Արցախցիները սպասում են ԱԳՆ պատասխանին

«Սպասում ենք Արտաքին գործերի նախարարության պատասխանին, մեր հետագա քայլերը կախված են լինելու իրենց պատասխանից։ Այդ պատասխանից հետո կորոշենք, թե ինչ ենք անելու»,- step1am-ի հետ զրույցում ասաց արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը։

Հիշեցնեն, որ արցախցիները հոկտեմբերի 21-ին ակցիա էին արել ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։

Արթուր Օսիպյանն ասաց, որ ընթացքի մեջ է նաեւ տարբեր երկրների դեսպանատներ դիմելու գործընթացը։ «Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին նամակ ենք գրել, ԱՄՆ դեսպանատուն արդեն այցելել ենք եւ պատրաստվում ենք մնացած դեսպանատներ էլ այցելել»,- նշեց նա։

Արարատ Միրզոյանին ուղղված նամակով Արցախի ՀԿ-ները հիշեցնում են, որ որ Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում: Ինչպես նաեւ պահանջ են ներկայացնում, որ ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան ՀՀ ԱԳՆ-ից, Արթուր Օսիպյանը պատասխանեց «Հավանաբար սվաղելու են, ինչ-որ մի պատասխան են տալու, որը մեզ համար ընդունելի չի լինելու։ Եվ մենք ըստ դրա մեր քայլերն ենք անելու»։

Ռոզա Հովհաննիսյան

Ստեղծագործությունն օգնում է ժամանակավոր կտրվել իրականությունից և ավելի ուժեղ վերադառնալ

Երազանքները չեն իրականանա, եթե չաշխատեք դրանց վրա։ Այս խոսքերի հեղինակը Անժելիկա Մելքումյանն է, ով ծնվել ու մեծացել է Արցախում։

Վաղ տարիքից Անժելիկան ստեղծագործելու հակում է ունեցել: Հետագայում ընդունվել է Շուշիի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ։ Ավարտելուց հետո աշխատել է Ասկերանի արվեստի դպրոցում՝ որպես նկարչության ուսուցչուհի։

44-օրյա պատերազմիվժց հետո վերադառնալով հայրենիք՝ Անժելիկան իր համար նոր ուղղություն է հայտնաբերել։ Սկսեց հետաքրքրվել փայտի փորագրությամբ։ «44-օրյա պատերազմից հետո նոր հոբբի գտա. փայտի փորագրությունն օգնեց ինձ ժամանակավորապես կտրվել դաժան իրականությունից: Ես ընկղմվեցի ստեղծագործության աշխարհում՝ մոռանալով մեզ շրջապատող վախերի և սարսափների մասին: Առաջին ապրանքները ականջօղեր էին, որոնք ես պատրաստեցի ինձ համար: Հետագայում ընկերներս, տեսնելով ինձ վրա նմուշներ, հետաքրքրվեցին իմ նոր գործունեությամբ։ Այսպիսով, ես սկսեցի իմ փոքր բիզնեսը՝ պատվերով  պատրաստելով տարբեր ապրանքներ՝ պայուսակներ, փափուկ խաղալիքներ, բանալու շղթաներ, ժամացույցներ և այլն։

Արցախից բռնագաղթվելուց հետո ընտանիքով հաստատվեցինք Գյումրիում։ Այնտեղ երկար ժամանակ չէի կարողանում վերականգնվել ապրածս սարսափից։ Մի քանի օր բեռնատարի հետնամասում ստիպված էինք հաղթահարել դժոխքի ճանապարհը։ Մեզ ոչինչ չհաջողվեց տանից վերցնել։ Ես կարողացա վերցնել միայն մի քանի նմուշ իմ վերջին աշխատանքից։ Ընտանիքս և ընկերներս օգնեցին ինձ վերադառնալ ստեղծագործական գործունեության։ Նրանց օգնությամբ սկսեցի մասնակցել տարբեր ցուցահանդեսների, որտեղ նկատվում էին իմ աշխատանքները։ Ինձ հնարավորություն տվեցիվ վերսկսել ստեղծագործական գործունեությունը` տրամադրելով տարածքը և աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները։ Այժմ մեր ընտանիքը բնակարան է վարձում Երևանում։ Չնայած կենցաղային սուղ պայմաններին, ես շարունակում եմ զարգացնել իմ բիզնեսը՝ փորձելով հավատալ լավագույնին»,- Step1.am-ին տված հարցազրույցում ասել է Անժելիկան։

