Տանան նիգյարան Անուշը

Հայաստանի ռադիոդպրոցներից մեկի դասերի մասնակից Անուշ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ դասախոսը փորձում էր համոզել տեքստը կարդալ ժպիտով, ոգևորվածությամբ, քանի որ մյուս կողմում ռադիոունկնդիրը զգում է, թե դեմքի ինչ արտահայտությամբ է խոսվում։ Բայց Շուշիից, այնուհետև Ստեփանակերտից տեղահանված Անուշը բացատրում էր՝ ես չեմ կարողանում ժպտալ։ Չժպտացող աղջիկը, արդեն գտնվելով Հայաստանում, ձեռքերը ծալած չի նստել։ Ցավը խեղդելով նոր ուղղություններով առաջ շարժվեց, արահետներով, որոնք իրեն անծանոթ են։ Մասնագիտությամբ լինելով օտար լեզուների մասնագետ, հիմա նա բացահայտում է լրագրության գաղտնիքներն ու ծանոթանում նրբերանգներին։

Լրագրությունն օգնեց ուշքի գալ

Դեռ Արցախում՝ մինչև շրջափակումը, սկսեցի հաճախել ՀՀ հանրային հեռուստաընկերության կազմակերպած մեդիաակադեմիայի դասերին։ Շրջափակման ժամանակ սկսեցի հաճախել HubArtsakh-ի և Մեդիա+ համատեղ ծրագրին։ Ու այդ շրջանում գրեցի իմ առաջին նյութը, դա սեպտեմբերի 7-ն էր։ Այդ նյութը, որը շրջափակման օրերին արցախցիներին օնլայն օգնող բժիշկների մասին էր,  տեղադրվեց «Առավոտ»-ում։ Ես շատ էի ուրախացել, քանի որ մասնագիտությամբ լրագրող չեմ և դա իմ առաջին փորձն էր։ Ես օտար լեզուների մասնագետ եմ, բայց միշտ սիրել եմ լրագրության ոլորտը։ Դրանից հետո այլևս չհասցրի Արցախում այդ ուղղությամբ աշխատել։ Միայն ափսոսում եմ, որ շատ նկարներ ու վիդեոներ չեմ արել այնտեղից։

Հայաստանում արդեն լրագրությամբ զբաղվելն ամենաշատն օգնեց ուշքի գալ։ Իմ ֆեյսբուքյան մի գրառումը, որտեղ ես ներկայացրել էի 2020-ի և 2023-ի տարհանումները, բավականին մեծ արձագանք գտավ։ Այդ գրառումը որպես նյութ  տեղադրեց Civilnet-ը։ Այն նաև անգլերեն թարգմանեցի, և տեղադրվեց ամերիկյան մի կայքում ևս։ Հիմա արդեն Մեդիանախաձեռնությունների կենտրոնի հետ փոդքասթ ենք անում, որը կոչվում է «Տանան նիգյարան»։ Մտածում էի՝ ի՞նչ կարող եմ անել, որ գոնե մի փոքր օգուտ լինի արցախցիների համար՝ եթե ոչ հիմա, գոնե տարիներ հետո։ Ու մտածեցի, որ այս պահին լավագույնը, որ կարող եմ անել, Արցախի բնակավայրերի, գյուղերի մասին խոսելն է։ Ցավալին այն է, որ ֆինանսավորումը ժամանակավոր է։ Այդ նախաձեռնությունը շատ թանկ է ինձ համար։ Մարդկանց հետ խոսելով հասկանում եմ, որ կորուստը, ցավը միայն իմը չեն, դրանք համընդհանուր են։ Այդպես ավելի հեշտ է հաղթահարելը։ Խոսում ենք այդ բնակավայրերի պատմության, ունեցած ազդեցության, պատմամշակութային արժեքների մասին, տան ու հիշողությունների մասին։ Դրական կարծիքներ շատ եմ լսում ու ոչ միայն արցախցիներից։

Սերտիֆիկատ՝ կա ու չկա

Ցավոք, հիմա բազմաթիվ անարդարությունների ենք հանդիպում։ Միայն վերջերս ենք իմացել, որ բնակարանների ապահովման շահառու էինք՝ որպես Շուշիից տեղահանված։ Սերտիֆիկատի ժամկետն անցել է, և մենք չենք կարող օգտվել դրանից։ Զրկվեցինք սերտիֆիկատից միայն այն բանի համար, որ տեղյակ չէինք դրա մասին։ Ու մեզ նման հարյուրավոր մարդիկ այդ կարգավիճակում են։ Դա նաև պատճառ հանդիսացավ, որ զրկվենք այն բոլոր աջակցություններից, որոնք պետք է ստանայինք որպես 2023-ին Արցախից բռնի տեղահանված։ Ասում են, որ կտեղափոխեն այս նոր ծրագրի մեջ, որը մեզ՝ 2-հոգանոց ընտանիքիս համար, մեղմ ասած, ձեռնտու չէ։ Հիմա, կրկնակի տեղահանված լինելով, ամեն ինչից զրկված ենք։ Կրկնակի տեղահանությունից հետո հոգեբանական, սոցիալական խնդիրները հաղթահարում եմ ինքնուրույն, որովհետև մենք ոչ մի աջակցությունից չենք օգտվում, սերտիֆիկատներից էլ զրկվել ենք։ Աշխատում եմ և փորձում հույսս ոչ մեկի վրա չդնել, այլ անձամբ հոգալ իմ կարիքները։

Հիշողության այգին

2020-ին կորցրել ենք Շուշին։ Մինչև պատերազմն այնտեղ էի ապրում՝ մայրիկիս ու հայրիկիս հետ։ Շուշիում ունեինք և՛ բնակարան, և՛ սեփական գողտրիկ տուն՝ իր մեծ այգիով։ Ասել, թե անսպասելի էր Շուշիի կորուստը, նշանակում է ոչինչ չասել։ Մինչև հիմա էլ այդ մտքի հետ չեմ հաշտվում։ Իմ դեպքում իրավիճակն ավելի բարդ էր, քանի որ այդ  օրերին հայրիկիս կորցրի։ Այդ ամենը սարսափելի հարված էր։ Դա է պատճառը, որ կյանքն ինձ համար բաժանվում է մինչև 2020-ը և հետո։ Մինչև 2020-ը կյանքը լուսավոր գույների մեջ էի տեսնում, նույնիսկ եթե դժվարություններ էին լինում, իսկ այն, ինչ եղավ հետո, խամրած գույների մեջ էր։

Հիշողությանս մեջ մեր այգին է։ Հայրս այնտեղ ամեն ինչ աճեցնում էր՝ մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ։ Պաշտում էի հատկապես մանուշակների սեզոնը։ Դրանք այնքան շատ էին։ Հայրս միշտ հիշեցնում էր, որ դրանք քաղելու ժամանակն է։ Նույնիսկ ընկերուհիս այդ մանուշակների մեծ փունջը Երևան ուղարկեց իր քրոջ համար։ Որքան մեծ էր նրա ուրախությունը այդ մեծ ու հոտավետ մանուշակների փունջը տեսնելիս։

