Իրանը ԱՄՆ-ին առաջարկում է միջուկային կոնսորցիում. բանակցությունները շարունակվում են

Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում առաջարկել է իր միջուկային ծրագրի կրճատման այլընտրանքային տարբերակ, և այդ առաջարկը մայիսի 11-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ներկայացրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆին, The New York Times-ին հայտնել են ծրագրին ծանոթ չորս իրանցի պաշտոնյաներ։

Թեհրանի առաջարկը նախատեսում է միջուկային կոնսորցիումի ստեղծում, որին կմասնակցեն երեք արաբական երկրներ և ամերիկյան ներդրումներ։ Համաձայնագրի շրջանակներում Իրանը կհարստացնի ուրանը մինչև 3.67%, այնուհետև այն կուղարկի այլ արաբական երկրներ՝ քաղաքացիական նպատակներով օգտագործման համար։

Թեհրանի նոր առաջարկով նախատեսված 2015 թվականի միջուկային համաձայնագրից հիմնական տարբերությունը իրանական օբյեկտներում այլ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դիտորդների ներկայությունն է։ Ակնկալվում է նաև, որ գործարքը ուժի մեջ կլինի անժամկետ։

«Բանակցությունների կազմակերպումն ու կողմերի՝ դրանք շարունակելու պատրաստակամությունը ինքնին վկայում են, որ գործընթացը շարունակվելու է։ Որպես երկխոսության միջնորդ և համակարգող հանդես եկող Օմանի ԱԳՆ-ն, մեր և ամերիկյան կողմի հետ համագործակցելով, կհայտարարի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների և վայրի մասին»,- այսօր հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ «ամբողջովին կողմ է Իրանին», միաժամանակ նշելով, որ երկիրը «չի դառնա միջուկային տերություն»։

«Նրանք միջուկային տերություն չեն լինի։ Թույլ տվեք պարզապես բացատրել։ Ես լիովին կողմ եմ Իրանին։ Ես ուզում եմ, որ նրանք ունենան հիանալի երկիր և շատ փող աշխատեն», – ասել է Թրամփը։

Թրամփի հայտարարությունը հնչում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային կարևոր բանակցությունների ֆոնին։ Շաբաթավերջին տեղի ունեցած բանակցությունները նպատակ ունեին լուծել Թեհրանի միջուկային ծրագրի հարցը և վերացնել պատժամիջոցները։

 

Արցախցիները պետք է տեր կանգնեն իրենց ունեցվածքին եւ հայցեր ուղարկեն միջազգային ատյաններ

Բռնի տեղահանված արցախցիները, ովքեր Արցախում թողել են իրենց գույքը, պետք է իմանան, որ այդ գույքի նկատմամբ իրենց իրավունքը շարունակում է պահպանվել ու պահպանվելու է թեկուզ տասնամյակներ անց։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նշենք, որ տեղեկություններ կան, թե Ադրբեջանը նախապատասրական աշխատանքներ է սկսել՝ պետականացնելու արցախցիների գույքը։ Եվ Ադրբեջանի իշխանությունները սկսել են հայտարարություններ այնել  այն մասին, թե իբրեւ արցախցիների գույքի 80 տոկոսը տեր չունի։

Արա Ղազարյանն ասում է, որ Հյուսիսային Կիպրոսի նախադեպը կա․ բռնի տեղահանված անձանց գույքը ազգայնացնելու ցանկացած օրենք առոչինչ է, հենց ընդունման պահից անօրինական է, որովհետեւ այդ օրենքը ծագում է բռնությունից։

«Այսինքն՝ դա տեղահանված անձանց գույքն է, ոչ թե այդ մարդիկ այդ գույքն իրենց կամքով են նվիրել Ադրբեջանի հասարակությանը։ Եվ բռնության հիման վրա կամ բռնությունից ծագող ցանկացած օրենք առոչինչ է։ Դրա նախադեպը կա, եւ Ադրբեջանը, կարծում եմ, դա շատ լավ գիտի եւ որեւէ ռեսուրս չի ունենա թեկուզ տասնամյակներ անց հիմնավորելու, որ այդ օրենքն իրավաչափ է։ Մենք հենց դրան էլ սպասում ենք, որովհետեւ վստահ ենք, որ վաղ թե ուշ Ադրբեջանը պետք է այս գույքն ազգայնացնի, որպեսզի իր օրենքների համաձայն օրինական հիմք ունենա այդ գույքը փոխանցելու մասնավոր անձանց։ Բայց տասնամյակներ էլ անցնեն, արցախցիներն իրենց գույքի նկատմամբ տիտղողը՝ իրավունքը պահպանելու են»,- ասաց նա։