Անժելիկայի աշխատանքները հրապարակված են Instagram-ի նրա էջում։

Արսեն Աղաջանյան

ԱՄՆ-ի առաջնություն․ Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը կիսեցին երկրորդ տեղը

Ֆաբիանո Կարուանան նվաճեց շախմատի ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը։ Սենթ Լուիսում անցկացված առաջնությունում Կարուանան 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։

Ամերիկահայեր Սամուել Սեւյանն ու Լեւոն Արոնյանը վաստակեցին 5,5-ական միավոր եւ Ռեյ Ռոբսոնի, Լենիեր Դոմինգես Պերեսի, Հանս Նիմանի եւ Ավոնդեր Լիանի հետ բաժանեցին 2-7-րդ տեղերը։

Առաջնությունն ուներ 12 մասնակից։ Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար էր։

news.am

«Մկների ժողով»․ փնտրվում է Սահմանադրությունը փոխելու “զանգ կախող” նախարար

Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից «տշելուց» հետո ՔՊ-ն փորձում է փնտրել միմարդու, որը իր վրա կվերցնի Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, ըստ այդմ՝ Երրորդ հանրապետությունը լուծարելու “զանգը կախելու” առաքելությունը։ Քանի որ, ըստ մամուլի, Փաշինյանը ինքը աշխատում է “պատասխանատու” փաստաթղթեր անձամբ չստորագրել, պետք է մեկը, ով իր վրա կվերցնի ամբողջ պատասխանատվությունը։ Մհեր Գրիգորյանն, ըստ երեւույթին, պատրաստ չէ միայնակ կրել ամբողջ բեռը։  

“Այստեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսանկյունից ենք նայում. պետք է մասնագետ լինի, որ այդ պայմանագրի հետ առնչություն ունենա», մեկնաբանելով արդարադատության նախարարի ընրությունը ՔՊ-ում, ասել է բազմաչարչար Ալեն Սիմոնյանը։

Խոսքը, անշուշտ, եւ խաղաղության պայմանագրի, եւ Սահմաանդրության փոփոխության մասին է։ Չէ որ Գրիգոր Մինասյանի վրա ճնշում սկսեցին գործադրել այն բանից հետո, երբ նա Սահմանադրական հանձնաժողովում չընդունեց “մեծամասնության” մասով Սահմանադրության մեջ փոփոխություն անելու առաջարկը։ Նաեւ հայտարարեց, որ մինչեւ 2027 թվականը Սահմանադրությունը չի փոխվի։ Թեկուզ հայտարարվել է, որ Փաշինյանն է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին հանձնարարել մինչեւ 2026-ի դեկտեմբեր ներկայացնել բարեփոխումների հայեցակարգը, ո՞վ գիտի, կարող է Փաշինյանը չէր, այլ հենց Մինասյանը։

Բոլորը գիտեն այդ պատմությունը, դրա համար չեն ուզում նախարար նշանակվել։ Իսկ ով ուզում է, չի անցնում Փաշինյանի “քննությունը”։

“Հրապարակը” գրում է, որ Բաքվի գլխավոր պահանջը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է, որից կհեռացվի Անկախության հռչակագրին կատարվող հղումը։ Այդ պահանջը կատարելու համար, ըստ թերթի, Փաշինյանը կարող է արտահերթ ընտրություններ նշանակել, որ Սահմանադրությունը փոխելու հանրաքվեյի “մանդատ” ստանա։

Արդյո՞ք Փաշինյանն այդքան ժամանակ ունի։ Ավելի հեշտ է “լավ” արդարադատության նախարար գտնել, որ ամեն ինչ “ճիշտ” կկազմակերպի։

 

Հայաստանն այդքան էլ շահագրգռված չէ, որ ԵՄ դիտորդնրի մանդատը երկարացվի

«Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը Հայասանում զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է ԵՄ համապատասխան որոշմամբ, այդ մանդատից դուրս գալ չի կարող։ Որքանով ես տեղեկացված եմ՝ Եվրոպական միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ առաքելության մանդատի երկարաձգման հարցը»,- Ազգային ժողովում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական աքառելության վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին։

«Քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք ավարտված սահմանազատման գործընթաց, երկարատեւ կայունություն, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ։ Եվ ըստ այդմ էլ մենք ունենք չեզոք երրորդ կողմի կարիք, ինչպիսին է ԵՄ դիտորական առաքելությունը։ Մենք կարիք ունենք օբյեկտիվ գնահատականների, սահմանի երկայնքով մշտադիտարկման եւ կեղծ լուրերի փարատման»,- ասաց Միրզոյանը։

