Բաքու-Փարիզ սկանդալ Հայաստանի պատճառով

Արձագանքելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարություններին, պաշտոնական Բաքուն Փարիզին «կեղծավորության» մեջ է մեղադրել՝ պնդելով, որ Հայաստանին «մահացու զենք մատակարարելը չի ծառայում խաղաղությանը»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն X-ում հրապարակած գրառման մեջ անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը պնդել է․ «Դրա ստորագրումը և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում են Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացում և, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից արտաքին միջամտության դադարեցում, որը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի անկայունացմանը»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այսօր մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ։ Ժան-Նոել Բարոն հույս է հայտնել, որ այդ լարվածությունը հնարավոր կլինի թուլացնել եվրոպական դիտորդական առաքելության ընդլայնման օգնությամբ:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ մտահոգված եմ սահմանին լարվածության աճով։ Հույս ունեմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելության կազմը կընդլայնվի, որպեզի հնարավոր լինի հետևել և զսպել այդ լարվածությունը»,- հայտարարել է Բարոն:

«Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ կամայականորեն ձերբակալվածները, բանտարկվածները պետք է ազատ արձակվեն», – ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում, ուր ժամանել է՝ մասնակցելու Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմանը:

“Ֆրանսիայի միջամտության վերջ տալը” Բաքվի պահանջներից մեկն է, հենց Ֆրանսիայի պատճառով են Բաքուն ու Մոսկվան պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ֆրանսիան, ինչպես նաև այլ երկրներ, չի սատարում ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին, հորդորելով առանց նախապայմանի ստորագրել “խաղաղ համաձայնագիրը”։    

Մինչև ապրիլի 17-ը տեղումնր են սպասվում

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 սմ և ավելի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 14-ի երեկոյան, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամբողջությամբ ավերվել է արցախյան Սարգսաշեն գյուղը

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով-ը գրում է․

Ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում «Ադրբեջանի Հանրապետության» կողմից վարվող պետական մակարդակի նպատակաուղղված և համակարգված քաղաքականությունը աճում է եկրաչափական պրոգրեսիայով։

Ծանր շինարարական և ռազմական տեխնիկայի կիրառմամբ օրեցօր ընդլայնվում են հայաթափված բնակավայրերի և թաղամասերի լիակատար ավերման ծավալները։ Այս քաղաքականության հիմնական նպատակն է՝ ոչ թե պարզապես վերացնել հայ բնակչության ֆիզիկական ներկայությունը, այլ ամբողջությամբ ջնջել նրա նյութական, մշակութային և պատմական ժառանգության հետքերը՝ Արցախը վերաձևելով որպես «ազատագրված» տարածք ադրբեջանական նարատիվի համաձայն։

Սույն քաղաքականության հերթական զոհն է դարձել Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։ Արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ գյուղը, որը բռնազավթվել էր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից 2020 թ․ սանձազերծած պատերազմի ընթացքում, 2021 և 2024 թվականների տվյալներով կրում էր լայնածավալ ավերածություններ, իսկ 2025 թ․ արբանյակային պատկերները վկայում են ամբողջական և համակարգված ավերման մասին։ Սարգսաշենը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է։

Սա մեկ օրինակ է Արցախի տարածքում իրականացվող պետական վանդալիզմի ընդհանուր ռազմավարությունից։ Տասնյակ գյուղեր և քաղաքներ կամ ամբողջությամբ, կամ` մասնակիորեն վերացվել են՝ նպատակ ունենալով մշակութային, պատմական և քաղաքակրթական ժառանգության լիակատար ջնջում։ Այդ վայրերի թվում են՝ Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ, Առաքել համայնքն իր Ձորագյուղով։ Այս բոլոր բնակավայրերը ոչ միայն ֆիզիկապես են ոչնչացվում, այլ ջնջվում են նաև որպես մշակութային հիշողության կրողներ։

Այստեղ այլևս կասկածի տեղիք, որևէ եզր չկա. Արցախում կատարվում է ոչ միայն 21-րդ դարի, այլև մարդկության պատմության ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։ Խոսքը զուտ մարդկային զոհերի կամ պատերազմի ավերածությունների մասին չէ։ Խոսքը համակարգված, ծրագրավորված մշակութային ու քաղաքակրթական վերացման մասին է, որը պետք է դիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում և արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին։

Նարե Սիմոնյան․ Երբ 2021-ին նրանց ժողովրդի քվեն էր պետք, խոստանում էին դեօկուպացնել Շուշին և Հադրութը

Այսօր ՀՀ Արտգործնախարարության դիմաց կայացած ցույցի ժամանակ իր ելույթի խոսքում հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը նշել է.

