Արցախի խորհրդարանը հստակ հղում է անում ՄԱԿ-ի, Մինսկի խմբի մոտեցումներին, միջազգային դատարանի որոշումներին

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

Պարոն Բաղունց, Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներն օրերս հանդիպել են Արցախի հարցով միջազգային հանձնախմբի անդամների հետ։ Այս հանձնախումբը ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։ Ավելի արդյունավետ չէր լինի՞, եթե հանձնախումբը ղեկավարեիք դուք, եւ Արցախի Ազգային ժողովը կատարեր այդ աշխատանքը։

-Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունած որոշումը՝ ստեղծել նման հանձնաժողով, ինչ-որ տեղ ստիպված քայլ էր, որովհետեւ նորմալ պայմաններում ցանկացած պետություն իր համապատասխան կառույցներով վարում է իր արտաքին քաղաքականությունը։ Խոսքն ինչպես Արտաքին գործերի նախարարության, այնպես էլ ԱԺ համպատասխան հանձնաժողովների մասին է։ Բայց 2023 թվականի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտումից հետո, հայտնվելով Հայաստանում, Արցախի պետական կառույցների գործունեության ոչ բարենպաստ պայմաններում մենք ստիպված գնացինք այդ քայլին։ Արտերկիր այցելելու, դիվանագիտական ու հասարակական կառույցների, քաղաքական գործիչների հետ հանդիպումներ կազմակերպելու անհնարինությունը հաշվի առնելով՝ մենք ստեղծեցինք այդ հանձնախումբը, որի կազմում են մի շարք հայտնի դիվնագետներ, քաղաքական գործիչներ։ Մենք փորձում ենք մեր արտաքին քաղաքականությունը վարել այդ հանձնախմբի միջնորդությամբ։ Հանձնախմբի անցած ամիսների գործունեությունը քննարկելիս համոզմունք ձեւավորվեց, որ մենք ճիշտ տարբերակ ընտրեցինք։ Այստեղ մեծ նշանակություն ունի հանձնախմբի անդամների ու նախագահի ճիշտ ընտրությունը։ Վարդան Օսկանյանը ՀՀ արտգործնախարարի պաշտոնում իր գործունեությունը ծավալում էր բավական արդյունավետ, ՀՀ արտաքին քաղաքականության հայամետ ու պետականամետ վեկտոր ուներ։

-Այսինքն՝ ձեզ արգելո՞ւմ էին մեկնել արտեկիր, բարձրացնել Արցախի ու արցախցիների խնդիրները։

-Տարբեր տեսակի սահմանափակումներ կան, թե անմիջապես Արցախի բարձրագույն ղեկավարության, թե պատգամավորների նկատմամբ։ Եղել են դեպքեր, երբ մեր պատգամավորներն անձնական, ընտանեկան պահանջներից ելնելով՝ պետք է մեկնեին թեկուզ Ռուսաստանի Դաշնություն, բայց խոչընդոտներ են ստեղծվել։ Դեպք է եղել, որ մեր պատգամավորը հենց օդանավակայանում մի քանի ժամ սպասելուց հետո ստիպված է եղել վերադառնալ Երեւան։ Թե մեր, թե մեր նախագահի միջամտությամբ, տարբեր կառույցների հետ բանակցություններից հետո միայն պատգամավորին թույլ են տվել մեկնել Ռուսաստան։ Տարբեր հարցեր կան՝ նման խոչընդոտներից սկսած, վերջացրած ֆինանսական խնդիրներով։ Մինչեւ 2023 թվականի Արցախի Հանրապետության էթնիկ զտումը, մենք ունեինք համապատասխան բյուջետային հատկացումներ, եւ ֆինանսական խնդիր չկար այս կամ այն պետական գործչի, դիվանագետի այցն արտերկիր կազմակերպելու համար։ Բազմաթիվ պատվիրակությունների հետ արտերկրում պետական բարձր մակարդակով հանդիպումներ ենք ունեցել, հիմա այդ հնարավորությունը մենք չունենք։ Եվ անհրաժեշտություն էր այս հանձնախումբը ստեղծելը, այդ գործիչները բավական լուրջ օգնություն են ցուցաբերում Արցախի հիմնահարցն օրակարգում պահելու տեսանկյունից։

-Արցախիցիների հավաքական վերադարձն ի՞նչ մեխանիզմներով եք պատկերացնում։

-Մենք դեռ չենք ուզում բոլոր փակագծեր բացել, որովհետեւ հենց մենք կոնկրետ քայլերի մասին խոսում ենք, Ադրբեջանի ղեկավարության կողմից բանացկային խողովակները փակվում են, լուրջ խնդիրներ են առաջ քաշվում բանակցային գործընթացում ներգրավված կողմերի համար։ Մենք փորձում ենք օրակարգում պահել այդ հարցը, հստակ հղում ենք անում ՄԱԿ-ի, Մինսկի խմբի մոտեցումներին, միջազգային դատարանի որոշումներին, որտեղ հստակ ձեւակերպված է արցախահայության իրավունքը՝ վերադառնալ Արցախ։ Խոսքն անվտանգային պայմանների ապահովման, ինքնությունը պահպանելու մասին է, Ադրբեջանի համապատասխան ուժային կառույցներն առնվազն չեզոք պետք է մնան։ Մենք աչքի առաջ ենք պահում մեր գերիների, ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտերում գտնվելու փաստը։ Եվ եթե չհիմնավորված ու չապացուցված մեղադրանքների հիման վրա նրանք արդեն 11-րդ ամիսն է՝ ձերբակալված են ու գտնվում են Բաքվի բանտերում, բնական է՝ շարքային քաղաքացիների նկատմամբ անպատիժ քայլեր կձեռնարկվեն։ Եվ դա չի երաշխավորում արցախահայության ապահով վերադարձը։

-Միջազգային խաղաղապահների տեղակայման հարց քննարկվո՞ւմ է։

-Տարբեր մոտեցումներ կան՝ եւ միջազգային դիտորդների ներկայություն Արցախի Հանրապետությունում, եւ միջազգային կառույցների կողմից իրավիճակի վերահսկում։ Տարբերակներ շատ կան, մենք այսօր խոսում ենք միայն հավաքական վերադարձի հարցում մեր պատրաստակամության մասին։ Եվ մեր պատրաստակամությունը բոլոր հարթակներում պատրաստ ենք ներկայացնել՝ հանդիսանալով բանակցային կողմ՝ սկսած Արդբեջանի հետ անմիջական բանակցություններից, վերջացրած Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններով։

-Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը բացառո՞ւմ եք։

-Իհարկե, բացառում ենք, որովհետեւ Արցախի տարածքում Ադրբեջանի ուժային կառույցների անմիջական ներկայության պայմաններում մենք ոչ մի երաշխիք չունենք՝ ապահովելու մեր բնակչության խաղաղ վերադարձն ու կյանքը։ Ես 2023 թվականի հոկտեմբերի մեկին Արցախից եկա Հայաստան, մինչեւ վերջին բնակիչը չտեղափոխեցինք Հայաստան, ես դուրս չեկա Արցախից։ Եվ ես տեսա, թե վերջին օրերին ինչ վտանգ էր սպառնում մարդկանց, ադրբեջանցիներն արդեն մտել էին Ստեփանակերտ եւ սպառնում ու ծեծի էին ենթարկում այն քաղաքացիներին, որոնք դեռ չէին լքել Արցախը։ Առանց անվտանգության հստակ երաշխիքների արցախահայության վերադարձն իր պատմական հայրենիք իր մեջ մեծ վտանգներ է պարունակում։ Ես պատրաստակամ չեմ կազմակերպել արցախահայության վերադարձը, մինչեւ այդ երաշխիքները հստակ չստանանք։

-Արցախի հարցի լուծման ի՞նչ տարբերակներ եք տեսնում ստեղծված իրավիճակում։ Պարզ է, որ Արցախի հարցը լուծված չէ, ի՞նչ պետք է անել։

-Պատմական արդարության պահը մի կողմ դնենք։ Մենք տասնամյակներ շարունակ խոսել ենք մեր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի մասին, բայց դա ցավոք այսօր քաղաքական գործիչների, ուժային կենտրոնների կողմից չի դիտարկվում։ Այստեղ կա հարցի իրավական կողմը, մենք մի քանի օրինակ ունենք, կոնկրետ Կոսովոյի նախադեպը կա։ Կոսովոյի նախադեպը վկայում է այն մասին, որ եթե համապատասխան ուժային կենտրոնները որոշում ընդունեն հարցի այս կամ այն տարբերակով լուծման համար, այդ լուծումը կլինի։ Հնարավոր տարբերակների մասին շատ կարելի է խոսել, այստեղ մեզ համար կարեւորն այն է, որ մենք մտնենք բանակցությունների դաշտ՝ որպես անմիջապես արցախահայության ներկայացուցիչներ, սուբյեկտ։ Անմիջական բանակցություններն ավելի արդյունավետ են։ ՀՀ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը հաշվի առնելով՝ ես հարցի ընթացքավորումը տեսնում եմ միայն ու միայն արցախյան կողմի՝ ավելի ակտիվ բանակցային գործընթացի մեջ մտնելու ճանապարհով։

Միջազգային բոլոր հարթակներին կոչ եմ անում հարցի լուծումը դիտարկել միայն ու միայն այս տարբերակով, որ արցախահայության խնդիրը պետք է լուծել անմիջապես բանակցային կողմ ներկայացող Արցախի պետական կառույցների ներկայայցուցիչների մասնակցությամբ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ արցախյան կողմը՝ ի դեմս պետական կառույցների ներկայացուցիչների, միշտ էլ պատրաստ է մասնակցել բանակցություններին։ Այլ հարց է, թե ի՞նչ կարգավիճակով։ Ես հիշում եմ մեր նախկին հանդիպումներն Ադրբեջանի հետ, որտեղ ադրբեջանական կողմն անընհատ փորձում էր բանակցային կողմերին ներկայացնել որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների հանդիպում։ Մենք միշտ էլ կտրականապես հրաժարվել ենք նման ձեւաչափով բանակցել։ Ի պատիվ հայկական բանակցող կողմի, մենք միշտ էլ ստիպում էինք բանակցությունները վարել ԼՂՀ լեգտիմ ընտրված կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դա ժամանակին միջազգային հանրության կողմից գրեթե միշտ էլ ընդունվում էր, իսկ 2018 թվականից հետո մեր դիրքերն այդ առումով անընդհատ թուլանում էին։ Եվ հասանք նրան, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախի անունից բանակցություններ վարող ՀՀ ղեկավարության կողմից հնչեց ճակատագրական ձեւակերպումը, որ իրենք Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։ Դա հայկական կողմի դիվանագիտության լուրջ բացթողումն էր, որը Ադրբեջանին թույլ տվեց իրականացնել արցախահայության էթնիկ զտումը։

-Ձեր անունից եւ ԱԺ խմբակցությունների անունից տարածած վերջին հայտարարություններում Արցախում տեղի ունեցածը որակել եք ցեղասպանական գործողություններ։ Այո, արցախահայության նկատմամբ տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ, ի՞նչ իրավական ու քաղաքական հետեւանքներ պետք է լինեն։ Արդյոք Արցախի խորհրդարանն ունի՞ մանդատ ու խողովակներ՝ դիմելու միջազգային որեւէ կառույցի, որպեսզի դա որպես ցեղասպանություն գնահատվի, եւ մեղավորները պատժվեն։

