Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն ընդունել են արցախցի կանանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն ընդունել են ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց, քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությանը, դրանց շարունակականությանը, բնակարանային ապահովման ծրագրի ընթացքին, ինչպես նաև e-քարտերի տրամադրման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։
ԱՍՀ նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականներ Գայանե Ղարագյոզյանն ու Եվգինե Վարդանյանը ներկայացրել են նախարարության կողմից իրականացվող ու ծրագրերը, ապա պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։
Հանդիպումը կազմակերպվել է «Քաղաքացիական Հաբ» երիտասարդական ՀԿ նախաձեռնությամբ։

Արցախցիների գույքային իրավունքը հավիտյան պահպանվում է, բայց արցախցին գոնե պետք է դիմում ուղարկի միջազգային ատյաններ

«Արցախցիների գույքային իրավունքը, որը վերադարձի իրավունքի կոմպոնենտներից մեկն է, շարունակում է հավիտյան պահպանվել։ Եվ արցախցին պետք է տեր կանգնի իրավունքին՝ անելով նվազագույնը, գոնե դիմում ուղարկի միջազգային ատյաններ։ Եթե Ադրբեջանի հետ բանակցվող այս պայմանագիրը հրապարակվի, եթե տեսնենք, որ այնտեղ ընդհանրապես մեխանիզմ չկա, դա արդեն շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար»,- Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով այսօրվա հանրային քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Բոլոր բռնի տեղահանվածները, ովքեր Արցախում թողել են գույք, ապա միշտ պետք է հիշեն, որ իրենց գույքի նկատմամբ իրենց իրավունքը շարունակում է պահպանվել ու պահպանվելու է տասնամյակներ շարունակ։ Կոնկրետ Հյուսիսային Կիպրոսի դեպքը շատ նման է Արցախի դեպքին։ Թուրքիայի ռազմական գործողությունների հետեւանքով 1974 թվականին 230 հազար մարդ բռնի տեղահանվել էր՝ թողնելով այնտեղ իրենց գույքը։ Եվ 10 տարի անց, երբ Սահմանադրության ուժով ազգայնացվեց այդ ամբողջ գույքը, 20 տարի, 30 տարի անց միջազգային հանրությունը չընդունեց դա։ Այդ օրենքները, որոնցով այդ գույքը հանրայնացվել էր, համարվեցին անօրինական, որովհետեւ բռնության արդյունքում էր դա իրականացվել։ Եվ թեկուզ 30-40 տարի անցել էր, բայց դատարանները որոշումներ էին կայացնում, որ այսինչ մարդը շարունակում է իր գույքային իրավունքն ունենալ։ Հետեւաբար, կամ պետք է վերադառնա ապրի այնտեղ, կամ պետք է փոխհատուցում տրվի։ Այսինքն՝ եթե արցախցին այսօր Երեւանում է, Հայաստանում է ու չի կարողանում իր գույքն օգտագործել, 5 տարի էլ անցնի, 10 տարի էլ անցնի, 20 տարի էլ անցնի, իրավունքի ուժով տիտուլը՝ տիտղոսաթերթը շարունակում է արցախցին պահել»,- ասաց Արա Ղազարյանը։

Մասնագետի խոսքով՝ այս իրավունքն արցախցիներն ունեն նաեւ այն գույքի նկատմամբ, որն այսօր ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի այսօրվա գործողությունները միջազգային հանցագործություն է։ «Բայց ցանկացած տեսակի անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ, եթե անձն ունի այդ տիտղոսաթերթը, դա շարունակում է պահպանվել տասնամյակներ, մինչեւ որ որոշում չկայացվի, իսկ որոշումը հետեւյալն է՝ կամ թույլ եք տալիս, որ անձը վերադառնա եւ ապրի, բայց արժանապատիվ ու անվտանգ կյանքով, կամ տալիս եք հատուցում։ Սա այն հրամայականն է, որին այսօր Ադրբեջանը բախվել է եւ լուծում չունի, որովհետեւ ինչ լուծում էլ առաջարկեն իրենք, համարվելու է անօրինական։ Միջազգային որեւէ քաղաքական կամ դատական մարմին որեւէ հիմք չունի Ադրբեջանի այդ լուծումներն ընդունելու»,- հավելեց նա։