«2021թ. երբ այս իշխանությունը գնում էր արտահերթ ընտրությունների, կարիք կար ժողովրդի քվեն խնդրել, աղաչել։ Իրենց նախընտրական ծրագրում ոչ միայն ժողովրդին ազնվորեն չէին ասել, որ պատրաստվում են հանձնել Արցախից մնացած մասը, այլ ներկայացնում էին, որ փորձում են պահանջատեր լինել եւ դեօկուպացնել Շուշին ու Հադրութը։ Հայկական դիվանագիտությունը ոչ թե ծառայում է հայկական շահին, այլ հայկական դիվանագիտությունը խաղալիք են դարձրել, որը օգտագործում են իրենց ներխմբային, ներկուսակցական քմահաճույքները բավարարելու համար» ,- նշել է նա։

https://www.facebook.com/step1.am/videos/1234034845392028

Արցախցիները պահանջագիր են ներկայացրել ՀՀ ԱԳՆ

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից

 Մենք պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ի դեմս արտգործ նախարարության, ձեռնարկել մի շարք կոնկրետ միջոցներ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Ի թիվս բազմաթիվ այլ միջազգային մեխանիզմների ու հնարավորությունների՝ մենք առանձնացնում ենք հատկապես ներքոնշյալ միջոցները՝

  1. Դիմել ՄԱԿի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին և Եվրոպայի Խորհրդին՝ նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում ու ներդրում՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն և ինքնորոշված վերադարձի ապահովմանը։
  2. Դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորմանն ուղղված միջազգային գործընթաց և ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձն իր հայրենիք:
  3. Դիմել ՄԱԿի, ԵԱՀԿի, ԵԽի մասնագիտացված կառույցներին և Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին՝ հայերի շինծու «դատավարությունների» ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։
  4. Դիմել որևէ չեզոք ու պատրաստակամ երկրի (օրինակ՝ Շվեյցարիային)՝ խնդրելով Բաքվում գտնվող իրենց դեսպանությունում ստեղծել «Հայկական շահերի բաժին» և ապահովել հայ գերիների համար հյուպատոսական ծառայության հասանելիությունը:
  5. Գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը՝ Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի իրավունքների հրատապ պաշտպանության նպատակով։
  6. Հայ գերիների լիարժեք ու ապահով ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրման անսակարկելի նախապայման։
  7. Թարմացնել ՄԻԵԴում և ՄԱԿի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված միջպետական գանգատները՝ ներկայացնելով գերիների խոշտանգումների, բռնազավթված Արցախում մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման ու յուրացման նոր փաստերը:
  8. Դիմել ՅՈՒՆԵՍԿՕին և Եվրոպայի Խորհրդին՝ Արցախ ուղարկելու մոնիթորինգային առաքելություն՝ ուսումնասիրելու և փաստագրելու մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր գույքի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։
  9. Դիմել համապատասխան միջազգային կառույցներին և առանձին պետությունների՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման խնդրանքով՝ հայերի դեմ կատարած միջազգային հանցագործությունների հիման վրա:
  10. Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:
  11. Դիմել համապատասխան պետություններին՝ կիրառելու համընդհանուր իրավազորության սկզբունքը և սկսել քրեական հետապնդում ադրբեջանցի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ՝ միջազգային հանցագործությունների կատարման հիմքով։

 

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

14 ապրիլի, 2025թ.