Արա Ղազարյանը հիշեցրեց, որ 1974 թվականին Հյուսիսային Կիպրոսից բռնի տեղահանվեց 230 հազար հույն, նրանց գույքը մնաց այնտեղ, բայց 41 տարի անց Թուրքիան ընդունեց, որ հույները բռնի տեղահանվել են եւ համաձյանեց փոխհատուցել։

«Դե պարզ է, չէ՞, որ եթե փոխհատուցում է, նշանակում է ընդունում է նրանց գույքային իրավունքը։ Իսկ դրանից առաջ՝ 1985 թվականին Սահմանադրության ուժով Թուրքիան նրանց գույքն ազգայնացրել էր։ Եվ Եվրոպական միությունը, եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, եւ Եվրոպական դատարանը անգամ երեք տասնամյակներ անց դեռ որոշումներ էին կայացնում օրենքի հիման վրա։ Մեկ այլ օրինակ է Ղրիմում ուկրաինացիների թողած գույքն ազգայնացնելու վերաբերյալ Ռուսաստանի օրենքը։ Եվրոպական դատարանը միջազգային հումանիտար իրավունքի հիմքով նշեց, որ օկուպանտն իրավունք չունի նոր օրենք այնտեղ կիրառել»,- հավելեց Արա Ղազարյանը։

Մասնագետի խոսքով՝ արցախցիները պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին եւ հայցեր ուղարկեն միջազգային ատյաններ։ Նրա խոսքով՝ հիմա այդ աշխատանքն արվում է, մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, բայց որոշ խմբեր աշխատում են այդ ուղղությամբ։

«Եթե ադրբեջանցիներն ընդունեն արցախցիների գույքն ազգայնացնելու օրենքը, դա կարող է նոր ժամկետի հիմք հանդիսանալ, որ արցախցիները դիմեն Եվրոպական դատարան»,- նշեց Ղազարյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցի գրողների հանդիպումը

Օրերս արցախցի գրողներ Կիմ Գաբրիելյանը, Լեռնիկ Հակոբյանը և Բաբկեն Սիմոնյանը հանդիպում ունեցան Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային հ․ 2 պետական քոլեջի դասախոսական կազմի և ուսանողության հետ։

Գրական հանդիպումն անցել է անմիջական և խոստումնալից մթնոլորտում։ Երիտասարդ սերունդը հետաքրքրությամբ էր լսում գրողների խոսքը, կիսվում իր տեսակետներով, ինչը վկայում է, որ, իրոք, գրողի խոսքը պահանջված ու անհրաժեշտ է։

Ամենակարևորն այն էր, որ գրողները կրկին համոզվեցին, որ իրենց ստեղծագործական աշխատանքը գնահատվում է ընթերցասերների կողմից։

Կարինե Բախշիյան

Ինչո՞ւ Շահրամանյանի հրամանագիրը հրապարակվեց հենց հիմա

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, մեկուկես տարուց ավելի անց, հրապարակեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ «Արցախի Հանրապետության լուծարման մասին» 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը չեղյալ համարելու մասին։ Ինչո՞ւ որոշվեց Շահրամանյանի երկրորդ հրամանագիրը հրապարակել հենց հիմա։

Ինչպես հայտնի է, մայիսի 21-ին ավարտվում են Արցախի Հանրապետության խորհրդարանի և նախագահի լիազորությունները։ Վերջերս խորհրդարանը փոփոխություններ կատարեց Արցախի Սահմանադրությունում, որը թույլ է տալիս երկարաձգել գործող խորհրդարանի լիազորությունները մինչև նոր ընտրությունների անցկացումը։ Ինչ վերաբերում է նախագահին, խորհրդարանին հնարավորություն տրվեց ընտրելու նոր նախագահ առանց ընդհանուր ընտրությունների։ Բայց ամենակարևորն այն է, որ որոշում է կայացվել պահպանելու Արցախի Հանրապետության պետական ​​ինստիտուտները։