Շուշիում ապրելու իրավունք ունեի

Կյանքը Շուշիում չէի ասի, որ հեշտ էր, ինչպես և Արցախի մյուս բնակավայրերում։ Համեստ կյանքով էինք ապրում՝ առօրյա դժվարություններով ու հոգսերով։ Բայց հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ամեն ինչ իդեալական էր։ Հետաքրքիր է, որ միշտ հասկանում էի, որ առանձնահատուկ քաղաքում եմ ապրում, նույնիսկ եթե գրքերում չկարդայի, որ Շուշին պատմական, մշակութային քաղաք է։ Մի գերբնական զգացողություն կար Շուշիում։ Բացի այդ, 90-ականներին Շուշիի մարտերի համար է զոհվել իմ հարազատ քեռին։ Չեմ հիշում` փոքր տարիքում գիտակցու՞մ էի, թե՞ ոչ, բայց երբ մեծացա, հասկացա, որ Շուշիում ապրելու իրավունք ես ունեմ, ոչ միայն իրավունք, այլև դա պարտականություն ու պատիվ է ինձ համար։

Այլևս ձմեռ չեմ սիրում

 

Շուշիում խաղաղ էր, երջանիկ, հանգիստ։ Սիրում էի Ղազանչեցոցը և Կանաչ ժամը։ Կիրակիներին, երբ գնում էի Պատարագի, սկզբից Ղազանչեցոցն էի գնում, հետո քայլելով Կանաչ ժամ հասնում։ Ժամերով քայլում էինք քաղաքում, բոլոր կածաններն անգիր գիտեմ։ Հիմա Շուշիի տեսքը փոխում են, բայց իմ հիշողություններում Շուշին աշխարհի ամենապայծառ քաղաքն է։ Կարոտում եմ նույնիսկ Շուշիի կապույտ գույնի 301 ավտոբուսը։

Աշխատում էի Ստեփանակերտում։ Ծանր օրվանից հետո, երբ հոգնած վերադառնում էի տուն, արդեն «Տանկ» հուշարձանի մոտ փչում էր Շուշիի քամին։ Հոգնածությունս հօդս էր ցնդում, ասես նոր մարդ լինեի։ Հատկապես յուրատեսակ էր Շուշիի ձմեռը։ Շուշին կորցնելուց հետո այլևս ձմեռ չեմ սիրում, որովհետև ոչ մի ձմեռ իր գեղեցկությամբ չի համեմատվի Շուշիի ձմռան հրաշալի տեսարանի հետ։ Շուշիում շատ էի սիրում տոնական օրերը։ Ամառային օրերին, երբ զբոսաշրջիկները շատանում էին, քաղաքը, կարծես, չափերով մեծանում էր։ Անընդհատ հարցնում էին, թե որտեղ է Ջըդըրդուզը, Ղազանչեցոցը․․․ Հիշողություններումս դաջված են հատկապես եկեղեցիներում նշվող Սուրբծննդյան և Սուրբ Հարության օրերը։ Հազարավոր մարդիկ գալիս էին Շուշի այդ օրերին, հետո քաղաքը նորից հանդարտվում էր, մնում էինք մենք՝ շուշեցիներս։

Առաջին տեղահանություն

2020-ին վերադարձանք Ստեփանակերտ։ Աշխատանք ունեի, նաև որպես տեղահանված խոստանում էին բնակարանային հարցերը լուծել։ Ստեփանակերտում արդեն շատ բարդությունների առաջ կանգնեցինք։ Երեք տարի ապրել ենք առանց խոհանոցի ու այլ հարմարությունների հյուրանոցային մի սենյակում։ Բարդ էր այդ նոր իրականությանը հարմարվելը։ Երբ Երևան էի գնում, Շուշիի կողքով էի անցնում, ինչը  սարսափելի զգացողություններ էր արթնացնում․ անցնում ես քո տան կողքով, բայց չես կարող մտնել այնտեղ։

Վիտամինների պակասից որոշ  առողջական խնդիրներ ունեցա

Բլոկադայից մի քանի օր առաջ Երևանում էի։ 2022-ի դեկտեմբերի 9-ին հասել եմ Ստեփանակերտ, 12-ին ճանապարհը փակել են։  Այդ ժամանակ հիմնական աշխատանքից դուրս էի եկել։ 6 տարի աշխատել  եմ  «Hallo Trust»-ում, այնուհետև՝ որպես թարգմանիչ, քարտեզագրող, նախագծերի համակարգող։ Այդ աշխատանքի շնորհիվ շրջել էի Արցախի գրեթե բոլոր շրջաններում ու գյուղերում։  Շրջափակման օրերին մի  փոքրիկ օնլայն աշխատանք ունեի միայն։ Հետո արդեն համացանցի հետ ունեցած խնդիրների պատճառով դրանից էլ զրկվեցի։

Բլոկադայի ժամանակ օրերս հիմնականում անցնում էին մարզադաշտում՝ Ստեփանակերտի իմ ամենասիրած վայրում։ Այնտեղ ինքնամոռաց ժամերով վազում էի։ Դա շատ էր օգնում հաղթահարելու սթրեսս ու քիչ թե շատ վերականգնվելու։ Բայց քանի շրջափակումը սաստկանում էր, օրգանիզմս հյուծվում էր, ի վիճակի չէի արդեն մարզվելու։ Այդպես դադարեցի գնալ մարզադաշտ։ Վիտամինների պակասից որոշ առողջական խնդիրներ առաջացան։ Ամիսներ շարունակ նորմալ սնունդ չունեինք, ինչը, բնականաբար, իր վատ ազդեցությունը թողեց։ Ու անընդհատ հարց էր առաջանում՝ մի՞թե 21-րդ դարում հնարավոր է, որ մարդը սոված մնա։ Այդ օրերին դուրս էի գալիս ու շրջում քաղաքում։ Հիմնականում գնում էի այն վայրերը, որտեղ գրաֆիկով լույս կար։ Մի տեսակ հարմարվել էի այդ հանգստությանը, համացանցային աղբից միտքս ձերբազատվել է։ Հետաքրքիր է, բայց բարի արարքներն էլ էին շատացել։ Հիշում եմ, որ խանութներում արդեն ձեթ չկար, միայն կտավատի ձեթ ունեինք, որը հոտի պատճառով այդպես էլ չօգտագործեցինք։ Տան ձեթն արդեն սպառվում էր, և ի՜նչ անակնկալ էր, երբ ընկերուհիս մի շիշ ձեթ նվիրեց։ Դա իսկական  թանկարժեք նվեր էր այդ օրերի համար։