 

“Անհասցե” կրակոցներն էլ ահաբեկում է․ Խնացախում տուժել է Մշակույթի տունը

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական կողմի կրակոցների մասին հարցին, ասել է․ «Ձեր վկայակոչած կրակոցները, որոնք երբեմն տեղի են ունենում, ոչ նշանառու, անհասցե ու սակավաթիվ կրակոցներ են»։

Արման Սարգսյանի այս հայտարարությունից րոպեներ անց ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն, որ ապրիլի 13-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառնալով ՊՆ փոխնախարարի հայտարությանը, լրագրողներին ասաց․ «Նույնիսկ փաստագրված տվյալներ կան, թե ինչպես են կրակոցներն ուղիղ տների տանիքների, տների ուղղությամբ լինում։ Այսինքն՝ ասել, որ հասցեական չեն կարկոցները, մեղմ ասած, սուտ է։ Բայց երբ ՊՆ-ն է նման հայտարարություն տարածում, դա ուղղակի խայտառակություն է, որովհետեւ սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան ու կրակոցները։ Կամ թիրախային են կրակում, կամ եթե օդ են կրակում, իրենք հենց այնպես հո օդ չեն կրակում, դա եւս տեռորի ու թիրապխավորման նշանակություն ունի, այսինքն՝ մարդկանց վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի»։

Արցախցիները ատելության խոսքի մասին հաղորդումներ ներկայացրեցին դատախազությանը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով քննել արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածման դեպքերը եւ պատժել մեղավորներին։ Արցախցիներն ասում են, որ հիմնականում ՀՀ իշխանությունների կողմից է հրահրվում ու ուղղորդվում այդ ատելությունն ու պառակտումը։

Միաժամանակ, իշխանությունները եւ նաեւ որոշ շրջանկաներ արցախցիներին հորդորում են գնալ ու արցախցի պաշտոնյաներից պահանջել թալանը հետ բերել ու դրանով լուծել արցախցիների բարձրացրած սոցիալական հարցերը։ Արցախցիներն այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ հարցադրում արեցին՝ ինչո՞ւ դատախազությունը չի պարզում՝ ովքե՞ր են այդ թալանչիները եւ ինչո՞ւ են հասարակ մարդկանց հորդորում գնալ ու թալանչի բռնել։

«Խնդրում ենք, ցույց տվեք այդ թալանչիներին եւ պատժեք, ես չգիտեմ՝ ի՞նչ է փոխվել, որ հասարակ քաղաքացուն ուղարկում են ինչ-որ թալանչիներ բռնելու, նրանցից ինչ-որ փողեր վերցնելու։ Դուք ինքներդ գնացեք ձեր կողմից նշված թալանչիների հետեւից, բռնեք, եթե, իհարկե, դուք այդ թալանի մաս չեք»,- հայտարարեց Տաթեւիկ Խաչատրյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանն ասաց, որ 7 տարի է՝ այս իշխանությունը խոսում է թալանչիների մասին, բայց չի բռնել, այսօր արցախցիներին են հորդորում թալանչի բռնել։ Իսկ եթե իշխանությունները թալանչիներին չեն բռնում, ըստ Իսրայելյանի, սա կասկածի տեղի է տալիս, որ նրանք այդ պրոցեսի մասնակից են։

«Թալանչիների մասին խոսում են մարդիկ, ովքեր շարունակում են այդ թալանն իրականացնել այսօր էլ․ թալանել եք իմ երկիրը, ծախել եք իմ երկիրը, Արցախը դուք ծախել եք, այ դա թալան է, դրա պատասխանը տվեք։ Ձեր ձեռքի տակ են բոլոր այդ հնարավորություններն ու փաստերը, բացահայտեք, ներկայացրեք ժողովրդին այդ թալանն էլ, թալանչիների անուններն էլ»,- ասաց նա։

Բոլորը մեզ ուղիղ ասում են, թե ի՞նչ եք ուզում մեզանից, եթե Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում այդ հարցերը չկան

ԿՀՎ-ն սենսացիոն մանրամասներ է բացահայտել խոցված ՉԹՕ-ից մարդանմանների հետ մարտում խորհրդային զինվորների մահվան մասին

