Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հարցը ներկայացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով. «Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, եւ  այժմ կառավարությունը պետք է դիրքորոշում արտահայտի: Մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի քանի հանգամանքներից»:

Միրզոյանը թվարկեց  դրանցից մի քանիսը. «Վերջին տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն բավականին ինտենսիվ ու դինամիկ հարաբերություններ են ունեցել: Դրանք ունեցել են շատ հարուստ բովանդակություն, նաեւ ընդգրկել են տարբեր ոլորտներ: ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը: ԵՄ-ն ըստ էության, ներգրավվել է ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը. Նկատի ունեմ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: ԵՄ-ն նաեւ պատրաստակամությունն է հայտնել աջակցել ՀՀ-ի տնտեսական դիմակայունության ամրապնմանը: Ակնհայտորեն ԵՄ-ն ունի շատ հարուստ ժողովրդավարական ավանդույթներ, ժողովրդավարական ամուր ինստիտուտներ, ազատ մրցակցային միջավայր, արդիական տնտեսություն, առաջադեմ զարգացած գիտություն: Նաեւ դուք, պարոն վարչապետ, Եվրոպական խորհրդարանում հայտարարել եք, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Մենք այդ հնարավոր լինելու նշաններն էլ ենք տեսել: Նկատի ունեմ եւ վիզաների ազատականացման մեկնարկը, եւ մի շարք այլ գործիքներ, որոքն կիրառվել են կամ քննարկվում են ԵՄ-ի հետ:

Ելնելով այս ամենից առաջարկում ենք դրական արձագանքելն: Իհարկե, նաեւ որոշ առաջարկներ ունենք, որոնք առավելապես իրավական տեխնիկային են վերաբերում»,- հայտարարեց ԱԳ նախարարը:

ԱՄՆ Պետդեպը հերքում է Արման Բաբաջանյանին

Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, «Ամերիկայի ձայնի» հարցին ի պատասխան հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին չէր հերքել տեղեկությունը, որ առաջիկա օրերին Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրելու են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Առանց փակագծեր բացելու՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում:

Տեղեկությունը, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում փաստաթուղթ են ստորագրելու, նախօրեին ԱՄՆ մայրաքաղաքից հրապարակել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ պնդելով, թե համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այդ մասին գրում է Ազատությունը։

Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի արցախցիներին՝ որպես սոցիալական կացարան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում որոշում կայացրեց, որով Արտաշատ քաղաքում անշարժ գույքը տրվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ֆոնդ ԼՂ-ից տեղահանվածներին սոցիալական կացարաններում տեղավորելու նպատակով:

Խոսքը Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մռավյան փողոց թիվ 32/1 հասցեում գտնվող Ակադեմիայի շենքի մասին է:

Վերոնշյալի վերաբերյալ  առկա է նաև ՀՀ  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հանձնարարականը:

Էրդողանը Սիրիայում քրդերի դեմ գործողության է պատրաստվում և զանգահարում Ալիևին

Թուրքիայի զինված ուժերը մարտական ​​պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ հնարավոր գործողության հետ։ Այս մասին գրում է Türkiye թերթը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում ՔԱԿ–ի զինյալներին, և եթե այդ կոչերն անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է արդիական դառնալ։
«Անկարան, որը Սիրիայի նոր վարչակազմից պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության դեմ, շարունակում է պատրաստվել ցանկացած սցենարի։ Սահմանին գտնվող զորքերը մարտական ​​պատրաստության են բերվել հնարավոր գործողության համար»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Անկարան պատրաստվում է հնարավոր բոլոր սցենարներին, իսկ ռազմական գործողությունները դրանցից մեկն են։
Միաժամանակ՝ Հայաստանի հասցեյին Ալիեւի ագրեսիվ հայտարարությունների ֆոնին,Էրդողանը զանգահարում է Ալիևին, եւ, ըստ թուրքական կողմի՝ ասում է, որ Անկարան և Բաքուն կշարունակեն զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։