Երեխաները աղոթում էին, մենք էլ նրանց հետ

Սեպտեմբերի 19-ին պատրաստվում էի տնից դուրս գալ, երբ պատերազմն սկսվեց։ Սկզբից չհասկացա, որ սկսվել է, մտածում էի տանիքի թիթեղն է քամուց ձայներ հանում։ Հետո արդեն սարսափած նկուղ իջանք։ Մի կերպ այդ օրն անցկացրինք։ Երեխաները բարձրաձայն աղոթում էին, մենք էլ նրանց հետ։ Զավեշտալի է, բայց մեր շենքի բնակիչները որոշել էին գիշերել իրենց տներում։ Մայրս էլ նրանց հետ էր։ Որպեսզի մայրիկիս մենակ չթողնեի, ես էլ որոշեցի նկուղից դուրս գալ ու գնալ հյուրանոցի մեր սենյակը։ Գիշերը լուսացրինք՝ հաշվելով արկերը, նաև, թե ո՞ր կողմից են խփում։

Վախս իրականություն դարձավ

Արցախից դուրս գալն իմ կյանքի մեծագույն վախերից մեկն էր։ Եթե 2020-ին հայրս ողջ էր և իր մեքենայով մեզ փրկեց պատերազմից, ապա 2023-ին մենակ էինք, միշտ այդ միտքը կար՝ եթե պատերազմը սկսվի, մեզ ո՞վ է տանելու։ Վախն իրականություն դարձավ։ Տեսնում էի ակնթարթի պես դատարկվող քաղաք։ Մարդիկ մեկը մյուսի հետևից հապճեպորեն լքում էին իրենց տները։ Մեծ ցավ ու ափսոսանք էի ապրում, որ քաղաքը ուրվական էր դառնում։ Մնում էին միայն թափառող շները։ Երբեմնի մաքուր ու կոկիկ քաղաքն այլևս գոյություն չուներ։

Մենք դուրս եկանք սեպտեմբերի 28-ին։ Բայց նախքան դուրս գալը դժոխքի միջով եմ անցել։ Սարսափելի վախեր ունեի, թե ո՞նց պետք է դուրս գանք։ Ասացին, որ անծանոթ մարդկանց մեքենայում տեղ կա։ Նրանց հետ գնացինք, բայց դեռ Շուշի չհասած՝ մեքենան փչացավ։ Մի կերպ Երևանից եկող ավտոբուսներից մեկով հետ եկանք Ստեփանակերտ։ Ավտոբուսների համար գրանցվել էինք, որ գնայինք, բայց այնքան անփույթ էր ամեն ինչ կազմակերպված, որ այդպես էլ չիմացանք, թե մեր հերթը երբ պիտի գա։ Պետք է հրապարակում գիշերեինք, որ մեր հերթը գա ու կարողանայինք խցկվել ավտոբուսի մեջ։ Մեզ անընդհատ գրում էին, որ մեքենաներ կան, եթե վարորդ ու բենզին ունեք, վերցրեք մեքենան։ Պատահական մի մարդ արձագանքեց գրառմանս և ասաց, որ մեզ տանելու է։ Պարզվեց, որ այդ մարդու տղան բենզինի պահեստի պայթյունի ժամանակ տուժել է, բայց ողջ է մնացել։ Նա ասաց՝ եթե իմ տղան ողջ է մնացել ու Աստված նրան փրկել է, ապա ես ինչպե՞ս կարող եմ մարդու խնդրանքը, որը կյանքի ու մահվան հետ է կապված, չկատարել։ Ու այդպես բացարձակ անծանոթ մարդիկ մեզ փրկեցին։

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

 

Մոսկվան տեղյակ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգություններին

Մոսկվան տեսել է իրանցի պաշտոնյաների հայտարարությունները եւ մտահոգությունները՝ կապված այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Այս մասին երեկ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թեհրանի բազմիցս արտահայտված դիրքորոշումը Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի անընդունելիության վերաբերյալ։

Զախարովայի խոսքով՝ այս մոտեցման պատճառները պարզաբանելու համար հարցը պետք է ուղղել Թեհրանին։

Նա հավելել է, որ Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև կապերի ապաշրջափակման վերաբերյալ հայտնի է։

«Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ համապատասխան համաձայնագրերը պետք է իրականացվեն փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով այնպես, որ համապատասխանի ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի շահերին»,- ընդգծել է դիվանագետը:

Մեկ տարի անց. Ինչպես հանձնվեց Լեռնային Ղարաբաղը

2023 թվականի օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի կերպով հաստատված անցակետի տարածքից, բացի 22-ամյա Ալեն Սարգսյանից, ադրբեջանցիներն առևանգել էին ևս երկու երիտասարդի։

«Սրանք Մարտունու «Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են, ովքեր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկնում էին Հայաստան՝ մարզվելու»,- նշել է Հայրապետյանը։

Ականատեսներից մեկը, ում անունը իր խնդրանքով չենք հայտնում, մեզ հետ զրույցում ասաց, որ տղաներին բերման են ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ։ Ադրբեջանցին ինքնաձիգի կոթով հարվածել է երիտասարդներից մեկի գլխին (https://news.am/rus/news/777409.html):

«Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմիններն առևանգել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Փոխադրումը նախապես համաձայնեցված է եղել և իրականացվել է ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն, պետք է վերահսկեին Լեռնային Ղարաբաղի անխափան հաղորդակցությունը Հայաստանի հետ Լաչինի միջանցքով։

Այդ անձինք ուսումը շարունակելու նպատակով մեկնել են Հայաստանի Հանրապետություն։

Ադրբեջանի այս քայլը, որին նախորդել էր հուլիսի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից շտապ բուժօգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, կոպիտ խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների, բացահայտ խախտում է միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միանշանակ և նպատակաուղղված կոչերի։

Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանը բացահայտ ծրագրում է կոլեկտիվ պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը անցյալ դարի 90-ականներին և 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ժամանակ պաշտպանել է սեփական հայրենիքում խաղաղ կյանքի իրավունքը։

Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմն ակնհայտորեն գործադրել է բոլոր ջանքերը՝ դրանք խաթարելու համար։

Շարունակվող զանգվածային հանցագործության կանխարգելումը` բոլոր հնարավոր գործիքների կիրառմամբ, իրավիճակի վրա ազդող բոլոր դերակատարների և ողջ քաղաքակիրթ աշխարհի անմիջական պարտականությունն է»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարը ոչնչով չի զիջում տխրահռչակ գեներալ Սաֆոնովին». Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։

«Հակարի կամրջի վրա ապօրինի տեղադրած անցակետում այսօր տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Լենցովը իր գործողություններով կամ անգործությամբ (գուցե միտումնավոր) չի զիջում հայ ատող և տխրահռչակ գեներալ Սաֆոնովին ԼՂԻՄ ժամանակներին»,- պարզաբանել է Ղարամյանը։