 

Թուրքիան վերահսկողության տակ է վերցրել Սիրիայում գտնվող T4 ավիաբազան, որտեղ ռուսներն էին

Tiyas (T4) ռազմական ավիաբազան, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կգրավվի թուրքական զորքերի կողմից։ Անկարան նախատեսում է այդ օբյեկտում տեղակայել հակաօդային պաշտպանության իր համակարգերը։ Այս մասին հայտնում է Middle East Eye հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։

Սիրիայում Ասադի տապալումից հետո իշխանության եկան թուրքամետ ուժերը։ «Անկարան և Դամասկոսը ռազմական համագործակցության շուրջ բանակցություններ են վարում դեկտեմբերից: Դրանք սկսվել են Բաշար ալ-Ասադի տապալումից հետո: Համաձայնագիրը նախատեսում է, որ Թուրքիան օդային ծածկույթ և ռազմական պաշտպանություն կտրամադրի Սիրիայի նոր կառավարությանը…

Մինչ թուրք պաշտոնյաները նախկինում նսեմացնում էին Սիրիայում սեփական ռազմական ներկայության հնարավորությունը՝ վաղաժամ անվանելով նման ծրագրերը, բանակցությունները հանգիստ շարունակվում էին»,- ասվում է հոդվածում: Ենթադրվում է, որ Թուրքիան վերահսկողության տակ կառնի ռազմավարական T4 օբյեկտը և «Հիսար” համակարգեր կտեղադրի։

Անկարան նաև նախատեսում է այնտեղ տեղակայել հետախուզական և անօդաչու թռչող սարքեր: Ըստ Անկարայի պլանների՝ բազան և շրջակայքը կհամալրվեն բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգով՝ հակազդելու օդային լայն սպառնալիքներին: Հաղորդվում է, որ ավիաբազայում արդեն սկսվել են շինարարական աշխատանքներ:

Անկարան ձգտում է կայունացնել երկիրը՝ օգտագործելով իր ռազմական հնարավորությունները և լրացնելով ռուսական և իրանական զորքերի դուրսբերման հետևանքով առաջացած ուժային վակուումը»,- ասվում է հոդվածում։

Ապրիլի 3-ին Եվրախորհրդարանը կանցկացնի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի քննարկում

Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում կանցկացնի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի քննարկում։  Քննարկումը տեղի կունենա ապրիլի 3-ին։

Վատիկանը սրբադասել է Ցեղասպանության ժամանակ սպանված եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

Sputnik. Վատիկանը վավերացրել է Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է «Vatican News»-ը։

Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականին Օսմանյան կայսրության Մարտին քաղաքում։ 1883թ. ընդունվել է Լիբանանի Զմմառու վանք: 1896թ. ձեռնադրվել և ուղարկվել է Ալեքսանդրիա, որտեղ մեծ ճանաչում է ձեռք բերել արաբերեն և թուրքերեն քարոզների շնորհիվ:

Ավելի ուշ Հայոց պատրիարք Պողոս Պետրոս XII-րդը նրան Կոստանդնուպոլիս է հրավիրել որպես անձնական քարտուղար, սակայն շուտով Մալոյանը վերադարձել է Ալեքսանդրիա` հովվական գործունեության։ 1904 թվականին նշանակվել է Մարտինի պատրիարքական փոխանորդ, ապա ստացել է եպիսկոպոսի աստիճան։

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Մալոյանը փորձել է քրիստոնյաներին զերծ պահել Օսմանյան իշխանությունների հետապնդումներից։ 1915 թվականի հունիսի 3-ին նրան և ևս 13 քահանաների ու շուրջ 600 հավատացյալների ձերբակալել են և տարել Դիարբեքիրի մոտ գտնվող Կարա-Քենպրու գյուղ։ Հունիսի 11-ին Մալոյանին սպանել են, քանի որ հրաժարվել է ուրանալ քրիստոնեությունը։

Հիշեցնենք` Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը 2021 թվականին Սուրբ Պետրոս հրապարակում հավատացյալների և բարձրաստիճան հոգևորականների ներկայությամբ կատարեց Մալոյանին երանելիների շարքը դասելու արարողությունը։