-Ազդեցության լծակներ մենք շատ քիչ ունենք, բայց հաղորդակցվելու, մեր մոտեցումները ներկայացնելու մեխանիզմներ, իհարկե, ունենք։ Աշխարհն այսօր այն տեխնիկական հնարավորությունն է տրամադրում, որ մենք կարող ենք անմիջապես դիմել միջազգային կառույցներին եւ ներկայացնել մեր պահանջները, հարցի լուծման տեսլականը։ Իհարկե, տարբեր հեղինակավոր կազմակերպություններին ու միջազգային դատարան դիմելու հարցում մեր հնարավորությունները սահմանափակ են, բայց այնուամենայնիվ այդ հնարավորությունը կա։ Եվ մենք փորձում ենք մաքսիմալ էֆեկտիվ օգտագործել այդ խողովակները։ Դրա վկայությունն են արտերկրի պետական գործիչների, պետական ու հասարակական կառույցների հայտարարությունները, միջազգային դատարանների որոշումները, որոնք մեր արդարացի պահանջներն ընդունելով՝ ադրբեջանական կողմից պահանջում են համապատասխան քայլեր ձեռնարկել արցախահայության վերադարձի համար։ Բնականաբար, ընդգծվում է նաեւ համապատասխան անվտանգային երաշխիքների ապահովման խնդիրը։ Մտահոգություն է ներկայացվում Ադրբեջանի դիրքորոշումների վերաբերյալ, որ այս ատելությունը, որը դրսեւորվում է Ադրբեջանում հայերի նկատմամբ, ոչ մի հույս չի ներշնչում, որ արցախահայության վերադարձի դեպքում ադրբեջանական կողմն անվտանգության երաշխքիներ կապահովի։ Եվ գնալով աշխարհն Ադրբեջանի նկատմամբ պահանջները հստակեցնում է, պետք է այդ հստակությունը լինի՝ դա կլինի թե սանկցիաների միջոցով, թե տարբեր հարթակներում ադրբեջանական կողմին հստակ պահանջներ ներկայացնելով։

Մենք փորձում ենք COP29-ի հարթակն օգտագործել, որպեսզի ցույց տանք Ադրբեջանի քաղաքականությունը։ Խոսքը եւ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ապօրինի պահելու մասին է, եւ ՀՀ նկատմամբ ոտնձությունների մասին, որը ոչ միայն քաղաքական բնույթ է կրում, այլ նաեւ ռազմական ու դիվերսիոն բնույթ։ Այսօր ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների որոշակի հատված գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որը փորձում են ներկայացնել ոչ թե տարածքային ոտնձգություններ, այլ դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացի մաս։ Ադրբեջանի քաղաքականությունը միջազգային նորմերին հակասող մի շարք բաղադրիչներ է պարունակում, եւ ցանկալի է, որ ՀՀ իշխանությունների կողմից ավելի կոշտ դիրքորոշում լինի, ավելի ակտիվ քայլեր ձեռնարկվեն՝ միջազգային տարբեր հարթակներում այս հարցերի բարձրացման համար։ Ինձ համար զարմանալի է ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, թե հայկական կողմը սաբոտաժ է անում եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները։ Այստեղ պետք է նշեմ, որ եթե խոսվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի մասին, ապա դրանով իսկ խոսվում է այն մասին, որ եռակողմ հայտարարության բոլոր կետերը դեռ պետք է օրակարգում լինեն։ Եվ եթե խոսում ես 9-րդ կետի խախտման մասին, ապա ինչո՞ւ չի խոսվում 1-8-րդ կետերի պահանջների կատարման մասին, որտեղ խոսվում էր եւ արցախահայության՝ իր պատմական հայրենիքում անվտանգ ապրելու, եւ Լաչինի միջանցքի անխափան գործելու մասին։ Խաղաղապահ ուժերը գրեթե չեզոք դիրքորոշում են ցուցաբերել, երբ արցախահայության նկատմամբ ռազմական գործողություններ էին կատարվում։

Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցություն կա՞, այս հարցերը քննարկվո՞ւմ են համատեղ։ Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափը պահպանվո՞ւմ է։

-Առաջին ամիսներին որոշակի կապեր կային, բայց գնալով թուլացան այդ կապերը, եւ այսօր ՀՀ ԱԺ երեք խմբակցություններից մեկի հետ ընդհանրապես կապ չկա, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ ենք մենք աշխատանքային կապեր պահպանում։ Բավական ակտիվ համագործակցություն է ծավալվում, այն խնդիրները, որոնք հնարավորություն չունենք անմիջապես ներկայացնել ՀՀ իշխանություններին, մենք փորձում ենք ներկայացնել այդ խմբակցությունների պատգամավորների միջոցով։

Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժովի ձեւաչափն այսօր չի գործում։ Դեռ նախկին գումարման Ազգային ժողովների միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ տարեկան երկու նիստ պետք է անցկացնեինք՝ մեկը Երեւանում, մյուսը՝ Ստեփանակերտում։ Բայց վերջին տարիներին մենք այդ հնարավորությունը չունեցանք։ 2023 թվականի սեպտեմբերի սկզբին մենք փորձում էինք առցանց ռեժիմով կազմակերպել միջխորհրդանական հանձնաժողովի նիստը, բայց չհասցրեցինք։ Ուզում էինք նիստը կազմակերպել սեպտեմբերի 21-ի նախօրյակին, բայց սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սանձազերծվեցին։ Արդեն իսկ Հայաստանի Ազգային ժողովի կողմից հստակ ցանկություն չկար՝ համատեղ նիստ կազմակերպելու։ Այսօր էլ Հայաստանի ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության հետ մենք որեւէ հարաբերություն չունենք։

Ռոզա Հովհաննիսյան

Կուրղինյան, Շախնազարով, Սիմոնյան, ինչպիսի՞ն են տրամադրությունները ռուսական կայսրությունում Արցախից ու Կուրսկից հետո

Հայտնի ստալինյան Սերգեյ Կուրղինյանը հրապարակավ խոսել է պուտինյան ռեժիմի և Ռուսաստանի թուլության մասին։ Նա անկեղծ հայտարարություն է արել ռուսական ռեսուրսներից մեկին տված հարցազրույցում, հայտնում է Dialog.UA-ն։

Ռուսական իմպերիալիզմի ջերմեռանդ կողմնակիցը խոստովանել է, որ Կրեմլը թերագնահատել է թշնամուն և «անընդունելի» է անվանել 3 օրում Կիևը գրավելու վերաբերյալ տրամադրությունները։ Կուրղինյանը շատ սուր քննադատեց ռուսական բանակին, որը «չնկատեց» ուկրաինական հարձակումը Կուրսկի շրջանում։ «Բանակը ոչ մեկին պետք չէր, դա համարյա ատավիզմ էր… Այս խայտառակ վիճակը չի շտկվում հայրենասիրական ճիչով. «Ինչո՞ւ է ամեն ինչ այսպես, ինչո՞ւ Կիևում չես։ Ինչու ոչ Վարշավայում: Ինչո՞ւ են այդքան վատ գեներալները։ Իսկ որտեղի՞ց կգան լավերը», ասել է ռուս/հայ ուլտրահայրենասերը։

Նա նաեւ ծաղրել է ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինին ու նրա սպառնալիքները Արեւմուտքի հասցեին։ «Ի՞նչ «կարմիր գծերի» մասին եք խոսում։ Մենք կանենք սա և սա, մենք բոլորին կոչնչացնենք: Իսկ “ոչնչիչ” կա՞։ Չկա ավելի վատ բան, քան թույլ մարդու ուժեղ ժեստը»,- ասաց Կուրղինյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Կուրղինյանն ասել էր.

