Բաքուն պաշտոնական Երևանին «փոխանակում» է առաջարկում

Բաքվի իշխանությունները հայ գործընկերներին առաջարկել են համագործակցել Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարների գործով։ Նրանց օտար չէ ցինիզմը, բայց Բաքվի անհեթեթ թվացող առաջարկը կարող է լինել այն «գործարքի» մի մասը, որի մասին վերջերս խոսել է Փաշինյանը։

Այսօր տեղեկություններ են հայտնվել Բաքվում բռնագաղթի օրերին պատանդ վերցված Արցախի նախկին ղեկավարության գործերի հետաքննության ավարտի մասին։ Բաքուն Հայաստանի իշխանություններին առաջարկում է համագործակցել Ադրբեջանի դատախազության հետ, քանի որ քննվող գործերով հավանական «հանցակիցներն ու վկաները» գտնվում են Հայաստանի տարածքում։

Բաքուն բացահայտորեն Երևանին առաջարկում է «փոխանակում»՝ արտահանձնել նրանց, ովքեր այժմ Հայաստանում են՝ Բաքվում պահվողների, այդ թվում՝ գերի ընկած զինվորականների դիմաց։ Հնարավոր է, որ այս «փոխանակումից» կախված է Փաշինյանի իշխանությունը։

Եթե ​​հաշվի առնենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 7 ներկայացուցիչների գերեվարման հանգամանքները, ապա «փոխանակումը» կարող է միանգամայն իրատեսական թվալ։ Ի դեպ, հանգամանքների մասին ակնարկել է Սամվել Շախրամանյանը, ով ասել է, որ տեղահանության օրերին իրենց վերջնագիր են ներկայացրել։ Ըստ վերջնագրի՝ կա՛մ կռված տղամարդկանց բաց չեն թողնում Ղարաբաղից, կա՛մ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատանդ է հանձնվում։

Բոլորը չէ, որ համաձայնեցին՝ Ռուբեն Վարդանյանը փորձեց հեռանալ Արցախից։ Իսկ մյուսները, ըստ Սամվել Շահրամանյանի, համաձայնել են, և ռուս «խաղաղապահների» միջոցով հանձնվել են։

Դժվար թե այս պատմությունը իրականությանը չհամապատասխանի, համենայն դեպս ոչ ոք դա չի հերքել։ Բայց Բաքուն երբեք չի թաքցրել, որ չի բավարարվելու Արցախի «երիտասարդ» ղեկավարությամբ՝ պահանջելով ավելին։ Եվ կասկած չկա, որ նրանք հիմա պահանջում են արտահանձնել «մեծ ձկներին»։

Նկատի ունենալով Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարներին՝ «ղարաբաղյան կլանի», «նախկինների» և ներկա «ռևանշիստներին» դեմոնիզացնելու քաղաքականությունը, հաշվի առնելով նաև ՀՀ նախկին իշխանությունների դեմ հարուցվող բազմաթիվ քրեական գործերը, պետք է ենթադրել, որ «փոխանակում» կարող է տեղի ունենալ։ Ավելին, դա կրկին տեղի կունենա Ռուսաստանի միջոցով, որը կարող է Բաքվին արտահանձնել ում ասես։ Ավելին, այսօր Հայաստանի խորհրդարանում արդեն սկսել են խոսել առաջիկա ինչ-որ «խոշոր բացահայտման» մասին, ընդ որում՝ անվտանգության ոլորտում։

Ժամանակին անգամ ամենահամարձակ թվացող հիպոթետիկ ենթադրությունները, ավաղ, իրականություն են դարձել, և դժվար թե Բաքվի դատախազության՝ Հայաստանի հետ «համագործակցության» առաջարկը պարզապես խոսքեր լիներ։

Արցախի Ազգային ժողովը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին

Խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևը, որով գործադիրին կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խաղաղության ֆորում անցկացնել, նշանակալից քայլ է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ապահովելու ուղղությամբ։
Մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հավատարմությունը միջազգային իրավունքին ու արդարությանը և հույս հայտնում, որ այս գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը: Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, պաշտպանելով Արդարադատության միջազգային դատարանի վճռի իրագործումը, ցույց է տվել, որ հստակ գիտակցում է այս հարցի հրատապությունը։
Կոչ ենք անում միջազգային հանրության մնացած անդամներին միանալ Շվեյցարիայի՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը հասցեագրելու համար միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին։
Մենք հավատում ենք, որ համադրված միջազգային ջանքերի շնորհիվ կարող ենք հասնել արդար և կայուն խաղաղության տարածաշրջանում:

“Նաեւ կոնտակտ ունեցանք այսպես չակերտներով մեր դարավոր թշնամու ներկայացուցիչների հետ”

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվոի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Մեւլյութ Չավուշօղուն ՔՊ-ական պատգամավորների հետ խոսել է խաղաղության մասին։

«Մենք ՆԱՏՕ ԽՎ-ում էինք, մասնակցում էինք որպես ասոցացված անդամ, եւ այնտեղ ՆԱՏՕ անդամ եւ ոչ անդամ պետությունների պատվիրակությունները կային։ Ես ասեմ, որ նաեւ կոնտակտ ունեցանք այսպես չակերտներով մեր դարավոր թշնամու ներկայացուցիչների հետ։ Չավուշօղլուն մոտեցել է ինձ, Արուսյակ Ջուլհակյանին եւ Վահագն Ալեքսանյանին եւ զրույց է ունեցել, մենք չենք նախաձեռնել։ Խոսում էր հենց խաղաղության մասին, դրա հնարավորությունների մասին, վա՞տ է, ես կարծում եմ՝ դա շատ լավ է»,- ասաց Քոչարյանը։

Լրագրողները հարցին՝ ի՞նչ էր առաջարկում Չավուշօղուն իրենց, որպեսզի իրապես խաղաղություն լինի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Առաջարկում ենք, որպեսզի դուք քարոզեք խաղաղություն, բայց դուք չեք քարոզում»։

Բաքուն ՀՀ իշխանություններին համագործակցություն է առաջարկում Արցախի իշխանությունների դատավարությունում

«Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների դեմ հարուցված մեղադրական եզրակացություններն ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան», – հաղորդում է APA գործակալությունը՝ նշելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը մեղադրականները հաստատել է նախօրեին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին մեղադրում են մի շարք ծանրագույն, այդ թվում՝ ցեղասպանության, ահաբեկչության և խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու հոդվածներով։

Պաշտոնական Բաքուն նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ համագործակցել Ադրբեջանի դատախազության հետ։

«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության», – նշված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Արցախում տրված տան վկայագիրը ընդամենը մի սովորական թուղթ է, ասում են, գոյություն չունի

Մարինե Սարգսյանն Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից է։ Ամուսինը՝ Վարուժան Առստամյանը, զոհվել է 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ պաշտպանում էր հայրենի գյուղը։ Սղնախի անկումից հետո Առստամյանների ընտանիքը տեղահանվել ու բնակություն է հաստատել Ստեփանակերտ քաղաքում։ Այժմ բնակվում են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղում։ Որպես զոհվածի կին՝ Մարինեն, 2022-ի հոկտեմբերին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի կողմից ստացել է վկայագիր, որով երաշխավորվում էր Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել, սակայն 2023-ի Արցախի բռնատեղահանումից հետո այդ ծրագիրը դադարել է գործել, և զոհվածի կինը մնացել է ձեռնունայն։ Չգիտի՝ ինչ անել։

-Մեր գյուղը կորցնելուց հետո բնակություն էինք հաստատել Ստեփանակերտ քաղաքում։ Գյուղից դուրս ենք եկել դատարկաձեռն՝ այնտեղ թողնելով մեր կյանքի ողջ վաստակը։ Սակայն նյութական ոչ մի բան չի կարող համեմատվել մարդկային կորստի հետ։ Մենք կորցրինք Վարուժանին և երբեք չենք կարող հարմարվել այդ կորստի հետ։

2022-ին, երբ ինձ բնակարան գնելու վկայական տրվեց, սփոփվեցի մի քիչ։ Ամուսինս ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում, և Հայաստանում տուն ձեռք բերելու հնարավորությունը մեզ մի փոքր ուրախացրեց․ մոտ կլինեինք Վարուժանին։ Ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան։ Տղաս՝ Սասունը, հարմար բնակարան գտավ Էջմիածին քաղաքում, որը պետք է գնեինք այդ վկայագրով։ Տեղափոխվեցինք այդ տունը։ Որդիս, որ այդ ընթացքում ամուսնացել էր, կնոջ հետ մեկնեց Արցախ, սակայն սկսվեց Արցախի շրջափակումը, և նրանք մնացին Արցախում։ Ամիսներ հետո կարողացան վերադառնալ։

