Ռուստամյան․ ադրբեջանցիները լավ էլ կգան, եթե այս իշխանությունները դառնան նրանց անվտանգության երաշխավորը

«Ալիեւի պահանջներից մեկն այն է, որ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված պետք է անվտանգության երաշխիքներ ապահովի Հայաստան պետությունը։ Եվ արցախցի դասախոսի նկատմամբ գործ հարուցելով՝ իշխանություններն ուզում են ցույց տալ, որ ադրբեջանցիները Հայաստանում կարող են ազատ գոյատեւել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Լսե՞լ եք, որ Ադրբեջանից ասում են՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, եթե Հայաստանի իշխանությունները դրա դեմը չառնեն, մենք կառնենք։ Այս հայտարարություններին ամբողջությամբ համահունչ են այն, ինչ տեղի ունեցավ այս գործի հետ կապված։ Այսինքն՝ դրանով ՀՀ իշխանություններն ուզում են ասել՝ կարող է կան որոշակի «ֆաշիստներ», բայց դա մենք չենք, իշխանությունը դրա հետ կապ չունի»,- ասաց Ռուստամյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի պահանջը շատ լուրջ է այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների վերադարձի» հետ կապված։ Իսկ Հայաստանում շատերն ասում են՝ ո՞նց եք պատկերացնում, ադրբեջանցիները ո՞նց կարող են գալ Հայաստան։ Ըստ Ռուստամյանի՝ լավ էլ կգան, եթե այս իշխանությունները դառնան նրանց անվտանգության երաշխավորը։ Իսկ ովքեր կբողոքեն ադրբեջանցիների լակտի պահվածքի դեմ, ՀՀ իշխանությունները նրանց կպատժեն, ինչպես Ղարիբ Բաբայանի դեպքում ենք ետսնում։ «Այսինքն՝ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի իշխանություններին ասում են՝ պետք չէ, որ դուք գաք այստեղ ադրբեջանցիների անվտանգությունը երաշխավորեք, մենք ինքներս կերաշխավորենք ադրբեջանցիների անվտանգությունը։ Այս ամենը բխում է նրանից, որ մի մեծ աղետ գործեց այս իշխանությունը, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դրանից բխեց մի հետեւանք, որի արդյունքները մենք դեռ քաղելու ենք՝ Հայաստանը հեշտությամբ միջազգային ատյաններում դիտարկվելու է որպես ագրեսոր պետություն, Հայաստանից փոխհատուցումներ են պահանջելու»,- ընդգծեց նա։

Տեղի կունենա արցախցի երկու կին գրողի գրքերի շնորհանդեսը

Փետրվարի 16-ին տեղի կունենա արցախցի երկու գրողների՝ Ծովինար Բարխուդարյանի եւ Հերմինե Ավագյանի գրքերի շնորհանդեսը։

Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» հիմնադրամը մեկ տարի առաջ հայտարարել էին Արցախցի հեղինակների գրական մրցույթ։ Մեկ տարի անց գրքի եւ արվեստի ձմեռային փառատոնին տեղի կունենա մրցույթի դափնեկիր Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։

Հերմինեի խոսքով, «Հրաժեշտի աչքերը»-ը այն նամակներն են, որ գրում էր գրողը Արցախում գտնվող իր մայրիկին։ Սահմանային անանցանելիությունը թույլ էր տալիս գրողին միայն մտքով լինել Արցախում, խոսել իր մանկության վայրերի ու հարազատ մարդկանց հետ։

Գրքի հերոսները մարդիկ են, որոնք անցել են պատերազմների միջով, տեսել են տեղահանությունն ու մահը։

Տեղահանությունից հետո Ծովինարը հեռուստաօրագրի տարբերակով պատմում էր Արցախի հայաթափման մասին։ Իր ապրումներն ու տասներկու կանանց պատմություններն ու վկայություններն են «Վերջին կարմիր շրթներկը» գրքում։

Այն ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլեւ հիշեցում՝ մարդկային ոգու անկոտրում ուժի մասին։

«Հրաժեշտի աչքերը» եւ «Վերջին կարմիր շրթներկը» գրքերի գլխավոր հովանավորն «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամն է։