Հայաստանի իշխանությունները չեն մեկնաբանել Արցախի Սահմանադրության փոփոխությունները և պետական ​​ինստիտուտները պահպանելու մտադրությունը, չնայած նախկինում հայտարարել էին, որ անընդունլի է «պետության մեջ պետությունը»։ Ավելին, նույնիսկ մարտի 29-ին արցախցիների մեծ հանրահավաքը, Ազատության հրապարակում վրան-շտաբի տեղադրումը չառաջացրեց Հայաստանի կառավարության կտրուկ արձագանքը, ավելին՝ կառավարությունը հանկարծ հայտնեց իր պատրաստակամությունը որոշ ծրագրեր քննարկել արցախցիների հետ և նույնիսկ երկու ամսով երկարաձգեց արցախցիներին ֆինանսական օգնությունը։

Այդ օրերին բարձրացած ատելության ալիքից բացի, Հայաստանի կառավարության ընդհանուր վերաբերմունքը անսպասելիորեն զսպված էր և նույնիսկ որոշ առումներով խրախուսում էր Արցախի ինստիտուտների պահպանումը։

Ինչ-որ պահի տեղեկություն հայտնվեց, որ Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքը, իբր, գրավադրված է բանկում և կարող է բռնագրավվել, սակայն հետո այդ տեղեկատվությունը հերքվեց։ Ավելին, Սամվել Շահրամանյանն անձամբ այցելեց հրապարակում տեղադրված վրանը՝ առաջարկելով այն հանել և շտաբը տեղափոխել Արցախի ներկայացուցչության շենք։ Այդպես էլ արվեց, և կրկին Հայաստանի կառավարությունը չառարկեց։

Եւ այժմ հրապարակվում է փաստաթուղթ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության վերացման մասին հրամանագիրը չեղյալ համարելու վերաբերյալ։ Սա նշանակում է, որ Արցախի ղեկավարության և հայկական քաղաքական դասի միջև ձևավորվել է յուրատեսակ կոնսենսուս։ Այն կապված է Արցախի պետական ​​ինստիտուտները պահպանելու քաղաքական որոշման հետ։ Քիչ հավանական է, որ Հայաստանի կառավարությունը ընտրություններից հետո պաշտոնական կապեր հաստատի Արցախի պետական ​​կառույցների հետ, սակայն այդ ինդտիտուտների ներկայությունը գոյաբանորեն անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունների և ընդդիմության համար։

Բաքվի պաշտոնյաները ամեն օր կրկնում են, որ ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի համաձայն՝ Արցախը Հայաստանի մաս է կազմում։ Հայաստանի կառավարությունը հակադարձում է, որ Հայաստանի Սահմանադրությունում չկա որևէ կետ, որով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը պետք է կիրառվի։ Դրա հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ 1989 թվականի որոշումը իրավական ուժ չունի։

Բայց նույնիսկ ոչ իրավաբանները կարող են տեսնել, որ այս փաստարկները անտեղի են։ Եվ այս իրավիճակում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման չիրականացման միակ «փաստարկը»՝ Արցախի Հանրապետության գոյությունն է, թեկուզ միայն թղթի վրա։ Չէ որ 1991-ին հենց Արցախի անկախությունով կոտրեցին 1989-ի սահմանադրական որոծման ողնաշարը։

Մինչ օրս ՀՀ իշխանությունները 1989 թվականի որոշումից հրաժարվելը «հիմնավորել» են Արցախի ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու ենթադրյալ կամքով և Հայաստանին ինտեգրվելու նրանց ցանկության բացակայությամբ։ Հայաստանի իշխանությունները նախկինում և հիմա գաղտնի խրախուսում էին արցախցիների «անջատողականությունը»՝ նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքի և բնակչության նկատմամբ սահմանադրական պատասխանատվությունից խուսափելու համար։ Այդ պատասխանատվությունը ավելի բարձր քաշային կարգ էր ենթադրում, քանի որ քանդում էր աշխարհակարգը։

