Առաջարկ. արցախցիները կարող են երկքաղաքացի լինել

Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանն առաջարկում է, որ արցախցիները կարող են երկկաղաքացի լինել՝ ունենալով եւ ՀՀ, եւ Արցախի քաղաքացիություն։

«Երբ Արցախի քաղաքացիության հարցը երկու երկրների քաղաքացիության մասին օրենքներից դուրս է մնում, կարծում եմ՝ սա շատ ավելի շահեկան իրավիճակ է հենց արցախցիներիս համար, նախ ինքնորոշման իրավունքի կոնտեքստում»,- երեկ ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց նա։

Սրբուհի Արզումանյանը հավելեց, որ քաղաքացիության հարցը, իր կարծիքով, հետեւյալ լուծումն ունի․ «Մենք Արցախի Հանրապետությունում ունենք քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին օրենք, որում շատ կարեւոր երկքաղաքացիության մասին դրույթ կա ամրագրված։ Ինչ-որ ձեւաչափով դա քննարկման թեմա կարող է լինել՝ ՀՀ քաղաքացիություն ընդունելու պարագայում Արցախի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտը չի վերանում, Արցախի Հանրապետության՝ որպես պետության գոյությունը մնում է իրավական առումով ճիշտ, վերադարձի իրավունքը՝ դրանից բխող։ Մենք խնդիր ունենք անցած այս ամբողջ ուղին լեգիտիմացված ու համակարգված ներկայացնելու։ Լուծումը կարող է մեկը լինի՝ ՀՀ լիարժեք քաղաքացիության ինստիտուտի կիրառումն ապահովելու համար 070 կոդի ներքո գտնվող քաղաքացիներին համարել ՀՀ քաղաքացի այդ թվում, այսինքն՝ Արցախի Հանրապետության քաղաքացիությունը մնալով։ Դրա բոլոր իրավական հետեւանքները նորմալ կլինեն՝ եւ դատարանների հետ կապված, եւ զինծառայության հետ կապված»։

Ինչից են զրկվում արցախցիները՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելով

Իրավաբան Սիրանուշ Սահակյան․ “ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք չեն զրկվում գույքային իրավունքներից, վերադառնալու, իրենց գույքը տիրապետելու իրավունքը պահպանելու է, եւ այստեղ մենք շարունակական իրավունքի խախտման հետ գործ ունենք, ինչը նշանակում է, որ վաղեմության ժամկետներն այլ կանոններով են գործում։ Բայց քաղաքացիության ձեռք բերումը նշանակում է, որ նրանք կորցնում են փախստականի կարգավիճակը, եւ եթե վերադառնան Արցախ որպես ՀՀ քաղաքացիներ, հասկանալի է, որ քաղաքական իրավունքների կրող չեն կարող լինել։ Իսկ ինքնորոշման իրավունքը պահանջում է, որ այն իրացվի բնիկ, այլ ոչ թե օտարերկրյա ժողովրդի կողմից։ Այս առումով եթե ՀՀ քաղաքացիները վերադառնանան Արցախ, պետք է գիտակցեն, որ նրանք ինքնորոշման իրավունքի կոլեկտիվ իրացման մասնիկներ չեն եւ բացառապես օգտվելու են իրենց քաղաքացիական իրավունքներից, ինչպիսին է, օրինակ, սեփականության իրավունքը”։

Հարցին, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում արցախցիները կզրկվե՞ն վերադարձի իրավունքից, ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը պատասխանեց այլ կերպ․ «Քաղաքացիության ձեռքբերումն արդյոք որեւէ կերպ անդրադառնո՞ւմ է վերադարձի իրավունքի վրա՝ ես հակված եմ այն մտքին, որ, ոչ, որեւէ կերպ չի անդրադառնում։ Նաեւ գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճիռը, որտեղ դրա մասին խոսվում է»։