Գրքերի շնորհանդեսը տեղի կունենա Երեւանում Դվին հյուրանոցում։ Մուտքն ազատ է։

Մարիամ Սարգսյան

Ուկրաինայում հետախուզման մեջ գտնվող Արմեն Սարգսյանի նկատմամբ Մոսկվայում մահափորձ է կատարվել

Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունը կարող է կապված լինել ԴԺՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի հետ։ Այս մասին գրում է «Mash»–ը։
Ըստ լրատվամիջոցի` տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ նա անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ անցնելիս է եղել նախասրահով։
Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով մահացածի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել, քանի որ նրա դեմքը խիստ վնասված է։ Ենթադրություններ կան, որ մահացածը Արմեն Սարգսյանի թիկնապահն է։
Քաղաքագետ Դմիտրի Նիկոտինը Telegram-ալիքում գրել է, որ տուժածների թվում է Օլեգ Կասպիրովիչը, որը նախկինում եղել է ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի Ղրիմի տարածքային հրամանատարության վարչության հատուկ նշանակության առանձին ջոկատի հրամանատարի տեղակալը:
46-ամյա Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի, Գորլովկայում (ԴԺՀ) զբաղվել է մարտիկների պատրաստմամբ:
Ավելի վաղ Ուկրաինայում Սարգսյանին մեղադրանքներ էին ներկայացվել Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտական գործողություններ վարող ապօրինի զինված կազմավորումներին մասնակցելու համար: Նա հետախուզման մեջ է Ուկրաինայում, նախկինում Ուկրաինայի քաղաքացիություն է ունեցել։
Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը կարող է նշանավորել Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավված անձանց «վերացման» նոր փուլի մեկնարկ։ Եվ պատահական չէ, որ գործընթացը սկսվել է հայկական ազգանունով մարդուց։
Մարգարիտա Սիմոնյանի և մյուսների «ջանքով» հայկական ազգանունով մարդկանց Ուկրաինայում  հաճախ թշնամաբար են ընկալում, թեև ուկրաինական կողմից եւս հայկական ստորաբաժանումներ կան: Իսկ Սերգեյ Նիկոյանը ուկրաինական մայդանի խորհրդանիշն է։
Ռուսաստանն ու Ուկրաինան հայերի հետ կապված ցավոտ բարդույթներ ունեն, և պատահական չէ, որ նրանց միջև իրական սահմանն անցնում է Արմյանսկով, որտեղից բխում են սլավոնական իշխանների արմատները։ 1000 տարի առաջ հայկական ձագումով բյուզանդական կայսրերի միջոցով նրանք դարձել է օրինական աշխարհի մաս: 

ՀՀ ՊՆ շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազայում «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև տարհանման կազմակերպում՝ բուժօգնության հաջորդ փուլ։

Զորավարժության նպատակներն են բարձրացնել հոսպիտալի անձնակազմի վարժվածության աստիճանը, կատարելագործել իրականին մոտ, բարդ պայմաններում աշխատանքների կազմակերպման մասնագիտական հմտությունները, ինչպես նաև առավելագույն չափով բարելավել բազմազգ միջավայրում բժշկական ապահովման փոխգործակցված կազմակերպման մակարդակը։

Արցախցիների հանդեպ վիրավորանքները «ատելություն» չե՞ն համարվում

Тигран Петросянը գրում է․ 

Նիկոլի «պրիդվորնըյ» բլոգերների գրառումների տակ մեկնաբանություններն եմ կարդում, գրեթե ամեն տեղ արցախցիներին վիրավորող, մեղադրող, նսեմացնող քոմենթներ են, բայց որ մտնես այդ մեկնաբանություն գրողին պատասխանես իր ոճով, էդ նույն բլոգերը սքրինշոտ կանի ու մի նոր «սենսացիոն» գրառում կանի, բա տեսեք ղարաբաղցին ոնց է հայաստանցուն վիրավորում…
ԱԱԾ, մտեք այդ բլոգերների գրառումների մեկնաբանությունները կարդացեք ու տեսեք, թե իրականում ովքեր են մեկ ազգի մեջ ատելություն սերմանում։

Թրամփը և Մասկը մեղադրում են USAID-ի «արմատականներին» կենսազենքի հետազոտությունները ֆինանսավորելու մեջ