Հիմա էլ ՀՀ իշխանությունների քաշային կարգը թույլ չի տալիս,հիմնվելով այդ սահմանադրական իրավունքի վրա, իր տեղը զբաղեցնել նոր կառուցվող աշխարհակարգում։

Ընդդիմությունը ևս աջակցում է «Արցախի անկախությանը», որպեսզի ստիպված չլինի պահանջել Հայաստանի կառավարությունից կատարել 1989 թվականի որոշումը, քանի որ դա հակասում է թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության արտաքին հովանավորների քաղաքականությանը։

Ահա թե ինչու է Սամվել Շահրամանյանը չեղարկել Արցախի «վերացման» հրամանագիրը։ Ահա թե ինչու, չնայած հանրային բացասական հռետորաբանությանը, ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Արցախի ներկայացուցչությունը մնա Երևանում, և որ բաժանարար սպիտակ գիծը մնա Արցախի դրոշի վրա։ Ահա թե ինչու Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը աջակցում է Արցախի պետական ​​ինստիտուտների գոյությանը, մոռանալով “միացում” բառը։ Պետական ինստիտուտների բացակայությունը Արցախը «կվերածի» Հայաստանի օկուպացված մասի, իսկ Արցախի ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիների։

Նաիրա Հայրումյան

Ռոման Երիցյանը հրապարակել է “Արցախի լուծարումը” չեղարկող հրամանագիրը

Ռոման Երիցյան-ը գրում է․ 

Վստահ եմ՝ շատերդ գիտեք կամ հասկանում եք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հայկական երկրորդ պետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիր կայացնելու դրդապատճառները։ Ոմանք նաև պատկերացնում են, որ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ պետության ղեկավարը, հրամանագրով պետություն լուծարելու լիազորություն չունի։
Այնուամենայնիվ, հանրության տարբեր շրջանակներ, հաշվի չառնելով անգամ այն, որ, այսպես կոչված, Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը, որպես իրավական ակտ, անգամ ուժի մեջ չի մտել, տարբեր եղանակներով շահարկել են այն, Սամվել Շահրամանյանին անվանել Արցախը լուծարող նախագահ և այլն։
Ավելին՝ հենվելով հրամանագրի բովանդակության վրա՝ ՀՀ-ում տարբեր անձանց, այդ թվում՝ արցախյան համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին առաջադրվել են քրեական մեղադրանքներ՝ պատճառաբանելով, որ Արցախի պետությունն ու համայնքները լուծարված են, իսկ պաշտոնատար անձանց լիազորություններն էլ դադարեցված, հետևաբար նրանց կողմից այս կամ այն լիազորությունն իրականացնելը քրեորեն պատժելի է։
Ինչ-որ հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարված լինելու հարցին լուրջ վերաբերողների համար և հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Երևան տեղափոխվելուց հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կայացրել է ստորև հրապարկված մեկ այլ հրամանագիր, որով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։
Այս մասին Սամվել Շահրամանյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության իշխանությանը:
Չնայած ո’չ այս և ո’չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն, երկուստեք հակասում են թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող, այնուամենայնիվ, հրապարակում եմ ԱՀ նախագահի 659-Ն հրամանագիրը՝ բոլորին խնդրելով Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել։
Հիշեցնում եմ նաև, որ Ադրբեջանը մոտ 30 տարի Շուշիի, Աղդամի և այլ համայնքների ղեկավարներ է ունեցել, ուստի տարածքային կորստով Արցախի էջը փակված մի’ համարեք։
Մենք մերը հետ ենք ստանալու։

Մակրոնը խոստովանեց, որ Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից և ՆԱՏՕ-ի անդամակցությունից

Ֆրանսիան կշարունակի ներդրումներ կատարել ուկրաինական բանակի ամրապնդման գործում, որը պետք է դառնա Կիևի «անվտանգության առաջին երաշխիքը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1 հեռուստաալիքի եթերում երեքշաբթի՝ մայիսի 13-ի երեկոյան։

Միևնույն ժամանակ, «քանի որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին, մենք (Ֆրանսիան – խմբ.) առաջարկում ենք տեղակայել (խաղաղապահ – խմբ.) զորքեր՝ առաջնագծից հեռու լրացուցիչ անվտանգություն ապահովելու համար՝ համատեղ գործողությունների շրջանակներում», – հավելել է Մակրոնը։