Օգոստոսի 29-ին հարյուրավոր արցախցիներ հավաքվել էին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ կանխելու ադրբեջանական ապրանքների մուտքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը և լուսանկար հրապարակել։

«Այս պահին հարյուրավոր մեր հայրենակիցներով գտնվում ենք Ակնա-(Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին։

Ադրբեջանի կեղծ «մարդասիրական բեռը» Արցախ չի հասնի. Ովքեր հնարավորություն ունեն, խնդրում ենք միանալ մեզ։ Ամենայն հավանականությամբ, մենք գիշերելու ենք այստեղ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը փորձել է 40 տոննա ալյուր ուղարկել Արցախ

Օգոստոսի 30-ին ադրբեջանցիները անցել են ռուս խաղաղապահների անցակետը և փորձել են վրաններ տեղադրել։ Այս մասին Արցախի հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։

«Հիմա մենք ադրբեջանցիներից 200-400 մետր ենք հեռու։ Մենք այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք «մարդասիրական» բեռների մուտքն Արցախ. Նրանց ուղարկած օգնության կարիքը չունենք։ Թող բացեն Քաշաթաղի միջանցքը»,- ասաց Գաբրիելյանը։

Այս պահին Ստեփանակերտ-Ակնա ճանապարհի մի խումբ արցախցիներ կան (https://russia-artsakh.ru/node/16187)

«Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ տանող ճանապարհը պարզապես լոգիստիկ ճանապարհ է, և մենք չգիտենք, թե երբ կգործարկվի։ Սակայն եթե այս ճանապարհի բացումը կապված է Լաչինի միջանցքի բացման հետ, և առավել եւս, եթե Լաչինի միջանցքը փոխարինվի այս ճանապարհով, ապա սա կլինի աղետ և Արցախի վերջը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Սրանից հետո միջանցք հասկացությունը կվերանա, և մարդիկ, անհրաժեշտության դեպքում, չեն կարողանա նույնիսկ փախչել, չեն կարողանա դուրս գալ։ Բացման հարցը (Աղդամից Ստեփանակերտ ճանապարհը – խմբ.) չպետք է քաղաքական դառնա»,- նշեց նա։

Ըստ նրա՝ մի ճանապարհը մյուսով փոխարինելու հարցը նույնպես աշխարհաքաղաքական խնդիր է, և այդ պլանի իրականացման փորձը կապված է լինելու Արցախը արագ խեղդելու ցանկության հետ (https://news.am/rus/news/777450. html):

Մեկ ամսից էլ քիչ ժամանակ էր մնացել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի զանգվածային էթնիկական զտմանը և բռնի տեղահանմանը։

Նյութը պատրաստեց Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

russia-artsakh.ru

Ուրտեխե․ Երևանի նոր կրթարանն արցախյան հիմքեր ունի

Երևանի Արաբկիր վարչական շրջանում նոր արցախյան հասցե կա։ Սեպտեմբերի 1-ից Կոմիտաս 20 հասցեի «Ուրտեխե» կրթարանը իր առաջին նոր ուսումնական տարին է սկսելու։ Կենտրոնը կրթական ծառայություններ է տրամադրում ինչպես տարրական, այնպես էլ բարձր դասարանի աշակերտներին։ Միջին և ավագ դպրոցի աշակերտները միայն առարկայական պարապմունքների հնարավորություն են ունենալու, իսկ կրտսերները՝ դասապատրաստման։

Կրթարանի հիմնադիր Զինա Գասյանը համոզված է՝ մանկավարժական երկար տարիների փորձ ու հմտություններ ունեցող ուսուցիչները երեխաներին կտան այն կարևոր գիտելիքները, որոնք նրանք դպրոցում չեն հասցնում յուրացնել և կամրապնդեն դպրոցում ստացածը․ «Կրթարանում տրամադրվում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային աջակցություն, իսկ ուսուցման մեթոդները մշակված են այնպես, որ յուրաքանչյուր երեխա կարողանա զարգացնել իր ստեղծագործական ունակությունները, ինչպես նաև սովորի արդյունավետորեն հաղթահարել դասագրքերում հանդիպող դժվարությունները։ Կրթարանի ծառայությունը ճկուն է, ունենք նաեւ առցանց տարբերակ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել նաեւ հասանելիություն Արաբկիր վարչական շրջանից դուրս։ Կրթարանում ուշադրություն է դարձվում նաև երեխայի ընդհանուր զարգացման վրա՝ ներառյալ ինքնուրույն մտածելու, ժամանակի կառավարման և խնդիրների լուծման հմտությունների զարգացումը»․ -պատմում է Զինան։

Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են, աշակերտների հավաքագրումն ընթացքի մեջ է։

Կրթարանում, ի տարբերություն աշակերտների, որոնք և՛ Հայաստանից են, և՛ Արցախից, ուսուցիչները բոլորն էլ Արցախից են․ «Այս գաղափարի սոցիալական բաղադրիչը Արցախից բռնի տեղահանված փորձառու մանկավարժների համար աշխատատեղ ստեղծելն է: Թիմը արդեն հավաքագրված է և սպասում է ուստարվա մեկնարկին: Երկարաժամկետ հատվածի կտրվածքով ևս ունեմ պլաններ, սակայն ժամանակից առաջ չընկնեմ և փակագծեր դեռ չբացեմ»,- կիսվում է մեզ հետ Զինան:

Մանկավարժության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող Զինան լավ է հասկանում կրթված, դաստիարակված, հայրենաճանաչ մարդու դերը պետության կյանքում։ Իր կրթարանում ուսումնական ծրագրի, տրամաբանական խաղեր-վարժությունների հետ մեկտեղ լինելու են նաև ճանաչողական էքսկուրսիաներ։ Զինան հաստատության անվանումն էլ պատահական չի ընտրել․ ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող «Ուրտեխե»-ն Մեծ Հայքի 10-րդ նահանգն է՝ Արցախը։

Կրթարանի ՖԲ էջի հղումը՝ https://www.facebook.com/profile.php?id=61564138869700

Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա ակումբի ծրագրի շրջանակներում

Աննա Աստվածատուրյան հիմնադրամի նվերները արցախցի նորածիններին

Փետրվարից հունիսի 1-ը ծնված արցախցի նորածինների համար նվերներով տուփեր կբաժանվեն օգոստոսի 30-ին ժամը 12:00-14:00 ք. Աթոյան, Երևան, 62 հասցեով։

“Աննա Աստվածատուրյան հիմնադրամի” ներկայացուցիչ Արմինե Վարդանյանն ասաց, որ անցյալ տարվանից հիմնադրամը «Սիրեք Արցախը» ծրագրի շրջանակներում նվերների տուփեր է տրամադրում 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաներին։

Այն ստանալու համար պետք է ներկայացնել մոր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։ Մանրամասների համար զանգահարել 097348986 կամ 097336419 հեռախոսահամարներով։