Մենք շնորհակալ ենք ԵՄ դիտորդների քաղաքացիական առաքելությանը, այն երկրներին, որոնք այդ առաքելությունն այստեղ գործուղել են եւ հույս ունենք, որ առնվազն մինչեւ խաղաղության պայմանագիր կնքելը այդ դիտորդները այստեղ կլինեն: Այս մասին ասել է նաւ Ալեն Սիմոնյանը:

«Հաճախ էր լինում, որ Ադրբեջանը հայտարարում էր, որ հայկական կողմը զորքեր է շարժում կամ պատրաստվում է հարձակումների, այդ եվրոպական դիտորդները գալիս են եւ արձանագրում են, որ այդպես չէ: Հետո կապրենք կտեսնենք, հետո գուցե դրա կարիքը չլինի»,-ասաց նա:

Ավելի վաղ Ալիևի օգնականի հայտարարել է, որ ԵՄ դիտորդները պետք է լքեն Հայաստանը սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի ստորագրումից հետո։

ՀՀ իշխանությունները, փաստորեն, խոստովանում են, որ հենց ինչ-որ “պայմանագիր” ստորագրվի, այդ թվում՝ Կանոնակարգը, եւ ԵՄ դիտորդների կարիքն այլեւս չի լինի։ Կարելի է նկատել, որ Հայաստանը շահագրգռված չէ, որ ԵՄ դիտորդների մանդատը երկարացվի։ Հատկապես, որ նրանց դուրս բերումը Բաքուն եւ Մոսկվան որպես “խաղաղության” պայման են առաջադրել։ Արդյո՞ք Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ մանդատը երկարացնելու համար։  

Աշոտը երազում է քայլել

Երկարատև բուժումներն այրվածքաբանական կենտրոնում ավարտելուց հետո՝ շուշեցի Աշոտ Բեգլարյանը պրոթեզավորվել է։ Սակայն, կինը՝ Մելանյան MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Աշոտը դժվարանում է քայլել, հնարավոր չէ, քանի որ մարմնի ամբողջ ծանրաբեռնվածությունը չի պահում, իսկ իրենց երազած բիոմեխանիկական պրոթեզը՝ թանկ է։
Աշոտը երազում է քայլել․․․նրա ընտանիքին օգնելու համար կարող եք փոխանցում կատարել 22325003761900 Արցախբանկի հաշվեհամարին, ստացող՝ Աշոտ Բեգլարյան
Հեռ․- 097737373

Ահաբեկչությունից հետո Թուրքիան հարվածներ է հասցնում քրդերին Իրաքում և Սիրիայում

DW

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հինգշաբթի լույս հոկտեմբերի 24-ի գիշերը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ավիահարվածները «հաջողությամբ ոչնչացրել են ահաբեկիչների 32 թիրախ»։ Պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե որ թիրախներն են խոցվել։ Հայտարարության մեջ ասվում է, որ «բոլոր նախազգուշական միջոցները» ձեռնարկվել են խաղաղ բնակչությանը վնաս չպատճառելու համար: Նշվում է, որ օդային գործողությունները շարունակվում են։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածները հասցվել են Անկարայի նահանգում գտնվող Turkish Aerospace Industries (TAI, TUSAS) պաշտպանական արդյունաբերական ընկերության օբյեկտներում ահաբեկչությունից մի քանի ժամ անց։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել է հինգ մարդ, եւս 22-ը՝ վիրավորվել։ Բացի այդ, սպանվել է երկու հարձակվող։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ ենթադրվում է, որ ահաբեկչությանը մասնակից է եղել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նույնպես հայտարարել է PKK-ի հնարավոր մասնակցության մասին։

Թրամփն ու Բայդենը “դուխ” չունեն հաստատել ամերիկյան “արբիտրաժը”, ենթարկվելով Պուտինին կամ Էրդողանին

«Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», – իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ չնշելով, թե ինչպես է դա անելու։

Kamala Harris did NOTHING as 120,000 Armenian Christians were horrifically persecuted and forcibly displaced in Artsakh. Christians around the World will not be safe if Kamala Harris is President of the United States. When I am President, I will protect persecuted Christians, I will work to stop the violence and ethnic cleansing, and we will restore PEACE between Armenia and Azerbaijan.