Թուրքիայի նախագահը վերահաստատել է Անկարայի լիարժեք աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ շեշտելով, որ Անկարան միշտ լինելու է Բաքվի կողքին։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն, իր հերթին, ասել է, որ «ադրբեջանաթուրքական եղբայրական, բարեկամական և ռազմավարական դաշինքի հարաբերությունները զարգանում են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով՝ ընդգծելով՝ «մեր երկրները միշտ միմյանց կողքին են»։

Միրզոյան․ “Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ հանդիպման հարց օրակարգում չկա

Եթե Ադրբեջանն այսպես կոչված «անկլավ-էքսկլավների» հատվածում սահմանազատում իրականցնելու պահանջ ներկայանցնի առաջիկայում, հայկական կողմի դիրքորոշումը ո՞րն է լինելու, հարցին այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Կանոնակարգը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից, հրապարակային փաստաթուղթ է, այնտեղ ամեն ինչ գրված է։ Անկլավների մասին առանձին դրույթ կա մեր միջեւ ավելի վաղ ստորագրված փաստաթղթերում։ Գիտենք, որ ՀՀ-ն ունեցել է անկլավներ Ադրբեջանում, գիտենք, որ եղել են ադբեջանական, ընդունված է ասել, անկլավներ Հայաստանի տարածքում։ Սրանք քաղաքական իրողություններ են, բայց գոյություն ունի հարցի իրավական մասը։ Ես կարծում եմ, որ հանձնաժողովներին պետք է ժամանակ տանք նաեւ այդ հարցով զբաղվելու։ Չեմ կարծում, որ երկու երկրներն պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկելու»։

Արարատ Միրզոյանը հավելեց, որ աշխարհագրական վայրը, որտեղից երկուստեք ընկալում կա շարունակել աշխատանքները, մի փոքր այլ է եւ պակաս ռիսկային։ Միրզոյանը չմանրամանեց, թե որ հատվածի մասին է խոսքը․ «Հիմա որ ասեմ Հայաստանի ամենահյուսիսային կետից կամ ամենահարավային կետից, իքս գյուղից, դա շատ բան չի փոխելու։ Դուք անկլավներից եք խոսում, ես ասում եմ՝ այդպիսի պայմանավորվածություն չկա։ Ճիշտ հակառակը, ընդհանուր առմամբ կա ընկալում՝ բոլոր հարցերը քննարկել ավելի ուշ փուլերում»։

Հարցին, թե հնարավո՞ր է սահմանազատում իրականացվի այն հայտվածներում, որտեղ ՀՀ տարածքներն օկուպացված են, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ես այս փուլում՝ ի շահ սահմանազատման եւ ի շահ աստիճանական կայունացման, ավելի պակաս պոտենցիալ հակասությունների բերող կամ սրող տեղից կշարունակեի սահմանազատումը։ Բայց սա սահմանազատման հանձնաժողովների որոշելիքն է»։

«Արեւմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արեւմտյան շրջաններն են, Հայաստանի տարածքը անվանել «Արեւմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին, թե ՀՀ իշխանությունները պետք է հանդիպեն այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ։ Միրզոյանը նշեց, որ երկկողմ հանդիպումներում նման հարց իրենց օրակարգում չկա։ ԱԳ նախարարի խոսքով՝ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի կանոնադրական փաստաթղթերում կան սպառնալիքներ ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Այնպես որ սա հերթական շինծու եւ հավակնոտ, առավելապաշտական նախագիծն է, որը հովանավարվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Մյուս կողմից, մենք երբեք չենք թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ եւ նրանք հեռացել են Հայաստանից ԽՍՀՄ փլուզման գործընթացին զուգընթաց։ Բայց ուզում եմ ընդգծել մի ուշագրավ եւ անվիճարկելի հանգամանք՝ նախ Հայաստանից ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը հեռացել են բավական քաղաքակիրթ ճանապարհով, կարող եմ անգամ թվեր բերել՝ 100 ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, 12 հազար ընտանիքից ավելի կարողացել են փոխանակել բնակարանները Ադբեջանում ապրող հայերի հետ եւ 160 հազարից ավելի ադրբեջանցիներ, ովքեր հեռացել են ՀՀ-ից, Հայաստանի կառավարությունից ստացել են փոխհատուցում։ Հետեւաբար, այստեղ իրավունքներն էլ են սպառված։ Մենք կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում, ապրած շուրջ 500 հազար հայերի ճակատագրի հետ, հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը, մյուս հալածանքները»,- ասաց Միրզոյանը։