Առաջին գիշերն է 2025-ի, երբ Ռուսաստանը անօդաչուներով չի հարձակվել Ուկրաինայի վրա

Երեքշաբթի՝ ապրիլի 1-ի գիշերը 2025 թվականին առաջինն էր, երբ Ռուսաստանը չկիրառեց հարձակողական անօդաչու սարքերի զանգվածային հարձակում Ուկրաինայի տարածքում, ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Telegram ալիքի ամենօրյա առավոտյան հաղորդագրության մեջ։ Զեկույցում նշվում է նաև Զապորոժիայի շրջանում ռուսական հակահրթիռային հարվածի մասին. «2025 թվականի ապրիլի 1-ի գիշերը (մարտի 31-ի ժամը 21:00-ի սահմաններում) հակառակորդը մարտավարական ինքնաթիռներից երկու հրթիռ է խոցել Զապորոժիայի ուղղությամբ”։

Միաժամանակ, ըստ Դնեպրոպետրովսկի շրջանային խորհրդի ղեկավար Նիկոլայ Լուկաշուկի, ռուսական զորքերը հարձակվել են Նիկոպոլ քաղաքի վրա։ «Օկուպանտներն օգտագործել են հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Քաղաքում վնասվել են երեք առանձնատներ, ենթակառուցվածքներ և վարչական շենք», – գրել է նա Telegram-ում տեղական ժամանակով առավոտյան ժամը 7։30-ին՝ նշելով, որ ոչ ոք չի տուժել։

Երկրաշարժ Հայաստանի հյուսիսում

Ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 13:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09։56-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 25-ին պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է, սակայն կառավարությունը չի ցանկանում կարգավիճակ տալ

Արցախահայության խնդիրները սոսկ սոցիակալան բնույթի չեն։ Մենք ստամոքսակռիվ չենք տալիս, ոչ էլ փող մուրում։ Պարզապես դեռևս բնակարանով չապահովված և աստղաբաշխական թվերի հասնող վարձավճարով ապրող արցախցիների հանդեպ ՀՀ Կառավարությունը սխալ մոտեցում է ցուցաբերում։ Մենք ունենք ավելի մեծ հարցեր՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատում, հավաքական վերադարձ պապենական Արցախ,- ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում և 2023-ի սեպտեմբերին վառելիքի պահեստի պայթյունից զոհված զույգ որդիների հայր, կրկնակի տեղահանված Արթուր Ավանեսյանը։

Մասնակցելով օրերս արցախցիների կազմակերպած մեծ հանրահավաքին՝ նա իր կարծիքն ու մտահոգություններն է հայտնում

-Տավուշի մարզի Այրում քաղաքում ենք հաստատվել ընտանիքով։ Ավելի քան 200 կմ ճանապարհ եմ անցել, որ միանամ իմ հայրենակիցներին։ Ճիշտ է, ուրախացել եմ, երբ տեսել եմ բռունցք դարձած մեր հայրենակիցներին, սակայն, կարծում եմ, կարող էինք ավելի մեծաքանակ արցախցիներով հավաքվել։ Ինձ համար մտահոգիչ էր մայրաքաղաքի բնակչության վերաբերմունքն արցախցիների հոգսերի ու խնդիրների հանդեպ։ Քիչ քանակությամբ երևանցիներ են միացել մեզ։

Միայն ու միայն հաստատակամ, վճռական, միաձույլ պայքարի շնորհիվ կկարողանանք նպատակի հասնել։ Ազատության հրապարակում մենք հավաքվել ենք ոչ միայն սոցիալական հարցեր բարձրաձայնելու, այլ առաջին հերթին՝ իշխանության ուշադրությունը բևեռելու հայ գերիների վերադարձի հարցին, որը միշտ պետք է օրակարգում առաջնահերթ լինի։ Այսօր արցախցիներս հանդիպում ենք իշխանության և որոշ տեղացիների կողմից տարվող պատվակոխ արվող վերաբերմունքի։ Հանրահավաքից հետո սոցիալական ցանցերում այնպիսի թշնամական մեկնաբանություններ են արվում, որ իրենց տեղ ես եմ ամաչում ու նաև զարմանում։ Մի՞թե մենք այդքան ատելի ենք դարձել։ Ինչո՞ւ: Մենք ընդամենն ուզում ենք արժանապատվորեն ապրել Մայր Հայաստանում, սակայն օրեցօր կանգնում ենք չքավորության եզրին։ Ցավոք, այդ վերաբերմունքը հանգեցնում է արտագաղթի, արցախյան գենի վերացման։