Տուն ձեռք բերելու գործընթացը կիսատ էր մնացել, իսկ 2023-ի Արցախի բռնատեղահանումից հետո վկայագիրը կորցրել է ուժը։ Դիմել ենք տարբեր տեղեր, սակայն հարցը չի լուծվել։ Մեզ պատասխանել են՝ քանի որ Արցախը դադարել է գոյություն ունենալ, ըստ այդմ Արցախի կառավարության կողմից կյանքի կոչված բոլոր փաստաթղթերը կորցրել են իրենց ուժը, – ասում է տիկին Մարինեն ու ավելացնում, որ Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար Արցախում տրված վկայականն ընդամենը մի սովորական թուղթ է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում։

Առստամյանների ընտանիքն Էջմիածին քաղաքից ստիպված տեղափոխվել է գյուղական համայնք, որ գոնե կարողանան հողագործությամբ զբաղվել։ Սասունն աշխատանքի համար դիմել է տարբեր տեղեր, սակայն՝ անարդյունք։ Ամուսնու հայրը ևս իրենց հետ է ապրում թոշակառու է։ Առստամյանների ընտանիքը չի կողմնորոշվում հետագա քայլերի մեջ։ Նրանք մտածում են՝ գուցե մի բան փոխվի և կարողանան օգտվել 2022-ին տրամադրված վկայականից։ Զոհվածի ընտանիքը երկմտանքի մեջ է՝ կանգնած խնդիրների առաջ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ և բուք, հայտնում է Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Դեկտեմբերի 18-ի գիշերը հատկապես լեռնային շրջաններում կսկսվեն տեղումներ և ձյուն։ Արևմտյան քամի 2–5 մ/վ արագությամբ։ Տեղ-տեղ հնարավոր են մինչև 17–20 մ/վրկ պոռթկումներ, ինչը համապատասխանում է Բոֆորի սանդղակի ամպրոպային քամիներին։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։ Կանխատեսում ըստ տարածաշրջանի.

Շիրակ՝ +1°C,

Կոտայք՝ +3°C,

Գեղարքունիք՝ –4°C,

Լոռի և Տավուշ՝ +7…+8°C,

Արագածոտն, Արարատ, Արմավիր՝ +4°C,

Վայոց ձոր՝ +5°C,

Սյունիք՝ +7°C։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր առավելագույն ջերմաստիճանը կկազմի +5°C։

Դեռ պարզ չէ, թե երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի մասին զեկույցը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացահայտում, թե երբ է պատրաստվում հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց Անդրանիկ Քոչարյանին՝ ինչո՞ւ չի հրապարակում 44-օրա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Մի անհանգստացեք, անպայման 8-րդ նստաշրջանում այդ բովանդակային զեկույցը բոլորը լսելու են։ Այո, այո, դուք անպայման լսելու եք, ո՞նց կարող է այդ հսկայական աշխատանքը մնա ստվերում։ Դա շատ բան է տալու հատկապես ձեզ, պարոն Մանուկյան։ Սպասեք լիագումար այն նիստին, որի ընթացքում ես ելույթով հանդես կգամ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը

Ակցիա․ արցախցիները նամակ են հղել Շվեյցարիայի խորհրդարանին եւ կառավարությանը

Արցախից բռնի տեղահանվածները նամակ են ուղղել Շվեյցարիայի Խորհրդարանին և կառավարությանը կոչ անելով կազմակերպել Արցախյան հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով:

Ստորեւ ներկայացնում ենք նամակը.