Բարի գալուստ Թրամփ-Մասկ նոր աշխարհ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն արձագանքել է Թրամփի հայտարարությանը, որը Կանադային առաջարկել է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը։ Կանադացի քաղաքական գործչի կարծիքով՝ «ոչ մի շանս չկա, որ Կանադան դառնա Միացյալ Նահանգների մաս»։ Ի պատասխան՝ Թրամփի մտերիմ Իլոն Մասկը որոշել է պատասխանել. «Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, ուստի կարևոր չէ, թե ինչ ես ասում»:

Հունվարի 6-ին Թրյուդոն հայտարարեց, որ հեռանում է իր Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Միաժամանակ հայտնի է, որ նա շարունակում է վարչապետ լինել, քանի դեռ այս պաշտոնում իրավահաջորդ չի ընտրվել։

Իսրայելի իշխանությունները խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ պատերազմի

Իսրայելը պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ ուղղակի առճակատման, քանի որ նա ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Nagel կոմիտեի զեկույցը (2024 թվականի օգոստոսին Իսրայելի կառավարության կողմից ստեղծված հանձնաժողով՝ պաշտպանական բյուջեն և անվտանգության ռազմավարությունը վերլուծելու համար):

Փաստաթուղթը ընդգծում է այն ռիսկը, որ Թուրքիան կձուլվի սիրիական խմբավորումներին և, մասնավորապես, կսկսի պրոքսի պատերազմ վարել՝ ավելացնելով տարածաշրջանում անկայունությունը։ «Սիրիայից եկող սպառնալիքը կարող է վերածվել ավելի մեծ վտանի, քան իրանականը», – ասվում է զեկույցում:

Զեկույցը երկուշաբթի՝ հունվարի 6-ին, ներկայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Իսրայել Կացին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին։ «Մենք ականատես ենք լինում մերձավորարևելյան հիմնարար փոփոխությունների։ Իրանը վաղուց եղել է մեր ամենամեծ սպառնալիքը, սակայն ասպարեզ են դուրս գալիս նոր ուժեր, և մենք պետք է պատրաստ լինենք անսպասելին։ Այս զեկույցը ճանապարհային քարտեզ է Իսրայելի ապագան ապահովելու համար»,- ասել է Նեթանյահուն։

Միրզոյանը խոստովանում է․ բանակցություններ են վարում առանց փաստաթղթերը ի մի բերելու

«Մեծ հաշվով զինադադարի հաստատումից ի վեր բոլոր քննարկված տարբերակները՝ կլինի Մինսկի խմբի պաշտոնական առաջարկը, կլինի ընթացիկ քննարկվող ինչ-որ բան, այս կամ այն կերպ ենթադրել են Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում։ Սա անվիճարկելի փաստ է։ Թերեւս քննարկվել է միայն մեկ տարբերակ, որը դա չի ենթադրել, բայց դա էլ ենթադրել է փոխանակում Մեղրիի հետ, այսինքն՝ ՀՀ սուվերեն տարածքի ու ԼՂ փոխանակում։ Սրանք հանրահայտ բաներ են՝ առանց թղթերը հրապարակելու»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակում բանակցային փաստաթղթերը։