Աստված ազգերին հող է պարգևել ապրելու համար։ Այդ հողում ծնվածն իր հողից դուրս երկրորդական կարգի մարդ է։ Լինի դա Ռուսաստան, Ավստալիա, կամ այլ երկիր: Ամենամտահոգիչ հարցը Մայր Հայաստանի փրկությունն է, քանզի նրա զորությամբ կկարողանանք հետ բերել Արցախը։

Արցախցու առաջնահերթությունների թագավորը պատիվն է, և այսօր յուրաքանչյուրիս համար ամենագլխավոր հարցն այն է, թե ինչ պատասխան պետք է տանք մեր պապերի գերեզմաններին։ Արցախի փրկությունը ոչ միայն համազգային, այլ նաև համամարդկային է։

Արթուր Ավանեսյանն ունի դեռևս չլուծված խնդիր, որի մասին խոսելիս մեծ ցավ է ապրում

 -Մինչև այսօր հայտնի չէ այդ սարսափելի պայթյունի պատճառը։ Սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախը կանգնել էր ցեղասպանության վտանգի առաջ և ամեն մի օրն անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ արցախահայության համար, առաջացել էր վառելիքի խնդիր։ Մարդիկ ստիպված էին վառելիք ձեռք բերելու համար հասնել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի մոտ գտնվող վառելիքի պահեստ։ Արդյունքում՝ հարյուրավոր զոհեր, որոնց թվում էր որդիս։ 219 զոհված արցախցի դեռևս չունի իրավական կարգավիճակ․ նրանց ընտանիքները չեն ստանում պետական աջակցություն և փոխհատուցում։ Անհետ կորած են համարվում 22 հոգի։ Սեպտեմբերի 25-ին պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է, սակայն կառավարությունը չի ցանկանում համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերել անհետ կորածների, պայթյունից տուժածների ընտանիքներին: Այդ ընտանիքները մի կողմ քաշված ապրում են՝ միայն իրենք իմանալով իրենց կեղեքող ցավի աստիճանը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Գերմանիայի նախագահի չլսված ուղերձը հայկական «իսթեբլիշմենթին»

Նախօրեին Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալթեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ուշագրավ գրառում է կատարել. տեղադրելով Արցախի դրոշը՝ Գերմանիայի նախագահը գրել է. «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այս շրջանը պատկանում է Ադրբեջանին, սակայն այնտեղ հիմնականում հայերն են ապրում։ Վերջին տասնամյակներում այնտեղ բազմիցս ռազմական բախումներ են եղել»։

Հայաստանի կառավարությունն, իհարկե, չառարկեց, որ «միջազգային իրավունքի տեսանկյունից այս շրջանը պատկանում է Ադրբեջանին», թեև նույնիսկ Բաքուն է ընդունում, որ Հայաստանի Սահմանադրությամբ այս շրջանը Հայաստանի մաս է կազմում։ Հայաստանի վարչապետը «իգնոր» է արել Շտայնմայերին՝ ի դեմս իր կնոջը, որը խախտել է ընդունված դրես-կոդը։

Սակայն Բաքվում Շտայնմայերի գրառումը դիվանագիտական ​​սկանդալի պատճառ դարձավ, որից հետո Բեռլինը ներողություն խնդրեց և ջնջեց գրառումը։ Սակայն Արցախի դրոշին և Ղարաբաղը հայերով բնակեցված լինելու մասին գրառման հետ Բաքվին “հաջողվեց” Գերմանիայի նախագահին ստիպել հանել «միջազգային իրավունքի տեսանկյունից այս տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին» նախադասությունը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտին Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ ասուլիսում խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման մասին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկու անգամ ընդգծել էր, որ և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքը հավասար են։