DW

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարության առաջիկա հրաժարականի մասին։ Գործակալությունը «ղեկավարվում է մի խումբ խելագար արմատականների կողմից», ասել է Սպիտակ տան ղեկավարը կիրակի օրը՝ փետրվարի 2-ին: «Մենք դրանց կհեռացնենք, հետո որոշում կկայացնենք»,- հավելեց նա։

USAID-ը պատասխանատու է քաղաքացիական արտաքին աջակցության կառավարման և զարգացման համագործակցության համար: Անկախ գործակալության տարեկան բյուջեն կազմում է 42,8 միլիարդ դոլար (41,9 միլիարդ եվրո):

Հունվարին ԱՄՆ նախագահը 90 օրով դադարեցրեց արտաքին օգնության բոլոր ծրագրերը։ Բացառություն է արվել միայն մարդասիրական օգնության համար։ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է ստուգել, ​​թե արդյոք այդ միջոցների բաշխումը համապատասխանում է իր արտաքին քաղաքականությանը։

Ավելի վաղ գործարար Իլոն Մասկը, որին ԱՄՆ նախագահը նշանակել է Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի ղեկավար, քննադատել էր ԱՄՆ ՄԶԳ-ն։ Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենը գործակալությունն անվանել է հանցավոր կազմակերպություն և ԱՄՆ ՄԶԳ-ին մեղադրել է կենսաբանական զենքի մշակումը ֆինանսավորելու մեջ, որին ձեռնարկատերը դասակարգել է եւ COVID-19-ը:

Մասկը ոչ մի ապացույց չի ներկայացրել իր պնդումները հաստատող։ ԱՄՆ նախորդ վարչակազմը նման մեղադրանքները կապում էր ռուսական ապատեղեկատվական արշավի հետ։

Ուզու՞մ են Ուկրաինային բացառել բանակցություններից. Թրամփն ու Պուտինը Կիևին մղում են դեպի ընտրություններ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, ով պատրաստակամություն է հայտնել զրուցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

AP-ի լրագրողը Ուկրաինայի նախագահից հետաքրքրվել է, թե արդյո՞ք նա դավաճանություն կհամարի Թրամփի ու Պուտինի հնարավոր հանդիպումը, եթե այն տեղի ունենա առանց ուկրաինական կողմի մասնակցության։

«Կարծում եմ, որ շատ վտանգավոր է, եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցություններ լինեն Ուկրաինայի շուրջ առանց Ուկրաինայի։ Սա շատ վտանգավոր է։ Նրանք կարող են ունենալ իրենց սեփական հարաբերությունները: Բայց առանց մեզ Ուկրաինայի մասին խոսելը վտանգավոր է բոլորի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարեց, որ չի կարող բանակցել Զելենսկու հետ, քանի դեռ գործում է Ուկրաինայում նրա հետ ուղղակի բանակցությունների արգելքը։ Պուտինը նաև կասկածի տակ է դրել Զելենսկու՝ որպես պետության ղեկավարի լեգիտիմությունը, քանի որ երկրում նախագահական ընտրություններ չեն անցկացվել։

Սրանից անմիջապես հետո Ուկրաինայի հարցով Թրամփի ներկայացուցիչ Քիթ Քելլոգը կոչ է արել Ուկրաինային մինչեւ տարեվերջ ընտրություններ անցկացնել երկրում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները Կիևին մղում են ընտրություններ անցկացնելու հնարավոր հրադադարի և վերջնական խաղաղության համաձայնագրի միջև ընկած ժամանակահատվածում։

Եթե ​​Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի պլանը միայն կրակը դադարեցնելն ու ուկրաինական ընտրություններ անցկացնելն է ուղղված, ապա դա ձախողված ծրագիր է։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը` համապատասխան գրառում հրապարակելով X սոցիալական ցանցում։

Բեյոնսեն Գրեմմիի է արժանացել լավագույն ալբոմի համար

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն ալբոմ» անվանակարգում՝ իր «Քոուբոյ Քարթեր» քանթրի ալբոմի համար։

Բեյոնսեն չորս անգամ առաջադրվել է լավագույն անվանակարգում, բայց երբեք չի հաղթել։

Արդյունքում երգչուհին հաղթեց Թեյլոր Սվիֆթին, Բիլի Այլիշին, Charli XCX-ին և մյուս գործընկերներին։

