«Ղարիբ Բաբայանի փոխարեն կարող էինք լինել յուրաքանչյուրս, և պետք է պատրաստ լինել միմյանց աջակցելու»

Հարցազրույց կովկասագետ Հովիկ Ավանեսովի հետ:

-Ի՞նչ  նպատակ էր հետապնդում Ղարիբ Բաբայանի հետ կապված գործողությունը: Արդյո՞ք այն անձնավորված էր:

-Հիմնական նպատակը՝ ազատ կարծիք արտահայտելու սահմանափակումն էր: Վերջին շրջանում Ադրբեջանի  ցեղասպան քաղաքականության մասին հրապարակումները բավականին մեծ հետաքրքրություն էին  առաջացրել  հատկապես որոշ օտարերկրյա փորձագետների շրջանակներում: Բնականաբար, սահմանափակելով հանրային խոսքը, սահմանափկվում է նաև Կենտրոնի կողմից հրապարակվող այդ  կարևոր հոդվածաշարի հրապարակումները և այդ ամենի մասին իրազեկվածության մակարդակի  բարձրացումը: Պարոն Բաբայանի փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը: Սա հստակ ազդակ է այս ոլորտով զբաղվող փորձագետների և մասնագետների  համար:

–  Պարոն Ավանեսով, դուք նշեցիք, որ Ադրբեջանի ցեղասպան գործողության մասին հրապարակումները հետաքրքրություն են առաջացրել օտարերկրյա փորձագետների շրջանակներում, կարո՞ղ եք մանրամասնել՝ թե ինչ համատեքստում:

-Բնականաբար, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին համակողմանի ուսումնասիրությունների և վերլուծությունների համար օբյեկտիվ պատկերացումների համատեքստում:

-Մենք գիտենք, որ մի շարք աջակիցներ հավաքվել էին ի աջակցություն պարոն Բաբայանի արդյո՞ք դա ևս անձնավորված էր, թե դա համակարգային բողոքի նշան էր:

– Այն բոլոր մարդիկ, ովքեր հավաքվել էին դատարանի մոտ, հստակ գիտեն, որ նույնը կարող էր պատահել նրանց հետ, այդ պատճառով պետք է պատրաստ լինել միմյանց անջակցելուն:

– Փաստացի կարող ենք նշել, որ այս ամենը նաև ուղղված էր մյուսներին վախեցնելուն:

– Բացի այդ, այս քայլով փորձ է արվում ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել հատկապես արցախյան հասարկական կազմակերպությունների համախմբմանը:

-Ի վերջո եթե հավաքագրենք և արձանագրենք տեղի ունեցածի պատճառները, ինչի՞ կարող են դրանք հանգեցնել:

-Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ մեր հասարակությունը անտարբեր չէ հակաօրինական  գործողություններին և դրան հակադարձում է համախմբավածությամբ: Սա նախադեպ է ստեղծում, որպեսզի  հետագա ցանկացած նման գործընթաց ստանա նույն հասարակական ակտիվ դիմակայությունը: Սակայն  պետք է նշենք, որ հանրային խոսքի սահմանափակումը ևս պետք է հանվի, ինչի մասին նաև ընդգծել են մի շարք իրավական գործունեություն ծավալող անձինք: Մեկ բան ևս պետք է նշել, որ հաջորդը կարող ես լինել դու, բայց այնուամենայնիվ, դու մենակ չես: Չնայած այն հանգամանքին, որ որոշ դեպքերում մարդիկ գիտեին՝ հնարավոր է, նրանց դեմ ուժ կիրառվի, նրանք դուրս են եկել և իրենց աջակցությունը ցուցաբերել:

-Այս գործողությունների մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Արդյո՞ք այդ հայտարարությունը արդարացնում է ձեր սպասելիքները:

-Իմ կարծիքով, ՀՀ ՄԻՊ գրասենյակը արագ արձագանքման խումբ պետք է ուղարկեր այն ժամանակ, երբ հայտարարվել էր դատի և խափանման միջոց սահմանելու մասին: Բայց ՄԻՊ-ը արձագանքել էր գրեթե մեկ օր հետո:

-Ըստ ձեզ, այս դեպքը եզակի՞ էր, թե առաջկայում պետք է սպասել նմանատիպ այլ գործողությունների:

-Մենք պետք է պատրաստ լինենք, որ նման դեպքերը կրկնվելու են։ Այդ պարագայում ևս պետք լինի համարժեք հասարակական արձագանք։

Ալվարդ Գրիգորյան

ԱՄՆ այցի նպատակը․ Ցեղասպանության հարցը «խլել» Սփյուռքից եւ մեղադրել Դաշնակցությանը