Մակրոնի խոսքով՝ ուկրաինացիները հասկանում են, որ չեն կարողանա վերադարձնել 2014 թվականից ի վեր Ռուսաստանի կողմից գրավված իրենց բոլոր տարածքները։ «Պատերազմը պետք է ավարտվի, և Ուկրաինան պետք է լինի լավագույն դիրքում՝ բանակցություններ սկսելու համար», որոնք «թույլ կտան լուծել տարածքային հարցերը», – Ֆրանսիայի պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։

«Նույնիսկ ուկրաինացիներն իրենք բավականաչափ հեռատես են՝ ասելու (…), որ չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ իրենցից խլել է Ռուսաստանը 2014 թվականից ի վեր», – ընդգծել է Մակրոնը՝ առանց կոնկրետ տարածաշրջաններ նշելու։

Մինչ դեռ Եվրոպական խորհրդարանը, Բրյուսելում «Ղրիմի շաբաթվա» շրջանակներում, քննարկում է անցկացրել Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական թերակղզու, նրա ներկայի և ապագայի վերաբերյալ, հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այժմ նաև եվրոպացի առաջնորդների կողմից Ուկրաինայում խաղաղության գործընթաց սկսելու փորձերի համատեքստում։ Երեքշաբթի՝ մայիսի 13-ին, Եվրախորհրդարանի պատգամավորները հրավիրեցին Ուկրաինայի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և Ղրիմի թաթարների բնիկ ժողովրդի ներկայացուցիչներին մասնակցելու քննարկմանը։

Նրանք բոլորը խոսեցին Ղրիմի հարցում քաղաքական փոխզիջումներ թույլ չտալու կարևորության մասին՝ առաջին հերթին այնտեղ ապրող մարդկանց բարօրության համար։ «Քանի դեռ Ղրիմի հողերը մնում են ռուսական օկուպացիայի տակ, Ուկրաինայի քաղաքացիների իրավունքների, նրանց ազատության և կյանքի համար վտանգը կմնա», – ընդգծել է Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի առաջին փոխնախագահ Նարիման Ջելյալովը։ «Քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, հարկադիր անհետացումները, անօրինական կալանավորումները, խուզարկությունները և ձերբակալությունները կշարունակվեն»։

Նարիման Ջելյալովը շեշտեց, որ Ղրիմի ժամանակավորապես օկուպացված տարածքի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը անընդունելի է։ Նրա կարծիքով՝ «նման ճանաչումը կնշանակեր, նախ, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում, երկրորդ՝ ոտնձգություն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ», և, բացի այդ, ագրեսորի համար անպատժելիության նախադեպի ստեղծում։

Առանց Ղրիմի ազատագրման Եվրոպայի անվտանգության երաշխիքներ չեն կարող լինել, հայտարարել են ուկրաինացի պատվիրակները։

Թրամփը Սաուդյան Արաբիային վաճառել է 142 միլիարդ դոլարի զենք և ներգրավել 1 տրիլիոն դոլարի ներդրումներ

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան ստորագրել են «պատմության մեջ ամենամեծ զենքի վաճառքի համաձայնագիրը», – երեքշաբթի՝ մայիսի 13-ին, հայտարարեց Սպիտակ տունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք այցի առաջին օրը։ 142 միլիարդ դոլարի գործարքը Սաուդյան Արաբիային կտրամադրի «առաջադեմ մարտական ​​սարքավորումներ և ծառայություններ տասնյակից ավելի ամերիկյան պաշտպանական ընկերությունների կողմից», ասվում է հայտարարության մեջ։

Թրամփը նշել է, որ Մերձավոր Արևելք կատարած իր այցը կխթանի Միացյալ Նահանգներում ներդրումները ավելի քան 1 տրիլիոն դոլարով՝ խոշոր ընկերությունների հետ սպասվող գործարքների շնորհիվ։ Սպիտակ տունը հայտարարեց 600 միլիարդ դոլարի ընդհանուր արժողությամբ գործարքների մասին։