Շվեյցարիայի խորհրդարանին  եւ կառավարությանը

Դիմում ենք Ձեզ որպես մարդիկ, ովքեր ստիպված էին լքել իրենց տները և հազարամյա հայրենիքը։ Հազարավոր արցախցիների անունից խնդրում ենք ստեղծել միջազգային հարթակ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների քաղաքական, գույքային և սոցիալական իրավունքները քննարկելու և պաշտպանելու համար, որոնք խախտվել են ի հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի։

Չնայած 1992 թվականից ի վեր միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցը համարել է վիճելի և Մինսկի խմբին (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) փոխանցել լուծումներ գտնելու մանդատ, Մինսկի կոնֆերանսը երբեք չի կայացել։ Ադրբեջանի սանձազերծած 2020-2023 թվականների պատերազմը, որի հետևանքով տեղի ունեցավ օկուպացիա և ամբողջ բնակչության բռնի տեղահանում, փոխեց ժողովրդագրական ու տարածքային պատկերը։ Բայց այդ պատերազմը չլուծեց քաղաքական և գույքային խնդիրները, և այդ հարցերը դեռևս քննարկման ու լուծման կարիք ունեն։

Ադրբեջանի նախագահ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ լուծել է հակամարտությունը «ուժի միջոցով» և, իբր, դրա իրավունքն ունեցել է։ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ ասում է, որ «Թուրքիան վերադարձրել է Ղարաբաղը»։ Իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինն արդեն 2020թ. նոյեմբերին՝ ռուսական զորքերի անօրինական տեղակայման ժամանակ, հայտարարել էր, որ ինքը «փաստաթղթի հեղինակն է», որով թույլատրվել է Ադրբեջանին օկուպացնել Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկող տարածքի մեծ մասը։

Ուժային «կարգավորումը» միջազգային իրավունքի՝ մասնավորապես ՄԱԿ-ի Կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի կոպիտ խախտում է։ Ղարաբաղում ուժի և ցեղասպանության անպատժելիությունը նախադեպ է ստեղծում ուժային լուծումների համար այլ հակամարտություններում՝ լինի դա Ուկրաինայում, թե Մերձավոր Արևելքում, որտեղ հարցերը լուծվում են զենքով, այլ ոչ թե բանակցություններով և հումանիտար արժեքներով։

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերադարձը միջազգային հարթակ կարող է նպաստել բանակցությունների փուլին՝ գլոբալ հակամարտությունները լուծելու խաղաղ ճանապարհով՝ առանց զենքի և բարբարոսական ուժի կիրառման։

Շվեյցարիայի խորհրդարանը սույն թվականի հոկտեմբերին կոչ արեց իր երկրի կառավարությանը կազմակերպել միջազգային խաղաղության կոնֆերանս՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ Հոկտեմբերի 15-ին Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց համապատասխան բանաձև։

Բանաձևի նպատակն է «խթանել երկխոսությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև՝ անվտանգ և հավաքական վերադարձի նպատակով՝ միջազգային մարմինների դիտորդական կամ ներկայության պայմաններում»։

Նշվում է, որ «1915-ի հայերի ցեղասպանությանը նման նոր ցեղասպանությունից խուսափելու նպատակով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Տարածաշրջանում փաստաթղթավորված են էթնիկ զտումների դեպքեր։ Ներկայումս հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանոցները, համակարգված կերպով ոչնչացվում կամ աղավաղվում են «վերանորոգման» անվան տակ»։

Միևնույն ժամանակ, բանաձևում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք՝ միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո, որոշել իրենց քաղաքական ապագան և իրականացնել ժողովրդավարական ինքնակառավարում։

Ղարաբաղցիները իսկապես ցանկանում են վերադառնալ, բայց իրենց հայրենիք, ոչ թե այն տարածքը, որը բարբարոսաբար նվաճվել է։ Իսկ միջազգային հանրությունը «ճանաչել» է «ուժային կարգավորումը» և այժմ փորձում է համոզել ղարաբաղցիներին վերադառնալ օտար և թշնամական պետություն։

«Շվեյցարիան բացառիկ հնարավորություն ունի օգտագործելու իր փորձված միջնորդական դերը՝ կառուցողական երկխոսություն սկսելու հակամարտող կողմերի միջև։ Այս հանձնառությունը ոչ միայն կհաստատի Շվեյցարիայի հումանիտար ավանդույթը, այլև կուժեղացնի նրա դիրքերը միջազգային դիվանագիտության մեջ որպես վստահելի գործընկեր», — նշվում է Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևի հիմնավորման մեջ։

