում էր, թե ուր է ամուսինը և ի՞նչ եղավ նրանց հետ. «Ոչ մի տեղեկություն չունեինք, թե ինչ էր եղել ամուսնուս ու այդ զինվորականին, որն ուղեկցում էր նրան։ Ոչ մեկից լուր չունեինք, ոչ տղայիցս, որ թոռիցս։ Միայն Ստեփանակերտ հասնելուց հետո լսում եմ, որ թոռս մի կերպ է փրկվել գերեվարությունից, իսկ տղաս ողջ ու առողջ է, բայց ամուսնուցս տեղեկություն չկար»։

Սեպտեմբերի 19-ից 10 օր անց, երբ Ելենայի տղաները ու հարազատները Արտյուշայի դիակը փնտրում էին Հայաստանի հիվանդանոցներում և դիահերձարաններում, Ելենայի տղան զանգ է ստանում ու ինչ-որ մեկը ռուսերենով ասում է, որ Արտյուշայի դիակը ուղարկում են Հայաստան, իսկ զինվորական տղան գերեվարված է»։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Արտյուշա Միքայելյանը մահացու հարված է ստացել քունքի հատվածում. «Ախր ամուսինս ու՞մ էր ինչ-որ բան արել, որ անտառի մեջտեղում սպանել ու թողել էին։ Մի կերպ ենք ճանաչել մարմինը, որովհետև երկար ժամանակ մնացել էր մորգում»,- ասում է Ելենան։

Ելենայի փոքր որդին՝ Արարատն է ճանաչել հոր դիակը։ Հարցին, թե ինչպես, պատասխանում է երկար դադարով.  «Հորս ճանաչել եմ տնային հագուստից։ Ուրիշները կզարմանային, անգամ հարցրել են, թե ինչպես եմ հագուստը հիշել ու ճանաչել, բայց հայրս է՝ չէի կարող շփոթել», հիշում է Արարատը։

Արտյուշա Միքայելյանից մնացած միակ հիշատակը սրտի ստենտավորման սարքն է, որը դիահերձելուց հետո հանձնել են հարազատներին։

Հարսի շորս ինքս եմ կարել.  Մեր հարսանիքի օրը շատ լավ եմ հիշում

Ելենան ու Արտյուշան ամուսիններ էին 60 տարուց ավելի։ Համատեղ կյանքի ընթացքում ընտանիքում ծնվել է չորս երեխա։ Նրանց ավագ որդին՝ Գրիշան, զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ փոքր որդին՝ Արարատը, մասնակցել է բոլոր պատերազմներին, ծանր վիրավորում ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Սզնեք գյուղի մատույցներում, իսկ 2023 սեպտեմբերի 19-ին մնացել է շրջափակման մեջ, ապա ռուս խաղաղապահների օգնությամբ հասել է Ստեփանակերտ։

Ելենան կարոտում է կյանքը գյուղում, որ չնայած պատերազմներին ու կորուստներին, անցել է համերաշխ։ Պատմում է, որ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ լրացրել էր ամուսնության 60-րդ տարին. «Երեխաները անակնկալ էին արել մեզ, տարել Ստեփանակերտ ու միջոցառում էին կազմակերպել։ Հարսներս ասացին, թե եկել ենք նշելու մեր «ադամանդե հարսանիքը»։ Ո՞վ կմտածեր, որ մեկ ամիս անց պատերազմ է լինելու ու լքելու ենք մեր տները»,- ասում է Ելենան։

Ամուսնու հետ հիշողությունները ջերմ են, բայց ավելի լավ հիշում է իրենց հարսանիքի օրը, երբ ինքը 21 տարեկան էր, իսկ ամուսինը 24։ Ելենան մասնագիտությամբ դերձակուհի է ու ինքն էր ստանձնել հարսանեկան շորի ձևավորողի դերը. «Այնպիսի շոր էի կարել, որ այլ առիթների ժամանակ էլ կարողանալ հագնել»։ Ձեռքերի սահուն շարջումներով Ելենան տատը օդում ցույց է տալիս զգեստի ծալքերը, գոտին, զգեստի ծաղիկներն ու քողը։ Ամուսինը՝ Արտյուշան, երկար տարիներ աշխատել է որպես ուսուցիչ Կարմիր գյուղում, ապա Սզնեքում։ Ասում է, ամուսնուց մնացել են հիշողությունները, անգամ լուսանկարները թողել են տանը։ Ամուսնուց միայն մի քանի լուսանկար ունի։ Վերջին անգամ Արտյուշա պապին լուսանկարել են իր ծննդյան օրը՝ իրենց տան բակում. «Ոնց որ սիրտս մի բան զգար, բայց չէի հասկանում՝ ինչ», ասում է Ելենայի հարսը՝ Ալվարդը։

Միքայելյանների ընտանիքը վերամիավորվում է Ստեփանակերտում։ Ելենան գտնում է այնտեղ ապրող աղջկան՝ Աստղիկին, իսկ որդուն ու թոռանը հանդիպում է ավելի ուշ։ Սեպտեմբերի 24-ին, Միքայելյանների ընտանիքը մեքենաներով լքում է Ստեփանակերտն ու հաստատվում Վանաձորում։ Ելենան դեռ չի հարմարվել նոր բնակարանին։ Ասում է՝ «Իմ տունը թողած, եկել եմ չորս պատերի մեջ եմ ապրում, ո՞նց հարմարվեմ»։

Շուշանիկ Փափազյան