Միջոցառմանը մասնակցել են ամերիկացի գործարարներ, ինչպիսիք են Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը և Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալությունը նշում է, որ Թրամփի կողմից հայտարարված թիվը «չի դիմանում որևէ քննադատության». հանդիպման ժամանակ հայտարարված գործարքների ընդհանուր գումարը չի գերազանցում 300 միլիարդ դոլարը, իսկ Սպիտակ տունը հայտարարել է Սաուդյան Արաբիայի կողմից 600 միլիարդ դոլար ներդնելու մտադրության մասին։ Միաժամանակ, 1 տրիլիոն դոլարը համապատասխանում է Սաուդյան Արաբիայի ամբողջ ՀՆԱ-ին։

Bloomberg-ը հաղորդում է, որ գործարքները ներառում էին Boeing Co. ուղևորատար ինքնաթիռների ընդլայնված գնումներ և Սաուդյան Արաբիայի խոստումը՝ թույլ տալ Մասկի Starlink ծառայության օգտագործումը ավիացիոն և ծովային տրանսպորտում։ Գործակալությունը հայտնում է, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկաներ Nvidia-ն, AMD-ն, Global AI-ն և Amazon-ը մտադիր են համագործակցել Սաուդյան Արաբիայի Humain ընկերության հետ, որը ստեղծվել է թագավորությունում արհեստական ​​ինտելեկտի ենթակառուցվածքներ զարգացնելու համար։

Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով համարվում է աշխարհի ամենաաղքատ նախագահը

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով իր համեստ ապրելակերպի պատճառով համարվում էր աշխարհի ամենաաղքատ նախագահը, մահացել է 89 տարեկան հասակում։

«Խորը վշտով հայտարարում ենք մեր ընկեր Պեպե Մուխիկայի մահվան մասին», – X սոցիալական ցանցում գրել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։

Մուխիկան և նրա կինը ծաղիկներ էին աճեցնում վաճառքի համար, նախագահության տարիներին իր աշխատավարձի մոտ 90%-ը նա նվիրաբերում էին բարեգործությանը, իսկ նրա միակ ունեցվածքը, բացի ֆերմայից, 1987 թվականի Volkswagen Beetle-ն էր։

Սպասվում է հորդառատ անձրև

Հանրապետության տարածքում մայիսի 14-ին, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 17-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին կնվազի ևս 3-6 աստիճանով, 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևանում մայիսի 14-ին, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

WP. Պուտինը Լավրովին և Ուշակովին է ուղարկում Ստամբուլ՝ բանակցությունների

Ըստ The Washington Post (WP)-ի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը կմասնակցեն Ուկրաինայի հետ մայիսի 15-ին Ստամբուլում նախատեսված բանակցություններին։

Այս մասին հրատարակությանը հայտնել է Կրեմլի նախկին բարձրաստիճան պաշտոնյան։ Ավելի մանրամասն տեղեկություններ չեն տրամադրվում։ Հետևաբար, Վլադիմիր Պուտինը Ստամբուլում չի լինի։

ԱՄՆ կողմից Ստամբուլում են լինելու պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆը և Քիթ Քելոգը։

Եվրոպացի պաշտոնյաներն ու վերլուծաբանները վախենում են, որ սա կարող է լինել Կրեմլի ծանոթ մանևր՝ գործընթացը դանդաղեցնելու, ժամանակ շահելու և, ամենակարևորը, ԱՄՆ նախագահի համբավը գրավելու փորձ, նշել է ՈւՆԻԱՆ-ը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է բացահայտել ռուսական պատվիրակության կազմը։ «Կոմերսանտը» մեջբերել է նրա խոսքերը, որ բանակցային խմբի մասին տեղեկատվությունը կարող է հրապարակվել, երբ համապատասխան հրամանը գա պետության ղեկավար Վլադիմիր Պուտինից։

Պուտինին փորձում են դուրս հանել որջից. ի՞նչ կլինի, եթե նա հրաժարվի Թուրքիա մեկնելուց

Հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Թուրքիայում կարող են տեղի ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցություններ՝ առաջինը 2022 թվականի գարնանից ի վեր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր վերահաստատեց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Անկարայում կամ Ստամբուլում և սպասում է, որ Ռուսաստանի նախագահը համաձայնի հանդիպմանը։ Կրեմլի մամուլի քարտուղարը հրաժարվել է բացահայտել Թուրքիայում բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը՝ հավելելով, որ Պուտինը դա կանի, երբ «անհրաժեշտ համարի»։