«Երբ Ռուսաստանը տեսավ, որ Փաշինյանն այստեղ է, եւ Էրդողանի ու Ալիևի հետ կապի մեջ է, ու ամեն ինչ գնում է նրան, որ Մոսկվան Կովկասում բացարձակ խաղաքարտեր չուներ, ինչ-որ հրաշքով նա կարողացավ գրպանից հանել մի փոքրիկ խաղաթուղթ։ Գոնե մի բան ստացեք։ Պետք չէ ասել, որ սա խելահեղ հաղթանակ է [նկատի ունի ռուս խաղաղապահների մուտքն Արցախ ու ռազմական գործողությունների դադարեցումը], բայց սա ինչ-որ շահույթ է, երբ նա պետք է կորցներ ամեն ինչ ուղղակի, նա խաղի մեջ ոչ մի քայլ չուներ։ Որովհետև եթե Փաշինյանի հաղթանակը ձեռք բերվեր մեր ձեռքով, ապա հաջորդ պահին Հայաստանը կսկսեր անդամակցել ՆԱՏՕ-ին.

Մենք չէինք կարող աջակցել հանցագործների այս ոհմակին։ Մենք պետք է հայ ժողովրդին ցույց տաինք, թե ով է նա։ Մենք դրա [Հայաստանի] դեմ չենք պայքարել, պարզապես սպասում ենք, որ հայ ժողովուրդն ամբողջությամբ ուշքի գա։

Մենք կստանայինք լուծաված հակամարտություն, ՆԱՏՕ-ի կողմնակից թուրքամետ Ադրբեջան, Փաշինյանի՝ ՆԱՏՕ-ի կողմնակից Հայաստան և ՆԱՏՕ-ի կողմնակից Վրաստան… և հաջորդ փուլը հարձակումն էր այնտեղ՝ Հյուսիսային Կովկասի և մնացած ամեն ինչի վրա»:

Հայ Կուրղինյանները, Շախնազարովները, Մարգարիտա Սիմոնյանները, Գաբրիելյանովները և նույնիսկ Կարա-Մուրզաները ամեն ինչ անում են «Ռուսական կայսրության» համար՝ 300-ամյա պատմությամբ մի հրեշի, որն իր գագաթնակետին հասավ Ստալինի օրոք։

Դե, հայեր, լա՞վ է ռուսական կայսրությունում առանց Արցախի, իսկ շուտով առանց Կովկասի, Կուրսկի, Կալինինգրադի, Կուրիլների։

Իսկապես, շուտով Ռուսաստանից կմնա միայն Մուսկովիան՝ որպես բյուզանդական Ռուսաստանի հայկական ձախողված նախագծի նկատմամբ Հորդայի հաղթանակի խորհրդանիշ։

Մարդիկ չեն հասկանում, որ Հայաստանի հետ անում են այն, ինչ վերջերս արեցին Արցախի հետ

Անուշն ամուսնացել է հայաստանցի տղայի հետ, բայց նրանք ապրում էին Ստեփանակերտում, քանի որ ամուսինն աշխատում էր Արցախում։ Նրանք երեխաներ ունեցան և սկսեցին տուն կառուցել։ Այն կառուցել են անգամ 44-օրյա պատերազմից հետո՝ հուսալով, որ խաղաղ կյանքը երկար կտևի։

Երբ տան շինարարությունն ու կահավորումը ավարտվեց, եւ քանի որ ավագ երեխաները մեծացել են վարձով բնակարաններում, Անուշն ու ամուսինը որոշեցին, որ տանը երեխայի ճիչ պետք է լսվի, և երրորդ երեխա է պետք է։ Շրջափակումը բերեց դեղերի, վիտամինների, հիգիենայի հիմնական միջոցների, թարմ բանջարեղենի և մրգերի պակաս։

«Իմ բախտը մի քիչ բերեց, քանի որ ունեինք բանջարանոց և այգի: Այդ տարի բերքը վատ չէր, ուստի բաժանեցին մյուս հղիներին։ Միշտ մտածում եմ, որ մեր բանջարանոցի ու այգու շնորհիվ շատ երեխաներ են փրկվել»։

Անուշի հղիության ութերորդ ամսում սկսվեց սեպտեմբերյան պատերազմը, որից հետո՝ Արցախի բնիկ բնակչության տեղահանությունը դեպի Հայաստան։ Երեք օր ընտանիքն ամեն ինչ արել է Անուշին ու երեխային բռնի գաղթի ժամանակ պաշտպանելու համար։ Հայաստան են եկել ամուսնու հարազատների տուն, ուստի ժամանակավոր կացության հարցը լուծվել է, բայց աշխատանքի հետ կապված խնդիր է առաջացել։

«Ես ու երեխան տանն ենք։ Իսկ ամուսինս, ինչպես շատ մեքենաների սեփականատերեր, փորձում է փող աշխատել որպես վարորդ։ Բայց դրանով հնարավոր չէ ընտանիք կերակրել՝ եկամուտը չնչին է, և նույնիսկ օրեր են լինում ընդհանրապես առանց պատվերի։ Բայց նա մասնագետ է, պատրաստ է շարունակել ծառայել իր երկրին, սակայն գավառական քաղաքում աշխատանք գտնել հնարավոր չէ։ Քաղաքում, որտեղ մենք ապրում ենք, գործազրկության պատճառով ոչ միայն միգրացիան, այլեւ ալկոհոլիզմն է մոլեգնում»։