ԱՄՆ դեսպանը Սյունիքում հանդիպել է արցախցիներին․ նա դեռ հավատու՞մ է ընտանեկան երջանկությանը

Սյունիքի մարզային գրադարանում գործող «Ամերիկյան անկյուն» է այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Հանդիպման շրջանակում դեսպանատան և «Ամերիկյան անկյան»  միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Պաշտոնական տեղեկատվության մեջ չի նշվում, ինչի մասին էր դեսպանի զրույցը։

Հիշեցնենք, 1 տարի առաջ, հուլիսին, երբ Արցախը շրջափակված էր, եւ ամեն ինչ տանում էր ագրեսիայի եւ օկուպացիայի, դեսպանը ասաց

«Պետք է լինի բանակցություն, և այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը։ Անձամբ ես վստահաբար այն կարծիքին եմ, որ ԼՂ-ում մարդիկ պետք է կարողանան իրենց անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում ու խաղաղ ընտանեկան կյանք վարել ու ներգրավվածություն ուենանալ իրենց համայնքներում։ Ուստի Միացյալ Նահանգները հաստատակամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկզբունքները»։

Խոսելով արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին՝ Քվինն ասաց․ «Հավատացած ենք ու հույս ունենք, որ դա հնարավոր է։ Եվ կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Եվ բոլոր կողմերին քաջալերում ենք, որ միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Ես նաև պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»։

Հիմա դեսպանը հանդիպում է արցախցիներին Սյունիքում՝ իրենց տներից եւ համայնքներից հեռու։ Նա հավատո՞ւմ է, որ արցախցիները երջանիկ կլինեն։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հրաժարվելուց հետո Բաքուն և Մոսկվան կվերածվեն օկուպանտների և թալանչիների

Հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են (ձեռք բերված 2020-2022 թվականներին), և դրանք կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են։ Այդ մասին երեկվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը կարծում է, որ ներկայումս եռակողմ համաձայնագրերին այլընտրանք չկա։ Ըստ նրա, Հայաստանում դա չեն հերքում. մինչ օրս հանրապետության ոչ մի բարձրաստիճան ներկայացուցիչ չի հրաժարվել դրանցից կամ հայտարարել, որ այդ փաստաթղթերն անվավեր են։

Մոսկվան դրանով հաստատում է, նախ, որ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը համարում է ներկայիս ստատուս քվոյի միակ հիմքը, և երկրորդ՝ ընդունում է, որ հակահայկական ստատուս քվոն դեռևս հիմնված է նոյեմբերի 9-ի հայտարարությանը Հայաստանի հավատարմության վրա։

Ինչո՞ւ է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը գրեթե ամբողջությամբ խախտվել է, դեռ ուժի մեջ։ Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել, թե հայտարարության որ կետերն են ամբողջությամբ կատարվել եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մերժելու դեպքում որ կետերն են վերանայման ենթակա։ Իսկ դա այն կետերն են, համաձայն որի՝ Քաշաթաղի, Քարվաճառի և Ակնայի շրջանները հանձնվեցին առան որեւէ կրակոցի՝ վայրկյանային ճշգրտությամբ։

Մոսկվան վախենում է այդ կետերի վերանայումից։ Եթե ​​նոյեմբերի 9-ին հայտարարություն չլինի, ապա ի՞նչ հիմքով Քարվաճառն ու Քաշաթաղը պետք է մնան Ադրբեջանի կազմում։ Իսկ ինչպե՞ս են այդ կետերը հայտնվել հայտարարության մեջ, եթե ռազմական գործողություններ տեղի են ունեցել այս տարածքներից հեռու։ Ալիեւը խոստովանել է, որ Շուշիի գրավումն իրենց թույլ է տվել առանց կռվի վերցնել Քարվաճառն ու Քաշաթաղը, այլապես ուժ չէին ունենա դա անելու ռազմական ճանապարհով։ Նա նաև նշել է, որ Շուշիի գրավումը հնարավորություն է տվել նոյեմբերի 9-ին փաստաթղթում ներառել Ղարաբաղին չառնչվող տարածքների մասին կետ՝ խոսքը Մեղրիի «միջանցքի» մասին է։

Պուտինն իր հերթին խոստովանել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինքն է գրել։ Նա չասաց, թե ինչու է տեքստում ներառել տարածքներ, որոնք պատերազմական գոտի չեն եղել, եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի իմաստը ռազմական գործողությունները դադարեցնելն էր այնտեղ, որտեղ դրանք տեղի էին ունենում հայտարարության ստորագրման պահին։

Այս կետերի ներառումը հուշում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության նպատակը Հայաստանի ամբողջական անջատումն էր Արցախից, Ղարաբաղը նեղ վզով փորձանոթի վերածելը` Ադրբեջանին հետագա վերջնական ենթակայության հանձնելու նպատակով։

Արցախցիների «ինտեգրումից» հրաժարվելը, նույնիսկ շրջափակման, ագրեսիայի, սովի, պետական ​​կառույցների «լուծարման», զինաթափման, ցեղասպանության վտանգի պայմաններում, կոտրեց բոլոր ծրագրերը, և այժմ Մոսկվան և Բաքուն չգիտեն, թե ինչ անել Արցախի հետ առանց արցախցիների։ Ամեն քայլ նրանց դեմ է խաղում՝ ցույց տալով բարբարոսության ու անօրինականության աստիճանը։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հրաժարվելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու մասին Հայաստանի մեկ հայտարարությունը բավական է, և Բաքուն Մոսկվայի հետ միասին «տարածքային ամբողջականությունը վերականգնողներից» վերածվեն սովորական թալանչիների և օկուպանտների։

Հայկական քաղաքական տարածությունում այժմ մի գիծ է տարվում՝ Եռակողմ հայտարարությունից հրաժարվելու, բայց, ինչպես քաղաքագետներից մեկն ասաց, ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատից հրաժարվելու հետ մեկտեղ։ Զախարովան, խոսելով Եռակողմ հայտարարության «այլընտրանք չունենալու» մասին, միտումնավոր չի նշում Մինսկի խմբի մանդատը։ Բայց ինչո՞ւ Երևանը դա չի անում։

Փաշինյանի կառավարությունը համառորեն չի հայտարարում, որ չկա Եռակողմ հայտարարություն, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատ և Հայաստանի Սահմանադրություն, որտեղ հղում կա 1989 թվականի դեկտեմբերի որոշմանը Միացումի վերաբերյալ։ Սա նշանակում է, որ այժմ Հայաստանի արցախյան տարածքները օկուպացված են։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կշարունակի արցախյան ընտանիքներին աջակցելու ծրագիրը