Միևնույն ժամանակ, ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Դոնալդ Թրամփի երկու հատուկ դեսպանորդներ՝ Քիթ Քելլոգը և Սթիվ Ուիթքոֆը, կարող են Ստամբուլ գալ «որպես դիտորդներ»։ Սպիտակ տան առաջնորդն ինքը նույնպես կարող է հայտնվել բանակցություններում։ Նրա՝ Թուրքիա թռչելու որոշումը կարող է կախված լինել նրանից, թե արդյոք Վլադիմիր Պուտինը կժամանի այնտեղ։

Երեքշաբթի կեսօրին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ համաձայնության է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մայիսի 15-ին Անկարայում հանդիպելու շուրջ, որտեղ նա կսպասի Ռուսաստանի նախագահին։

«Մենք կսպասենք Պուտինի հետ հանդիպմանը։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենա», – ասաց Զելենսկին։ Ինչպես ասաց Ուկրաինայի առաջնորդը, բանակցությունների «թիվ մեկ» արդյունքը «անվերապահ հրադադարն» է։

Երեքշաբթի՝ մայիսի 13-ին, «The Breakfast Show»-ի եթերում Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ կլինի հանդիպել միայն անձամբ Պուտինի հետ։

Այսօր մամուլի ասուլիսում Զելենսկին ասաց, որ եթե Պուտինը չգա բանակցություններին կամ անձամբ չաջակցի հրադադարին, Ռուսաստանի նկատմամբ կարող են նոր պատժամիջոցներ կիրառվել։

Ուկրաինայի նախագահը կրկնեց, որ չի հավատում Կրեմլի՝ պատերազմը դադարեցնելու ցանկությանը։ Նրա կարծիքով՝ Պուտինը չի ցանկանում հրադադար կամ որևէ բանակցություններ և վախենում է Զելենսկու հետ ուղիղ բանակցություններից։

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ միասին առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միանալ հանդիպմանը։ Նրա խոսքով՝ սա լրացուցիչ խթան կլիներ Պուտինի գալու համար։

Մեկ օր առաջ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է Ստամբուլ մեկնելու հնարավորությունը, որտեղ սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ։

Միաժամանակ, նա այս օրը հանդիպումներ ունի նախատեսված Մերձավոր Արևելք կատարած իր շրջագայության շրջանակներում։ «Չպետք է թերագնահատել Թուրքիայում հինգշաբթի օրը», – հավելեց նա։

Միևնույն ժամանակ, CNN-ը նշում է, որ Թրամփի ներկայությունը Ստամբուլում կայանալիք բանակցություններին մեծապես կախված է նրանից, թե արդյոք Վլադիմիր Պուտինը կմասնակցի բանակցություններին։

Դրանից հետո Քելոգը Fox News-ին տված հարցազրույցում հաստատեց, որ եթե Պուտինը գա Ստամբուլ, Թրամփը կմիանա բանակցություններին։

«Մենք հույս ունենք, որ նախագահ Պուտինը կժամանի, ապա՝ նախագահ Թրամփը։ Սա կարող է լինել բացարձակապես անհավանական հանդիպում», – ասաց ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։ «Ես հավատում եմ, որ մենք կարող ենք շատ արագ խաղաղության հասնել, եթե երեք առաջնորդներն էլ նստեն և խոսեն», – հավելեց նա։

Նոր պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել Ռուսաստանի նկատմամբ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում առաջընթացի բացակայության դեպքում, կարող են լինել նախկինում կիրառվածներից ամենախիստը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Քիթ Քելլոգը։

«Սրանք կարող են լինել էական պատժամիջոցներ <…>: Այս պատժամիջոցները շատ լուրջ են: Դրանք ավելի խիստ են, քան մենք երբևէ տեսել ենք», – ասաց հատուկ դեսպանորդը:

Դրանք, մասնավորապես, վերաբերում են Ռուսաստանի Բանկի և ռուսական նավթակիրների դեմ պատժամիջոցներին, պարզաբանեց Քելլոգը։