Երիտասարդ կինը նաև խոստովանել է, որ «ուղղակի ապշած է, թե ինչպես մարդիկ չեն հասկանում այն ​​իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում Արցախի ժամանակավոր կորստից հետո»։

«Կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ թշնամին կանգ չի առնելու, քանի դեռ չի ոչնչացնել հայկական ամեն ինչ, բայց նրանք քիչ են։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ Արցախի հանձնմամբ լավ կապրեն։ Եւ պարզապես այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանի հետ, ժամանակավոր երեւույթ է. ոմանք նույնիսկ կարծում են, որ կարելի է սահմանամերձ հողերը հանձնել՝ չհասկանալով, որ իրենց քաղաքը շուտով կարող է եւս սահմանամերձ դառնալ։ Ես փորձում եմ բացատրել, որ այն ամենը, ինչ անում են ադրբեջանցիները, ռուսները և թուրքերը Հայաստանի հետ, նորերս արվել են Արցախի հետ, բայց իմ խոսքերը ռացիոնալ չեն ընկալվում, նույնիսկ մեղադրվում են կողմնակալության մեջ։ Ես ապշած եմ մարդկանց անտարբերության վրա»։

Անուշն ասում է, որ ինքը և իր ընտանիքը չեն պատրաստվում հեռանալ Հայաստանից և կարծում է, որ «հայերը կարթնանան, կհասկանան իրավիճակը և թույլ չեն տա, որ իրենց հայրենիքը կործանվի»։ Կինը հավատում է Արցախ վերադառնալուն և հույս ունի, որ «դա կլինի մոտ ապագայում արցախցիների պայմաններով»։

Ալվարդ Գրիգորյան

Ուկրաինական անօդաչուներն արդեն Սարատովում են

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 4:30-ի սահմաններում անօդաչու սարքերը գրոհել են Սարատովի մարզը։ Այս տեղեկությունը հաստատել է անձամբ շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Նրա խոսքով, խոսքը մի քանի անօդաչու թռչող սարքերի մասին է, շրջանի բնակիչները հաշվել են առնվազն չորս բարձր ձայն։ Բուսարգինն ասել է, որ դա ՌԴ զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգն է, հայտնում է Astra-ն։ Նահանգապետն ասել է, որ կործանված անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են երկու քաղաքների տները:

Էնգելսի բնակիչներն արդեն համացանցում տեղադրել են բազմահարկ շենքի կադրերը, որոնց վրա իբր ընկել է խոցված անօդաչու թռչող սարքը։ Ռուսական Mash-ը տեղադրել է կադրեր Սարատովից, որտեղ վնասվել է ամբարտակի վրա գտնվող Sky City բնակելի շենքը, ինչպես նաև կադրեր Էնգելսի բազմահարկ շենքի, որը գտնվում է Պուշկինի փողոցում։

Նահանգապետի խոսքով՝ բոլոր անօդաչուները իբր խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։

Հիշեցնենք, որ Էնգելսում կա ավիաբազա, որտեղ տեղակայված են Tu-95MS և Tu-160 ռմբակոծիչները, որոնք հաճախ հարվածներ են հասցնում Ուկրաինայի տարածքին։

Այս մասին հայտնում է  «Диалог.UA» 

Ինչո՞ւ է Փաշինյանը հեծանիվ քշում և ի՞նչ է լինելու խնձորից հետո

Լուսանկարը՝ armtimes.am

Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ անսպասելիորեն բռնկված մոլագար կիրքը հեծանիվ վարելու նկատմամբ շատերի մոտ տարակուսանք է առաջացրել. ինչու է դա արվում: Նախ՝ ներկա ժամանակներում, երբ Հայաստանում, տարածաշրջանում, աշխարհում կայունության նշույլ անգամ չկա, Հայաստանի վարչապետը պետք է ավելի լուրջ գործերով զբաղվի։

Բայց նույնիսկ եթե նա այդքան ցանկանում է հեծանիվ վարել, և դա նան իրավունքն է, ինչո՞ւ դրանից շոու սարքում: Ի՞նչ է փորձում ցույց տալ Փաշինյանը։

Շատերն ասում են, որ նա իբր ուզում է ցույց տալ, որ չի վախենում մարդկանց մեջ դուրս գալ, թեև մեծ մասամբ մարդաշատ վայրերում կամ պիկ ժամերին չի քշում։ Ավելին, պատշգամբից նետված խնձորի հետ կապված երեկվա միջադեպը, երբ Փաշինյանը այցելում էր իր հարազատներին, հուշում է, որ նա անվտանգության “ժողովրդական” երաշխիքներ չունի, և ոչ ոք չի հավատում, որ Փաշինյանը կարող է առանց վախի դուրս գալ մարդկանց մոտ։

Խնձորը նետած տղամարդու դրդապատճառներն անհայտ են, և թեև նա ազատ է արձակվել, հետաքննությունը շարունակվում է։ Դժվար թե քնչական մարմինը ասի, որ անձը խոստովանել է, իբր չի սիրում Փաշինյանին, քանի որ չի ընդունում նրա քաղաքականությունը, որը նսեմացնում է ազգային արժանապատվությունը։ Բայց դա չի նշանակում, որ հասարակության մեջ նման տրամադրություններ չկան։ Իսկ թե ինչ կլինի խնձորից հետո՝ հայտնի չէ։

Ալիևը “թունավոր” է դառնում. Ուզբեկստանի նախագահը պետք է զգույշ լինի

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը Փարիզում մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային հանրությունում։ Ու թեև նշվում է, որ նա Փարիզ էր գալիս Բաքվից, վերլուծաբանները փորձում են առանձնապես չկենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ էր նա անում այնտեղ։ Մարդկանց մեծ մասը հիշում է լրատվամիջոցների վերնագրերը, թե իբր Դուրովը հանդիպում է խնդրել Պուտինի հետ, ով նույն օրերին այցելել է Բաքու, բայց Պուտինը, իբր, մերժել է:

Հնարավոր է, որ Ալիևը, այնուամենայնիվ, կազմակերպել է Դուրովի և Պուտինի հանդիպումը, և նրանք ինչ-որ բան են պայմանավորվել են, ինչի մասին իմացել է արևմտյան հետախուզությունը։

Ալիեւը վերջին շրջանում թունավոր է դարձել. մայիսին Ալիևի հետ հանդիպումից հետո Իրանի նախագահ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Նախքան տուն վերադառնալը նա հայտարարել է, որ ճանաչում է «ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Մինչ այժմ վթարի պատճառները չեն հաղորդվում, ըստ երևույթին, որպեսզի մեղավորները չհանգստանան։

Հիմա՝ Ալիևի հետ հանդիպումից հետո, Դուրովին կալանավորվորել են, և կրկին չեն խոսում Ալիևի հետ նրա գործարքի մասին։

Ալիևը վաղուց առանձնապես կեղտոտ գործերով ունիվերսալ գործակալ է դառել, և այն փաստը, որ աղմկահարույց միջադեպերից հետո սլաքները չեն շրջվում դեպի Ալիևը, հուշում է, որ շատերը նրա ծառայությունների կարիքն ունեն։

Ուզբեկստանի նախագահին նույնպես չի խանգարում զգույշ լինել։ Ալիևը նոր է վերադարձել Տաշքենդից, որտեղ Միրզիյոևը կրկին շնորհավորել է Ալիևին Ղարաբաղի օկուպացիայի կապակցությամբ և հայտարարել Ստեփանակերտում ուզբեկական ձեռնարկություն բացելու մասին։

«Մեծ մաքրում». հիմնադիր հայրերը դատարան դիմելու բոլոր հիմքերն ունեն

Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձը նշանավորվեց «մեծ մաքրումով». հիմնադիր փաստաթղթի ընդունումից անցած ավելի քան 30 տարվա կեղտը լվացվեց մեկ «կոճակի սեղմումով»։

Այդ օրը հիմնադիր հայրերը ժողով են գումարել Գերագույն խորհրդի պատգամավորական ակումբի հովանու ներքո։ Նրանք իմաստուն, հանգիստ, վստահ խոսքերով ջարդուփշուր արեցին այն մակերեսային իրականությունը, որով 30 տարի կերակրում են հային՝ համոզելով նրանց, որ ոչ մի բանի պիտանի չեն։ Ոմանք իրականություն վերադառնալու հիմնադիր հայրերի հայտարարություններն անվանեցին երևակայություններ, ցնորք, բայց դա բոլորի աչքերը նորից փակելու և կեղտի հաճույքը չընդհատելու խղճուկ փորձեր էին:

Ժողովից մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը «բանաստեղծական» ուղերձ է հղել Անկախության հռչակագրի վերաբերյալ. նա հերթական անգամ փորձեց հիմարացնել հասարակությանը՝ հայտարարելով, որ ուժի մեջ են Անկախության հռչակագրի միայն այն կետերը, որոնք արտացոլված են Սահմանադրության մեջ։

Բայց նրա խոսքերն անմիջապես հերքեցին նրանք, ովքեր ընդունել են Հռչակագիրը, Սահմանադրությունը և դրանցից բխող փաստաթղթերը։

«Արցախը չի կարող անջատվել Հայաստանի Հանրապետությունից, քանի որ Անկախության հռչակագիրը հիմնված է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման վրա»,- ասաց Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի քարտուղար, քաղաքագետ Սուրեն Զոլյանը։ «Հիմնադիր փաստաթուղթն ընդունվել է համատեղ, ուստի անհնար է մի մասի, նկատի ունեմ Արցախը առանձնացնել և դրանով իսկ վերանայել այս փաստաթուղթը։ Ի դեպ, Ադրբեջանը դա ավելի լավ է հասկանում, քան այսօրվա իշխանությունները, դրա համար էլ այդքան մեծ ուշադրություն է դարձնում այս փաստաթղթին»,- ասաց Զոլյանը։

Կոմունիստական ​​բռնատիրության օրոք 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Արցախի ներկայացուցչական մարմինները համատեղ ժողովում հայտարարեցին Միացում. այս մասին ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նա հավելել է. «Արցախի ժողովուրդը մասնակցել է նաեւ հաջորդ համապետական ​​խորհրդարանական ընտրություններին։ Այնուհետև ՀՀՇ-ի ղեկավարությամբ Արցախի ժողովրդին արգելվեց մասնակցել անկախության հանրաքվեին և դրան հաջորդած ՀՀ նախագահական ընտրություններին։ Դա անհեթեթություն էր, թեկուզ բազմաթիվ արդարացումներ բերվեցին, բայց փաստն այն է, որ նրանք, ովքեր իշխանության եկան միացումի գաղափարով, ամեն ինչ արեցին այն ոչնչացնելու համար»:

Հայրիկյանի խոսքով, Անկախության հռչակագրով մեկնարկեց Լենին-Աթաթուրք պայմանագրի չեղարկման գործընթացը։ Իսկ Ցեղասպանության հիշատակումն այս փաստաթղթում ուղղակի ճշմարտության հայտարարություն էր, միջազգայնորեն ճանաչված պատմական իրողություն։

Գերագույն խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանը հիշեց, որ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել, որում ասվում է, որ Հայաստանում ոչ մի պաշտոնյա իրավունք չունի Արցախը ճանաչել որպես այլ պետության մաս։ «Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյան, լինի դա վարչապետ, թե մեկ ուրիշը, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Եթե ​​մենք ապրեինք օրինականության մեջ, ինչպես նախատեսված է մեր Սահմանադրության առաջին հոդվածով, ապա գլխավոր դատախազը պետք է անհապաղ գործ հարուցեր, եթե ոչ դավաճանության, ապա գոնե ինքնիրավչության հատկանիշներով և պատասխանատվության նրանց հրավիրեր»,- ասաց Բալայանը։