Արցախից բռնագաղթվելուց հետո Տաշիր համայնքում բնակվող գրեթե 300 ընտանիք կշարունակի պարենային օգնություն ստանալ հիմնադրամից։ Հիմնադրամն օգնել է վճարել նաև օգոստոս ամսվա վարձավճարը, ասաց Տաշիրի համայնքապետարանի սոցիալական հարցերի բաժնի պետ Ասյա Հարությունյանը։

Նա նշեց, որ մինչև 2024 թվականի դեկտեմբեր ապրանքատեսակներ կբաժանվեն Տաշիր համայնքի ավելի քան 20 բնակավայրերում բնակվող արցախցի յուրաքանչյուր ընտանիքի։ Իսկ ֆոնդը վարձավճարի վերաբերյալ որոշում է կայացնում ամսական կտրվածքով. 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը հիմնադրամի ծրագրով համայնք եկած ընտանիքների համար հիմնադրամը վճարում է բնակարանների ամսական վարձավճար, իսկ նրանք մեծամասնություն են կազմում։

Ալվարդ Գրիգորյան

Զինվորականից՝ թեյագետ

«Թեյի արտադրությունը և թեյի բիզնեսը իմ մանկության երազանքն էր, ես սիրում եմ տարբեր խոտաբույսերով թեյեր խմել, ինձ շատ դուր են գալիս հետաքրքիր համադրությունները, այդ իսկ պատճառով ես սիրով, մեծ ցանկությամբ որոշել եմ զբաղվել թեյի արտադրանքով»,- Անդրանիկ Սարգսյանի խոսքերն են՝ 17 տարվա զինվորական, ով բռնագաղթից հետո որոշել է փոխել մասնագիտությունը եւ խաղաղությունը թեյի տեսքով մատուցել իր ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր  մի բաժակ թեյի շնորհիվ հանգստություն կգտնեն։

Անդրանիկը համեստորեն լռում է, իսկ կինը՝ Անին, հպարտությամբ է պատմում, որ ամուսինն Արցախում ՊԲ-ի սպա էր՝ զորամասի շտաբի պետ։ Մեկուկես տարի էր մնացել, որ անցնի զինվորական թոշակի, բայց  հիասթափությունը շատ մեծ եղավ։

«Անդրանիկն ուզում էր շարունակել հոր՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած ազատամարտիկի գործը։ Մեծ պատասխանատվությամբ էր ծառայում եւ հաջողություններ ուներ, որի մասին վկայում են բազում   պարգևատրումները, պատվոգրերը, խրախուսանքները, մեդալները»,- ասում է Անին։

Կինը նշում է նաեւ, որ ամուսնու ապրումները շատ ծանր էին,  երբ որոշում կայացվեց լքել Արցախը՝ տարիներով պահած հողը, որի խաղաղության համար Անդրանիկը անհայր մեծացավ եւ ինքը  եւս անհամար անքուն գիշերներ անցկացրեց՝ հսկելով  մեր բարձունքները։

ՀՀ-ում երկար ժամանակ իր տեղը չգտնելով, աշխատանքի փնտրտուքներից հոգնած՝ հիասթափվում է ամեն ինչից։ Հետո հիշում է իր սիրելի հոբբին, որն այսօր դարձել է հետաքրքիր բիզնեսի սկիզբ։

«Արցախում ես միշտ մեր լեռնային և դաշտային գոտիներից հավաքում էի օգտակար խոտաբույսեր և նրբագեղ հոտով անուշաբույր համադրությամբ թեյ էի պատրաստում, հյուրասիրում իմ ընտանիքին, ընկերներին, հարևաներին, և հենց այդտեղից էլ առաջացավ դյութիչ թեյի անվանումը՝ Դյութեա»,- պատմում է Անդրանիկը։

 

Անին անկեղծանում է՝ իրենց տոնախմբությունների բաղկացուցիչ մասն էր Անդրանիկի պատրաստած թեյը։ Դա հատուկ արարողակարգ էր եւ բարեկամները երեկոյի այդ հատվածին  մի այլ  ոգեւորությամբ  էին սպասում։

Մանկության սիրելի զբաղմունքը մի քանի ժամում վերածվեց աշխատանքի գաղափարի։ Բույսերի հավաքմամբ զբաղվում է հիմնականում Անդրանիկը։

«Դեղաբույսերը հավաքում եմ հայկական լեռնաշխարհի բարձունքներից՝  Սիսիանից, Ղափանից, Տաթևից, Ապարանից, Բյուրակնից և Սեպասարից։ Դժվարություներ լինում են հիմնականում բարձրադիր գոտիներից հավաքելիս և թունավոր միջատների, օձերի հանդիպելիս»,- բացատրում է Անդրանիկը։

Թեեւ թեյամշակման մեջ ամենաբարդը հենց խոտաբույսերի հավաքումն է, բայց  ամբողջ ընթացքին պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել։ Սարգսյանները հենց այդպես են անում։

Արմավիրի իրենց այժմյան կացարանը իսկական արտադրամասի է վերածվում՝ տեսակավորման աշխատանքներին մասնակցում են նաեւ Անիի ծնողներն ու եղբայրը։

Թերթիկներն՝ առանձին, ցողուններն՝ առանձին, տերեւներն՝ առանձին, այս ամենը սպասում է իր ճիշտ ժամանակին՝ թեյի նոր համ ստանալու համար։ 9 եւ 7 տարեկան աղջիկներին վստահված է փաթեթները կշռելն ու գրառումներ անելը։

«Ես մասնագիտությամբ բուսաբան եմ, բայց նաև անհրաժեշտության դեպքում խորհուրդներ եմ հարցնում իմ դասախոս ավագ ընկերոջից, որը նույնպես թեյագործ է և չի զլանում մեզ խորհուրդներ տալուց։ Անդրանիկը եւս ունի  շատ խելացի թեյագործ ծանոթ, որի հետ էլի խորհրդակցում է համադրությունների և այլ հարցերավ։ Մեր բախտը շատ է բերել, որ մեր թեյագործ ընկերները մեզ որպես մրցակից չեն դիտարկում, այլ սրտանց ուզում են, որ հաջողենք»- ուրախությամբ ասում է Անին։

Անդրանիկն ուսումնասիրել է տարբեր աղբյուրներ՝ բույսերի համադրության, համային խառնուրդների մասին։ Ու առանց  հոգնելու, մեծ սիրով է պատմում բույսերի օգտակարության,  վիտամինների պարունակության մասին:

«Առողջարարության առումով իմ հավաքած խոտաբույսերը յուրահատուկ բուժման և օգտակարության բաղադրիչ մաս են կազմում։ Օրինակ, մասուրի մեջ 5-10 անգամ ավել է վիտամին C-ն, այն մաքրում է արյունատար համակարգը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Ուրցը բարելավում է ախորժակը և ուժեղացնում է ստամոքսահյութի արտադրությունը, օգտագործվում է նաև մաշկային հիվանդության բուժման համար»,- բացատրում է թեյագործն ու ավելացնում, որ թեյի սիրահարներն անպայման կգնահատեն համային այն փունջը, որ ինքն է ստեղծում։

