Որոշ դեսպանատներ 070 կոդով արցախցիների անձնագրերը չեն ընդունում

Արցախցիներին շենգենյան վիզա չտրամադրելու խնդիրը շարունակում է առկա լինել։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Երեք-չորս ամիս առաջ ես սկսեցի այդ մասին գրեթե ամեն օր ահազանգեր ստանալ։ Դեսպանատների մոտեցումը կբաժանեի երեք մասի՝ դեսպանատներ, որոնք առանց որեւէ խոչընդոտի տրամադրում են շենգենյան վիզա։ Խոսքը, օրինակ, նույն Ֆրանսիայի դեսպանատան մասին է, չի եղել որեւէ դեպք, որ մերժեն ընթացքավորել՝ պատճառաբանելով, որ անձնագիրը 070 կոդով է։ Դեսպանատներ, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում։ Օրինակ՝ գիտենք, որ նույն անձին Գերմանիայի դեսպանատունը մերժել է, չի ընթացքավորել, հետո հրավիրող կողմը դիմել է Գերմանիայի դեսպանատուն, եւ տվյալ անձին նորից կանչել են հարցազրույցի ու տրամադրել են վիզան։ Եվ կան դեսպանատներ, որոնք ընդհանրապես որեւէ ձեւով չեն ընթացքավորում, հետեւաբար նաեւ չեն տրամադրում, եթե անգամ կոնկրետ հրավերն ուղարկվում է դեսպանատուն։ Դրանց շարքում հատուկ կընդգծեի Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի դեսպանատները։

Երեկ, օրինակ, ինձ դիմել էր քաղաքացի, որը Իսպանիա պետք  է գնար եւ դիմել է Մոսկվայում տեղակայված հյուպատոսությանը, որը սպասարկում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այստեղ վիզաների կենտրոնից իրեն պարզաբանել են, որ հյուպատոսի հրահանգով չենք կարող վերցնել ձեր փաստաթղթերը եւ ընթացքավորել։ Այսինքն՝ հիմա կոնկրետ երկրներ չեն ընթացքավորում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նա ամիսներ առաջ դեսպանատների աշխատանքի մասին հրապարակային մտահոգություն էր հայտնել։ Ասաց, որ տեղյակ է՝ հնչեցված ընդհանուր դժգոհությունից հետո դիվանագիտական ներկայացուցչություններում քննարկում եղել է։ «Եվ այն փուլում, երբ հարցը շատ ակտուալ էր, ինձ տեղեկություն էր հասել, որ ամեն դեպքում որոշում է կայացվել, որ ընթացքավորելու են։ Բրյուսելի մեր աղբյուրներից ստացել եմ տեղեկություն, որ այդ հարցը քննարկվել է եւ որոշվել է, որ ամեն դեպքում պետք է ընթացքավորել եւ խտրականություն չդրսեւորել։ Բայց դրանից հետո մենք սկսեցինք նորից տեսնել, որ այդպես չէ, այսինքն՝ իրենք շարունակում են իրենց գործելաոճը»,- հավելեց նա։

Հարցին, որ դեսպանատները կարծես նման գործելաոճ են դրսեւորում նաեւ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, շատ դժվարությամբ են վիզաներ տրամադրում, իր կարծիքով՝ դա ընդհանո՞ւր խնդիր է, թե՞ արցախցիների նկատմամբ միտում կա, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․ «Խնդիրն այն է, որ պետք է տարբերակել վիզային պրոցեսը ընթացքավորելն ու մերժելը չընթացքավորելու հետ։ 070 կոդով անձնագրերով դիմումներն ուղղակի չեն ընդունում, ոչ թե ընդունում ու մերժում են, այլ ուղղակի չեն ընդունում։ Դեսպանատներից ստացված պաշտոնական հիմնավորումները հետեւյալն են ասում՝ քանի որ Հայաստանի կառավարության հայտարարությունների հիման վրա մենք չենք կարող հավաստիանալ, որ 070 կոդով անձնագրերը հավաստում են ՀՀ քաղաքացիության մասին, հետեւաբար մենք չենք կարող ձեր դիմումն ընթացքավորել որպես ՀՀ քաղաքացի»։

Արցախի ՄԻՊ-ը միաժամանակ ասաց, որ ԱՄՆ դեսպանատնից երբեւէ նման հիմնավորում կամ պնդում չեն լսել։ Ինքը եւ այլ արցախցիներ դիմել են ԱՄՆ դեսպանատուն 070 կոդով անձնագրով, դիմումն ընթացքավորվել է եւ ստացել են վիզա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ շենգենյան գոտու բոլոր պետությունները Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի անդամներ են։ Իսկ կոնվենցիայի 28-րդ հոդվածը հստակ ասում է, որ փախստականներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք, եւ կոնվենցիայի անդամ կողմերը պարտավորվում են նրանց անձը հաստատող փաստաթուղթ ընդունել։ «Ես կուզենայի այդ հարցը հիմա ուղղել դեսպանատներին, հյուպատոսներին ու ակնկալել պատասխան։ Լավ, եթե ասում եք, որ 070 կոդով անձնագիրը չի հավաստում ՀՀ քաղաքացիություն կամ ՀՀ իշխանությունների ասածից բխում է, որ չի հավաստում, այլ դրանք ճամփորդական փաստաթուղթ են, ապա ասեք խնդրեմ՝ ինչո՞ւ դրանք չեք դիտարկում որպես իսկական նորմալ ճամփորդական փաստաթուղթ։ Դիտարկելու պարագայում նրանք չեն կարող մերժել, նրանք գոնե որպես ճամփորդական փաստաթուղթ պետք է ընթացքավորեն վիզայի պրոցեսն ու տրամադրեն վիզան»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ եթե ՀՀ ԱԳՆ-ն իրապես շահագրգռված լինի այս հարցը կարգավորել, ապա կարող է կարգավորել։