Ամեն ինչ պարզ է․ ՀՀ կառավարությունը միանգամից չի ճանաչել արցախցիներին որպես ՀՀ քաղաքացիներ, աջակցությունից զրկելու սպառնալիքի տակ ստիպելով փախստականի կարգավիճակ ստանալ եւ «քաղաքացիություն չունենալու» մասին թուղթ ստորագրել։ Հիմա, երբ արցախցիները իրենք են ստորագրել, որ «որեւէ երկրի քաղաքացի չեն», կարելի է արդեն «ինտեգրել» կարգավիճակ չունեցող անձանց՝ հիմա էլ բնակապահովման ծրագրին չմասնակցելու սպառնալիքի տակ։

Մեկ տարի առաջ ցեղասպանությունից եւ տարհանումից փրկված եւ Հայաստանում ապաստանած արցախցիները ամենաքիչը Հայաստանի կառավարությունից էին սպասում իրավական խարդախություն։ Բայց պարզվեց, որ իզուր։

Հայաստան հիմնադրամը $15 մլն․ հավաքել․ ծրագրերի շարքում՝ բնակելի ավաններ արցախցիների և զինհաշմանդամների համար

Նոյեմբերի 28-ին կայացել է Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որը հավաքել է 15 135 000 դոլար։

Հիշեցնենք, որ այս տարվա  ծրագրերի շարքում է՝ բնակելի ավաններ արցախցիների և զինհաշմանդամների համար։

Հատուկ կենտրոն եւ 8 առանձնատներ կկառուցվեն Բալահովիտում զիհաշմանդամների համար։

Գյումրիյում կկառուցվի 7 երկհարկ շենք 14 արցախցի գորգագործների ընտանիքների համար, նաեւ Գորգագործական կենտրոն։

Թուրքամետ ուժերը մտան Հալեպ, հայկական առաքելությունը լքեց քաղաքը

Սիրիայում թուրքամետ ուժերը վերահսկողության տակ են վերցրել մի քանի շրջաններ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Հալեպում, հայտնում է բրիտանական մոնիթորինգային խումբը:

Սիրիական իշխանությունները շաբաթ օրը փակել են Հալեպի օդանավակայանը, ինչպես նաև քաղաք տանող բոլոր ճանապարհները, Reuters-ին հայտնել են երեք ռազմական աղբյուրներ, մինչդեռ նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբները հայտնել են, որ հասել են Հալեպի կենտրոն:

Նրանք քաղաք են վերադառնում 2016 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Ասադը և նրա դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, հետ գրավեցին Հալեպը, իսկ ապստամբները համաձայնեցին նահանջել ամիսներ շարունակ ռմբակոծություններից և պաշարումից հետո:

2020 թվականին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել հրադադարի մասին՝ դադարեցնելու Իդլիբը վերադարձնելու Սիրիայի կառավարության փորձերը: Սա հանգեցրեց ռազմական գործողությունների երկարատև դադարեցման: Ապստամբների հարձակումը ամենախոշոր հարձակումն է 2020 թվականի մարտից ի վեր, երբ Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվեցին հակամարտությունը թուլացնել, նշում է Reuters-ը։

Իսրայելը եւս ուժեղացրել է իր ավիահարվածները Սիրիայի ներսում Իրանի, Հեզբոլլահի և Թեհրանի կողմից աջակցվող այլ խմբավորումների հետ կապված թիրախների վրա:

Սիրիայի Հալեպում առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ողջ անձնակազմը նոյեմբերի 29-ի երեկոյան ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով տեղում ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։

Հայաստանի մասնագիտական խումբն իր առաքելությունը Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքում իրականացնում է 2019 թվականից։

 