Դատելով Բեյոնսեի և նրա ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի արտահայտություններից, երբ այդ հայտարարությունն արվեց, դա նրանց համար կատարյալ անակնկալ էր։

«Լավագույն ալբոմ» անվանակարգում Բեյոնսեի հաղթանակի մասին հայտարարել են Լոս Անջելեսի հրշեջ ծառայության անդամները, որոնք արժանացել են բուռն ծափահարությունների։

«Աննախադեպ հրդեհային իրավիճակի պայմաններում նրանց անձնուրաց գործողությունները ոչ այլ ինչ էին, քան ոգեշնչող», – բեմում ասաց ղեկավար Էնթոնի Մարոնեն: «Մեր անկեղծ ցավակցություններն ու աղոթքներն են բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորցրել են հարազատներին, ընկերներին և հարևաններին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կորցրել են տները, բիզնեսը և տեղահանվել»։

Դրոնային հարձակում Վոլգոգրադի և Աստրախանի վրա. սահմանափակումներ են մտցվել Հյուսիսային Կովկասի երեք օդանավակայաններում

Ռուսաստանի մի քանի շրջաններ երկուշաբթի լույս փետրվարի 3-ի գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Աստրախանի մարզում անօդաչուները փորձել են հարվածել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին, ասել է նահանգապետ Իգոր Բաբուշկինը։ Պաշտոնյան պատասխանատվությունը դրել է Ուկրաինայի զինված ուժերի վրա։

Առնվազն մեկ անօդաչու թռչող սարք  հրդեհի պատճառ է դառել, հավելել է Բաբուշկինը՝ չհայտնելով մանրամասներ։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել։ Հարձակման թիրախը եղել է գազի վերամշակման գործարանը, և հաստատություն են ուղարկվել հրշեջ մեքենաներ, բացատրել է Baza Telegram ալիքը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին։

Վոլգոգրադի մարզում նավթավերամշակման գործարանը վթարի է ենթարկվել, հայտնել է շրջանի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Հրդեհները բռնկվել են Լուկոյլ ձեռնարկության տարածքում, սակայն արագ մարվել են, ոչ ոք չի տուժել։ Անօդաչուների մեծ մասը որսացել են, վստահեցրել է շրջանի ղեկավարը։

Վլադիկավկազի, Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում և չեն ուղարկում թռիչքներ, ասել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։

Սահմանափակումները մտցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 7:44-ին՝ «քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»։

Փետրվարի 3-ի գիշերը և վաղ առավոտյան նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել Վոլգոգրադի, Կազանի, Աստրախանի, Նիժնեկամսկի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայաններում, որոնցից մի քանիսը հետագայում չեղարկվել են։

Նոր փուլ. ոստիկանությունը Թբիլիսիում բերման է ենթարկել ընդդիմադիրներին

Վրաստանի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների: Հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, կարճ ժամանակով փակել են մայրուղին երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում:

Reuters-ի թղթակիցը փոխանցում է, որ ձերբակալվածների թվում է Նիկա Մելիան՝ երկրի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվել է նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գեորգի Ուգուլավան:

Սա վրացական ճգնաժամի նոր փուլ է. մինչ այժմ վրացական իշխանությունները կոշտ մեթոդներ չեն կիրառել ցուցարարների նկատմամբ։ Երեկվա ձերբակալությունները կարող են ազդարարել ավելի քան երեք ամիս շարունակվող ցույցերը ցրելու որոշումը։

«Ղարիբ Բաբայանի փոխարեն կարող էինք լինել յուրաքանչյուրս, և պետք է պատրաստ լինել միմյանց աջակցելու»

Հարցազրույց կովկասագետ Հովիկ Ավանեսովի հետ:

-Ի՞նչ  նպատակ էր հետապնդում Ղարիբ Բաբայանի հետ կապված գործողությունը: Արդյո՞ք այն անձնավորված էր:

-Հիմնական նպատակը՝ ազատ կարծիք արտահայտելու սահմանափակումն էր: Վերջին շրջանում Ադրբեջանի  ցեղասպան քաղաքականության մասին հրապարակումները բավականին մեծ հետաքրքրություն էին  առաջացրել  հատկապես որոշ օտարերկրյա փորձագետների շրջանակներում: Բնականաբար, սահմանափակելով հանրային խոսքը, սահմանափկվում է նաև Կենտրոնի կողմից հրապարակվող այդ  կարևոր հոդվածաշարի հրապարակումները և այդ ամենի մասին իրազեկվածության մակարդակի  բարձրացումը: Պարոն Բաբայանի փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը: Սա հստակ ազդակ է այս ոլորտով զբաղվող փորձագետների և մասնագետների  համար:

–  Պարոն Ավանեսով, դուք նշեցիք, որ Ադրբեջանի ցեղասպան գործողության մասին հրապարակումները հետաքրքրություն են առաջացրել օտարերկրյա փորձագետների շրջանակներում, կարո՞ղ եք մանրամասնել՝ թե ինչ համատեքստում:

-Բնականաբար, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին համակողմանի ուսումնասիրությունների և վերլուծությունների համար օբյեկտիվ պատկերացումների համատեքստում:

-Մենք գիտենք, որ մի շարք աջակիցներ հավաքվել էին ի աջակցություն պարոն Բաբայանի արդյո՞ք դա ևս անձնավորված էր, թե դա համակարգային բողոքի նշան էր:

– Այն բոլոր մարդիկ, ովքեր հավաքվել էին դատարանի մոտ, հստակ գիտեն, որ նույնը կարող էր պատահել նրանց հետ, այդ պատճառով պետք է պատրաստ լինել միմյանց անջակցելուն:

– Փաստացի կարող ենք նշել, որ այս ամենը նաև ուղղված էր մյուսներին վախեցնելուն:

– Բացի այդ, այս քայլով փորձ է արվում ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել հատկապես արցախյան հասարկական կազմակերպությունների համախմբմանը:

-Ի վերջո եթե հավաքագրենք և արձանագրենք տեղի ունեցածի պատճառները, ինչի՞ կարող են դրանք հանգեցնել:

-Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ մեր հասարակությունը անտարբեր չէ հակաօրինական  գործողություններին և դրան հակադարձում է համախմբավածությամբ: Սա նախադեպ է ստեղծում, որպեսզի  հետագա ցանկացած նման գործընթաց ստանա նույն հասարակական ակտիվ դիմակայությունը: Սակայն  պետք է նշենք, որ հանրային խոսքի սահմանափակումը ևս պետք է հանվի, ինչի մասին նաև ընդգծել են մի շարք իրավական գործունեություն ծավալող անձինք: Մեկ բան ևս պետք է նշել, որ հաջորդը կարող ես լինել դու, բայց այնուամենայնիվ, դու մենակ չես: Չնայած այն հանգամանքին, որ որոշ դեպքերում մարդիկ գիտեին՝ հնարավոր է, նրանց դեմ ուժ կիրառվի, նրանք դուրս են եկել և իրենց աջակցությունը ցուցաբերել:

-Այս գործողությունների մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Արդյո՞ք այդ հայտարարությունը արդարացնում է ձեր սպասելիքները:

-Իմ կարծիքով, ՀՀ ՄԻՊ գրասենյակը արագ արձագանքման խումբ պետք է ուղարկեր այն ժամանակ, երբ հայտարարվել էր դատի և խափանման միջոց սահմանելու մասին: Բայց ՄԻՊ-ը արձագանքել էր գրեթե մեկ օր հետո:

-Ըստ ձեզ, այս դեպքը եզակի՞ էր, թե առաջկայում պետք է սպասել նմանատիպ այլ գործողությունների:

-Մենք պետք է պատրաստ լինենք, որ նման դեպքերը կրկնվելու են։ Այդ պարագայում ևս պետք լինի համարժեք հասարակական արձագանք։

Ալվարդ Գրիգորյան

ԱՄՆ այցի նպատակը․ Ցեղասպանության հարցը «խլել» Սփյուռքից եւ մեղադրել Դաշնակցությանը