Հիմնադիր հայրերը բոլոր հիմքերն ունեն հայց ներկայացնելու՝ հայկական թե միջազգային դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ օտարերկրյա պետությունների՝ հայկական պետության հիմքը խարխլող գործողությունները։ Ոչ ոք չի կարող առարկել նրանց հեղինակավոր խոսքին, քանի որ նրանք խոսում են հիմքի մասին, այն մասին, ինչը հնարավոր չէ փոխել։ Ավելին, այդ հիմքը չի կարող ծածկվել փսխումով, արյունով, ստով, քանի որ մի օր կեղտը կմաքրվի, և հայկական իրավունքները կբացվեն, ինչպես Արարատը մառախուղից հետո։ Նրանք վեր կբարձրանան նրանցից, ովքեր՝ ձեռքերը մինչև արմունկները արյունոտ, անխոնջ թքում են մարդկանց երեսին, վեր կբարձրանան նրանցից, ովքեր սրբում են այդ թուքը և փորձում «խաղաղությամբ» արդարացնել՝ դատապարտելով սեփական ժողովրդի ու երկրի հատվածներ «չխաղաղության»։

Նաիրա Հայրումյան

Իսրայելն ու «Հեզբոլլա»-ն հարվածներ են հասցրել միմյանց ուղղությամբ

Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։

Իսրայելը սա կանխարգելիչ հարված է որակել ուղղված «Հեզբոլլա»-ին, քանի որ զինյալ խմբավորումը հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել՝ վրեժ լուծելու անցյալ ամիս իր բարձրագույն հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքարի սպանության համար:

Հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Եգիպտոսը բանակցությունների նոր փուլ էր անցկացնում, որի նպատակն էր վերջ դնել Իսրայելի պատերազմին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հետ:

Հաղորդվում է, որ օդային հարվածների ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսում, և Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում ժամանակավորապես հետաձգվել են մեկնումները:

Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ «տասնյակ» ռազմական ինքնաթիռներ հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող թիրախներին:

Ֆրանսիայում ձերբակալել են Տելեգրամի հիմնադիր Դուրովին, որը վերադառնում էր Բաքվից

Օգոստոսի 25-ի գիշերը Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում ձերբակալվել է ռուսաստանցի գործարար, հանրահայտ Telegram մեսենջերի հիմնադիր, 39-ամյա Պավել Դուրովը։ Ձերբակալության մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները։ Դուրովը Լե Բուրժե է ժամանել մասնավոր ինքնաթիռով։ Այնտեղ նրան անմիջապես ձերբակալել են օդային տրանսպորտի ժանդարմերիայի աշխատակիցները։

Ըստ լրատվամիջոցների՝ ձեռնարկատերը հետախուզման մեջ է, քանի որ նա հրաժարվել է համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ կապված Telegram-ի հանցավոր գործունեության մեջ ներգրավվելու հետ: Սա, հավանաբար, կարող է նրան հանցակից դարձնել մի շարք ծանր հանցագործությունների, օրինակ՝ խարդախության, թմրանյութերի տարածման, մանկական պոռնոգրաֆիայի և այլն:

«Երկար տարիներ (Telegram-խմբ.) եղել է կազմակերպված հանցավորության թիվ 1 հարթակը»,- ​​լրագրողներին ասաց հետաքննության ներկայացուցիչը։

Ռուս գործարարին կարող է սպառնալ մոտ 20 տարվա ազատազրկում։ Նա այժմ կալանքի տակ է։

Հիշեցնենք, որ մինչ այդ Դուրովը երեք շաբաթ է անցկացրել Բաքվում, և, ինչպես գրում են փաբլիկները, հույս ուներ հանդիպել այնտեղ այցելած Պուտինի հետ։ Սակայն Պուտինը, ինչպես նշվում է, հրաժարվել է հանդիպումից։ Ընդ որում, Դուրովը Ալիեւի հետ ավելի քան բարեկամական հարաբերությունների մեջ է։

Վերլուծաբաններն ասում են, որ Ֆրանսիայում Դուրովի ձերբակալությունը կապված է Ալիևի հետ սերտ հարաբերությունների հետ, ով վերջին ամիսներին ստանձնել է գլխավոր ԱնտիՖրանկի դերը:

Ալիևն ու Պուտինը Բաքվում պայմանավորվել են վեջնականապես սեղմել Հայաստանին ռուս-թուրքական աքցանի մեջ և խեղդել նրան, ինչին մինչ այժմ դիմադրում են Ֆրանսիան և Իրանը։

«Մենք ձեզ խորհուրդ էինք տալիս ոչնչացնել Հայաստանը»․ Կիեւից ողբ առ «ադրբեջան»

Նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք Բաքվի ՍՈԿԱՐ պետական նավթագազային ընկերության շուրջ ծագած սկանդալին։ Ուկրաինացի բիզնեսմենները, զինվորականները, սոցցանցերի օգտատերերը տարակուսում են, որ Կիեւը չի դադարեցնում ՍՈԿԱՐ-ի հետ համագործակցությունը, որը վաճառում է ռուսական նավթ ու գազ, այսինքն՝ Կիեւը փաստացի ֆինանսավորում է Ռուսաստանի պատերազմը։

Նշել էինք, որ Ուկրաինացի նշված քաղաքագետ-փորձագետներն այս սկանդալի ֆոնին փորձում են արդարացնել այսպես կոչված «ադրբեջանի» քաղաքականությունը՝ բացառապես հակահայ ֆոնով։ Ավելին, ուկրաինական պաշտոնական հեռուստաալիքը եթեր է տվել Ալիեւին իբր ընդդիմադիր Յունուսին, որը ուկրաինական իշխանությանը եւ ժողովրդին խրատական քարոզ էր կարդում, նրանց փաստացի քաղաքականապես դեգեներատներ համարելով (տես այստեղ)։ Եվ հաղորդավարը, արցախյան դիպուկ բնորոշմամբ՝ «ականջները թակած էշի» պես, նստած լսում էր եւ չէր հակաճառում։ Նույնիսկ չհարցրեց, թե ինչի մասին են պայմանավորվել Պուտինը եւ Ալիեւը 2022-ի փետրվարին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նախօրեին։

Ավելորդ է ասել, որ Ալիեւին իբր ընդդիմադիր Յունուսը փառաբանում էր նրա քաղաքականությունը եւ եթերից տեղում պաշտոնական Բաքվի աղտեղությունները հայերի հասցեին։