Նա օգտագործել է հենց “Արցախ” տեղանունը, սակայն չի հիշատակել, թե ինքը ի՞նչ է արել 2020-ի 44-օրյա պատերազմին նույն Արցախում, երբ դեռ ԱՄՆ նախագահ էր։

Հիշեցնենք, նա ոչ միայն թույլ տվեց թուրքերին ներխուժում Արցախ, զավփել եւ կոտորել, այլեւ հրաժարվեց Մինսկի խմբի համանախագահի իր պարտականությունից եւ թույլ տվեց Ռուսաստանին Թուրքիայի հետ միասին զավթել Արցախի մի մասը, հատկապես Հադրութը, Շուշին, Իրանի հետ սահնաբակից Քաշաթաղը եւ Հայաստանի միջնաբերդ Քարվաճարը։ Նա թույլ է տվել ռուսական զորքերի մուտքն Արցախ և ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի բացումը Ակնայում։ Նա չի պնդեն ՄԱԿ կամ այլ միջազգային զորքերի ներկայությունը։ Երբ պատերազմի թեժ պահին նրան հարցրել են, թե ինչ է մտածում այդ ամենի մասին, նա ասել է՝ “Տեսնենք, հայերը կդիմանա՞ն”։

2020-ի պատերազմի օրերը ընտրված էին ոչ պատահական՝ երբ ԱՄՆ-ում նախագահական նախընտրական ժամանակաշրջան էր, եւ հենց Թրամփը թույլ տվեց սկսել ագրեսիան։ Պատերազմը կանգնեցվեց ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ նախագահ է ընտրվել Բայդենը։ Նա մի քանի ամիս հետո ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց դա իրավաքաղաքական հետեւանք չունեցավ։ Օրինակ, 1921 թ․ Կարսի պայմանագիրը անօրինական չճանաչվեց։

Հետագայում Բայդենի ներկայացուցիչիչը մասնակցեց Պոլսում 2023-ի սեպտեմբերի 17-ին կայացած գաղտնի ժողովին ՌԴ եւ ԵՄ մասնակցությամբ, որտեղ եւ հավանություն տրվեց սեպտեմբերի 19-ի ագրեսիային Արցախում։

Բայդենի վարչակազմն ոչինչ չարեց, որ տապալի ռուս-թուրքական պլանները Հայաստանի հանդեպ եւ դեմոկրատ նախագահ Վիլսոնին հարիր լուծում չառաջարկեց, խուլ ու հնազանդ պաշտպանելով Իսրաելի կողմից սատարվող ռուս-թուրքական պլանը։

Հիմա Թրամփը հիշել է, որ հայերը քրիստոնյա են, անշուշտ Բայդենի՝ Ալիեւին եւ Փաշինյանին հղած նամակից հետո, որտեղ նա ինչ-որ “համարձակ” քայլեր է առաջարկել։ Այդ քայլերը, ենթադրաբար, կապված են Ռուսաստանի եւ Իրանի դեմ քաղաքականության եւ տարածաշրջանը Թուրքիայի վերահսկողության տակ փոխանցելու մտադրության հետ։

Թրամփը չի կարող թույլ տալ, որ դա առանց իրեն արվի։ Նա քննադատել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:

Քննադատությունն, անշուշտ, տեղին է, քանի որ Բայդեն-Հարիսի վարչակազմի դեսպան Քրիստինա Քվինն էր, որ 2023-ին Արցախի շրջափակման ժամանակ ասել է, թե կարծում է, որ հայերը կարող են ադրբեջանի կազմում “երջանիկ ընտանեական կյանքով ապրել”։ Հիմա Բայդեն-Հարիսի դեսպանը չի հետաքրքրվում, արդյո՞ք երջանիկ են Արցախից ցեղասպանությամբ քշված հայերը։ Սակայն վարչակազմը առաջ է տանումմի ծրագիր, որով արցախցիներին առաջարկվում է հենց “ադրբերան” վերադառնալ։

Հարիսն ավելի վաղ, Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում, ասել էր, որ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։

Ոչ Թրամփը, ոչ Հարիսը “դուխ” չունեն ԱՄՆ գլոբալ առաջնորդությունը հաստատելու եւ տարածաշրջանում սեփական արբիտրաժով նոր սահմաններ գծելու համար։ Հիմա ԱՄՆ-ն աշխատում է Կարսի պայմանագրի ընդլայնված երկարացման եւ Ստալինի որոշման լեգիտիմացնելու ուղղությամբ՝ ի շահ Ռուսաստանին եւ Թուրքիային եւ ի վնաս “քրիստոնյա” հայերին։  