Փաշինյանը մի քանի օր կլինի ԱՄՆ-ում, որտեղ նախագահ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ։ Նա կմասնակցի Կրոնական ազատությունների համաժողովին, նաեւ, ինչպես պարզվեց, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպում կունենա Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Վարդան Օսկանյանն արդեն կոչ է արել ամերիկահայերին չմասնակցել հանդիպմանը, որպեսզի Փաշինյանի թուրքամետ պլանների գործիք չդառնալ։

Սփյուռքի չեզոքացումը Փաշինյանի ամենագլխավոր առաքելությունն է։ Ցեղասպանության մասին նրա հայտարարությունը Շվեյցարիայի հայերի հետ հանդիպման ժամանակ ուղղված էին հենց Սփյուռքին։

Երեկ Բելգիայի Հայերի Վեհաժողովը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասվում է. «2020 թվականից հետո ձեր հայտարարությունները, ըստ էության, ասում էին, որ ցեղասպանության հարցը ոչ թե ձեր կառավարության առաջնահերթությունն է, այլ՝ Սփյուռքի: Սակայն զարմանալի է, երբ Դուք ﬕջամտում եք ﬕ հարցի, որը թողել էիք Սփյուռքի հայեցողությանը և հրապարակավ տարածում եք մտքեր, որոնք գնում են թուրք-ադրբեջանական ժխտողական պետությունների ուղղությամբ և, իհարկե, հեռու են որևէ գիտական կամ պատմական փաստարկներից»:

Հիմա Փաշինյանը փորձում է ուղղել թույլ տված «սխալը» եւ Ցեղասպանության հարցը եւս խլել Սփյուռքից, քանի որ այլ կերպ հնարավոր չէ լուծել հայ-թուրքական սահմանի խնդիրը։ Ցեղասպանության հարցը՝ Կարսի պահմանագրի եւ հայ-թուրքական ներկայիս սահմանի ճանաչման գլխավոր խոչընդոտն է։ Եւ դրա հետեւում կանգնած է Սփյուռքը, որի զգալի մասը հակում ունի դեպի Դաշնակցություն։

Հիմա Փաշինյանը փորձում է «հավաքագրել» ոչ դաշնակցական Սփյուռքին եւ համոզել, թե Ցեղասպանության մեղավորը հենց Դաշնակցությունն է, որը գործարքի մեջ էր երիտթուրքերի եւ Ոուսաստանի հետ։

Հոնվարի 31-ի իր հարցազրույցում Փաշինյանը ասել է դրա մասին․ «Մենք իրողությունները դարասկզբին, դարի կեսերին, դարավերջին, էսօր էլ` կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին… մեր իրականության մեջ ընկալվա՞ծ է երիտթուրքերի եւ ՀՅԴ-ի հարաբերությունների հարցը, իսկ կարո՞ղ է պարզվել, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողանում են օգտագործել մեր անկախ ինքնիշխան պետությունն անհնար դարձնելու համար»։

Դաշնակցության եւ այլոց դերի մասին կարելի է երկար խոսել եւ վիճել, սակայն փաստը մնում է փաստ՝ Առաջին հանրապետությունը 1921-ին տապալվել է ռուս-թուրքական օկուպացիայով եւ պայմանագրերով, եւ Հայաստանի ներկայիս սահմանները դրանց արդյունքն են։

Փաշինյանի ընկալմամբ՝ «ինքնիշխան պետության» գոյության համար մեկ գրավական կա՝ ճանաչել Հայաստանի «սովետական» սահմանները, այսինքն՝ ռուս-թուրքական Կարսի ընդլայնված պայմանագիրը։

Այդ նպատակի ճանապարհին բոլոր խոչընդոտները անխնա հեռացվում են՝ Արցախի հարցը, Մինսկի խումբը, Արեւմուտքի, Իրանի միջնորդությունը, հրաժարվում են ռազմական գործողություններից, նույնիսկ թուրքերի դեմ «ատելություն քարոզելու» համար ցուցադրաբար արցախցի են ձերբակալում, հետո բաց թողնում։

Իսկ Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական «Ձմեռ 2025» զորավարժությունները, որոնց մասնակցում են թուրքական 3-րդ բանակի և Ադրբեջանի զինված ուժերի՝ Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Հայաստանը չի առարկում, որ հենց Կարսի պայմանագրով Նախիջեւանում զորք պահելու իրավունք չկա։

II ձմեռային համահայկական խաղեր Ջերմուկում

Ջերմուկում բացվեցին 2-րդ ձմեռային համահայկական խաղերը։ Շուրջ 1350 մասնակիցներ 18 երկրների 88 քաղաքներից կմրցեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, պարային սպորտ, յուկիգասեն (թիմային ձնագնդի) և շախմատ:

Խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել ճոպանուղու մոտ, որը վնասվել էր 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական գնդակոծության ժամանակ։ Այս ընթացքում փոխվել է ճոպանուղու մալուխը, իսկ ճանապարհն ինքնին բերվել է լիարժեք պատրաստության։

2022 թվականի սեպտեմբերին քաղաքի մոտ գտնվող բարձունքների գրավումից հետո Ջերմուկը այլեւս ամենապահանջված հանգստի վայրերից մեկը չէր։ Չնայած կառավարության կոչերին՝ այցելել Ջերմուկ, մարդիկ խուսափում էին դրանից, հատկապես, որ 2,5 տարի Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին գրավված բարձունքները վերադարձնելու և քաղաքին սպառնող վտանգը հեռացնելու համար։

Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ՝ սկսած 1999թ.։ Ձմեռային խաղերը 10 տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ են անցկացվում (նախկինում դրանք անցկացվել են Ծաղկաձորում՝ 2014թ.)։

Լուսանկարները Սպուտնիկից

Թրամփը «միանում» է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու Պուտինի պահանջին

ԱՄՆ-ն առաջ է քաշում մինչև այս տարվա վերջ Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկ, հատկապես, եթե մոտակա ամիսներին հնարավոր լինի հասնել հրադադարի Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին Reuters-ին ասել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։

Ուկրաինայի նախագահի և Գերագույն ռադայի ընտրությունները պետք է տեղի ունենային անցյալ տարի, երբ ավարտվեցին նախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորությունների և խորհրդարանի ներկայիս գումարման ժամկետը։ Սակայն դրանք հետաձգվեցին անորոշ ժամանակով, քանի որ Ուկրաինայում գործող ռազմական դրության համաձայն՝ ընտրություններն արգելված են օրենքով։

Վլադիմիր Պուտինն ասում է, որ Զելենսկին կորցրել է իր լեգիտիմությունը անցյալ տարի իր հնգամյա ժամկետն ավարտելուց հետո։ Ուկրաինայի օրենսդրությունը նախատեսում է, որ նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչև նոր ընտրությունների անցկացում։ Պուտինը հրաժարվել է նրա հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Հինա Թրամփը, փաստորեն, միանում է Պուտինի պահանջին։

Տարասովան անվիճելի է համարում, որ ռուս գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը լավագույնն է աշխարհում

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան անվիճելի է համարում, որ ռուս գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը ներկայումս լավագույնն է աշխարհում։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին։

Ստեղծվել է ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբ

Ստեղծվել է ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբ: X-ի իր էջում գրել է  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում 55 խորհրդարանականներին, ովքեր հավատարիմ են մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը»,- նշել է դեսպանը։

Օսիպյան․ Նախապատրաստվում է այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների» մուտքը Հայաստան

Նիկոլ Փաշինյանը նախապատարստում է այսպես կոչված «Արեւմտյան ադրբեջանցիների» մուտքը Հայաստան։ Step1.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը՝ անդրադառնալով «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի» ղեկավար, արցախցի Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդմանը։

Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մի խումբ անձինք Երեւանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով «Ղարաբաղ-Ղարաբաղ» էին երգում։ Արթուր Օսիպյանի խոսքով՝ այդ տեսահոլովակը Ղարիբ Բաբայանին էր ուղարկել նրա ընկերը։

«Ղարիբ Բաբայանն էլ իր կազմակերպության էջում էր հրապարկել տեսանյութը, իր հուզմունքն ու զայրույթն էր արտահայտել դրա վերաբերյալ։ Փաստորեն դա առաջին հերթին ԱԱԾ-ի ու ոստիկանության բացթողումն է, բայց այդ երեւույթը թողել են մի կողմ ու քրեական գործ հարուցել այն մարդու նկատմամբ, ով հնչեղություն է տվել դրան։ Այսինքն՝ եթե վաղը մենք տեսնենք,որ Երեւանի հրապարակում թուրքերը «Ղարաբաղ-Ղարաբաղ» են երգում, դա բարձրաձայնելը, դրան բացասական գնահատական տալը քրեական գործի հարուցում է ենթադրում։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն նախապատարստում է «Արեւմտյան ադրբեջանցիների» մուտքը Հայաստան»,- ասաց Արթուր Օսիպյանը։

Նշենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտնել է, որ «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի» ղեկավար Ղարիբ Բաբայանը ձերբակալվել է։ Արցախցի Ղարիբ Բաբայանն իր ղեկավարած ֆեյսբուքյան  էջում տարածել էր տեսանյութ, որում մի խումբ մարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Տեսանյութը տարծողները նշել էին, որ նրանք ադրբեջանցիներ են։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են:

 Եվ, ահա, այս դեպքով ՀՀ իրավապահ մարմինները հանրային քրեական հետապնդում են հարուցել Ղարիբ Բաբայանի նկատմամբ։

 Քննչական կոմիտեից հայտնում են․ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։

 Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։ Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցի դասախոս է ձերբակալվել Իրանից եկած ադրբեջանցիներին նեղացնելու համար

Երեւանի կենտրոնական հրապարակում Իրանից եկած՝ թյուրքերեն “Գարաբաղ” երգի տեսագրությունը տարածելու համար ձեռբակալվել է արցախցի դասախոս։ Ինչպես գրում են համացանցում, խոսքը Ղարիբ Բաբայանի մասին է։

ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից՝ հայտնելով, որ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ․-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ․-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»։

 

 

ԱՄՆ-ը մեծ մաքսատուրքեր է սահմանել Կանադայից, Մեքսիկայից, Չինաստանից ապրանքների վրա

DW

Փետրվարի 1-ից ԱՄՆ-ը Կանադայից և Մեքսիկայից ապրանքների վրա մաքսատուրքեր կսահմանի 25%-ի չափով, իսկ Չինաստանից՝ 10%-ի չափով։ Այս մասին ուրբաթ օրը՝ հունվարի 31-ին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Նախագահը (Դոնալդ Թրամփը – Խմբ.) խոստացել է դա անել, և նա կատարում է իր խոստումը»,- Լևիտի խոսքերն է մեջբերում AP-ն։

Թրամփը նախկինում հիմնավորել է հարևան երկրների դեմ առևտրային մաքսատուրքերի անհրաժեշտությունը՝ ասելով, որ Մեքսիկան պետք է դադարեցնի այդ երկրից ԱՄՆ եկող անօրինական միգրանտների հոսքը, իսկ Կանադան պետք է դադարեցնի թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենտանիլի շրջանառությունը։

Երեւանցիները բոյկոտում են տրանսպորտի գնի բարձրացումը

Քաղաքացիները այսօր՝ փետրվարի 1-ին, բոյկոտում են տրանսպորտի թանկացումը: Բոյկոտին  է միացել Եերւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, որի անդամները տրանսպորտում մարդկանց հորդորում են վճարել 100 դրամ:

100 դրամի պահանջով փողոցում կլինեն ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հայտնում է news.am-ը:

ԱՄՆ-ում ևս մեկ ինքնաթիռ է կործանվել, զոհերի կարգավիճակը գետնի վրա անհայտ է

Ամերիկայի ձայն

Ուրբաթ երեկոյան Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել բժշկական տարհանման ինքնաթիռը։ Jet Rescue Air Ambulance-ը հայտնել է, որ իր ինքնաթիռը կործանվել է անձնակազմի չորս անդամներով, մեկ հիվանդով (երեխա) և հիվանդի ուղեկցորդով:

«Այս պահին մենք չենք կարող հաստատել, որ ողջ մնացածներ չկան», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ ժամը 18:30-ի սահմաններում վթարի ենթարկված Learjet 55 ինքնաթիռում վեց մարդ է եղել: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ դա տեղի է ունեցել Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռուզվելտ մոլի մոտ, և որ գետնին կան բազմաթիվ վիրավորներ կան:

Տեղական հեռուստաընկերությունների կողմից հեռարձակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ սուզվում նախքան գետնին բախվել Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելյան խիտ բնակեցված տարածքում և պայթում հսկայական հրե գնդակի մեջ:

The Philadelphia Inquirer-ը հայտնել է, որ առնվազն մեկ տուն և մի քանի մեքենա այրվել են կրակի մեջ: Եղանակը ցուրտ էր և անձրևոտ, իսկ տեսանելիությունը՝ վատ։

Օդային շտապօգնության մեքենան թռել է Հյուսիսարևելյան Ֆիլադելֆիայի օդանավակայանից և ուղղություն վերցրեց դեպի Միսսուրիի Սփրինգֆիլդ-Բրենսոնի ազգային օդանավակայան, մոտ 1,100 մղոն (1,800 կիլոմետր) դեպի հարավ-արևմուտք, ասվում է FAA-ի հայտարարության մեջ:

Ֆիլադելֆիայի քաղաքապետ Շերել Փարքերը վթարի վայրում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ զոհերի թվի մասին տեղեկություն չունի։

Ֆիլադելֆիայում CBS-ի մասնաճյուղից հեռարձակված կադրերում երեւում է մեծ հրդեհ և մի քանի հրշեջ մեքենաներ վթարի վայրում: Հեռուստաընկերությունը հայտնել է, որ զոհերի կարգավիճակը դեռևս հայտնի չէ։