Գանք ուկրաինացի փորձագետներին։ Նրանցից մեկը՝ Ալեքսանդր Կովալենկոն, մեղայական մի տեքստ է հրապարակել (տես այստեղ), որը վերահիշյալի վառ դրսեւորումն է։ Նա համարում է, ոչ ավել, ոչ պակաս, որ Բաքուն տանուլ է տվել տեղեկատվական քաղաքականությունն Ուկրաինայում, չնայած իրենց՝ ուկրաինացի փորձագետների ջանքերին (նշենք, որ նրանցից շատերն ուղիղ սնվում են Բաքվից)։

Կովալենկոն գանգատվում է, որ դեռ 2023-ին հատուկ «ադրբեջանական» զլմ-ների համար վերլուծություն է արել եւ Բաքվի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հնդկաստանը, Ֆրանսիան, Հայաստանը, Իրանը հակաթուրքական կոալիցիա են կազմում, դրան միանում է նաեւ Հունաստանը։ Որ Հայաստանը ծանր սպառազինություն է ստանում, եւ այլն։ Սակայն Բաքվում ուշադրություն չեն դարձրել։

Իսկ ամենակարեւորը Կովալենկոյի այս տեքստում այն է, որ, ըստ նրա՝ «2020-ի դրվագը» դեռ չի նշանակում, որ Բաքուն հասել է ռեգիոնալ կայունության։ Կովալենկոն նկատի ունի պատերազմն Արցախում եւ նոյեմբերի 9-ի թուղթը։ Ակսինքն՝ Բաքվին նախատում է Հայաստանի դեմ հարձակումները չշարունակելու համար։

Հիշեցնենք, որ նույն ուկրաինացի փորձագետները Բաքվին պարբերաբար հորդորում էին «երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ Հայաստանում», հրճվում Բաքվի հանցագործ ռեժիմի հարձակումների կապակցությամբ։

Յունուսը մի հարցում ճիշտ է՝ միայն քաղաքականապես տհասը չէր կարող նկատել, որ Հայաստանի պետականությունը վերացնելու ծրագրերը Ռուսաստանն իրագործում է Բաքվի ձեռքով (Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ դա վաղուց չեն էլ թաքցնում), եւ Հայաստանի դեմ ռուս-թուրքական արշավի հաջողությունն ուղիղ կապված է Ուկրաինայի դեմ ռուսական ճնշման ուժգնացման հետ։ Հայաստանի դեմ Արցախում իրագործված ցեղասպանությունը չափազանց թանկ է արժենալու դրա ծրագրողների ու շահառուների վրա։ Դա բոլորիս աչքի առաջ է։

Պուտինի խունացած աչքերն ամբողջ աշխարհն ընկալում են որպես գորշ գոտի. Զելենսկի

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ուկրաինան նշում է Անկախության 33-րդ օրը։ Տոնի կապակցությամբ նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին. Տեսաուղերձը հրապարակվել է նրա պաշտոնական Telegram ալիքում։

«Սա Ուկրաինան է… Մեկ անգամ տեսնելով այն՝ դու կսիրահարվես, մեկ անգամ այցելելով՝ չես վերադառնա… Անհնար է այն նվիրել որևէ մեկին», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի ղեկավարը ձայնագրել է իր ուղերձը Սումիի՝ երկրի արևելյան սահմանային շրջանում, որտեղից Ուկրաինայի զինված ուժերը սկսել են իրենց խոշոր հարձակումը Կուրսկի շրջանում։

Պատերազմը, որը Ռուսաստանը սկսել էր Ուկրաինայի դեմ երկուսուկես տարի առաջ, վերադարձել է ագրեսորին։ Զելենսկին խոստացել է հետագա հատուցում Ուկրաինայի թշնամիների դեմ՝ հայտարարելով «չարի բումերանգ»։

«Ուկրաինացիները միշտ վերադարձնում են իրենց պարտքերը… Ով ցանկանում է չարիք սերմանել մեր հողի վրա, այն կհնձի այն իր տարածքում, ով ցանկանում է մեր հողերը վերածել բուֆերային գոտու, պետք է մտածի, որ իր երկիրը չդառնա բուֆերային դաշնություն», – ասել է Զելենսկին:

Նա Ռուսաստանին անվանել է «աշխարհի թիվ 1 ահաբեկչական պետություն» և խոստացել է «Ուկրաինայի ձևով հատուցում»։

Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունում անվտանգ վայրեր չեն լինի։ Զելենսկին հիշատակել է նաև ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինին։

«Նրա (ՌԴ – խմբ.) շեֆի խունացած աչքերն ամբողջ աշխարհն ընկալում են որպես գորշ գոտի, բայց մենք թույլ չենք տա, որ այն երկիրը, որտեղ իրավամբ պետք է լինի դեղին-կապույտ դրոշը, վերածվի գորշ գոտու։ Կարմիր հրապարակի հիվանդ պապիկին, ով բոլորին անընդհատ սպառնում է կարմիր կոճակով, թույլ չենք տա թելադրել մեզ կարմիր գծերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

ԱՄՆ Կոնգրեսում Արցախին նվիրված միջոցառում կանցկացվի

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA-ն) ԱՄՆ կոնգրեսում անցկացնում է «Հաշվետվություն 2024թ.» . Կապիտոլիումի Հիլլի ժողով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության դեմ՝ արդարության պահանջով։

Կոնգրեսի առաջնորդները, համայնքային ակտիվիստները և կոալիցիոն գործընկերները սեպտեմբերի 19-ին կհավաքվեն Կապիտոլիումի Հիլլի մոտ․ հավաքը նվիրված է լինելու 2020-2023 թվականներին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և դրան ուղղված ծրագրին, որը կոչ է անում բնիկ հայերին անվտանգ վերադարձնել Արցախ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հովանու ներքո։

ANCA-ի հայտարարության մեջ նշված է, որ միջոցառումը, որը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին` ժամը 18:00-ին, կնշի 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի վրա Ադրբեջանի ռազմական դաժան հարձակման առաջին տարելիցը, որը տասը ամիս տևած պաշարումից հետո ավարտվեց իրենց պատմական հայրենիքից ավելի քան 120,000 հայերի ցեղասպանական, էթնիկ զտումներով։