ԱՄՆ ԿՀՎ-ի կայքում հրապարակվել է գաղտնազերծված փաստաթուղթ, որը խոսում է 1989-1990 թվականներին խորհրդային զինվորականների և այլմոլորակայինների ենթադրյալ հանդիպման մասին: Ըստ Fox News-ի, փաստաթղթում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդային զինվորները վարժանքների ժամանակ խոցել են անհայտ թռչող օբյեկտ, որը թռչում էր իրենց բազայի վրա ցածր բարձրության վրա: Նրա վրա արձակվել է «երկիր-օդ» հրթիռ։

Վթարից հետո ավերված նավի միջից իբր դուրս են եկել հինգ մարդանման արարածներ՝ անհամաչափ մեծ գլուխներով և մեծ սև աչքերով: Նրանք միաձուլվեցին մեկի մեջ՝ արձակելով բզզոց, իսկ հետո կուրացնող բռնկում եղավ, որը 23 զինվորի վերածեց քարի։ Միայն երկու զինվորներ, որոնք ամբողջությամբ չեն ենթարկվել լույսի հարձակմանը, կարողացել են ողջ մնալ: «Քարացած զինվորների» մնացորդները և նավի բեկորները տեղափոխվել են Մոսկվայի մերձակայքում գտնվող գաղտնի հետազոտական ​​բազա, որտեղ պարզվել է, որ զինվորների մոլեկուլային կառուցվածքը համապատասխանում է կրաքարին։ Գիտնականները ենթադրում են, որ պատճառը մարդկությանը անհայտ էներգիայի ձևն էր:

Այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ՉԹՕ-ների հետ կապված հին պետական ​​փաստաթղթերը գաղտնազերծելու մասին։

ԱՄՆ-ի կրոնական ազատության 2025 թ. զեկույցն անդրադարձել է Ղարաբաղում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերին

ԱՄՆ-ի կրոնական ազատության 2025 թվականի տարեկան զեկույցն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման շարունակվող դեպքերին։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«2025 թվականի ԱՄՆ-ի կրոնական ազատության տարեկան զեկույցի 46-48-րդ էջերը ամբողջությամբ նվիրված են Ադրբեջանում կրոնական ազատության խախտումներին, ինչպես նաև հայկական հուշարձանների ոչնչացմանը և այլ խնդիրներին։ Զեկույցի սկզբում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատությունը գտնվում է վատթար վիճակում։ Այն նաև ընդգծում է Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերը՝ ի մասնավորի նշելով, որ «Կովկասյան Ժառանգության մշտադիտարկում» (CHW) կազմակերպությունը արբանյակային նոր տվյալներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ կրոնական ժառանգության վտանգված վայրերի վերաբերյալ՝ հրապարակելով ժառանգության ոչնչացման նոր դեպքերի մասին, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցի, երկու գերեզմանոց և այլ մշակութային արժեքներ։
Իսկ 2024 թվականի հունիսին ԱՄՆ-ում տեղակայված Freedom House կազմակերպությունը հրապարակել է, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել է «համապարփակ, համակարգված ռազմավարություն՝ Լեռնային Ղարաբաղը հայ ազգաբնակչությունից և պատմամշակութային ներկայությունից դատարկելու ուղղությամբ»։ Կազմակերպությունն այս գործողությունները գնահատել է որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

Զեկույցն անդրադարձել է նաև ԱՄՆ գործողություններին նշելով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է՝

.Ադրբեջանին շարունակի պահել Հատուկ Վերահսկման Ցանկում (Special Watch List)՝ համաձայն Կրոնական ազատության միջազգային օրենքի (International Religious Freedom Act, IRFA), այն հիմքով, որ պետությունը թույլ է տալիս կրոնական ազատության լուրջ խախտումներ։

.Կիրառի թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի պետական մարմինների, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության կազմի մեջ ընդգրկված Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության (Bandotdel) և այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են կրոնական ազատության լուրջ խախտումների համար

.Աջակցի անկախ միջազգային դիտորդների Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ այցի կազմակերպմանը, օրինակ՝ ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպության) կողմից՝ նպատակ ունենալով ստուգել, փաստագրել մշակութային արժեքները և գույքագրել դրանք։

Զեկույցն անդրադառնում է նաև ԱՄՆ քայլերին, շեշտելով, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է՝

Կազմակերպի լսումներ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և/կամ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում՝ նպատակ ունենալով լուսաբանել կրոնական ազատության խախտումները Ադրբեջանում՝ հիմնվելով Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների արդյունքների վրա։

Զեկույցն առանձին բաժնով անդրադառնում է նաև միջազգային հարաբերություններին և արդեն իսկ արված գործողություններին։ Ի մասնավորի նշելով, որ եվրոպական կառույցներն ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները բազմիցս արտահայտել են մտահոգություն Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակի, այդ թվում՝ կրոնական ազատությունների խախտումների վերաբերյալ։ 2024 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մերժել է Ադրբեջանի պատվիրակության մանդատների հաստատումը՝ մասնավորապես, խղճի բանտարկյալների հետ կապված մարդու իրավունքների խախտումների և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակման պատճառով։ Նույն ամսին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի կողմից ենթադրյալ համակարգված և լայնածավալ խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի կիրառումը։

Բացի այդ, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը և Եվրոպական խորհրդարանը դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության կազմակերպված ոչնչացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները։

2024 թվականի հունիսին ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ նամակ են հղել Պետքարտուղար Բլինքենին՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ոչնչացված հայկական մշակութային ժառանգության հարցը՝ ընդգծելով այդ երկրի գործողությունները եկեղեցիների, վանքերի և կրոնական արժեքների դեմ։

2024 թվականի սեպտեմբերին Նյու Ջերսիից հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը նախագահել է Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները՝ նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում վտանգված կրոնական վայրերի խնդիրներին։

2023 թվականի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ Պետական դեպարտամենտը հերթական անգամ ընդգրկել է Ադրբեջանը Միջազգային կրոնական ազատությունների մասին օրենքով (IRFA) սահմանված Հատուկ դիտարկվող երկրների ցուցակում՝ կրոնական ազատությունների կոպիտ խախտումների հիմքով»,- գրել է կայքը։

Հայաստանի տնտեսությունը “ազատ անկման” մե՞ջ է

2025-ի հունվար և փետրվար ամիսներին արդյունաբերության ծավալներն Հայաստանում ընդհանուր 380 միլիարդ դրամ են կազմել. 2024-ի նույն ամիսների համեմատ ցուցանիշը կրճատվել է 20 տոկոսով: Նվազում կա տարբեր ուղղություններով. խմիչքների արտադրությունն, օրինակ, անցած տարվա համեմատ նվազել է ավելի քան 25 տոկոսով:

Վերլուծաբանները նկատում են տնտեսության զարգացման մասին վարչապետի խոսքերի և վիճակագրական տվյալների խոստ տարբերությունը և խոսում են նույնիսկ “ազատ անկման” մասին։

Ազատությունը բերում է վիճակագրական տվյալներ այն մասին, որ ոսկերչական ապրանքների արտադրության ոլորտը հունվարին և փետրվարին 3.5 միլիարդ դրամի արտադրանք է տվել. 2024-ի համեմատ ծավալները կրճատվել են մոտ 70 տոկոսով:

Ըստ Վիճակագրական կոմիտեի, տարվա առաջին երկու ամիսներին զգալիորեն նվազել են նաև Հայաստանի արտաքին առևտրի ծավալները. արտաքին առևտրաշրջանառությունը 3 միլիարդ դոլարի չի հասել, սա 2024 -ի ցուցանիշից պակաս է ավելի քան 2 անգամ:

Չնայած ընդհանուր ծավալների կրճատմանը ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին իշխանությունների հայտարարություններին արտահանման ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը անցած տարվա նույն ամիսների համեմատ կտրուկ մեծացել է: Այդ ամիսներին Հայաստանից արտահանված ապրանքների 44 տոկոսը Ռուսաստան է մտել, մեկ տարի առաջ այս ցուցանիշը 20 տոկոս էր, գրում է Ազատությունը:

Անցած ամիս սննդամթերքը խանութներում 2024-ի մարտի համեմատ 5.4 տոկոսով ավելի թանկ է վաճառվել: Երկու տարի շարունակ Հայաստանում սննդամթերքի այսչափ թանկացում չէր եղել: Հատկապես շատ թանկացած ապրանքներից են ձուկը, ձեթը, յուղերը, մրգերն ու կարտոֆիլը:

Արյունոտ Ծաղկազարդ Սումիում. Մակրոնն առաջարկում է «պարտադրել խաղաղությունն» Ռուսաստանին

«Ծաղկազարդի օրը ռուսական զորքերի հարձակումը Սումիում քաղաքացիական օբյեկտների վրա հատում է պարկեշտության բոլոր սահմանները: Տասնյակ խաղաղ բնակիչներ սպանվեցին և վիրավորվեցին», – գրել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայում հատուկ բանագնաց Քիթ Քելոգը կիրակի օրը՝ ապրիլի 13-ին:

Գերագույն Ռադայի  «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Մարիանա Բեզուգլայան հայտարարել է, որ Սումիի վրա ռուսական հարձակման պահին այնտեղ զինվորականների հանդիսավոր պարգևատրում էր տեղի ունենում, և հարձակումն իբր դրանվ էր ուղղված։ BBC-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ հարված է հասցվել Սումիի պետական ​​համալսարանի Կոնգրես կենտրոնին։

Երեկ Պուտինի բանակը երկու բալիստիկ հրթիռներով մահացու հարված է հասցրել Սումիի կենտրոնին։ Զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, շատերը վիրավորվել են։ ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքով՝ պատերազմ սկսելն ինքնին «իշխանության չարաշահում» է։ Սումիի վրա հարձակումը սխալ էր Ռուսաստանի Դաշնության կողմից, բայց ավելի լավ կլիներ այս հարցը ուղղակիորեն ուղղել Մոսկվային, ասել է Թրամփը։ Նա կրկնել է, որ պատերազմը տեղի է ունեցել Բայդենի մեղքով։

Պետք է վճռական միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում «Ռուսաստանին հրադադար պարտադրելու համար», մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սումիի վրա ռուսական հարձակումը։ Նա հավելել է, որ Փարիզը «անխոնջ աշխատում է իր գործընկերների հետ այս նպատակին հասնելու համար»։ «Բոլորը գիտեն՝ այս պատերազմը սկսել է միայն Ռուսաստանը: Եվ այսօր պարզ է, որ Ռուսաստանն է որոշել շարունակել այն՝ մարդկային կյանքերի, միջազգային իրավունքի և նախագահ Թրամփի դիվանագիտական ​​ջանքերի բացահայտ անտեսմամբ»,- գրել է նա։

Եթե ​​շուտով հրաշք տեղի չունենա, պատերազմին վերջ տալու միակ հույսը՝ «հարվածել Ռուսաստանի տնտեսությանը և Պուտինին աջակցող երկրներին», ասել է ամերիկացի սենատոր Գրեհեմը։ Սումիում երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո գրեթե նույն հայտարարությունն է արել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Թրամփը չի ասել, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ը, որպեսզի ստիպեն Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Ավելի վաղ նրա ներկայացուցիչ Քելլոգն ակնարկել էր, որ Ուկրաինան կարող է մասնատվել այնպես, ինչպես Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Գործնականում դա նշանակում է, որ Արեւմուտքը կճանաչի Ուկրաինայի չորս օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի Դաշնության մաս։ Այժմ բոլոր խաղաքարտերը Պուտինի ձեռքում են, իսկ Ուկրաինայում պատերազմը դեռ ընթանում է Կրեմլի օգտին։ Սակայն Թրամփն էլ ունի մեկ, բայց գլխավոր հաղթաթուղթ՝ պատժամիջոցներ Կրեմլի ստվերային նավատորմի դեմ, գրում են արևմտյան լրատվամիջոցները։