Մենք դիմում ենք Շվեյցարիայի խորհրդարանին եւ կառավարությանը՝ օգտագործել իրենց ողջ ազդեցությունը՝ կազմակերպելու բանակցությունների հարթակ, որը նպատակ կունենա պաշտպանել ղարաբաղցիների քաղաքական, գույքային, սոցիալական և մշակութային իրավունքները։ Վերադարձը կարող է լինել այդ հարցերի լուծման արդյունքը, այլ ոչ թե ինքնանպատակ։ Կոչ ենք անում Շվեյցարիայի գործադիր մարմիններին՝ որպես հիմք ընդունել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի բանաձևը և սկսել դիվանագիտական գործընթաց՝ ի հեճուկս Բաքվի հայտարարությունների, որ «ղարաբաղյան հարցը լուծված է»։

Մենք կոչ ենք անում Շվեյցարիային՝ որպես ժողովրդավարական և հումանիտար արժեքների պաշտպան, հաստատակամորեն պաշտպանել այդ արժեքները՝ անկախ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից և առեւտրային շահերից։

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը Արցախի մասին բանաձև ընդունեց

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունեց բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար:

Թրամփ․ «Սիրիայի ապագայի բանալին Թուրքիայի ձեռքում է»

Ազատություն

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ, այժմ Սիրիայում ծավալվող զարգացումների առանցքային դերակատարը Թուրքիան է։

«Այժմ Սիրիայում անորոշ իրադրություն է։ Ես, սակայն, կարծում եմ, որ Սիրիայի ապագայի բանալին Թուրքիայի ձեռքում է», – Ֆլորիդայում գտնվող իր առանձնատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը։

Բիզնեսի բառապաշարն օգտագործելով՝ Դոնալդ Թրամփը Թուրքիայի սիրիական քաղաքականությունը «թշնամական կլանում» է որակել, որը սակայն, նրա խոսքով, «հնարավորություն տվեց խուսափել բազմաթիվ մարդկային կորուստներից»։

«Ես Էրդողանի հետ շատ լավ լեզու էի գտել։ Նա շատ հզոր բանակ է ստեղծել», – նշել է ԱՄՆ ընտրված նախագահը՝ հավելելով, – «Թուրքերը հազար տարի շարունակ ցանկանում էին վերահսկել [Սիրիան], իսկ այն մարդիկ, որ իշխանության են եկել, այժմ վերահսկվում են Թուրքիայի կողմից։ Դա նորմալ է»։

Մոսկվայում պայթեցվել է ռադիացիոն, քիմիական և կենսապաշտպանական զորքերի պետը

Երեքշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի բնակելի շենքի մոտ պայթյուն է որոտացել, որի զոհերն են ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է, որ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում «գործարկվել է պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել բնակելի շենքի մուտքի մոտ կանգնած սկուտերում»։

Ավելի ուշ BBC-ի Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրները հայտնել են, որ պայթյունը հատուկ գործողություն էր հետախուզության կողմից, որը գեներալին համարում էր «ռազմական հանցագործ և բացարձակապես օրինական թիրախ»՝ «ուկրաինացի զինվորականների դեմ արգելված քիմիական զենք կիրառելու» հրամանի պատճառով։ »:

Ստեփանակերտի հայկականությունը ոչնչացնելու սկիզբն է դրված

Step1.am-ի զրուցակցին է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյան, թշնամին շարունակու է Արցախի տարածքում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, ամբողջովին ոչնչացվել են առանձին բնակավայրեր։ Թիրախում նաեւ Ստեփանակերտ քաղաքն է, որի հատկապես հին թաղամասներն են ոչնչացվում։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այս գործողությունները։

-44-օրյա պատերազմի ընթացքում, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ առավել եւս 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի բնակիչները բռնագաղթեցին, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում է մշակութային էթնոցիդի քաղաքականություն։ Այդ գործողություններն ընդգրկում են թե հոգեւոր մշակութային ժառանգությունը, թե աշխարհիկ շինությունները։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ազատամարտիկների միության շենքերի ոչնչացումը հենց այդ քաղաքականության հետեւանքն է։ Այսինքն՝ Ադրբեջանը մեր մշակութային ժառանգության ոչնչացման լայնածավալ գործողություններ է իրականացնում, որն ուղղված է հայկական ինքության դեմ, որպեսզի հայկական ինքնությունը ոչնչացվի Արցախի տարածքում։