Հարիսը նշել է, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Բայց չի նշել, որ նկատի ունի Հայաստանի “սովետական” սահմանները։

Թրամփն իր գրառման մեջ խոստացել է նախագահ դառնալու պարագայում խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Անշուշտ՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Որպեսզի ռուսական զորքերը վերադառնան Արցախ, մի քանի հազար հայ տանեն իրենց հետ եւ հաստատեն, որ Ամերիկան այս տարածաշրջանում այլեւս գործ չունի։

Նաիրա Հայրումյան

Զինված հարձակում Անկարայում՝ ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա․ կան զոհեր ու վիրավորներ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա: «Ցավոք, զոհեր ու վիրավորներ կան»,- գրել է նախարարը։

Զոհերի ու տուժածների թվի մասին տեղեկություններ առայժմ չկան։

Լրատվամիջոցները գրում են՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15․20-ին, մահապարտ է ռումբ տեղադրել:

Թուրքական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ հարձակվողները երեքն են եղել:

Տելեգրամում տարածվող տեսանյութերում ծուխ է երևում, նաև կրակոցներ են լսվում:

Ծիծեռնավանքի խաչքարերը Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում գտա

Օրեր առաջ զանգ էի ստացել Արմինե Հայրապետյանից, ով հետաքրքրվում էր Ծիծեռնավանքի խաչքարերի ճակատարգով: Նա հայտնեց, որ խաչքարերը Գորիսում պետք է լինեն եւ “գործուղեց” ինձ դրանք գտնելու:

Գորիսի Երկրագիտական թանգարանում ասացին, որ հաստատ իրենց մոտ չէ, եւ հուշեցին, որ Սուրբ Հռիփսիմե եկեղեցում փնտրեմ: Թանգարանի աշխատակիցն ինձ ճիշտ էր ուղղորդում:

Գորիսի գյուղատեղու եկեղեցու բակում մի տղամարդ ինձ ուղեկցեց դեպի խաչքարեր եւ երկու քայլափոխի ընթացքում պատմեց իր Կովսասան ապրած 15 տարիների մասին:

Առերեսվելով խաչքարերին, միանգամից մեզ` արցախցիներիս նմանեցրի. Ինչպես մունք.

Եվ մեր տեղն ենք եւ ոչ:
Եվ հայրենիքում ենք եւ ոչ:
Եվ հյուր ենք եւ տեր:
Ճիշտ այսպես, մեջքի վրա պառկած` մեկ դիրքով, անսասան…
Չգիտենք, մեջքի վրա քնելն է ճիշտ, թե կողքի:
Բայց մեզ տեղահանել պետք չէր, ինչպես հուշարձանները:
Եվ խաչքար եւ գյունաքար ենք:

Վստահ եմ, որ կարդացողի երեւակայությունն ավելի հզոր է` ցանկը երկարաեցնելու համար:

Մարութ Վանյան

 

Նախարար․ մենք անընդհատ վերադառնում ենք բնակապահովման ծրագրին, հասկանալու համար, թե այնտեղ ինչ խնդիրներ կան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերիկ նախարար Նարեկ Մկրտչյանին այսօր լրագրողները հարցերին՝ իրենց չի մտահոգո՞ւմ արցախցիների շրջանում արտագաղթի մեծ ծավալը։ «Ես չեմ կարծում, որ բավական մեծ թվով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներ արտագաղթում են։ Բավական բնական միտում կա՝ եւ գնում են, եւ վերադառնում են։ Երբ նայում ենք նախորդ տարվա հոկտեմբերից սկսված շարժը, այստեղ էական արտագաղթի միտում մենք չենք տեսնում»,- ասաց նա։

Նախարարը հավելեց․ «Մենք մեր աջակցության ծրագրերն իրականացրել ենք երեք տրամաբանությամբ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Միջնաժամկետ ծրագրերի հատվածում մշակեցինք բնակապահովման ծրագիրը, եւ մենք անընդհատ վերադառնում ենք այդ ծրագրին՝ հասկանալու համար, թե այնտեղ ինչ խնդիրներ կան։ Վերջին տվյալներն ինձ մոտ չկան, բայց գիտեք, որ կարեւոր նախապայման է քաղաքացիության ընդունումը, որից հետո կարող են դառնալ ծրագրի շահառու։ Հիմա մենք կրկին վերադառնում ենք այդ ծրագրերին՝ նայելու համար, թե այնտեղ ինչ լավարկումներ կարող ենք անել, որպեսզի ավելի մեծացնենք արդյունավետությունը դիմելության առումով»։