Արարատ Միրզոյանն ասաց, որ կառավարությունում հիմա փորձում են համակարգել ու ի մի բերել բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են բանակցային գործընթացին։ «Երբեմն հանրությունը, երբ խոսում է ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի մասին, պատկերացնում են մեկ կամ մի քանի դարակ, որտեղ իրար վրա այդ թղթերը դրված են։ Այդպես չէ, այդ փաստաթղթերն իսկապես համակարգված ներկայացնելու խնդիր ունենք, մենք հիմա այդ գործընթացի մեջ ենք։ Երբ կմոտենանք այդ գործընթացի ավարտին, 10 անգամ եւս կմտածենք, թե որքանով է պատեհ եւ ոչ ռիսկային այդ փաստաթղթերի հրապարակումը եւ ըստ այդմ կվարվենք՝ կամ կասենք՝ խնդրեմ, հրամապարում ենք, կամ կասենք՝ ոչ, ոչ մի դեպքում հրապարակման ենթակա չեն»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ում կան մարդիկ եւ գրասենյակներ, որոնք ունեն այդ փաստաթղթերի մի մասը․ «Առաջարկում եմ՝ իրենք էլ հրապարակեն, հլա տեսնենք՝ ինչ էր կատարվում իրենց շրջանում»։

Միրզոյանի նման խոստովանանքը խոսում է կամ դիվանագիտական հանցավոր փնթիության, կամ գործընթացի միտումնավոր ձախողման մասին։ Ի՞նչ է նշանակում՝ 6 տարի բանակցություններ ենք վարել, բայց դեռ ի մի չենք բերել նախկինում համաձայնեցված փասրաթղթերը։ Այս բոլոր ինքնախոստովանքները անպայման օգտագործվելու են դատարանում “0-ից սկսած” եւ բացասական արդյունք ստացածների դեմ։  

Երեւանի քաղաքապետարանը այս դեմքով է ծաղրում մայրաքաղաքի բնակիչներին

Երևանի տրանսպորտով ճանապարհորդելու համար QR տոմսերի վավերականության ժամկետի կրճատումը մեկ շաբաթից մինչև 4 օր կնվազեցնի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Սկզբում QR կոդերը կարող էին օգտագործվել ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում, այնուհետև այդ ժամկետը կրճատվեց մինչև 7 օր, այժմ՝ 4 օր։

«Եթե քաղաքացիները ցանկանում են երկարաժամկետ (30 օր վավերական) տոմս գնել, ապա պետք է փաթեթ ձեռք բերեն տոմսերի միասնական համակարգի transport.yerevan.am կայքից»,- ընդգծեց նա։

Մեկ տոմս գնելով, քաղաքացիերը վճարում են կոնկրետ երթեւեկության համար, 30 օրվա փաթեթով նրանք վճարում են երթեւկության համար, որը կարող է եւ չլինի։ 

Երեւանի քաղաքապետարանն իր տրանսպորտային բարեփոխմամբ շարունակում է ծաղրել մայրաքաղաքի բնակիչներին՝ “ընթացքում” փոխելով կանոնները եւ անգամ նեղություն չտալով իրեն  զեկուցել դրանց մասին։

«Բարեփոխումները» հանգեցրել են նրան, որ բնակիչները պարզապես չեն վճարում երթեւեկության համար։ Քաղաքապետարանը սպառնում է տուգանքներով, սակայն բազմաթիվ տեխնիկական խնդիրները թույլ չեն տալիս անգամ ամենաօրինապահ ուղեւորներին պահպանել կանոնները։

“Մենք ուզում էինք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կարողանա ապրել ԼՂ-ում եւ օժտված լինի որոշակի իրավունքներով”

Այսօր հրավիրած ասուլիսում հարց ուղղվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Արցախի էթնիկ զտումից ու բռնի հայաթափոիմից հետո ի՞նչ աշխատանք է տարվել ՀՀ կողմից, ի՞նչ բանակցություններ են տարվել արցախցիների վերադարձի հարցով։

