ԱՄՆ այցի նպատակը․ Ցեղասպանության հարցը «խլել» Սփյուռքից եւ մեղադրել Դաշնակցությանը

  • 13:14 02.02.2025

Փաշինյանը մի քանի օր կլինի ԱՄՆ-ում, որտեղ նախագահ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ։ Նա կմասնակցի Կրոնական ազատությունների համաժողովին, նաեւ, ինչպես պարզվեց, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպում կունենա Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Վարդան Օսկանյանն արդեն կոչ է արել ամերիկահայերին չմասնակցել հանդիպմանը, որպեսզի Փաշինյանի թուրքամետ պլանների գործիք չդառնալ։

Սփյուռքի չեզոքացումը Փաշինյանի ամենագլխավոր առաքելությունն է։ Ցեղասպանության մասին նրա հայտարարությունը Շվեյցարիայի հայերի հետ հանդիպման ժամանակ ուղղված էին հենց Սփյուռքին։

Երեկ Բելգիայի Հայերի Վեհաժողովը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասվում է. «2020 թվականից հետո ձեր հայտարարությունները, ըստ էության, ասում էին, որ ցեղասպանության հարցը ոչ թե ձեր կառավարության առաջնահերթությունն է, այլ՝ Սփյուռքի: Սակայն զարմանալի է, երբ Դուք ﬕջամտում եք ﬕ հարցի, որը թողել էիք Սփյուռքի հայեցողությանը և հրապարակավ տարածում եք մտքեր, որոնք գնում են թուրք-ադրբեջանական ժխտողական պետությունների ուղղությամբ և, իհարկե, հեռու են որևէ գիտական կամ պատմական փաստարկներից»:

Հիմա Փաշինյանը փորձում է ուղղել թույլ տված «սխալը» եւ Ցեղասպանության հարցը եւս խլել Սփյուռքից, քանի որ այլ կերպ հնարավոր չէ լուծել հայ-թուրքական սահմանի խնդիրը։ Ցեղասպանության հարցը՝ Կարսի պահմանագրի եւ հայ-թուրքական ներկայիս սահմանի ճանաչման գլխավոր խոչընդոտն է։ Եւ դրա հետեւում կանգնած է Սփյուռքը, որի զգալի մասը հակում ունի դեպի Դաշնակցություն։

Հիմա Փաշինյանը փորձում է «հավաքագրել» ոչ դաշնակցական Սփյուռքին եւ համոզել, թե Ցեղասպանության մեղավորը հենց Դաշնակցությունն է, որը գործարքի մեջ էր երիտթուրքերի եւ Ոուսաստանի հետ։

Հոնվարի 31-ի իր հարցազրույցում Փաշինյանը ասել է դրա մասին․ «Մենք իրողությունները դարասկզբին, դարի կեսերին, դարավերջին, էսօր էլ` կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին… մեր իրականության մեջ ընկալվա՞ծ է երիտթուրքերի եւ ՀՅԴ-ի հարաբերությունների հարցը, իսկ կարո՞ղ է պարզվել, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողանում են օգտագործել մեր անկախ ինքնիշխան պետությունն անհնար դարձնելու համար»։

Դաշնակցության եւ այլոց դերի մասին կարելի է երկար խոսել եւ վիճել, սակայն փաստը մնում է փաստ՝ Առաջին հանրապետությունը 1921-ին տապալվել է ռուս-թուրքական օկուպացիայով եւ պայմանագրերով, եւ Հայաստանի ներկայիս սահմանները դրանց արդյունքն են։

Փաշինյանի ընկալմամբ՝ «ինքնիշխան պետության» գոյության համար մեկ գրավական կա՝ ճանաչել Հայաստանի «սովետական» սահմանները, այսինքն՝ ռուս-թուրքական Կարսի ընդլայնված պայմանագիրը։

Այդ նպատակի ճանապարհին բոլոր խոչընդոտները անխնա հեռացվում են՝ Արցախի հարցը, Մինսկի խումբը, Արեւմուտքի, Իրանի միջնորդությունը, հրաժարվում են ռազմական գործողություններից, նույնիսկ թուրքերի դեմ «ատելություն քարոզելու» համար ցուցադրաբար արցախցի են ձերբակալում, հետո բաց թողնում։

Իսկ Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական «Ձմեռ 2025» զորավարժությունները, որոնց մասնակցում են թուրքական 3-րդ բանակի և Ադրբեջանի զինված ուժերի՝ Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Հայաստանը չի առարկում, որ հենց Կարսի պայմանագրով Նախիջեւանում զորք պահելու իրավունք չկա։