Հարցին, որ բողոքի ակցիաներին մասնակցող արցախցիներից կան ահազանգեր, որ մարդկանց զրկում են աջակկցության ծրագրեից, նախարարը պատասխանեց․ «Դա հերյուրանք է, չկա նման բան։ Եթե դուք բերեք մեկ օրինակ, որ որեւիցե մարդ իր քաղաքական կամ չգիտեմ ինչ ակցիաների մասնակցության պատճառով զրվել է աջակցության ծրագրերից, սուտ է»։

«Մենք կվերհանենք այն սահմանը, որով անկախացել ենք սեպտեմբերի 21-ին»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ադրբեջանական կողմը երբ է դուրս գալու ՀՀ օկուպացված տարածքներից, ասել էր․ «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»:

Լրագրողներն այսօր հարցրին Ալեն Սիմոնյանին, էլ որտեղի՞ց պետք է դուրս գան հայկական զորքերը, ի՞նչ նոր զիջումներ են պատրաստվում։ Ի պատասխան նա ասաց․ «Հիմա դուք ուզում եք՝ ես ձեզ կոորդինատներ տա՞մ, բայց ակնհայտ է եւ դա երեւաց նաեւ Տավուշի սահմանը վերարտադրելու ժամանակ, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր՝ իրենք։ Սահմանը եթե սահմանագծված ու սահմանազատված չէ, այդ խնդիրը կա, վերեւից մինչեւ ներքեւ մենք պետք է սահմանը վերհանենք։ Այդ նույն Տավուշի գյուղերի բնակիչները կարծում էին, որ եկեղեցին մնալու է այն մյուս կողմը կամ այսինչ գետը մնալու է այսինչ կողմը, բա պետք է այդ ամեն ինչը վերհանվի։ Ուզում եք ասել՝ այնտեղ հստակ սահմանազատված եւ սահմանագծված տարածք կա՞, եւ մեր զորքերն ու ադրբեջանական զորքերը կանգնած են այնտեղ, որտեղ պետք է կանգնե՞ն։ Իհարկե, ոչ»։

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը նշեց կոնկրետ տարածք․ «Առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա, որ իրենց մասի եռանկյունին գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը գտնվում է իրենց մասում։ Դա որեւիցե մեկի համար գաղտնիք չէ, եւ սահմանազատումն ու սահմանագծումը հենց դրա համար է արվում, որպեսզի այդ հարցերը լուծվեն։ Իմ ասածը հետեւյալն է, որ բոլոր այն տեղերում, որտեղ իրենք են առաջ, իրենք պետք է հետ գնան, բոլոր այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք։ Մերը մերն է, իրենցը իրենցն է»։

Լրագրողները նաեւ հարց ուղղեցին՝ ԱԺ նախագահը մանրո՞ւք է համարում, որ ՀՀ տարածքներն օկուպացված են, եւ ադրբեջանցիները հետ չեն քաշվում։ «Չէ, ես դա մանրուք չեմ համարում, ասում եմ, որ գլոբալ պատկերի մեջ մենք պետք է գլոբալ հարցերին անդրադառնանք։ Բայց եթե գոլոբալ ենք խոսում սահմանը վերականգնելու մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմա գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է, ինչպես մենք արդեն իսկ արել ենք եւ խաղաղության պայմանագիրը կնքելը։ Դրանից հետո մեր հարեւաննեի հետ մեր քաղաքացիներն առեւտուր են անելու, իրար հետ փոխայցեր են անելու, այդ բոլոր հարցրերը լուծվելու են»,- պատասխանեց նա։

Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Ես վստահ եմ, որ այդ պայմանագրի կնքումով մենք դրան էլ կհասնենք, եւ Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ։ Եվ մենք կվերհանենք այն սահմանը, որով մենք անկախացել ենք սեպտեմբերի 21-ին»։

Միաժամանակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ռեւանշի ուղղությամբ քայլեր անում է Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը։ «Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռեւանշիզմից, ամենամեծ ռեւանշիզմն այն է, ինչ հիմա իրենք անում են, այն է՝ կոնկրետ ինչ-որ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը, Հայաստանին ինչ-որ բան փորձել պատադրելը։ Դրանով են իրենք սերմանում այն ռեւանշիզմը, որն այսօր հայ ժողովրդի մեջ չկա։ Ես պնդում եմ, որ չկա, որովհետեւ հայ ժողովուրդն այսօր ուզում է ապրել խաղաղ իր երկրի տարածքում»։