«Մեզ անհանգստացնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը։ Ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել, պետք է երկարաժամկետ լուծում գտնել՝ ի շահ ժողովրդի արժեք»,- հայտարարեց Գերմանիայի կանցլերը: Բեռլինում ասուլիսից հետո Բաքուն նույնպես իր բողոքն արտահայտեց, սակայն Շոլցի հայտարարությամբ տեսանյութը չհեռացվեց կանցլերի կայքից: Փաշինյանը չաջակցեց կանցլեր Շոլցին այն ժամանակ, ինչպես և հիմա չաջակցեց Գերմանիայի նախագահին, ով հայտարարեց, որ Արցախը պատկանում է այնտեղ ապրող հայերին։

Շտայնմայերի Հայաստան այցի օրը լույս է տեսել Deutsche Welle-ի վավերագրական ֆիլմը Հայաստանի, այդ թվում՝ Արցախի մասին։ Ֆիլմը մանրամասնում է, թե ինչպես 2020-ից 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական գործողություններ, էթնիկ զտումներ և ուժի սպառնալիքներ օգտագործեց՝ հազարավոր տարիներ Լեռնային Ղարաբաղում ապրած բնիկ հայ բնակչությանը ստիպելու համար լքել իրենց հայրենիքը: Սա պատասխան է Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան շարժումն ավարտված է։

Բացի այդ, նախագահ Շտայնմայերն այցելել է Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բունդեսթագը ճանաչեց ցեղասպանությունը և Գերմանիայի մեղքը 101 տարի անց՝ 2016 թվականին։ Իսկ Գերմանիայի նախագահի այցը պատասխան է Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարեց, որ ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։

Այսօր Գերմանիայի նախագահը կլինի Բաքվում։ Նրա ուղերձը հայկական «իսթեբլիշմենթը» չլսեց, և Բաքվում Գերմանիայի նախագահը հանգիստ խղճով կարող է հայտարարել, որ հայերին պետք չեն ո՛չ Արցախը, ո՛չ բուն Հայաստանը։

Վիլեն Գաբրիելյանը հրաժարական տվեց մինչև Գարդման-Շիրվան-Նախիջևանից պաշտոնական հրաժարումը

Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ: Այս մասին իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:

Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ:

Երեք «ռազմավարություն»․ ինչու ՀՀ իշխանությունը երբեք զիջումների չի գնա Արցախի ժողովրդին

Արցախցիների մեծ հանրահավաքից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ըստ էության «ոչ» ասաց ի պատասխան արցախցիների՝ ֆինանսական աջակցությունը չկրճատելու, մարդկանց արտագաղթի չդատապարտելու և ազգային իրավունքներից ու շահերից չհրաժարվելու կոչերին։ Սոցիալական ապահովության նախարարը կոչ արեց արցախցիներին աշխատել, դառնալ ՀՀ քաղաքացի, ստանալ հավաստագրեր, սահմանամերձ բնակավայրերում տներ գնել, կամ հեռանալ և չխանգարել կառավարությանը։

Հայաստանի կառավարությունը, իր պատվիրատուների թելադրանքով, տեղահանությունից հետո մեկուկես տարվա ընթացքում մի քանի անգամ փոխել է ռազմավարությունը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ չունենալով սեփական տեսլական։ Կախված նրանից, թե ինչ էին պահանջում «տերերը», փոխվում էր իշխանության վերաբերմունքը արցախցիների նկատմամբ։

Նախ պետք էր մարգինալացնել արցախցուն ու քշել մի անկյուն, որպեսզի ոչ ոք չմտածի վրեժխնդրության մասին, իսկ անկախության 30-ամյա պատմությունը ի սպառ ջնջվի։ Թոշակն ու ֆինանսական աջակցությունը կորցնելու սպառնալիքի տակ արցախցիները ստիպված են եղել փախստականի կարգավիճակ ստանալ՝ ստորագրելով մի թղթի տակ, որ մինչ այդ իրենք քաղաքացիություն չեն ունեցել։ Այն ժամանակ ենթադրվում էր, որ արցախցիների մի մասը կվերադառնա Արցախ՝ Բաքվի իրավասության և ռուս «խաղաղապահների» հովանու ներքո, դրանով իսկ արցախցիները «կինտեգրվեն», և Ալիևը, Փաշինյանը և Պուտինը կստանան Խաղաղության Նոբելյան մրցանակ։

Այս խնդրի լուծման համար ՀՀ կառավարությունը ժամանակավոր ֆինանսական աջակցություն է հատկացրել Արցախի ժողովրդին, կտրականապես հրաժարվելով Արցախի ընտրված իշխանությունների հետ աշխատելուց՝ մերժելով արցախցիների կոմպակտ բնակեցման և մարզերում փախստականների համար միկրոշրջաններ կառուցելու բոլոր առաջարկները։

Երկրորդ փուլը սկսվեց, երբ պարզ դարձավ, որ Պուտինը խաղաղության մրցանակ չի ստանա, վերադարձ Արցախ չի լինի, և դրվեց մեկ այլ խնդիր՝ փակել արցախցիների հարցը, ժամանակավորապես «ինտեգրել» նրանց Հայաստանում, բայց նվազագույն ծախսերով։ Այն ժամանակ հորինվեց արցախցիներին Հայաստանի քաղաքացիություն «շնորհելու» գաղափարը. Արցախի ժողովրդի ցանկացած ինքնակազմակերպում, նրանց շփումները միջազգային կազմակերպությունների հետ ճնշվել են ահաբեկման միջոցով։ Գործի են դրվել մտացածին բնակապահովման և զբաղվածության ծրագրեր, որոնք ի սկզբանե այնպես էին նախագծված, որ անհնար լինի օգտվել դրանցից։

Երրորդ փուլը սկսվեց Թրամփի վերընտրվելուց հետո և կոչվում է փափուկ արտաքսում է։ Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Արցախի ժողովրդի՝ նույնիսկ «Ադրբեջան» վերադարձի անվտանգության երաշխիքներ չկան, Ալիևը բացահայտորեն քանդում է արցախյան բնակավայրերը, Փաշինյանը ասում է, որ քանի դեռ ինքը իշխանություն է, ղարաբաղյան շարժում չի լինի, իսկ միջազգային հանրությունը հեգնանքով ծափահարում է Հայաստանի կապիտուլյացիային։ Եվ ահա այս իրավիճակում Հայաստանի կառավարությունը կրճատում է արցախցիների սոցիալական ծրագրերը, դադարեցնում է վարձավճարի փոխհատուցումը, միաժամանակ հրաժարվում է վերանայել բնակարանային ու զբաղվածության ծրագրերը։ Հասկանալի է, որ եթե չկա բնակարան, աշխատանք, ինքնակառավարում, կոմպակտ ապրելակերպ, վերադարձի քաղաքական հեռանկար, մնում է մեկ ճանապարհ՝ տեղահանություն։

Հայաստանի իշխանությունը դեռևս չի ներկայացրել Արցախի և արցախցինրի ապագայի իր տեսլականը, բացի ցինիկ ակնարկներից, որ արցախցիների բոլոր դժբախտությունները՝ հատուցում է անցյալի “մեղքերի”, այսինքն՝ ազգային ազատագրման համար։ Եթե ​​«հատուցումն» է Հայաստանի իշխանության ռազմավարությունը Արցախի ժողովրդի նկատմամբ, ապա հանրահավաքին և ինքնակազմակերպմանը պատասխանը կարող է լինել միայն սոցիալական և այլ քաղաքականության խստացում։ Հնարավոր է, հայտարարեն, որ 070 ծածկագրով անձնագրերն անվավեր են (իսկ քաղաքացիության համար դիմել է ընդամենը 8 հազար արցախցի), և տասնյակ հազարավոր մարդիկ կմնան առանց կարգավիճակի, առանց աջակցության և առանց ապագայի։

Հայաստանի քաղաքացիները լուռ հետևում են Հայաստանի իշխանության արցախյան ռազմավարության «էվոլյուցիային», երբեմն գլխով անելով, բայց հասկանալով, որ արցախցիների վրա փորձարկում այն, ինչ տարածվելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա։ Ինչպես արցախցիները, այնպես էլ նրանք կկանգնեն երկու տարբերակի առաջ՝ ապրել ներկայիս տներում, բայց օտար դարձած պետությունում, կամ թողնել սեփական տները ցեղասպանության սպառնալիքի տակ ու ապրել օտար հողում։

Ինչո՞ւ են դատարկ Ստեփանակերտի տները, ո՞ւր են տերերը

Ադրբեջանցիների տարածած տեսանյութերում երեւում է, որ Ստեփանակերտի Ազատության հրապարակում քանդել են շենքերը: Տեղացիներին քաջ հայտնի Կոլցեվոյը, Լուչի շենքը, որտեղ 1988թ. մեկնարկել էր ղարաբաղյան շարժումը:

Շատերը կհիշեն 2020թ. ադրբեջանական հրետանու առաջին հարվածն այդ շենքին: Այն, ինչը չեն կարողացել մինչեւ վերջ քանդել արկերը, այսօր “ավարտին են հասցնում” էքսկավատորները:

Ալեք Մանուկյան փողոցի (Էնգելս) շենքերի կտուրներ են փոխում: Այլ կերպ ասած, առանց տերերին հարցնելու, “վերանորոգում են” որ շենք ցանկանում են, որը դուր չի գալիս, պարզապես քանդում են:

Եթե Բաքվում են սեփական քաղաքացիների տները քանդում, երբ բնակիչները դեռ ներսում են, ի՞նչ կարող ենք ակնկալել հայաթափված քաղաքաից:

Ազատամարտիկների պողոտայում խանութները վերաբացել են, իսկ բնակարաններում լույս չի վառվում, դատարկ են:

Ինչո՞ւ են դատարկ, ո՞ւր են տերերը

Ճիշտ է, ստեփանակերտցիների պատշգամբներից չէր երեւում Արարատը, եւ երեւանցիները քիչ չեն պայքարել իրենց քաղաքի պատմական շենքերի համար (Արամի փողոց, Ֆիրդուս եւ այլն…): Բայց որքան երևանցիներին է հարազատ ամեն մի կամար, փողոց ու ծառ, նույնքան էլ ստեփանակերտցիներին իրենց Կոլցեվոյը, Հեքիմյանն ու Շուշվա ուգըլը: Որքան դուք եք ամեն առավոտ էներգիա ստանում Արարատին նայելիս, նույնքան նրանք էին ‘լիցքավորվում’ իրենց սարերիից, փողոցներով անցնելիս, իրենց զագորըդներից:

Ռանչպար գյուղում արցախցի մի ընտանիք էինք այցելել: Պարզ կապույտ օր էր: Չարենցի նկարագրածի պես Արարատը գեղեցիկ ու չափազանց մոտիկ էր, բայց Արցախի Ավետարանոց գյուղից երիտասարդն, ով այդտեղ էր հաստատվել, այն “չէր տեսնում”: “Հիմա սա՞ է Մասիսը, չեմ իմացել…”, ասում էր նա: Ամոթ բան չկա, նրա համար էլ իր գյուղի սարերն էին Սիս ու Մասիս:

Ստեփանակերտում մարդիկ տնատեր են դարձել Կարվին-Կարշոլկներում երկար տարիներ աշխատելով, բանակում տասնամյակներ ծառայելով (զոհվածների շենքը…), հերթերում սպասելով, վարկեր մարելով, ուրախացել հեռուստացույց, վարագույր, կրեսլո-դիվան ու նոր սառնարան գնելիս, բալկոն առաջ տալով, հարեւանի հետ ռեմոնտի հարցում “մրցելով” ու մի Միյանմարի երկնաքերերի պես  վայրկյաններում կորցրել ամեն ինչ:

Երբ դպրոցում մի բան չէինք հասկանում, ուսուցիչն ասում էր՝ օրինակը ձեզ վրա բերեք:

Աստված մի արասցե, բայց պատկերացրեք ձեր քաղաքն է դատարկվում, ուրիշի տանն եք հայտնվել եւ ոչ մի առավոտ չկա այդ էներգիայի աղբյուրը, որ մարդ ստանում է հասարակ բաներից, որ Աստված է տվել նրան: Պատկերացրեք, տարիուկես ուրիշ պատշգամբներից եք նայում ամեն օր, եւ որքան էլ սիրուն լինի տեսարանը, որքան էլ մետրոյին մոտիկ, մեկ է` ձերը չէ: Այսպես մի առավոտ էլ հայտնի է դառնում, որ այդ ձերը չեղած բնակարանի գումարն այլեւս չեն տալու, որպեսզի փոխանցեք իսկական տանտիրոջը: Աշխատեք՝ ապրեք: Աշխատեք ապրել՝ ավելի ճիշտ:

Մարութ Վանյան

Լուսանկարում՝ 1988, Ստեփանակերտ, Կալցեվոյ