Կոնկրետ եթե անդրադառնանք Ստեփանակերտի հին ու պատմական թաղամասերի, մասնավորապես, Թումանյան փողոցի ոչնչացմանը, որտեղ պահպանվել էին 19-րդ դարի եւ 20-րդ դարասզբի շենք-շինությունները, ապա սա մեկ նպատակ ունի։ Ստեփանակերտի հիմնական բնակչությունը միշտ էլ եղել են հայեր, թուրք-թաթարական հետք չի եղել Ստեփանակերտում։  Եվ հիմա իրենք ոչնչացնելով Ստեփանակերտի հին թաղաամասերը՝ փորձում են ոչնչացնել նաեւ հայկական ինքնությունը, որպեսզի ասեն՝ եթե ասում եք՝ սա ձեր քաղաքն է եղել, ցույց տվեք պատմական որեւէ փաստ։ Այսինքն Ստեփանակերտի հայկականությունը ոչնչացնելու սկիզբն է դրված, եւ պատահական չէ, որ հենց արմատից են սկսում։

Ոչնչացնելով Արցախի պատմամշակութային ժառանգությունն ու արցախցիներին պատկանող գույքը՝ հնարավո՞ր է փակել արցախցիների սեփականության իրավունքի ու վերադարձի իրավունքի հարցերը։

-Եթե ճիշտ եւ նպատակասլաց աշխատանք կատարվի, կարծում եմ, ոչ։ Բայց այստեղ մենք խնդիր ունենք՝ արցախահայության վերադարձի իրավունքի մասին Հայաստանի կառավարությունը չի խոսում, խոսում են միայն հասարակական կազմակերպությունները, Արցախի ԱԺ կողմից ստեղծված հանձնախումը, ինչպես նաեւ սփյուռքյան մեր կազմակերպությունները, միջազգային որոշ փորձագետներ։ Նույնիսկ վերջին շրջանում որոշ երկրների, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիայի հայտարարությունները ցույց են տալիս, որ Արցախի հարցը երբեւէ չի կարող փակվել, եթե այդ հայրենիքի իրական տերերն հայրենազրկվել ու բռնագաթել են։ Խնդիրն այն է, որ գիտենք ՀՀ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը, այսինքն՝ այդ հարցում պետական քաղաքականության բացակայության պայմաններում, բնականաբար, իրավիճակը դժվարանում է։ ՀՀ իշխանություններն այսօր վարում են մի քաղաքականություն, որտեղ Արցախն ընդհանրապես տեղ չունի։

-Դուք Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերով եք զբաղվում, ի՞նչ աշխատանք եք տանում՝ փաստագրելու կամ տարբեր ատյաններում ներկայացնելու Բաքվի ռեժիմի վայրագությունները։

-Ես հիմնականում զբաղված եմ մշակութային ժառանգության խնդիրների հանրահռչակմամբ, համագործակցում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք հենց զբաղված են մշակութային ժառանգության հիմնախնդիրներով։ Դա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն է, https://monumentwatch.org/ կայքն է, որտեղ իրենք մշտադիտարկումներ են իրականացնում։ Տարբեր կազմակերպությունների հետ համագործակցում ենք, որպեսզի իրազեկենք իրավիճակի մասին։ Եվ, ցավոք սրտի, գրեթե այնպիսի շաբաթ չի լինում, որ մենք ցավալի լուրեր չունենանք։ Այսինքն՝ սա արդեն մասսայական ոչնչացման մեթոդ է։ Արդեն հրապարակված է, որ երկրի երեսից ամբողջովին ջնջվել են Շուշիի շրջանի Քարին տակ ու Լիսագոր բնակավայրերը, նույնը կարելի է ասել Հադրութի շրջանի Մոխրենես ու Խծաբերդ բնակավայրերի մասին։ Ավերված ու ոչնչացված են հայկական եկեղեցիներ, գերեզմանոցներ, հուշարձաններ, ամբողջական հուշահամալիրներ եւ այլն։ Այսինքն՝ մեր պետականության ու ազգային խորհրդանիշների դեմ կատարվում է մշակութային ցեղասպանություն՝ մեր ինքնությունն Արցախում արմատախիլ անելու նպատակով։

Ռոզա Հովհաննիսյան