Փաշինյանը մի քանի օր կլինի ԱՄՆ-ում, որտեղ նախագահ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ։ Նա կմասնակցի Կրոնական ազատությունների համաժողովին, նաեւ, ինչպես պարզվեց, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպում կունենա Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Վարդան Օսկանյանն արդեն կոչ է արել ամերիկահայերին չմասնակցել հանդիպմանը, որպեսզի Փաշինյանի թուրքամետ պլանների գործիք չդառնալ։

Սփյուռքի չեզոքացումը Փաշինյանի ամենագլխավոր առաքելությունն է։ Ցեղասպանության մասին նրա հայտարարությունը Շվեյցարիայի հայերի հետ հանդիպման ժամանակ ուղղված էին հենց Սփյուռքին։

Երեկ Բելգիայի Հայերի Վեհաժողովը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասվում է. «2020 թվականից հետո ձեր հայտարարությունները, ըստ էության, ասում էին, որ ցեղասպանության հարցը ոչ թե ձեր կառավարության առաջնահերթությունն է, այլ՝ Սփյուռքի: Սակայն զարմանալի է, երբ Դուք ﬕջամտում եք ﬕ հարցի, որը թողել էիք Սփյուռքի հայեցողությանը և հրապարակավ տարածում եք մտքեր, որոնք գնում են թուրք-ադրբեջանական ժխտողական պետությունների ուղղությամբ և, իհարկե, հեռու են որևէ գիտական կամ պատմական փաստարկներից»:

Հիմա Փաշինյանը փորձում է ուղղել թույլ տված «սխալը» եւ Ցեղասպանության հարցը եւս խլել Սփյուռքից, քանի որ այլ կերպ հնարավոր չէ լուծել հայ-թուրքական սահմանի խնդիրը։ Ցեղասպանության հարցը՝ Կարսի պահմանագրի եւ հայ-թուրքական ներկայիս սահմանի ճանաչման գլխավոր խոչընդոտն է։ Եւ դրա հետեւում կանգնած է Սփյուռքը, որի զգալի մասը հակում ունի դեպի Դաշնակցություն։

Հիմա Փաշինյանը փորձում է «հավաքագրել» ոչ դաշնակցական Սփյուռքին եւ համոզել, թե Ցեղասպանության մեղավորը հենց Դաշնակցությունն է, որը գործարքի մեջ էր երիտթուրքերի եւ Ոուսաստանի հետ։

Հոնվարի 31-ի իր հարցազրույցում Փաշինյանը ասել է դրա մասին․ «Մենք իրողությունները դարասկզբին, դարի կեսերին, դարավերջին, էսօր էլ` կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին… մեր իրականության մեջ ընկալվա՞ծ է երիտթուրքերի եւ ՀՅԴ-ի հարաբերությունների հարցը, իսկ կարո՞ղ է պարզվել, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողանում են օգտագործել մեր անկախ ինքնիշխան պետությունն անհնար դարձնելու համար»։

Դաշնակցության եւ այլոց դերի մասին կարելի է երկար խոսել եւ վիճել, սակայն փաստը մնում է փաստ՝ Առաջին հանրապետությունը 1921-ին տապալվել է ռուս-թուրքական օկուպացիայով եւ պայմանագրերով, եւ Հայաստանի ներկայիս սահմանները դրանց արդյունքն են։

Փաշինյանի ընկալմամբ՝ «ինքնիշխան պետության» գոյության համար մեկ գրավական կա՝ ճանաչել Հայաստանի «սովետական» սահմանները, այսինքն՝ ռուս-թուրքական Կարսի ընդլայնված պայմանագիրը։

Այդ նպատակի ճանապարհին բոլոր խոչընդոտները անխնա հեռացվում են՝ Արցախի հարցը, Մինսկի խումբը, Արեւմուտքի, Իրանի միջնորդությունը, հրաժարվում են ռազմական գործողություններից, նույնիսկ թուրքերի դեմ «ատելություն քարոզելու» համար ցուցադրաբար արցախցի են ձերբակալում, հետո բաց թողնում։

Իսկ Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական «Ձմեռ 2025» զորավարժությունները, որոնց մասնակցում են թուրքական 3-րդ բանակի և Ադրբեջանի զինված ուժերի՝ Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Հայաստանը չի առարկում, որ հենց Կարսի պայմանագրով Նախիջեւանում զորք պահելու իրավունք չկա։