Պուտինն ու Լավրովը պատրաստվում են Հայկական պետության վերացմանը

Ռուսաստանը, աշխարհի նոր բաժանման նախապատրաստման ֆոնին, փորձում է Հայաստանը ներկայացնել որպես իր կայսերական սեփականություն. Լավրովը բացահայտորեն հիշում է Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը՝ ասելով, որ մենք գրավել ենք Հայաստանը Իրանի հետ պատերազմում, օդիոզ պատգամավոր Պյոտր Տոլստոյը կրկին հայտարարում է, որ «առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի»։ Լավրովի տեղակալ Գալուզինը իր հերթին պնդում է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել ապահովել Հայաստանի “ռազմաքաղաքական անվտանգությունը”։

Այս ամենը հիշեցնում է ռուսական կայսրության փլուզումից հետո 30-ամյա ֆարսի ավարտը։ Հատկապես Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, որը շուտով «կցվելու» է Աբխազիային, և Պուտինի՝ Ղազախստան կատարած «հայրապետական» այցի ֆոնին։

Հենց Ղազախստանում Պուտինն ասաց, որ ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պայքարել Ղարաբաղի համար, մանավանդ որ «Հայաստանն ինքը չի ճանաչել այն»։ Միաժամանակ Պուտինը չի ասում, թե ինչ էին անում ռուսական զորքերը Արցախում 2020 թվականի նոյեմբերից։

«Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո բոլորը կարծում էին, որ այնտեղ կարգուկանոն է լինելու։ Եվ հետո հանկարծ ադրբեջանական կողմը գրավում է Լաչինը և ստեղծում Լենինգրադի շրջափակումը։ Ո՞ւր էր նայում բրիգադը (խաղաղապահները – խմբ.): Ժողովուրդների նկատմամբ նման  անհարգալից գործողությունները բերում են պատերազմների»,- Մոսկվայում կայացած քննարկումների ժամանակ նշել է գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Հենց «խաղաղապահներն» ապահովեցին շրջափակումը, իսկ հետո Արցախի ​​օկուպացիան և արցախցիների տեղահանությունը։ Այժմ Մոսկվան ակտիվորեն պատրաստվում է Հայաստանի վերացմանը՝ հենվելով «արևմտամետ» իշխանության և ռուսամետ «ընդդիմության» վրա։

Այս ամենը չակերտների մեջ է, քանի որ Մոսկվան չի թաքցնում, որ խորհրդային հանրապետությունների «անկախության» վերջին 30 տարիները հորինված էին, որ ռուս սահմանապահները մինչ օրս պահպանում են Հայաստանի սահմանները Իրանի և Թուրքիայի հետ՝ որպես «ԽՍՀՄ արտաքին սահմաններ»։

«Մեծ վերաբաժանումը» թեւակոխում է վճռական փուլ, և Մոսկվան այս անգամ նույնիսկ մարտի 1 կամ հոկտեմբերի 27 կազմակերպելու կարիք չի ունենա։ Հայաստանը վաղուց ծածկված է գործակալների խիտ ցանցով, որոնք ամեն ինչ իրենք են անում։

«Արցախի օրենսդրական համակարգում ՀՀ-ն որպես օտարերկրյա պետություն չէր դիտարկվում»․ Ռոման Երիցյանը

«Դուք ասում եք, որ Արցախն իր օրենքներով Հայաստանը նույնպես դիտարկում էր որպես օտարերկրա պետություն, ես մի մեջբերում անեմ․ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը 2023 թվականի մայիսի 31-ի որոշմամբ արձանագրում է, որ 01․12․1989 թվականին Հայկական ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը եւ ԼՂ Ազգային խորհուրդն ընդունել են Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ վերամիավորման մասին համատեղ որոշումը, որի 3-րդ կետի 2-րդ նախադասությամբ ամրագրված է, որ ԼՂ բնակչության վրա տարածվում են ՀԽՍՀ քաղաքացիության իրավունքները, ինչից էլ բխում է, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եզրույթներն ըստ էության նույնական են։