«Մեր իշխանությունները 2020 թվականից, մեր գնահատմամբ, իրատեսական բոլոր ջանքերը գործադրեցին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը կարողանա շարունակել ապրել ԼՂ-ում եւ օժտված լինի որոշակի իրավունքներով։ Կարծում եմ՝ այս ջանքերը ճիշտ վերաբերմունքի չարժանացան ԼՂ գործող, գուցե նաեւ նախկին իշխանությունների կողմից։ Եվ ինչ-որ առումով նաեւ այդ պատճառով հիմա ունենք այն, ինչ ունենք։ Հիմա դուք ինձ հարցնում եք՝ որպես ԱԳ նախարար դուք բանակցո՞ւմ եք ԼՂ հայերի վերադարձի մասին։ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ այնտեղ ապրելու մասին մենք խոսում էինք այն ժամանակ, երբ ԼՂ-ում հայեր ապրում էին։ Ի՞նչ պայմաններով վերադարձ, որեւէ ինքնորոշված ինքնավարությա՞ն կազմում, թե՞ ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացիներ, թե՞ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունենք։ Մի հատ, որ ամբողջական պատկերացում ձեւավորվի, ավելի համապարփակ կկարողանամ ես այդ հարցին պատասխանել։ Բայց Լեռնային Ղարաբաղ վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան, որը երբեմն քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչները կրկնում են։ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ՝ ո՞ւր, ի՞նչ պայմաններով, կարա՞ք մի հատ ասեք, ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր, կա այդ հնարավորությունը։ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու հնարավորությո՞ւն ունենք, կա այդ հնարավորությունը, ուրի՞շ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն է այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարողանան հոգալ իրենց առաջին անհրաժեշտության կարիքները։ Կարճաժամկետ կտրվածքով դա տեղի է ունեցել է, այժմ աշխատանք է տարվում նրանց միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ։ «Մենք կանենք մեզնից հասնող ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ այստեղ՝ ՀՀ-ում իրենց լիարժեք ինտեգրված զգան, ապրեն, արարեն ու օգտվեն բոլոր իրավունքներից»,- հավելեց Միրզոյանը։

Հարցին, որ Ադրբեջանը հավասարության նշան է դնում արցախցիների վերադարձի ու այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» հարցի միջեւ, Միրոզյանը պատասխանեց․ «Ես գիտեմ ադրբեջանցիներ, ովքեր հեռացել են Հայաստանից եւ ստացել են փոխհատուցումներ, գիտեմ ադրբեջանցիներ, ովքեր վաճառել են իրենց գույքը, ովքեր փոխանակել են իրենց գույքը։ Եվ դրան զուգահեռ գիտենք հայերի ճակատագիրը Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում եւ այլն։ Չեմ կարծում, որ իրավիճակները նույնական են, չեմ կարծում, որ վերաբերմունքը նրանց նկատմամբ երկու երկրներում նույնական են»։

Միրզոյան․ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում

«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը փաստ չէ, ես անընդհատ էսկալյացիայի հավանականություն եմ տեսնում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին։

«Քանի դեռ մենք տեսնում ենք այսպիսի հռետորաբանություն, ես ինքս անընդհատ էսկալյացիայի հավանականություն տեսնում եմ։ Նաեւ այդ էսկալյացիայի կանխման համար է, որ գոյություն ունեն Եվրոպական միության քաղաքացիական դիտորդները։ Քանի դեռ սահմանին չկա կայունություն, քանի դեռ չունենք սահմանազատված սահման, քանի դեռ մենք ունենք այսպիսի հայտարարություններ, ինչպիսիք մեր զինված ուժերին կրակոցներ արձակելու մեղադրանքներն են, մենք շարունակելու ենք ունենալ երրորդ կողմի չեզոք կարծիք եւ մշտադիտարկում գետնի վրա։ Հետեւաբար, մենք ունենք իրենց կարիքը, ես հուսով եմ, որ ԵՄ-ն կկայացնի որոշում՝ երկրարաձգելու առաքելության ժամկետը, մենք դա կողջունենք»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը նշեց, որ ամբողջ իմաստն այն է, որ ունենանք սահմանազատված սահման ու կայունություն, եւ ապագայում որեւէ դիտորդի կարիք չլինի։