Բայց մինչեւ «Դյութեա»-ն հասնի գնորդի թեյի սեղան՝ առաջինը համադրությունները փորձելու պատիվն ընտանիքինն է։

Կինն ու դուստրերն առաջին համտեսողներն են, իհարկե՝ առաջին օգնականները լինելուց զատ։

Արցախցիներն են հիմնական գնորդները, որովհետեւ պարզել են, որ այստեղ սուրճի սիրահարներն ավելի շատ են։ Սոցիալական էջերով են վաճառքն իրականացնում, բայց ամենամեծ վաճառքը գրանցում են տոնավաճառների ժամանակ։

Թեեւ լավ են գիտակցում, որ խոտաբույսերով համեմված թեյերի շուկան շատ մեծ է, բայց վստահ են, որ մի օր «Դյութեա»-ն էլ լավ մրցակից կլինի շուկայում, որովհետեւ իրենք ներդնում են մի ողջ ընտանիքի սեր ու ջերմություն։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

Պուտինը Փաշինյանի հետ զրուցելուց հետո զանգահարել է Ալիեւին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ադբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է իրավիճակն Անդրկովկասում։ Այս մասին օգոստոսի 28-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ղեկավարները գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Բաքու կատարած պետական այցի արդյունքներից։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների եւ գործընկերության հետագա խորացմանը։ Շարունակվել է Անդրկովկասում ընթացիկ իրավիճակի տարբեր ուղղությունների քննարկումը, ներառյալ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի, սահմանազատման եւ սահմանագծման, երկու պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Այս առնչությամբ ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը այսուհետ եւս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին եւ Երեւանին համապատասխան փոխընդունելի որոշումներ մշակելու հարցում»,- նշվել է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օրերս Պուտինը զրուցել է Փաշինյանի հետ եւ տեղեկացրել Բաքվում Ալիեւի հետ հանդիպման մասին։

Որ արցախցիները կոմպակտ ապրեն՝ պահպանելով բարբառը

Հազարավոր արցախցիներ բռնատեղահանումից հետո կանգնել են կացարանի հարցը լուծելու խնդրի առաջ։ Ըստ այդ պահանջի էլ ստեղծվեց «Տուն» հիմնադրամը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հարութ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, ով նույնպես Արցախից բռնատեղահանված է, չմնաց օգնություն սպասողի դերում, այլ սկսեց քայլեր ձեռնարկել՝ լուծելու ոչ միայն իր, այլև հայրենակիցների ամենագլխավոր հարցերից մեկը՝ տան հարցը։

Մնալ Հայաստանում

Ինքս ինձ խոստացել էի, որ հասարակական գործունեության այլևս չեմ վերադառնալու։ Երկար տարիներ «Հայրենյաց պաշտպան» ՀԿ-ի նախագահն եմ եղել, ուսանողական տարիներին ուսխորհդի նախագահն էի, պետական պաշտոններում եմ եղել, և եկել եմ այն եզրահանգման, որ մեր հասարակությունում դա անշնորհակալ գործ է, որովհետև արվածը քիչ է երևում և գնահատվում, իսկ չարվածը միանգամից ջրի երես է հանվում, այնպիսի քննադատության ես ենթարկվում, որ այլևս ցանկություն չի լինում նորից այդ գործով զբաղվել։

Սակայն իրավիճակը փոխվեց, երբ խոսեցի իմ լավ ընկերներից մեկի՝ Միխայիլ Վեկլենկոյի հետ, ով մորական կողմով հայ է, 2023-ին մեծ աջակցություն է ցույց տվել մեր հայրենակիցներին՝ տներ գտնելով, վերանորոգելով, մարդկանց նախնական տեղավորվելու հարցը լուծելու համար։ Նա ասաց, որ պետք է այնպես անենք, որ մարդիկ մնան Հայաստանում։ Ուսումնասիրելով 2020 թվականի տեղահանումից հետո հավաստագրերի միջոցով պետության տրամադրած օգնության ծրագիրը, բարերարների տարբեր մոտեցումներ հաշվի առնելով, որոշեցինք ստեղծել «Տուն» հիմնադրամը։ Այն հիմնվել է Միխայիլ Վեկլենկոյի կողմից, և նա է ինձ առաջարկել զբաղեցնել տնօրենի պաշտոնը և միասին այդ ծրագիրն իրականացնել։ «Տունը» բարեգործական և զարգացման հիմնադրամ է։

Նպատակը ոչ միայն բարեգործությունն է, այլև օգնելը, որ հայ մարդը Հայաստանում կարողանա զարգանալ, տնտեսություն ստեղծել և բարեկեցիկ կյանք ունենալ։ Հայ մարդու, այս պարագայում հատկապես արցախցիների այդ խնդիրը լուծելու համար տուն է պետք։ Իհարկե, դա չի ընդգրկելու արցախցիների այն սեգմենտը, որն ավելի քան ապահովված է, նաև այն խումբը, որը պատրաստ չէ ինքն իր համար ինչ-որ բան ստեղծելու։ Մենք որոշել ենք կենտրոնանալ լավ իմաստով միջին խավի վրա, այն ընտանիքների վրա, որոնք սիրում են իրենց երկիրը, պատրաստ են ապրել իրենց երկրում, ստեղծել, արարել և  իրենց տների կառուցման մեջ պատրաստ են որոշակի ներդրում ունենալ։

Ի՞նչ է մարդուն պետք տուն կառուցելու համար

 Պետությունը նախատեսում է սերտիֆիկատների միջոցով բնակապահովման ծրագիր իրականացնել, որը, ցավոք, հեռու է բնակարան գնելու կամ կառուցելու վերջնական արդյունք ստանալուց։ Բնական է, որ մարդ լրացուցիչ օգնության կարիք ունի։ Ի՞նչ է մարդուն պետք տուն կառուցելու համար։ Առաջին հերթին հող է պետք, համապատասխան ենթակառուցվածքներ և մնացածը։ Մեր հաշվարկները ցույց տվեցին, որ մարդիկ դժվարանում են սկզբնական փուլում, այսինքն՝ որոշել, թե որտեղ պետք է տունը կառուցվի։ Ենթակառուցվածքները մեկ ընտանիքի մասշտաբով իրականացնելը բավականաչափ թանկ է լինում։ Հետագայում էլ տան կառուցման համար անհրաժեշտ լրացուցիչ գումարը հիփոթեքի միջոցով լրացնելու հնարավորությունը նույնպես արդեն դժվարանում է։ Ընտանիքի մոտ վախ է առաջանում, որ այդքանը հնարավոր չէ անել։ Ծրագրի առաջին փուլում Երևանից ոչ մեծ հեռավորության վրա՝ համապատասխան բնակավայրում, 10 ընտանիքի համար պետք է տուն կառուցվի։ Հիմնադրամի միջոցներով գնելու ենք հողատարածքը, հավասար մասերի ենք բաժանելու, մարդկանց տալու ենք հողատարածք, որն արդեն ապահովված կլինի ենթակառուցվածքներով։