Հետեւաբար, ըստ Գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության համար չի կարող ընկալվել որպես օտարերկրյա պետություն, իսկ Հայաստանի քաղաքացիները՝ որպես օտարերկրյա քաղաքացիներ։ Սրանով ես ցանկանում եմ ուղղակի նկատել, որ Արցախի Հանրապետության օրենսդրական համակարգում ՀՀ-ն որպես օտարերկրյա պետություն չէր դիտարկվում»,- Ազգային ժողովում արցախցիների քաղաքացիության վերաբերյալ քննարկման ժամանակ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին դիմեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Արմեն Ղազարյանը նշեց․ «Վերամիավորման մասին որոշմամբ ՀԽՍՀ քաղաքացիությունը կտարածվեր ԼՂ բնակչության վրա, եթե չլինեին հաջորդական իրադարձությունները։ Վերամիավորման մասին որոշումից հետո տեղի են ունեցել մի քանի իրադարձություններ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախություն, օրինակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել է անկախություն, օրինակ, Հայաստանի Հանրապետության հռչակած անկախությունն ամրագրվել է սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, որին չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Հիմա, որ ԼՂ Գերագույն դատարանը նման որոշում է կայացրել, դրանից չի բխում այն հանգամանքը, որ չեն եղել նշածս իրադարձությունները։ Այսինքն՝ դե ֆակտո այդ որոշման այդ կետը երբեւէ չի գործել»։

Արմեն Ղազարյան․ «Նրանք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են, որը թեկուզ չճանաչված, բայց պետական միավորում էր»

ՀՀ քաղաքացիության մասին օրենքն ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակչության վրա, նրանց վրա չի տարածվել նաեւ Ադրբեջանի քաղաքացիության մասին օրենքը։ Այս մասին Ազգային ժողովում արցախցիների քաղաքացիության հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

«Հարց է առաջանում՝ ո՞ր երկրի քաղաքացիներ են Լեռնային Ղարաբաղի բնակիչները, եթե քաղաքացիության մասին երկու օրենքներն էլ չեն տարածվել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա։ Հարցի պատասխանը մեկն է՝ նրանք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են, որը թեկուզ եղել է չճանաչված պետություն, բայց եղել է պետական միավորում»,- ասաց նա»:

Անդրադառնալով արցախցիների այն մտահոգությանը, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում իրենք կզրկվեն վերադարձի իրավունքից, Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Քաղաքացիության ձեռքբերումն արդյոք որեւէ կերպ անդրադառնո՞ւմ է վերադարձի իրավունքի վրա՝ ես հակված եմ այն մտքին, որ, ոչ, որեւէ կերպ չի անդրադառնում։ Նաեւ գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճիռը, որտեղ դրա մասին խոսվում է»։

Ըստ նրա՝ ՀՀ կառավարության՝ արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տարամադրման մասին 2023 թվականի որոշմամբ հստակ արձանագրվում է, որ ԼՂ բնակչության նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ բռնի տեղահանությունը կոլեկտիվ հանցագործություն է։

«Հայաստանը դա ֆիքսել է եւ օգտագործել է նաեւ կոլեկտիվ պաշտպանության գործիք՝ ժամակավոր պաշտպանությունը կոլեկտիվ պաշտպանության գործիք է, այն կիրառվել է նաեւ մի շարք այլ երկրներում, վերջերս կիրառվել է նաեւ ԵՄ կողմից՝ Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով Եվրոպական միությունում հայտնված Ուկրաինայի քաղաքացիների հանդեպ։ Եթե մենք դիտարկենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք միմիայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ապա Հայաստանի Հանրապետությունը չէր կարող նրանց ճանաչել փախստական։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը որեւէ կերպ չպետք է խառնել վերադարձի իրավունքի արգելքի կամ վերադարձի իրավունքի հանդեպ որեւէ խոչընդոտի հետ։ Խոսքն այն մասին է, որ եթե անձի կյանքին վտանգ է սպառնում, ընդունող երկիրը որեւէ կերպ չի առաջացնի այնպիսի իրավիճակ, որ անձը վերադառնա այն տարածք, որտեղ նրա կյանքին վտանգ կարող է սպառնալ»,- հավելեց Արմեն Ղազարյանը։

Ռուսաստանը Իրանից է գրավել Արևելյան Հայաստանը․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում «Ռուսաստան-Հայաստան» II հանրային ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձում հիշեցրել է “երկու ժողովուրդների համար ընդհանուր պատմական տարեթվերը”՝ Հաղթանակի 80-ամյակը և Թուրքմանչայի խաղաղության պայմանագրի 200-ամյակը։ Ռուս նախարարի ուղերձը ընթերցել է նրա տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Հիշեցնենք, որ Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Պարսկաստանի հետ պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո (1826-1828 թթ.): Թուրքմանչայի պայմանագրով Արևելյան Հայաստանի տարածքները՝ Էրիվանի և Նախիջևանի խանությունները, հանձնվեցին Ռուսաստանին։ Պայմանագրով հաստատվեցին նաև Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները 1813 թվականի Գյուլիստանի հաշտության պայմանագրով (այս պայմանագրով Պարսկաստանը ճանաչեց Դաղստանի, ներկայիս Վրաստանի տարածքների, Արևելյան Հայաստանի կեսի, Բաքվի, Ղարաբաղի, Գյանջայի, Շիրվանի, Շեքիի, Դերբենտի, Կուբայի և Թալիշի խանությունների անցումը Ռուսաստանին):

Պատահական չէր, որ Լավրովը հիշեց Թուրքմենչայի պայմանագիրը. Մոսկվայի և Թեհրանի միջև մեծ տարաձայնությունների ֆոնին սիրիական և լիբանանյան ճակատներում, որտեղ Ռուսաստանը հերթական անգամ «գցեց» Իրանին հօգուտ Թուրքիայի և Իսրայելի, Մոսկվան հիշեցնում է, որ գրավել է Արևելյան Հայաստանը Իրանից, և Թեհրանը այստեղ ոչինչ չունի փնտրելու։

Դա նաեւ հիշեցում է Հայաստանին, որ պայմանագիրն անժամկետ է, եւ անկախությունն ու մնացած բաները՝ ուղղակի մանկական խաղեր են։

Որովհետեւ սկզբունքը փոխվել է․ ազգային գաղափարախոսությունն փոխվել է ապազգային գաղափարախոսության

«Այս խառնիճաղանջը դուք եք ստեղծել, ձեր որոշմամբ է ստեղծվել։ Հիմա այս խառնիճաղանջի միջից ուզում եք դուրս գալ, ինքներդ էլ չեք իմանում ինչպես դուրս գալ։ Եվ շահառուներին գցել եք նույն խառնիճաղանջ իրավական ոլորապտույտի ու անպտուղ քննարկումների մեջ»,- Ազգային ժողովում արցախցիների քաղաքացիության հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս նորմալ գործընթաց էր՝ թե քաղաքացիության, թե գույքի, թե ընտրությունների հարցերը կարգավորվում են սահուն։

«Ես ինքս հանդիսացել եմ ՀՀ քաղաքացի, բայց քվեարկել եմ Արցախում՝ հաշվառման սկզբունքով։ Այսինքն՝ հակառակն էլ է եղել»,- ասաց նա։

Ըստ Պուլուզյանի՝ այս իրավիճակն է ստեղծվել, որովհետեւ սկզբունքը փոխվել է․ ազգային գաղափարախոսությունն իշխանությունների կողմից փոխվել է ապազգային գաղափարախոսության։ «Երբ որ ապազգային լինի գաղափարախոսությունը, անձնագիրն էլ ես ուրանալու, քաղաքացիությունն էլ ես ուրանալու։ Իրականությունը սա է, ինչքան ուզում եք իրավական նորմեր բերեք, դա չի արդարացնելու այն, ինչ տեղի է ունեցել»։

Նրանց համար, ովքեր ասում են, թե արցախցիներն ուրախ էին լքել Արցախը, որ հաստատվեն մայրաքաղաքում

Հայաստանում գրանցված է 101848 տեղահանված անձ Արցախից։ Մարզերում բնակվում է 72626 տեղահանված, մնացածը՝ Երևանում։

Տեղեկատվություն նրանց համար է, ովքեր ակտիվորեն լուրեր են տարածում, թե արցախցիների մեծ մասը նախընտրում է ապրել մայրաքաղաքում և նույնիսկ ուրախ է, որ կարողացել է դուրս գալ «գավառից»։ Այո, այս նարատիվը նույնպես տարածվում է։

Հավաքը նախատեսված ձեւաչափով չի կայանա։ Կառավարությունը համաձայն է փոփոխությունների

Լիաննա Պետրոսյանը գրում է․ 
Ինչպես տեղեկացրել էի՝ այսօր տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ Նարեկ Մակարյանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ, որը նույնպես տեւեց 2 ժամ։
Հանդիպմանը շարունակել ենք քննարկումը տեղահանվածների համար առաջնային սոցիալական խնդիրների և դրանց լուծմանը հասնելու հնարավոր տարբերակների շուրջ։
Իմ կողմից ներկայացվել են՝
Բնակապահովման ծրագրի շրջանակում՝
1. Բազային գումարի վերանայում, այդ թվում՝ հաշվարկների հիմքում դնելով անշարժ գույքի շուկայի գները, ոչ՝ կատարված գործարքների չափերը:
2. Քաղաքացիությունը չդիտարկել որպես պարտադիր պայման Ծրագրին դիմելու պահին։
3. Լրացուցիչ վարկ ձևակերպելու պարագայում նախատեսել որոշակի արտոնություններ՝ կանխավճարի հետ կապված, ինչպես նաև հաշվի չառնել վատ վարկային պատմությունը։
4. Անհատական բնակելի տան կառուցման դեպքում սահմանել որոշակի արտոնություններ, ինչպես, օրինակ՝ հողամասի առավելագույն չափի վերանայում, հրապարակվածից բացի այլ՝ լիցենզավորված նախագծերի ներկայացում։
5. Հնարավորություն տալ զոհված և կերակրողին կորցրած անձանց ընտանիքներին՝ օգտվելու առավելագույն գումարի սահմանաչափից՝ անկախ բնակավայրի ընտրությունից։
6. Մինչև չորս անձից բաղկացած ընտանիքների համար նախատեսել հատուկ պայմաններ։
7. Հստակեցնել սոցիալական բնակարանների տրամադրման կարգը և ժամկետները։
8. 2022 և 2024թթ հավաստագրի շահառու, բայց մեկ ընտանիք համարվող անձանց հնարավորություն տալ միավորել հավաստագրերը։
9. ՀՀ-ում անշարժ գույք ունեցող շահառուներին՝ այլ ընտանիք համարվելու կամ դիմելու օրվա դրությամբ տվյալ բնակարանի իր մասնաբաժնից օբյեկտիվ պատճառներով հրաժարվելու դեպքում տեղահանվածին համարել Բնակապահովման ծրագրի շահառու։
10. Բանկերը չեն համագործակցում 2024թ ծրագրի շրջանակում։
Սոցիալական աջակցությունների շարունակականություն՝
1. Գործող ծրագրի շարունակականություն՝ մինչեւ յուրաքանչյուրին սեփական տներով ապահովելը։
2. 2025թ ապրիլից աջակցությունը տրամադրել սեփականություն չունեցող բոլոր ընտանիքներին՝ առանց խոցելիության ու տարբերակումների՝ հավասարաչափ:
3. Խոցելի խմբերի տարբերակում իրականացնել 2026 թ հունվարի 1-ից՝ պահպանելով 50 հազար ՀՀ դրամը՝ որպես խոցելի խումբ համարելով նաև 55+ տարիքի անձանց՝ անկախ սեռից, 3-րդ խմբի հաշմանդամներին, հաշմանդամի խնամակալին, ինչպես նաև սահմանել հատուկ ամսական 50 հազ բնակվարձի աջակցություն այն ընտանիքներին, որտեղ չեն լինի խոցելի խմբի անդամ հանդիսացող շահառուներ։
Իրատեսական զբաղվածության ծրագրեր՝
1. Արտոնություններ ու լրացուցիչ բանկային երաշխիքներ սահմանել ՓՄՁ-ների համար։
2. Գործիքային կամ նախնական գումարային աջակցություն ստարտափերին և նախաձեռնություններին։
3. Զբաղվածության ծրագրերում տարբերակում չդնել 2020 և 2023 թվականներին տեղահանված անձանց միջև:
Երկօրյա քննարկումների արդյունքում՝
Կառավարության կողմից առաջարկվում է՝
⬇️Բնակապահովման ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Մեկ անձին տրամադրվող գումարի չափի վերանայում՝ ըստ որոշ բնակավայրերի։
2. Դիմելու պահի դրությամբ քաղաքացիության պահանջի բացառում. Քաղաքացիության պահանջը կծագի սերտիֆիկատն իրացնելու պահից։
3. Արտոնյալ պայմաններ կառուցապատման դեպքում։
4. Հողամասի ձեռքբերման սահմանաչափի վերանայում. գործող նվազագույն 400 քմ-ի փոխարեն հողամասի և կառուցվելիք տան քմ-ների հարաբերակցության գործակցի սահմանում (նախնական՝ 60 տոկոս)։
5. Տրամադրվող գումարից 2 մլն-ի փոխարեն մինչեւ 4 մլն-ի հնարավորություն՝ հողի ձեռքբերման համար։
6. Անհատական բնակելի տան կառուցման համար այլ՝ լիցենզավորված նախագծերի ներկայացում։
7. Լրացուցիչ վարկավորման անհրաժեշտության դեպքում նվազագույն 50 տոկոսի պարտադիր պայմանի չեղարկում։
8. Տրամադրվող աջակցությունից 10 տոկոսը որպես կանխավճար օգտագործելու հնարավորություն։
9. Յուրաքանչյուր անձի հաշվով նվազագույն 12 քմ չեղարկում մինչեւ 9քմ, շեղում՝ մինչեւ 3 քմ-ի հնարավորությամբ։
10. Սոցիալական բնակարանների ծրագրի ներդրում։
11. 2022 և 2024 թթ հավաստագրերի միացման կամ միայն 2024 թ հավաստագրերում ընդգրկման հնարավորություն։
12. Կերակրողին կորցրածի, զոհվածի ընտանիքներն տրամադրվող աջակցության չափի, ինչպես նաև բոլոր դեպքերով անհատական բացառությունների քննարկում։
⬇️Սոց.աջակցության շարունակականություն այս պահին չի դիտարկվում։
Սակայն, եթե ապրիլից նոր ծրագրի ներդրումով կլինեն մարդիկ եւ ընտանիքներ, որ կհայտնվեն սոցիալական ծանր վիճակում, բոլոր դեպքերով կարվի ուսումնասիրություն և կտրվեն լրացուցիչ լուծումներ։
⬇️Նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում, որի շրջանակում կիրականացվեն անհատական դեպքերի ուսումնասիրություններ։ Այս համատեքստում հնարավոր է օբյեկտիվ պատճառներով Օպերատիվ շտաբի տվյալների և 100 հազ ծրագրի շահառու չհանդիսացած անձանց տվյալների վերանայում և նրանց ընդգրկումը աջակցության ծրագրերում։
➡️Զբաղվածության ծրագրերի հետ կապված նախատեսվում են որոշակի փոփոխություններ՝ կապված ՓՄՁ-ներին տրամադրվող արտոնությունների հետ։
‼️Բնականաբար, մեր կողմից այս առաջարկները բավականաչափ ընդունելի չեն, բայց Կառավարության ներկայացուցիչները նշեցին, որ քննարկումները բաց են և շարունակելի։
Միաժամանակ՝ ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ բոլոր այն հարցերը և առաջարկությունները, որ կլինեն հիմնավորված, և տեղահանվածների հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպությունների կողմից կներկայացվեն Կառավարությանը, դրանց շուրջ հնարավոր է նախատեսել լայն քննարկում։
Հարգելի’ հայրենակիցներ,
Այն հարցերը, որ պիտի բարձրացվեին նախատեսվող հավաքի ժամանակ, և պատասխանները, որ ակնկալում էինք ստանալ ՀՀ Կառավարության պատասխանատուներից, արդեն իսկ քննարկման առարկա են դառնում, ինչպես նաև նկատվում է որոշակի տեղաշարժ։
Այդիսկ պատճառով՝
հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան նախնական փոփոխություններ, և ակնկալվող աշխատանքների արդյունքում սպասվում են լրացուցիչ փոփոխություններ,
Ինչպես նաև հաշվի առնելով մեր հայրենակիցների սոցիալական վիճակը՝ վաղվա հավաքը նախատեսված ձեւաչափով չի կայանա,
և գործընթացները տեղափոխվում են լայն հանրային քննարկման դաշտ։
❗️Եթե նախատեսվող քննարկումները վերջնական իրատեսական արդյունքներ չունենան, Արցախից տեղահանված անձանց հարցերով զբաղվող բոլոր անձանց եւ միավորումների հետ՝ համատեղ ուժերով կկազմակերպվի հանրահավաք։
Վերը նշված աշխատանքների իրականացման համար բոլոր շահագրգիռ կողմերն ունեն ողջամիտ ժամանակ։

Օսիպյան․ Պետք է մի կողմ թողենք բամբասանքները, որպեսզի կարողանանք ինքնակազմակերպվենք

Artur Osipyan-ը գրում է․

“Արցախցիների պրոբլեմը ՀՀ իշխանություններն են,
Արցախցիների պրոբլեմը ՀՀ ընդդիմությունն է,
Արցախցիների պրոբլեմը Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն են,
Արցախցիների պրոբլեմը Ռուսաստանն է, Ադրբեջանը և Թուրքիան։
Բայց սրանք բոլորը հաղթահարելի խնդիրներ են, եթե մենք ինքներս մեզ չխոչընդոտենք։
Ես հաճախ եմ հարցնում, թե ինչու՞ ենք մենք այսպիսի քաղաքական պասիվություն դրսևորում և միշտ ստանում նույն պատասխանը՝ չավարտվող բանբասանքներ, որ ամեն մի քաղաքական նախաձեռնությանը և նախաձեռնող խմբի կամ անձի հետևից անդադար կեղծ խոսակցություններ են տարածվում։
Նման կեղծիքները շրջանառության մեջ են դրվում վերը թվարկված թշնամիների կողմից, որպեսզի տարանջատեն մեզ իրարից։ Մի տրվեք նման լուրերին, մի կրկնեք նրանց թեզերը, մինչև հստակ չեք համոզվել լուրի իսկությանը։
Հարգելի արցախցիներ, մենք պետք է մի կողմ թողենք բամբասանքները, որպեսզի կարողանանք ինքնակազմակերպվենք, որպեսզի ինքներս չխանգարենք նրանց, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն օգնել ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին։
ՔՊ-ականներից այլ փրկում չկա․  կամ մենք համախմբվում ենք Արցախի խնդրի շուրջ, կամ գնալով վիճակն էլ ավելի կծանրանա, և մեզ երկար ժամանակ չի մնա՝ լուծելու մեր հարցերը, որպեսզի չհայտնվենք փողոցներում։