Արարատ Միրզոյանն ասաց՝ քանի դեռ բանակցությունները շարունակվում են, անընդհատ հնարավոր է համարում «խաղաղության պայմամագրի» ստորագրումը։ «Դուք հարցնում եք ինձ՝ իսկ Ադրբեջանը ուզո՞ւմ է, թե՞ չէ, ըստ ամենայնի մինչեւ այս պահը երեւի թե չէ, որովհետեւ մենք ուզում էինք, եթե ուզեր, կստորագրվեր։ Երեւի թե չի ուզում, արդյոք սա նշանակո՞ւմ է այս պատմության ավարտ, կարծում եմ, որ ոչ։ Մենք ունենք երկու երկիր, մեկը մենք են, եւ մյուս երկիրը, որը չի ուզում խաղաղություն, ասենք թե հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով, քո գործողությունները որո՞նք են։ Վերցնել, նույն ձեւ հակադարձե՞լ՝ իմանալով, որ եթե պատմությունը շատ զարգացավ, դու, մեղմ ասած, շահեկան վիճակում չես հայտնվելու։ Կամ գուցե հենց այդպես էլ մտածած է շատ խոշոր շնաձկների կողմից, որ այդ խայծը կուլ տաս, եւ իրենք քեզ միանգամից կուլ տան։ Գուցե պետք չէ միանգամից գնալ այդ ուղղությամբ եւ ոչ էլ պետք է հանձնվենք, հետեւաբար պետք է շարունակենք աշխատել, ջանքեր գործադրել։ Մենք իսկապես ուզում ենք Հարավային Կավկասում ունենալ խաղաղություն, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, մենք իսկապես ուզում ենք բաց սահման Թուրքիայի հետ, իսկապես ուզում ենք, որ Հայաստանի տարածքով կարողանան ադրբեջանական ու թուրքական բեռներ անցնել»,- հավելեց նա։

Անդրադառնալով հայերին ֆաշիզմի մեջ մեղադրելու Ալիեւի հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Մեծ է գայթակղությունը անմիջապես արձագանքելու եւ հրապարակային ներկայացնելու անհերքելի փաստեր ու հայտարարություններ, որ Ադրբեջանում խրախուսվում է ֆաշիստական վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Բայց ես ձեռնպահ կմնամ ու կառաջարկեմ գնահատել, թե ինչո՞ւ են նման հայտարարություններ արվում։ Գուցե նրանք պարզապես ուզում եմ լսել պատասխան հայտարարություննե՞ր, ընդհուպ իրական կրակոցներ ու էսկալյացիա։ Չեմ կարծում, որ սա լավագույն ուղին է։ Մեզ ամուր նյարդեր են պետք, որ չշեղվենք խաղաղության օրակարգից»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց նաեւ, որ «խաղաղության պայմանագրի» նախագծում առկա 17 կետերից 15-ը համաձայնեցված են Բաքվի հետ․ «Տեսնենք ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանի այն երկու հոդվածների առնչությամբ։ Մենք վստահ ենք,որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, լուծումներ, որոնք հնարավորություն կտան հնարավորինս հիմնարար ու ամբողջական լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին»։

 

ԵՄ եւ Իրանի ներկայացուցիչները շտապ մեկնել են Բաքու

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ժամանել է Բաքու, որտեղ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Իլհամ Ալիևը շեշտել է, որ Բաքուն շարունակում է ջանքերը՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար» և ընդգծել, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։

Ադրբեջանական կողմի համաձայն, եվրոպացի դիվանագետն իր հերթին ընդգծել է «Եվրամիության և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը», հավելելով, որ «Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»:

Բաքվում հանդիպում են ունեցել նաեւ Իլհամ Ալիևը և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախ «շնորհավորել է Ադրբեջանին իր տարածքներն օկուպացիայից ազատելու կապակցությամբ և ասել, որ իրենք շատ ուրախ են դրա համար»։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։

Ալի Աքբար Ահմադիանը կժամանի նաև Երևան, որտեղ վաղը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԵՄ եւ Իրանի ներկայացուցիչները Բաքու են մեկնել Ալիեւի սպառնալից հայտարարություններից հետո։