Ռոզա Հովհաննիսյան

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանի դեմ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել, ըստ որի՝ նա, պարտավոր լինելով իր ծառայողական մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, յուրացրել է։ Խոսքը գնում է  հունիսի սկզբին Արցախի ներկայացուցչության բակից հատուկ ջոկատայինների միջոցով առգրավված «Տոյոտա Քեմրի» մեքենայի մասին, որն Արցախի կառավարությունը ձեռք էր բերել սեփական միջոցներով։ Արցախի ներկայացուցչության բակից, առանց դատարանի որոշման, հունիսի 7-ին մեքենան կապարակնքել էին, ապա օրեր անց հատուկ ջոկատայինների օգնությամբ առգրավել։ Քննչական կոմիտեից պարզաբանել էին, թե առգրավելու որոշումը կապված է տարեսկզբին հարուցված մի քրեական վարույթի հետ՝ «էական նշանակության հանգամանքներ պարզելու համար»: Խոսքը Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի մասին էր։ Փետրվարին նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու, իրացնելու կասկածանքով։ Բայց հետո Դանիելյանն ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, մինչդեռ վարույթը շարունակվում էր։

Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում երեկ ասաց․ «Մեքենան վերադարձնելու համար բողոք եմ գրում դատախազին։ Մինչ այդ, մեքենան առգրաված քննիչը հնարավորինս ձգձգում է փաստաթղթերի տրամադրումը, որ չկարողանամ բողոքը գրել, ի վերջո՝ բողոք եմ գրում դատախազին, վերջինս պատասխանում է, թե բողոքս հիմնավոր է, բայց ինքը չի կարող բավարարել, քանի որ քննիչից մեկ այլ քննիչ այս մեքենան առգրավել է։ Դիմում եմ երկրորդ քննիչին, որ հասկանամ, թե ինչ գործի շրջանակում է առգրավվել։ Փաստաթղթերը տրամադրում է, պարզվում է՝ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ քրեական վարույթի՝ Արցախի Հանրապետության նախկին պաշտոնատար անձը, պարտավոր լինելով մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, կատարել է յուրացում։ Այս հիմքով քրեական վարույթ է նշանակվում։ Քննիչին հարցնում եմ՝ ո՞ր օրենքով է պարտավոր Սամվել Շահրամանյանն Արցախի Հանրապետության թեկուզ մի մեքենա հանձնել ՀՀ կառավարությանը, բայց չի հանձնում, քննիչը չի կարողանում պատասխանել»։

Երիցյանի խոսքով՝ նախաձեռնված քրեական վարույթն իրավաչափ չէ, քանի որ իրավապահները չեն կարող հղում անել այնպիսի օրենքի կետի, որը պարտավորեցնում է Սամվել Շահրամանյանին՝ ՀՀ կառավարությանը հանձնել Արցախի կառավարության ավտոմեքենան։ Բացի այդ, դեռեւս ամիսներ առաջ Սամվել Շահրամանյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է՝ միասին քննարկել ու որոշել այդ մեքենաների ճակատագիրը, սակայն առաջարկը մնացել է անպատասխան։

Ավելին, մենք տեղեկացանք, որ դեռեւս ամիսներ առաջ Արցախի նախագահը 356 ավտոմեքենայի տվյալներ է հանձնել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով միասին քննել դրանց ճակատագիրը, բայց պատասխան այդպես էլ չի ստացել: Փաստորեն, թեման պահել են, որ քրեական գործ հարուցելու առիթ ունենան, ինչ-որ պահի աղմուկով առգրավեն մեքենաները` արդարադատություն իրականացնելու իմիտացիա անելու եւ արցախցիներին հերթական անգամ վարկաբեկելու, կալանավորելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Անօդաչու սարքերը հարձակվել են Կալուգայի օդանավակայանի վրա

Ուկրաինայի հետ սահմանից մինչև օդանավակայան մոտ 400 կմ է։  Միաժամանակ ռուսական լրատվամիջոցները գրում են, որ օդանավակայանի վրա հարձակվել են միանգամից չորս անօդաչու թռչող սարքեր։

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Կալուգայի շրջանի նահանգապետ Շապշան հայտարարել է, որ օդանավակայանի տարածքը ենթարկվել է հարձակման անօդաչու թռչող սարքերի միջոցով, հայտնում է «Ուկրաինա 365» ալիքը։ Միաժամանակ, նրա խոսքերով, հակաօդային պաշտպանության համակարգերը սկսել են աշխատել անօդաչու թռչող սարքերի դեմ արդեն Կալուգայի մատույցներում։ Ըստ երևույթին, նրանք բոլորը ոչնչացվել են։

Միաժամանակ համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես են անօդաչուներից մեկը խփվում ավտոմատ զենքի միջոցով։ Ռուսական հասարակայնությունը պնդում է, որ անօդաչուները որպես թիրախ ընտրել են նախկին Volkswagen գործարանը։ Գերմանական ձեռնարկության՝ այնտեղից հեռանալուց հետո հնարավոր է, որ Կալուգայի իշխանությունները այնտեղ զենք են արտադրում։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ այս գիշեր անօդաչու սարքերը գրոհել են նաև Ղրիմի, Բրյանսկի և Բելգորոդի շրջանները։

Մելանյա Մադոյանը սպասում է որդուն եւ ամուսնուն

Մելանյա Մադոյանը 44-օրյա պատերազմի հետեւանքով կորցրել է որդուն ու ամուսնուն։ Եթե ամուսնու դեպքում կասկածներ ունի, որ ադրբեջանցիները նրան սպանել են, որդու մասին որեւէ տեղեկություն չունի։ Նրա որդին ու ամուսինը համարվում են անհետ կորած։

Մելանյան ամեն օր նստում է Լոռու մարզի Դսեղ գյուղի իրենց տան հարակից տարածքում ու սպասում որդուն՝ Արարատ Սաքանյանին։ «Անընդհատ նստում եմ այնտեղ ու սպասում, որ պետք է վերադառնա։ Մանկության տարիներին որդիս ընկերների հետ խաղում էր այդ տարածքում, նստում եմ ու աչքիս առաջ իրենց խաղն է, անընդհատ սպասում եմ»,- step1.am-ի հետ զրույցում ասում է Մելանյա Մադոյանը։

Օգոստոսի 30-ին նշվում է Անհետ կորածների միջազգային օրը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ Վանաձորում օգոստոսի 29-ին բացվեց «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» լուսանկարների ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացված էր նաեւ Մելանյա Մադոյանի ընտանիքի պատմությունը։

1992 թվականին այս ընտանիքը Մարտակերտից տեղափոխվել էր Լոռու մարզի Դսեղ գյուղ, իսկ 1999 թվականին դարձյալ տեղափոխվել էին Արցախ։ Նրանք ապրում էին Իշխանաձոր գյուղում, Արարատ Սաքանյանը ծառայում էր Արցախի Պաշտպանության բանակում։ Մայրն ասում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին վերջին զանգն է ստացել որդուց։ Դրանից հետո որեւէ տեղեկություն չունեն որդու մասին՝ նրա անունը ո՛չ զոհերի ցուցակում, ո՛չ գերեվարվածների մեջ չեն գտել։ «Մեկն ասել է՝ խփել են, մեկն ասել է՝ կա, մյուսն ասում է՝ չկա, բայց վեց հոգով են եղել, վեցից միայն ինքը չի եկել, կռվել են Ջաբրայիլի հատվածում»,- ասաց նա։

Մելանյա Մադոյանի ամուսինն անհետացել է Իշխանաձորի իրենց տանից։ Երբ գյուղից կանանց ու երեխաներին հանել են, տղամարդիկ մնացել են։ Հետագայում Մելանյան իմացել է, որ իր ամուսինը գյուղում մենակ է մնացել։ «Երեխեքին տարել ենք Գորիս, հետո գնացել ենք, որ իրեն բերենք, չենք գտել։ Հոկտեմբերի 19-ին արդեն Իշխանաձորը գրաված են եղել, բայց ամսի 20-ի գիշերը ամուսինս զանգել է, ասաց՝ մեր հայ տղերքն են, թուրք չկա ըստեղ։ Ես հարցրեցի՝ հաստատ թուրքեր չկա՞ն, ասաց՝ չէ։ Հետո տղերքը մտել են գյուղ, նայել են, իր դիակը չեն գտել։ Բայց ամուսնուս ականջները կտրել են, այդ մասին փաստեր ունենք»,- պատմեց նա։

Մելանյա Մադոյանին պատկան մարմինները ոչ մի տեղեկություն չեն տալիս որդու մասին։ Մայրն ունի լուսանկար ու տեսանյութ, որտեղ պատկերված անձանցից մեկին նմանեցնում է որդուն։ «Լուրերից ենք վերցրել այս տեսանյութը, մենք իրեն նմանեցնում ենք, բայց ադրբեջանցիները չեն հաստատել։ Ոչ մի կառույցից չենք կարողանում տեղեկություն ստանալ, ասում են՝ սպասեք»,- մեզ հետ զրույցում նշեց Մելանյան։

Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ սկսած 1990-ական թվականներից հակամարտության հետեւանքով անհետ կորած է համարվում մոտ 1000 հայ՝ Հայաստանից եւ Ղարաբաղից։ Նրանցից մոտ 300-ն անհետ կորած են համարվում 2020-2023 թվականներին։

Ռոզա Հովհաննիսյան

Դատարանը փոփոխել է արցախցի մարզիկի խափանման միջոցը, նա կկարողանա մասնակցել բռնցքամարտի ԵԱ-ին

Դատարանը փոփոխել է 11-ի գործով արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանի խափանման միջոցը։ Վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները վերացնելով դատարանը թույլատրեց, որպեսզի Մանվել Պետրոսյանը մասնակցի բռնցքամարտի եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Բուլղարիայում։ Հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը․

«Մանվելը շուտով կմեկնի Բուլղարիա և, համոզված եմ, կվերադառնա մեդալով։ Մանվել ջան, քեզ մեծ հաջողություն եմ մաղթում»,- գրել է Բաբայանը։

Արցախի ներկայացուցչության դռները բաց կլինեն սեպտեմբերի 2-ին՝ 12:00-ից 18:00-ը

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները բաց կլինեն սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև 18:00-ն: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Հաշվի առնելով մի խումբ հանրային և քաղաքական գործիչների նախաձեռնությունը, այն է՝ սեպտեմբերի 2-ին այցելել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 2-ին ներկայացուցչության դռները բաց կլինեն ժամը 12:00-ից մինչև 18:00-ն:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են աշխատել ներկայացուցչության շենքի բակում»,-ասվում է հաղորդագրությունում:

Հեծանիվի ցավը՝ ընտրություններ եւ Իսրայել

Այո, իշխանությունները պատրաստվում են ընտրությունների, իշխանության ղեկավարությունը գտել է, որ վերջին ժամանակներս լուրջ բացթողում ունենք քաղաքացիների հետ շփվելու, խնդիրները բարձրացնելու առումով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Անկասկած մեր վարկանիշը առաջվա համեմատ ցածր է, բայց էլի բարձր է բոլորից մի քանի անգամ: Հետեւաբար, երբ լինի ընտրություն, այդ վարկանիշը վերածվելու է ձայների հարաբերակցության»:

Եթե նկատեցիք, վարչապետի կողմից հեծանվավազքը համընկավ Իսրայելում, Պաղեստինում լարվածության խորացմանը. Շատ հնարավոր է, որ այդ քայլը մտածվել է, որպեսզի աշխատանքի ազատ ժամանակամիջոցում զբաղվել ակտիվ սպորտով, որը  կօգնի էներգիայի վերարտադրմանը, օրգանիզմի հանգստացմանը եւ այդ ձեւով վարչապետն աշխատանքի ժամերին ավելի լավ կլծվի այն մարտահրավերների կառավարմանը, որոնք ծագած են Հայաստանի առջեւ եւ կարող են ծագել, ասել է Աղազարյանը:

Հովիկ Աղազարյանի “մանկական” շուրթերով ասվում է ճշմարտությունը։ 

1․ Փաշինյանը ընտրությունների է պատրաստվում, եւ այն կարող է հայտարարվի ցանկացած պահի, երբ նա զգա  սեփական իշխանությունը կորցնելու վտանգը։

2․ Վտանգը կապված է ոչ թե ներքին՝ հայերի ուղեղները հեշտ է լվանալ, այլ արտաքին հանգամանքների հետ՝ Իսրայելի, Ռուսաստանի, Թուրքիայի հնարավոր անկման կամ նոր թռիչքի, ինչը կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։ Փաշինյանը փորձում է մինչ վերջին պահը “կողմնորոշում” ցույց չտալ, որպեսզի ցանկացած արդյունքի դեպքում բռնի հաղթողի կողմը։ Դեռ էներգիա է հավաքում եւ ժամանակ ձգում, թողնելով հիմնական խոստումների կատարումը վերջին՝ որոշիչ առեւտրի համար։ Թեկուզ ապրանքը առեւտրին մասնակցում է միայն պասիվ դիրքում։   

Անհետ կորածների միջազգային օրվան ընդառաջ Վանաձորում բացվեց ցուցահանդես

«Սպասում եմ պատերազմի առաջին օրից ու չեմ դադարի սպասել, որովհետեւ ես կսկսեմ նորից ապրել, երբ իմ կյանքի ամենաթանկը՝ Տիգրանը, իմ հերոս բալեն կվերադառնա տուն»,- սրանք անհետ կորած զինծառայող Տիգրանի մոր՝ Լիանա Արզումանյանի խոսքերն են։ Անհետ կորած 14 զինծառայողների ու կամավորների հարազատները օգոստոսի 29-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բացված «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» լուսանկարների ցուցահանդեսում ներկայացնում են իրենց պատմությունները։

Օգոստոսի 30-ին նշվում է Անհետ կորածների միջազգային օրը, եւ օրվան ընդառաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ Վանաձորում բացված ցուցահանդեսում արտացոլված էին 2020-2023 թվականների պատերազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած անձանց ընտանիքների վերապրած զգացմունքային պահերը, իրենց անհետ կորած հարազատի ճակատագրի առումով ցավալի անորոշությունը։

ԿԽՄԿ հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին տեղեկացրեց, որ սկսած 1990-ական թվականներից հակամարտության հետեւանքով անհետ կորած է համարվում մոտ 1000 հայ՝ Հայաստանից եւ Ղարաբաղից։ Նրանցից մոտ 300-ն անհետ կորած են համարվում 2020-2023 թվականներին։ 2020 թվականի պատերազմի հետեւանքով անհետ կորած մի քանի տասնյակ զինծառայողների ծնողներ չեն ընդունել ԴՆԹ պատասխանները եւ սպասում են իրենց որդիների վերադարձին։ ԴՆԹ արդյունքները չընդունելու պատճառները տարբեր են։ Կան դեպքեր, երբ ծնողները կասկածներ ունեն, որ իրենց որդիները պահվում են ադրբեջանական բանտերում, բայց Ադրբեջանի կողմից պաշտոնական հաստատում չկա։ Հայկական կողմը եւս այս ծնողներին որեւէ հստակ պատասխան չի տալիս։

«Շատ կարեւոր եւ ցավալի հարց է սա հատկապես այն ընտանիքների համար, որոնք սպասում են պատասխանի՝ հաշվի առնելով տվյալներն ու որոշակի փաստերը, որոնք նրանք ունեն իրենց ձեռքի տակ։ Բոլոր ընտանիքներին ճանաչում ենք, կապի մեջ ենք նրանց հետ, սակայն հավաստի կերպով ասել որեւէ բան՝ կապված այդ անձանց հետ, ոչ ոք չի կարող, քանի դեռ չկան պաշտոնական հաստատումներ։ Իսկ մենք տեսակցում ենք միայն այն անձնանց, որոնք գտնվում են անազատության մեջ եւ որոնց անունները հստակ փոխանցվել են մեզ ու հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց Զառա Ամատունին։

Ռոզա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Մեկ տարի առաջ Ստեփանակերտում․ Մասիսում մոծակները ուտում են

Մենք` երկու ղարաբաղցիներով նստած Մասիս քաղաքի փակուղիներից մեկում, քննարկում ենք դիմացի տները: Հետաքրքիր է, ինչո՞ւ են մի տունը մյուսին կպած կառուցել, չէ՞ր կարելի մի քիչ հեռու-հեռու կառուցել իրարից, որպեսզի ամեն մեկն իր բակն ու այգին ունենա, Մասիսի փեշերը գոնե դա թույլ են տալիս, ինչո՞ւ այսպես վարվել, սեղմվել իրար։

Արաքսի ձկների թեմայից անցնում ենք Մասիսի փոշոտ փողոցի տներին: Հիշում եմ, Աղդամի տներն ինչքան էին իրարից հեռու կառուցված, բարձր պարսպված, ջարդած շշերի բեկորներ կային պարիսպների վրա` գողերին խոչընդոտելու համար, ասում եմ ես:

Պարիսպները բարձր էին կառուցում ադրբեջանցիները, որպեսզի հարեւանը չտեսնի հարեւանի կենցաղը: Բեռնատար մեքենան կարող էր մտնել մեկի բակ, թափել բեռը, կողքի տանը չիմանան, թե ինչ է` ավազ, նուռ թե խաղող, պարզաբանում է զրուցակիցս:

Փակուղում, որտեղ նստած ենք, երկու երեխա սահում են տան դիմաց ավազե բլրից, երկու աղջնակ փոքր ու արագ քայլերով անցնում են մեր մոտով: Չգիտեմ նրանցից մեծն ինչ ասաց, բայց փոքրիկն ասաց, որ իր հոր արեւն է վկա… «Ըմ, պապուտ արեւն ա վկա»: Ամեմուր լսում եմ Ղարաբաղի բարբառն:

Մասիսը լի է ղարաբաղցիներով. Հադրութից, Մարտակերտից, ամեն տեղից, իսկ դիմացի տանը ստեփանակերտցի մի ընտանիք էր ապրում, քոչեցին Աբովյան: «Էս մոծակներից կպրծնենք վերջապես», ասում էր այդ ընտանիքի աղջիկը,  պատմում-ծանոթացնում է զրուցակիցս: Իսկ տանտերը, մի հրաշալի կին է, դու միայն տեսնես, թե ինչպես է հոգ տանում իր եղբոր երեխաներին, նոր ավտո է գնել, բայց շատ շոգ տեղ է: « Ի՞նչ գոլորշի է բարձրանում գետնից, երբ անձրեւ է գալիս, իսկեւիսկ Ստեփանակերտի մառախուղը»,- ավելացնում է նա:

Մինչ այստեղ գալը, Լենինանականից դուրս մի տեղ էի ապրում վարձով: Չգիտեմ ինչ ասացին ղարաբաղցիների հասցեին, նյարդերս տեղի տվեց, քացով ջարդեցի փոքրիկ սառնարանի դուռը: Հաջորդ օրը մի աղջիկ է զանգել եւ հետաքրքրվել, թե ինչի՞ կարիք ունեմ՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան… Ես սառնարանն ընտրեցի, չնայած սառնարանում էի ապրում, քանի որ այնտեղ շատ ցուրտ էր: Այդպես, փոխհատուցեցի տանտիրոջ սառնարանն ու եկա այստեղ:

Հայաստանցի մի աղջիկ էր զանգողը, պատմում է ղարաբաղյան առաջին պատերազմի վետերանը, ով շատ հանգիստ բնավորություն ունի. երբ խոսք ես բացում` մի պատմություն էլ նա է պատմում, երբ լռում ես, նա նույնպես լռում ու հայացքը սեւեռում գետնին:

Ահագին ժամանակ է, ինչ այստեղ ենք, խազյայինը կիսել է բաղնիք-զուգարանը, մի կերպ ապրում ենք: Հավի բուն էլի… Ո՛չ դուռ կա, ո՛չ բռնակ: Բարեկամս մաքուր սպիտակեղեն է տվել: Պատկերացնո՞ւմ ես, հասարակ ջուրն էլ ենք գնում: Գառնու ջուր է ինչ-որ, մեծ մեքենայով են բերում` մենք էլ տարաներով գնում ենք: Տուն չկա, բոլորը վարձով տված է: Ասում են հինգերրորդ հարկում մի տուն կա, բայց դատարկ, հարյուրհիսուն է ասում, ես էլ ութանասուն եմ տալիս մեկ սենյակի համար: Գետնի վրա կառուցած տուն է, պայմաններ չկան, բայց ուրիշ տարբերակ էլ չկա:

Հիսուն հազար օգնություն են տալիս, ութանասուն վարձ եմ տալիս: Սա կյանք չէ, հենց այնպես ապրում ենք, բթացած, անզգա, ոչ մի տեղ չեմ հարմարվում, ուր գնում` դիմացս պատ է, պատմում է մի ուրիշ ղարաբաղցի այս փողոցից: Տեսնես ե՞րբ կգնանք: Կգնա՞նք բայց, գուցե մեր թոռները… Բայց ի՞նչ են ասում: Չգիտեմ, նրանց (ադրբեջանցիների) հետ կստացվի՞ ապրել: Դժվար… Ես էլ չգիտեմ, ի՞մ, թե՞ իր հետ խոսում է նա:

Մասիս քաղաքի գլխավոր փողոցում բեռնատարների, ավտոմեքենաների երթը չի դադարում, ես մի կերպ փորձում եմ անցնել փողոցը, տապից պատսպարվելով էլեկտրասյան բարակ ստվերում: Անգամ մեջքով կանգնած ճանաչեցի Հադրութի Տումի գյուղից կնոջը, նա էլ միանգամից որսաց իմ հայացքը եւ շարժվեց դեպի ինձ:

Ստեղ հի՞նչ ըս ընես (այստեղ ի՞նչ ես անում), քրտինքում կորած հարցնում է նա, ով Տումի երկհարկ հսկա մի տուն ուներ: Ով եղել է այդ գյուղում` գիտի, թե ինչ հիասքանչ գյուղ է այն: Կանաչ, կաղնիներ, թթու ջուր ու աղբյուրներ…

Շոգ է, շատ շոգ է այստեղ, մոծակներն էլ ուտում են, քնել չի լինում, զգուշացնում է տումեցի կինն ու համարը փոխանցում ինձ: Մարդ ես, ասեղն ի՞նչ է, կարող է մի ասեղ-թել պետք գա, իրար օգնենք` տեսնենք գլուխներս ինչ է գալիս: Քեզանից մի քիչ ներքեւ ենք, որ զանգես` ես դիմավորելու եմ, ասում է նա:

Իմ արխիվային լուսանկարներում տեսնում եմ, որ անցած տարվա այս օրը Ստեփանակերտում հորդ անձրեւ էր (փորձենք հովանալ): 2023 ամռանն արդեն իրոք տագնապալի էր դրությունը: Հիշում եմ, Ռուբեն Վարդանյանը մեզ, լրագրողներիս հետ փակ հանդիպում էր կազմակերպել Ստեփանակերտում եւ ասել, որ պահեստներում ոչինչ չկա: Թղթերում տոննաներով վառելիք, ալյուր կա, բայց իրականում խոնավ ու դատարկ պահեստներ․․․

Ես միայն երեկ մի բարեկամի ֆեյսբուքյան գրառումից իմացա, որ բլիթները, որ հաջողվում էր գտնել բլոկադայի վերջին օրերին, խոզի կորմից մաղած փոշուց էր: Չնայած մաղած, բայց խոշոր աղի պես լեզվի վրա զգացվում էր «ալյուրը»:

Հացի գիշերային հերթերն ավելի էին խտացել, զգացվում էր, որ սա արդեն իսկապես վերջին պարկերն են, որ մի կերպ ձեռք է բերել փուռը: Շուկայում մի տղա ծխախոտ էր պատրաստում ճռճռան թղթից, սոսնձում կոշիկի սոսնձով ու վաճառում գլանակները երկու-երեք հարյուր դրամով: Հերթը միանգամից սպառում էր վնասակար պրոդուկտը, երիտասարդը Մարտակերտի ակցենտով ասում էր, որ չի հասցնում, որ պետք է հաջորդ առավոտ գալ: Շուկայի դիմաց իրարանցում էր, կին է ուշաթափվել բեռնատար մի մեքենայի մոտ: Մեքենայի տիրոջը թվաց, թե ինչ-որ գյուղից միս էր բերել վաճառելու, կինն էլ հենց այդ հերթում ուշագնաց էր եղել:

Սա այն օրերն էին, երբ ադրբեջանցիները «ցանկանում» էին քառասուն տոննա ալյուր ներկրել Արցախ, միեւնույն ժամանակ ծաղրում, ստում աշխարհին, թե այնտեղ ամեն ինչ կա, ոչ մի խնդիր: Ինչեւէ, Ղարաբաղի հայերը ֆրանսիական բեկոն էին ուզում` հույս ունենալով, որ Փարիզի քաղաքապետին կհաջողվի ճեղքել բլոկադան: Չնայած դա նույնպես չստացվեց, բայց այդ օրը տեղացիները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մերսի ասացին Ֆրանսիային:

Այստեղ, Հայաստանում ասում են՝ հասկանում ենք, դժվար է, բայց ապրել է պետք, ասում են՝ իրենք էլ միլիոնատերեր չեն, իրենց համար էլ դժվար է, ասում են, որ Ղարաբաղում մենք հազար անգամ լավ ենք ապրել իրենցից, ասում են՝ աշխատեք, ժամանակը ամեն ինչ բուժելու է…

Բայց ինչպե՞ս, ո՞վ կարող է հասկանալ մեզ, երբ մենք ինքներս չենք մեզ հասկանում: Սա հիվանդություն է: Հե՞շտ է նայել, թե ինչպես են ադրբեջանցիները քո տան տեղաշորը դուրս շպրտում հինգերորդ հարկից, ջարդում մանկական սայլակներն ու հեծանիվները: Մանուկն ի՞նչ մեղավոր է: Տեսե՞լ եք, Տատիկ-պապիկի մոտ սելֆիներ են անում:

Մի ժամանակ դեմ էին, ասում էին՝ հայկական սիմվոլ չպետք է Եվրոտեսիլում լինի` ի նկատի ունենալով հենց նույն Տատիկ-պապիկ հուշարձանը, հիմա ո՞նց այն ադրբեջանական դարձավ: «Ի՞նչ եկել, հինգ տուն եմ փոխել Հայաստանում, մի գյուղից մյուսը, մի քաղաքից մյուսը, թափառականների պես: Տունը սոսկ չորս պատ չէ, այն ամեն ինչ է… Դա միայն տուն կորցրած մարդը կարող է հասկանալ…»,- նեղված պատմում է տումեցի կնոջ բարեկամը:

Մարութ Վանյան

Կիեւ․ Ուկրաինան վերածվել է Բաքվի պրոտեկտորատի՞

Նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք Բաքվի ՍՈԿԱՐ նավթագազային ընկերության շուրջ Ուկրաինայում բռնկված սկանդալին․ ուկրաինացի բիզնեսմենները, զինվորականները, սոցցանցերի օգտատերերը տարակուսում են, որ Կիեւը չի դադարեցնում ՍՈԿԱՐ-ի հետ համագործակցությունը, որը ստվերային սխեմաներով վաճառում է ռուսական նավթն ու գազը, Մոսկվային օգնելով շրջանցել պատժամիջոցները։

Սկանդալը բռնկվեց այն բանից հետո, երբ Պուտինն այցելեց Բաքու, իսկ ռուսական Գազպրոմը հայտարարեց ՍՈԿԱՐ-ի հետ ռազմավարական համագործակցության մասին։

Նավթի ու գազի ստվերային վաճառքը Մոսկվային հնարավորություն է տալիս շարունակել պատերազմը, սպանել տասնյակ ու հարյուր հազարավոր ուկրաինացիների, ոչնչացնել ուկրաինական քաղաքները։ Բաքուն հարմար գործիք է Մոսկվայի համար՝ կան պատրաստի ենթակառուցվածքներ։ Իր հերթին, Բաքուն չունի անհրաժեշտ ծավալի նավթ ու գազ, սակայն տնտեսական ու քաղաքական խոշոր բոնուսներ է ստանում ռուսների հետ ստվերային համագործակցությունից, նախեւառաջ հայկական ու իրանական ուղղություններով։

Ստվերային այս սխեմաների մասին մանրամասն խոսել է Կրեմլի նախկին քաղտեխնոլոգ Մուրզագուլովը (տես այստեղ https://www.youtube.com/watch?si=ERwoF-dKFBg1450k&v=7iuBLTkl2vA&feature=youtu.be

Ինչպես է այս իրավիճակը մեկնաբանում ուկրաինական մեդիա-քաղաքագիտությունը։ Ուկրաինական առաջատար լրատվամիջոցները եւ մեկնաբանները (Գորդոն, Կովալենկո, Արեստովիչ, Պորտնիկով եւ այլն) արդարացնում են այսպես կոչված ադրբեջանի քաղաքականությունը՝ ընդգծված հակահայ կեղտոտ ֆոնով։ Միաժամանակ, անհանգստություն հայտնում այն կապակցությամբ, որ «Բաքուն տանուլ է տալիս ուկրաինական հասարակական կարծիքը»։

Բացի այդ, ուկրաինական լրատվամիջոցներում վխտում են ազերբայդժանսկի «քաղաքագետներ», այդ թվում՝ իբր Ալիեւին ընդդիմադիր, որոնք բացահայտ խրատական տոնով (նման տոնով սովորաբար խոսում են տխմարների հետ) բացատրում ու արդարացնում են Բաքվի քաղաքականությունը։

Առաջին հայացքից զավեշտալի է թվում․ Կիեւի միջոցներն արդարացնում են Բաքվին, որի միջոցով Մոսկվան վաճառում է իր նավթը եւ շարունակում ֆինանսավորել պատերազմը եւ ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը։ Ուկրաինական միջոցները նույնքան «հանդուրժող» չեն ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինային խոշոր օգնություն հատկացնող այլ երկրների հանդեպ, երբ վերջիններս ինչ- որ բան այնպես չեն անում կամ ասում։ Օրինակ, չեն արդարացնում, որ նրանք էլ իրենց շահերն ունեն։ Ավելին, այսպես կոչված ադրբեջանն արդեն ներկայացվում է որպես ռեգիոնալ գերտերություն, Ալիեւը՝ խոշորագույն գեոստրատեգ, իսկ Պուտինն ահա նրա ոտքերն է ընկել։

Պուտինը Գրոզնի ու Բաքու էր մեկնել առաջիկա կարեւորագույն իրադարձությունների շեմին իր այս երկու հենարանների հետ խնդիրները քննարկելու համար։ Կադիրովի գվարդիան Պուտինի «անձնական հետեւակն» է ներքին հնարավոր ցնցումների պարագային, Բաքուն՝ պատժամիջոցների շրջանցման միջոցը։

Պուտինը Ալիեւին հորդորել է ուժային գործողություններ սկսել Հայաստանի դեմ, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։ Այդ միջանցքը Մոսկվայի համար նավթը ցամաքային ճանապարհով տեղափոխելու միջոց է։ Ուկրաինացի վերոհիշյալ քարոզիչները նույնպես Բաքվին հորդորում են արագ բացել այդ միջանցքը։ Այսինքն՝ որպեսզի ռուսներն ավելի շատ նավթ վաճառեն, գումարներ ստանան եւ շարունակեն պատերազմը։

Սա անմեղսունակությա՞ն, թե Բաքվի կողմից առատ վճարվելու արդյունք է։ Ո՞ւմ շահերն են քարոզում ուկրաինական միջոցները եւ ի՞նչ նպատակով։ Իսկ գուցե անմեղսունակությունն ու Բաքվի նավթադոլարները հաճելին օգտակարի հետ, որը մեկ այլ տեղում եւ թեմայով է, համատեղելու միջո՞ց են, ուկրաինական ժողովրդի ողբերգության եւ ուկրաինական քաղաքների ավերակների վրա։

Ուկրաինական միջոցների թեթեւ ձեռքով Բաքվին փաստացի շնորհվում է ռուս-ուկրաինական ջարդերի մենեջմենթի իրավունքը։

Արամ Եգանյան

Միրզոյանը դեսպաններին տարել է Կիրանց. ինչպես չի կարելի սահմանազատում անել

Արարատ Միրզոյանը երկրի դեսպանների համար կազմակերպել է կարճատև էքսկուրսիա Տավուշի Կիրանց գյուղ, որտեղ պարզ չէ, թե ինչի հիման վրա գծվել է Հայաստանի “սահմանը”։

Այլ երկրներում հավատարմագրված հայ դիվանագետներին Դիլիջանում երկօրյա հավաքից հետո տարել են “սահմանազատման” արդյունքները տեսնելու, որի արդյունքում, ինչպես հայտնի է, գյուղացիները զրկվել են  տներից ու հողատարածքներից։

Միրզոյանը, ըստ ամենայնի, դիվանագետներին պատմել է, թե ինչպես չի կարելի սահմանազատում անել։ Կիրանցում սահմանային հենասյուների տեղադրումը դիվանագիտական ​​դասագրքերում կմնա որպես անօրինական «սահմանազատման» օրինակ՝ հակառակ բոլոր պատկերացնելի նորմերին։

Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է 2027-ին

Սահմանադրական հանրաքվեն նոր պայմանավորվածության արդյունքում նախատեսվում է 2027 թվականին։

«Դա նշանակում է, որ այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն, հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով, ոչ թե հրատապ», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նախարարը հայտնեց, որ վերջին նիստը մոտ 20 օր առաջ է կայացել, հաջորդը սեպտեմբերի 5-ին է նախատեսված։