Թիրախային բնակավայրերը

 Այս պահին թիրախում մի քանի բնակավայրեր են, հաշվի ենք առնում հեռավորությունը Երևանից, որպեսզի մարդիկ մայրաքաղաքում աշխատանք ունենալու դեպքում հեշտ կարողանան գալ-գնալ, ենթակառուցվածքների առկայությունը՝ գազ, լույս, ջուր, տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերմունքը, պատրաստակամությունը նրանց բնակավայրում լրացուցիչ թաղամաս ունենալու առումով, աջակցելը այդ հարցում, ճանապարհների բարվոք վիճակը և այլն։ Այդ ամենը հաշվի առնելով՝ մի քանի թիրախային բնակավայրեր ենք ընտրել։ Համագործակցում ենք նաև այլ հիմնադրամների հետ, որոնցից մեկի հետ արդեն նախնական պայմանավորվածություն ունենք այդ հողատարածքներում նաև ջերմոցային տնտեսություններ կառուցելու համար։ Մենք փորձելու ենք այդ երկու ծրագրերը միացնել, որպեսզի տրամադրված հողատարածքում՝ ապահովված ենթակառուցվածներով, պետության տրամադրած սերտիֆիկատով ընտանիքը կարողանա տուն կառուցել։ Նաև այդտեղ ունենալով ջերմոցային տնտեսություն՝ 800-1000 քառ․մ. մակերեսով, կկարողանա  նաև զբաղվածության հարցը լուծել։ Ընկերներիցս մի քանիսը, ովքեր ունեն ճարտարապետական ընկերություններ, խոստացել են, որ թաղամասի ու տների նախագծերի առումով կաջակցեն։

Ծրագիրը բացառապես բարեգործական է

 Հիմնադրամը գումարների և ֆինանսների առումով ստեղծվել է բարեգործական հիմքի վրա։ Այնպես չէ, որ մենք մեծ միջոցների ենք տիրապետում, ուստի նաև դրամահավաքի գործունեություն ենք իրականացնում։ Այս փուլում արդեն սպասում ենք կամավորների, ընկերությունների, բարեգործների, ովքեր պատրաստ են այս ծրագրում իրենց ավանդն ունենալ։ Ծրագիրը բացառապես բարեգործական է, այլ նպատակ չի հետապնդում։ Արդեն դիմել ենք և շարունակում ենք դիմել նաև միջազգային հիմնադրամների, ընկերությունների (հայկական և ոչ միայն) տեղահանված ընտանիքներին աջակցելու համար։ Այս պահին դեռևս հայտ չենք ընդունում՝ հաշվի առնելով, որ դրամահավաքի գործունեությունը նոր ենք սկսել։ Ունենք կայքէջ՝ մի քանի լեզվով, որտեղ ծրագրի մանրամասները լուսաբանվում են, սոցիալական հարթակներում կա էլփոստը, հեռախոսահամարը, որոնցով մարդիկ կկարողանան մեզ հետ կապվել, ծրագրի մասին տեղեկանալ։ Հայտերի ընդունման մասին լրացուցիչ հայտարարելու ենք, որովհետև ծրագրի առաջին փուլում դեռ դրամահավաքի մասը պետք է իրականացվի մեր հիմնական դոնորների հետ։

Երկրորդ փուլում հայտերը կընդունվեն, կընտրվի առաջին 10 ընտանիքը, այնուհետև պետք է շարունակվի դրամահավաքը այդ ընտանիքների հետ միասին, երբ արդեն բարերարները կիմանան, թե կոնկրետ ինչ ընտանիքների են օգնում։ Կայքէջում ընտանիքների մասին ինֆորմացիա կտեղադրվի, նրանց կյանքի ուղու մասին կպատմվի, և այդ փուլում բարերարները կկարողանան անձնապես ծանոթանալ այդ ընտանիքների հետ։ Չի բացառվում, որ բարերարները ցանկանան ուղղակիորեն օգնել այդ ընտանիքներին։

Մենք սպասում ենք նաև կամավորների, ովքեր կօգնեն նյութը տարածելու, թարգմանություն անելու և այլ հարցերում։ Ինչ վերաբերվում է բարեգործներին, պատրաստ ենք նաև մեծ բարեգործությունների դեպքում նրանց ընդգրկել մեր հոգաբարձուների խորհրդում, նրանց միջոցով մեր գործունեությունը տարածել։ Պատրաստ ենք ցանկացած տիպի օգնություն ընդունել, միայն թե կարողանանք այդ ընտանիքներին ծառայել։ Հուսանք, առաջին փուլը կստացվի, հետագայում էլ ամբողջական թաղամասեր կլինեն։ Անչափ կարևոր է մեզ համար, որ  հայ մարդը՝ արցախցին, այս ամենով անցնելուց հետո կարողանա Հայաստանում ապրել, ապրել նաև կոմպակտ, իրար կողքի՝ պահպանելով բարբառը, այլ տեղային յուրահատկությունները։

Home (tunfoundation.org)

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

Ուկրաինայի հետ պատերազմի մասնակիցներին Ղրիմում հող կտրամադրվի. Կլինեն նաև տիտղոսներ

Ուկրաինայի հետ պատերազմի մասնակիցներին, ովքեր պայմանագրեր են կնքել Ռուսաստանի զինված ուժերի հետ միացված Ղրիմում, օկուպացիոն «իշխանությունների կողմից անվճար հողատարածքներ կտրամադրվեն թերակղզում»։ Մոսկվայի ենթակայության «Ղրիմի Հանրապետության» «օրենսդրության» համապատասխան փոփոխությունների մասին երեքշաբթի օրը՝ օգոստոսի 27-ին, հայտարարվել է նրա «կառավարության» կայքում։

Միջնադարում արշավների մասնակիցներին «թագի» համար նվաճված հողերի տրամադրումը հիմք դրեց Եվրոպայում և նույնիսկ Ամերիկայում ներկայիս հողային և ազնվական կադաստրին: Հողերը, ազնվականության կոչումների հետ մեկտեղ, շնորհվել են միապետի կողմից, քանի որ բոլոր նվաճված հողերը պատկանում էին նրան։ Ռուսական կայսրությունում Ղրիմը պատկանում էր արքայազն Պոտյոմկին-Տաուրիդին, ով ղեկավարում էր Ղրիմի միացման գործողությունը։

Այդպես էր Ռուսական կայսրությունում, սակայն 1917 թվականի հեղափոխությունը քանդեց համակարգը։ Հիմա Ռուսաստանը փորձում է նորը կառուցել։ Ո՞վ կդառնա Տաուրիդի նոր կնյազը: